Զավեն Բեկյան | Համբարձումներ

ԱԳՌԱՎՆԵՐԸ

Հեռո՜ւ- հեռավոր
Իսպանիայից, գուցե հենց
դուենդեի սև խորքից
սևազգեստ թռած,
մահվան մարմարիոնե
ելուստների վրա`
ասես խարտաքարի
վրա հղկած
ակնագնդերով ածխաբոց, –
թռա՜ն – եկան մի օր,
այցի եկան ինձ
Սինայի լեռան
քարանձավներից
մեկն, ուր ճգնում էի –
ու կերակրեցի՜ն ինձ
սնունդով հոգեկան*
(երբ որ ո’չ հացիվ
էի ապրում ես…):

Հիմա երբ ուզում եմ
քար նետել սրանց վրա`
կռռոցի վրա իրենց
իմաստուն-դեկարտյան,
վերոշարադրյալ դույն
հո՜ւշն է արգելում ինձ…

* Ըստ ավանդության Սինայի լեռան քարանձավներից մեկում ճգնող հայտնի մարգարեներից մեկին ագռավներն են կերակրել:


ԱՎԻՍԱԳԱ

Հեյ վա՜խ, Դավիթ արքա…
Ամռան տապ գիշերներին,
երբ արևից շիկացած
ապարանքի տանիքի վրա
թափառում էիր որձ կատվի պես`
ինչ է, թե վերևից տեսնեիր մի տեղ
Բերսաբեի մարմինը` ցայվելիս…

Իսկ հիմա՜,
երբ հոգիդ այլևս հրեշտակների հետ է
ղունղունում` հարդարելով թևերը –
և գնացկա՜ն է վաղուց, ճանապարհորդ…
Եվ ցուրտն է զնգում ծեր
ոսկորներիդ մեջ, բայց անհագ մի հագագ
ուզում է դեռևս երկրի ծիլը համտեսել…

Եվ դու, պարմանի Ավիսագա՛,
ծեր արքային փաթաթված`
բաղեղի պես – դու երկրի՞ց ես, թե երկնքից,
որ իր քնարի միջնակ լարի պե՜ս ես զնգում
ու կարկաչո՜ւմ ես ինչպես սաղմոս…

 

***
Ահա և
Լեթան`
գետն Ինքնա –
մոռացության:
Քարոնը`
վարձն ստացած
(երկու
պղնձադրամ ):

Ճողփում են
թիերը, փոքրիկ
ցայտերով ցրվում է
հիշողությունը
հին «Ես»-ի,
և -դատարկ մի
նոր տիկ`
նոր գինու համար –
դեպի
հեռվում շառագունող
Վերամարմնավորման
Հորիզոննե՜րը լուրթ…

 

ԱՄՊԸ

Եկած ամպրոպեղեն, հեռվական ճամփով դու,
գնացկան ո՜վ դու ամպ, գնացկան ա՜մպ ով դու –
որտեղի՞ց ես գալիս և ու՞ր ես գնում, ուր…
Շուրջերկրյայի ասպե՜տ, Մագելանի հոգի՛ն
գուցե (ինչ-որ անմիտ թող քեզ համարի ջուր…):

Ե՜ս եմ, քո տեսիլքով հմայված այն տղեկը,
Էլի՛ մանկան աչքով քո սահքը գուրգուրող,-
և ո՛չ հանց եղանակ հետազոտող մեկը,
ով որ մի կողմ դրած… ամոթն իր, մեղկորեն
ժանեկահյուս … վարտիքդ է ներքևից աչքում…

Գալիս-անցնում ես դու` մի՜նչև մայրմտոցի
դարպասները կարմիր, երբ լրվում է օրը:-
Շառագունում ես դու մայր արևի ծոցին
մանկան նման սիրող, որ գգվում է մորը…
Թաքուն մի ամպ էլ` ե՜ս կյանքում պահմտոցի…

 

ՓԵԹԱԿԸ

Ոլորտն ընտիր Կարգի,
նուրբ թևերի խաղով՝
հարուցումը մեսսայի․․․

Իսկ մթության խորքում
մեղրն է փայլատակում ՝
հանց լռության ոսկին։

Այս է ասում խոսքը։-
Եվ դեռ կգա տերը
և կըծխահարի – և
մշուշների միջից
մեզ հետ Ա՛յն կխոսի․․․

Վարից վեր է հոսում։
Այդպես՝ մեր բաժի՜նը
ամբարներին վերին․․․

 

ՀՈՄՈՍԻՆԹԵԶ

Թեև չեմ տեսնում
խնձորի կլոր
տիեզերքի մեջ
ճառագող կորիզների
համաստեղությունը,
բայց զգում եմ աճը․․․

Լույսը ներծծվում է
տերևի մեջ –
ու ծնվում-կանաչում է
քլորոֆիլ։

Աստծո միտքը սուզվում է
իմ էության մեջ –
և արարչությունն է
շարունակվում․․․

 

 

***

Եվ ժամանակը ՝
լուսարարը Հավերժի,
որ շրջում է համաստեղությունից-համաստեղություն,
վառում ու մարում կերոնները աստղերի․․․

Նույն ինքն է՝
փոքրավորի պես,
նաև իջնում Երկրի զոհասեղաններին,
հսկում մարխերը հրաբուխների,
տնտղում մոմերը մարմինների,
սփռում-տարտղնում կայծերը հոգիների
և կամ հոգիների շողքն է հանում վերև՝
դեպի տերունական լուսադարան․․․

Լու՛յս լույսերի, կրա՛կ կրակների, փա՛յլ փայլերի,
սկի՛զբ բռնկումների, պահապա՛ն անթեղի, հո՛ղմ մոխիրների,
ժողովո՛ղ ցրվածի, ցրո՛ղ կուտակվածի, քամհա՛ր գոյության
կալերի – խնամի՜ր ինձ, խնամի՜ր աշխարհը, օ լե՜ր բարեխնամ․․․

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆԵՐ

Հողի մեջ ապրում է մի բան,
որ երկա՜ր թափառումներից հետո
թակում է դուռը արմատի,
որ գնա՜- ծաղկի ճյուղերին․․․

Ջրերում ապրում է մի բան,
որ անվե՜րջ հոսելուց հետո
բռնում է ճամփան երկնքի՝
ամպ դառնա, նայի աշխարհքին․․․

Կրակի մեջ ապրում է մի բան,
որ երկա՜ր մըլմըլալուց՝
երկար մտորելուց հետո,
դառնում ծուխ՝ գնում է երկինք․․․

Օդում խլվլում է մի բան,
որ հանկարծ՝ պոռթկուն մի պահի,
դառնում է հրեղեն մի ուղերձ՝
շանթեղեն, ուղղված Անհայտին․․․

Եվ մեր մեջ՝ որ տարրերն ենք քառյակ,
ուղիղ կյանքաչափ մի ժամանակ,
մի բան է պտղում, որ համբառնա
ու գնա, մի տեղ լու՜յս դառնա․․․

 

ՀՈՂՄԸ

Ի՞նչ վիհերով ես անցել
ու ի՞նչ անձավներ ես մտել․․․
Այդ ի՞նչ ես ճամփեքին քո տեսել,
որ հիմա հեկեկում ես այսպես․․․

Կուզեի անտես քո գետում
խեղդել տագնապս անհեթեթ․․․
Որտեղի՞ց եկանք և ու՞ր ենք
ընկնելու – երկուսս էլ չգիտենք․․․

Իբրև աքսորյալ ետ եկած՝
ընկի՜ր իմ գիրկն ու հեկեկա ,
աստանդակա՜նս, հո՜ղմ իմ –
ու թող մեզ Տերը ողորմեա․․․

11․ 09․ 2019թ․

 

* * *

Միայնակ մի նավակ՝
տարուբերվող ահա
թխպոտ նոյեմբերի
ծովախորշում,-

և առագաստ լցնող
բոլո՜ր քամիներն են
շրջանցում ինձ ու
ինձնից խորշում․․․

Հորիզոնում շանթը
գծում է որոտով
անըմբռնելի
ինչ-որ նշան։

Իմ վրա նույնիսկ
հաչում է վերևից
համաստեղությունը
Կատաղած Շան․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *