Հարութ Կբեյան | Զևսը

Զեւսս հեղափոխական հոգի ուներ։ Ու հենց էդ հեղափոխական հոգին էր, որ խեղճի հերը անիծեց։ Որ էդ՝ հեղափոխական հոգին, չլիներ մի երկու տարի ավել կապրեր, ու գոնե կտեսներ թե ոնց ա լինում սեպտեմբեր ամսին էնքան ցուրտ, որ մարդիկ վերարկու են հագնում, ձեռնոց ու գլխարկ դնում։ Իսկ հունվարին ձյուն չի գալիս ու ձմեռ պապը սահնակի փոխարեն ֆայտոնով ա Էրեւան մտնում։
Բայց դե շան համար տասհինգ, տասվեց տարին էնքան էլ ջահել տարիք չի։
Մենակ էն եմ ափսոսում, որ Զեւսս տենց էլ ձագեր չունեցավ ու իրա տեսակը չշարունակվեց։ Էդ հլը մինչեւ ինձ հասնելը, մինչեւ մեր շունը դառնալն էր եղել, որ սրա հին տերերը, մեր դասարանի Վահանենց ընտանիքը, Զեւսին մի օր՝ երկու, թե երեք տարեկանում, տարել էին անասնաբուժի, ու էս էլ ասել էր, որ շունը ինչ որ հիվանդություն ունի ու պետք ա սրա ձվերը կտրել։ Չգիտեմ էդ ինչ հիվանդություն ա, որ շների ձվերի մեջ ա լինում, բայց ամեն անգամ որ հիշում եմ անկախ ինձանից սենց մի տեսակ եմ լինում, կծկվում եմ ու ուզում եմ պպզել։ Նենց, ոնց որ առաջին անգամ հայաթում, երբ յոթ տարեկան էինք ու ֆուտբոլ էինք խաղում, էն մեր կողքի շենքի Հովոն, որի մականունը Տռան Պլոր էր, գնդակով նենց բզեց գոլերին, որ հենա-հենա կրվելու էինք, եթե ես ձվերովս մեր դարպասները չփրկեի։ Լավ, էս Զեւսիս հետ կապ չունի։

Հա, էն էլ ասեմ, որ էդ խեղճ անասունի անունը ես չէի Զեւս դրել, շանը տենց անուն դնելու համար կամ պետք ա այլասերված լինես կամ քոքված քաղքենի, իսկ այ Վահանենց ընտանիքը, ավելի շուտ Վահանի մաման՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի տիկին Ջեմման հենց տենց խորը՝ քոքված քաղքենի էր։
Ու թքած թե էդ խեղճը հեչ էլ Զեւս չէր։ Ոչ ինչ որ մի ազնվական շուն էր ոչ էլ, ավչարկայի ու փողոցային բոզի թուլա էր, որ հորից ժառանգել էր գերմանական խարիզման ու տնգված ականջները, իսկ մորից կարճ ոտերը, բջությունն ու շատ առողջ ստամոքսը, ինչ ուտում էր մարսում էր։ Չկար քարից փափուկ նենց բան որ Զեւսը կերած ու մարսած չլիներ, ինչ կար չկար աղում էր։ Մի օր մեր շենքի էլեկտրիկը ասեց, – Էս շունը նենց ա աղում խառը-մառը բաներ ոնց որ ստամոքսում թուրքական մետլախ ա շարած ու մի հատ տռապ ա դրած։

Մի խոսքով, էն մութ ու ցուրտ տարիներին, որ կար երկու տարբերակ կամ մնալ ու մանումենտի սադն ու Լենինի հատորները վառարանում վառել, ու մեկ էլ խոպանի ճամփեն բռնելն էր, մեր դասարանի Վահանենք ընտանիքով հավաքվեցին, վերմակ դոշակ կապեցին եզների մեջքներին ու գնացին դեպի պայծառ ապագա, որի աստղը փայլում էր հյուսիսում։ Ու էն օրը, որ վերջի անգամ ես ու Վահանը իրանց տան կրիշին նստած, մեր թաղի Թութունի սեղանիկից առած Բավարյա պիվան էինք ծվցնում, էս Զեւսը կողքներս նստած, մեզանից բեթար դարդլամիշ դեմքով արդեն սփյուռքալաց էր դրել ու նենց էր նայում Արարատին կարծես վերջին անգամ էր տեսնում։ Ու հենց էդ ժամանակ էր, որ Վահանին հարցրեցի թե էդ հայվանին ինչ են անելու։ Վահանն էլ ասեց, որ հոպարը գալու ա տանի գյուղ։
Վահանենք հաջորդ գիշեր գնալու էին։

Հաջորդ օրը՝ գիշերը տենց տասներկուսի կողմերը կլիներ, մեր տան դուռը ծեծեցին։ Բացեցի, տեսնեմ Վահանն ա։ Ասեց բա թե հոպարը չի կարողանում գյուղից հասնի քաղաք, բենզինը, որ լցրել ա մեքենան ջրի հետ խառնած ա էղել ու մատոռը խեղդել ա, ու հիմա ճամփին ա մնացել, նենց որ ասում էր, որ Զեւսին պահեմ մոտս մինչեւ հաջորդ օրը հոպարը գա տանի։ Զեւսը կողքը խելոք նստած էր։ Նայեցի Զեւսին մի տեսակ թերահավատորեն, Վահանն էլ միանգամից հասկացավ հայացքիցս որ հեչ մտադրություն չունեմ դրան ներս թողնելու ու միանգամից ասեց, որ շատ ակուրատնի շուն ա, ահավոր մաքրասեր ա ու կյանքում իրան ավելորդ բաներ թույլ չի տա։ Ճիշտ ա էն ժամանակ ես տենց էլ չհասկացա թե ինչ ա նշանակում ավելորդ բաներ, բայց Վահանի խոսքերը վրաս ազդեցին ու սուս ու փուս, էն վատ դերասանների նման ուսերով, ու գլխով նենց մի շարժում արեցի իբր.- լավ, թող մնա։
Վահանի հետ պաչպչվեցինք ու գնաց։ Դռներից էս կողմ՝ տան մեջ, ես էի, էն կողմը Զեւսն էր։ Հետո, արդեն տարիներ անց, նկատեցի, որ էս աֆերիստը, երբ ուզում էր որ իրան հավատաին, կամ վստահեին, հորից ժառանգած ցից ականջները նենց էր տնգացնում, որ դառնում էր սուր ականջներով մի հատ շատ խարիզմատիկ ու վստահելի դեմք, ոնց որ էն ամերիկյան քառակուսի ժպիտներով կերպարները, որ տնային տնտեսուհիներին, հեռուստաէկրաններից լվացքի փոշի էին ծախում։ Ու հենց էդ ցից տնգցրած ականջներով էլ տարիներ անց Զեւսը հենա-հենա խաբում էր մեր թաղի կեսին, երբ որոշեց, որ պետք ա ավագանու անդամ դառնա ու քարոզչական պլակատների վրա հենց էդ դեմքով էլ նկարվել էր Երեւանի ու Արարատի ֆոնին։
Էդ օրը Զեւսը նենց նայեց վրաս, ոնց  որ ուզում էր ասեր,- ես քո հետ մնացողը չեմ, մի գիշեր ա, հետո արդեն հոպարը ինձ կտանի։
Զեւսին ներս թողեցի։
Սեփական տանը մեծացած շունը նենց մի կոկիկ մտավ բազմահարկ շենքի բնակարան, որ ես զարմացել էի։ Մտավ ներս ու ուղիղ գծով գնաց կանգնեց բաց բալկոնի դռան մոտ։ Մոտեցա ու բացեցի դուռը։ Դուրս եկավ բալկոն ու մի անկյունում տեղավորվեց նենց, ոնց որ էդ անկյունը իրան էր սպասում։

Հետո կարծեմ շաբաթից ավել էր անցել, բայց Վահանի հոպարը չէր գալիս։ Էդ ընթացքում ես ու մեր ողջ ընտանիքը Զեւսին էնքան էինք կապվել, որ մաման նույնիսկ մտածում էր Զեւսի անունը փոխելու մասին։ Ասում էր, որ սրան հեչ չի սազում Զեւս անունը, ավելի ոչ հավակնոտ ու մի քիչ էլ ծիծաղելի անուն ա պետք դնել, ասենք Բոբիկ, կամ Ջեկո։ Բայց երբ մաման համարձակվեց կատակով Ջեկո կանչել Զեւսին, էս նենց կատաղեց, որ սկսեց մի ձենի վայրենավարի հաչալ։ Առաջին անգամ էի տեսնում նրա սուր, սպիտակ ատամները, որոնց արանքից նույնիսկ փրփուրենր էին թափվում։

Շատ տարիներ հետո ես Զեւսի էդ վայրենի հաչոցն ու  սուր, սպիտակ ատամները մեկ էլ տեսա էն ժամանակ, երբ վերջնական քաղաքական հասունացումից հետո Զեւսը սկսեց մասնակցել տարբեր ժամանակների ընդդիմությունների հանրահավաքներին ու կատաղած հաչում էր. իննսունվեցին Լեւոն հեռացիր, երկու հազար չորսի ապրիլին՝ Ռոբերտ հեռացիր, իսկ արդեն երկու հազար ութին գոռալու էր Սերժիկ հեռացիր։

Զեւսը մնաց մեզ մոտ։ Ես էլ էի նրան արդեն հարմարվել էնքան, որ ամեն առավոտ արդեն զարթուցիչի փոխարեն արթնանում էի էն աղմուկից, որ Զեւսը քերծում էր բալկոնի դուռն ու ստիպված ելնում բացում էի, որ գնար դուրս ու քաքուշ-մաքուշ աներ, հետո էլ բակում էս ու են ծառի տակ շռմռելով գծում էր իր օլիմպոսի սահմանները։

Մի երկու շաբաթ հետո, ինչ Զեւսն արդեն մեզ մոտ էր,  ցերեկվա մի ժամի դուռը ծեծեց մի ջահել տղա։ Գլխի քառակուսի կառուցվածքից  ու նեղ ճակատից գլխի ընկա որ Վահանի հորեղբոր տղան ա։ Ասեց որ եկել ա Զեւսի հետեւից։ Հարցին թե ուր ա հոպարը, ասեց, որ բռնել ու տարել են Ղարաբաղ, ու էդ գործերով են խառը եղել, դրա համար էլ չեն կարողացել գալ շան հետեւից։ Իսկ հիմա եկել էր Զեւսին տաներ։ Բայց Զեւսը հենց որ սրան տեսավ միանգամից վնգստալով փախավ ու մտավ խոհանոցի թախտի տակ։ Ինչ արեցինք դուրս չեկավ։ Հետո, որ արդեն նստած Վահանի հորոխպոր տղու հետ կոֆե էինք խմում էս Զեւսը հարմարացրեց ու սրա ոտը թախտի տակից թեթեւ՝ նախազգուշական կծեց։ Եւրեւի հենց էդ օրն էր որ Զեւսը դառավ մեզանից մեկը, մեր ընտանիքի անդամն ու մեր բարեկամը։ Ճիշտ ա, որ ուզեի կարաի բռնեի ու տաի էն տղի ձեռը որ տաներ, բայց որ խոհանոցից մի պահ դուրս եկա տեսա որ մաման աչքերը լցրած նստած ա հյուրասենյակում, հասկացա որ Զեւսը մեր տնից մեկ էլ դուրս կգա էն ժամանակ որ նալերը տնգի։

Էդ տարիներին մեր տանը Զեւսի ամենահարազատ մարդը դարձել էր մաման։ Դե պապան առավոտից գործի էր, ես ու քուրս էլ դասի։ Մաման առավոտ շուտ մեզ բոլորիս ճամփում էր ու սկսում էր մի պրոցես, որ կոչվում էր սերիալամանիա։ Ու նույնիսկ էն ժամանակ որ լույս չէր լինում միշտ կար մի նենց հարեւան, որ լեվի լույս էր ունենում։ Ու երբ որ էդ մասին իմանում էր հարեւանությունը էս խեղճը անկախ իրանից դառնում էր հարեւանության գերին։ Եթե մերժեր մասսայական ուխտագնացությունն իր տուն ասենք Սանտա Բարբարայի ժամին, ապա կդառնար ողջ թաղի աչքի գրողը, դրա համար էլ նույիսկ էն հղփացած հարեւանուհիներ, որ դատախազ-դատավորի, կամ ասենք ինչ որ ջոջ մլիցու կնիկ էին, ու որոնց տուն հազարից մի հարեւան էր մտած լինում ուզած չուզած բացում էին իրենց ամրոցի դռները, որ վաղը մյուս որ չդառնային հասարակական թուք ու մրի ու արհամարհանքի առարկա։ Մաման էնքան էր կապվել Կելլիին ու Սիսիին, ու իր սերն էլ փոխանցել Զեւսին, որ ողջ օրը սերիալներով էին ապրում ինքն ու Զեւսը։ Ու մաման Զեւսին հետը հարեւանների տներ էլ էր տանում սերիալ նայելու, ու երբ որ հերթական անգամ հերոսը քնում էր կնոջ քրոջ կամ եղբոր հետ, ու ողջ ազգը աչքերը լցրած կարեկցում էր խեղճին, Զեւսը նույնպես արտասվում էր։
Բայց մի օր պապան տուն գալուց լսել էր թե պուզատի հարեւաններից մեկը ոնց էր ընկերոջը խանութում բողոքել որ.- ամեն տեսակ բոշա հարեւանները, ծաղկավոր խալաթներ հագած սաղ օրը իրանց տանը թափած սերիալ նայում։
Էդ օրը պապան տուն եկավ ահավոր կատաղած, մամայի հետ մեր ներկայությամբ առաջին անգամ ուժեղ կռիվ արեց ու  հերիք չի արգելեց հարեւանների տանը սերիալ նայել, հլը մի բան էլ վերցրեց հեռուստացույցն ու տարավ գցեց կողքի կիսատ մնացած ստրոյկայի փոսը։

Մաման պապայի հետ մի շաբաթից ավել չէր խոսում։ Ճաշ սարքում էր, բայց ինքն ու Զեւսը մեր հետ  սեղան չէին նստում, առանձին էին ուտում։
Հետո  մի օր մենք նկատեցինք, որ մաման իրա սերիալային քաղցը հագեցնում էր  ընթերցանությամբ։ Մի օր տեսա, որ մաման Տոլստոյի Պատերազմ եւ Խաղաղությունն  ա կարդում։ Հետո մի օր, որ շուտ էի տուն եկել, տեսա որ մաման բալկոնում նստած գիրքը կարդում ա բարձրաձայն, նենց որ Զեւսն էլ լսի։
Էդ տարիներին մաման ու Զեւսը կարդացին ողջ համաշխարհային գրականությունը, այսինքն էն ինչ որ կար հայերեն թարգմանված նախ մեր տանը, հետո էլ Իսահակյանի գրադարանում։ Մաման ասում էր որ Զեւսը հատկապես արկածային գրականություն էր սիրում, Ժյուլ Վեռնի Խորհրդավոր Կղզին ու Վախթանգ Անանյանի Սեւանի Ափին նրա սիրած գրքերն էին։ Հետո արդեն տարիներ անց Զեւսի գրական ճաշակը սկսեց դառնալ ավելի ու ավելի քմահաճ։ Դոստաեւսկու Ոճիր եւ Պատիժը, ապա եւ Բուլգակովի Վարպետն ու Մարգարիտան նա այնքան էր գնահատում, որ արդեն ինքնուրույն կարող էր գրապահարանից հանել ու ատամների արանքում սեղմած մամային մոտենար նորից վերընթերցելու ցանկությամբ։ Իսկ այ օրինակ Մարկեսի Հարյուր Տարվա Մենությունը մաման կարդաց եթե սուտ չասեմ մի վեց անգամ, ու կարդաց իրար հետեից։ Բայց էդ տարիներին մամայի զոբը սկսեց սրվել, ու մաման դժվարանում էր բարձրաձայն կարդալ։ Հենց էդ տարի ես պատրաստվում էի քննությունների ու սեպտեմբերին լիկվիդ էի հանձնելու փիլիսոփայությունը։ Ու ամառային մի օր, երբ նստած բալկոնում կարդում էի Պլատոնի Պոլիտիկան, հայտնվեց Զեւսը։ Եկավ նստեց դիմացս ու բազմանշանակ նայելով աչքերիս, տնգեց  ականջներն ու հաչաց։ Պարզ էր թե ինչ ա ուզում, ու ես սկսեցի բարձրաձայն կարդալ։ Հետո արդեն, քննությոնները գերազանց հանձնելուց հետո ես հասկացա, որ պարտական եմ Զեւսին, քանի որ երբ բարձրաձայն կարդում էի ու ինքս իմ ձայնն էլ լսում էի կողքից, էն ամենը ինչ որ պետք էր էնքան հեշտ էր ուղեղս մտնում որ էլ կյանքում հնարավոր չէր մոռանալ։
Ու տենց բարձրաձայն քննություններին պատրաստվելով ես ինստիտուտս ավարտեցի։ Ավարտեցի կարմիր դիպլոմով, ու որ տուն մտա առաջինը Զեւսին գրկեցի ու պաչեցի։ Էդ նույն ժամանակ էլ ես գնացի ծառայելու ու պաշտպանելու հայրենի սահմանները։ Արդեն բանակում էի որ մի օր իմացա որ պապային գործից հանել են, կրճատել են, ու պապան փաստորեն միակ բանը որ անում էր առավոտից երեկո էդ թերթ կարդալն էր։ Ճիշտ ա մամայի ու պապայի լարվածության սառույցը կոտրվել էր, ու պապան իրա գործի տեղի հին, սեւ ու սպիտակ հեռուստացույցը տուն էր բերել, ու հովհարային անջատումներն էլ մի քիչ ավելի մարդկային էին դարձել, բայց սերիալային բումը մամայի համար անցել էր։ Ու եդ ժամանակ Զեւսի ինֆորմացիայի պակասը լրացնում էր արդեն պապան, որ ողջ օրը նստած Երկիր ու Ազգ էր կարդում։ Հետո Երկիրը փակեցին ու մնաց Ազգը։ Եդ ժամանակ էր որ պապան կատակով ասում էր թե ում ա պետք ազգը որ երկիր չունի։

Էն երկու տարին, որ ես բանակում խաշած ցորեն ու գոմեշի տուշոնկա էի ուտում անցան շատ դանդաղ։ Նույն ժամանակ քաղաքում ինչ որ բաներ էին կատարվում որի մասին մեզ, ծառայողներիս մենակ ինչ որ կցկտուր լուրեր էին հասնում։
Իննսունվեցի ընտրություններից մի որոշ ժամանակ անց ինձ զորացրեցին։ Ու որ տուն եկա իմացա որ Զեւսն արդեն սկսել ա հեղափոխական դրսեւորումներ ցուցաբերել։
Հանրահավաքներից մեկին պապան գնացել էր Զեւսի հետ, ու հանրահավաքը Զեւսին նենց էր դուր եկել, որ հաջորդ բոլոր օրերին պապային ստիպել էր գնալ ու գոռալ Լեւոն հեռացիր։ Ու նույնիսկ էն օրը, որ պապան հիվանդ էր եղել, ու տանից դուրս չէր եկել, երբ հարեւանուհին եկել էր մերոնցից պարտքով ձու վերցնելու, էս Զեւսը արանքը ճղել ու դուրս էր թռել։ Հետո արդեն հեռուստացույցով մերոնք ու մեր ծանոթները տեսել էին թե ոնց ա էդ շունը ԱԺ-ի ճաղերը քանդող ժողովրդի կողքը կանգնած հաչացել ու շախ տվել։
Մաման հետո ասում էր, որ էդ ժամանակ մտածել ա որ ուր որ ա պապայի հետեւից գալու են, որովհետեւ գոնե մեր թաղերում բոլորն էլ Զեւսին ճանաչում էին ու գիտեին ում դռան շունն ա, ու պապան էլ նենց մի բարի պտուղ չէր հարեւանների հետ հարաբերություններում, պետք եկած տեղը բոլորին էլ չորում էր։ Ու ինչ-ինչ, բայց ստուկաչները մեր թաղերում քիչ չէին։ Բայց պապայի հետեւից տենց էլ չէին եկել։
Հետո արդեն էս վերջերս էր կարծեմ, մի օր ինչ որ արխիվ էին ցույց տալիս ու ես տեսա ողորմածիկ Զեւսին, որ կանգնած ԱԺ-ի ճաղերի մոտ ոչ թե հաչում այլ երգում էր, ավելի շուտ ինչ որ ազատագրական հեղափոխական ռեպ էր հաչում ու ընդդիմադիրներին ոգեւորում։

Մի խոսքով երկու տարի ստամոքսս փչացնելուց ու հավատս մարդկության հանդեպ վերջնական կորցնելուց հետո ես տուն վերադարձա։
Որ տուն մտա ու Զեւսին տեսա, մի տեսակ տռզած, վրեն լիքը միս, միանգամից պատկերացրեցի թե մեր վաշտի Արթիկցի Գագուլիկը սրանից ինչ ընտիր խորոված կաներ։ Էդ մտքից ահավոր ամաչեցի, էդ նույնն ա որ փոքր ժամանակ, երբ ինչ որ մեկի տատը կամ պապը մեռնում էր, ու որ առաջին անգամ էիր նման երեւույթի մասին իմանում մի տեսակ նախանձում էիր ընկերոջդ, որ իրա պապը մեռել ա ու ուզում էիր դու էլ հայտնվեիր նույն վիճակում, լինեիր նման ուշադրության կենտրոնում։
Բանակից հետո մի երկու ամիս քնեցի ու կերա։ Ուտում է ու քնում, քնում էի ու ուտում։
Հետո որ մի քիչ արդեն մարդանման դառա, որ արդեն տանը ընտանիքի հետ նստած էինք լինում ու արդեն չէի վախենում խոսել նենց որ հանկարծ չսայթաքեի ու խոսքի մեջ քվուր չանեի, ու որ արդեն բավական կշտացել էի ու հայվան Զեւսը արդեն ոչ թե մսացու էր այլ ընտանիքի անդամ, հասկացա թե ինչքան վատ ենք մենք ապրում։ Պապան արդեն մի երկու տարի չէր աշխատում, ու եթե քեռիներս Ամերիկայից փող չուղարկեին ապա մերոնք չգիտեմ ինչ պետք ա անեին։ Պապան ոչ թե չէր ուզում աշխատեր, այլ գործ չկար որ աշխատեր։ Քույրս պատմեց,  առաջին մի երկու ամիսը իրանք չեն էլ իմացել որ պապան անգործ ա, որ պապային կրճատել են։ Պապան երկու ամիս շարունակ ամեն առավոտ թրաշվել, հագնվել ու տանից դուրս ա եկել, իբր գործի։ Հետո արդեն մերոնք իմացել են, որ էդ երկու ամիսը պապան ինչքան դուռ կա ծեծել ա որ գործ գտնի, բայց ոչ մի գործ էլ չի գտել։ Մաման գլխի ա ընկել ու մի առավոտ, երբ պապան իբր գործի գնալուց ա եղել պապային մենակ մի նախադասություն  ասել.- քեզ մի տանջի, ավելի լավ ա մնա տանը էս ծորակը սարքի, մի ամիս ա ջուրը չռում ա, էսօր ով գործ ունի որ դու քեզ տենց տանջում էս։
Ու պապան մնացել էր տանը։ Ու տենց կամաց կամաց ասած իրա դառել էր դամաշնիկ, կամ դիվանագետ, դիվանից էն կողմ տեղ չէր գնում։

Ու հիմա ես էլ էի սկսել գործ ման գալ։ Բայց դե իմ մասնագիտությունը էն ժամանակ ոչ մեկին էլ պետք չէր։ Դրա համար էլ յոլլա էի գնում պատահական գործերով։

Երեւի մի քանի ամիս արդեն անցել էր, որ բանակից արդեն եկել էի, ու մի երեկո, երբ բոլորով տանն էինք  Զեւսը առաջին անգամ բարձրաձայն խոսք ասեց։
Շատ երկար ժամանակ նստած անթարթ նայում էր մի կետի, հետո տեղից կանգնեց ու մոտենալով պապային ասեց. – Շուտով մեծ փոփոխություններ էն լինելու։
Էն որ Զեւսը կխոսեր մարդավարի մեզ էդքան չզարմացրեց ու հետագայում էլ երբեք քննարկման նյութ չդարձավ։ Մենք բոլորս էլ վստահ էինք որ Զեւսը ցանկության դեպքում կերգի էլ։ Մեզ ավելի շատ մահոգեցին նրա խոսքերը։ Ու երբ Զեւսը էդ խոսքերը ասելուց հետո գնաց բալկոն, մենք բոլորս զարմացած՝ հարցական հայացքներով իրար էինք նայում։  Մաման շատ էր անհանգստացել, ասեց տեսնես ինչ ա եղել։ Ես էլ անհանգստացա, բայց էդ ժամանակ պապան իրան հատուկ անտարբերությամբ ասաց, որ տեսել ա թե էսօր ցերեկը Զեւսը բակում մի քանի րոպե շփվել ա էն եհովայի վկա Մարետենց պառավ պուդելի հետ։
Մաման դրանից հետո ոնց որ թե մի քիչ հանգստացավ, բայց ես չհավատացի էդ տարբերակին, մանավանդ, որ Զեւսը հերիք չի էդ տարիքում չէր որ ինչ որ մեկի, էն էլ էդ քյաֆթառ ու անգրագետ որձ պուդելի խելքին ընկներ (որնց կարա  պուդելը որձ լինի), ու հետո Զեւսը շատ զարգացած շուն էր, ու էնքան կայացած իրա դիրքորոշումներում, որ դժվար թե ինչ որ եհովայի վկա ուղեղը ուտեր։ Էդ տարիներին մեր թաղի վերջի մոդան աղանդավորներն էին։ Ով չէր ալարում աղանդավոր էր դառնում։ Ու ամեն մեկը էդ աղանդից իրա փայը պոկում էր։ Մեկը կշտանում էր յեղ ու բրինձով, մեկ ուրիշը հոգեւոր մանանայով։ Ու ասեմ որ էդքան էլ հեշտ չէր դրանց դեմն առնելը։ Երբ պապան իմացավ, որ մեր հարեւանուհիներից մեկը էդ տեսակ աղանդավորական խմբի մեջ ա, մամային արգելեց դրան նույնիսկ բարեւ տալ։ Անկեղծ կարամ ասեմ, որ էն ժամանակ ես նույնիսկ մի երկու անգամ ներքուստ ընդվզել եմ պապայի դեսպոտության դեմ, բայց պապայի ասած մի հատ արտահայտությունը. – Էսի ոչ հավատացյալ ա ոչ էլ, էսի հոգով բոզ ա, հետո ապացուցվեց, էն ժամանակ, երբ էս մեր հարեւանուհին մի օր հիսունականից դառավ Դեմերճյանի կուսակցության անդամ, հետո հանրապետական ու մի օր էլ դառավ համատիրություն ու էդ էն նույն ընտրությունների ժամանակ էր, որ Զեւսն էլ էր մասնակցում ավագանու ընտրություններին։ Ու էս մեր հարեւանուհին էդ ժամանակ ինչ որ մեկի ախրաննիկների թայֆով, ու սրանք էլ իրանց դոբեռմաններով ու ռոտֆելլեռներով եկան Զեւսին հենց փողոցում՝ օրը ցերեկով գզզեցին, նստեցին սեւ մեծ ջիպերն ու հեռացան։  Էդ ժամանակ էր, որ Զեւսի ականջը էդ մարդակեր շներից մեկը կծել էր,  ճիշտ նենց ոնց որ հետո տեսանք թե ոնց Թայսոնը կծեց Հոլիֆիլդի ականջը հենց ռինգում, երրորդ թե չորրոդ ռաունդում, երբ հասկացավ որ դիմացինը իրանից ուժեղ ա։

Բայց էդ օրը, որ Զեւսը ասեց ինչ որ մեծ փոփոխություններ էն լինելու, մենք բոլորս արդեն հասկացանք, որ էս տղուն ռոմանտիզմը տարել ա։ Պապան մի երկու օր մտածելուց հետո մամային հարցրեց թե ինչ գրքեր ա կարդացել Զեւսի մոտ բարձրաձայն ու մաման պատասխանեց, որ քաղաքական առումով իրա կարդացած գրքերի մեջ մենակ Ռոբին Հուդն ա եղել մեկ էլ Դոն Կիշոտը, ու պապային ասեց որ ավելի լավ կլինի ինքը հիշի թե արդեն քանի տարի ա ամեն առավոտ Զեւսի ներկայությամբ թերթ կարդում։ Հետո պապան հիշեց իմ քննությունների մասին ու ասեց որ ես էմ տնաքանդը։

Զեւսի խոսքից մի քանի ամիս հետո եկավ 99-ի հոկտեմբերը։
Զեւսը խորը դեպրեսիայի մեջ էր։ Ու դեպրեսիայի պատճառն էն էր որ ինքն էլ չէր հասկանում թե ինչ ա կատարվում։ Ու դրանից հետո երկար ժամանակ ոչ մեկ տենց էլ չհասկացավ թե ինչ ա կատարվում, ու էսօր էլ շատերը չեն հասկացել թե ինչ կատարվեց։

Անցավ մի որոշ ժամանակ մինչեւ Զեւսս խելքի եկավ։ Խելքի գալն էլ էն էր որ մի օր Զեւսը առավոտյան պապայի հետ հերթական զբոսանքից վերադարձավ, փակվեց իրա բալկոնում ու երեկոյան դուրս գալով բոլորիս հայտարարեց որ սենց չի կարելի շաունակել, որ պետք ա գործել, որ մենք բոլորս մեր անգործությամբ նպաստում ենք նրան որ թալանեն ու ավիրեն էս երկիրը։
Զեւսը իրա միտքը ձեւակերպելուց հետո գնաց պառկեց իրա տեղն ու քնեց, իսկ մաման պապային թարս նայեց ու ասեց. – Էս էլ քո առավոտյան մարզանքի խերը։
Ինչի առավոտյան մարզանքի, որովհետեւ պապան արդեն մի կես տարի կլիներ ծխելը թարգել էր ու ամեն առավոտ գնում էր Մանումենտի սադ վազելու։ Բայց դե վազելն էլ էն էր որ թաղի ինտիլիգենցիայով հավաքվում ու գյալաջի էին անում։ Ինչ տեսակ մարդ ասես չէր հավաքվում։ Էլ նախկին կոմունիստներ, էլ նախկին ցեխավիկներ, ռեյսավիկ շոֆեռներ, կաշառակեր դասախոսներ, զորացրված գրողներ եւ այլն։ Ու պատկերացրեք, որ Զեւսը ամեն առավոտ լսում էր էս բոլորի խոսքերը, քննարկումներ, ու էդ ամբողջ գյալաջին, որի ունկնդիրն էր եղել մի վեց ամիս թողել էր իրա նստվածքը։
Պապան հեչ էլ չջղայնացավ, մենակ մի բան ասեց. – Իսկը Սլավիկի տեքստերն էն։ Ասեց ու քթի տակ ծիծաղեց։ Իսկ մաման շարունակում էր անհանգստանալ։ Բայց էդ անհանգստությունը երկար չէր տեւելու, որովհետեւ նույն էդ ժամանակահատվածում մեր տուն եկան խոսքկապի ու քուրս կեսդրույք նշանվեց նալոգվիում աշխատող Գուգոյի հետ։

Գուգոն վատ տղա չէր, ճիշտ ժամանակին ավարտել էր պոլիտեխնիկը, ծառայել էր ու հետո գործի էր անցել ներքին գործերի պահպանության բաժնում։ Հետո իրա թեթեւ շուստրիությամբ սովորական պագոնավոր պահակից դարձել էր հարկային տեսուչ, ու մի քանի ամսում նենց թափով էր ոտի կանգնել որ էլ չասած։ Ու որ արդեն որոշել էր որ ամուսնանալու ժամանակն ա, ճակատագրիը՝ նրա հորաքրոջ աղջկա տեսքով, նրան ծանոթացրել էր լավագույն ընկերուհու հետ, որն էլ իմ հարազատ ու մինուճար քույրն էր։
Մի խոսքով մի երեկո Գուգոն, իրա քարտաշ հերը, տնային տնտեսուհի մերը ու քյառթու ախպերը, որ խոսքկապի ողջ ընթացքում մնաց արեւային ակնոցով ու մի ձեռքով ողջ երեկո խաղում էր  սեւ վերնաշապիկի վերսաչի ոսկեկար օձիքի հետ, եկան մեր տուն քրոջս ուզելու։
Բայց էդ ամենը կարեւոր չի, կարեւորն էն ա, որ մեր Զեւսը սրանց ողջ ազգուտակը չսիրեց, ու էդ փաստը քույրս շատ տխուր ընդունեց։ Ու երբ երեկոյան Զեւսին հարցրեցին թե ինչ ա մտածում մեր փեսի մասին, մենակ մի բան ասեց. – Ձեր աղջկան տվիք անսիրտ ու անհոգի ստամոքսի։
Պապան մի լավ ուրախացավ, գոնե արտաքնապես, իսկ մաման արցունքակալած աչքերով գնաց խոհանոց ափսեները լվանալու ու ողջ էն ընթացքում որ ափսե էր լվացել լաց էր եղել ու երեւի կեսն էլ իր արցունքներով էր լվացել։
Ես որ տեսա թե մաման ոնց  ա լացելով գնում խոհանոց նեղվեցի ու մի թեթեւ ճտցրեցի Զեւսի վզին։ Զեւս թարս նայեց ինձ, բայց հասկացավ որ բլթցրել ա, գոնե մամայի ներկայությամբ չարժեր որ տենց բան ասեր, ու սկսեց անկապ անկապ դուրս տալ. – Բայց դե լավ տղա ա, կարեւորը ընտանիքը հարգի, սիրի, նվիրված լինի։ Բայց մաման արդեն գնացել էր խոհանոց ու ամանները լվանալու ջուրն էլ բացել էր, ու դժվար թե լսեր թե ինչ ա ասում Զեւսը։ Ու մենք տղերքով հասկացանք որ Զեւսը էշ-էշ դուրս ա տալիս, ու էդ ժամանակ Զեւսը ասեց, – կարեւորը լավ որսորդ լինի, երեխեքին հասցնի։

Գարունը շատ հանգիստ եկավ։ Երեւի բոլորն էլ հանգիստ էին բացի ինձանից, որ ղզղնած ընգել էի փողոցները ու փոխանակ գործ ման գաի աննպատակ ու անիմաստ ընկնում էի աղջկերքի հետեւից, որոնք հիմնականում դինամո էին դուրս գալիս։
Զեւսի դեպրեսիան, որ եղավ  հոկտեմբերի 27-ից հետո թողեց, ու էդ գարուն նրան արդեն սկսել էին ուրիշ բաներ հետաքրքրել, ու էդ տարի, էդ գարուն ամենաակտուալ թեման դառավ էն, որ մայիսի սկզբներին իմ ապագա փեսան, որ արդեն համարյա ամեն երեկո մեր տանը վեր էր ընկած, իմ համար գործ գտավ։
Գործը վատ գործ չէր, իրա ինչ որ ծանոթի օբյեկտում պետք ա բարմեն աշխատեի։ Վատ օբյեկտ չէր, լավ էլ վճարում էին, ամեն դեպքում ինձ էր տենց թվում թե լավ էն վճարում մինչեւ էն օրը, որ մի քանի շաբաթ աշխատելուց հետո հասկացա թե լեվի գործ անելու դեպքում ինչքան փող կաշխատեմ։ Լեվի կոֆե էի ծախում ու արդեն ամեն օր աշխատում էի էնքան ինչքան որ ինձ տալիս էին ամեն ամիս։
Մի խոսքով գործի էի անցել ու Զեւսը աչքիս տակից մի տեսակ դուրս էր մնացել։ Էդ էն նույն տարին էր, որ սկսեցի մեծ ու արագ տեմպերով գրեթե ամեն օր զբաղվել հասարակական չարիքի ոչնչացմամբ, ինչը օղին էր։ Բայց Զեւսիս լավ էի նայում։ Շաբաթը մեկ Զեւսի համար կանսերվա Չապպի էի առնում, մեկ-մեկ էլ էն խռթխռթան ուտելիքից։ Բայց մի օր բացեցի կլադովկայի դուռը, որ ատվյորտկա վերցնեմ ու տեսա որ իմ առած շան կերի մեծ մասը իրար վրա սիրուն դասավորած դրած ա դարակներից մեկում։ Մաման ասեց որ Զեւսը չի հավանել էդ կերը, որ նախընտրում ա մամայի սարքած սպասն ու ամառային տոլման։ Զեւսից նեղացա, գնացի բալկոն տեսնեմ ականջակալները ականջներին ռուսական ռոկ ա լսում, կարծեմ էդ տարի Ցոյ էր լսում։ Հետը մի լավ կռիվ արեցի, նեղացա, որ տենց ա վերաբերվում իմ ուշադրությանը։ Էս էլ լկտիաբար ասեց, որ ինքը իմ գերին չի, ու ես չեմ որ պետք ա որոշեմ թե ինքը ինչ պետք ա ուտի։ Էդ պահին հենա-հենա ուզում էի էդ թուլին ծեծեի, բայց ինձ մի կերպ զսպեցի ու գնացի։
Մի երկու օր հետո ինչ որ առիթով էլի բացեցի կլադովկայի դուռն ու տեսա որ ոչ մի շան կեր չի մնացել։ Մտածեցի որ ղամմազը վերջը խելքի ա էկել, բայց  չէ, մաման ասեց որ պապան տարել ու դրանք սաղ տվել ա էն մեր թաղի խանութի Էդիկ ձաձային որ ծախեն իրանց ապրանքի հետ։
Մի շաբաթ հետո պապան Չապպիներից ու էլի յեսիմինչերից ծախած փողով նոր հեռուստացույց առավ, իսկ մի երկու օր հետո էլ քրոջս հարսանիքն էր։
Չասեմ թե ինչքան ոռի անցավ իմ մինուճար քրոջ հարսանիքը։ Մենակ ասեմ թե ինչ մասսա էր հավաքված ու դուք պատկերացրեք։ Նախ էս մեր փեսի բարեկամությունը, մեկը մեկից անմակարդակ ու ասած պապայի բոշա, հետո որ ավելի վատ էր էդ մեր փեսու կոլեկտիվն էր ու աշխատանքային ընկերները։ Անսիրտ ու անհոգի ստամոքսներ, ասած Զեւսի, որոնց կյանքի միակ նպատակիը ուրիշի ջեբը ուդոյով մտնելն էր, ու մենակ էն եմ հիշում, որ մի պահ դուրս էի եկել բակում ծխելու ու սրանք ընկերներով կանգնած գլուխ էին գովում թէ ով ինչ օբյեկտ ա մտել ու ոնց ա տիրոջից էսքան կամ էնքան պոկել։ Հետո պարզվեց որ մեկը մտել ա էն մեկի օբյեկտը ու սկսեցին հարաբերություններ պարզել, հասավ նրան, որ հենա-հենա իրար մորթում էին մինչեւ որ լուրը հասավ սրանց ինչ որ մանր շեֆի ու էս եկավ ու արդարաբար բաժանեց իրանց ռայոնի բոլոր օբյեկտները։
Մի խոսքով ոռի հարսանիք էր։ Ու հետո որ տուն հասանք ու Զեւսը հարցրեց թե ոնց անցավ, մաման լացելով մտավ ննջասենյակ։

Ես առաջվա նման շարունակում էի բարմեն աշխատել։ Էղածը մի բան չէր, սուրճ էի դնում։ Սկզբում ամենաշատը չէի սիրում ցերեկվա ժամերը, որ հիմնականում անցնում էին ինչ որ շատ դանդաղ ու շատ անհետաքրքիր։ Բայց հետզհետե դրանք ինձ սկսեցին դուր գալ։ Նախ պատճառն էն էր, որ հանգիստ կարողանում էի երբեմն նստել, հետո նաեւ էն, որ ցերեկային ժամերին շատ էին լինում ինչ որ գործնական հանդիպումներ, որոնց ժամանակ տարբեր մարդիկ ինչ որ բաներ էին քննարկում։ Անկախ ինձանից ես էդ բոլոր խոսակցություններին ականջ էի դնում ու լսում թե մարդիկ ինչ նոր ապրանքներ էն պատրաստվում ներկրել, որտեղ էն ներդնում իրանց փողերը, ինչ գործեր էն բռնում ու որտեղ էն քաշվում։ Ու հենց նման խոսակցություններ լսելուց կարճ ժամանակ անց ես դարձա յանիմ բիզնեսմեն, բայց մաման ինձ մեկ ա ասում էր չարչի, իսկ պապան տենց էլ կյանքում չհագավ էն սվիտրը որ ես մյուս ապրանքների հետ հատուկ իրա համար ութանասուն դոլլարով առել էի Ստամբուլի Բենետոնից։ Մի խոսքով ես դարձա առեւտրական ու մի քանի տարբեր յառմռկաներում տոչկաներ կային որ ինձանից պարբերաբար ապրանք էին վերցնում ու գումարի կեսն էլ քեշ էին փակվում։
Իսկ թե նույն էդ ընթացքում ինչ էր անում Զեւսը աստված գիտի։ Մեանկ էն գիտեմ որ Զեւսի ինքնակրթությունը շարունակվում էր։ Մեր տան եղած չեղած գրքերը մաշելուց հետո, այգում ամեն առավոտ տարբեր տեսակ թոշակառուների մեկը մեկից փայլուն մտքերը անգիր անելուց ու մարսելու հետո Զեւսի համար մենակ մի բան կար որ լրացնում էր նրա ինքնակրթության պաշարները։
Էն ժամանակ, որ նոր էի սկսում առեւտրականի դաժան գործը, ինձ թվում էր մի քանի ամիսից լիմուզին եմ ունենալու ու սեփական օֆիս, բայց ոչ մեկը եղավ ոչ մյուսը։ Մենակ մի բան, արանքում ընկերս հասցրես սաղացնել վրես իրա երկու ամիս օգտագործած պենտյում 3-ը, իրբ կես գնով տվեց ինձ։ Ես էլ որոշեցի որ սրանից հետո հաշվապահությունս էդ կոմպով եմ անելու, բայց տենց էլ չարեցի, ամեն ինչ մնաց թղթի վրա, թե մաքուր հաշվապահությունը ու թե էն որ սեւով էր արվում։
Բայց էդ կոմպից երկու հոգի կային որ հնարավոր ամեն տեսակ օգուտ քաղեցին։ Նախ պապան մի երկու ամիս մուկը շարժել սովորելուց հետո սկսեց, ասած իրա՝ ամեն իրիկուն Գարի Գասպարովին սեւերով կզցնել։ Հետո արդեն համակարգիչն, ու որ ավելի կարեւոր ա, ինտերնետը հայտնաբերեց Զեւսը։ Մի տարում կարդաց էն ինչ լցրած էր lib.ru-ում հետո անցավ yanko-ին ու տենց զարգացավ էնքան մինչեւ որ բացեց իրա բլոգը։
Էդ նույն տարիներին էր, որ ես հայտվեցի Գերմանաիայում, փախստականների ճամբարում։ Իրականում ոչ էլ ուզում էի ուրիշ մի երկրում ապրեի, բայց իմ գործերը շատ վատ էին ու ընկերներիցս մեկը ասեց, որ էդ ճամբարում թուրքերն ու քրդերը խանութներից ցրած ֆիրմա թանկանոց ապրանք էն էժանով բրդում, ես էլ գնացի ու լռվեցի։ Դէ գործի մեջ ես ու ընկերս էինք, ինքը չէր կարա գնար, կինը էն ժամանակ հեսա-հեսա ծննդաբերելու էր։ Ապրանքը առնում էի քրդերից ու թուրքերից ու ուղարկում Երեւան որ ծախեն։ Էդ նույն ժամանակ էր, որ իմ կյանքում կարծես երկրորդ անգամ բացահայտեցի Զեւսին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկսենցինք իրար նամակներ գրել։ Սկզբում շարքային կենցաղային նամակներ էին, որ լիքն էին հարց ու պատասխանից տնեցիների առողջության թեմաներով, բայց հետզհետե ես տեսա թե ինչ ա դառել Զեւսը, երբ սկսեց բացել իրա սիրտը։ Զեւսիս քաղաքական միտքը ու կորպորատիվ քաղաքացու կեցվածքը, (ի դեպ էս բառակապակցությունը էս վերջերս եմ սովորել), շատ բարձր մակարդակի էին հասել։ Մի խոսքով հենց էդ ժամանակ էր, որ ես իմացա, որ Զեւսը որոշել ա մասնակցի ավագանու ընտրություններին։ Իրա հիմնական նպատակն էն էր, որ քայլ այլ քայլ, դասական ժողովրդավարական ճանապարհով մտնի քաղաքականություն, ու սկսի իր գործը տեղական ինքնակառավարման մարմիններում, էս կարճ մեջբերում էր իր իսկ խոսքերից։

Էն բոլոր դեպքերը, որ հաջորդեցին Զեւսի ընտրություններին, էն թե ոնց եկան ու Զեւսի վրա պարապացրած ախրաննիկ ռոտֆելլեռներ բաց թողեցին, էն թե ինչ անասելի աղմուկ հանեց էդ ամեն ինչից ընդիմադրիր մամուլը ու թե ոնց դրանից զայրացած հայրս սրտի նոպա տարավ, ես արդեն իմանում էի փախստականների  ճամբարում նստած։ Ու մինչ ես իմ խաչագող չարչիի կյանքով փորձում էի հանձնվել Գերմանիայի իշխանություններին, մեր տանը մեկը մեկի հետեւից հետաքրքիր իրադարձնություններ էին կատարվում։ Ու շատ անգամ Զեւսի հետ կապված նորությունները մի տեսակ սմքում էին էն նորության համեմատ, որ քույրս տղա էր ունեցել, ու հիմա ես սիրառատ քեռու դերում քրդերի ու թուրքերի ցրած ապրանքների մեջից նաեւ մանակական հագուստ ու խաղալիքներ էի վերցնում։
Արդեն 2008-ի ձմեռն էր, ու ես Գերմանիայի կառավարությունից ապրելու ու աշխատելու իրավունք էի ստացել։ Մի քանի ամիս առաջ էլ ծանոթացել էի ուզբեկի ու վրացու խառնուրդ Թամունայի հետ ու որոշել էինք ամուսնանալ։ Էդ հեչ էլ հաշվարկով ամուսնություն չէր, Թամունան էլ ինձ պես փախստական էր ու իմ հետ նույն ժամանակ էր ապրելու ու աշխատելու իրավունքը ստացել։ 2008-ի փետրվարի վերջին ես ու Թամունան եկանք Երեւան։ Եկել էինք որ մերոնց հետ ծանոթացնեմ, բայց բացի էդ կար մի բան էլ որ ինձ պետք էր, էդ հորական պապուս երկրորդ համաշխարահայինի ժամանակ գերմանիայում գերի լինելու փաստաթուղթն էր։ Էդ փաստաթուղթը ինձ օգնելու էր որ մի քիչ առաջ գցեր քաղաքացիություն ստանալու գործերը։ Երբ սկայփով հերթական անգամ հորս հետ խոսելուց ասեցի էդ մասին ու խնդրեցի, որ հոպարին հարցնի պապիի էդ դակումնետների մասին, հերս ինձ կյանքում առաջին անգամ քրֆեց, – Հո դու գյոթ չէս,- ասեց ու դրանից հետո ես իրան էլ էդ մասին ոչ մի բան չասեցի։

2008-ի փետրվարին ես ու Թամունան իջանք Զվարթնոց։ Ես արդեն գիտեի որ ստեղ նենց բաներ էն կատարվում, որ ժողովուրդը երկու խմբի ա բաժանված։ Դեռ օդանավակայան չիջած կողքներս նստած մի տարիքով մարդ սաղ ճամփին քրֆում էր իշխանություններին ու ասում էր թե ինչքան կարեւոր ա որ Լյովը, այսինքն Տեր-Պետրոսյանը պրեզիդենտ դառնա։ Իսկ հետո արդեն տաքսու վարորդը իրա գործին ասեմ, թե շրջապատին հատուկ բառապաշարով Լյովին ինչ ասես չասեց։ – Էլի լավ ա, ապրում ենք մեր համար գոնե խախանդ, մի օրվա հացի փող ա  առնում ենք, ինչ ա էկել քոռ անտերը ու իրա հավայի հաչացող շների հետ նորից վլաստ ա ուզում, միլիոններ են պրծել, թե ջոկել էն որ վախտին քիչ էն կերել։
Էս ամենը ինչքան էլ տարօրինակ էր իմ համար, բայց մի տեսակ հասկանալի էր։ Բայց որ եկա ու տեսա որ իմ ընկերներն էլ էն երկու բանակի բաժանվել արդեն ես էլ սկսեցի մտածել։
Բայց մտածելու ժամանակ չկար։ Էկած չեկած ընկա հայկական ավանդական հյուրասիրության գերի դառա, հատկապես որ մենակ չէի եկել։ Տանը առանձնապես մեծ փոփոխություններ չկային, եթե չհաշվենք էն, որ մաման ու պապան մի տեսակ ծերացել էին։ Տանը մի քանի նոր կենցաղային իր էր ավելացել ու մի հատ էլ կալյասկա, որով պապան քրոջս մեր տանը էղած ժամանակ թոռանը հանում էր այգում ման տալու։ Հա ու ամենակարեւոր բանը մեկ էլ Զեւսի ակնոցն էր, մամայի հին ակնոցն էր, որ դնում էր գիրք կարդալուց ու հիմա դրանցով Զեւսը սաղ օրը նստած կոմպի դիմաց իրա հեղափոխական բլոգում ափլոդներ էր անում իր բացաշունչ տեքստերը։ Զեւսի կիսատ ականջն էլ, որ մնացել էր դոբեռմանի թե ռոթֆելլեռի բերանում, հեչ էլ չէր պակասացրել էն ազդեցիկ ու վստահելի տեսքը որով առաջին անգամ Զեւսը մեր տուն մտավ։

Տնեցիները ինձ դիմավորեցին մեծ ոգեւորությամբ, իսկ Թամունան սպասածիս հակառակ արժանացավ մենակ մամայի ու պապայի զուսպ ու սառը, կարելի ա ասել գերմանական ձեռքսեմղմանը։
Զեւսս ուրիշ էր։ Ականջները ցցած ու պոչը ջիգյարով շարժելով էկավ ու փաթաթվեց, լպստեց, հետո նույն ջիգյարով թռավ Թամունայի դեմքին, ու մինչ մերոնք որոշում էին թե մեզ ոնց էն տեղավորելու, Զեւսը՝ ոնց է՞ս հարցիս պատասխանեց հուզված,երկու տարեկան թուլի պես, – Հաղթելու ենք։ Ճիշտ ա ես չեմ իրան մեծացրել, բայց վստահ եմ որ նույն հուզմունքն ունեցել ա էն ժամանակ, երբ Վահանենց տնեցիներից մեկը սրան հում միս ա տվել։ Ասեց ու բջջայինով խոսելով գնաց ու նստեց իրա կոմպի դիմաց։
–    Դրանք իմ հոսթինգը փակել են, ես հեսա այփիները կփոխեմ, դու նույն սայթը մտի մենակ դեմից հավաքի 2008 ու սլեշ։

Հետագա երկու օրը ես Զեւսին տեսադաշտիցս կորցեցի։ Նախ գնացի ու տեսա քրոջս երեխուն, որը մեկին մեկ Գուգոյի կոպյան էր, բայց մի քիչ էլ քեռիին՝ այսինքն ինձ էր նման, հատկապես դոդ հայացքները մեկին մեկ իմն էին։ Երեխեն մանեժի մեջ նստած խաղում էր հոր մակարովի հետ։ Փեսես տարիներ առաջ հարկայինից նորից տեղափոխվել ու օրգաններում էր աշխատում, բայց արդեն ավելի բարձր պաշտոնի էր։ Էս օրերին էլ տուն էր գալիս անկանոն, ամեն օր էր հերթապահության, իսկ երեխեն էլ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն հենց հերը տուն էր մտնում թռնում էր ու մի ձենի գոռալով պահանջում էր ատրճանակը։ Քրոջս տանը շատ չմնացինք, ընկերներս ինձ ու Թամունային ռեստորան էին հրավիրել։ Փեսես զարթնեց ու նորից գնում էր հերթապահության մեզ էլ հետը մեքենայով մասիվից քաղաք իջացրեց։ Ճանապարհին մի քանի բառ խոսացինք։ Ասեց որ զզվել ա ամեն ինչից։ Որ զոռով ա գործի գնում։ Ասեց, որ երբ էս ամենի հոտը առել ա գնացել բժշկի թուղթ ա հանել, որ իրա հաշվին մի ամիս արձակուրդ վերցնի, բայց շեֆությունը չի թողել, ասել էն ուզում էս ինվալիդ էղի պետք ա աշխատես, վտանգավոր ժամանակներ էն։ Ու հիմա փեսես ամեն օր, ասած իրա զոռով գործի էր գնում, մենակ էն վախից, որ եթե չենթարկվեր վախենում էր գլխին մի բան կսարքեն։

Էդ օրը փետրվարի 29 էր։ Ես ու Թամունան գնացինք ընկերներիս հրավիրած ռեստորանն ու սկսվեց։ Սրանք, ամեն մեկը իրա հերթին, սկսեցին դիմակս էս խեղճ աղջկա մոտ ճղել։ Ու ամեն մեկը իրա հերթին, իրան հատուկ ակցենտով ռուսերեն պատմում էին թե ինչեր եմ ես արել ջահել տարիներին։ Ինչ կար չկար պատմեցին։ Ոնց եմ հարբել ու  արժանապատվությունս կորցրած տարբեր քեֆերի ժամանակ պարել կիսատկլոր։ Ոնց էն իրանցից ամեն մեկը իրա հերթին կյանքում գոնե մի անգամ իմ խմած մարմինը տարել մեր տուն ու դռան դեմ տված զանգը տվել ու փախել։ Ոնց էնք մենք ընկերներով Հովոյի համար աղջիկ փախցրել, հետո գնացել ու աղջկա հարազատների հետ պայմանավորվել որ մի ամսից հարսանիք ա, բայց մի ամսից Հովոն ամուսնացել ա ուրիշ աղջկա հետ։ Ու էնքան-էնքան էդ տեսակ պատմություններ պատմեցին, որ վերջում էլ, արդեն կեսգիշերին մոտ թասիբի գցեցին, ու ես արդեն քեֆս լավ կուտը կերա ու գնացինք դիսկոտեկա։ Ուրբաթ էր, աշխատանքային շաբաթվա վերջ, դիսկոյում լիքը պարապ մարդ պարում էր։ Ու մինչ ես արդեն քեֆս միլիոն ինքնամոռաց տժժում էի, Զեւսս էդ օրը հերթապահում էր Օպերայի մոտ, միտինգի տեղը։
Դիսկոտեկից հետո արդեն վերջնականապես ոչնչացած գնացինք խաշ ուտելու։ Խեղճ Թամունան տենց բարբարոսություն կյանքում չէր տեսել։ Բայց բարբարոսությունը ոչ խաշն էր իրա բաղադրիչներով, ոչ էլ խոլեստերինի քանակը, որ պարունակում էր էդ մի ափսե բուլիոնը, այլ էն, թե ոնց էինք մենք տղերքով  արդեն ճտ, օղին շշից խմում կում առ կում։
Էդ ողջ տեսարանը Թամունաին հերիք չէր, սկսել էր մխիթարել մեր տղերքից մեկի կնոջը, որ մարդու անխուսափելի հարբեցողությունը բացահայտած  մի ձենի լացում էր հենց սեղանի վրա, իսկ մարդը վերջինիս թեթեւ, գրեթե շոյելով ապտակում էր ու ասում,- դե էլ մի սկսի շան աղջիկ, մեռնեմ ես քո ջանին։
Լուսադեմի մոտ էր, ու հենց էդ ժամանակ էր, որ մլիցեքը սկսեցին ցուցարարների ջարդը։
Էն թե ինչ էր էղել մարտի մեկին, դեռ լույսը չբացված, ես հետո կիմանամ, իսկ էն ժամանակ մինչ մենք մեզ հազիվ տաքսի գցեցինք ու հասանք տուն, Զեւսս Օպերայում ատամները սրած փորձում էր պաշտպանվել կաուչուկի դուբինկաներից։
Տուն հասանք մի կերպ, կարգին չեմ էլ հիշում ոնց, մենակ ոնց որ երազում հիշում եմ, որ տաքսու վարորդը սաղ ճամփին ինչ որ պատմություններ էր պատմում էն մասին, որ Օպերայի մոտ ժողովրդին, ասած իրա հերձում էն։ Բայց էն ժամանակ իրա ասածները ոչ իրական էին, մի տեսակ առասպելական, ու ոնց որ վատ երազ լիներ։
Էդ վատ երազի շարունակությունը առավոտն էր։ Առավոտ ասածը ժամը տասներկուսի կողմերն էր։ Հենց էդ ժամին էր, որ մեր տան ձայները, հորս բարձրաձայն խոսելը ինչ որ մեկի հետ հեռախոսով, մորս լացի ձայնն ու աչքիս առաջ անհանգիստ շարժվող սիլուետները դարձան նույն երազի շարունակությունը։ Մի կերպ ելա անկողնուց ու մտա խոհանոց։ Ուր հայրս, որ արդեն երկար տարիներ չէր ծխում, նստած Թամունայի հետ նյարդային ծխում էր ու բջջայինով ինչ որ համար հավաքում։ Իսկ մայրս արցունքակալած աչքերով նստած կարտոֆիլ էր կլպում։
Պապան էնքան զայրացած էր, որ չէի համարձակվում ինչ որ բան հարցնել։ Եւ միայն էն ժամանակ, երբ պապան հեռախոսով խոսելով դուրս եկավ խոհանոցից մամային հարցրեցի թե ինչ ա եղել, ու մաման ասեց համարյա նույնը ինչ ասել էր տաքսու վարորդը, – Օպերայում մլիցեքը ժողովրդին ջարդել են։
Պապան հագնվում էր որ տանից դուրս գար, ու ես էլ արագ-արագ հագնվեցի ու պապայի հետ դուրս եկա։ Դուրս գալուց առաջ Թամունան ինձ հարցրեց թե ուր եմ գնում, ասեցի գնում ենք ախպորս տուն բերենք։
Ես ու պապան իջանք օպերա։

Օպերան կապտել էր։ Ոնց նայում էիր կապույտ համազգեստով ոստիկաններ էին մահակներով ու վահաններով։ Ու փողոցներում ես ու պապան, մենք էլ չիմանալով որտեղ փնտրել, Զեւս էինք ման գալիս։ Ընթացքում պապան մի քանի անգամ փորձեց զանգել Գուգոյին, որ ասի ու սա էլ իրա հերթին ման գա Զեւսին, բայց վերջինս հեռախոսին չէր պատասխանում։
Էն ժամանակ, որ ես ու պապան փողոցներում Զեւս էինք ման գալիս քաղաքում արդեն շուխուր էր ու մարդիկ սկսել էին շարժվել Շահումյանի հրապարակ։ Ու մենք էլ Զեւս ման գալով անկախ մեզանից միացանք էդ ժողովրդին, որն ինչ որ անբացատրելի բնազդով շարժվում ու իրար գլուխ հավաքվելով խումբ-խումբ գնում էր միանում իրար։
Ժողովուրդը շատ-շատ էր ու մենք էդ ժողովրդի մեջ մեր Զեւսին էինք ման գալիս։ Պապան մի քանի ծանոթ տեսավ ու ում տեսնում Զեւսից հարցուփուրձ էր անում։  Մեկն ասեց, որ մի տաս, տասնհինգ րոպե առաջ Զեւսին տեսել էր Ամիրյան Զաքյան խաչմերուկում։ Ու մենք էդ ամենից ոգեւորվեցինք ու մի տեսակ թեթեւացած շունչ քաշեցինք հենց մենակ էն փաստից, որ Զեւսը ողջ ու առողջ էր։
Մինչեւ ուշ երեկո ես ու պապան Զեւս էինք ման գալիս։ Հետո էդ սաղ շուխուրի մեջ պապային զանգեց փեսա Գուգոն։ Ու մինչ պապան բացատրում էր թե մենք Մյասնիկյանի արձանին որ դեմքով նայես աջ մասում կոնկրետ որտեղ էինք կանգնած, Գուգոն մեզ մոտեցավ ու ասեց որ անմիջապես իրա հետեւից գնանք։ Պապան ասեց, որ առանց էն լակոտի՝ Զեւսի ինքը տուն չի գնա, բայց Գուգոն կախվեց պապայի թեւից ու խնդրեց որ իրա հետ գնանք, ասեց որ հեչ լավ բան չի սպասվում։ Մեզ  համարյա զոռով Գուգոն տարավ ինչ որ ուղղությամբ։ Այգու միջով դուրս եկանք ինչ որ բակ, հետո ինչ որ սկվազնոյ պադյեզդներով դուրս եկանք պրասպեկտ Ամիրյան խաչմերուկ։ Էն տեղ Գուգոն պապաին ու ինձ գրեթե զոռով մի մեքենա նստացրեց ու ղեկին նստած ջահելին ասեց որ մեզ տանի ուղիղ տուն ու հետ գա։ Պապան նորից ընդվզեց ու ասեց որ առանց Զեւսի ոչ մի տուն, Գուգոն էլ խոստացավ, որ Զեւսին ինքը անձամբ մի քանի ժամից տուն կբերի ու դուռը շխկացրեց մեր վրա։ Տան ճանապարհին մենք տեսանք թե ինչպես էին պրասպեկտով ներքեւ իջնում զինվորներով ու ոստիկաններով լեփ լեցուն ավտոբուսները ու բեռնատարները։ Տեսանք դատարկ փողոցներն ու հատկուկենտ մոլորված մարդկանց, որ իրենք իրենց էին ման գալիս ու չէին գտնում։ Մինչեւ տուն հասնելը պապան ողջ ճանապարհին Զեւս էր ման գալիս։ Ու նույն էլ էն ժամանակ, որ տան դուռը բանալիով բացում էր, աչքերի մեջ դեռ մի թեթեւ արցունքակալած հույս կար որ դուռը բացելու ա ու Զեւսը տանն ա լինելու։ Բայց Զեւսը տանը չէր, ու նույն արցունկաքալած հույսը աչքերի անկյուններում մաման մեզ դիմավորեց, մտածելով որ գտել բերել ենք տուն։

Իրիկունը խոհանոցում նստած սուրճ էինք խմում ու պապան անընդհատ հավաքում էր Գուգոյի համարը, որը խորը անհասանելի էր, երբ լսվեց առաջին կրակոցը։
Էդ կրոկոցից բոլորս վեր թռանք, բայց նենց տպավորություն էր, որ էդ կրակոցից վեր թռավ սաղ Երեւանը, որովհետեւ մեր շենքն էլ վեր թռավ ու ոնց որ ութսունութի երկրաշարժի թեթեւ ցնցումը լիներ, որ ես զգացի աշակերտական նստարանին նստած։ Պապան նյարդային շարժումով նորից սեղմեց զանգելու կոճակը ու երբ նորից լսեց՝ բաժանաորդն անհասանելի է, հեռախոսը կատաղած խփեց պատին։ Ու մինչ մաման ու Թամունան ապշած նայում էին հեռախոսի ջարդուփշուր եղած կտորներին, ես կախվել էի պատուհանից ու տեսա երկրից երկինք թափվող աստղային անձրեւը, որ բաց էին թողում ավտոմատներից ժողովրդին ցրելու համար։ Շրջվեցի ու պապային իմ խելքով հանգստացրեցի, ասելով որ օդ են կրակում։
Էն թե ոնց մենք լուսացրինք էդ գիշերը իմաստ չունի պատմել։ Որովհետեւ լուսացնելու բան չէր։ Մինչ առավոտ պապան լուսամուտի մոտ կանգնած ծխում էր։
Մամաին մի կերպ համոզեցինք որ պառկի քնի, բայց մի կես ժամ հետո նորից ոտի ելավ։ Թամունան մի երկու ժամ քնեց, բայց ինքն էլ զարթնեց ու մեր հետ լուսացրեց էդ գիշերը։
Առավոտվա կողմ դուռը ծեծեցին։ Գուգոն էր։ Աչքերի տակ կապտած, ինքը սառած, հոգնած ու մի տեսակ քրքրված, այտին ինչ որ քերծվածքի հետքեր։ Մտավ տուն ու առանց ինչ որ բան ասելու քայլեց ուղիղ խոհանոց, բացեց ծորակը ու իրար հետեւից մի հինգ բաժակ սառը ջուր խմեց։
Պապան համբերատար սպասեց մինչեւ Գուգոն ջուրը խմեց վերջացրեց, հետո եկավ ու նստեց պապաի դիմաց ու առանց պապայի հարցին սպասելու, թե ուր ա Զեւսը, միանգամից սկսեց պատմել։
Գուգոն ահավոր զայրացած էր ու պատմեց, որ Զեւսին, մեզ տուն ուղարկելուց մոտ մի ժամ հետո, տեսել ա։ Մոտեցել ա ու սկսել համոզել որ Զեւսը տուն գա, բայց վերջինս ասած Գուգոյի նենց մի դեբոշ ա սարքել որ գրավել ա շրջապատի ուշադրությունը, հետո էլ, երբ Գուգոն որոշել ա Զեւսին զոռով քաշ տա ու բերի տուն, Զեւսը սրան նենց ա ապտակել որ մի բան էլ չանչերով ճանկռել ա։ Շրջապատից մի քանի հոգի էլ էն ոգեւորվել ու հենա հենա ուզել էն Գուգոյին գզզեն, բայց Զեւսը սրանց դեմն առել ա ու Գուգոյին ասել ա որ վերջինս փախնի ու գնա տուն։ Գուգոն բնական ա տուն չի գնացել, բայց դրանից հետո Զեւսին տենց էլ չի գտել։
Երբ Գուգոն պատմեց վերջացրեց բոլորս անհամբեր սպասում էինք թե ինչ ա ասելու պապան։ Պապան երկար ու վտանգավոր պաուզա վերցրեց, հետո Գուգոյին ասեց, – գնա տուն։
Գուգոն սուս ու փուս, առաջին դասարանի աշակերտի պես գլուխը կախ ելավ տեղից ու գնաց, նենց ոնց որ ինչ որ շատ վատ բան արած լիներ ու ոնց որ ինքը մեղավոր լիներ էդ ամեն ինչի համար։

Տաս օր շարունակ ես պապայի հետ Զեւս էի ման գալիս։ Բայց Զեւսը տենց էլ չկար։ Էդ տաս օրվա մեջ ինչ տեսակ լուրեր կար-չկար եկավ մեզ հասավ, ամեն մեկը մի բան էր պատմում։ Մեկը ասում էր, որ տեսել ա թե ոնց էն Զեւսին կանդալել ու տարել։ Մյուսն ասում էր, որ Զեւսը մեքենայի տակ ա մնացել։ Բայց տաս օր հետո եկավ Գուգոն ու ասեց էն ինչ որ իրականում եղել էր։ Ասեց որ Զեւսին խփել էն Պարոնյան փողոցի վրա, խփել են էն ժամանակ, երբ կատաղած հարձակվել ա զինվորների վրա ու սրանք էլ կրակել են։ Գուգոն էդ ամեն ինչը էնքան հաստատ ասեց, որ չհավատալու պատճառ չունեինք։ Բայց մեկ ա, նույնիսկ ամիսներ անց, երբ արդեն ես վերջնական հետ եկա տուն, այսինքն թքեցի էդ շենգենի վրա ու հղի Թամունայի հետ եկանք Երեւան ապրելու, ես հաճախ տեսնում էի թե ոնց էն պապան ու մաման օրվա տարբեր ժամերին, իրարից անկախ մոտենում լուսամուտին, կամ պարզապես գալիս կանգնում էին դռան դիմաց ու սպասում էին, սպասում էին որ ուր որ ա Զեւսը դուռը կճանկռի ու ներս կմտնի։

Մարտի կեսերին ես ու Թամունան վերադարձանք Գերմանիա։ Բայց վերադառնալուց առաջ ես մեր տան կոմպի մեջից ֆլեշիս վրա քոփի արեցի էն ֆոլդերը, որի անունը [zevs] էր, ու հետս տարա։ Հետագա մոտ երկու ամիսը ես ամեն երեկո, քնելուց առաջ կարդում էի էն ամենն ինչ գրել էր Զեւսը իր կյանքի վերջին տարիներին։ Էդ ֆոլդրում ինչ ասես չկար, նամակներ, հոդվածներ, հարցազրույցներ, նույնիսկ մի կիսասիրային նամակ ու մի հատ էլ բանաստեղծություն։ Ինչ-ինչ բայց լավ ճանաչելով Զեւսին հեչ չէի սպասում որ կարող ա լիրիկայով երբեւէ տարվեր։ Քոփի եմ անում, նայեք։

Իմ կռիվը ինձանից առաջ ա սկսվել։
Իմ կռիվը տեսնողներից ոչ ոք չի մնացել։
Իմ կռիվը ատամներով ու սվիններով են արել։
Իմ կռվի ժամանակ արեւներ են խավարել։
Իմ փոխարեն իմ կռիվը տանուլ են տվել։
Ես պարտվել չգիտեմ, բայց պարտվել եմ վաղուց։
Իմ կռիվը ես սկսում եմ նորից։

Ու դրա համար ես հետ եկա, ես էլ կռիվ ունեմ, ու իմ կռիվը սկսում եմ նորից։

© Հարութ Կբեյան, Հոկտեմբեր 2009- Հունվար 2010

Share Button

13 Կարծիք

  • Бен Ган says:

    Լավն էր…. ամենալավն էն էր, որ պոռնոէրոտիկ գռեհկաբանություն չի լցրել, որ ժամանակակից երևա. տեղ-տեղ սպիտակ մասեր կան, բայց ընդհ. առմամբ մարդն իր ժամանակի մեջ երևում է…

  • Լիզա says:

    Այս պատմվածքը երկրորդ անգամ կարդացի: Տպավորությունս նույնն է. հյութեղ, հրաշալի դառը հումոր, նուրբ ենթատեքստ: Որպես մինչմարտիմեկյան եւ ետմարտիմեկյան “Զեւսուհի”, ահավոր ծանր տարա իմ մարտական ընկերոջ` Զեւսի մահը: Սա էլ համարեք իմ դառը հումորը…
    Ինչու՞ առաջին անգամ կարդալուց հետո ոչինչ չգրեցի: Որովհետեւ իմ սերնդի` գրականության հետ առնչություն ունեցողների համար լեզվի նկատմամբ ահավոր անփութությունը զայրացրեց ինձ: Քավ լիցի, նկատի չունեմ բառերի ընտրության ազատությունը, ժարգոնը եւ այլն: Այս պատմվածքում դրանք կարծես արդարացված են: Հենց այդպես էլ պետք է պատմեր այս հերոսը, այլ կերպ պատմեր, պատմվածքի ողջ համուհոտը կկորչեր: Նկատի ունեմ ուղղագրական սխալների, վրիպակների առատությունը, որ պարզապես հյուծեցին ինձ` մինչեւ պատմվածքը կարդացի մինչեւ վերջ: Եվ որ ես` լեզվի նկատմամբ ցանկացած քամահրական վերաբերմունք ծանր եմ տանում, նորից կարդացի մինչեւ վերջ, ուրեմն` իրոք լավ պատմվածք է: Բայց, հարգելի Հարութ, գրողը պարտավոր է հարգել իր ընթերցողին: Գրագե’տ ընթերցողին:

  • Հարութ Կբեյան says:

    Բոլոր գրագետ ընթերցողնրից՝ հատկապես Լիզայից ներողություն եմ խնդրում վրիպակների, տառասխալների համար։
    Կար մի ժամանակ երբ ես շատ գրագետ երեխա էի ու հայերենի հետ ոչ մի պրոբլեմ չունեի հերիք չի մեծ հարգանքով էի վերաբերվում քերականությանը։ Ու նույնիսկ են ժամանակ երբ կոմպ չկար ու գրամեքենայով էի գրում մեկ ա համարյա սխալներ չէի անում։ Բայց դպրոցում մի հատ հայոց լեզվի դասատու ունեցա, Ռիմա Թավրիզյան ու մեր փոխադարձ ատելությունը բերեց նրան որ ես կորցրի հարգանքս քերականության հանդեպ, ու դեռ են ժամանակ որ շարադրություններ էինք գրում դպրոցում ես ստանում էի 5/ -1։ Բայց խոստանում եմ սրանից հետո առավել հետեւողական լինել։
    Շնորհակալություն։

  • Lavates says:

    Շատ, շատ լավ է գրված, այնքան լավ որ ես ինձ տեսա մամայի, պապայի ու Զևսի մեջ: Այդպիսին էինք մենք այդ տարիներին: Գուցե թե այժմ ևս այդպիսին ենք, մաման, պապան, Զևսն ու ես: Մոլորված, բարկացած, կյանքի ուղուց ոչ մեր մեղքով դուրս շպրտված, չհամակերպված ու պահանջատեր, ապստամբող ու անօգնական: Ինչ որ բանի սպասող, մաման, պապան, Զևսն ու ես էլ նրանց պոչում: Բոլորվ միասին բողոքական ու պարտվել չիմացող, բայց վաղուց պարտված:

  • Lavates says:

    Շատ ուրախ եմ որ ունենք այսպիսի ժամանակակից գրականություն:

  • SYREN SRPACAN says:

    verchapes erkaratev dadaric heto kardaci hay heghinaki paylun patmvack , es hamozvac em ays patmvack@ kdarna hamashxarain gluxgorcocneric men@

  • Գայանե says:

    Լավն է.Սիրեցի Զևսի ազատատենչ ոգին…Երանի ռեվոլյուցյաի փոխարեն էվոլյուցիաներ լինեն…բոլոր զեվսերն էլ իրենց կռիվը մտքի դաշտ տեղափոխեն…Ասում եմ երանի,հետն էլ մտացում-տեսնես երբ կլինի?

  • Գաբրիելլա says:

    Ընթերցելու ամբողջ ընթացքում չէի հասկանում՝ պատմվածք եմ կարդում, թե պարզապես մի ողջ սերնդի պատմություն՝ անկախությունից մինչեվ արտագաղթ ու մարտի մեկ… Սովորաբար հոգնում եմ խոսակցական բառապաշարով պատմվածքներից ու վախենում եմ մեր գրքային շքեղ բառապաշարը կորցնելուց: Բայց հետաքրքրական էին թե՛ լեզուն, թե՛ ասելիքը, թե՛ ընդգրկուն ծավալը, թե՛ կերպարները՝ այսինքն՝ մենք: Հավատում եմ, որ նմանատիպ լավ պատմվածքներ էլի ունեք եվ հույս ունեմ, որ լեզուն ու ոճն արդեն այլ կլինեն:

  • Հարութ Կբեյան says:

    Գաբրիելլա ջան շնորհակալություն
    ասեմ որ որպես կանոն պատմվածքի լեզուն ու ոճը ես չեմ որոշում, այլ հենց են պատմությունը որ պատմում եմ, ու ամեն պատմություն ունի իր լեզուն, իր միջավայրը, իր տրամադրությունը:

  • Վիկ says:

    Այսքան հիացած ելույթներից հետո որ ես ուրիշ կարծիք հայտնեմ միգուցե և քարկոծվեմ: :Ճ Բայց դե պիտի ասեմ: Այս կայքը խոսքի ազատության կողմնակից է, որքան հասկացա: Միգուցե այն պատճառով, որ արդեն շատ էի լսել այս պատմվածքի մասին, և լսել էի միայն դրական արձագանքներ, իմ ակնկալիքներս չարդարացան: Վատը չէր պատմվածքը, սակայն, ինչ-որ բան ինձ համար պակաս էր: Իհարկե մեր սերնդի մասին էր, ու շատ ծանոթ իրավիճակներ կար: Բայց ինձ մոտ նենց տպավորություն էր, որ հեղինակը նստել էր ու մի օրում գրեթե ամբողջ մի կյանքի պատմություն շարադրել թղթրին, և նույնիսկ ջանք չէր գործադրել մի քիչ ավելի լավ գրել, քան սովորական, անհետաքրքիր բանավոր խոսքն է: Տպավորությունս այն է, որ հեղինակը կարող էր մի քիչ ավելի լավ գրել, ավելի տպավորիչ ու սրամիտ լիներ նկարագրություններում և մի քիչ ավելի ֆիլիսոփայական երկխոսություններում, կամ գոնե ինքն իր մտքում:
    Այնուամենայնիվ, իրոք ուրախ եմ, որ կան ստեղծագործողներ: Գնամ մի ուրիշ բան էլ կարդամ Ձեր գործերից, Հարութ: :Ճ

  • Հարութ Կբեյան says:

    Շնորհակալություն կարիծիքի համար:

  • Նառա Մուրադյան says:

    ԼԱՎՆ ա
    կամ Կուստուրիցաին ուղարկի ,կամ – անիմացիայով մի 2 տարի տանջանք ա պահանջում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *