Աղասի Այվազյան | Ոչ ոք չգիտե Հյուգելինի մասին

Այսօր չէր հարբում. խմում էր բավարական գավաթով, խմում էր ֆրանսիական բաժակով, խմում էր լեհական բաժակով, խմում էր, եւ գլուխն ավելի էր պարզվում, ու ինքն ասես զգում էր ուղեղի յուրաքանչյուր գալարը: Նրան թվում էր, որ եթե հայելուն նայի՝ գլխի վրա կտեսնի ուղեղի դուրս ընկած, ուռուցիկ գալարները, գլուխը գնդաձեւ բարձրաքանակ կլինի, ու կերեւան իր մտքերը:
Տուլուզ-Լոտրեկը իր կարճ ոտքերը քարշ տալով մտավ, Բրյուանի հանդերձասենյակը եւ բերանքսիվայր ընկավ բազմոցին: Ականջին էր հասնում Բրյուանի կատակներից առաջացող քրքիջը: Հետո բարձրացավ տեղից, սենյակում մի երկու քայլ արեց եւ կանգ առավ հայելու առջեւ: Նայեց․ դիմացը թզուկ էր կանգնած: Տուլուզ-Լոտրեկը միշտ մոռանում էր, թե ով է դա: Հիշեց. Ինքն էր: Ինչո՞ւ էր ինքը: Ինչո՞ւ… Նա միշտ մոռանում էր դրան՝ այսինքն այդ Տուլուզ-Լոտրեկին: Քայլելիս, խոսելիս, աշխատելիս նա իր մեջ ուրիշ մարդ էր: Ու միայն այսպես էր հիշում իրեն, ընկնում ճակատագրով իր համար նախապատրաստած տեղը: Հայելու մեջ թզուկ էր կանգնած, կարճ, ծուռտիկ ոտքեր, մեծ գլուխ, կարճ ձեռքեր, երկար իրան: Տուլուզ-Լոտրեկը ժպտաց ինքն իրեն, հետո պտտվեց իր շուրջը, փոքրիկ էր, ծիծաղելի եւ սարսափելի: Լացել էր ուզում: Հիշեց, որ շատ էր լացել հայելու առաջ, անհամություն կլիներ էլի լացել, նկարչի ճաշակը այստեղ էլ ծալք կտար, մի ինչ-որ հպարտություն նրա բերանը լացից տարավ-փոխեց ջղայնության, ու նա լեզու ցույց տվեց իրեն: Հետո դոփեց ոտքերով: Վեր ցատկեց, կրկին վեր ցատկեց, էլի վեր ցատկեց: Թքեց իր վրա հայելու մեջ: Թքե՛ց, թքե՛ց, թքե՛ց… Ձեռ առավ իրեն, դեմքը ծամածռեց ու թքե՛ց իր վրա, ծիծաղեց ու թքե՛ց իր մռութին, նայեց իր կարճ ոտքերին, թքե՛ց, ձեռքերը պարզեց, թքե՛ց:
Ներս մտավ Բրյուանը. Ծափահարությունները բմբուլի նման կպել-փաթաթվել էին նրա զգեստին: Թեպետ Լոտրեկը սենյակի կենտրոնում էր կանգնած, Բրյուանը տեսավ նրան ուշացած:
-էլի ես փրփրել․․․
Լոտրեկը նայեց Բրյուանին, դեռ մի բան էր ուզում ասել, հետո երկրորդ միտքը առաջ ընկավ, հետո՝ երրորդ միտքը, որ ոչ մի կապ չուներ նախորդ մտքերի հետ: Սանդղաձեւ իջան նրա մտքերը, հասան մի ինչ-որ սովորական, ծանոթ, թմրած վիճակի: Ու նա ձայն չհանեց: Վերստին տեսավ թզուկին հայելու մեջ եւ հիմա արդեն ժպտաց: Իր Տուլուզ-Լոտրեկն էր, իր հին ծանոթը… Լոտրեկը դուրս եկավ եւ գնաց փողոցով. գնում էր, եւ ի վերջո, լաց եղավ: Ինքն իր հետ լաց էր լինում առանց ամոթարգելի, ինչպես երեխա, ինչպես կին, ինչպես լիրբ, ինչպես ստրուկ, ինչպես հարբեցող, ինչպես տանուլ տված մարդ, ինչպես մուրացկան… Նա ուներ այնպիսի վիճակ, ինչպիսի վիճակ մարդուն թշնամիները կցանկանային եւ հետապնդելուց ու տեսնելուց հետո մարդուն այդ դրության մեջ՝ այլեւս անելիք չէին ունենա: Դառնության հետ զուգընթաց Լոտրեկը ծիծաղում էր իր վրա, իր լխկած, ջրոտ լացի վրա: Նա տեսնում էր իրեն՝ կարճ ոտքերով, կարճ ձեռքերով, մեծ գլխանի, ծիծաղելի մուրուքով… Եվ արցունքները այտերին, լիքը-լիքը աչքերի մեջ: «Կի՞ն ես, ինչ է… ի՜նչ ես ձեւեր թափում… Ո՞ւմ առաջ… ինչի՞ համար… Ուզում ես խղճա՞ն քեզ, որ մխիթարվե՞ս, թզուկ… ոչ ոք չի լսում, ո՞վ պիտի խղճա: Աստվա՞ծ: Ինքդ քե՞զ»: Դառն լացը եւ ինքն իրեն ձեռ առնելը միաձույլ էին՝ երկու ծայր ունեցող ցողունի պես:

Վերջերս Լոտրեկը ոչ միայն չէր ապրում Սեն-Լազար կայարանի մոտի հանրատանը, այլ նաեւ ուշ-ուշ էր լինում այնտեղ: Նա հանդիպում էր Հյուգելինի հետ մի փոքրիկ սենյակում, որ չգիտես ինչով շատ էր իրեն նման. սենյակը բարձր առաստաղ ուներ, մոլբերտի ստվերից պատը մորուքավոր էր դառնում, սենյակը կարճ ձեռքեր եւ ոտքեր ուներ՝ երեւի փոքր սանդուղքներն էին այդ տպավորությունը թողնում: Որտեղի՞ց եկավ Հյուգելինը, ո՞վ էր նա այդպես էլ չիմացավ Լոտրեկը: Մի առավոտ գինարբ արթնացավ այս սենյակում եւ ծոցում գտավ Հյուգելինին: Ու մնացին միասին: Դեռ չէր հասկանում, չէր զգում, հետո ճակատագրորեն անպայման փաստ դարձավ: Առաջին անգամ Լոտրեկը հանդիպեց կնոջ, որը փայփայում էր իրեն, իր մարմինը… Սկզբում նա այդ ընդունեց որպես մասնագիտական հատկություն, հետո ինքը շատ ուզեց, որ այդ այդպես չլինի, ու տեսավ, որ այդ այդպես չէ:

Բրյուանի մոտ լիներ, թե մադմուազել Բլանշ դեզի՝ երեկոները դնդոլթելով վազում էր իրենց սենյակը եւ սպասում Հյուգելինին: Գալիս էր Հյուգելինը, եւ սենյակը ու նա անջատվում էին աշխարհից, ասես այլեւս Փարիզում չէին գտնվում: Հյուգելինը համբուրում էր փոքրիկ Լոտրեկին, համբուրում էր նրա դեմքը, նրա աչքեր, շոյում-փաղաքշում նրա ձեռքերը… Սկզբում Լոտրեկը ոչ մի կերպ չէր, հասականում, իր բանականությունից վեր էր: Հետո ընտելացավ. «Երեւի աստծո ողորմությունն էր, նրա սեփական վրիպակի թեթեւացումը»… Ու ներողամտաբար էր նայում երկնքին ակամայից սեւ-մանիշակագույն մեղքերի մեջ խրված գաճաճ Լոտրեկը: Բայց նա իր ազատ դժբախտությունը կորցնելով, ընկավ մի քաղցր, երջանիկ դժոխքի մեջ: Նա գիտեր գեղեցիկի գինը, նա տեսնում էր գծերի սլացիկ խորհուրդը, ձեւերի դաշնության վերերկրային նշանակությունը, նա սիրում էր ազդրի եւ ոտքի սահուն ձեւերը, մեջքի հպարտությունը եւ ձեռքերի ոգեշնչությունը… ու հանկարծ՝ իր մարմինը, իր սապատը: Երբ Հյուգելինի մատները սկսում էին շարժվել դեպի նրա գլուխը, մարմինը, ուսերը, Լոտրեկը երանության հետ մեկտեղ ճզմված սրտով սպասում էր, որ ահա մատները կիջնեն իր տձեւ մեջքին, իր սապատին, կչափեն իր թեւերը, իր ոտքերը… Սարսափն ու հաճույքը միահյուսվում էին, ու նա չէր հասկանում՝ ինչ էր իր զգացածը:

Լոտրեկն ուզում էր գեղեցկություն զգացնել տալ Հյուգելինի մատներին: Ու նրա շարժումի տակ մտովի իր գիծն էր դնում, նկարում էր մարմին, եւ թվում էր իսկապես Հյուգելինի մատները շարժվում են իր երեւակայած գծի վրայով, շոշափում են իր մտովի նկարած ձեւերը:

Լոտրեկը հավատում էր՝ ավելի կատարյալ ներդաշնակություն դժվար թե լիներ աշխարհում, աստված էլ դեռեւս չէր ստեղծել: Ու հիստերիկ տագնապոտ մի երջանկությունից անզուսպ ծիծաղում էր Լոտրեկն անկողնում… հետո պարպում էր հույզի հոսանքը, նա հոգնում էր այդ վիճակից եւ լալիս: Նա վախով եւ հաճույքով սպասում էր հաջորդ գիշերվան: Մեկ էլ նրան թվում էր, որ Հյուգելինը ձեռ է առնում իրեն, ինչ-որ մի վրեժ ունի մարդկային ցեղի նկատմամբ եւ Լոտրեկից է վրեժ առնում, նա իր մատներով ընդգծում է խեղճ Լոտրեկի մի պահ մոռացած տձեւությունը. կանացի դաժան մատներ, խելոք մատներ… Ու ոչ մի կերպ չէր հասկանում Հյուգելինին, թերեւս ժամանակ չուներ հասկանալու, թերեւս չէր ուզում հասկանալ, խճճված վիճակ էր, իրար մեջ խառնված, գինարբուք… Այս հանելուկային, կենդանի սենյակը, այս Հյուգելինը, որի ազդությունը եւ ով լինելը չգիտեր ոչ ինքը՝ Հյուգելինը, եւ ոչ էլ Լոտրեկը… Մի բան կար հստակ, իրականությունից ավելի իրական՝ իր խայտառակ արտաքինը, որից հանկարծակի էր գալիս նույնիսկ ինքը… Ու այդ խառնարանի մեջ վեր բարձրացավ հրաբխի պես, ծառի պես, իմաստուն եւ բնական ճակատագիրը: «Ես անպայման պետք է այդպիսին լինեի: Ես պետք է սիրեմ բոլորին, ինձ պետք է չսիրեն: Ես ինքս ճակատագիր եմ: Ճակատագիր-Տուլուզ-Լոտրեկ։ Ես ճակատագիր եմ. դա ավելի է իմ կոչումը, քան՝ նկարիչը: Նկարիչը զբաղմունք է, իսկ ես ճակատագիր եմ: Ես մարդկանց միջեւ եղած կապերի արդյունքն եմ: Հին կապերը հազար տարվա, տասը հազար տարվա կապերը խճճվել են, կծիկ դարձել եւ շարունակում են էլի ավելանալ, փոփոխվել: Ես ժպտում եմ, ինձ ժպտում են, ես նեղացնում եմ՝ նեղանում են. դա պահ է, այսօրվա մի կետ: Այդպես են դրսեւորվում հարաբերությունները: Դարերով են դրսեւորվել կապերը, հարաբերությունները: Կապեր են ունեցել իմ նախնիները Տուլուզները եւ Լոտրեկները, նրանց հեռավոր նախնիները սիրել են, խաբել են, չարություն են արել, զզվել են, արել մի բան, մտածել՝ մի ուրիշ: Ես դատապարտված եմ այդ կապերի արդյունքին, նրանց այսօրվա օղակն եմ: Բոլորի վերաբերմունքը ի բնե ճշգրիտ չափակշռված հունի մեջ է: Ինքդ քո մեջ հարաբերություններ ունես, նախկին հարաբերությունները դեռ շարունակվում են քո մեջ: Միլիոնավոր մարդկանց հավաքատեղի ես: Սերեր ու սպանություններ կան քո մեջ: Դու ինքդ ճակատագիր ես: Դու ես քեզ պատժում: Դու ես քեզ վիրավորում, դու ես քեզնից խլում, քո զոհը քո մեջ է եւ քո դահիճը քո մեջ է…»:

Լարվածությունը փոխվում էր թուլության, հաշտվողականության, Լոտրեկը կեսօրին մոռանում էր սենյակը, Հյուգելինին, դա նախորդ գիշերվա երազ էր, գնում էր «Ֆոլի-Բերժեր» կամ նաթանսոնների մոտ: Խմում էր եւ բոլորի աչքերում կրկին տեսնում էր, որ ինքը հայտնի թզուկ եւ նկարիչ Տուլուզ-Լոտրեկն էր. ամեն ինչ սովորական էր, իրենց տեղերում: Երեկոյան, երբ գնում էր իր այդ փոքրիկ սենյակը, նա կրկին գնում էր ստուգելու՝ կա, արդյոք, այդ սենյակը եւ Հյուգելինը: Ու կրկին սկսվում էր քաղցր դժոխքը:

Ու հանկարծ Լոտրեկը անէացավ, կտրվեց սենյակից… Նա իր մեջ զգաց հազարավոր մարդկանց, հազարավոր մարմիններ… Ինքը այդ մարմինների տերն էր, այդ հասարակ, մեռնող, փչացող, կաշվի եւ ոսկորների մի կույտ, որ ինքը ճակատագիր էր կոչում… Այս փոքրիկ թզուկը իր միջի հազարից մեկն է, հին շապիկից ոչ ավելի արժեքավոր… Այդ ձեւերը հասարակ մի բան են, անցողիկ երեւակայությունից ոչ առավել կարեւոր… Հյուգելինը ավելի է, քան մարդ, քան կին… Հյուգելինը այդ մարմիններից մեկն է… Նա եկել է օգնելու քանդել ճակատագրի լրջությունը, վախը նրա առջեւ, պարտադրականը…

Լոտրեկը չորս օր նկարում էր. գիշերը անկողնում ստեղծում էր գծեր, ձեւեր, մարմին Հյուգելինի մատների տակ եւ ցերեկները անցկացնում-դրոշմում էր թղթի վրա:

Վերջապես, հինգերորդ օրվա առավոտը բացեց նկարը, հարմարեցրեց լույսին, դրեց եւ գնաց. չգնաց «Մուլեն-Ռուժ» եւ ուրիշ ծանոթ տեղ: Նա թափառում էր, ժամանակ սպանում քաղաքի մոտակայքում, հետո, արդեն երեկոյան, մի դողդողացող ցանկություն, տագնապոտ անհամբերություն, եւ վախ կպան նրան, նա արագ վերցրեց Ֆրակը ու սլացավ դեպի իր սենյակը:

Հյուգելինը տանը չէր: Լոտրեկը պատուհանից դուրս նայեց այս ու այն կողմ, նստեց նկարի առջեւ՝ իր կարճ դաստակը դրեց իր այտին, կուչ եկավ եւ նայում էր դռանը: Ինչքան գնաց, այնքան ավելի կուչ եկավ, փոքրացավ փոքրիկ Տուլուզ-Լոտրեկը: Երեք օր. այդպես, նկարի տակ անշարժ, կարճ դաստակը այտին, կուչ եկած նստեց: Հյուգելինը այլեւս չվերադարձավ: Լոտրեկը ամոթով պատառոտեց ինքնանկարը: Շատ փոքր-փոքր կտորների էր վերածում, որովհետեւ մանրացնելու ժամանակ կարողանում էր մտածել, թե ինչու գնաց Հյուգելինը: Ամբողջը սո՞ւտ էր, հոգնե՞ց: Կամ գուցե Հյուգելինը ճակատագրական վրիպակ էր, թերեւս հարբերությունների միջից դուրս ճզմված կրկին ճակատագրական պարտադիր մի գիծ:

Տուլուզ-Լոտրեկը դուրս եկավ, տնից, գնաց Ժյուբեր փողոց եւ մինչեւ առավոտ խմեց: Նա այլեւս չվերադարձավ այդ սենյակը. կրկին բնակություն հաստատեց մադմուազել Բլանշ դ’էգի տանը եւ, մեկ-մեկ գինարբուքի մեջ, արցունքների միջից հիշում էր իր փոքրիկ մորուքավոր. եւ կաղ սենյակը, «Հյուգելի՜ն, Հյուգելի՜ն» մրթմրթում էր նա, եւ նրա մրթմրթոցից ոչ ոք ոչինչ չէր հասկանում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *