Նա ժամերով կանգնում էր պատուհանի դիմաց` նայելով դուրս, ավելի շատ երազի մեջ, քան թե արթուն, մոռանալով ամեն բան, խորապես խռովված տնանկության զգացումից, որն է՛լ ավելի վշտացնող էր հենց այն պատճառով, որ ինքը տանն էր` տաք հովտում, որտեղ մտել էր աշխարհ, որտեղ ապրել էր իր կյանքի առաջին տասնյոթ տարիները: Արդեն չորս ամիս է, ինչ տուն էր դարձել, հունիսից մինչև սեպտեմբեր, և էլի անտուն էր, չնայած ամառվա ջերմությանը, որը հիանալի էր, չնայած նրա հիշած վայրերին, որոնք տեսնելը գերագույն բերկրանք էր, չնայած այն դեմքերին, որոնց նա ճանաչել էր շատ վաղուց (և որոնք, թեև ժամանակի մեջ երկար էին ճամփորդել, էականում նույնն էին մնացել) և չնայած նույնիսկ ամառային երկնքին, ցերեկվան ու գիշերվան, ամառվա բույրերին (որոնց նա իր ճամփորդությունների ընթացքում այդպես էլ երբեք չէր մոռացել և առաջին անգամ, երբ կրկին լիաթոք շնչել էր սրտի ուզածի չափ, բերկրանքից խնդացել էր սիրտն ու ցնծացել` հոգին), չնայած նույնիսկ անհեթեթ քաղաքի անհեթեթ հնչյուններին` խղճուկ սիզամարգերի վրայի ջրցանների ձայներին, ադի-բուդիի ֆուրգոնի սուլոցներին, փողոցների աղմուկին` վաղ առավոտյան, թեժ կեսօրին և երեկոյան եռուզեռին: Իսկ հետո, երբ մարդիկ իրենց տներն էին գնում, և փողոցները ցրտում ու դատարկվում էին` նա էլի անտուն էր մնում, չնայած քաոսային և, երբեմն, կոմիկական այն զգացողությանը, թե տունն իր շուրջն ու իր ներսում եղած ժամանակի ու տարածության ամեն մի հատվածն է. և այս անհաճո վիճակն էր, որ առաջ էր բերել նրա մեջ այս խոր ներքին շփոթն ու թմրությունը, նրա հոգեկան անհանգստությունը, նրա երազելն անընդմեջ, նրա աշխատելու անկարողությունը:
Երեխան աշխարհից տուն էր դարձել կրկին երեխա լինելու համար: Երեխան բաց էր արել հայրենի տան դուռն ու ներս էր մտել և փռվել տան անկողնուն, քնել էր ու էլի արթնացել և դարձյալ անտուն էր: Տունը տուն չէր: Նա տանն էր. ամեն ինչ տեղում էր, բայց միևնույն է` օտարական էր: Նա միայնակ էր: Եվ կամաց-կամաց կատարյալ լռություն տիրեց նրա հոգուն, այնպես, որ քնած ժամանակ, ասես քնած չլիներ և արթուն ժամանակ, ասես արթուն չլիներ: Եվ նա չէր կարողանում խոսել ոչ քաղաքի մարդկանց հետ, ինչը սովորական պայմաններում աշխարհի ամենահեշտ բանը պիտի լիներ նրա համար, ոչ էլ իր աշխատանքի միջոցով` իր նկարներով: Նա ոչ մի բառ չէր գտնում ասելու քաղաքի մարդկանցից և ոչ ոքի. ոչ էլ` մի իմաստալից լռություն, կամ ներքին հանդարտություն, կամ ճշմարտացիություն, կամ անաղարտություն` արտացոլելու իր նկարներում: Նա դուրս էր գալիս երեկոյան և շուրջը նայում, որ գտնի որևէ մեկին, ում հետ կկարողանա մի երկու խոսք փոխանակել և քայլելուց, սրճարաններում նստելուց ու խմելուց շատ ժամեր անց` լուռ վերադառնում էր իր երկու սենյականոցը. և, զարմանալիորեն, այսպես էր նույնիսկ այն ժամանակ, երբ խմած էր լինում, այն դեպքում, երբ ուրիշ անգամներ, սովորաբար, սկսում էր ուրախ շաղակրատել: Մի անգամ ճոճվելով` աստիճաններով բարձրացավ մի էժանագին պոռնկատուն, մի աղջկա հետ մտավ սենյակ, մի քանի րոպե ապուշ կտրած նայեց նրան, բարձրաձայն ծիծաղեց, հետո գլուխ տալով ներողություն խնդրեց և երեք դոլար դնելով ձեռքի մեջ` երկուսի փոխարեն, ճոճվելով ցած իջավ աստիճաններից:
Այժմ, դրանից շատ ժամեր անց, շատ ու շատ գիշերներ ու օրեր դարձած շատ ժամեր անց` նա մենությունն անց էր կացնում միայն պատուհանի մոտ կանգնելով և գնացքներին նայելով: Սանտա Ֆե կայարանը փողոցի դիմացն էր, և դա նրան դուր էր գալիս, որովհետև, թեև դեռ չգիտեր այդ մասին` նա շատ մոտ էր մեկնելու սկզբին:
Գնացքների մեկնումը նրան շատ էր տխրեցնում, փոխարենը, ժամանումը` ուրախացնում էր: Եվ նա երկար խորհում էր այն մարդկանց մասին, ովքեր իջնում էին գնացքից. ո՞վ են, որտե՞ղ են եղել, ինչո՞ւ են եկել այստեղ և այլն:
Մի անգամ տեսավ մի երիտասարդ աղջկա, փոքրիկ սև պայուսակը ձեռքին` գնացքից իջնելիս: Նա այնքան միայնակ ու վախեցած էր երևում, որ նա ցանկացավ ձայն տալ այդ աղջկա ետևից, վազել նրա մոտ, ժպտալ նրան և ասել. □Իմ անունը Ջո է, Ջո Սիլվերա: Ես այս քաղաքում եմ ծնվել: Բայց ես հեռացա այստեղից, երբ տասնյոթ էի և յոթ տարի չվերադարձա: Չորս ամիս է, ինչ ետ եմ եկել: Ես ապրում եմ դիմացի փողոցում: Ես նկարիչ եմ: Արի գնանք ինձ մոտ, հանգստացիր մի քիչ: Ես գինի ունեմ□:
Փոխարենը` նա միայն երկար նայեց նրա ետևից. և երբ աղջիկն անհետացավ` քայլելով Թուլեյր փողոցն ի վար, նա շատ էր ցանկանում, նույնիսկ այն ժամանակ, ցած վազել դեպի փողոց և հասնել նրան. և մեկ օր անց նա ուզում էր նրան փնտրել ամբողջ քաղաքով մեկ. և մեկ շաբաթ անց շատ էր ուզում իմանալ, թե նա որտեղ կարող է լինել:
Լռությունը ճնշում էր նրան. այն, իրոք, անտանելի ճնշում էր, իսկ նա հենց այնքան էր խենթ, որ կարող էր ամեն առավելություն տալ դրան, մենանալ հետը, զննել` հենց թեկուզ միայն հետաքրքրասիրությունից: Եթե խուսափել ուզենար` բավ է շպրտեր իրերն իրար գլխի, բարձրանար տախտակամած և չանցած մի քանի ժամ` լինել Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ իր անտունությունը կլիներ կատարյալ և, հետևաբար, ավելի հեշտ` համբերելու համար, ավելի հեշտ` ընդունելու և կորցնելու համար: Նա գիտեր, թե որքան փոքր է աշխարհը: Նա եղել էր աշխարհի կախարդական քաղաքներում, որոնց մասին երազում է փոքր քաղաքի ամեն մի տղա և հազվադեպ է հասնում: Նա գիտեր, որ կախարդական քաղաքներ ժամանելը բացառապես գնացքի կամ նավի չվացուցակի հարց է, ճանապարհածախսն ունենալու և կամ թափառելուն հոժար լինելու, ապրանքատար գնացքներ նստելու կամ նավերի վրա աշխատելու հարց: Դա հեչ բան է: Քաղաքներն է, որ իրականում կախարդական չէին: Մարդիկ այնտեղ ճիշտ նույնն էին, ինչ ուրիշ քաղաքներում, ինչպես և հենց այս քաղաքում:
Նա շատ լրջորեն էր նայում այդ հանգամանքին, որովհետև հասկանում էր, թե ինչն ինչոց է. կախարդանքն աշխարհի մեջ չէր. դա աշխարհի բնակիչների ձգտումներից դուրս բերված մի սահմանման մեջ էր. և հայրենիքն էլ ահա հենց այդտեղ էր: Հայրենիքը, եթե ինչ-որ մի վայր լիներ, այդ դեպքում նա կարող էր ասել, թե ինքը տանն է: Բայց դա վայր չէ. դա բազմաքանակ անորսալի և հարափոփոխ նյութերի ու ռիթմերի, հասկացությունների ու արժեքների ժամանակային մեկտեղումն է ընտանիքի նման միասնական մի խումբ մարդկանց մեջ, կամ երկու հոգու միջև, ինչպես, ասենք իր և այն կորած աղջկա: Կամ էլ` իր և որևէ ընկերոջ, ինչպես` ծերուկ Օտտո Բեննրան Վիենայում:
Գուցե այդպես էր, գուցե` ոչ: Նա չգիտեր: Գուցե դա մեկն էր այն միրաժներից, որ սիրտն է շարունակ ստեղծում: Նա վախենում էր, որ դա հենց միրաժ էր, և վախենում էր, որ հայրենիքն էլ մի շարժում էր մարմնի համար` ճամփորդություն: Եվ նա ցավում էր, որ դա կարող էր հենց այդպես էլ լինել: Նա զգում էր, որ ինքը շատ մոտ է մի ինչ-որ տեսակի սկզբնավորմանը, բայց թե ինչ տեսակի` չէր կարող ասել: Մնա՞լ, թե՞ գնալ: Երկուսից մեկը պիտի լիներ, և նա մնալ էր ուզում: Նա ուզում էր մնալ և նկարել և երկար ժամանակ լինել հովտում: Նա իրեն այնքան մոտ էր զգում մահվանը, մշտապես, երբ հեռու էր լինում հովտից, ասես, իր ամբողջ ուժերը միայն մի բանի համար էին հարկավոր, որ մի քիչ երկար ժամանակով հեռու վաներ մահն իրենից: Իսկ նա հավատում էր, որ իր ուժն ավելի լավ բանի համար կարող էր ի գործ դրվել:
Գնացքները գալիս էին ու գնում: Նա սիրում էր նայել, թե ինչպես էին հեռու հարավում հայտնվում Լոս-Անջելեսից ժամանած մարդատար գնացքները, և լսել նրանց ժամանման ճիչը, սուլոցը` ամայացնող և մարդկային վշտով լի, ինչպես սրտի անաստված վիշտը` մարմինը ունենալուց և հոգին կորցնելուց հետո. և վերջին պահի շտապողականությունը, շչակի մռնչյունը, կրակն ու ծուխը, իսկ հետո` համարյա անիմաստ, տխուր, դանդաղ կանգ առնելը, անվճռական դադարը, կարճատև հանգստի պահը, հետո նորից գնալը, ի տարբերություն հոգու շարժումի` գնացքի գնալը քաղաքից քաղաք, վայրից վայր, կլիմայից կլիմա, կոնֆիգուրացիայից կոնֆիգուրացիա: Ի տարբերություն հոգու գնալուն, որը ճամփորդում է ոչ աշխարհագրականորեն, անմտորեն փնտրելով հիասքանչ հանգրվաններ. ամենայն վայրեր, կյանքի առանցքը, անցավորի ողջ էությունը, հավերժությունը, Աստծուն: Եվ, միտք էր անում դառնորեն` փնտրելով մնացած ամեն ինչը մի մեծ վառ կապոցի մեջ:
Շատ տաք ու հաճելի էր օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, բայց նրա ներսում մի կողմից անվճռականության և շփոթի ընդարմացում կար, իսկ մյուս կողմից` դանդաղորեն աճող մղում` ներքուստ կատաղելու և մի լավ հարբելու, որպեսզի կարողանար ինքն իրեն թեկուզև կիսով չափ հնարավորություն տալ պայքարելու դրա դեմ, կարծելով, թե խմիչքի մեջ պիտի կարողանա խեղդել այն, կամ` զավեշտական մի բան անելով, ասենք, մի որևէ խենթ բան` ինչ խելքին կփչեր: Ջերմաստիճանը հովտում օգոստոս- սեպտեմբեր ամիսներին հրաշալի էր, բայց նա չէր կարողանում վայելել այդ հաճույքը:
Նա կաշկանդված էր, թեև գիտեր, որ փախուստը ծայրաստիճան հեշտ է լինելու. թեև գիտեր նաև, որ դա էլ` տևական չի լինելու:
Սեպտեմբերյան մի կիրակի օր նա համոզված էր, որ արդեն եկել է ժամանակը որոշում կայացնելու` կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Կա՛մ մնալ և է՛լ ավելի խրվել մռայլ անգործության ու հուսահատության մեջ, կա՛մ դուրս գալ դեպի լույսը. հեռանալ գնացքով, աշխարհագրականորեն, ճիշտ ուղիղ դեպի դրսի լույսը, որն, անշուշտ, ամենահեշտ ձևն էր, և որից նա, այսուհանդերձ, հույս ուներ, թե պիտի խույս տար:
Նա արթնացավ առավոտյան ժամը յոթի մոտ և առավոտյան ուղևորական գնացքի մեկնումն ու ժամանումը դիտելուց հետո ցած իջավ ու քայլեց դեպի քաղաք` նայելով նրա կիրակնօրյա ապուշ դեմքին և ականջ դնելով նրա թախծոտ կիրակնօրյա անշարժությանը:
Մարիպոզա փողոցում մի հունական ռեստորանում նախաճաշելուց հետո նա զբոսնեց քաղաքում, հետո մտավ Սպիտակ Եղնիկ` Բրոդվեյում, և սկսեց գարեջուր խմել: Շատ տաք էր քաղաքում և շատ զով` Սպիտակ Եղնիկում: Մի ժամ խմելուց հետո նա հանկարծ սենյակի ծայրից ուժեղ ձայն տվեց բարապանին.
– Հե՜յ, Մա՛կ, ինձ վեց շիշ փաբստ բեր:
– Քանի՞, – հարցրեց բարապանը:
– Վեց, – ասաց նա: – Չէ, դարձրու յոթ: Յոթ շիշ փաբստ:
– Մեկ-մե՞կ, – հարցրեց բարապանը:
– Չէ, – բղավեց նա, – բոլորը միանգամից:
Եվ նա գիտեր, որ կեսճանապարհին է: Նա արդեն սկսում էր զգալ, որ արթնանում է և ժամանակ առ ժամանակ թափահարում գլուխը, ինչպես անում է մարդ, երբ նրան հանկարծակի հանում են քնից:
– Ի՞նչ օր է այսօր, – գոռաց նա, – ո՞ր ամիսն է: Ո՞ր թիվն է: Որքա՞ն է այս քաղաքի բնակչությունը: Որևէ հետաքրքիր բան կատարվե՞լ է այստեղ այս օրերին:
Եվ այլն, և այլն:
Նա սրահից դուրս սահեց կեսօրվա մեկից մի փոքր անց, շողալով գարեջրի ջերմությունից, թեթևակի օրորվելով, բարեհաճ ու բարի կամեցողությամբ լի, հակված գերհարգալից պահվածքի. հատկապես փողոցային լապտերների հանդեպ: Նա շարունակ գլխով ու ձեռքերով ժեստեր էր անում և կրունկներն իրար զարկում:
Շատ հաճելի էր, առերևույթ, իրեն նորից ազատություն տալը, այն էլ` ցերեկվա կեսին:
Նա գնաց Քորթհաուզ պուրակ և սկսեց մրցել նալ խաղացողների հետ, որը հրաշալի էր ստացվում իր մոտ, քանի դեռ ֆիզիկական լարումից գինովությունը չէր սկսել թողնել: Հետո սկսեց ուշքի գալ և ներողություն խնդրել: Խմած ժամանակ թեև շատ գեղեցիկ խաղ ներկայացրեց` նետելով նալերը կա՛մ շատ ու շատ հեռու, կա՛մ էլ իրենից ընդամենը երեք-չորս ոտք այն կողմ, շատ զվարճալի էր: Երբ սկսեց սթափվել, սկսեց նետելու իրական փորձեր անել, իսկ դա բոլորովին զվարճալի չէր:
Նրա խաղից հեռանալն այնքան տպավորիչ չէր, որքան կլիներ այն դեպքում, եթե խմած լիներ: Դա ավելի շուտ մի փոքր ծիծաղաշարժ էր: Նա շնորհակալություն հայտնեց խաղընկերներին իրեն խաղալ թույլ տալու համար. եթե դեռ խմած լիներ, կասեր, որ չմոռանան իսկական խաղի իր տված դասերը:
Նա կտրեց-անցավ պուրակն ու փռվեց մի մագնոլիայի տակ և անմիջապես քուն մտավ` տխրալի երազելով, քնած դեմքին` երկարատև ուժասպառության ու երկարատև դժբախտության արտահայտությունը:
Թվում էր, թե նա քնել էր օրերով, շաբաթներով ու ամիսներով, բայց երբ արթնացավ, դեռ ժամը չորսն էլ չկար: Նա նստեց տեղում և հորանջեց, իսկ երբ աչքերը բաց արեց և սկսեց սթափ շուրջը նայել, տեսավ աղջկան: Նա թափ տվեց գլուխն ու նորից նայեց, որովհետև մտածեց, թե երևի դեռ քնի մեջ է:
Աղջիկը նստած էր սիզամարգի վրա` նույն ծառի տակ, իրեն շատ մոտ, և անկասկած դիտել էր իրեն քնած ժամանակ:
Առանց մտածելու, առանց նույնիսկ ժպտալու, ասես, խոսքը ոչ մի բանին էր ուղղում, կամ թե` աշխարհին, ասաց` ողջո՜ւյն:
– Ողջո՜ւյն, – ասաց աղջիկը:
Հետո, չգիտես ինչու, նա նորից պառկեց և փակեց աչքերը: Աչքերը դեռ փակ` ասաց.
-Իմ անունը Ջո է, – հետո պարզապես ծիծաղելի լինելու համար համարյա գոռաց, – ես նկարիչ եմ: Խոշո՛ր նկարիչ:
Նա նորից նստեց և նորից բացեց աչքերը:
Այժմ նա լրիվ արթուն էր:
Աղջիկն իրական էր:
Նա շատ լավն էր, դե ոչ այնքան շատ, բայց կոկիկ ու բարետես էր և լավ ձեռքեր ուներ:
Աղջիկը ժպտաց, և նա մի պահ մտածեց, թե գուցե պոռնիկ է, որ եկել է այգի` կիրակի օրը մի փոքր հանգստանալու:
Չնայած նա չէր հյուսում շյուղերով, ուստի տղան ենթադրեց, որ` չէ:
– Ջո Սիլվերա, – նա ասաց: – Ես ոտքի տակ եմ տվել ամբողջ դժոխքը, բայց և այնպես, սա իմ հայրենի քաղաքն է: Քոնն է՞լ է:
– Ոչ, -ասաց աղջիկը:
– Դու որտեղի՞ց ես, -հարցրեց նա:
Աղջիկը տատանվեց մի պահ` մտածելով, և տղան ասաց.
– Որևէ տեղ: Պարտադիր չէ, որ ճիշտն ասես: Տեխասի՞ց, միգուցե:
– Ճիշտ է, -ասաց աղջիկը:
– Տեխասն ինձ միշտ դուր է եկել, – ասաց նա:
– Ամեն տեղ էլ լավ է, -ասաց աղջիկը:
– Եթե, -ասաց նա, -եթե՞:
– Եթե փող կամ աշխատանք ունես, – ասաց աղջիկը:
– Ճիշտ է, -ասաց տղան: – Ես քաղցած եմ և կցանկանայի, որ այս խոսակցությունը չընդհատվեր: Կգա՞ս ընթրենք միասին:
Աղջիկը կրկին երկմտեց:
– Ռեստորանում, -ասաց տղան:
□Տեր Աստված, – մտածեց նա, – ի՞նչ է ձևեր թափում: Կհամբուրեմ` հենց օգնեմ, որ բարձրանա նստած տեղից□:
– Շա՛տ լավ, -ասաց աղջիկը, և տղան ելավ տեղից, վերցրեց նրա ձեռքը, օգնեց, որ բարձրանա և պատրաստվում էր համբուրել, երբ աղջիկը թեքվեց` վերցնելու ձեռքի պայուսակը:
Միայն թե, հասկացել էր նրա մտքինը:
Դեմքը շատ լավիկն էր, արտահայտությունը` մեղմ ու դուրեկան: Նա այնքան չքնաղ էր, որքան կարող է լինել աղջիկը, երբ փոքր քաղաքում տաք սեպտեմբերի մի կիրակնօրյա միջօրեի քնածդ տեղից արթնանաս այգում ու տեսնես նրան դիմացդ` ծառի տակ նստած: Կազմվածքն, իրոք, հրաշալի էր: Բայց արտաքինը խաբուսիկ է, և նա դա գիտեր: Նրա հետ բավականին հաճելի էր: Նա նրան վերաբերվում էր որպես արտասովոր ու շատ բաղձալի մի բանի և, միգուցե, հենց այն բանի, որի շնորհիվ կկարողանար ի մի բերել իր ներսում ծվարած թափառականի բոլոր տրամադրություններն ու, վերջապես, հասնել մի այնպիսի հոգեվիճակի, որ կարողանար իրեն իր տանն զգալ. ներքին բավարարության և ուրախության մի հոգեվիճակի:
Նա մտածում էր, թե այսուայնտեղ, գուցե, ստիպված լինի անուշադրության մատնել նրա խոսակցությունները, բայց խորապես հավատում էր, որ այդ աղջիկը կարող է իր համար չափազանց կարևոր լինել. և որ դրա համար է ինքը հովիտ վերադարձել: Նա հույս ուներ: Նա շատ մեծ հույս ուներ:
Նա վայելեց երկարատև ու հաճելի ընթրիքը` դանդաղորեն ճաշակելով, հանդարտ, համեմված շատ խաղաղ խոսակցությամբ և շատ խաղաղ ծիծաղով և շատ գինի ըմպելով. և աստիճանաբար սկսեց իրեն ավելի ուրախ զգալ աղջկա հետ: Առանց ջանք թափելու նա ինչ որ ուզում էր` իմացավ աղջկա մասին և գիտեր, որ նա իր հետ կգնա Սանտա ֆե կայարանի դիմացի իր սենյակը: Այնտեղ նա ցույց կտա իր նկարները և հետո կկանգնի պատուհանի մոտ ու ցած կնայի` գնացքներին, իսկ մի փոքր անց կփորձի պարզել, նրա միջոցով, թե արդոք ինքը պիտի մնա՞, թե՞ մեկնի:
Առավոտյան արթնանալիս նա գիտեր, որ պիտի որոշի, թե որ մեկն է անելու, բայց մտածել էր, թե մենակ է կայացնելու այդ որոշումը, և հիմա այս ընկերակցությունը, աղջկա այս ներկայությունն իր կողքին` իրավիճակի հաճելի բարեփոխում էր: Աղջիկն այնքան էլ չհավանեց նրա նկարները և ցանկանում էր իմանալ, թե ինչի մասին էին:
– Ամեն ինչի մասին, – ասաց նա:
Լսելով սուլոցը` դեպի հյուսիս մեկնող մարդատար գնացքի, որը Լոս-Անջելեսից էր ժամանում, նա աղջկան տարավ պատուհանի մոտ, և նրանք միասին նայեցին, թե գնացքն ինչպես մտավ կայարան ու կանգ առավ: Նա լուռ էր մի որոշ ժամանակ, բայց աղջկան պահում էր իր կողքին` ներքին անհամբերությամբ սպասելով նրա արձագանքին` այս սովորական իրադարձությանը, որն իր համար դարձել էր անսովոր նշանակալի ու հուզիչ: Եթե աղջիկը ոչինչ չասեր, եթե միայն նայեր բավականություն արտահայտող որևէ հայացքով, նա աղջկան կառներ իր գրկի մեջ և կիմանար, որ մնում է: Եվ նա մի հուսահատ հույս էր տածում, թե այդ միությունը կհաստատվի իր և աղջկա միջև:
Նա վախով սպասում էր` չհամարձակվելով խոսել, և այդ ժամանակ աղջիկը հեռացավ բաց պատուհանից և, մեջքով կանգնելով դեպի նա, ասաց. □Գնացքներն, անշուշտ, շատ մեծ աղմուկ են բարձրացնում, այնպես չէ՞□:
Նա նստեց և վառեց ծխախոտը:
Փողոցի այն կողմում գնացքը ֆսսացրեց ու սկսեց շարժվել, և հանկարծ նա ուզեց լինելու այդ տախտակամածին, ճանապարհի վրա, հեռվում: Նա մենակ գնաց պատուհանի մոտ և նայեց, թե ինչպես է այն սլանում հյուսիս: Տունը ցնցվեց, երբ գնացքն անցավ նրա մոտով, և լոկոմոտիվի ձայնը շատ տխրահունչ էր: Մեկ վայրկյան անց սենյակը նորից խաղաղ էր: Գնացքը եկել ու գնացել էր:
Նա նստեց և ժպտաց աղջկան. հետո սկսեց ծիծաղել:
Աղջիկը ոտքի ելավ, հավանաբար, որ մոտենա, և տղան ասաց.
– Պետք է գնա՞ս:
Նա չէր մտածել գնալու մասին:
– Կուզե՞ս տաքսիով քեզ տուն տանեմ: – շարունակեց նա: -Ես անչափ շնորհակալ եմ: Շատ հաճելի էր զրուցելը քեզ հետ:
Աղջկա գնալուց հետո նա վառեց սենյակի էլեկտրական լույսը և սկսեց ի մի բերել իր նկարները, որովհետև գիտեր, որ առավոտյան դա անելու ժամանակ չէր ունենալու:
Թարգմանությունը անգլերենից՝ Սիլվա Հովակիմյանի