Հիմա, երբ նրա թեթև շունչը կրկին սփռվել է աշխարհով, այս ամպամած երկնքով, այս գարնանային սառը քամու մեջ, և ծնկներիս դրված է Բունինի՝սիլիկատային աղյուսի նման ծանր հատորը, մերթ ընդ մերթ աչքս կտրում եմ էջից և նայում պատին, որտեղ կախված է նրա պատահականորեն պահպանված լուսանկարը։
Նա մի փոքր երիտասարդ էր ինձանից․ ճակատագիրը պատահաբար էր հանդիպեցրել մեզ, և ես չէի կարծում, թե նրա՝ ինձ կապվածության պատճառն արժանիքներս էին։ Ես նրա համար, եթե բնախոսության եզրույթ օգտագործեմ, ռեֆլեքսների և ռեակցիաների գրգռիչ էի, որոնք անփոփոխ կմնային, եթե նույնիսկ իմ փոխարեն ակադեմիական գլխարկով ֆիզիկոս-ֆունդամենտալիստ, ծախու պատգամավոր կամ ցանկացած մեկը լիներ՝ պատրաստ գնահատելու նրա հարավային թուխ գեղեցկությունը և թեթևացնելու գոյության ծանրությունը հնագույն հայրենիքից հեռու՝ մի հյուսիսային քաղցած երկրում, որտեղ թյուրիմացաբար ծնվել էր։ Երբ գլուխը կրծքիս էր դնում, մատներով դանդաղ նրա վիզն էի շոյում և մեկ ուրիշ ձեռքի ափ էի պատկերացնում այդ նուրբ կորագծի վրա՝ նրբամատ և գունատ՝ փոքրիկ գանգով մատանիով, կամ անպարկեշտ մազոտ՝ կապույտ խարիսխով և ամսաթվերով, որը նույն կերպ դանդաղ սահում էր ներքև, և զգում էի, որ նմանատիպ փոփոխությունն ամենևին էլ չէր հուզի նրա հոգին։
Երբեք ամբողջական անվամբ չէի դիմում նրան․ «Վերոնիկա» բառն ինձ համար բուսաբանական եզրույթ էր և հեռավոր մանկության հարավային ծաղկաթմբում մնացած հեղձուկ հոտով սպիտակ ծաղիկներն էր հիշեցնում։ Վերջին վանկով էի բավարարվում, ինչը նրա համար միևնույն էր, երաժշտական հոտառության մասին խոսք անգամ չէր կարող լինել, իսկ իրեն անվանակից անգլուխ և թևավոր աստվածուհու մասին նույնիսկ չգիտեր։
Ընկերներս հենց սկզբից չսիրեցին նրան։ Հավանաբար կռահում էին, որ մեծահոգությունը, որով թեկուզև մի քանի րոպեով ընդունում էին նրան իրենց միջավայրում, ուղղակիորեն աննկատ էր մնում։ Բայց Նիկայից այլ բան պահանջելը նույնքան հիմարություն էր, որքան ասֆալտով քայլող հետիոտնից՝ ժամանակին ճանապարհ գցած բանվորներին երախտապարտ լինելու զգացումը։ Նրա համար շրջապատի մարդիկ խոսող պահարանների նման մի բան էին, որոնք անհասկանալի պատճառներով հայտնվում էին նրա կողքին և նույնպիսի անհասկանալի պատճառներով էլ անհետանում։ Նիկան չէր հետաքրքրվում ուրիշի զգացմունքներով, բայց բնազդաբար գուշակում էր վերաբերմունքը դեպի իրեն, և երբ ինձ մոտ մարդ էր գալիս, հիմնականում նա վեր էր կենում և գնում խոհանոց։ Արտաքնապես ծանոթներս նրա հետ կոպիտ չէին, բայց չէին թաքցնում քամահրանքը, երբ նա հեռու էր, և նրանցից ոչ ոք, իհարկե, Նիկային իրեն հավասար չէր համարում։
-Այդ ինչո՞ւ քո Նիկան չի ուզում վրաս նայել,- քմծիծաղով հարցնում էր նրանցից մեկը։
Մտքով չէր անցկացնում անգամ, որ հենց այդպես էլ կար․ միամտաբար կարծում էր, թե Նիկայի հոգու խորքում մի ամբողջ պատկերասրահ էր առանձացված նրա համար։
– Ընդհանրապես չես կարողանում ընտելացնել նրան,- հարբած անկեղծության նոպայի մեջ ասում էր մեկ ուրիշը,- ինձ մոտ մեկ շաբաթից հնազանդ կդառնար։
Գիտեի, որ գործից հասկանում էր, որովհետև կինն արդեն չորրորդ տարին էր, ինչ ընտելացնում էր նրան, բայց աշխարհում ամենաքիչն էի ուզում ինչ-որ մեկի դաստիարակը դառնալ։
Այնպես չէ, որ Նիկան անտարբեր էր հարմարությունների հանդեպ (նա պաթոլոգիական մշտականությամբ հայտնվում էր այն բազկաթոռին, որին ուզում էի նստել), բայց առարկաները նրա համար գոյություն ունեին այնքան ժամանակ, քանի դեռ նա օգտագործում էր դրանք, իսկ հետո անհետանում էին։ Երևի այդ պատճառով էր, որ գործնականորեն իրեն պատկանող ոչինչ չուներ․ երբեմն մտածում էի, որ հենց այդպիսի կերպար էին փորձում ստանալ հին ժամանակների կոմունիստները՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչ տեսք էր ունենալու իրենց ջանքերի արդյունքը։ Ուրիշի զգացմունքները հաշվի չէր առնում, բայց ոչ թե այն պատճառով, որ վատ բնավորություն ուներ, այլ նրանից, որ հաճախ գլխի չէր ընկնում այդ զգացմունքների գոյության մասին։ Երբ պատահաբար կոտրեց պահարանի վրա դրված կուզնեցովյան ճենապակուց հնամենի շաքարամանը, և դրանից մեկ ժամ անց ինձ համար անսպասելիորեն ապտակ հասցրի նրան, Նիկան չհասկացավ, թե ինչի համար էին իրեն ապտակել, դուրս փախավ, և երբ եկա ներողություն խնդրելու, լուռ պտտվեց դեպի պատը։ Նիկայի համար շաքարամանն ուղղակի հատյալ կոն էր՝ պատրաստված փայլուն նյութից և լցված թղթիկներով, իսկ ինձ համար՝ խնայատուփի նման մի բան, որտեղ պահում էի գոյության իրական լինելու՝ ամբողջ կյանքի ընթացքում հավաքված ապացույցները․ վաղուց գոյություն չունեցող նոթատետրից էջ՝ հեռախոսահամարով, որով այդպես էլ չէի զանգել, «Իլյուզիոնի » տոմս՝ չպոկված հսկիչով, փոքրիկ լուսանկար և մի քանի չլրացված դեղատոմսեր։ Ամաչում էի Նիկայից, բայց ներողություն խնդրելը հիմարություն կլիներ։ Չգիտեի ինչ ասել, դրա համար էլ ճոռոմաբար ու խառն էի խոսում․
-Նի՛կա, մի՛ բարկացիր։ Հին և անպետք բաները տարօրինակ ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Ինչ-որ ճաքած ակնոց դեն նետելը նշանակում է խոստովանել, որ դրանով տեսնված ողջ աշխարհը հավերժ թիկունքի հետևում էր մնացել, կամ հակառակը՝ առջևում էր հայտնվել՝ մոտալուտ չգոյության արքայությունում․․․ Նի՛կա, երանի թե հասկանայիր ինձ․․․ Անցյալի բեկորները խարիսխներ են դառնում, որոնք կապում են հոգին արդեն գոյություն ունեցողին, ինչից երևում է, որ չկա նաև այն, ինչ սովորաբար հասկանում են հոգի ասելիս, որովհետև․․․
Ափիս տակից նայեցի նրան և տեսա, որ հորանջում էր։ Աստված գիտի, թե ինչի մասին էր մտածում, բայց խոսքերս չէին ներթափանցում նրա փոքրիկ, գեղեցիկ գլուխը․ նույն հաջողությամբ կարող էի բազմոցի հետ խոսել, որի վրա նստած էի։ Այդ երեկո առանձնակիորեն քնքուշ էի Նիկայի հետ, բայց, այնուամենայնիվ, այնպիսի զգացում ունեի, ասես նրա համար ձեռքերս, որոնք սահում էին նրա մարմնի վրայով, համարյա չէին տարբերվում այն ճյուղերից, որոնք դիպչում էին նրա կողերին անտառում մեր համատեղ զբոսանքների ժամանակ (այն ժամանակ դեռ զբոսնում էինք միասին)։
Ամեն օր միասին էինք, բայց բավականաչափ խելամիտ էի՝ հասկանալու, որ երբեք էլ իսկապես մտերիմ չէինք դառնալու։ Նիկան նույնիսկ գլխի չէր ընկնում, որ երբ ինձ էր սեղմվում իր կատվի նման ճկուն մարմնով, ես կարող էի մեկ այլ տեղում գտնվել՝ լիովին մոռանալով նրա գոյության մասին։ Ըստ էության, նա շատ գռեհիկ էր, իսկ նրա պահանջները՝ միանգամայն ֆիզիոլոգիական․ փորը լցնել, քունն առնել և լավ մարսողականության համար բավականաչափ փաղաքշանք ստանալ։ Ժամերով ննջում էր հեռուստացույցի առաջ՝ գրեթե չնայելով էկրանին, շատ էր ուտում (ընդ որում՝ ճարպոտ սնունդ էր նախընտրում) և շատ էր սիրում քնել, ոչ մի անգամ նրան գրքով չէի տեսել։ Բայց բնածին նրբագեղությունն ու երիտասարդությունը ինչ-որ պատրանքային ոգեշնչվածություն էին հաղորդում նրա բոլոր դրսևորումներին․ նրա կենդանական գոյության մեջ (եթե մտամուխ լինենք) գերագույն ներդաշնակության փայլ կար, այն բանի բնական շունչը, ինչին անհույս կերպով անդադար ձգտում է արվեստը, և ինձ սկսում էր թվալ, թե իսկապես գեղեցիկն ու խելամիտը հենց նրա հասարակ ճակատագիրն էին, իսկ այն ամենը, ինչի վրա կառուցում էի սեփական կյանքս, ուղղակի երևակայության արգասիք էր, այն էլ՝ ուրիշի։ Մի ժամանակ երազում էի իմանալ, թե ինչ էր մտածում իմ մասին, բայց հետամուտ լինել նրանից պատասխան ստանալու անօգուտ էր, իսկ օրագիր չուներ, որ կարողանայի թաքուն կարդալ։
Եվ հանկարծ նկատեցի, որ ինձ իսկապես հետաքրքրում էր նրա աշխարհը։
Պատուհանի մոտ երկար նստելու սովորություն ուներ․ մի անգամ, ներքև նայելով, կանգ առա Նիկայի մեջքի հետևում, ձեռքս դրեցի նրա ծոծրակին (մի փոքր ցնցվեց, բայց մի կողմ չքաշվեց) և փորձեցի գուշակել, թե ինչին էր նայում, և ինչ էր նրա համար նշանակում այն, ինչ տեսնում էր։ Մեր առաջ սովորական մոսկովյան բակ էր․ ավազատուփ՝ մի քանի փորփրող երեխաներով, զուգափայտ, որի վրա գորգ էին թափ տալիս, չումի հիմնակմախք՝ կարմիր պողպատե խողովակներից զոդված, գերանակապ տնակ երեխաների համար, աղբահորեր, ագռավներ և լապտերների կայմասյուներ։ Ամենից շատ այդ կարմիր հիմնակմախքն էր ինձ ճնշում, երևի թե այն պատճառով, որ մանուկ ժամանակ մի ձմեռային մռայլ օր, հոգիս ճռթճռթացել էր ԳԴՀ հսկայական ալբոմի ծանրության տակ, որը նվիրված էր մամոնտների որսորդների վաղուց անհետացած արվեստին։ Դա զարմանալիորեն անխախտ քաղաքակրթություն էր, որը գրեթե անփոփոխ պահպանում էր իր գոյությունը։ Մի քանի հազար տարի առաջ ինչ-որ մի տեղ Սիբիրում մարդիկ ապրում էին մամոնտների կաշվով երեսպատված փոքրիկ կիսակլոր տնակներում, որոնց հիմնակմախքները իսկ և իսկ կրկնում էին մանկական խաղահրապարակների այժմյան կարմիր կառույցների երկրաչափությունը, բայց ոչ թե պողպատե խողովակներից էին կառուցված, այլ մամոնտների իրար կապված ժանիքներից։ Ալբոմում որսորդների կյանքը (այդ ռոմանտիկական բառը, ի դեպ, ընդհանրապես չի սազում այդ անլվա էակներին, որոնք ամիսը մեկ անգամ, գայթակղելով այդ դյուրահավատ մեծ կենդանիներին, հատակին ցից ունեցող փոսն էին գցում) շատ մանրամասն էր նկարագրված, և ի զարմանս ինձ՝ մանր կենցաղային շատ մանրամասնություններ, բնապատկերներ և դեմքեր բացահայտեցի ու միանգամից կյանքիս առաջին տրամաբանական հետևությունն արեցի․ նկարիչը, անկասկած, սովետական գերության մեջ էր եղել։ Այդ ժամանակվանից գրեթե յուրաքանչյուր բակում վեր խոյացող այդ կարմիր վանդակավոր կիսագնդերը սկսեցին մեզ ծնունդ տված մշակույթի արձագանքը թվալ։ Դրա մյուս արձագանքը ճենապակյա մամոնտների՝ հազարամյակների խավարից միլիոնավոր սովետական պահարաններով դեպի ապագա քարշ եկող փոքրիկ հոտերն էին։ «Ուրիշ նախնիներ էլ ունեինք, – մտածում էի ես, – օրինակ՝ տրիպոլցիները (ոչ թե «Տրիպոլի» բառից, այլ «Տրիպոլյե»), որոնք չորս հազար տարի առաջ հողագործությամբ և անասնապահությամբ էին զբաղվում, իսկ ազատ ժամանակ քարից փոքրիկ, մերկ և շատ մեծ հետույքներով կնիկներ էին տաշում։ Այդ կնիկներից, որոնց այժմ «Վեներաներ » են կոչում, շատ են մնացել, երևում է դրանք կային յուրաքանչյուր տան կարմիր անկյունում։ Բացի այդ՝ տրիպոլցիների մասին հայտնի է, որ նրանց գերանակապ կոլտնտեսությունները շատ լուրջ հատակագծեր ունեին՝ լայն գլխավոր փողոցով, իսկ ավաններում տները լիովին նույնն էին»։ Մանկական խաղահրապարակում, որն ուսումնասիրում էինք ես և Նիկան, այդ մշակույթից մնացել էր գերանակապ տնակը, որը խստորեն տեղակայված էր աշխարհի կողմերի ուղղություններին համապատասխան, որտեղ արդեն մեկ ժամ էր ռետինե երկարաճիտ կոշիկներով ալարկոտ աղջնակ էր նստած․ ինքը չէր երևում, երևում էին միայն ճոճվող նուրբ կապույտ ճիտքերը։
«Աստվա՛ծ իմ, – մտածում էի ես՝ գրկելով Նիկային, – իսկ ինչքա՜ն բան կարող եմ ասել, օրինակ, ավազատուփի մասին։ Իսկ աղբահորերի՞ մասին։ Իսկ լապտերի՞։ Բայց այդ ամենը կլինի իմ աշխարհը, որից բավական հոգնել եմ, և որից դուրս պրծնելու տեղ չունեմ, որովհետև մտապատկերները ճանճերի նման բոլոր կողմերից կպատեն աչքերիս ցանցաթաղանթին հայտնված ցանկացած առարկայի պատկեր»։ Իսկ Նիկան աղբամանների կրակը 1737 թվականի մոսկովյան հրդեհի հետ համեմատելու կամ ունիվերսամյան կուշտ ագռավի կիսազկռտոց-կիսակռկռոցը «Հուլիանոս Ուրացողում» հիշատակված հին հռոմեական նախանշանի հետ կապելու նվաստացուցիչ անհրաժեշտություն բոլորովին չուներ։ Այդ դեպքում ի՞նչ էր նրա հոգին։ Կարճաժամկետ հետաքրքրությունս նրա ներքին կյանքի հանդեպ, որի մեջ չէի կարողանում ներթափանցել՝ չնայած նրան, որ Նիկան լիովին իմ տիրապետության տակ էր, ըստ երևույթին, բացատրվում էր իմ՝ փոխվելու, գլխումս շարունակ դղրդացող մտքերից ազատվելու ձգտմամբ, որոնք հասցրել էին այնպիսի հուն ստեղծել, որից արդեն դուրս չէին գալիս։ Ըստ էության՝ վաղուց ոչ մի նոր բան չէր կատարվել հետս, և ես հույս ունեի, որ գտնվելով Նիկայի կողքին՝ զգալու և ապրելու ինչ-որ նոր, անծանոթ եղանակներ կսովորեի։ Երբ ինքս ինձ խոստովանեցի, որ պատուհանից նայելիս նա ուղղակի տեսնում էր այն, ինչ այնտեղ կար, և որ նրա գիտակցությունն ընդհանրապես հակված չէր ճանապարհորդություններին անցյալով և ապագայով ու բավարվում էր միայն ներկայով, արդեն հասկացա, որ գործ ունեի ոչ թե իրականում գոյություն ունեցող Նիկայի հետ, այլ սեփական մտքերի ամբողջության, որ դիմացս, ինչպես որ միշտ կար և լինելու էր, սեփական պատկերացումներս էին, որոնք ընդունել էին նրա կերպարը, իսկ ինձանից կես մետր այն կողմ նստած Նիկան անառիկ էր, ինչպես Սպասկայա աշտարակի գագաթը։ Եվ նորից ուսերիս իջավ միայնության թեթև, բայց անտանելի ծանրությունը։
-Գիտե՞ս ինչ, Նի՛կա, – ասացի ես՝ մի կողմ գնալով, – միանգամայն թքած ունեմ այն բանի վրա, թե ինչի համար ես բակ նայում և ինչ ես տեսնում։
Հայացք գցեց վրաս ու նորից շրջվեց դեպի պատուհանը․ երևում է հասցրել էր ընտելանալ արարմունքներիս։ Բացի այդ (չնայած երբեք չէր խոստովանի)՝ բոլորովին թքած ուներ այն ամենի վրա, ինչ ասում էի։
Մի ծայրահեղությունից մյուսն ընկա։ Համոզվելով, որ նրա կանաչավուն աչքերի առեղծվածայնությունը զուտ օպտիկական երևույթ էր՝ որոշեցի, որ ամեն ինչ գիտեի նրա մասին, և կապվածությանս միախառնվեց թույլ արհամարհանքը, որը գրեթե չէի թաքցնում՝ կարծելով, թե չէր նկատի։ Բայց շատ չանցած զգացի, որ ձանձրանում էր մեր կղզիացված կյանքից, դառնում էր նյարդային և նեղացկոտ։ Գարուն էր, և ես ամբողջ օրը տանն էի, իսկ նա ստիպված էր ամբողջ ժամանակ կողքիս լինել։ Պատուհանից այն կողմ արդեն կանաչում էր, և մառախուղ հիշեցնող ամբողջ երկինքը պատած ամպերի մոխրագույն թաղանթի արանքից փայլփլում էր սովորականից երկու անգամ մեծ, գունատ արևը։
Չեմ հիշում, թե երբ առաջին անգամ առանց ինձ գնաց զբոսնելու, բայց հիշում եմ զգացմունքներս դրա առիթով․ բաց թողեցի նրան՝ առանց առանձնակի վրդովմունքի՝ վանելով հեռավոր միտքն այն մասին, որ պետք էր նրա հետ գնալ։ Այնպես չէ, որ ինձ ճնշում էր նրա ներկայությունը, ուղղակի կամաց-կամաց սկսեցի նրան այնպես վերաբերվել, ինչպես նա էր վերաբերվում ինձ ամենասկզբից․ ինչպես աթոռակին, պատուհանագոգի կակտուսին կամ պատուհանից այն կողմ գտնվող կլոր ամպին։ Նախկին հոգատարության պատրանքը պահելու համար սովորաբար ուղեկցում էի նրան մինչև սանդղատան դուռը, խրատական անհասկանալի ինչ-որ բան էի փնթփնթում նրա հետևից և վերադառնում։ Նիկան երբեք վերելակով չէր իջնում, այլ կամացուկ արագ քայլերով սանդուղքով ներքև էր վազում․ կարծում եմ ոչ մի սպորտային համատեքստ էլ չկար դրանում, նա իրոք այնքան երիտասարդ էր և ուժերով լի, որ ավելի հեշտ էր երեք րոպե սլանալ աստիճաններով՝ գրեթե չդիպչելով դրանց, քան վատնել այդ ժամանակը դռռացող, տագնապալի դեղին լույսով ողողված, մեզի գարշահոտով և «Depeche Mode » խումբը փառաբանող դագաղանման արկղի վրա։ (Ի դեպ Նիկան բոլորովին անտարբեր էր և՛ այդ խմբի, և՛ առհասարակ ռոքի հանդեպ․ ինչքան հիշում եմ միակ բանը, որ հետաքրքրում էր նրան, «Animals »-ի այն պահն էր, երբ ծանոթ ռազմական երեք տոննայանոց ավտոմեքենայի ծխի քուլաների միջով դեպի սահմանագիծն է գլորվում սինթեզատորը, և մտազբաղ հաչում են Բորիս Գրեբենշչիկովի կողմից դեռևս չվարժեցված էլեկտրական շները)։ Ինձ հետաքրքրում էր, թե ուր էր գնում Նիկան, բայց ոչ այնքան, որպեսզի սկսեի լրտեսել նրան, սակայն բավականաչափ, որպեսզի նրա գնալուց մի քանի րոպե հետո հեռադիտակը ձեռքիս դուրս գայի պատշգամբ․ ինքս իմ առաջ երբեք չէի ձևացնում, թե այն, ինչ անում էի, լավ էր։ Նրա հասարակ քայլուղիներն անցնում էին կածաններով բաժանված ծառուղիներով, նստարանների և ըմպելիքների կրպակի մոտով ու գալարաձև վերելքներով դեպի պատվերների սեղան, հետո թեքվում էր դեպի կանաչ վեցհարկանի շենքի անկյունը, որտեղ երկար, փոշոտ պարապուտից հետո սկսվում էր անտառը։ Հետո կորցնում էի նրան և, Աստվա՛ծ իմ, որքան էի ափսոսում, որ չէի կարողանում գեթ մի քանի վայրկյանով հայտնվել նրա տեղում և նորովի տեսնել այն ամենը, ինչն ինձ համար անտեսանելի էր դարձել։ Միայն որոշ ժամանակ անց հասկացա, որ ուզում էի դադարել լինելուց այնպիսին, ինչպիսին որ կայի, այսինքն՝ վերանայի․ նորովի ձանձրանալը ամենամեղմ ձևերից մեկն է, որ ձեռք է բերում ինքնասպանության բարդույթը մեր երկրում։
Մի անգլիական թևավոր խոսք կա․ «Յուրաքանյուրն իր կմախքն ունի պահարանում »։ Ինչ-որ մի բան խանգարում է գիտակից անգլիացիներին հասկանալ վերջնական ճշմարտությունը։ Ամենասարսափելին այն է, որ այդ կմախքը ոչ թե այն թաքցնելու անհրաժեշտությամբ կամ գույքի իրավունքի իմաստով է «իրենցը», այլ «իրենց սեփական»-ի իմաստով, և պահարանն այստեղ մարմնի մեղմասությունն է, որից կմախքը մի օր ընկնելու է այն պատճառով, որ պահարանն անհետանալու է։ Երբեք մտքովս չէր անցնում, որ պահարանում, որը Նիկա էի կոչում, նույնպես կմախք կար․ ոչ մի անգամ չէի դիտարկել նրա հնարավոր մահը։ Նրանում ամեն բան այդ բառի հակապատկերն էր, նա կյանքով խտացված էր, ինչպես խտացված կաթը (մի անգամ՝ սառնաշունչ ձմեռային մի երեկո, ամբողջովին մերկ դուրս եկավ ձյունածածկ պատշգամբ, հանկարծ ճաղաշարին աղավնի նստեց, և Նիկան պպզեց՝ ասես երկյուղելով, թե կարող էր վախեցնել նրան, և քարացավ․ անցավ մեկ րոպե, զմայլվելով նրա թուխ մեջքով՝ հանկարծ զարմանքով հասկացա, որ չէր զգում ցուրտը կամ մոռացել էր դրա մասին)։ Դրա համար էլ նրա մահն առանձնակի տպավորություն չգործեց վրաս։ Նա ուղղակի չէր մտել գիտակցության՝ զգացմունքների համար պատասխանատու հատվածի մեջ և ինձ համար չէր դարձել հուզական երևույթ։ Հնարավոր է դա այն բանի յուրօրինակ հոգեբանական հակազդումն էր, որ ամեն ինչի պատճառն իմ արարքն էր։ Հասկանալի է, որ սեփական ձեռքերով չէի սպանել նրան, բայց ես էի հրել ճակատագրի անտեսանելի վագոնը, որը շատ օրեր անց վրա էր հասել նրան, ես էի մեղավոր, որ սկսվեց իրադարձությունների երկար շղթան, որոնցից վերջինը նրա մահն էր։ Թքոտ երախով, մազածածկ և թեք ճակատով Պատրիոտը՝ վերջինը, ինչ տեսել էր կյանքում, նրա մահի կոնկրետ մարմնավորումն էր․ ահա և վերջ։ Մեղավոր փնտրելը հիմարություն է, յուրաքանչյուր վճիռ ինքն է համապատասխան դահիճ գտնում, և մեզանից յուրաքանյուրը մեծ քանակությամբ սպանությունների մասնակից է։ Աշխարհում ամեն բան փոխկապակցված է, իսկ պատճառահետևանքային կապերն անվերականգնելի են։ Ո՞վ գիտի՝ արդյոք սովի չե՞նք դատապարտում Զանզիբարի երեխաներին՝ ինչ-որ մի չար պառավի մետրոյում տեղ զիջելով։ Մեր կանխատեսումների պատասխանատվության շրջանը չափից ավելի նեղ է, և բոլոր պատճառները վերջիվերջո գնում են դեպի անհայտություն՝ դեպի աշխարհի արարում։
Մարտյան օր էր, բայց եղանակն ամենալենինյանն էր․ պատուհանից այն կողմ նոյեմբերյան սևազգեստ մառախուղն էր տիրում, որի մեջից հազիվ թափանցում էր ամբարձիչ կռունկի ժանգոտած «զիգ հայլը », մոտակա շինարարությունում դմբդմբում էր ցից խփելու միացքը։ Երբ ցիցը մտնում էր հողի մեջ, և աղմուկը լռում էր, հայհոյանքներ և հարբած ձայներ էին հայտնվում մառախուղում, որոնցից հատկապես առանձնանում էր մի բարձր գեղգեղուն տենոր։ Հետո մերթ ընդ մերթ ինչ-որ բան էր սկսում զրնգալ․ նոր ռելս էին քարշ տալիս։ Եվ հարվածները նորից էին լսվում։ Երբ մթնեց, մի փոքր թեթևացավ, նստեցի բազկաթոռին՝ բազմոցի վրա փռված Նիկայի առաջ, ու սկսեցի Գայտո Գազդանով թերթել։ Բարձր կարդալու սովորություն ունեի, և այն, որ նա չէր լսում, չէր հուզում ինձ։ Միակ բանը, որ թույլ էի տալիս ինձ, որոշ հատվածներ արտասանությամբ ընդգծելն էր․
«Չէր կարելի ծածկամիտ համարել նրան, բայց երկարատև ծանոթությունը կամ սերտ հոգեբանական մտերմությունն անհրաժեշտ էին՝ իմանալու համար, թե ինչպես էր մինչև այդ պահն անցնում նրա կյանքը, ինչ է սիրում, ինչ չի սիրում, ինչով է հետաքրքրված, ինչն է գնահատում մարդկանց մեջ, որոնց հետ առնչվում է։ Բախտ չէր վիճակվել լսելու ասույթներ, որոնք կբնորոշեին հենց նրան, չնայած որ խոսում էի նրա հետ ամենատարբեր թեմաներով, իսկ նա սովորաբար լռում էր։ Բազմաթիվ շաբաթների ընթացքում առաջին օրերին նրա մասին իմացածիցս մի փոքր ավել բան իմացա։ Միաժամանակ ինձանից որևէ բան թացնելու ոչ մի պատճառ չուներ, դա ընդամենը նրա բնածին զսպվածության հետևանքն էր, որը չէր կարող տարօրինակ չթվալ ինձ։ Երբ ինչ-որ բան էի հարցնում, չէր ուզում պատասխանել, իսկ ես մշտապես զարմանում էի․․․ »։
Ես մշտապես ուրիշ բանի վրա էի զարմանում․ եթե մտածես, գրեթե բոլոր գրքերն ու բանաստեղծությունները Նիկային էին ձոնված․ ինչպես էլ որ նրան կոչէին, և ինչ կերպար էլ որ ընդուներ, ինչքան խելացի և նրբաճաշակ էր արվեստագետը, այնքան անլուծելի և միստիկական էր դառնում նրա առեղծվածը։ Լավագույն հոգիների լավագույն ուժերը վատնվում էին այդ լուռ կանաչաչյա անառիկության գրավման վրա, և բախվում էին անտեսանելի կամ ուղղակի գոյություն չունեցող (և նշանակում է իսկապես անհաղթահարելի) արգելքի։ Նույնիսկ փայլուն Վլադիմիր Նաբոկովից, որին վերջին պահին հաջողվել էր լիրիկական հերոսով պաշտպանվել, մնացին միայն երկու տխուր աչք և տղամարդու սեռական օրգանի մեկ ոտնաչափ երկարությամբ քանդականկար (վերջինը բացատրեցի նրանով, որ իր հայտնի վեպը Հայրենիքից հեռու էր գրել)։
«Անցնելով հարբած ամբոխի միջով, միշտ էլ միայնակ ,- նիրհելով փնթփթում էի ես՝ խորհելով դարեդար սլացող այդ լռության առեղծվածի մասին, որում արտացոլվում էին այդպիսի քանակությամբ տարբեր սրտեր, – հունական բրդոտ բազմոցն էր և ազատամտական որմնանկարներով պատը »։
Գրքով քնել էի և արթնանալով տեսա, որ Նիկան սենյակում չէր։ Վաղուց էի նկատել, որ գիշերները կարճ ժամանակով ինչ-որ տեղ էր գնում։ Կարծում էի, թե քնելուց առաջ մի քիչ զբոսանք էր պետք նրան կամ մի քանի րոպե շփում իր նմանների հետ, որոնք ամեն երեկո հավաքվում էին շքամուտքի լույսի շուրջ, որտեղ չգիտես թե ում մագնիտոֆոնն էր աշխատում։ Ոնց որ թե Մաշա անունով ընկերուհի ուներ՝ խարտյաշ և ճարպիկ, մի քանի անգամ նրանց միասին էի տեսել։ Ոչ մի առարկություն չունեի դրա վերաբերյալ, նույնիսկ դուռը բաց էի թողնում, որպեսզի միջանցքի մթության մեջ իր եռուզեռով չարթնացներ ինձ, ու տեսներ, որ տեղյակ էի իր գիշերային զբոսանքներից։ Միակ բանը, որ զգում էի, իմ սովորական նախանձն էր այն բանի հանդեպ, որ աշխարհի ինչ-որ սահմաններ նորից աննկատ են մնում ինձ համար։ Բայց երբեք մտքովս չէր անցնում գնալ նրա հետ, հասկանում էի, թե որքան անտեղի կլիներ ներկայությունս նրա շրջապատի համար։ Դժվար թե նրա միջավայրն ինձ հետաքրքիր լիներ, բայց մի փոքր ցավալի էր, որ նա իր շրջապատն ուներ, որտեղ իմ մուտքն արգելված էր։ Երբ գիրքը ծնկներիս արթնացա և տեսա, որ սենյակում մենակ էի, հանկարծ ուզեցի կարճ ժամանակով ներքև իջնել և շքամուտքի դիմացի նստարանին ծխախոտ ծխել․ որոշեցի, որ եթե նույնիսկ տեսնեի Նիկային, կձևացնեի, թե ոչ մի կապ չկար մեր միջև։ Վերելակով իջնելիս նույնիսկ պատկերացրի, թե ինչպես էր ցնցվելու, երբ տեսներ ինձ, բայց նկատելով անտարբերությունս՝ շրջվելու էր դեպի Մաշան․ չգիտեմ ինչու պատկերացրի, թե նստարանին կողքիս էին նստած լինելու և շարունակելու էին կամացուկ, միայն իրենց հասկանալի զրույցը։
Շենքի դիմաց ոչ ոք չկար, և հանկարծ անհասկանալի թվաց՝ ինչու էի կարծում, թե հանդիպելու էի նրան։ Հենց նստարանի մոտ մի շագանակագույն սպորտային «մերսեդես» էր կայանված․ երբեմն հարևան փողոցներում էի տեսնում այն, երբեմն՝ իմ շքամուտի առաջ, և այն, որ դա նույն ավտոմեքենան էր, դրա հիշվող համարներից էր երևում՝ «լպիրշ» համարներով։ Կամացուկ երաժշտություն էր լսվում երկրորդ հարկից, թփերը մեղմ օրորվում էին քամուց, շուրջը համարյա ձյուն չկար․ «շուտով ամառ է, – մտածեցի ես»։ Բայց ամեն դեպքում դեռ ցուրտ էր։ Երբ շենք մտա, դռան մոտի պահակակետում նստած չորացած վարդի նման պառավը ոչ խրախուսական հայացք գցեց վրաս․ շքամուտքի դուռը փակելու ժամանակն էր արդեն։ Վերելակով բարձրանալիս մտածում էի նախկին ակտիվի թոշակառուների մասին, որոնք համաժողովրդական տկարացած հերթափոխի վերջին կենդանի շունչն էին բերում շքամուտք․ նրանց ողբերգական կենտրոնացվածությունից երևում էր, որ այն հեռավոր ապագա քարշ չէին տալու, և որևէ մեկն էլ չկար, որ ավանդեին։ Սանդղատանը վերջին անգամ ծուխը ներս քաշեցի, բացեցի դեպի աստիճաններ տանող դուռը, որպեսզի ծխուկը դույլի մեջ գցեի, և ինչ-որ տարօրինակ ձայներ լսեցի ներքևի սանդղավանդակից, ճաղաշարի վրա թեքվեցի և տեսա Նիկային։
Ավելի հնարամիտ հոգեկան կառուցվածքով մարդը, կարող էր կարծել, թե ընտրել էր այդ տեղը (երկու քայլի վրա սեփական բնակարանից), որպեսզի յուրահատուկ բավականություն ստանար՝ բավականություն ընտանեկան օջախն անարգելուց։ Մտքովս անգամ չանցավ․ գիտեի, որ Նիկայի համար դա չափազանց բարդ էր, բայց այն, ինչ տեսա, բնազդային գարշանք առաջացրեց։ Խելագարի պես շարժվող միաձուլված երկու մարմինները անսարք լամպի դողդոջուն լույսի ներքո կենդանի կարի մեքենա թվացին ինձ, իսկ կաղկանձումները, որոնք դժվար թե հնարավոր լիներ մարդկային ձայնի հնչյունների տեղ ընդունել՝ չձիթված ատամնանվակների ճռռոց։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ էի նայում այդ ամենին՝ մեկ վայրկյան թե մի քանի րոպե։ Հանկարծ տես Նիկայի աչքերը, և ձեռքս ինքը գնաց դեպի աղբի դույլի ժանգոտած խուփը, որը մի ակնթարթ հետո դղրդյունով խփվեց պատին և ընկավ նրա գլխին։
Ըստ երևույթին՝ ուժեղ վախեցրի նրանց։ Նրանք ներքև նետվեցին, և ես հասցրի տեսնել, թե ով էր Նիկայի հետ։ Նա մեր շենքում էր ապրում, մի քանի անգամ հանդիպել էի նրան աստիճաններով բարձրանալիս, երբ անջատում էին վերելակը․ ոչ արտահայտիչ աչքեր ուներ, երկար անգույն բեղեր և սեփական արժանիքները գիտակցողի տեսք։ Մի անգամ տեսել էի, թե ինչպես էր այդ նույն տեսքով աղբամանի մեջ քջջում, անցնում էի նրա կողքով, բարձրացրեց հայացքն ու որոշ ժամանակ աչքը չէր կտրում ինձանից։ Երբ մի քանի աստիճան իջա, և համոզվեց, որ ես իրեն մրցակից չեմ, մեջքիս հետևում նորից լսվեց կարտոֆիլի կեղևների շրշյունը, որոնց մեջ ինչ-որ բան էր փնտրում։ Վաղուց էի գլխի ընկել, որ Նիկային հենց այդպիսիններն էին դուր գալիս՝ կենդանիներ բառիս բուն իմաստով, և միշտ դեպի նրանց էր ձգտելու, ում չէր նմանվի ո՛չ լուսնի, ո՛չ էլ մեկ այլ լույսի ներքո։ «Ըստ էության՝ ինքն իրենով նա ոչ ոքի էլ նման չի, – մտածեցի ես՝ բացելով բնակարանի դուռը, – չէ՞ որ երբ նայում եմ նրան, և ինձ թվում է, թե նա ինքնին գեղարվեստական անթերի ստեղծագործություն է, բանը նրա՛ մեջ չէ, այլ ի՛մ՝ նրա մեջ, ում թվում է»։ Ամբողջ գեղեցկությունը, որ տեսնում եմ, իմ սրտի մեջ է, որովհետև հենց այնտեղ է գտնվում կամերտոնը, որի անասելի նոտայի հետ համեմատում եմ մնացյալ ամեն բան։ Ես մշտապես ընդունում եմ ինձ այնպես, ասես ինչ-որ արտաքին բանի հետ գործ ունեմ, իսկ շրջակա աշխարհը սոսկ տարբեր թեքության հայելիների համակարգ է։ «Տարօրինակ ենք ստեղծված, – մտորում էի ես, – տեսնում ենք միայն այն, ինչ պատրաստվում ենք տեսնել, ընդ որում՝ չնչին մանրամասնություններով, ընդհուպ մինչև դեմքերն ու իրավիճակները, որ մեզ իրականում ցույց են տալիս, ճիշտ Հումբերտ Հումբերտի նման, որը հարևան պատուհանի սոցիալ-դեմոկրատական ճարպոտ արմունկը դեռատի աղջկա ծնկի տեղ էր ընդունել»։
Նիկան գիշերը չվերադարձավ տուն, իսկ վաղ առավոտյան կողպելով բոլոր դռները՝ երկու շաբաթով մեկնեցի քաղաքից։ Երբ վերադարձա, ինձ դիմավորեց ակտիվի վարդագույն մազերով պառավը և հայացք գցելով մյուս երեք պառավների վրա, որոնք տանից բերված աթոռների վրա կիսաշրջանաձև նստել էին նրա սեղանի շուրջ՝ բարձր հայտարարեց, որ Նիկան մի քանի անգամ եկել էր, բայց չէր կարողացել տուն մտնել, իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում չէր երևացել։ Պառավներն ուշադիր ինձ էին նայում, և ես արագ անցա նրանց մոտով, այնուամենայնիվ, վերելակի մոտ բարոյական կերպարիս մասին մի դատողություն հասավ ականջիս։ Անհանգիստ էի, որովհետև գաղափար չունեի, թե որտեղ կարելի էր նրան փնտրել։ Բայց համոզված էի, որ վերադառնալու էր։ Շատ գործեր ունեի և մինչև երեկո ոչ մի անգամ չհիշեցի նրա մասին, իսկ երեկոյան զանգեց հեռախոսը, և ակտիվի պառավը, ակնհայտորեն որոշելով մասնակցություն ունենալ կյանքիս, ասաց, որ անունը Տատյանա Գրիգորիևնա էր, և որ հենց նոր Նիկային տեսել էր ներքևում։
Շենքի դիմացի ասֆալտն աչքի առաջ մգանում էր․ մանր անձրև էր մաղում։ Շքամուտքի մոտ մի քանի աղջիկներ ռիթմիկ գոռգոռոցներով թռչկոտում էին ռեզինի վրայով, որը նրանց ականջների մակարդակին էր, և ինչ-որ հրաշալի ձևով նրանց հաջողվում էր ոտքերն անցկացնել դրա վրայով։ Քամին պոլիէթիլենային տոպրակ քշեց գլխիս վրայով։ Նիկան ոչ մի տեղ չկար։ Անցա անկյունի հետևն ու գնացի անտառի կողմ, որը դեռ չէր երևում շենքերի հետևից։ Հստակ չգիտեի, թե ուր էի գնում, բայց վստահ էի՝ հանդիպելու էի Նիկային։ Երբ մոտեցա մինչև պարապուտը հասնելը վերջին շենքին, անձրևը համարյա դադարել էր, անկյունից թեքևեցի։ Նա կանգնած էր լպիրշ համարներով շագանակագույն «մերսեդեսի» դիմաց, որը պիժոնին հատուկ խիզախությամբ էր կայանված՝ մի անիվը մայթին։ Դիմացի դուռը բաց էր, իսկ ապակուց այն կողմ երիտասարդ Ստալինին հիշեցնող և գեղեցիկ զոլավոր բաճկոն հագած մի մարդ ծխում էր։
-Նի՜կա, ողջո՛ւյն, – ասացի ես կանգ առնելով։
Նա հայացք գցեց վրաս, բայց ասես չէր ճանաչում։ Առաջ թեքվեցի և ձեռքերով հենվեցի ծնկներիս։ Ինձ հաճախ էին ասել, որ նրա նմանները վիրավորանքներ չեն ներում, իսկ ես լուրջ չէի ընդունում այդ խոսքերը, երևի որովհետև նախկինում նա կուլ էր տալիս բոլոր վիրավորանքները։ «Մերսեդեսի» մարդը զզվանքով դեմքը շրջեց դեպի ինձ և մի փոքր խոժոռվեց։
-Նի՛կա, ների՛ր ինձ, հը՞, – փորձելով ուշադրություն չդարձնել նրան՝ պարզեցի ձեռքերս դեպի Նիկան՝ թախիծով զգալով, թե որքան նման եմ Չեռնիշևսկուն , որը բնական կարիքից դրդված՝ անցողակի մտել էր պետերբուրգյան շքամուտքերից մեկը և պպզաց դիրքից եղբայրության ժեստով բարձրացել սառնամանիքից ներս թռած աղջկան ընդառաջ։ Փոքր-ինչ մխիթարում էր այն, որ նման համեմատություն դժվար թե ծագեր Նիկայի կամ դիմապակուց այն կողմ արդեն ոսկեգույն ժանիքները ցույց տվող վրացու գլխում։
Նիկան կախեց գլուխը, ասես մտորում էր, և ես ինչ-որ անորոշ մանրուքից հասկացա, որ այդ պահին քայլ էր անելու դեպի ինձ, մի քայլ էր անելու այդ գողացված «մերսեդեսից», որի վարորդն իր՝ ավտոմեքենայի ծալովի կափարիչի գույնին համապատասխանող աչքերի հայացքով արդեն ծակում էր ինձ, և մի քանի րոպեից նրան գիրկս առած անցնելու էի իմ շքամուտքի պառավների մոտով, մտովի նույնիսկ ինքս ինձ խոստանում էի այլևս նրան ոչ մի տեղ մենակ չթողնել։ Նա մի քայլ պետք է աներ դեպի ինձ, դա ակնհայտ էր, ինչպես այն, որ անձրև էր մաղում, բայց հանկարծ Նիկան մի կողմ քաշվեց, և հետևից մանկական վախեցած ճիչ լսվեց․
-Կանգնի՛ր, ո՞ւմ եմ ասում։ Կանգնի՛ր։
Հետ շրջվեցի և մի հսկա հովվաշուն տեսա, որը մարգասեզի վրայով դեպի մեզ էր սլանում, իսկ նրա տերը՝ հսկայական հովհար ունեցող գլխարկով տղան, վզակապը թափահարելով, բղավում էր․
-Պատրիո՛տ, հե՛տ արի։ Ոտքիս մո՛տ։
Հրաշալի հիշում եմ այդ ձգձգված վայրկյանը․ խոտի վրայով սլացող սև մարմինը, բարձրացրած ձեռքով մարմնիկը, որն ասես պատրաստվում էր ինչ-որ մեկին դաղել մտրակով, կանգ առած մի քանի անցորդներին, որոնք մեր կողմ էին նայում, հիշում եմ նաև այդ պահին գլխումս ծագած միտքը, որ մեզ մոտ նույնիսկ ամերիկյան հովհարավոր գլխարկներով երեխաներն են սահմանապահական-ճամբարային ժարգոնով խոսում։ Հետևում կտրուկ վնգսացին արգելակները, և ինչ-որ կին ճչաց, փնտրելով և աչքերով չգտնելով Նիկային՝ արդեն գիտեի, թե ինչ էր կատարվել։
Ավտոմեքենան (հետնապակուն գունավոր պիտակներով կոոպերատիվային ոճի «լադա» էր) նորից արագություն էր հավաքում, ըստ երևույթին՝ վարորդը վախեցել էր, չնայած որ մեղավոր չէր։ Երբ մոտ վազեցի, ավտոմեքենան արդեն անհետացել էր շրջադարձի հետևում։ Աչքի պոչով նկատեցի տիրոջ մոտ հետ վազող շանը։ Շուրջն անընդհատ մի քանի անցորդներ էին հայտնվում, որոնք խիստ լարված ուշադրությամբ նայում էին թաց ասֆալտի վրայի անբնական վառ կարմիր արյանը։
-Ա՛յ քեզ սրիկա, – մեջքիս հետևում ասաց վրացական առոգանությամբ ձայնը։ – Շարունակեց քշել։
-Դրանց նմաններին սպանել է պետք, – ասաց մեկ ուրիշ՝ կանացի, ձայն։ – Ամբողջը գնել են․․․ Այո՛, այո՛, ի՞նչ եք այդպես վրաս․․․ Այո՛, դո՛ւք, տեսնում եմ, ես էլ եմ․․․
Հետևում ամբոխը մեծանում էր, խոսակցությանը ևս մի քանի ձայն միացավ, բայց ես այլևս չէի լսում նրանց։
Նորից անձրև սկսվեց, ջրափոսերով սկսեցին պղպջակներ լողալ՝ նման մեր մտքերին, հույսերին և ճակատագրերին, անտառից փչող քամին ամառային առաջին բույրերն էր բերում, որոնք լի էին անասելի թարմությամբ և ասես այնպիսի մի բան էին խոստանում, որ նախկինում երբեք չէր եղել։ Կսկիծ չէի ապրում և տարօրինակ հանգիստ էի։ Բայց նայելով նրա անզորությամբ մի կողմ գցված մուգ պոչին, նրա մարմնին, որը նույնիսկ մահից հետո չէր կորցրել իր առեղծվածային սիամական գեղեցկությունը՝ գիտեի, որ ինչպես էլ որ փոխվեր կյանքս, ինչպիսին էլ որ լիներ գալիք օրս, և ինչ էլ որ գար՝ փոխարինելու նրան, ինչ սիրում կամ ատում էի, այլևս երբեք չէի կանգնելու պատուհանիս մոտ՝ մեկ այլ կատու գիրկս առած։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի