Հարգելի գրքասերնե՛ր, սիրով հրավիրում ենք «Զանգակ» գրատների ցանցի «Աբովյան» մասնաճյուղի բացմանը, որը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 17.00-ից մինչև ուշ երեկո:
Երևանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում: Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքներով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով՝ այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնելու գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչություների շուրջ 20000 հրատարակություն:
Գրատան ստեղծման ընթացքում պահպանվել է շենքի պատմական ճարտարապետական դիմագիծը, բարեկարգվել ողջ դիմային հատվածը, կառուցվել թեքահարթակ:
Գրատան առաջին սրահը դիմավորում է այցելուներին հայերեն և օտարալեզու բեսթսելերներով, նոր հրատարակություններով և արվեստին ու մշակույթին վերաբերող բազմաբնույթ պատկերազարդ ալբոմներով և գրքերով:
«Զանգակ» հրատարակչությունը հայ ընթերցողին ճանաչելի է հատկապես իր մանկական հայ և թարգմանական գրքերով: Եվ պատահական չէ, որ գրատան երկրորդ սրահը հատկացվել է մանկապատանեկան գրականությանը:
Գրատան երկրորդ հարկի երկու ընդարձակ սրահներում առանձին բաժիններով ներկայացված են հայալեզու և օտարալեզու գեղարվեստական գրականությունը: Կա նաև մասնագիտական և գիտահանրամատչելի գրականության բաժին: Այստեղ է գտնվում նաև միջոցառումների սրահը: Մոսկվա կինոթատրոնին և Աբովյան փողոցին նայող պատուհանների դիմաց հարմարավետ պայմաններ են ստեղծվել գրքերը թերթելու, ընթերցելու և համակարգչով աշխատելու համար:
Իսկ առաջին հարկում գտնվող թեյարանում գրքասերները կարող են համատեղել թեյը, սուրճն ու ընթերցանությունը տարվա տաք եղանակներին:
Բացման արարողությանը կմասնակցեն պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտության ու արվեստի գործիչներ, գրողներ, հրատարակիչներ և ընթերցողներ:
ՏԵՂԸ՝ Աբովյան 7՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն,
ԺԱՄԸ՝ 17.00-ից:
Գրատան շենքը՝ (Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն) Երևանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկն է նախագծված ու կառուցված 1929 թվականին՝ Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի եւ Գևորգ Քոչարի նախագծով: Ի սկզբանե այն մշակութային կենտրոն էր, ապա շենքը հանձնվեց օպերայի և բալետի պետական թատրոնին, իսկ 1938-ից այստեղ տեղակայվել է ռուսական դրամատիկական թատրոնը:
«Զանգակ» գրատան նոր մասնաճյուղն արդեն չորրորդն է Երևանում: Կոմիտաս 49/2 հասցեում գտնվող գրատունը բացվել է 2012 թվականին, ապա գրքի տաղավարներ բացվեցին նաև «Դալմա» և «Ռիո» մոլերում: