Զավեն Բեկյան | Պանաթեա

Լուսանկարը՝ Անդին պարբերականի

ՊԱՆԱԹԵԱ

Հորիզո՜նն, ուր հզոր
մարմարն է ճերմակ
բոցկլտում – և ողորկ
ֆասադն Ապարանքի
աստվածությու՜ն է ճառագում ․․․

Երթը, ե՜րթը լուսաճառագ կիսաստվածների կոհորտայի,
որին կենտավրոսների խավար  «այրուձին» է գողունի
ուղեկցում հեռվում ՝ հանց հետապնդում մի ակնդետ։
Մի ա՛յլ տեսակի կենտավրոս են կազմում
Ապոլլոնի տարերքը Երկնքից և
Դիոնիսիոսինը՝ Երկրից, ինչպես
Գոյի ահարկու, բայց օրինաչափ մի միաձույլ պտտահողմ։

Լույսը՝ խավարով գրկված, Խավարը՝ լույսով հմայված –
ինչպես Երկու Սկիզբները՝ սիրո մահճում անզուսպ տրոփող ․․․
Հա՜, հե՛նց ե՜րթը հոգևոր լուսաճակատ այրերի, հանճարի ոգեղեն
թիրսոսները բարձր պահած ընթացող –
նրա՛նք են թեթևացնում բեռը Երկրի, նրա՛նք են
պակասեցնում տառապանքը Ատլասի, այլապես սա կճզմվեր
Ծանրության մթնդած ուժերի ներքո, հանց
խաղողի վազերի կանաչ խնդությունը՝ հեռվից եկող
սև կարկտաբեր ամպերի հանդիման։

Փքու՜ն են շուրթերը նրանց, ամեն մեկի բերանում ՝
մի կիսատ աստվածային ֆրազ, մի կիսատ տերունի «Եղիցի»։
Ահա հելլեն առաջամարտիկը Մտքի,
որ Եվրոպայի ապարանքի հիմքերը դրեց
և մարմար սյուները կոկեց համաշխարհային մշակույթի Պարթենոնի,
ահա և հայը, և պարսիկը, և հինդը արիացի։
Փքուն, փքու՜ն են շուրթերը նրանց՝ օծյալ ազգերի մեծամեծերի –
և դեռ Ապագան կանխագծող ժեստերով լի նրանց ձեռքե՜րը՝
կարկառված Անհայտին դեմհանդիման ․․․

Թո՜ղ ժանտախտ լինի, թո՜ղ մակընթացություն լինի
մթնած ծովածոցերում, ճակատագրի ծծմբահոտ հրվանդաններում ։ –
Չի՛ այլայլվել երբեք արքան՝ Պերիկլեսն իր վերջին խոսքի մեջ նույնիսկ։ –
Եվ հուր-հավիտյան հանճարի ձյունաթույր մարմա՜րը պիտի ճառագի,
ինչպես Զևսը՝ կարապի հանդերձանքով, իր Մեծ Հղացման ահեղ ժամին ․․․

 

* * *

Արցունքը՝ պա՜ղ, ու չէր հոսում,
պապանձվել էր ակնախորքում։
Մնաս բարով էին ասում
երգով կանայք եղերերգու ․․․

Հասուն աստղը վայրի մրգի
կաթուկի պես վիհը ընկավ։
Իսկ այն, որ նոր պիտի ծագեր՝
նո՛ր անունով – լույսով տկար

Երկրի գունդն էր հեռվից տնտղում,
մինչև իջներ աղավնու պես
Ճակատագիրը։ Աղջամուղջ
ծիածան էր հոգուն կապել ․․․

Եվ դողում էր ստվերի մեջ
մոռացումի ահից անունն
հանգուցյալի, որ մերթընդմերթ
կրկներգում էր եղերերգուն ․․․

Մի հավք ճըթթաց, թավուտներում
մի հով լռվեց ու խաղաղվեց։
Դեռ՝ մշուշում ՝ մեղք ու ներում,-
նործագ աստղը փշաքաղվեց ․․․

 

ԱԳՆՈՍՏԻՑԻԶՄ

Մենք արշավախմբի մեջ էինք փառաբանված
ճանապարհորդ Կուկի, որ գիտեր չորս ծագերը աշխարհի՝
հինգ մատի պես, թեև՝ միայն ըստ մի հին քարտեզի, և
կողմնացույցից այնքան է՛լ գլուխ չէր հանում։
Շարժվում էինք առաջ ջունգլիներով, մաչետեներով
հատելով ոստերի անանցանելի սարդոստայնը, հարվածելով
կրքոտ՝ ինչպես ուսուցչի քանոնը՝ տգիտություն մարմնավորող
մի աշակերտի մատներին։ Առյուծների գոռոցներ էին լսվում
վերստերի հեռուներից,- Կուկը թերահավատորեն պնդում էր,
թե դրանք նույն հաջողությամբ կարող են ամպրոպների
որոտի ձայներ լինել – և որ գիտությունը վստահ չէ այդ հարցում։
Մեծամողեսների անհայտ տեսակներ էին դուրս սողոսկում
ճահիճների խորքերից – Կուկը պնդում էր, որ դրանք
կարող են կոկորդիլոսներ լինել, բայց նույն հաջողությամբ՝
նաև ուրվական հոգիները ճահճահեղձ ճանապարհորդների՝
մեզնից առաջ այստեղ եղած։ Ցերեկ էր, թվում էր բավականաչափ
առատ է լույսը, բայց գնում էինք գրեթե խարխափելով,
շոշափելով պատերը մեր գիտելիք- ցնորքների։ Ինչ-որ բան
ճողփում էր մռայլ՝ հադեսական Ստիքսի պես դավադիր, բայց
Կուկը՝ կշռադատող տոնով՝ ասում էր, որ դա նույն հաջողությամբ
կարող է լինել և հեծեծանքը հեռավոր մի տորնադոյի, որ անչափ
նման էր նաև դժոխքի դարպասների դարերով չյուղած
ծխնիների աղմուկին։ Այդպես մենք երկյուղած
շոշափում էինք աշխարհը՝ խլուրդաքայլ ընթանալով։
Մի կեսգիշերի / թեև արդեն, ճիշտն ասած, գիշերն ու ցերեկն է՛լ
դժվարությամբ էինք զանազանում իրարից /, մի կեսգիշերի
հուսահատ մի հառաչ լսեցինք թավուտներից, որ նման էր
մարող հողմի ձայնի, թեև նույն հաջողությամբ կարող էր և
հանկարծ անհետացած Կուկի վերջին ողբալի հոգոցը
լինել ՝ բնիկների կողմից ողջ-ողջ հոշոտվելուց առաջ ․․․

 

ԴԱՐՁ

Եվ ահա սույլը սամումների
մեր աչքերը ավազ լցրեց, չոր
խշրտոցը կակտուսների՝ մեր ունկերը։
Բարխաններ՝ անթերի վիրկապի՞, թե
բեդվինի գլխի փաթթոցի պես մանվածապատ,
լուսնի՝ ձկան յուղ ծորացող դեղահաբի ներքո –
անսահմա՜ն։ Որտե՞ղ աղոթելու մի վայր, որտե՞ղ
ծնկելու մի փոքրիկ տեղ, որ վերհիշենք
անապատի փորձությանց մեջ անդրդվելի
մեր Տիրոջը։ – Մենք կլսե՞նք վերստին
Իր Խոսքը, դեռ մեր ունկերը ունա՞կ են
փակվելու դատարկաբանության ընդդեմ, դեռ մեր
հոգիներում բավականաչափ կենդանի ջու՞ր կա
ամայության մեջ մի փոքրիկ օազիս դեռևս
մնալու համար․․․ Եվ երբ անեզրական խորքերից
պտտահողմի պես իջնող պտտվող դերվիշ
Ոմնը թե իջնի՝ պոեզիայի վարդը ձեռքին՝
ի մատուցանումն,մենք դեռ ի զորու՞ ենք
այն վերցնելու և թերթ առ թերթ նորոգվելու
Իրենով – այժմ և հավիտյանս հավիտենից ․․․

 

ՋՐԱՀԵՂՁԻ ԵՐԳԸ

Եվ ի՞նչ անենք այս ջրերի մեջ,
երբ ամենուր պղտորություն է –
և խորքերից դեպի վերև նայելիս
Տապանի հատակը դեռ չի երևում։
Ջրահեղձը հույսի ի՞նչ ջրիմուռներից բռնի,
մինչև որ Մեկը քայլի ջրերի վրայով,
թողնելով փրկության ծածկագիրն
Իր ոտնահետքերի ․․․

Համակերպվել, երբ շուրջը
խռիկավորներն անկապ խռխռում են,
կակղամորթները գալիս-քսվում են անպարկեշտ,
լուսատուները նեոնային լույսով աչք են կուրացնում,
խեցեվորների մեջ ոչ մի մարգարիտ չկա,
ութոտնուկները անթացուպով են քարշ գալիս,
դելֆինները քոչել են դելփյան պատգամախոսի մոտ՝
մի բան իմանալու հույսով, շնաձկները շնանում են՝
ատամներից կախված մի փորոտիք ծամելով,
մեդուզաները կծում են անհայացք գորգոնի պես,
ձկնկուլները խռնվել են վերևում հարպիաների նման ․․․

Իբր թե այս ամենը դեռ քիչ է՝
մի ժանգոտ սուզանավ է հեռվից հռնդալով գալիս,
մահաբեր շորորալով, մանևրելով ջրերի մեջ։
Եվ այսպես ապրելը գնալով նման է դառնում
մի ջրահարսի
անհույս սիրահարվելուն,
որ խոսում է միայն ձկներեն,-
ու իրենից բան չես հասկանում ․․․

 

ՓԱԶԼ

Կայծոռիկնե՜րը՝ ցնցուղով
երկնքի անմոռուկին ցփնած –
նկատի ունենք աստղերը։
Ամռան անմոռուկ պատկեր։

Շուն, լուսին, լուսնահաչ – միասին՝
դուետը բորբոք հուլիսի։
Ձայն տուր, հիացի՜ր, ճչա՛ –
ամառը խուլ է, չի լսում։

Ամառը գորտերին է լսում։
Լճակի ափերին պպզած
գորտերը սերտում են մանրուսում,
որ խազագրեն իրենք իրենց։

Լուսնից՝ կաթնուկ ու սոսինձ,
կպչուն լույս՝ մածուցիկ-հոսանուտ։
Որտե՞ղ է իմ տեղն այս հանդեսի
պատկերում։ Ահ, քունս է տանում ․․․

 

* * *

Ես մի ամպ տեսա՝
ամբողջովին
ճառագուն աչքերով լի՝
ողկույզ կապած ։–

Ո՜վ դու ամպիկ քերովբեական,
որ Սիրո անձրև ես ճառագում
անապատական ամայուտների վրա ․․․

Նա՝ Անցորդը,-
ես ժպտա՜ցի Նրան,
ասես վայրի վարդը՝
փշերի միջից,
արտասվաթոր-ցողաթաթախ․․․
Ախ, որքա՜ն թեթև են
արցունքները ներվածի ․․․

Ախ, որքա՜ն թեթև են
արցունքները զղջման,
Մարիա՜մ Մագդաղենացի,
որ ցնդում են, ինչպես
ցողը՝ մանուշակից ․․․

Ախ, սրբազան հպու՜մ
ոտնլվայի ․․․
Յու՜ղ թափեալ
Տիրոջ գիսակներին ․․․
Երանությու՜ն, երբ
Նա է ներում ․․․

 

ԻՄ ՀԻՆ ՁԵՌՔԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Հաշվե՞լ ես՝
քանի տարի ես դաստակս գրկել։
Ժամանակի հո՜ղմը,
որ արշավում է քո սլաքների՝
ինչպես հողմաղացի թևերի՝ վրա,
իսկ աղացած ճերմակ ալյուրն
իմ գլխի՜ն է մաղվում ՝ մազերիս,
եղու՜կ ․․․

Մեծերը՝ մեծ ժամացույցները տնային,
ուրիշ են – նրանք լու՛ռ չեն տանում
ժամանակի գրոհը, պատասխանում են
վեճով, որ տըկտըկոց ենք համարում։
Դու դա անաղմուկ ես տանում ՝ համակերպված,
միայն թե ժամանակի լափլիզող հոսքից
պատյանիդ նիկելն է թափվել։ – Ոչի՜նչ,
իմ ՝ մազերը, քո էլ՝ նիկելը ․․․

 

ԱԴԱՄԱՄՈՒԹ

Ողջ գիշեր անցել
ընդլուսնյա ամայուտներով՝
կաթնավաճա՜ռն է եկել՝
անարատ կաթի
քառսուն զույգ պուլիկ
գրաստներին բարձած ․․․

Եվ ծփու՜մ է կաթնալույսը
պուլիկների մեջ, և
պուլիկնե՜րն են վընգում ՝
առ մոտալուտ հեղումն ․․․

Կաթնավաճա՜ռ, դու զգու՜յշ մնա,
հիմա կհայտնվե՜ն
ցերեկվա կտրիճ
տղաները՝ պարսատիկով,
որ պուլիկներդ ջարդեն,
որ կաթնալու՜յս հեղեն,
կաթնավաճա՜ռ ․․․
Արդե՛ն։

 

ԱՅԱ ՍՈՖԻԱ

Եվ առևանգված
Եվրոպայի դիմաց՝
որպես փոխհատուցում,
Արևելքը
այս գեղուհուն գողացավ
չորս մինարեթ
եղջյուրների վրա,
ազանի շղարշ հագցրեց։-
Բայց տակից
գեղուհու ճակատի
զարդոսկիներն են զընգում,
միևնույնն է,-
և ոչ ոք ի զորու չէ սաստել
իր ձայնն արծաթե ․․․

 

ՄԱՅՐԱՄՈՒՏ

Եվ քառատրոփ սլացած
ու շեղբերի շեղ ցոլքերից
շփոթահար, կույր – շլացած
ցուլեր եկան այսահարված,
որ այս տիկը պոզահարեն։
Իսկ ցլամարտիկի սուսերը՝
վեր շպրտված՝ դարձավ լուսի՜ն ․․․

Հե՜յ, խոցել է ցլամարտիկը,
հե՜յ, պատռվել է լի տիկը –
ու հեղվու՜մ է բոսոր գինին։
Մայրմտոցը անու՜շ լինի
մեր հայացքին, մեր աչքերին ․․․

Քաջալերա՜նք աղջիկներին
այն, որ մութն են նուրբ գործելու,
որ նինջ իջնի դաշտին հուշիկ
ու խաղաղիկ ձայնանշանն
այն երկնային քերականի –
ի ծավալմա՜նն շարականի ․․․

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔ

Քաղաքն, ահա,
տարածության
տարտամ ծովում ՝
կորալային խութ ամեհի
քարակուտակ – կղզիացյալ
կապտառագաստ
քամիների
ճանապարհին։
Եվ անխարիսխ
լուսնի մահիկ՝
նավանման
ճոճվող սահուն
փրփրամպերում։
Լույսե՜ր ներհուն՝
տարտղնված
ձկնկիթի
նման դեղին,
ու ձկան յուղ՝
լապտերասյան
տակ՝ լճակում։
Տարաժամի
հավքն է ճչում։
Քաղաքը՝ ծով
քարեղեն, հի՜ն,
կապտառագաստ
քամիների
ճանապարհին։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *