Անի Կոստանդյան | Ձեր թույլտվությամբ

Անի Կոստանդյան

Իմ կյանքը մի երկար ու միշտ ծուռ ուղու է նման։ Հիմա էլ նստած եմ այդ ծուռ ուղու եզրին և խորհում եմ… լավ, իսկ, եթե ավելի մարդավարի խոսենք՝ նստած եմ ինձ նման քայքայված աթոռին՝ արևի տակ, հիմարաբար վառում եմ ճմրթված մաշկս ու ծամոն ծամում։ Բժիշկն ասել էր, որ ծամոն պետք չէ ծամել, առանց այն էլ վնասված օրգանիզմիս վնաս է։ Ես դա, իհարկե, մի շաբաթ որոճալուց հետո հիշեցի, որովհետև հիշողության կորուստն էլ իրենն անում է։ Այսինքն, ինչու՞ միայն դա։ Յոթանասունն անց մարդու համար ամեն բան միևնույն է, իսկ ծամոն ծամելն էլ՝ մարզանքի պես մի բան, մանավանդ, երբ օրերով այդպես փռված ես մնում։ Կյանքս անցել է 100 մ-անոց վազքուղում հաղթել ուզող վազողի պես։ Այսինքն, այդպես մինչև 70-ն էր, հիմա մարաթոնյան վազորդ է դարձել։ Ետ եմ նայում ու տեսնում, որ բան էլ չի փոխվել։ Ճռճռան խոսքեր չեմ սիրում, բայց դե այս մեկին համաձայն եմ. Կարևորը հոգով երիտասարդ մնալն է։ Չնայած, ես մարմնով էլ եմ երիտասարդ։ Հիմա էլ, եթե չալարեմ, գոլֆ էլ կարող եմ խաղալ, բայց դե արևի տակ վառվելն ավելի հետաքրքիր է։ Ամուսնացել եմ երեք անգամ։ Առաջին անգամ հուզված էի և շատ լավ պատրաստված։ Հագել էի հատուկ այդ օրվա համար կարված հագուստ, որի վրա ողջ կարողություն էի ծախսել։ Երկրորդ անգամ լուրջ էի, բայց հանգիստ։ Հագել էի մի ամսվա հագուստ, որը գնել էի զարմուհուս ծննդյան տոնի առթիվ։ Երրորդ անգամ գնացի թևերս անհոգ թափ տալով ու հորանջելով, ինչպես մի ժամանակ դպրոց էի գնում։ Հագել էի առաջին հարսանիքիս հագուստը, որը հատակի կտորից միայն մաքրությամբ էր տարբերվում։ Արի ու տես, որ ամենաերկարը հենց երրորդը տևեց՝ 5 տարի։ Միակ աղջիկս էլ, ով դժբախտություն ունեցավ իմը լինելու, հենց խեղճ երրորդ կնոջիցս ինձ մնաց։ Ես ու աղջիկս լավ ընկերներ էինք։ Մենք միասին գնում էինք բրիջ, վիստ խաղալու, գարեջուր էինք խմում ու հարբած թափառում անձրևի տակ։ Իհարկե, նա էլ, ցավոք, ուներ կանացի մի շարք հատկություններ, օրինակ՝ իմ գլուխն անվերջ տանելը և խանութներով թրև գալը, բայց ես մի կերպ դիմանում էի։ Հիմա մենք իրար այնքան էլ լավ չենք հասկանում, քանի որ նրա մեջ կանացի հատկանիշները գնալով ուժեղացան, իսկ ես էլ` գնալով ծերացա։ Հիմա նա շատ է քիթը խոթում իմ գործերի մեջ, որոնք իրականում չկան, և անիմաստ հարցեր տալիս։ Ես էլ սկսում եմ խոսել քաղաքականությունից, դա օգնում է։ Նա անմիջապես բզզալով փախչում է՝ ճանճասպան տեասծ ճանճի պես։ Ընդհանրապես, եթե ուզում եք ձեր գլուխն ազատել այդ անտանելի կանանցից, խելացի բաների մասին խոսեք։ Տունս գյուղական է, բայց ճոխ։ Պապիցս մնացած միակ լավ բանն է։ Ես սիրում եմ տունս, հատկապես այս հատվածը, որտեղ միայն արև կա։ Կյանքս, թեկուզ անիմաստ էր, բայց հաճելի էր։ Կուզեի ապրել նորից, չէ, ինչու՞ եմ խաբում, կուզեի սկսել զրոյից, բայց դե գիտեմ, որ հնարավոր չէ… Լավ, զգու՞մ եք, որ արդեն հինգ րոպե է անիմաստ փիլիսոփայում եմ։ Իսկ ի՞նչ կասեք, եթե այս անհետաքրքիր պատմությունը ձեզ պատմելու փոխարեն մի փոքր հետաքրքիր բան գրեմ։ Իմ կյանքում հետաքրքիր և ուսանելի բաներ շատ են եղել, ես ուղղակի ամենաանիմաստ բաներն էի ձեզ պատմում՝ ինչպես միշտ։ Կարելի է գրել, համ էլ մի օգուտ կտամ հաջորդներին։ Այսինքն՝ ի՞նչ օգուտի մասին է խոսքը, ուզում էի ասել՝ գուցե հիմարություններս անունս փառքով պսակեն ետմահու։ Դա ավելի ոգեշնչող է ու ցանկալի։ Կարելի է, գնամ թուղթ բերեմ։ Այսինքն, երբ կհասնեք իմ տարիքին, կհասկանաք, որ նստելն ու, առավել ևս, վեր կենալը շատ ավելի երկար ժամանակ է խլում, քան դա ձեզ հիմա թվում է։ Ավելի լավ է՝ աղջկաս կանչեմ, թող նա՛ առաջին թուղթը բերի։ Հա, արևը վառում է դեռ։ Ի՞նչ մնաց ասելու։ Երևի սա.
-Դե ինչ պարոնայք, մենք, ձեր թույլտվությամբ, մի նոր թուղթ կվերցնենք ու կսկսենք նորից։

Share Button

Նշանաբառ՝

6 Կարծիք

  • Lilit says:

    Շնորհավոր Անի ջան, մաղթում եմ բեղումնավոր ստեղծագործական ուղի:Գովելի է,որ Գրանիշում պատանիներն էլ տեղ ունեն

  • Ani says:

    Շնորհակալ եմ։ 🙂

  • lusine says:

    Ապրես Անի ջան, հիանալի է,ուղղակի զարմանալի է, որ դու այդքան լավ հոգեբանություն գիտես, մանավանդ տղամառդկանց….Ապրես

  • Ani says:

    norararakan e,hetaqrqir ev zarmanalim ayn e te inchpes e qo tariqi axjnak@ karoxanum nman xorutyamb mtacel…shnorhavorum em!!!

  • Շուշանիկ says:

    Անի ջան ,,,, շատ լավն էր…Ապրես ՜՜՜՜՜

  • Snorri Sturluson says:

    Անի՜, հրապարեկեցիր վերջապես 😀
    Շա՜տ լավն է, նոր բաների ենք սպասում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *