Նարեկ Կոսմոս | Որպես մի դեղին օդապարիկ

Որպես
Մի դեղին
Օդապարիկ
Կմեխվեմ
Մանուշակագույն
Ամպերիդ մեջ․․․
Ու լուցկին էլի
Կհազա կրակ,
Իսկ արևը՝
Որպես թողություն
Իմ անցած օրվա,
Կարմիր մահով
Կհեռանա։
Լուսինն իր
Գունատությունը
Կթքի իմ մենության մեջ,
Իսկ ես նորից
Կմերկացնեմ գիշերը,
Ու խավարը կդողա
Իմ նեղ սենյակում,
Կնստեմ
Ինձ այդքան երանելի
Վախերիս քարայրում
Ու կերազեմ,
Որ ինձ մեկը փնտրի,
Կերազեմ
Մեկի դեղին
Օդապարիկը
Քո մանուշակագույն
Ամպերի մեջ,
Կերազեմ
Քո ցավը
Ու
Այն,ինչ
Ինձ հատում է
Քո անեզրության մեջ․․․
Կերազեմ հոտը
Քամու,
Որ գյուղի մեջքին
Մաքրություն է մաղում․․
Կերազեմ այնտեղ
Քեզ ու ինձ․․․
Ու մի օր էլ
Արևը՝որպես
Անցած օրվաս
Թողություն,
Կծորա
Ափերիս մեջ,
Իսկ դու
Կհենվես
Մատներիս
Ու կերազես
Ամեն դեղին ու կարմիր։
Այնինչ
Քո մանուշագույն
Ամպերի մեջ
Կդողամ ես․․․
(Կդողամ ամեն ամպից)

 

***

(Ու վրձինը
Կապույտ կկաթի
Անգույնի մեջ․․․)

Հայացքումդ եմ
Շպտրել
Կապույտ սուզանավս,
Որ գոյությունս
Շոյող ձկներ աճեցնի։
Մինչ ես կփնտրեմ
Գունեղ հագուստներ,
Որ բիբդ
Ժպտա ինձ նայելիս,
Գրպանումս կպահեմ
Մրսող թատրոնը,
Որ կարել եմ
Քո հայացքից,
Իսկ աթոռներն
Ու լայն շարքերը,
Պատրաստել եմ
Մենակության կտորներից։
Երբ
Սուզանավս
Խրվի ժպիտիդ
Տաք ավազի մեջ,
Այդժամ
Թատրոնը
Իմ քրտնած մատներից
Կլացի։
․․․ես ատում եմ վերջակետը քեզ գրելիս․․․

 

***
Իմ քունը կորել է անժամ,
Ու գունավոր ծերունին
Ինձ ներարկում է երազ։
Ներարկիչը համբուրվում է
Երակիս հետ,
Ու կարծես
Հազար կարմիրի
Ու դեղինի մեջ
Թմրում եմ․․․
Արթնանում եմ
Նոր օրվա հոտից,
Ու ինչ-որ ոչինչ,
Մի անկատարություն
Ինձ հուշում է,
Որ
Մինասը կիսատ է
Թողել վերջին նկարը,
Վերջին
Կարմիրն ու դեղինը․․

 

***

Ու վախը կիսամերկ
Կկանգնի իմ առաջ
Իսկ ես նորից
Կշոյեմ հայելին ցավեցնող
Պատկերս․․
Մատներս կհևան
Գրելուց,
Իսկ վախը
Իրեն կսպառի
Իմ ամեն տողում․․․
Ու երբ ուզեմ քնել
Երազիցս խանդի հոտ կգա,
Իսկ ես
Անքնության մեջ կորած
Անդավաճանություն
Կերգեմ
Կերգեմ այնպես միամիտ
Ու կարծես կհավատամ
Երգիս․․․
Երազներս էլի
Թաց կանգառներում
Կշնչեն սպասում․․
Ու իմ դիմաց
Կիսամերկ վախը կչոքի
Իսկ ինձնով ներկված հայելին
Կցավա նորից․․․

 

***
մամռոտ ռելսերը
որ վաղուց չէին համբուրվել
գնացքների հետ
հիմա իմ կիսատ
գոյությունն են գրկել․․․
մայրամուտը
ցավեցնում է հեռուն․․
մայրամուտի մեջ
լողում են
հոգեմետ ցավեր․․․
բայց
ես որդեգրել եմ
ռեսլերը,որ
հիմա արդեն
անկարոտ են դարձել․․
որբացել սիրուց
ծույլ գնացքների․․
մայրամուտը
գինի է մաղում
մամռոտ ռելսերին
ու
վերջանում է
կարիքը սիրո․․․

***
Որպես
Անէջությամբ տառապող
Մի գիրք,
Կամ էլ
Դատարկությամբ
Լցված սենյակ
Փնտրել եմ
Իմաստը երգիս գոյության․․
Որպես
Բավականություն,
Որ փախչում է եկող հաճույքից․․․
Կամ որպես
Մի
Հրաժեշտի հոտով
Վերադարձ
Փնտրել եմ
Իմաստը երգիս գոյության․․․
Մեկ-մեկ
Գրքի բերանում
Իր մահը կորցրած
Թիթեռի նման
Մեկ էլ
Գույներից
Փախչող նկարի
Դերում եմ փնտրել․․
Ու
Անէջությամբ տառապող
Գրքում
Իր ծնունդը գտած
Թիթեռի պես
Երգել եմ գոյությունս
Գուցե սա՞ է իմաստը․․
(․․․․երգիս գոյության․․․․)

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *