Ինֆարկտ
Քաղաքը կնոջ մերկություն է,
պիտի մենակ քայլես, որ հասկանաս,
ամեն քայլելիս միշտ մի բանի է նմանվում:
Երբեմն իմ վրայով եմ քայլում,
քաղաքն անձրևում է գլխիս,
կաթիլը ձեռքիս է իջնում,
ու ցնդում մատներիս:
Քաղաքը դու ես, ու էլի ինձ ես նման,
քո ջազն եմ,
կլսես ու չես հասկանա,
կլռես խոսելու չափ,
փողոցի լապտերները
մեկ վառվում են, մեկ մարում:
Երակներիս ճանապարհները
տանում են դեպի երկաթուղային,
ուր նստելու տեղ չկա,
հետո հասնում հրապարակ՝ սիրտ,
ու պոկվում ուղիղ ուղեղ՝ գյուղ…
Գիտեմ՝
ամենախելացի ճանապարհները քանդվածներն են,
գիտունիկ չե՛մ լինի,
այն մահացու է…..
***
Առավոտն ու գիշերը գրազ են եկել՝
ով ինձ կհաղթի,
արթնանալիս ձյունը աչքերս է ծակում,
գիշերն էլ հենց նույն տեղից ինչ-որ երկու կաթիլ են գնում,
հենց այնպես, չպայմանավորված գնում են,
հավասար,
ոչ աջ, ոչ ձախ նայելով
գնում են:
Անձեռոցիկ չեմ օգտագործում՝
հասկանամ՝ ո՞ւր են գնում,
երևի էդ երկու կաթիլն էլ գրազ են եկել
հավասարության վրա,
ինձ չորս մասի են բաժանել,
Գիշերը՝ ցերեկի,
Ու էն տերով հետո անտեր երկու կաթիլն էլ իրար հետ,
վատն են է, որ դուր է գալիս դրանց մրցավազքը,
ինչ-որ բան դատարկվում է,
քարերը փեշերիցս թափում են,
ու վերջ,
երևի անիմաստ գրազ եկան…..
Անվերջակետ
Այսօր գրածս չեմ կետադրելու
դրանք չակերտում են քեզ
քո սերն ավելի հեշտ է գրել քան զգալ
պարզությունը քո եսերի խառնաշփոթն է
իսկ հարցականները սև ու սպիտակի են բաժանում
քո գույնը այլ է
մոխրագույնը հիսուն երանգ չունի
իսկ պոռնիկը կարճ շրջազգեստ չի հագնում դու հագել ես ստվերագույն ու փախել ես կետադրությունիցս
ստվերոտվել ու սև գործդ ես անում
փակագծեր չակերտներ
բառեր
բառերի տակ կետադրություն
ինչ անեմ
հարցական
դու արդեն հիսուն երանգները մեկ ես արել ու անցել գործի
կախման կետեր
***
Բարև,
ինձանից մի քանի քայլ հեռու
հետ ու առաջ անող երիտասարդ,
կգա՞ս զրուցենք,
խաղա՛նք կողքի բակում,
խաղա՛նք, որովհետև ծերակույտը բակը ոտնատակ է տալիս,
իսկ մենք չենք խաղում,
որովհետև անծանոթ ենք,
ու բակերը կապը կտրած շան նման վազում են մեր հետևից,
չէ՛, կգա՞ս խոսենք,
կոկորդիս օրերիս չափ քաղցկեղ է կուտակվել,
պատմե՞մ քեզ։
Կյանքիս կեսն ապրած է թվում,
բառերս սրտխառնոցի պես նետվում են գիրկդ,
կմաքրեմ ոչինչ։
Վախենում եմ քեզնից,
ասում են՝ շատ բան իմանաս, շուտ կծերանաս,
դրա համար հիմա ծերակույտը պահմտոցի է խաղում:
Հեռու մնա ինձնից, անծանոթ,
ես կգրկեմ բակի նստարանն ու կպատմենք,
ես ինձնից, ինքն՝ իրենից,
ու կծերանանք երկուսով…..
***
Խոհանոցում ջերմություն էին պատրաստում,
տաքուկ դրություններ շատ եմ սիրում
ու կարծես ամբողջը կուլ տվեցի.
գիտեք՝ երբեմն ինձ բամբակ եմ զգում,
ու ծնունդիս միշտ մի փափուկ բան են նվիրում.
կարծես վայրկյանները խեղդող արքայանարնջի պես շարվում են կոկորդիս։
Ես չքաղված պտուղ եմ խակ,
դուրսը չգիտեմ ինչ է՝
ներսն այնքան հետաքրքիր է։
Ես դեռ չեմ թքել գետնին,
դեռ չեմ «թքել փայտիկին»,
հյուրանոցի ոչ մի համար չի քրտնել իմ շնչից։
Ինձ դեռ բամբակ է պետք,
դեռ վաղ է,
շուտ երես կառնեմ,
հետո չեմ իմանա՝ որն է անկողինս,
կգամ, կգրկեմ սանհանգույցը,
մաղձոտած օրերը կհետապնդեն,
մայրս անկողինս պատրաստած և քնած կլինի:
Ես կգնամ այլ անկողին փնտրելու…..
***
Երակներ ունեմ,
ու տատ և պապ,
իսկ ո՞վ ասաց, որ ես ամեն ինչ ճիշտ եմ պատմելու,
իսկ ո՞վ ասեց, որ ես վերևում չեմ ստել,
ականջներդ սրած ինձ զգա,
ես վերևում եմ, դու ցած իջիր, բարեկամս,
չնայած հարազատներիս հետ դեմ դիմաց եմ շփվում՝
ներքեևում մնում են վերջույթներս,
մեր դռան դիմացի շորը, որի վրա գրված է «welcome», ու որը քեզ չի վերաբերում,
վերևում ստել եմ քեզ, բարեկամս,
վայ, էլի խաբեցի,
դարի ոգուն սովորել եմ,
կդիմանա՞ս մինչև լվանամ քեզ….
….Հաջող անծանոթ…..
***
Ես երազանք ունեմ,
ուզում եմ երազել,
կամ գոնե գիշերով տեսնել անցյալներս,
անցյալիցս կայծկլտում ես,
բնավ չեմ ուզում բառապակաս երևալ,
պարզապես դու բառերով չես հերիքում,
վերջին բաժակը չպիտի խմեի,
վերջին ծխախոտը վառել պետք չէր,
ամեն ինչ վերջից է սկսվում,
ինչպես պատանեկությունս՝ քեզնից,
այդ առիթով մայրս վզնոց գնեց,
այն քեզ է հիշեցնում,
դու ճոճվում էիր։
Գիտես նույն փնթին եմ մնացել,
նորից անձեռոցիկ եմ կախում կրծքավանդակիս,
երբեմ ճաշելիս թվում է՝ դու ես ուտում,
կամակորվում ես,
անհաշտ ես, ինչ փոքր ժամանակ,
չգիտեմ երբ ես դարձել դու,
բայց դարձել ես,
դարձրել եմ,
քեզնից պոկած մի մասնիկ եմ ուզում:
Դու կհիշես՝ փափուկ շունը որտեղ ես դրել,
գտա, փոշոտվել էր,
ականջն ու ոտքը պոկված էին,
վախենում եմ մի օր դու էլ պոկվես։
Չարաճճի ես եղել, չեմ հարցնում, գիտեմ,
գիտեմ, որ ձեռքս բաց ես թողել,
կամ կթողնես,
ուզեմ, թե չուզեմ, մի օր դա կլինի, ու չես լինի դու,
դրանից մանկական լաց է գալիս վրաս,
թշերս կարմրում են,
քթերիցս մանկությունս է հոսում,
արցունքներս թվերն են հաշվում,
հանկարծ նայեցի մորս նվիրած վզնոցին,
էլ չէիր ճոճվում…..