Բառն ավելի տևական է, քան նրանով հղած ցանկացած, նույնիսկ հանճարեղությունը սահմանազանցող միտք ու խորհուրդ, բայց քանի որ բառը միայն ընթերցվելիքը չէ, և միշտ հանգում է ընթերցվելու վտանգին, ուստի բառն ավելի տևական չէ, քան ԲԱՆ-ի խորհուրդը:
Գրողի խնդիրը բառի էվոլուցիան կամա թե ակամա փաստելը կամ ապահովելը չէ` պատմությունը զարդելով բառերի քղամիդով. Մոբի Դիկի ճերմակության մաքրագործումն է առ Անիմանալին` սրբագործման սարսուռով: Ընթերցվելու ակնկալիքը ինքնին բազմության հազար ու մի աչքերի ձայնն է հնչեցնում ու փորձում է հաղթելով քեզ` աղաղակել տհասությունը: Հաղթելու վախը բառերի խամաճիկությունն է, ուր խոսքի հեշտահոսությունը շաղակրատություն է դառնում, ուստի ճշմարիտ գրողի խնդիրը հենց ինքն է:
Ամեն հանճարեղ խոսք ինչ-որ չափով հիմարություն ընկալելու վտանգը յուրաքանչյուր վայրկյան սպառնում է ընթերցողին` ԲԱՆ-ի արարչության ճերմակության սարսափը տեղավորելով իր աչքերի մեջ:
Այսօր բացակա երեկվա ընթերցողը հենց երեկ բացակա էր, քանի որ նա իրեն հավերժության մասնիկ չէր գիտակցում, հանդարտ տեղավորվելով իր օրերի մեջ, ծերությունը անակնկալ չգիտակցելու համար: Այսօր էլ նա իր բառերի կշռույթը տեղավորում է հեծկլտացող սերիալներում` ճշմարտապես ծուլանալով կենրոնացումից: Կորցված (ոչ թե կորցրած) ընթերցողները կորուսյալ էին հավետ. հավետ բառի ոչ միայն ապագայի միտվածության իմաստով, քանզի բառը կարդալը բոլորին է հասու, սակայն քչերն են ի զորու բառի շնչառությունը ներշնչել:
Ճիշտ ընթերցելը առնվազն մեդիտացիա է` եթե ավելին ասելու կարողություն չունեմ, իսկ այդպիսի ընթերցողները սակավ ընտրյալներից են, ինչպես սակավ են ճշմարիտ գրողները: Եվ, եթե այն, ինչ հասու քչերին, ընթերցում են բոլորը, ճահճանման աչքերի տղմուտում գիրքը մամռակալում է ու դառնում ծերության ճանապարհը բթացնող բութ օրերի հերթագայությանը օժանդակող սովորական կենցաղային իր կամ հակառակը, դառնում է կուռք, իսկ կուռքերը չեն տրվում: Հերման Հեսսեն բնավ էլ սնափառ համեստությունից չէր, որ ընդամենը տասը շնորհալի ընթերցողն էր գերադասում` հակադրվելով հազարներին:
Այն բոլոր պայմանները (հիմնականում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում), որ այսօր իբրև ընթերցանության պակասի պատճառ են վկայակոչում, գրողին ազատել են ոչ լուրջ ընթերցողից: Եվ նրանք, որ այսօր հեգնում են, թե էլ ինչի? համար գրել, ի սկզբանե գիրն ընդամենը հաղորդակցվելու միջոց էին ընկալում և ոչինչ ավելի` լեզվի մտածողությունը արտածելով բառի առարկայացման իրացումով: Որոշ գրողներ էլ փորձում են գրականությունը մերձեցնել մասխարայությանը: Վերջիններս, երբ հասկացան, որ հասարակության հետ ճակատ կազմելը ծիծաղելի է, իսկ հասարակության դեմ ճակատելը` ապարդյուն, կորցնելով իրենց ընկալումների գրականության առանցքը, արվեստի արտահայտչականության բոլոր միջոցները սպառված համարելով` անցան հայհոյախոսություններով լսարան ձևավորելուն: Ընթերցվելու և ընկալվելու մարմաջը հաճախ դիմառնում է ճշմարիտ ընթերցողի պարսպին` և ոչ միայն:
Ամեն արվեստ փորձում է մաքրագործել ու կատարելագործել իրեն: Գրականությունն այսօր այլևս մնալու է ճշմարիտ գրողին և քննադատ ընթերցողին, որն էլ գրականության նպատակն է:
Քննադատությունը, որը եղել է հասարակական կամքի արտահայտությունն ու հասարակական կարծիքի ձևավորողը, գրականության ընկալման նոր կարգավիճակում ինքն էլ նոր կարգավիճակ է ձեռք բերում: Ինչպես գրողի խնդիրը հենց ինքն է, այնպես էլ քննադատի խնդիրը հենց քննադատն է:
Համաշխարհային մտքի պատմության մեջ առկա դարակազմիկ շատ իրողություններ մեզ հասել են միայն քննադատի հայացքով: Հայտնի է, որ և’ Սոկրատեսը, և’ Պյութագորասը,, և’ Քրիստոսը, և’ Բուդդան մեզ ներկայանում են ո’չ իրենց գրով: Այսօր քննադատի ուշադրության կենտրոնում միայն գիրն է` տեքստը: Գրող-քննադատ հակաբանությունը, որը միտվում է բանավոր խոսքի տիրույթներ, երկուստեք գիրը սահմանազանցելու անհեռանկարությունն են փաստում: ՈՒստի գրականության համար երբեմն անիմաստության հասնող այս հակասությունը փորձում է բացառել արվեստն ընկալելու յուրաքանչյուրի կերպը: Երբեմն էլ գրողի արտահայտչականությունը դուրս է գալիս սեփական գրի տիրույթից և ճակատայնությամբ հայտնվում իր իսկ ընկալումների հասարակության ներկայացուցչի` քննադատի սուբյեկտիվության պախարակման դիրքերում: Արվեստն ընկալելու առումով քննադատը կարող է նույնքան սուբյեկտիվ լինել, որքան գրողը: Գրողի հակառակությունը այդ սուբյեկտիվությանը ավելի մեծ սուբյեկտիվություն է` սահմանազանցելով իր յուրահատկությունների եզրերը:
Իմաստության ճանապարհը խաղաղությունն է, որը բնավ էլ չի նշանակում ամենահանդուրժություն: Վերքեր միշտ էլ կան, բայց հավեր վերքեր են որորնում ճանճերը: Ցավոք, գրողի ամբիցիաները հաճախ անտեսելով գրականության շահերը` փորձում են վանել և օտարել քննադատին, ով գրեթե միակ ընթերցողն է այսօր և այլևս: Եվ եթե ճշմարիտ է «գրականության շահ» արտահայտությունը, ապա այն ընդհանուր է և’ գրողի, և’ քննադատի համար, և այդ շահը չի ենթադրում մեկի մեկուսացումը մյուսից: Սխալվում են նրանք, ովքեր քննադատությունը համարում են պորտաբույծ և ածանցյալ գիտություն, սակայն ուզում եմ հավաստել, որ սկզբնածին ԲԱՆ-ից հետո բուն գրականությունը ևս ածանցյալ է, որքան էլ ստեղծագործական ընթացքը գլխավորապես բնազանցություն է:
© Աշոտ Գաբրիելյան, 2010
Vay Ash jan, is inch anmexaguyn nkar a, 100 tarov qez jahelacnuma.
Asem, vor ays lusankarn arvats e im tany, lusankarich` Armen Avanesyan. Isk inch veraberum e hodvatsin, apa Ashn ayn qich groxneric e, ovqer chisht en haskaqnum u meknabanum qnnadatutyan dern u gortsaruytnery.
Եվ հաճելի է մտածել, որ ամեն բառ մի քնած գեղեցկուհի է, որ սպասում է իրեն արթնացնող բանաստեղծի շուրթերին…
Հաճելի-դժվար և դժվար-հաճելի ընթերցանություն էր: