*Libertas quae sera tamen.
Դե գիտեք ինչպես է լինում.
մեկը չարագուշակ փռշտում է կողքիդ
հանուն ազատության, եղբայրության և հավասարության
ու կորչում փողոցի հրմշտոցում և դու,
որ ընդմիջման էիր գնում ընդամենը՝ մի բան ծամելու արտաշնոցում
ու հետ դառնալու քո մեկուսարան,
ինքդ քեզնից անտեղյակ՝ արդեն պատրաստ ես,
պատրաստվում ես։
Սատուրնն արդեն մտել է կույսի համաստեղություն,
թրամփն արդեն զանգել է մերկելին, պուծինին միացրել են անդրաշխարհ,
քամին արդեն փչում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք,
վերջը, արդեն ամեն ինչ հրաշալի համադրված է,
ու դու մինչ մտքով շարունակում ես մաշել օրվա կանխորոշված հոգսը`
կոմունալ ա, եվրոյի կուրս ա, սադհգուռույ ա, ամազոն իբեյ ա`
մարմինդ տրոհվել է քեզնից արդեն։
Դու էդքան խիզախություն չունես ախր, որ տեսնես դա, նու, չես էլ ունեցել
(էն որ առավոտյան հայելում նայելիս արձանագրում էիր քո և սույն թոշնող արարածի գոյաբանական խզումն ու մեկ է շարունակում հետևողականորեն խոզանակել ատամները, սափրել դեմքն ու ճամփել գործի),
իսկ մարմինդ հիմա լրիվ ուրիշ իներցիայով է առաջնորդվում․
հագնվում է հանդիսավոր-փողոցային-չարքաշ-արշավականության մեջ,
մարմինդ արդեն փակ խմբում պայմանավորվել է այլ մարմինների հետ
ու գնում է իրացնելու իր ռեպրոդուկտիվ ազատատենչ միս լինելու իրավունքը ինչ-որ,
հեղափոխական միս ))
Թեպետ միտքդ դեռ շարունակում է էզոթերիկ գարնանային հորանջել,
հեգնելով` ազիզ լա դենը, ես ներքին խաղաղության եմ ձգտում՝
ինքնակազմակերպված միսը առավոտյան տաքսիստից-իսկ բռնած
պոտենցյալ հպարտ քաղաքացիներ է փնտրում։
Վիրուսը մեջդ միլիոնների հասնող գաղութներ է արդեն պատճենել
և դու հանուն համախառն ազատության, դուխով,
քո վարակիչ փռշտալու բեմելին ես սպասում —
մի տեղ, ուր մարդկանց գերկուտակում կլինի անշուշտ.
չէ, որ դու արդյունավետ ու զգուշավոր միս ես,
իսկ վիռուսն օնսթրիթից բացի կայֆ սրտիկվում նաև օնլայն:
Միտքդ արդեն միայն երբեմն է առկայծում. հաջողացնում է վիկիպեդիայում կարդալ․ «վիրուսը կյանքի ձև չէ, բայց կարող է հիմնովին ինտեգրվել օրգանիզմ և տոտալ հեղաշրջել այն, բայց մարմինը վարակվելու թուլությունից զատ ինքնափրկության հակամարմին արտադրելու կարողություն էլ ունի և սա ժամանակի հարց է․․․»
— Գաղջի իներցիան ժամանակի հա՞րց է, արա՛,
կյանքը մահի համար ժամանակի հա՞րց է։
(Ասեցի, չէ՞, միայն երբեմն էր առկայծում)։
(Վերջերում միշտ գժվում է անտաշյանը, որ էպիկական պրծցնի, քանի որ լավով չի պրծնում, անգամ լայվով… )
Հա, ի՞նչ էի ասում, և ուրեմն մինչև հիմա
հենց ձեռքերս բացում եմ` հեղափոխությունս քոր ա գալիս։
Էհ, մսի համար ի՜նչ խրախճանք է ազատությունը,
ի՜նչ արձակուրդ, որից նա լրիվ վերածնված, թարմացած,
հեզ ու խոնարհ հակամիս՝ վերադառնում է:
Սիրում եմ, գրկում եմ, պաչում եմ բոլորիդ`
ի պաշտոնե և ի դեպ
Ձեր`
հեղկոմի առաջին քարտուղարի սիրո և ապրումակցության հարցերով տեղակալին կից գրկախառնության վարչության հուղարկավորությունների կազմակերպման բաժնի կոնտրհեղափոխությունների կանխարգելման ավագ մասնագետի առաջին խորհրդական:
——
* Ազատությունը թերևս ուշանում է։ (լատ․)