Ալեքսանդր Գերոնյանը լատվիաբնակ գրող, հրատարակիչ, լրագրող և հանրային գործիչ է, Հայաստանի Գրողների միության անդամ։ Պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» և Հայաստանի Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով։ Տարիներ շարունակ Ռիգայում հրատարակում է «Արարատ» թերթը և «Կռունկ» ամսագիրը։ 12 արձակ ժողովածուի հեղինակ է։ Պատմվածքները ռուսերենից թարգմանվել են լատվիերեն։ Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։
Ծնողներիս՝
Վլադիմիր Արշակովիչի և Գալինա Վասիլևնայի
լուսավոր հիշատակին
Այս պատմությունն ինձ պատմել են Առուշանովկայի բնակիչները, որը Բաքվի կենտրոնական թաղամասերից մեկն էր, այդպես էր կոչվում իր երբեմնի տիրոջ՝ հարուստ հայ Առուշանովի անունով։ Հեղափոխությունից առաջ այդ ճարպիկ վաճառականը քաղաքի ամենամեծ պահեստների տերն էր, որոնք տեղակայված էին (ավելի լավ չէր լինի հնարել) երկաթուղու և ծովային նավահանգիստների միջև։
Վաղուց էր, դեռ պատերազմից առաջ։ Արագ ընդարձակվող քաղաքի փոշոտ փողոցներով դեռ դանդաղ քայլում էին ուղտերը, որոնց զգուշորեն շրջանցում էին բեռնատար ու հազվագյուտ մարդատար մեքենաները։ Խորհրդային իշխանությունը դեռ արմատախիլ չէր արել կրոնական նախապաշարմունքները։ Ռուսները գնում էին իրենց եկեղեցիները, հայերը՝ իրենցը, հրեաներն աղոթում էին սինագոգում։ Մզկիթներն էլ դեռ փակված չէին։ Հատկապես մոլեռանդ շիաները քայլերթեր էին կազմակերպում քաղաքի փողոցներով՝ հավաքելով հետաքրքրասեր ամբոխներ։ Մուհամմեդի խիստ ժառանգները սարսափեցնում էին Բաքվի զգայուն կանանց իրենց տեսքով՝ սպիտակ հանդերձներով ու արյունոտ բծերով։ Երթերն ուղեկցվում էին շղթաներով ու դանակներով ինքնախարազանմամբ՝ մերկ մեջքերին և ռիթմիկ բացականչություններով՝ «Շահսե՜յ, վահսե՜յ»[1]։ Առհասարակ, այն ժամանակվա Բաքուն այլ էր, բոլորովին այլ։
Առուշանովկայի բակերից մեկում՝ Կասպարովյան, Վեզիրովյան, Տեր-Պողոսյան կամ մեկ այլ, հիմա դժվար է հիշել, մի օր հայտնվեց տարօրինակ տեսքով մի տղամարդ։ Նրա տարիքն անորոշ էր, կարելի էր ասել՝ 70, իսկ եթե լողացնել ու կարգի բերել՝ նույնիսկ 40։ Անծանոթի տեսքը ոչ միայն տարօրինակ էր, այլև վանող։ Մաշված ու քրջոտ հագուստ էր հագին, կարծես «Կյանքի ուղեգիր» ֆիլմի հերոսը լիներ, միայն թե՝ ծերացած ու հուսահատված։ Նրա հայացքը բացակա ու անտարբեր էր, այտերը՝ վաղուց չսափրված, ներս էին ընկած ու ծածկված կոշտ մոխրագույն մազերով։ Մեծ քթով ու կուզով՝ նա ակնհայտորեն հայ էր, և բաքվեցիների հիմնական հարցը՝ «Ո՞վ ես ազգությամբ», կարծես ինքնաբերաբար լուծված էր։ Երևի այդ խեղճ օտարը գիտեր, որ եկել է իր ազգակիցների մոտ։ Իրենք չեն վռնդի… Առուշանովկայում հայկական տներն ավելի շատ էին, քան ալյուրի պարկերը, որոնք ամեն առավոտ բեռնաթափում են Գերմանական ջրաղացում։
Անծանոթն իրեն հանգիստ էր պահում։ Բակում մի ընդհանուր ծորակ կար, դրա մոտ, պատի տակ նստած, նա նայում էր իր առջև՝ ոչ ոքի ուշադրություն չդարձնելով։ Մի բան էր մրմնջում, երբեմն էլ՝ ինչ-որ անհասկանալի բան երգում, երբ, երևի, տրամադրությունը լավ էր։ Բայց դա հազվադեպ էր լինում։ Բակում շուտով որոշեցին՝ գիժ է, խելագար, հաստատ Սուրեն Օսիպյանի 40 հասցեից[2] է փախել։
Քաղաքային խելագարները միշտ ինչ-որ բազմազանություն էին բերում շրջապատի կյանքում։ Գիժ Մեսրոպի դեմ (այդպես էին անվանում նրան) կարծես ոչ ոք ոչինչ չուներ։ Հանգիստ էր ու զվարճալի։ Վտանգ չէր ներկայացնում, և Առուշանովկան ընդունեց օտարին, թեև մշտական բնակության հեռանկարներ նա չուներ։ Նրան ոչ ոք ոչ մի ձև չէր վերաբերվում։ Նստած է գետնին՝ թող նստի։ Ինչպես անշունչ առարկա։ Երբ մթնում էր, նա հեռանում էր բակից՝ աստված գիտի ո՛ւր գիշերելու։։
Միայն բակի սրտաշարժ տատիկները՝ Փառանձեմն, Արուսյակն ու Սաթենիկը անմիջապես ճանաչեցին իրենց դժբախտ ազգակցին և գթասրտություն ցուցաբերեցին։ Իրենք՝ մշտապես կարիքավոր և հազիվ ծայրը ծայրին հասցնող (ո՞վ էր Առուշանովկայում հարուստ), միշտ կերակրում էին նրան՝ երբեմն տանից լավաշ էին բերում, երբեմն՝ կուտաբ[3], երբեմն էլ՝ լոլիկ ու վարունգ։
Տատիկներն ամեն կերպ կարեկցում էին նրան։ Թվում էր, թե միայն իրենք գիտեն ինչ-որ գաղտնիք այդ թափառական խելագարի մասին։ Գիտեն, բայց չեն բացահայտում։
–Ա՛յ բաբո՛, ինչի՞ ես գիժ Մեսրոպին էդքան բլիթ տալիս,– զարմացած գոռում էր Սլավիկը՝ Փառանձեմի թոռը՝ տեսնելով, թե ինչպես է տատը դուրս բերում ուտելիքով լի ամանը և գնում իր «հովանավորյալի» կողմը։
– Չէ՛, մատա՛ղ, մի՛ գոռա։ Նա էլ մարդ է, նա էլ ուզում է ուտել։ Քեզ էլ շատ բլիթ եմ թխել։
Բակի մյուս մեծահասակները սկզբում զզվանքով էին նայում անսպասելի հյուրին, հետո սովորեցին։ Սկսեցին նրան ընկալել որպես առարկա, որպես հսկայական ու մաշված բակի ինտերիերի մաս՝ ինչպես գարշահոտ աղբամանները կամ ճյուղավոր թթենին, որի ստվերում ամռանը Մեսրոպը պատսպարվում էր շոգից։ Նույնիսկ բակի շները դադարեցին ուշադրություն դարձնել նրան։ Տղաներին նա զվարճացնում էր իր տեսքով՝ առիթ տալով ծաղրելու։ Բայց ծաղրում էին թուլացած, որովհետև Մեսրոպը չէր արձագանքում, և երեխաները, արագ կորցնելով հետաքրքրությունը, թողնում էին նրան հանգիստ։
Սկզբում Մեսրոպը նյարդայնացնում էր միայն տեղամասային Աբբասովին։ Միլիցիոները երևի անելիք չուներ։ Փոխանակ կարգը պահելու ու գողեր բռնելու՝ սիրում էր շրջել Առուշանովկայում ու միշտ կպչում էր Մեսրոպին։
–Ալա՛, էլի դու էստե՞ղ։ Էլի մուրացկանություն անե՞լ, հա։ Դոկումենտ էլի չունե՞ս…
–Ա՛յ Ադիլ, ինչի՞ ես էդպես խոսում։ Ի՞նչ մուրացկան, մենք ենք հյուրասիրում նրան,– պաշտպանում էին Մեսրոպին բակի տատիկները,– ավելի լավ է՝ գնա՛ թանով խմի, շատ շոգ է։ Լրիվ թաց ես։
–Իհա՛րկե, թաց եմ, էս ի՜նչ շոգ ա, հա՛,– համաձայնվում էր միլիցիոները։ Եվ արդեն ուրիշ տոնով ավելացնում էր առանց պետական շահի հետ կապ ունեցող խոսքեր.
–Նման թանով, ինչպիսին քոնն է, Սաթենի՛կ խանում, ոչ ոք չի պատրաստում էս քաղաքում…
Տեղամասայինին դուրս էին բերում երեք լիտրանոց շիշ՝ թանովով։ Նա հաճույքով խմում էր, ձեռքով սրբում հաստ շուրթերն ու հեռանում իր ծառայողական գործերով։
Հետևից գիժ Մեսրոպը նետում էր անհասկանալի մի արտահայտություն.
– Նանսեն պասպո՛րտ տուր։ Նանսեն պասպո՛րտ…
Շուտով գիժ Մեսրոպի պատմությունը սկսեց պարզվել, խորհրդավորության շղարշը մարում էր…
Մեսրոպը Բաքու էր հասել Թուրքիայից։ Ապրում էր այնտեղ՝ Կարսում, մեծ ընտանիքով, մինչև այն պահը, երբ դժբախտությունը թակեց հայերի դռները։ 1915 թվականին Մեսրոպն ակնթարթորեն կորցրեց հայրական տունը, ազգականներին, և ճակատագիրը նրան տարավ Ռուսաստան՝ Կովկաս, մեծ նավթային քաղաք։ Միայնակ հասավ Ապշերոն՝ մաշված ու հազիվ կենդանի։ Ինչ-որ կերպ ուշքի եկավ, աշխատանք գտավ։ Բեռնատար էր բեռնաթափում, շատ նիհար փախստական ամրակազմ էր։ Այնտեղ՝ երկաթուղային կայարանում, ապրում էր մի վագոնում։ Հենց այնտեղից էլ հայտնվեց Առուշանովկայում, բարեբախտաբար շատ մոտ էր։
«Նանսենի պասպորտը» Առուշանովկայում ոչ ոք իր աչքով չէր տեսել։ Նրա մասին պատմեց ինժեներ Օգանեսովը՝ բակի ամենակարդացած մարդը։ Պարզվեց, որ այդ Նանսեն ազգանունով նորվեգացին հայտնի ճանապարհորդ էր։ Հետո նա՝ Աստծո մարդը, թողեց իր բևեռային արշավները և սկսեց շրջել աշխարհով մեկ ու կոչ անել օգնել հայերին, որոնք զրկվել էին իրենց օթևանից, հայրենիքից։ Ֆրիտյոֆ Նանսենը գլխավորեց հայ փախստականների հայրենադարձության հանձնաժողովը ԽՍՀՄ-ում։ Բնական է, որ շատ փախստականներ ոչ մի փաստաթուղթ չունեին։ Այդպես էլ ծնվեց «Նանսենի պասպորտը», որը հնարավորություն էր տալիս դժբախտներին աշխատանք գտնել, մեկնել երկրից երկիր, ստանալ թեկուզ չնչին սոցիալական օգնություն։
–320 հազար անատոլիական հայեր ստացան այդ Լիգայի պասպորտները,– կարևորությամբ ասում էր ինժեներ Օգանեսովը ՝ վեր բարձրացնելով ցուցամատը,– 320 հազա՜ր…
Անսովոր փաստաթուղթը ճանաչեցին աշխարհի ավելի քան 50 պետություններ։ Բարի գործ էր անում նորվեգացին, Աստված առողջություն տա նրան։ Իսկ գուցե հենց Քրիստո՞սն էր՝ Ֆրիտյոֆ Նանսենի կերպարով, որ հայտնվեց աշխարհին այն ժամանակ Ո՞վ գիտի, ո՞վ գիտի…
Քաջն Նուրի փաշան զբաղվում էր անմեղների սպանությամբ, իսկ Ֆրիտյոֆ Նանսենը փրկում էր նրանց, որոնց ճակատագիրը դեռ կարողացել էր պահպանել։ Ահա այսպես, երկու տարբեր մարդիկ էին ապրում միևնույն ժամանակ։ Տերը շատ տարբեր մարդկանց է ուղարկում երկրի վրա, շա՛տ տարբեր։ Իսկ ինչո՞ւ էր այդպես լինում՝ այդ փիլիսոփայական հարցին անգամ ինժեներ Օգանեսովը, որը կարդացել էր Բրոկհաուզի ու Եֆրոնի հանրագիտարանի բոլոր հատորները, չէր կարող պատասխանել։ Բարին ու չարը միշտ կողք-կողքի են եղել, դարեր շարունակ։
Գիժ Մեսրոպն էլ ուներ այդ հազվագյուտ միջազգային փաստաթղթից, որտեղ նշված էր նրա ազգանունը։ Բայց թե ի՞նչ ազգանուն էր՝ Առուշանովկայի բնակիչներից ոչ ոք այդպես էլ չիմացավ։ Ո՞ւմ էր հետաքրքիր այդ դժբախտի անձնագրային տվյալները…
Խաղաղ էր Կարսից փախած Մեսրոպը, ոչ ոքի չէր խանգարում բակում։ Միայն թե շատ լռակյաց էր։ Սաթենիկին, Փարանձեմին ու Արուսյակին նա միշտ շնորհակալություն էր հայտնում մի բառով՝
– Քույրի՛կ… քույրի՛կ…
Դա և՛ ողջույն էր, և՛ զգացմունքների արտահայտում տատիկների հանդեպ, և՛ եղբայրական սիրո խոստովանություն։ Սաթենիկը վստահեցնում էր, որ նրա աչքերում միշտ արցունքներ կան։ Տխրությունից ու երախտագիտությունից։ Վիրավորանքից, որ չի կարող արժանապատվորեն շնորհակալություն հայտնել իր սպիտակամազ բարերարներին՝ կնճռոտ, բայց այդքան գեղեցիկ դեմքերով։
Ճիշտ է, մի անգամ նա մի քանի բառ փոխանակեց բակի տղամարդկանց հետ։ Բայց այդ խոսքերից նրանք քիչ բան հասկացան։ Հայերը պնդում էին, որ նա հայերեն էր խոսում, բայց «ինչ-որ տարօրինակ, ոչ մեր ձևով»։ Իսկ Առուշանովկայի քիչ թվով թաթարները[4] նրա խոսքում իրենց բառերն ու ինտոնացիաներն էին որսում։ Ի՞նչ հասկանաս՝ ով է նա…
Մեսրոպի հոգում կարծես սպիացել էին կոտորածի ու վտարման վերքերը։ Նա դառնում էր սովորական անսովոր բաքվեցի։ Բայց երեք տարի անց թուրքերը նորից հայտնվեցին այդ դժբախտի ճակատագրում։ Նրանք եկան քաղաք՝ կարծես որոշելով վերջնականապես ոչնչացնել Մեսրոպին՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու իր հայրենի Կարսից։ Կրկին նա տեսավ արյուն, կրկին չար դեմքեր, մորուքով ասկերներ՝ հրացաններով ու դանակներով։ Կրկին՝ աղաղակներ ու օգնության կանչեր։ Վա՛յ, Աստված, ինչո՞ւ համար։ Ի՞նչի համար, Տե՛ր, ինչի՞ համար։
Նուրի՛ փաշա, ա՛յ Նուրի փաշա։ Չա՛ր մարդ ես դու։ Այդ թուրք գեներալը վայրագություններ էր գործում Անատոլիայում՝ 1915 թվականին։ Վարպետ էր նա՝ անզեն գյավուրների դեմ կռվելու մեջ։ Հետո գնաց՝ Կովկասում հայերին վերջնականապես ոչնչացնելու։ Իսկ ի՞նչ վատ բան էին հայերն արել նրան։ Տունը վառե՞լ էին, անասունները գողացե՞լ, կնոջը կամ դստերն անարգե՞լ։ Ո՛չ, ո՛չ մի նման բան։ Պարզապես Նուրի փաշան կարծում էր, որ, սպանելով անհավատներին, նա մեծացնում է իր ազգը, կատարում իր բարձր օսմանյան պարտքը։ 1918-ի աշնանը մտնելով Բաքու՝ նա քաղաքը հանձնեց իր զինվորներին ու տեղացի թուրքերին։ Թույլ տվեց նրանց «տիրություն» անել, ինչպես ուզում են։ Որքա՜ն հայի արյուն թափվեց, որքա՜ն արյուն…
Թուրքերը հեռացան, թվում էր՝ ընդմիշտ։ Եվ նորից ճակատագիրը պահեց Մեսրոպին՝ նա ողջ մնաց, անվնաս, թաքնվելով քաղաքի սահմաններից դուրս՝ Ռազինի քարանձավներում։
Բայց կյանքն այդ դժբախտի համար դրանից հեշտ չդարձավ։ Նա վերջնականապես խելագարվեց։ Բաքու, Տովառնի կայարան այլևս նրան չէին թողնում։ Երկաթուղային ղեկավարությունը որոշեց, որ նա այլևս աշխատող մարդ չէ։ Իսկ ամշարներ[5] վագոններ բեռնաթափելու ու բեռնելու համար հեշտ է գտնել՝ բավական է սուլել, Բաքվի բոլոր ծայրերից կվազեն։
Այսպես Գիժ Մեսրոպը մնաց առանց աշխատանքի։ Այսպես նա սկսեց ավելի հաճախ հայտնվել Առուշանովկայի բակերում՝ ենթագիտակցորեն զգալով, որ այնտեղ գոնե ինչ-որ մեկն ուրախ է իրեն տեսնել։ Չեն վռնդի։ Իսկ ինչո՞ւ վռնդել՝ Աստված վկա, նա անվնաս մարդ էր։ Խաղաղ նստում էր կռթնած՝ իր բարակ, դուրս ցցված ծնկներով։ Սիրում էր հետևել երեխաներին։ Բայց միայն այն ժամանակ, երբ նրանք իրեն չէին կպչում։ Եվ սիրում էր խաղալ տարբեր հիմար խաղեր։ Երեխաների հետ կավից պատրաստում էր թերթեր՝ ինչպես լավաշ, հետո ծայրերը ծալում, դնում ափի մեջ՝ հատակով, և շրջելով՝ նետում ասֆալտին։ Զարկից հետո Մեսրոպը հաղթական ժպտում էր՝ նայելով շուրջը։
Տղաները վաղուց թողել էին նրան հանգիստ։ Բակի աղջիկները՝ գթասիրտ, ինչպես իրենց տատիկները, Մեսրոպին տնից կոնֆետներ էին բերում, որոնք նա շատ էր սիրում։ Ամեն ինչ ընթանում էր խաղաղ ու հանգիստ։ Իսկ ինչպե՞ս պետք է լիներ՝ Առուշանովկայի աղքատ, բայց բարեկամական բակերում։ Աստված պահապան լինի նրան։
Բայց Կարսից եկած անօթևան Մեսրոպը մի վնասակար սովորություն ուներ…
Տարին մեկ անգամ՝ Զատիկին, նա փոխում էր իր սովորական տեղակայումը։ Այդ տեղափոխությունը կողքից տարօրինակ էր թվում։ Նա թաքնվում էր թփերի մեջ՝ թթենիների ետևում, և սպասում՝ երբ երեխաները դուրս կգան տներից ներկված հավկիթներով։
Առուշանովկայի բնակիչները սիրում ու հարգում էին Զատիկը։ «Զատիկը մեր սիրելի տոնն է», – բացատրում էին պապիկներն ու տատիկները։ Ինժեներ Օգանեսովը և ուրիշ գիտակ հայեր ասում էին, որ այդ բառը գալիս է «ազատություն» կամ «ազատվել» բառերից։ «Մեր Քրիստոսն ազատվեց տառապանքից, չարից ու մահից։ Հետո հարություն առավ»։
Զատիկի գալուստը Առուշանովկայում զգացվում էր, երբ տանտիկինները սկսում էին թխել կուլիչներ ու գաթա, հավկիթները ներկել սոխի կեղևով։ Դրանց վրա գրեթե ոչ ոք զարդեր չէր անում։ Իսկ ոսկեգույն երանգ ստանալու համար օգտագործում էին եղեսպակի թուրմը։ Ուրախ բույր էր տարածվում։ Ովքեր ավելի ապահովված էին (իսկ այդպիսիների մատների վրա կարելի էր հաշվել) պատրաստում էին Զատկվա ձուկ, եփում էին բրնձով փլավ՝ չամիչով ու սալորով։
Բուդաղովի եկեղեցում[6] ծառայությունից հետո առուշանովցիները, գեղեցիկ հագնված, վերադառնում էին տուն։
–Քրիստո՛ս հարյավ, – ասում էին մի քանիսը։
–Իսկապե՛ս հարյավ, – պատասխանում էին մյուսները՝ ռուսական ձևով։
Երեխաները հայտնվում էին ներկված հավկիթներով՝ դրանք միմյանց հետ «կռվեցնելու»։ Ով կկոտրի դիմացինի ձուն։ Սովորական օրերին այդպիսի ուտելիքներ չկային։ Հավկիթները մաքրվում էին տեղում ու ուտվում առանց աղի, հացի կամ աղոթքի։
Եվ այդ պահին… Գիժ Մեսրոպը դուրս էր թռչում թաքստոցից, հարձակվում երեխաների վրա՝ առաջացնելով ճիչեր ու արցունքներ։ Նա ոչ ոքի չէր ծեծում, չէր հրում։ Նա պարզապես անողորմ կերպով խլում էր Զատիկի հավկիթները։ Բայց չէր ուտում, այլ կատաղությամբ նետում էր գետնին։ Մտնելով ինչ-որ մոլագար վիճակի մեջ՝ նա ոտքով տրորում էր հավկիթները։ Դեղնուցը, սպիտակուցը և գունավոր կեղևը դառնում էին խառնուրդ՝ հողի ու բակի կենդանիների արտաթորանքի հետ։
Երեխաների լացը չէր դադարում։ Բաց պատուհաններից լսվում էին մեծերի զայրացած ձայները։ Ոմանք դուրս էին գալիս բակ՝ միայն ներքնազգեստով։ Բայց կարսեցի Մեսրոպը կարծես ոչինչ չէր հասկանում։
Նա սկսում էր հառաչել ու անիմաստ գոռալ.
–Չկա՜ Քրիստոս, չկա՜ Աստված։ Մեռա՜վ, լրի՜վ մեռավ։ Հարություն չառա՜վ։ Կարսում բոլորը եկեղեցի էին գնում։ Զատիկը լավ էին նշում։ Աղոթում էին, ծեսեր անում։ Բոլորը հավատում էին նրան, իսկ նա… Ինչո՞ւ չեկավ, երբ թուրքերը բոլորին կոտորում էին։ Ոչ ոքի չփրկեց։ Աստված չկա՜։ Մեռա՜վ, ինչպես իմ մայրիկը, հայրիկը, եղբայր Զարմիկը, քույր Զաբելը, ինչպես բոլոր հայերը Կարսում…
Այդպիսի երկար ու տարօրինակ մենախոսություն արտասանեց գիժ Մեսրոպը։ Նա մեկ տարի չէր խոսել։ Մտածում էին՝ համրացել է։ Բայց չէ՛, խոսել գիտեր և վատ էլ չէր խոսում։ Իսկական ագիտատոր, աթեիստ քարոզիչ։
Հետո նա ուժասպառ եղավ, լռեց ու պառկեց ասֆալտին, աչքերը փակեց, ձեռքը դրեց դեմքին ու քնեց…
Երեխաները շարունակում էին լաց լինել, և՛ հավկիթների համար, և՛ այդ սարսափելի տեսարանին նայելով։ Չէ՞ որ նա միշտ հանգիստ էր, խաղում էր բոլորի հետ, իսկ հիմա՝ այսպիսի անսպասելի բան…
Հանգիստ էին միայն տատիկները՝ Մեսրոպի երեք հովանավորները։ Նրանք խաչակնքում էին։ Երբ Մեսրոպը խոսում էր, Փառանձեմը, Արուսյակն ու Սաթենիկը գրկում էին երեխաներին, փակում ականջները։ Թվում էր՝ ուզում են պաշտպանել նրանց մի սարսափելի ճշմարտությունից։ Թվում էր՝ իրենց գուրգուրանքով ուզում են մեղմել լսածի ցավը, հեռու պահել անծանոթ մեղքից։
Եվ հաջորդ տարի ամեն ինչ կրկնվեց։ Եվ մյուս հաջորդին էլ։ Միգուցե գիժ Մեսրոպը մոռանում էր Նոր տարին, չէր ընտելանում մայիսի 1-ին, նոյեմբերի 7-ին ու մյուս խորհրդային տոներին։ Բայց Զատիկը՝ հայերի գարնանային տոնը, նա հստակ հիշում էր։
364 օր ապրում էր որպես բարի խենթ։ Իսկ Զատիկին պայթում էր։ Ողջ ցավը դուրս էր բերում, ամբողջ վիրավորանքը՝ Քրիստոսի հանդեպ, որը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին թուրքական յաթաղանից։
Առուշանովկայում Զատիկը միշտ ավարտվում էր մանկական արցունքներով։ Արդյոք դա ճի՞շտ էր։ Տոն օրը պետք է հնչի մանկական ծիծաղ…
Երեք տարի շարունակ այդպես էր։ Բայց Կարսից եկած Մեսրոպին ոչ ոք երբեք չմեղադրեց, չսաստեց։
Ձվային այդ վայրագությունից հետո նա հանգստանում էր։ Պառկում էր ասֆալտին, քնատ մրմնջում.
–Քրիստոս հարություն չառավ… Մեռավ, լրի՛վ մեռավ…
…Հաջորդ Զատիկին Մեսրոպը չհասավ։ Նա մահացավ հանգիստ, քնած ժամանակ՝ կայարանի մոտ գտնվող օթևաններից մեկում։ Իսկ ինչպե՞ս, ինչպե՞ս ապրեր մարդը, եթե կորցրել էր հավատը…
2004թ.
Թարգմանությունը՝ Գոար Ռշտունու
[1] Շիաների սգո տոն։
[2] Այնտեղ է գտնվել հոգեբուժարանը։
[3] Բարակ կիսալուսնի ձևով խմորեղեն՝ միջուկով։
[4] Այդպես էին նախկինում անվանում ադրբեջանցիներին։
[5] Ոչ որակավորված բանվորներ Պարսկաստանից։
[6] Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի հայկական տաճարը, կառուցել է վաճառական Ե. Բուդաղովը։
