Վարդան Հակոբյան | Վերջին վարդավառը


Բահվորի դեմքից հոսող քրտինքին զուգահեռ,
իմ հարցին ի պատասխան,
բառերն ընկան շաղախի մեջ.
-Մեր շենում դպրոցի տնօրեն էի։ Հադրութցի եմ։
Շոգը թանձրացնում է մեղքերը ժամանակի։
Աղավնոն քանի կար, Հաքառուն ինքն իրեն
արդեն գտել էր,
հաճելի էր կողքով գնալ Երևան, վերադառնալ։
Խաղաղավետ օրերը մեկ-մեկ հանձնում են
մեր շեները՝ բարձր հովանու ներքո։ Ձեռքս
չի գտնում գրպանս, որի մեջ
ոչ մի զենք չկա։
Վերջին Վարդավառից մնացած մի ծաղկեփունջ
դեռ չի հասցրել գետաջրից ուշքի գալ։
Փշրված Բայրաքթարի բեկորներ են, ահա,
իրենց երազը տնավորած երեխաների առաջ,
որոնք հավատում էին,
որ իրենք դեռ երեխա են։
Արքայական հրովարտակներն ուտում են
երկիրը՝ ոսկորները մինչև վերջ լիզելով։
Արցախի հաշիվը մաքուր է։
Գլխից որդնած ձկներ են լողում գետերում։
Դեր-Զորի անապատների ավազներից
լեռներ են հորինել
երկրի իշխանները։
Տուն-տուն, թաղ-թաղ, շեն առ քաղաք չվում են
մարդկանց երամները,
մեկի ոտքը չկա, մեկի ձեռքը, մեկի կեսը, մեկի…,
բայց իրար լրացնելով ուզում էին Արցախը
պահել ամբողջական,
քշեց-տարավ Հաքառուն Աղավնոյի ճրագը։
Քարերն իրենց թևերն արդեն չեն բացում։
Մեր աշխարհը ոնց է հեռանում մեզանից
խաղաղապահների
հանդիսավոր արարողակարգում։
Խիստ խաղաղ գործընթացներում։
Ծոցագրպանիս ռուսական տառերով անձնագիրը
չմոռանամ հանկարծ՝
ինձ գետ նետելիս, թողնել դուրս։ Ի սեր խաղաղության։
-Սրիկաներ,դավաճաններ,- ասում են բոլորը բոլորին,
և բոլորն, առանց բացառության, ճշմարիտ են։
Խեղդամահ են լինում օրերը։ Իսկ ովքեր
չմեռնելու ըմբոստության նշաններ են ցույց տալիս,
նրանց համար աշխարհի
բոլոր երկրները դռնբաց որբանոցներ են։
Ատում եմ բոլոր ժողովուրդներին,
ատում եմ նրանց բանաստեղծությունները,
ատում եմ նրանց երաժշտությունը,
ատում եմ նրանց գեղանկարչությունը,
եթե նրանց հանցավոր լռության շուքում
ոչնչացվում է իմ ժողովուրդը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *