Աղջկան գտան գլուխը տիղմի միջից դուրս ցցված, աչքերը լայն բացված, անձայն կանչելիս:
Անունն Ասուսենա էր: Այդ անծայրածիր գերեզմանոցում, որտեղ մեռելների հոտն իր կողմն էր գրավում հեռավոր գիշանգղներին, և օդը լցվում էր որբերի ողբուկոծով ու վիրավորների հառաչանքներով, ապրելու համառությամբ տոգորված այդ աղջնակը ողբերգության խորհրդանիշը դարձավ: Տեսախցիկներն այնքան էին ցուցադրել սև դդումի նման ցեխի միջից դուրս ցցված գլխի սահմռկելի տեսարանը, որ մարդ չկար, որ չճանաչեր նրան և չիմանար անունը: Եվ ամեն անգամ, երբ նա հայտնվում էր էկրանին, ետևում կանգնած էր լինում Ռոլֆ Կառլեն, ով դեպքի վայր էր ժամանել լուրից դրդված՝ առանց կասկածելու, որ այնտեղ գտնելու է իր անցյալի երեսուն տարի առաջ կորսված մի պատառիկ:
Սկզբում ստորգետնյա մի թառանչ լսվեց, որը փրփրածուփ ալիքի նման գալարելով, օրորեց բամբակի դաշտերը: Երկրաբանները մի քանի շաբաթ առաջ էին տեղակայել իրենց չափիչ սարքերը և արդեն գիտեին, որ լեռն արթնանալու է վերստին: Շատ վաղուց կանխատեսում էին, որ ժայթքման ջերմությունից հավերժական սառույցներ կարող են պոկվել հրաբխի լանջերից, սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց այդ նախազգուշացումներին, որովհետև շատ նման թվացին դրանք ծեր տատիկների պատմած հեքիաթներին: Հովտի ժողովուրդը շարունակեց իր կյանքը՝ ականջը խուլ հողի տնքոցներին, մինչև չարագույժ նոյեմբերի այդ չորեքշաբթի օրվա իրիկնամուտը, երբ մի երկար մռնչյուն աշխարհի վերջն ազդարարեց, ձյունե պատերը պոկվեցին տեղից, և ցեխի, քարերի ու ջրի հետ խառված ձնահյուսը թավալգլոր ընկավ գյուղերի վրա՝ թաղելով նրանց երկրի փսխուքի Աստված գիտե քանի մետր հաստության տակ: Առաջին սարսափի կաթվածահարությունից հազիվ ուշքի եկած՝ ողջ մնացածները տեսան, որ տները, հրապարակները, եկեղեցիները, բամբակի ճերմակ պլանտացիաները, սուրճի սևաթույր անտառներն ու ցեղական ցլերի արոտավայրերն անհետացել են: Ավելի ուշ, երբ փրկարարներ և զինվորներ եկան՝ ողջ մնացածներին փրկելու և աղետի մագնիտուդը չափելու, ենթադրեցին, որ ցեխաշաղախի տակ, կպչուն թանձրուկի մեջ փտող ավելի քան քսան հազար մարդ և անթիվ-անհամար կենդանիներ կան: Ավերվել էին նաև անտառներն ու գետերը, շուրջը ոչինչ չկար, միայն ցեխի վիթխարի մի անապատ:
Երբ լուսաբացին զանգահարեցին հեռուստաալիքից, ես և Ռոլֆ Կառլեն միասին էինք: Ես քնաթաթախ վեր կացա անկողնուց, և մինչ նա հապճեպ հագնվում էր, գնացի սուրճ պատրաստելու: Նա իր աշխատանքային պարագաները դասավորեց բրեզենտե կանաչ պայուսակի մեջ, որը միշտ հետն էր վերցնում, և մենք հրաժեշտ տվեցինք միմյանց ամեն անգամվա պես: Ես ոչ մի նախազգացում չունեցա: Մնացի խոհանոցում՝ սուրճս խմելու, ծրագրելով օրս, որն առանց նրա էի անցկացնելու, վստահ, որ հաջորդ օրը վերադառնալու էր:
Նա առաջիններից էր դեպքի վայր հասնողների մեջ, որովհետև մինչ մյուս լրագրողները ջիպերով, հեծանիվներով, ոտքով մոտենում էին ճահճուտի սահմանին, ճանապարհ բացելով ով ինչպես կարող էր, նա հույսը դրեց հեռուստատեսության ուղղաթիռի վրա և կարողացավ թռչել ձնահյուսի վրայով: Էկրաններին հայտնվեցին նրա օպերատորի նկարահանած տեսարանները, որտեղ նա երևում էր մինչև ծնկները ցեխի մեջ խրված, բարձրախոսը ձեռքին, կորած երեխաների աղմուկ-աղաղակի, խեղված մարդկանց, դիակների և ավերակների մեջ: Դեպքի պատմությունը մեզ հասավ նրա հանդարտ ձայնի միջոցով: Տարիներ շարունակ ես տեսել էի նրան լրատվական հաղորդումներում, ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, անվեհեր անդրդվելիությամբ պատերազմներն ու աղետները պրպտելիս, և ինձ միշտ ապշեցրել է նրա հանգիստ վերաբերմունքը վտանգի և տառապանքի նկատմամբ, կարծես ոչինչ չէր կարող սասանել նրա արիությունը և շեղել հետաքրքրասիրությունը: Թվում էր վախը երբեք մոտ չի գալիս նրան, բայց նա ինձ խոստովանել էր, որ արիասիրտ մարդ չէ ինքը, բնա՛վ: Կարծում եմ, որ տեսախցիկի օբյեկտիվը տարօրինակ ազդեցություն էր գործում նրա վրա. կարծես տեղափոխեր նրան մեկ այլ ժամանակի մեջ, որտեղից նա իրադարձությունները կարող էր տեսնել առանց դրանց մասնակիցը լինելու իրականում: Նրան ավելի լավ ճանաչելուց հետո հասկացա, որ այդ թվացյալ հեռավորությունը զերծ է պահում նրան իր սեփական ապրումներից:
Ռոլֆ Կառլեն սկզբից ևեթ Ասուսենայի կողքին էր: Նա նկարահանեց փրկարարներին, ովքեր գտել էին աղջկան, և նրանց, ովքեր առաջինն էին փորձել մոտենալ նրան: Նրա տեսախցիկը համառորեն սևեռվում էր երեխայի վրա՝ նրա թուխ դեմքի, հուսաբեկ, խոշոր աչքերի, խիտ գանգուրների: Այդ մասում ցեխի շերտը շատ հաստ էր, և ոտք դնելու դեպքում խրվելու վտանգ կար: Պարան նետեցին աղջկան, բայց նա բռնելու փորձ չարեց, մինչև ձայն չտվեցին, որ բռներ: Նա հանեց մի ձեռքը և փորձեց շարժվել, բայց անմիջապես ավելի շատ խրվեց ցեխի մեջ: Ռոլֆը ցած դրեց պայուսակն ու մնացած սարքավորումները և առաջ գնաց ճահճուտի մեջ՝ իր օգնականի բարձրախոսով մեկնաբանելով, որ ցուրտ է, որ արդեն գարշահոտություն է սկսում տարածվել դիակներից:
– Անունդ ի՞նչ է, – հարցրեց աղջկան, և նա պատասխանեց իր՝ ծաղկի անունը տալով:
– Չշարժվե՛ս, Ասուսենա, – կարգադրեց Ռոլֆ Կառլեն և մինչ դանդաղաքայլ առաջ էր շարժվում մինչև գոտկատեղը հասնող տիղմի միջով, շարունակում էր խոսել նրա հետ՝ առանց մտածելու, թե ինչ է ասում, զուտ նրան զբաղեցնելու համար: Նրա շուրջն օդը նույնքան պղտոր էր թվում, որքան և տիղմը:
Այդ կողմով հնարավոր չէր մոտենալ: Ռոլֆը ետ եկավ և գնաց պտույտ անելու այն տեղով, որտեղ գետինն ավելի ամուր էր թվում: Երբ վերջապես մոտեցավ, վերցրեց պարանն ու թևերի տակից կապեց աղջկան, որ կարողանար դուրս քաշել նրան: Ժպտաց նրան իր այն ժպիտով, որից աչքերը նեղանում են, և նա մանկանում է, ասաց, որ ամեն բան լավ է ընթանում, ինքն արդեն նրա հետ է, և հիմա կհանեն նրան: Նշան արեց մյուսներին, որ քաշեն պարանը, բայց հազիվ էր պարանը ձգվել, աղջիկը ճչաց: Նորից փորձեցին, երևացին ուսերն ու թևերը, բայց չկարողացան ավելին շարժել նրան, խցանվել-մնացել էր: Ինչ-որ մեկը ենթադրեց, որ գուցե աղջկա ոտքերը ճզմվել են իրենց տան ավերակների մեջ, և աղջիկն ասաց, որ իրեն ոչ միայն փլատակներն են ճնշում, այլ նաև իր եղբայրների մարմինները, որոնք պինդ գրկել են իրեն:
– Մի անհանգստացիր, հիմա կհանենք քեզ այդտեղից, – խոստացավ Ռոլֆը:
Չնայած հեռարձակման խաթարումներին, ես նկատեցի, որ նրա ձայնը դողում է, և դրանից ինձ առավել մոտ զգացի նրան: Աղջիկն առանց պատասխան տալու նայեց նրան:
Առաջին մի քանի ժամվա ընթացքում Ռոլֆ Կառլեն սպառեց իր հնարամտության բոլոր միջոցները, որ աղջկա կյանքը փրկի: Պայքարեց փայտերով ու պարաններով, սակայն յուրաքանչյուր ձիգ տալը անտանելի կտտանք էր ցեխի մեջ կալանված աղջնակի համար: Ռոլֆի մտքով անցավ մի քանի փայտով լծակ սարքել, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց, և նա ստիպված եղավ այդ մտքից նույնպես հրաժարվել: Որոշ ժամանակ մի քանի զինվորներ օգնեցին նրան, իսկ հետո մենակ թողեցին, որովհետև շատ այլ տուժածներ էին օգնություն հայցում: Աղջիկը չէր կարողանում շարժվել և հազիվ էր շնչում, սակայն հուսահատ չէր թվում, կարծես նախածննդյան մի կանխանշան թույլ տար նրան կարդալ իր ճակատագիրը: Իսկ լրագրողն, ընդհակառակը, վճռականորեն մտադրվել էր խլել նրան մահվան ճիրաններից: Մի անվադող բերեցին, որը նա տեղավորեց աղջկա թևերի տակ՝ որպես փրկօղակ, այնուհետև փոսի մոտ մի տախտակ գցեց, որպեսզի հենվի վրան և ավելի լավ հասնի նրան: Քանի որ առանց տեսնելու անհնարին էր շարժել փլատակները, մի քանի անգամ նա ավելի խոր մխրճվեց, որպեսզի հետազոտի այդ դժոխքը, սակայն դուրս ելավ հուսահատ ու ցեխակոլոլ, քարեր թքելով: Հանգեց այն մտքին, որ պոմպ է հարկավոր, որպեսզի ջուրը դուրս մղվի, և մարդ ուղարկեց ռադիոյով պոմպ խնդրելու, բայց վերադարձան և հաղորդեցին, որ փոխադրամիջոց չկա և մինչև հաջորդ առավոտ չեն կարող պոմպ ուղարկել:
– Բայց մենք չե՜նք կարող այդքան սպասել, – բացականչեց Ռոլֆ Կառլեն, սակայն այդ ամբողջ թոհուբոհի մեջ ոչ ոք կանգ չառավ և չկարեկցեց նրան: Դեռ շատ ժամեր պիտի հոսեին, մինչև նա ընդուներ, որ ժամանակը կանգ է առել, և իրականությունն աղավաղվել է անհուսալիորեն:
Մի զինվորական բժիշկ մոտեցավ երեխաներին քննելու և հաստատեց, որ աղջկա սիրտը լավ է աշխատում և եթե շատ չմրսի, այդ գիշեր կարող է դիմանալ:
– Համբերի՛ր, Ասուսենա, վաղը պոմպը կբերեն, – փորձեց մխիթարել նրան Ռոլֆ Կառլեն:
– Ինձ մենակ չթողնե՛ս, – թախանձեց աղջիկը:
– Չէ՛, իհարկե չեմ թողնի:
Սուրճ բերեցին նրանց համար, Ռոլֆը սուրճը կում-կում խմեցրեց աղջկան: Տաք հեղուկն աշխուժացրեց երեխային, և նա սկսեց պատմել իր կարճատև կյանքի մասին՝ իր ընտանիքի, դպրոցի և այն մասին, թե ինչպիսին էր հողագնդի այդ փոքրիկ անկյունը հրաբխի ժայթքելուց առաջ:
Նա տասներեք տարեկան էր և երբեք դուրս չէր եկել իրենց գյուղի սահմաններից: Վաղաժամ լավատեսությամբ համակված՝ լրագրողն ինքն իրեն համոզեց, որ ամեն բան լավ կլինի՝ պոմպը տեղ կհասնի, ջուրը դուրս կմղեն, փլատակները կհեռացնեն և Ասուսենային ուղղաթիռով հիվանդանոց կտեղափոխեն, որտեղ նա արագ կապաքինվի, ինքը կայցելի նրան և նվերներ կտանի: Նա մտածեց, որ աղջիկն արդեն դուրս է եկել տիկնիկներով խաղալու տարիքից և չգիտեր, թե ի՞նչ կարող էր դուր գալ նրան: Թերևս շրջազգեստ: «Այնքան էլ լավ գլուխ չեմ հանում կանանցից», – զվարթացած եզրակացրեց նա՝ հաշվելով, որ շատ կանայք են եղել իր կյանքում, սակայն նրանցից ոչ ոք իրեն չէր սովորեցրել այդ մանրուքները: Ժամանակ սպանելու համար նա աղջկան սկսեց պատմել իր ճամփորդությունների, լուրեր որսացողի իր արկածների մասին, և երբ հիշողությունները սպառվեցին, օգնության դիմեց երևակայությանը, որ հորինի ինչ ուզում է լինի, միայն թե զբաղեցնի երեխային: Ժամանակ առ ժամանակ աղջիկը ննջում էր, բայց նա շարունակում էր խոսել մթության մեջ, որպեսզի ցույց տար, որ չի հեռացել, որպեսզի հաղթեր անորոշության հետապնդմանը:
Երկար գիշեր էր այդ գիշերը:
Բազմաթիվ մղոններ այնտեղից հեռու, էկրանի վրա ես հետևում էի Ռոլֆ Կառլեին և աղջկան: Տանը չդիմանացա սպասմանը և գնացի Ազգային հեռուստատեսություն, որտեղ բազում գիշերներ էի լուսացրել Ռոլֆի հետ՝ հեռուստածրագրեր հեռարձակելով: Այդպես ավելի մոտ գտնվեցի նրան և կարողացա ներթափանցել այն ամենի մեջ, ինչ նա ապրեց այդ երեք վճռորոշ օրերին: Ինչքան հեղինակավոր մարդ կար քաղաքում՝ է՛լ հանրապետության սենատորներ, է՛լ զինված ուժերի գեներալներ, է՛լ ԱՄՆ-ի դեսպան, է՛լ նավթային ընկերության նախագահ, բոլորին դիմեցի՝ տիղմը դուրս քաշելու համար պոմպ խնդրելով, սակայն միայն անորոշ խոստումներ ստացա: Ռադիոյով և հեռուստատեսությամբ սկսեցի խնդրել, որ անհապաղ պոմպ է հարկավոր, տեսնելու, թե որևէ մեկը կարո՞ղ է օգնել մեզ: Կոչերի արանքում վազում էի լուրերի ընդունման կենտրոն, որպեսզի բաց չթողնեմ արբանյակային կապով ուղարկված կադրերը, որոնք ստացվում էին ամեն պահի՝ աղետի մասին նորանոր մանրամասներ բերելով: Մինչ լրագրողները լրատվության համար ամենաազդեցիկ դրվագներն էին ընտրում, ես փնտրում էի նրանք, որտեղ Ասուսենայի փոսն էր հայտնվում: Էկրանն արհավիրքն ընդգրկում էր միայն մի պլանով և ընգդծում այն հսկայական հեռավորությունը, որը բաժանում էր ինձ Ռոլֆ Կառլեից: Այդուհանդերձ, ես նրա հետ էի. երեխայի յուրաքանչյուր տառապանքն ինձ խոցում էր այնպես, ինչպես նրան, զգում էի նույն հուսալքությունը, նույն անզորությունն, ինչ նա: Նրա հետ հաղորդակցվելու անհնարինությունից գլխումս ֆանտաստիկ մի միտք ձագեց՝ կենտրոնանալ, մտքի լարումով հասնել նրան և այդ ձևով քաջալերել: Ժամանակ առ ժամանակ բթանում էի մոլեգնաբար ինչ-որ անօգուտ գործ անելիս, որոշ պահերի վիշտը ծնկի էր բերում ինձ, և հանկարծ սկսում էի լաց լինել, երբեմն էլ հոգնածությունն էր հաղթում, և ինձ թվում էր, թե աստղադիտակով նայում եմ միլիոն տարի առաջ հանգած մի աստղի լույսին:
Առավոտյան առաջին լրատվության ժամանակ տեսա այն դժոխքը, որտեղ մարդկանց ու կենդանիների դիակներ էին լողում, որոնց մի գիշերվա ընթացքում ձնհալից առաջացած նոր գետերն էին քշել-բերել: Տիղմի միջից դուրս էին ցցվել մի քանի ծառերի սաղարթներ և զանգը մի եկեղեցու, որտեղ բազմաթիվ մարդիկ էին ապաստան գտել և համբերատար սպասում էին փրկարար ջոկատներին: Հարյուրավոր զինվորներ և Քաղաքացիական Պաշտպանության փրկարարներ փորձում էին տեղաշարժել փլատակները ողջ մնացածներին որոնելու համար, ցնցոտիավոր ուրվականների երկար շարաններ էին սպասում մի պնակ արգանակ ստանալու իրենց հերթին: Ռադիոյի ալիքները հաղորդեցին, որ իրենց հեռախոսները շիկացել են այն ընտանիքների զանգերից, ովքեր օթևան են առաջարկում որբացած մանուկներին: Խմելու ջրի, ուտելիքի և վառելիքի պաշարը չէր բավականացնում: Բժիշկները, որոնք հաշտվել էին առանց անզգայացման անդամահատելու մտքի հետ, պահանջում էին գոնե արյան շիճուկ, ցավազրկող և հակաբորբոքային միջոցներ ուղարկել, սակայն ճանապարհների մեծ մասն արգելափակվել էր, և, բացի այդ, բյուրոկրատ պաշտոնյաներն ամեն բան ուշացնում էին: Մինչդեռ քայքայվող դիակներից վարակված ցեխը համաճարակ էր սպառնում ողջերին:
Ասուսենան դողդողում էր անվադողին հենված, որը պահում էր նրան ցեխի մակերեսին: Անշարժ դիրքն ու լարվածությունը շատ էին հյուծել նրան, բայց գիտակցությունը տեղն էր, և դեռևս լսելի ձայնով էր խոսում, երբ բարձրախոս էին մոտեցնում: Ձայնի տոնը խոնարհ էր, կարծես ներում հայցեր այդքան անհանգստություն պատճառելու համար: Ռոլֆ Կառլեի դեմքը մազակալել էր, աչքերի տակ մուգ ստվերներ էին հայտնվել, երևում էր, որ ուժասպառ է եղել: Անգամ այդ ահռելի հեռավորության վրա ես հասկացա, թե որքան մեծ է այդ հոգնաբեկության չափը, որքան տաբեր իր կյանքի նախորդ բոլոր հոգնություններից: Նա բոլորովին մոռացել էր տեսախցիկը, արդեն չէր կարողանում օբյեկտիվի միջով նայել աղջնակին: Կադրերը, որոնք մեզ էին հասնում, նրա օգնականինը չէին, այլ ուրիշ լրագրողներինը, որոնք տիրացել էին Ասուսենային՝ նրան շնորհելով վայրում կատարվածի սոսկալիությունը մարմնավորելու պաթետիկ պատասխանատվությունը: Լույսը բացվելուն պես Ռոլֆը կրկին փորձեց տեղից շարժել այն խաչընդոտները, որոնք պինդ պահում էին աղջկան այդ գերեզմանափոսում, բայց նա միայն ձեռքերով էր աշխատում, չէր համարձակվում որևէ գործիք կիրառել, որովհետև կարող էր վիրավորել երեխային: Նա Ասուսենային մի պնակ եգիպտացորենի շիլա և բանան տվեց, որ Ազգային Բանակն էր բաժանում, բայց աղջիկն անմիջապես փսխեց կերածը: Մի բժիշկ եկավ օգնության և ասաց, որ նա ջերմություն ունի, բայց շատ բան չեն կարող անել, որովհետև հակաբորբոքային միջոցները փտախտի դեպքերի համար են նախատեսված: Մոտեցավ նաև մի քահանա, օրհնեց աղջկան և պարանոցին տիրամոր պատկերով մեդալիոն կախեց: Կեսօրից հետո երկարատև, մանրամաղ անձրև սկսվեց:
– Երկինքը լաց է լինում, – շշնջաց Ասուսենան և ինքն էլ արտասվեց:
– Մի՛ վախենա, – աղերսեց Ռոլֆը: – Դու պետք է խնայես ուժերդ և հանգիստ պահես քեզ, ամեն բան լավ կլինի, ես քեզ հետ եմ և ինչ-որ կերպ կհանեմ քեզ այդտեղից:
Կրկին լրագրողներ եկան՝ նրան լուսանկարելու և տալու նույն հարցերը, որոնց նա արդեն մտադիր չէր պատասխանել: Այդ ընթացքում հեռուստատեսային և նկարահանող ավելի շատ խմբեր և սարքավորումներ էին գալիս՝ կաբելների փաթույթներ, տեսաժապավեններ, լուսանկարչական ժապավեններ, տեսախցիկներ, բարձր ճշգրտության օբյեկտիվներ, ձայնագրիչներ, բարձրախոսների և լույսերի ամրակալներ, անդրադարձիչ էկրաններ, մարտկոցներ ու շարժիչներ, պահեստամասերով արկղեր, էլեկտրիկներ, հնչյունային և նկարահանող օպերատորներ, որոնք Ասուսենայի դեմքն ուղարկեցին համայն աշխարհի միլիոնավոր էկրաններին: Իսկ Ռոլֆ Կառլեն շարունակում էր պոմպ պահանջել: Տեխնիկական միջոցների լայնածավալ օգտագործումն արդյունքներ տվեց, և Ազգային Հեռուստատեսությունում մենք սկսեցինք ավելի պարզ կադրեր և ավելի հստակ ձայներ ստանալ: Թվաց, թե հեռավորությունը հանկարծ կրճատվեց, և ես ահազդու մի զգացում ունեցա` իբր Ասուսենան և Ռոլֆն իմ կողքին են, սակայն ինձնից բաժանված մի անհաղթահարելի ապակու միջոցով: Ես ժամ առ ժամ կարողացա հետևել իրադարձություններին, իմացա, թե որքան շատ բան արեց իմ բարեկամն աղջնակին իր զնդանից դուրս քաշելու համար և ինչքան օգնեց, որ նա դիմանար իր տառապանքին, պատառիկներ լսեցի նրանց խոսակցություններից, իսկ մնացածը գուշակեցի, ներկա եղա այն պահերին, երբ նա Ռոլֆին աղոթել էր սովորեցնում, և երբ Ռոլֆն էր նրան զբաղեցնում այն պատմություններով, որոնք ես էի պատմել նրան այն հազար ու մի գիշերների ընթացքում, երբ մենք արթուն պառկում էինք մեր մահճակալի մոծակապաշտպան ճերմակ ցանցի տակ:
Երբ երկրորդ օրը մութն ընկավ, նա ջանաց քնեցնել աղջկան մորից սովորած ավստրիական հին երգերով, սակայն քունը շատ հեռու էր փախել: Գիշերվա մեծ մասը նրանք խոսելով անցկացրին, երկուսն էլ հյուծված, քաղցած, ցրտից ծեծված: Եվ այդժամ կամաց-կամաց տապալվեցին այն ամուր պատնեշները, որոնք երկար տարիներ իրենց ետևում էին պահել Ռոլֆ Կառլեի անցյալը, և տարափն այն ամենի, ինչ թաքնվել էր հիշողության ամենախորունկ ու գաղտնի շերտերում, դուրս հորդեց ի վերջո՝ իր ճամփին քշել-տանելով այն բոլոր խոչընդոտները, որոնք այդքան ժամանակ արգելափակել էին նրա գիտակցությունը: Ամեն բան չէր, որ կարողացավ Ասուսենային ասել. թերևս նա չգիտեր, որ մեկ այլ աշխարհ գոյություն ուներ ծովից անդին և իր ժամանակաշրջանին նախորդած մեկ այլ ժամանակ, ընդունակ չէր պատկերացնելու պատերազմական շրջանի Եվրոպան: Դրա համար էլ չպատմեց նրան ջախջախման մասին, ոչ էլ այն երեկոյի, երբ ռուսներն իրեն համակենտրոնացման ճամբար տարան, որպեսզի թաղեր սովամահ եղած գերիներին: Ինչու՞ պատմել նրան, որ գերանների սարի նման իրար վրա դիզված մերկանդամ մարմինները դյուրաբեկ հախճապակուց էին թվում: Այդ մեռնող երեխային ինչպե՞ս պատմել հնոցների ու կախաղանների մասին: Չհիշատակեց նաև այն գիշերը, երբ տեսել էր մորը՝ մերկ, սուր կրունկներով կարմիր կոշիկներ հագին, նվաստացումից արտասվելիս: Շատ բաներ լռության մատնեց, սակայն այդ մի քանի ժամվա մեջ առաջին անգամ վերապրեց այն ամենն, ինչ գիտակցությունը փորձել էր ջնջել: Ասուսենան Ռոլֆին իր վախի պատասխանատուն դարձրեց և ակամա ստիպեց, որ նա դեմ-հանդիման դուրս գար իր սեփական վախին: Այնտեղ՝ այդ անիծյալ փոսի կողքին, Ռոլֆի համար այլևս անհնարին դարձավ շարունակել փախչել ինքն իրենից, և ներքին սարսափը, որ կանխորոշել էր նրա մանկությունը, անսպասելիորեն համակեց նրան: Հիշեց իրեն Ասուսենայի տարիքում և է՛լ ավելի փոքր և ինքն իրեն գտավ նրա նման ելք չունեցող մի փոսի մեջ բանտված, ողջ-ողջ թաղված, գլուխը գետնի երեսին: Դեմքին շատ մոտ տեսավ հոր կոշիկներն ու ոտքերը: Նա մեջքից քանդել էր գոտին և թափահարում էր օդում՝ մոլեգնած իժի ֆշշոց հանելով, որն անհնարին էր մոռանալ: Ցավով համակվեց հոգին, անձեռնմխելի մնացած, որոշակի մի ցավով, որը մշտապես ծվարած էր մնացել ուղեղի ծալքերում: Հիշեց պահարանը, որտեղ հայրը փակի տակ էր դնում իրեն՝ որպես պատիժ մտացածին սխալների համար, և նա ժամեր շարունակ մնում էր այնտեղ աչքերը փակ, որպեսզի չտեսներ խավարը, ականջները ձեռքերով խցած, որպեսզի չլսեր սեփական սրտի զարկերը, դողահար՝ կուչ եկած գազանիկի նման: Հուշերի մշուշի մեջ գտավ քրոջը՝ Կատարինային, ուշ ծնված անուշիկ մի երեխա, որն իր գոյությունն անցկացրեց թաք կացած, այն հույսով, որ հայրը կմոռանա իր լույս աշխարհ գալու դժբախտությունը: Քրոջ հետ սողաց ճաշասենյակի սեղանի տակ և այնտեղ, ճերմակ ու երկար սփռոցի ետևում թաքնված, երկուսով մնացին իրար գրկած, ուշի-ուշով հետևելով քայլերին ու ձայներին: Կատարինայի բույրը նրան հասավ նրա սեփական քրտինքի հոտի, սխտորի, ապուրի, նոր թխած հացի խոհանոցային բույրերի և նեխած ցեխի արտասովոր գարշահոտի հետ խառնված: Քրոջ ձեռքն իր ձեռքի մեջ, նրա սարսափահար շնչահեղձ լինելը, ցիրուցան վարսերի հպումն իր այտերին, նրա ջինջ հայացքը: Կատարինա, Կատարինա… Հառնեց նրա առջև դրոշի պես ծփալով, պատանք դարձած ճերմակ սփռոցի մեջ փաթաթված, և վերջապես նա կարողացավ սգալ քրոջ մահն ու նրան լքած լինելու իր մեղքը: Այդ պահին հասկացավ, որ լրագրողի իր սխրանքները, որոնք ճանաչում ու համբավ էին բերել իրեն, լոկ փորձեր էին հսկողության տակ պահելու վաղեմի վախը, խորամանկորեն պատսպարվելու օբյեկտիվի ետևում, տեսնելու, թե իրականությունն այդպես արդյո՞ք ավելի տանելի է դառնում: Որպես խիզախության վարժանք նա դեմ էր դուրս գալիս չափազանց մեծ վտանգների՝ մարզվելով ցերեկը, որ կարողանար հաղթել հրեշներին, որոնք գիշերն էին հալածում նրան: Սակայն եկել էր ճշմարտության պահը, և նա այլևս անկարող եղավ շարունակել փախչել իր անցյալից: Նա Ասուսենան էր՝ թաղված ցեխի մեջ, նրա երկյուղը գրեթե մոռացված մանկության վաղեմի զգացում չէր, մի ճիրան էր՝ կոկորդում խրված: Հեծկլտոցի հեղձուկի մեջ հայտնվեց մայրը՝ գորշ շրջազգեստով, կոկորդիլոսի կաշվից պայուսակը ծնկներին սեղմած, այնպես, ինչպես վերջին անգամ տեսել էր նրան նավամատույցում, երբ նա եկել էր ճանապարհ դնելու նավը, որով ինքն Ամերիկա էր մեկնում: Մայրը չէր եկել իր արցունքները սրբելու, այլ ասելու, որ բահ վերցներ ձեռքը, որովհետև պատերազմն ավարտվել է, և հիմա պետք է թաղեին մեռյալներին:
– Լաց մի՛ լինի: Արդեն լավ եմ, ոչ մի տեղս չի ցավում, – լուսաբացին ասաց Ասուսենան:
– Քե՛զ համար չեմ լաց լինում, ի՛նձ համար եմ լաց լինում, ամեն ինչս ցավում է, – ժպտաց Ռոլֆ Կառլեն:
Արհավիրքի դաշտում մթամած ամպերը ճեղքող տարտամ մի լույսով բացվեց երրորդ օրը: Հանրապետության նախագահը ժամանեց աղետի գոտի, ներկայացավ զինվորական դաշտային համազգեստով, հավաստիացրեց, որ դարի ամենամեծ դժբախտությունն է պատահել, և ողջ երկիրն է սգում, որ բարեկամ ազգերն օգնություն են առաջարկել, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որ Զինված ուժերն անողոք են լինելու և տեղում գնդակահարելու են նրանց, ում բռնեն դիակապտություն կամ այլ չարագործություն կատարելու մեջ: Ավելացրեց նաև, որ հնարավոր չէ հանել բոլոր դիակները, ոչ էլ հաշվել հազարավոր անհետացածների թիվը, այնպես որ, ամբողջ հովիտը հայտարարվում է գերեցմանոց, և քահանաները կգան հանդիսավոր պատարագ մատուցելու անմեղ զոհերի հոգու հանգստյան համար: Նա դիմեց դիպի զինվորական վրանները, որտեղ ժողովվել էին փրկվածները, որպեսզի մխիթարի նրանց անորոշ խոստումներով, գնաց հանպատրաստի ստեղծված հոսպիտալը, որպեսզի քաջալերող խոսքեր ասի երկարատև ժամերի չարչարանքներից ուժասպառ եղած բուժանձնակազմին: Դրանից անմիջապես հետո կարգադրեց տանել իրեն այնտեղ, որտեղ Ասուսենան էր, որն այդ ժամանակ արդեն ճանաչված էր, որովհետև նրա պատկերը շրջել էր մոլորակով մեկ: Ողջունեց նրան քաղաքագետին հատուկ իր դալուկ ձեռքով, և բարձրախոսները գրանցեցին նրա հուզված ձայնն ու հայրական տոնը, երբ ասաց, որ աղջկա տոկունությունն օրինակ է ծառայում հայրենիքի համար: Ռոլֆ Կառլեն ընդհատեց նրան պոմպ խնդրելու համար, և նա վստահեցրեց, որ ինքն անձամբ կզբաղվի այդ հարցով: Ես հասցրեցի մի քանի վայրկյան տեսնել Ռոլֆին՝ փոսի մոտ պպզած: Երեկոյան լրաբերի ժամանակ նա նույն դիրքով էր: Եվ ես, էկրանին հակված, ինչպես գուշակուհին իր ապակե գնդիկի առջև, զգացի, որ էական մի բան է փոխվել նրա մեջ, գուշակեցի, որ գիշերվա ընթացքում փլուզվել են նրա պաշտպանական միջոցները, և նա, ի վերջո խոցելի դարձած, անձնատուր է եղել վշտին: Այդ աղջնակը դիպավ նրա հոգու մի անկյունին, դեպի ուր ինքն անգամ մուտք չուներ, և որի մասին երբեք չէր կիսվել ինձ հետ: Ռոլֆը ցանկացավ սփոփել Ասուսենային, սակայն Ասուսենան ինքը մխիթարություն տվեց նրան:
Ես շատ ստույգ գիտակցեցի այն պահը, երբ Ռոլֆը դադարեց մաքառել և հանձնվեց աղջկա հոգեվարքին հետևելու տվայտանքներին: Երեք օր և երկու գիշեր ես նրանց հետ էի՝ կյանքի մյուս կողմից լրտեսելով նրանց: Այնտեղ էի, երբ աղջիկը Ռոլֆին ասաց, որ իր տասներեք տարվա կյանքում երբեք որ մի տղա չի սիրել իրեն, և ցավալի է այս աշխարհից հեռանալ առանց սերը ճանաչելու, իսկ Ռոլֆը հավատացրեց, որ սիրում է նրան ավելի, քան երբևէ կարող է սիրել որևէ մեկին, ավելի, քան մորն ու քրոջը, ավելի, քան այն բոլոր կանանց, ում սեղմել է իր գրկում, ավելի, քան ինձ՝ իր ընկերուհուն, ասաց, որ ամեն բան կտար հանուն նրա տեղն այդ փոսի մեջ բանտված լինելու, իր կյանքը կփոխանակեր նրա կյանքի հետ: Տեսա, թե ինչպես նա խոնարհվեց դեպի թշվառ աղջկա գլուխը և համբուրեց ճակատը՝ ճնշված մի մեղմ ու թախծոտ զգացումից, որին չգիտեի ինչ անուն տալ: Զգացի, թե ինչպես այդ պահին երկուսն էլ ձերբազատվեցին հուսահատությունից, պոկվեցին տիղմից, բարձրացան բազեներից, ուղղաթիռներից էլ վեր, ճախրեցին միասին մորմոքի ու հեծեծանքի այդ լայնատարած ճահճի վրայով: Եվ վերջ ի վերջո կարողացան հաշտվել մահվան հետ: Ռոլֆ Կառլեն լուռ աղոթեց, որ նա շուտ մեռներ, որովհետև այլևս հնարավոր չէր դիմանալ այդքան ցավերին:
Իսկ այդ ընթացքում ինձ հաջողվել էր պոմպ գտնել, կապի մեջ էի մի գեներալի հետ, որը պատրաստ էր հաջորդ օրն առավոտյան զինվորական օդանավով ուղարկել այն: Սակայն այդ երրորդ օրվա վերջալույսին կվարցե անողոք լուսարձակների և հարյուր ապարատների օբյեկտիվների ներքո Ասուսենան անձնատուր եղավ՝ հայացքը կորած իր բարեկամի աչքերի մեջ, ով սատար էր կանգնել իրեն մինչև վերջ: Ռոլֆ Կառլեն նրա թևերի տակից հանեց փրկօղակը, փակեց կոպերը, մի քանի րոպե պահեց կրծքին սեղմած, հետո բաց թողեց: Նա դանդաղ սուզվեց, իբրև մի ծաղիկ ցեխի մեջ:
Վերադարձել ես ինձ մոտ, բայց արդեն նույնը չես: Հաճախ հետդ գալիս եմ հեռուստաալիք, և մենք նորից ենք նայում Ասուսենայի տեսաժապավենները: Դու ուշադիր զննում ես դրանք՝ փնտրելով մի բան, որ կարող էիր արած լինել նրան փրկելու համար, բայց ժամանակին մտքովդ չի անցել: Կամ գուցե դրանք ուսումնասիրում ես, որպեսզի ինքդ քեզ տեսնես ինչպես հայելում, ողջ մերկությամբ: Տեսախցիկներդ լքված-ընկած են պահարանի մեջ, ո՛չ գրում ես, ո՛չ երգում, ժամեր շարունակ նստում ես պատուհանի դիմաց և նայում դիմացի սարերին: Ես կողքիդ սպասում եմ, որ ավարտին հասցնես ճանապարհորդությունդ դեպի հոգուդ խորքը և ամոքվես հին վերքերից: Ես գիտեմ, որ երբ ետ վերադառնաս քո մղձավանջներից, մենք դարձյալ կքայլենք ձեռք ձեռքի տված, առաջվա նման:
Իսպաներենից թարգմանեց Կարինե Չոբանյանը