
Հոր մահվան մասին Ալեքսանդրն իմացավ երեքշաբթի։ Համալսարանից վերադառնալով՝ ընթրիք պատրաստեց, գնաց մանկապարտեզ՝ դստերը բերելու, հաջորդ օրվա համար արդուկեց նրա զգեստն ու ժապավենները, դեսերտացիայի տեքստի վրա աշխատեց՝ ջնջելով շեքսպիրյան միստիկայի մասին երկու էջ, որոնց վրա վատնել էր ամբողջ առավոտը, և դստեր համար քնելուց առաջ ինչ-որ վրացական դևերի մասին գիրք էր կարդում, երբ խոհանոցում սկսեց ճթճթալ շրջահայացորեն այնտեղ տարված հեռախոսը։
Ճթճթում էր, որովհետև մոտավորապես մեկ ամիս առաջ Աննան պահարանիկի վրայից գցել էր հեռախոսը՝ քաշելով դրա լարից, ասես ինչ-որ կենդանի էր բռնել, և այժմ դրանից ոչ թե զանգի ձայն էր հնչում, այլ հոգեվարքի խռխռոց։
-Սա՜շա, Սա՜շա, ալլո՜, Սաշա՞ն է։
Հեռավոր միջքաղաքային կապերի խանգարումների մեջ ճանաչեց կրտսեր քրոջ ձայնը։
-Ես եմ, Լի՛զա։ Ի՞նչ է պետք։
-Սա՜շա։ Վա՜տ եմ լսում քեզ։ Սա՛շա․․․ Հայրիկն է մահացել․․․ Չգիտեմ․․․
Նրա ձայնը շնչահեղձ եղավ և մի վայրկյանով կորավ։
-Լի՜զա։ Ոչինչ չի լսվում։ Ի՞նչ ասացիր։
-Հայրիկն է մահացել։ Շատ եմ վախենում։ Ինչ-որ մեկը քար նետեց պատուհանի ուղղությամբ․․․
-Սպասի՛ր, Լի՛զա․․․ Սպասի՛ր․․․ Ի՞նչ քար։
-Սա՛շա, հայրիկն է մահացել։ Ի՞նչ անեմ, Սա՛շա։
-Լի՛զա․․․
Լռեց։ Շարունակել պնդել, որ չէր հասկանում, արդար չէր։ Նա չէ, որ պաշտպանության կարիք ուներ։ Լիզան տասներկու տարեկան էր։ Պատկերացրեց նրան տանը մենակ մահացած հոր հետ, անձայն ոռնաց և բռունցքով պատին հարվածեց։ Հարվածի ձայնը կամաց էր, քանի որ պատը հիմնական էր, ընդ որում՝ Ալեքսանդրը ոչ մի ցավ չէր զգում։ Ուղղակի մատնոսկրերի վրայից լիզեց արյունն ու կիրը։
-Դե՜, ի՞նչ ես լռում, Սա՛շա։
– Լի՛զա, գնա՛ հարևանների մոտ։ Լսո՞ւմ ես։ Գիշերը նրանց մո՛տ անցկացրու, առաջին իսկ չվերթով առավոտյան կգամ։
-Հայրիկը նրանց բոլորի հետ վիճել է։ Նույնիսկ ինձ հետ չեն խոսում․․․
-Գնա՛ նրանց մոտ, Լի՛զա։ Վաղը կգամ հետևիցդ։
-Լա՛վ։
-Քնաբե՛ր խնդրիր նրանցից։ Վաղը, երբ արթնանաս, ես արդեն այդտեղ կլինեմ։
-Լա՛վ։
-Մի՛ անհանգստացիր։ Ամեն բան լավ կլինի։
-Բարի՛։
-Հենց-որ կախես խոսափողը, դո՛ւրս արի բնակարանից և կողպի՛ր դուռը։
Աթոռակին նստելով՝ տասը րոպեով անշարժացավ։ Այդ ամբողջ ընթացքում ռադիոն անիմաստ բաներ էր հաղորդում նախագահի կառավարման մասին, Գորբաչովի նոր պլանների և էլի ինչ-որ բաների մասին։ Ամենասկզբում, երբ հենց նոր էր կախել խոսափողը, Ալեքսանդրը քիչ էր մնում ծնկի իջներ՝ նույնիսկ չհասկանալով, թե ինչու, այնուհետև հանկարծ մտածեց «Ինչի՞ համար» և կանգ առավ։ Ինքն իրենից ամաչելով՝ մի պահ քարացավ, հետո ձեռքով գետնին դիպչելով՝ հապաղեց և վերջապես նստեց աթոռակին։
Տասը րոպե կատարյալ լռությունից հետո նրան թվաց, թե ինչ-որ մեկը թեթև քայլքով մուտքի դռան մոտից վազեց դեպի լոգասենյակ։ Արագ ոտքի կանգնելով՝ Ալեքսանդրը գլուխը հանեց խոհանոցից, բայց միջանցքում ոչ ոք չկար։ Դստեր սենյակում միացրեց սեղանի լամպը և փորձելով չաղմկել՝ մոտեցավ մանկական մահճակալին։ Աննան, ձեռքերը տարածած, խորը քնած էր։
-Ինչ-որ անհեթեթություն է, – փնթփթաց Ալեքսանդրը և մարեց լույսը։
Խոհանոց վերադառնալիս կեսճանապարհին հանկարծ քար կտրեց` տարօրինակ հիշողություններից զարմացած։ Շատ վաղուց, երբ ինքը հազիվ թե ավելի մեծ լիներ, քան իր պստլիկ Անկան, ծնողները ոչ մի րոպե մենակ չէին կարող թողնել նրան սենյակում։ Միանգամից սկսում էր լաց լինել, քանի որ նրան թվում էր, թե ինչ-որ մեկը կանգնած էր նրա մեջքի հետևում։ Նույնիսկ հետո՝ դպրոցական տարիներին, հաճախ էր տառապում այդ զգացումից և դրա համար էլ ջղացունց կրճտոցով դպրոցական սեղանն այնպես էր թեքում, որպեսզի անպայման մեջքով պատին հենվեր։ Հատակին խորը բծեր էին մնում, իսկ մոր սրտում՝ խոր անհանգստություն, թե արդյոք հիմարիկ չէր նրանց որդին։ Հայացքը գրքից կամ դասագրքից կտրելով՝ մի քանի անգամ տեսել էր, թե ինչպես էր հարևան սենյակում մեկը կարճատև երևում, թեև այդ պահին բնակարանում ոչ ոք չկար՝ բացի նրանից։
Ծաղրանքի ենթարկելով նրա վախերը՝ հայրը երբեմն ձևացնում էր, թե ծառայության էր գնում, բայց թաքնվում էր ինչ-որ տեղ, օրինակ՝ լոգասենյակում, և որոշ ժամանակ հետո սկսում էր ճռռացնել դուռը, ճանկռոտել և թեթևակի հազալ։ Իհարկե, շատ չանցած թյուրիմացությունը պարզվում էր, սակայն փոքրիկ Ալեքսանդրը կարող էր դեռ երկար շարունակել նայել նրա ծիծաղկոտ բերանին և գեղեցիկ սպիտակ ատամներին՝ մտածելով արդյոք իրական էր այդ ամենը, և գուցե ոչ իրական էր այն մեկը, ով կես ժամ առաջ հավանաբար իսկապես հեռացել էր տանից։
Այժմ անցնելով լոգասենյակի դռան մոտով՝ կիսաբացեց այն և ներս նայեց։ Մոտավորապես տասնհինգ տարի առաջ այնտեղ միանգամայն կարող էր հայրը թաքնվել։ Մինչև մայրիկի անհետանալը նա սիրում էր ուրախ լինել։ Կատակներն ավարտվեցին այն բանից հետո, երբ մի առավոտ առանց որևէ մեկին որևէ բան ասելու մայրիկը մի րոպեով դուրս եկավ տանից՝ հարևանների տուն գնալու, և այլևս չվերադարձավ։ Բանն աղջիկ փախցնելն էր, ինչ-որ անհեթեթաբար բռնկված կիրքը, քաշքշուկը, հիմարությունն ու խառնաշփոթը։
Քանի որ այն ժամանակ Ալեքսանդրը տարիքով փոքր էր, այդպես էլ ոչինչ չհասկացավ, սակայն ժամանակ առ ժամանակ վերհիշում էր հոր սարսափելի զայրույթը, դրան հաջորդող հուսահատությունը և իր՝ Ալեքսանդրի հետ հուզումնալից խոսակցությունները մահվան մասին։ Ավելի ուշ կողմնակի մարդկանցից հաջողվել էր պարզել, որ այդ ամբողջ պատմությունը հավանաբար չափից ավելի արագընթաց կերպով էր ծավալվել։ Այնքան արագ, որ ոչ ոք նույնիսկ չէր հասցրել աչքերը թարթել։ Կանաչ «Ժիգուլիներ» էին եղել, անհասկանալի բացակայություններ, սուտ էր եղել, այնուհետև լռության գոտին էր վրա հասել, և վերջապես փախուստ՝ հողաթափերով և բարակ խալաթով՝ գրեթե մերկ մարմնին հագած։
Այդ ամբողջ հանկարծակիությունն ու գնչուականությունը, իհարկե, իզուր չէր։ Դրանից հետո հայրը հաճախ էր Ալեքսանդրին և ութ ամսական Լիզային թողնում տատիկի մոտ, իսկ հետո երկու-երեք օրով անհայտ ուղղությամբ էր մեկնում՝ ամեն անգամ հին պորտֆելի մեջ տեղավորելով «Պրավդա» լրագիրը, շոգեխաշուկի բանկան, սպորտային կապույտ կոստյումը՝ «Դինամո» գրվածքով, որպեսզի գնացքում փոխեր հագուստը, և Մակարով ծառայողական ատրճանակը։
Երեք տարի հետո այդ բացակայությունների պատճառով թոշակի ուղարկեցին նրան, և սկսեց օր ու գիշեր պառկել բազմոցին՝ վեր կենալով միայն նրա համար, որպեսզի հացի մեծ կտորի վրա կարագ քսեր կամ արդուկեր իբրև մխիթարանք նրան թողնված համազգեստը, որն ընդհանուր առմամբ այլևս չէր էլ հագնում, այդ պատճառով էլ անհասկանալի էր, թե ինչի համար էր արդուկում այն։ Այնուհետև որդու դեմքին նայելիս հավանաբար սկսեց նկատել այն նույն արտահայտությունը, ինչ իրենից փախած կնոջ դեմքին, և այդ պահից սկսած Ալեքսանդրի կյանքը բարդացավ։
Բծախնդրության, կշտամբանքի և կատաղության պահին ասված խոսքերի անդադար հոսքից Ալեքսանդրն իր համար զարմանալի թեթևությամբ միշտ միևնույն այլանդակ տեսարանն էր վերհիշում։ Ավելի ճիշտ, չէր էլ վերհիշում։ Այն միշտ կազմ պատրաստ էր։ Բավական էր միայն, որ թեթևակի թուլացներ իրեն, և դրա հավիտենապես չար ստվերները շրջապատում էին նրան և կազմակերպում իրենց անվերջանալի գիշերաժողովը։
Մի անգամ գիշերը հայրն անսպասելի վեր կացավ անկողնուց։ Վառելով բոլոր սենյակների լույսերը՝ բացեց պահարանիկների և զգեստապահարանների դռները և սկսեց անկանոն կերպով հատակին թափել դրանց մեջ դրված իրերը։ Փոքրիկ Լիզան պայծառ լույսերի և այդ աղմուկի պատճառով սկզբում սկսեց լաց լինել, այնուհետև դղրդոցով ինչ-որ տեղ խփվելով՝ ընկավ անկողնուց։ Ալեքսանդրը շատ պարզ մտապահեց, որ ընկնելիս հենց գլխով էր խփվել։ Հայրը բարձրացրեց Լիզային և մի ձեռքով նրան գրկում պահելով՝ մյուսով շարունակեց դես ու դեն շպրտել հատակով մեկ անկարգ կերպով ընկած իրերը։ Լիզան, ըստ երևույթին, սաստիկ խանգարում էր, բայց բաց չէր թողնում նրան, ուղղակի ժամանակ առ ժամանակ փոքր-ինչ վեր էր գցում, որպեսզի ավելի հարմար գրկեր։ Այդ վեր գցումներից նա վերջնականապես վախեցավ և սկսեց բարձր գոռալ։
Մի քանի րոպե հետո Ալեքսանդրը հասկացավ, որ հայրը ջոկում և մի կույտի մեջ էր հավաքում իրերը, որոնք ժամանակին նրա մորն էին պատկանել։ Կոշիկները, զուգագուլպաները, մազակալները, կապույտ վերարկուն, սև ու սպիտակ զգեստները, լուսանկարները և էլի ինչ-որ իրեր։ Ձախ ձեռքով Լիզայի գոտկատեղից բռնած ամբողջ բնակարանով տենդագին այս ու այն կողմ էր անում, իսկ փոքրիկ Ալեքսանդրը սենյակից սենյակ անդադրում հետևում էր նրան, ասես փխրուն, վախեցած ստվեր լիներ։
Ամեն անգամ, երբ հայրը ննջասենյակից խոհանոց կամ միջանցք էր շտապում, Լիզայի գոռացող գլուխը հաշված սանտիմետրերի հեռավորությամբ էր անցնում դռների կողափայտերի մոտով, և Ալեքսանդրն այն ժամանակ դեռևս ոչ այնքան մեծ կամքի ուժով խեղդում էր վրա հասնող սրտխառնոցի նոպաները՝ վախենալով, որ հայրը այդ պահերին կարող էր մի վայրկյանով երերալ, հրել դուռը, և վերջինս պատին հարվածելուց հետո վերադառնալիս դեմ կառներ այս ու այն կողմ տարուբերվող գլխին, ու ճիչն այդ պահին կդադարեր, և սարսափելի լռություն կտիրեր, որը ոչ մեկին պետք չէր։ Եվ ի՞նչ պետք է անեին նրանք՝ նա և նրա՝ վշտից կիսախելագարված հիվանդ հայրը։
-Ի՛նձ տուր Լիզային, հայրի՛կ, – վախից կտրվող ձայնով կրկնում էր Ալեքսանդրը։ – Մի՛ փախչիր ինձանից, հայրի՛կ։ Մի՛ փախչիր։
Ձայնը միանգամից կտրվեց, և շատ չանցած միայն խզխզոցով էր խոսում։ Դեմքը կարմրել էր, աչքերն արցունքներից այտուցվել էին և նեղ ճեղքերի էին վերածվել։ Փոքրիկ կրծքավանդակը ցնցվում էր հաճախակի լվանալուց մաշված շապիկի տակ։ Ուսկապն անընդհատ ընկնում էր ուսից։ Խոհանոցում ձախ ծունկն աթոռին էր հարվածել, դրա համար էլ կաղալով մռթմռթում էր և ցավից ծամածռվում։
-Ոչի՜նչ, ոչի՜նչ․․․ , – փնթփնթում էր հայրը, – Մի՛, լացիր, Սա՛նյա։ Հիմա մենք բոլորին ցույց կտանք։ Ցույց կտանք դրանց, այդ քածե՛րին․․․ Միևնույն է այս բոլոր իրերն այլևս նրան հարկավոր չեն։ Այնտեղ ուրիշ իրեր կգնեն նրա համար։ Այնտեղ մարդիկ ավտոմեքենա ունեն։ Լիքը փող․․․ Մենք այս իրերը գիտե՞ս ինչ կանենք։ Հիմա կվառենք դրանք։ Ինչների՞ս են պետք դրանք։ Հաշվի, որ ննջեցյալինն են․․․ Մեռե՛լ է մերդ․․․ Հաշվի՝ սա՛տկել է։
Այդ պահին փոքրիկ Ալեքսանդրն անսպասելի կերպով կտրուկ կանգ առավ, և նրա մահացու հոգնած, ցնցվող մարմինը թեթևակի երերաց։ Հայրը հասցրեց լոգասենյակ փախչել, սակայն այնտեղ, ըստ երևույթին, չլսելով մեջքի հետևից անվերջ եկող աղերսական կամացուկ ձայնը՝ դուրս թռավ միջանցք և քար կտրեց։
-Քեզ ի՞նչ եղավ, Սա՛նյա, – թեքվեց դեպի որդին։ – Վա՞տ ես քեզ զգում։ Ջուր բերե՞մ։ Ավելի լավ է պառկի՛ր։ Ի՞նչ ես ուզում, հը՞, Սա՛նյա։ Ի՞նչ ես ուզում։ Դու միայն ասա՛։ Ի՞նչ ես լռում, Սա՛նյա։
Իսկ վերջինս, սրտխառնոցից թուլացած, անճանաչելիության աստիճան մոխրագույն դարձած դեմքով, մեռելային նիհարության աստիճան սրված դիմագծերով, ատամներն էր ցույց տալիս՝ ձեռքով փակելով աչքերը, թվում էր, թե նույն պահին կիսամեռ ընկնելու էր։
-Սա՜նյա, Սա՜նյա, վե՛րջ տուր։ Վերջացրո՛ւ։ Ի՞նչ ես ուզում։ Ասա՛։ Ես կանեմ։
Այդ ժամանակ Ալեքսանդրը անսպասելիորեն սուր կերպով զգաց իրենց ընտանիքի՝ մշտապես իրեն շրջապատող, բայց հենց այդ պահին անտանելի դարձած բույրը․ հոր բերանից եկող ծխախոտի հոտը, խոհանոցի աղբամանի գարշահոտությունը, իր սեփական թուլության և քրտինքի քաղցրավուն բույրը։ Նորից սիրտը խառնեց, բայց հասցրեց կրճտացնել ատամները և միանգամայն հասկանալի կերպով արտաբերել․ «Ուզում եմ, որ դու ի՛նքդ սատկես, որ ի՛նքդ սատկես։ Դո՛ւ, այլ ոչ թե մայրիկը»։ Դրանից հետո խորը հոգոց հանեց և գիտակցությունը կորցնելով՝ դեմքով ընկավ՝ առանց հոր առաջ պարզած ձեռքին դիպչելու։
* * *
Առավոտյան, երբ իրերը սկսեցին իրենց ցերեկային, սովորական ուրվագծերը ստանալ, Ալեքսանդրը հանկարծ արթնացավ, մի կողմ նետեց խոնավ սավանը և կտրուկ վեր կենալով՝ ոտքերը հատակին իջեցրեց։ Պատուհանից այն կողմ սկսում էր գորշանալ լուսադեմի երկինքը։ Կողքի սենյակից լսվում էր պստլիկ Աննայի ֆսֆսոցը։ Ալեքսանդրի գրասեղանի մոտ նստած էր հայրը՝ մեջքով դեպի նրան։
Կապիտանի ուսադիրներով զինվորական համազգեստը հագին՝ ինչ-որ բան էր կարդում և ժամանակ առ ժամանակ իրեն բնորոշ շարժուձևով գզգզում էր ծոծրակի մազերը։ Նրա կողքին՝ գրասեղանի վրա բարձր տկտկում էր հին զարթուցիչը։
Ալեքսանդրը փորձեց ոտքի կանգնել, բայց մարմինն անսպասելի կերպով սկսել էր չենթարկվել նրան։ Տարօրինակ թմրությամբ համակված ձեռքերը հնարավոր չէր նույնիսկ մեկ սանտիմետր տեղաշարժել այն տեղից, որտեղ դրանք հայտնվել էին այն բանից հետո, երբ հանկարծակի վեր էր թռել։ Ոտքերն անդամալույծի վերջույթների էին վերածվել և անօգնական սյուների պես կռթնել էին հատակին։ Մեջքը փայտացել էր, վիզը չէր շրջվում, մատները չուգունե ընձյուղների էին վերածվել։ Վախի մեջ՝ Ալեքսանդրը փորձեց բղավել, սակայն բացի կամացուկ տնքոցից, ուրիշ ոչ մի ձայն չհաջողվեց հանել։ Լեզուն նույնպես չէր ենթարկվում նրան։
Մի ամբողջ հավիտենություն ձգվող տասը րոպեների ընթացքում բացարձակ ոչինչ չփոխվեց։ Գրասեղանի մոտ նստած մարմինը շարունակում էր թերթել Ալեքսանդրի դեսերտացիայի՝ նախորդ երեկո տպած գլխի էջերը, իսկ ինքը նախկինի պես անշարժ կերպով շարունակում էր նայել նրա մեջքին և աղերսանքի նման մտովի շարունակ կրկնում էր միևնույն արտահայտությունը․ «Միայն թե չշրջվե՜ս»։ Չգիտես ինչու նրան թվում էր, թե գրասեղանի մոտ մեջքով նստած էակի դեմքի փոխարեն անպայման ինչ-որ սարսափելի բան էր լինելու։
Այնուհետև հիշեց, որ նման դեպքերում տատիկը խորհուրդ էր տալիս մայր հայհոյել։ Հանգուցյալները, ինչպես ասում էր նա, ընդհանրապես տանել չէին կարողանում մոր հասցեին հնչող հայհոյանքներ։ Ուզում էր քթի տակ հայհոյել, բայց դրա փոխարեն բոլորովին այլ խոսքեր եկան բերանին։
«Ինչո՞ւ ես, դո՛ւ, մարտական զենք ու զրահով անշունչ դիա՛կ, նորից թևակոխում լուսնի առկայծում, – հնչեց նրա գլխում։ – Եվ մեր՝ հասարակներիս և հիմարներիս սրտերը հուզում ես հանելուկներով, որոնք լուծումներ չունեն։ Ինչո՞ւ։ Ինչի՞ համար։ Եվ ի՞նչ պետք է անենք»։
Ալեքսանդրը նկատեց, որ ինչ-որ նոր և ասես սպառնալից բան հայտնվեց սեղանի մոտ նստած մարմնի վարքագծի մեջ․ թվում էր, թե այն արդեն ուզում էր շրջվել և նույնիսկ ոտքի կանգնել, բայց չնայած միանգամայն ակնհայտ ջանքերին՝ բացարձակ չէր հաջողվում անել դա։ Իսկ ինքը հանկարծ նորից լիարժեք ազատություն զգաց և ջանալով սահուն կերպով շարժվել՝ ոտքերն անկողին մտցրեց, պառկեց, փաթաթվեց սավանով, աջ կողքի վրա պտտվեց և փակեց աչքերը։
Եվս տասը րոպե անցավ։ Սենյակում ոչ մի ձայն չէր լսվում։ Ալեքսանդրը, աչքերը փակած և շունչը պահած, ականջ էր դնում ցանկացած շրշյունի։ Պատուհանից այն կողմ գլխավոր փողոցով մեկը մյուսի հետևից երեք ավտոմեքենա անցավ։ Վերջինը կանգառավ, դուռը զարկվեց, և տղամարդու երկու ձայներն արագ-արագ ինչ-որ բան սկսեցին քննարկել։ Հետո ավտոմեքենան հեռացավ, և մի քանի րոպե կատարյալ լռություն էր տիրում։ Միայն սեղանի վրայի զարթուցիչն էր, որ չրխկացնում էր իր գիշերային շուտասելուկը։ Ալեքսանդրը վերջապես խիզախեց բացել աչքերը։ Հենց նրա առաջ՝ ընդամենը կես մետր այն կողմ, կանգնած էր նրա հայրը։ Կռանալով իջեցրեց դեմքը՝ գրեթե դիպչելով որդու դեմքին, և սկսեց ուշադիր զննել այն։ Աչքերը բացելով՝ վերջինս ցնցվեց ամբողջ մարմնով և ասես ուզում էր մի կողմ հրել հորը, սակայն այժմ նայելով ոչ թե նրա մեջքին, այլ դեմքին, և ամենակարևորը, տեսնելով դրա նորմալությունը, ընդգծված ոչ սարսափելիությունը, և նույնիսկ ընդհակառակը՝ հայրական սովորական հոգնածությունն ու թախիծը՝ Ալեքսանդրը տարուբերեց գլուխը, իր վրա քաշեց սավանը և արդեն դրա տակից կամացուկ ասաց․
-Ես դա չեմ ուզում․․․ Խնդրում եմ։ Պետք է քնեմ։ Վաղը շատ ծանր օր է լինելու։
Վաղ առավոտյան հավաքեց իր և Աննայի իրերը, նախաճաշեցին և չորս ժամ անց արդեն այն քաղաքում էին, որտեղ ժամանակին ծնվել էր։ Թռիչքը նորմալ էր անցել, եթե հաշվի չառնենք մահվան՝ նրանից պոկ չեկող մտքերը։
«Եթե հիմա ինքնաթիռն ընկներ, – մտածում էր Ալեքսանդրը, – ավելի շուտ կհանդիպեի հորս այսքան երկար ճանապարհ կտրելու փոխարեն»։
Ամբողջ թռիչքի ընթացքում Աննան նստած էր նրա ծնկներին և խաղալիք մկրատով կտրատում էր «Զդոռովյե» ամսագիրը։ Թղթիկները թռչում և թափվում էին անցատեղ, իսկ բորտուղեկցորդուհիները հավաքում էին դրանք, Ալեքսանդրը մտածում էր մահվան մասին։ Վայրէջքից առաջ Աննան հոգնեց, մկրատը ձեռքից ընկավ բազկաթոռի տակ, իսկ նա սկսեց մտածկոտ կերպով տրորել ականջը։
-Լավ չէ, – ասաց Ալեքսանդրին անցատեղի մյուս կողմում նստած մի տարեց կին։ – Այդպես են արտահայտվում առաջին տարփալից հակազդումները։ Որպես մասնագետ եմ Ձեզ ասում։ Աղջիկներին պետք է հետևել։
-Այո՛, այո՛, – պատասխանեց Ալեքսանդրն ու սկսեց նայել մի մեծ ամպի։
Նախկին բնակավայր հասնելով՝ ենթադրաբար սկսեց թակել բոլոր հարևանների դռները, բայց Լիզան նրանցից ոչ մեկի տանը չէր։ Մի ամբողջ րոպե ուղղակի կանգնեց հոր բնակարանի դռան մոտ։ Աննան համբերատար սպասում էր՝ ժամանակ առ ժամանակ ոտքով թեթևակի թխկթխկացնելով պողպատյա ճաղաշարին։ Վերջապես Ալեքսանդրը սեղմեց զանգի կոճակը։
-Եկե՜լ է,- ճչաց Լիզան՝ բացելով դուռն ու փախչելով բնակարանի խորքերը։ – Եկե՜լ է։ Անկայի՜ն էլ է բերել հետը։
Միջանցք դուրս եկավ հայրը։ Նրա դեմքը ժպտում էր։ Հետո նրա կողքին հայտնվեց Լիզայի գլուխը։
Ալեքսանդրը նայում էր քրոջը, նրա ծիծաղկոտ բերանին ու գեղեցիկ, փայլուն ատամներին, իսկ Աննան ծիկրակում էր նրա հետևից՝ ամաչելով այդ անծանոթ, բարձր հռհռացող մարդկանցից։
-Ա՜յ քեզ կատակներ եք անում, – ասաց Ալեքսանդրը։ – Եվ սա՛ էլ է նույնը։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի
