Անի Տոնոյան | Վերջինիա Վուլֆին

***
Վիրջինիա,
սիրելի, սիրելի.
սիրտս լաց է լինում քեզ համար,
եւ արդարացված հեռացումը քո ինձանից,
այսքան տարի անց
ծնվելու նորից,
Անգլիայից հեռու քարոտ մի երկրում,
Վիրջինիա,
Վիրջինիա,
քարերը ինչո՞ւ չընդիմացան,
եւ գրպաններդ՝ հատուկ կարված մեծ,
տեղավորելու համար դրանց,
մարմինդ ծանրացնելու փոխարեն,
քարերը չպատռեցին գրպաններդ
ու չհրաժարվեցին կշիռից իրենց,
ինչո՞ւ լեզու չառան՝ նախատելու քեզ,
ջրերը ետ չքաշվեցին
եւ ցամաքը չփակեց ճանապարհդ
դեպի սեփական սենյակ.

Վիրջինիա սիրելի,
ի՞նչը սպանեց քեզ
ազատությո՞ւնը մտքի եւ ձեռքի
եւ քայլը շարունակ հեռացող,
թիկունքիդ ու գլխիդ արանքում
քրքջացող ձայնի անտեսանելի դահի՞ճը,
հայելիների առաջ ինքդ քեզ չճանաչող դեմքը,
հրաժարվող ամեն ինչից,
ա՜խ, Վիրջինիա,
ո՞ւր տարան քեզ ջրերը.
եւ ահա,
Լոնդոնից քո հեռու
ոտքերդ մոտեցան հեռացող ջրերի եզրին,
ոչ մի քար չփակեց ճանապարհդ,
ոչ մի ծառ չկոտրվեց՝ փակելու հունը գետի,
ոչ մի ճյուղ չհասավ՝ բռնելու ձեռքդ,
հաչացող շներ չկային մարմինդ գտնելու համար,
ի՜նչ տխուր է Վիրջինիա,
սիրտս լաց է լինում,
ինչո՞ւ չծնվեցի քեզ հետ նույն քաղաքում
նույն ժամին
տեսքով քարի,
որ լցրեցիր գրպաններդ,
ծառի, որ հուսահատությունից չփռվեց ճանապարհիդ

Օ՜հ, Վիրջինիա,
ծնված քեզանից հեռու
այսքան տարի անց
գավառական մի երկրում,
որտեղ մեռնում էին թոքախտից,
որտեղ ջրերի կարիքը չկա մեռնելու համար,
եւ խելագարությունը մնում է պատերի ետեւում,
եւ վախի ձայները բարակ ծլվլոցներ են միայն
այստեղ ահա,
այս երկրում գրում եմ քեզ ապրիլյան այն եղանակին,
որ հատուկ է քո երկրին,
գրում եմ արդարացված հեռացումիդ մասին,
Վիրջինիա,
ծիսակարգ ընտրված ճիշտ ժամին,
եւ գիտեմ, որ այլ ելք չկար քեզ համար,
այլ ելք չկար սիրելիս,
բայց չեմ ներում դերձակին,
որ լայն գրպաններով վերարկու էր կարել
քեզ համար

Ապրիլ 13, 2023

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *