Միշտ էլ ինչ-որ մեկը հարցնում է. «իսկ ինչի՞ մասին է այս ամեն ինչը»: Եվ ուրեմն՝ բոլոր նրանց, ովքեր պարտադիր պիտի հարցեր տան, նրանց, ովքեր ուզում են, որ ամեն ինչ հատիկ-հատիկ բացատրվի, ովքեր պիտի անպայման իմանան՝ ինչն ինչոց է, առաջարկում ենք կարդալ հետևյալը.
«Այսպիսով՝ մարդկանց մեծամասնությունը ծառայում է պետությանն իրենց մարմիններով՝ ոչ այնքան որպես մարդիկ, այլ որպես մեքենաներ: Նրանք կազմում են բանակը, ոստիկանությունը, նրանք բանտապահներն են, դատական կատարածուները, ընթերավկաները և այլն: Ընդ որում՝ այդ մարդիկ գրեթե երբեք չեն կիրառում ո՛չ իրենց ազատ դատելու կարողությունը, ո՛չ էլ բարոյականության զգացումը. նրանք իրենց դասել են փայտի, հողի ու քարի մակարդակին: Եթե օրերից մի օր հնարավոր լինի փայտե մարդիկ սարքել, դրանք միևնույն հաջողությամբ կծառայեն նույն նպատակներին: Այդպիսինները նույնքան հարգանք են ներշնչում, որքան ծղոտե խրտվիլակները կամ կավե տիկնիկները կներշնչեին, և արժեն այնքան, որքան ձիերը կամ շները: Եվ սակայն՝ սրանց նմանները շատ հաճախ մինչև անգամ բարի ու ազնիվ քաղաքացիների համբավ են վայելում: Ուրիշները՝ ինչպես, օրինակ, օրենսդիրների, քաղաքական գործիչների, իրավաբանների, նախարարների ու հոգևորականների մեծ մասը, պետությանը ծառայում են առավելապես իրենց գլխով, և քանի որ հազվադեպ են բարոյական տարբերակումներ անում, ապա, իրենք էլ չգիտակցելով, հակված են միևնույն հաջողությամբ ծառայելու թե՛ Սատանային և թե՛ Աստծուն: Եվ միայն շատ քչերն են՝ հերոսները, հայրենասերները, նահատակները, բարենորոգիչներն ու պարզապես իսկական մարդիկ, որ պետությանը ծառայում են նաև իրենց խղճով՝ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտաբար գրեթե միշտ ընդդիմանալով դրան: Եվ պետությունը, որպես կանոն, վերջիններիս իր թշնամին է համարում»:
Հենրի Դեյվիդ Թորո, «Քաղաքացիական անհնազանդություն»:
Բուն էությունը հենց սա է: Հիմա եկեք սկսենք մեջտեղից, հետո պարզենք, թե սկզբում ինչ է եղել, դե իսկ ավարտն արդեն ինքն իր գլխի ճարը կտեսնի: Այսպիսով՝ քանի որ աշխարհը հենց այնպիսին էր, ինչպիսին որ կար, ճիշտ այնպիսին, ինչպիսին թույլ էին տվել դառնալ, Խեղկատակի գործունեությունն ամիսներ շարունակ խուսափում էր նրանց սևեռուն ուշադրությունից, Ովքեր Ապահովում էին Մեքենայի Անխափան Աշխատանքը, ովքեր լավագույն յուղով յուղում էին մշակույթի անիվներն ու զսպանակները: Եվ միայն երբ արդեն վերջնականապես ակնհայտ էր դարձել, որ նա, չգիտես՝ ինչպես ու չես իմանա՝ ինչու, դարձել էր հայտնի դեմք, հռչակավոր կերպար, իսկ (ըստ Ղեկավարության անխուսափելի որակման) «բնակչության անհավասարակշիռ ու ավելորդ հուզականությամբ տառապող շերտի համար»՝ գուցե նույնիսկ հերոս, գործը հասավ Թիկթակին ու վերջինիս իրավաբանական մեքենային: Բայց քանի որ աշխարհն այդ ժամանակ հենց այնպիսին էր, ինչպիսին որ էր, ինչպես նաև՝ որովհետև անհնար էր որևէ կերպ կանխագուշակել, որ նա գուցե բորոքում էր վաղուց անհետ կորած մի համաճարակ, որ հիմա հանկարծ վերածնվում էր այնպիսի մի համակարգում, որտեղ դրա իմունիտետը մոռացվել ու վերացել էր, նրան թույլ տվեցին դառնալ չափազանց իրական:
Խեղկատակն արդեն ձև ու բովանդակություն էր ստացել:
Նա դարձել էր անհատականություն՝ մի բան, որ արդեն տասնամյակներ ի վեր հետևողականորեն ոչնչացրել ու դուրս էին մղել համակարգից: Բայց եղավ այն, ինչ եղավ, ու խնդրեմ, համեցեք, ահա և ինքը՝ հույժ ազդեցիկ մի անհատականություն: Որոշ շրջանակների՝ այսպես կոչված միջին դասի կարծիքով դա գարշելի էր: Չէ, բայց ինչպիսի՜ գռեհիկ ցուցամոլություն: Անարխի՜զմ է, ինչ է: Ամո՜թ, խայտառակությու՜ն: Այլ շրջանակներում՝ այն խավերում, որտեղ միտքը հպատակված է ձևին ու ծեսին` արժանապատիվ ու բարոյական վարքի ընդունված չափանիշերին, միայն քմծիծաղ էին տալիս: Բայց ամենաներքևում, օ՜, այդ խորը հատակում, որտեղ մարդիկ միշտ պիտի ունենան իրենց սրբերն ու մեղավորները, իրենց հացն ու տեսարանները, իրենց հերոսներին ու չարագործներին, նրան համարում էին Բոլիվար: Նապոլեոն: Ռոբին Հուդ: Դիկ Բոնգ (ասերի ասը): Հիսուս: Ջոմո Կենյատա:
Իսկ այ գագաթին, որտեղ ցանկացած՝ նույնիսկ ամենաչնչին ցնցումներն ու տատանումները սպառնում են հարուստներին, հզորներին ու տիտղոսակիրներին ցած նետել իրենց թառած բարձունքներից, նրան դիտարկում էին որպես սպառնալիք: Հերետիկոս: Ըմբոստ: Անարգանք: Եվ վերջապես՝ որպես ուղիղ վտանգ: Նրան ճանաչում էին առանց բացառության բոլորը՝ վերևից ներքև, ներքևից վերև, գիտեին ընդհուպ մինչև ուղնուծուծը, բայց Համակարգում կարևոր էին միայն ամենավերևի ու ամենաներքևի արձագանքները: Միայն ամենաբարձր գագաթի, միայն ամենացածր ստորոտի:
Մի խոսքով՝ նրա գործը, ժամաքարտի ու կարդիոսալիկի հետ միասին, բարձրացրին Թիկթակի գերատեսչություն:
Թիկթակ: Վեց ոտնաչափից բարձր, քչախոս մի մարդ, ով հաճախ ինքն իրեն ինչ-որ բան է մռլտում քթի տակ, երբ ամեն ինչ ժամանակին համապատասխան է գնում: Թիկթակը՝ անձամբ:
Նույնիսկ իշխանական բուրգի աշխատասենյակներում, որտեղ վախը միայն սերմանում են, սակայն գրեթե երբեք չեն զգում, նրան հենց այպես էլ անվանում էին՝ Թիկթակ:
Բայց միայն հետևից: Ուղիղ դիմակին նայելով նրան այդպես կոչել չէր համարձակվի և ոչ ոք:
Չես կարող մարդուն առերես կոչել իրեն ատելի անվամբ, եթե դիմակի հետևի այդ մարդը կարող է չեղարկել քո կյանքի րոպեներն ու ժամերը, օրերն ու գիշերները, ամբողջ տարիներ խլել կյանքիցդ: Երես առ դիմակ դիմելիս նրան կոչում էին Ժամանակի Գերագույն Պահապան: Այդպես շատ ավելի անվտանգ էր:
– Այստեղ միայն նշված է, թե նա ինչ է,- անթաքույց մեղմությամբ ասաց Թիկթակը,- բայց նշված չի՝ ով է: Ձախ ձեռքիս այս ժամաքարտի վրա անվանում է գրված, բայց այդ անվանումն ընդամենը ասում է, թե նա ինչ է, ոչ թե ով: Աջ ձեռքիս կարդիոսալիկի վրա նույնպես անվանում կա, սակայն կրկին՝ ոչ թե ով, այլ ինչ: Նախքան պատշաճ կերպով չեղարկելը ես պետք է իմանամ, թե այս ինչը ով է:
Իր ողջ անձնակազմին՝ բոլոր հաստավզերին, բոլոր կամակատարներին, բոլոր գործ տվողներին, բոլոր պնակալեզներին, նույնիսկ բոլոր վեցնոցներին նա տվեց նույն կարճ հարցը.
– Ո՞վ է այդ Խեղկատակը:
Ու նա արդեն բնավ էլ հանգիստ չէր մռլտում: Ժամանակի տեսանկյունից այդ ամենը ջուրծեծոցի էր:
Այնուամենայնիվ՝ դա Թիկթակի ամենաերկար մենախոսությունն էր, որ երբևէ վիճակվել էր լսել նրա անձնակազմին՝ հաստավզերին, կամակատարներին, գործ տվողներին, պնակալեզներին, բայց ոչ, իհարկե, վեցնոցներին, որոնք, այսպես թե այնպես, երբեք էլ այնքան մոտ չէին եղել, որ հիմա հասկանային՝ խոսքը երկար է, թե կարճ: Բայց նույնիսկ նրանք իրար խառնվեցին, որ պարզեն:
Ո՞վ է Խեղկատակը:
Հեռու վերևներում՝ քաղաքի երրորդ մակարդակից էլ վեր, նա կուչ էր եկել աերոնավակի ցնցվող ու գվվացող ալյումինե հարթակի վրա (պա՜հ, չէ մի չէ՝ աերոնավակ. սովորական օդատաշտ էր՝ հետևում մի կերպ թքած-կպցրած քարշակով) ու նայում էր ներքև՝ շենքերի մոնդրիանական շարվածքին:
Ինչ-որ տեղ՝ շատ մոտիկից, ականջին հասավ, թե ինչպես է ցերեկվա ժամը 2:47-ի հերթափոխն անթերի համաչափ քայլքով՝ աջ-ձախ, աջ-ձախ, մտնում Տիմկինի առանցքակալների գործարան: Հետո՝ ուղիղ մեկ րոպե անց, լսվեց, թե ինչպես է գիշերվա ժամը 5:00-ի հերթափոխն արդեն ոչ այնքան հատու աջ-ձախով դուրս գալիս ու գնում տուն:
Խեղկատակի արևառ դեմքին չարաճճի ժպիտ խաղաց, այտերին փոսիկներ հայտնվեցին: Հետո գզգզեց մազերի թուխ դեզը, մի թեթև կծկվեց ծաղրածուի գույնզգույն շորերի մեջ՝ ասես կանխավայելելով այն, ինչ շուտով պիտի կատարվեր, կառավարման լծակը կտրուկ սեղմեց առաջ ու ներքև սուրացող աերոնավակի մեջ կռացավ քամուն դեմ հանդիման: Խեղկատակը սլացավ սահուղու վրայով՝ նավակը դիտմամբ այնքան իջեցնելով, որ բարձրաճաշակ տիկնանց գլխարկները բմբլահան եղան, բութ մատները խրեց ականջները, լեզուն դուրս ցցեց, աչքերը չռեց ու ինչքան ուժ ուներ՝ գոռաց. «ալա-բալա-բլա-բլա-բլա՜»: Հենց այնպես, փոքրիկ, հասարակ չարություն: Տիկնանցից մեկն իրեն գցեց աջուձախ, սայթաքեց ու ձեռքի փաթեթները շաղ տվեց չորս կողմ, մյուսը տակը թրջեց, իսկ երրորդն անգիտակից փլվեց գետնին, ինչից հետո սահուղու շարժիչներն ավտոմատ անջատվեցին, քանի դեռ կնոջն ուշքի էին բերում: Դե հա, թեթև չարություն էր, էլի:
Իսկ Խեղկատակը բռնեց համընթաց քամին ու չքվեց-կորավ: Հո հո հո՜:
Ժամանակի Ընթացքի Հետազոտությունների շենքի կտուրը շրջանցելիս նկատեց սահուղի բարձրացող մի նոր հերթափոխի: Նրանք հստակ ռիթմով ու շարժումների կատարյալ ներդաշնակությամբ հերթով ոտք էին դնում ամենադանդաղ սահուղու վրա, հետո (Բասբի Բերկլիի՝ անդրջրհեղեղյան 1930-ականների ֆիլմերը հիշեցնող անթերի պարաշղթայով) ջայլամի քայլերով մեկը մյուսի հետևից անցնում էին հաջորդ՝ ավելի արագ սահուղիներին ու վերջում շարվում էին էքսպրես սահուղու վրա:
Խեղկատակի դեմքին կրկին կանխավայելքի չարաճճի ժպիտ հայտնվեց: Նույնիսկ երևաց, որ ձախ կողմի հետևի ատամներից մեկը չկա: Նա կտրուկ սլացավ ներքև, գրեթե սահուղուն հպվելով արգելակեց ու նետվեց հերթափոխի հետևից: Հետո, երբ արդեն թռնում էր մարդկանց վրայով, կռացավ ու քաշեց-հանեց այն խցանները, որ փակ էին պահում նավակի քարշակին մի կերպ կպցրած ջրհորդաններն ու թույլ չէին տալիս, որ բեռը ժամանակից շուտ ներքև թափվի: Ու երբ խցանները հանեց, սահուղու վրա ջրվեժի նման շաղ եկան հազար հինգ հարյուր դոլար արժողությամբ անթիվ-անհամար մարմելադե գնդիկներ:
Մարմելադե գնդիկնե՜ր: Միլիոնավոր ու միլիարդավոր կամիր ու դեղին ու կանաչ ու հաղարջի ու խաղողի ու ելակի ու անանուխի ու դրսից հարթ ու խրթխրթան ու ներսից փափուկ ու ծորուն ու շաքարապատ՝ ցրվեցին ու ցատկոտեցին ու ցայտեցին ու շաղ եկան գործարանի աշխատողների գլխներին ու ուսերին ու սաղավարտներին ու թակելով սահուղին ու տարածվելով աշխարհով մեկ ու գլորվելով ոտքերի տակ ու երկինքը ներկելով ուրախության ու մանկության ու տոնի բոլոր երանգերով՝ հորդառատ անձրևի ու առատ ցնցուղի ու գույնի ու քաղցրության ջրհեղեղի պես թափվեցին ներքև ու խենթ ու խելառ թարմությամբ ներխուժեցին առողջ դատողության ու անթերի կարգուկանոնի այդ աշխարհը: Մարմելադե գնդիկնե՜ր:
Հերթափոխի բանվորները ծիծաղեցին ու ճչացին, մարմելադե ռմբակոծությունից նրանց կատարյալ շարքը հօդս ցնցեց, իսկ երբ գնդիկները հաջողացրին նաև լցվել սահուղու մեխանիզմների մեջ, այնպիսի մի զարհուրելի կրճտոց բարձրացավ, ասես մի միլիոն եղունգներ հանկարծ ճանկռեցին մի քառորդ միլիոն գրատախտակ, ու հետո մեքենան հազաց, փռշտաց, թքեց, բոլոր սահուղիները կտրուկ կանգ առան, ու տեղնուտեղը բոլորը գունդուկծիկ ու գլուխկոնծի թռան ուր ասես՝ դեռ շարունակելով քրքջալ ու բերանները լցնել մանկության գույնի փոքրիկ մարմելադե գնդիկներով: Տոն, զվարճանք, կատարյալ խենթություն ու հահա ու հիհի: Բայց…
Հերթափոխը յոթ րոպե հետ ընկավ:
Աշխատողները յոթ րոպե ուշ մտան տուն:
Գլխավոր գրաֆիկը յոթ րոպեով շեղվեց:
Փչացած սահուղու պատճառով քվոտաները յոթ րոպեով հետաձգվեցին:
Խեղկատակը հրել էր դոմինոյի երկար, շատ երկար շարքի առաջին քարը, ու հիմա, չխկ-չխկ-չխկ, մյուսներն էլ էին իրար հետևից փլվում:
Ամբողջ համակարգը յոթ րոպեով խափանվել էր: Թվում է՝ չնչին միջադեպ է, չէ՞, նույնիսկ ուշադրություն դարձնել էլ չարժի: Բայց այնպիսի մի հասարակարգում, որի միակ շարժիչ ուժը կարգուկանոնն է ու միասնությունը, արագությունն ու ճշտապահությունը, ժամացույցի նկատմամբ ուշադրությունն ու ժամանակի աստվածներին ուղղված ակնածանքը, դա ահռելի մեծ աղետ էր:
Եվ ուրեմն՝ Խեղկատակին կարգադրեցին անհապաղ ներկայանալ Թիկթակի գերատեսչություն: Կարգադրությունը հեռարձակվում էր տեղեկատվական ցանցի բոլոր ալիքներով: Նրան կարգադրված էր ուղիղ, գրողը տանի, ուղի՛ղ ժամը 7:00-ին լինել տեղում: Ու նրանք սպասեցին, սպասեցին ու սպասեցին, բայց Խեղկատակը չհայտնվեց գրեթե մինչև տասն անց կես, իսկ երբ հայտնվեց, ուղղակի մի երգ երգեց Վերմոնտ կոչվող ինչ-որ չլսված-չտեսնված վայրում լուսնի շողերի մասին ու կրկին չքվեց: Բայց ախր բոլորը ժամը յոթից նրան էին սպասում, ու դրա պատճառով բոլորի ժամանակացույցերն ու գրաֆիկները թռան գրողի ծոցը: Իսկ հարցը մնաց. ո՞վ է Խեղկատակը:
Եվ սակայն՝ շատ ավելի կարևոր էր մյուս հարցը (այն մեկը, որ ոչ ոք չէր տալիս), մասնավորապես՝ սա. ախր ո՞նց կարողացանք հասնել այն կետին, երբ բլբլացող, հռհռացող ու անպատասխանատու ծաղրածուն կարող է քարուքանդ անել մեր ողջ տնտեսությունն ու մշակութային կյանքը՝ ընդամենը հազար հինգ հարյուր դոլարի մարմելադե գնդիկներով:
Մարմելադե՛, դրա հերն եմ անիծել, գնդիկներո՛վ: Գժանո՛ց: Չէ, բայց ախր որտեղի՞ց է այդքան փող ճարել, որ հազար հինգ հարյուր դոլարի մարմելադե գնդիկներ առնի: (Նրանք հստակ գիտեին՝ ինչ արժեր, որովհետև իրավիճակային վերլուծաբանների մի ողջ ստորաբաժանման հրահանգել էին կիսատ թողնել իրենց ընթացիկ գործը, անհապաղ ուղևորվել դեպքի վայր, հատիկ-հատիկ հավաքել ու հաշվել բոլոր քաղցրավենիքները և ամփոփել տվյալները, ինչը, իր հերթին, խաթարել էր արդեն սրանց ժամանակացույցն ու ամբողջ մասնաճյուղի աշխատանքն առնվազն մեկ օրով հետ էր գցել): Մարմելադե գնդիկնե՛ր: Մարմելադե… գնդիկնե՞ր: Չէ, բայց սպասեք, մի վայրկյան (մի հաշված վայրկյան, ի դեպ). ախր արդեն հարյուր տարուց ավել է՝ ոչ ոք մարմելադե գնդիկներ չի արտադրում: Որտեղի՞ց է ճարել:
Խնդրեմ, էլի մի լավ հարց: Չնայած, իհարկե, ավելի քան հավանական է, որ այս մեկին լիովին բավարարող պատասխան երբեք էլ ոչ ոք չի ստանա: Բայց դե, մեր մեջ ասած, ո՞ր մի հարցն է երբևէ լիովին բավարարող պատասխան ստացել:
Մեջտեղն արդեն գիտեք: Հիմա՝ սկիզբը: Թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Գրասեղան: Օրացույց: Օրը օրի հետևից, ու ամեն օր՝ նոր թերթիկ: 9:00՝ կարդալ նամակները: 9:45՝ հանդիպում պլանավորման հանձնաժողովի հետ: 10:30՝ քննարկել տեղադրման առաջընթացի աղյուսակները Ջ. Լ.-ի հետ: 11:45՝ աղոթել, որ անձրև գա: 12:00՝ ճաշ: Եվ այսպես շարունակ:
«Միսս Գրանտ, կներեք, բայց հստակ նշված էր, որ հարցազրույցները ժամը 2:30-ին են, իսկ հիմա արդեն գրեթե հինգն է: Ցավում եմ, որ ուշացել եք, բայց դե ինչ արած, օրենքն օրենք է: Ստիպված պիտի մինչև մյուս տարի սպասեք, որ կարողանաք նորից դիմում հանձնել քոլեջ ընդունվելու համար»: Եվ այսպես շարունակ:
10:10-ի երթուղին կանգ է առնում Կրեստհեյվենում, Գեյլսվիլում, Տոնավանդայի խաչմերուկում, Սելբիում ու Ֆարնհորսթում՝ առանց կանգառի անցնելով Ինդիանա Սիթի, Լուկաս-վայնի և Կոլտոնի միջով՝ բացառությամբ կիրակի օրերի: 10:35-ի էքսպրեսը կանգ է առնում Գեյլսվիլում, Սելբիում և Ինդիանա Սիթիում՝ բացառությամբ կիրակի և տոն օրերի, որոնց դեպքում կանգ է առնում… Եվ այսպես շարունակ:
«Չէի կարող սպասել, Ֆրեդ: Ժամը 3:00-ին պիտի արդեն Պիեռ Կարտենի մոտ լինեի, ու դու էլ ասել էիր, որ ժամը 2:45-ին ժամացույցի տակ կլինես, բայց որ չեկար, ստիպված մենակս գնացի: Ախր միշտ ես ուշանում, Ֆրեդ: Եթե գայիր, պայմանագիրը միասին կստորագրեինք, բայց դե որ չեկար, պատվերը մենակ եմ վերցրել»… Եվ այսպես շարունակ:
«Հարգելի միստր և միսիս Էտերլի: Տեղեկացնում ենք ձեզ, որ Ձեր որդու՝ Ջերոլդի պարբերաբար կրկնվող ուշացումների պատճառով ստիպված ենք հեռացել նրան դպրոցից, քանի դեռ որևէ այլ՝ ավելի վստահելի միջոց չի գտնվել, որը կապահովի նրա ժամանակին ներկայությունը դասերին:
Հաշվի առնելով հանդերձ, որ նա օրինակելի աշակերտ է և բարձր գնահատականներ ունի, մենք համոզված ենք, որ դպրոցական ժամանակացույցի շարունակական անտեսումն աննպատակահարմար է դարձնում նրա հետագա ներկայությունը մի համակարգում, որտեղ մյուս աշակերտներն ունակ են ժամանակին լինելու այնտեղ, որտեղ պետք է լինեն…» Եվ այսպես շարունակ:
ԴՈՒՔ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԸՆՏՐԵԼ, ԵԹԵ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՉԼԻՆԵՔ ՈՒՂԻՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ 8:45-ԻՆ
«Թքած ունեմ՝ սցենարը լավը կլինի, թե չէ. հինգշաբթի պատրաստ լինի»:
ՀԵՐԹԱՓՈԽՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԺԱՄԸ 14:00-ԻՆ
«Ուշացել եք: Արդեն ուրիշին ենք գործի ընդունել: Կներեք»:
ՔՍԱՆ ՐՈՊԵ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
«Աստված իմ, արդեն ժամը քանի՞սն է, պիտի վազեմ»:
Եվ այդպես շարունակ: Եվ այդպես շարունակ: Եվ այդպես շարունակ: Եվ այդպես շարունակ շարունակ շարունակ շարունակ շարունակ թիկ թակ թիկ թակ թիկ թակ ու մի օր էլ տեսնում ենք, որ արդեն ոչ թե ժամանակն է մեզ ծառայում, այլ մենք ենք ժամանակի ծառաներն ու ժամանակացույցի ստրուկները, պաշտում ենք արևի անշեղ ընթացքն ու դատապարտված ենք ապրելու սահմանափակումների վրա հիմնված մի կյանք, քանի որ համակարգը չի գործի, եթե չենթարկվենք իր օրենքներին:
Իսկ հետո ուշանալը դառնում է ավելին, քան փոքրիկ անախորժությունն է:
Ուշանալը դառնում է մեղք: Հետո՝ հանցագործություն: Հետո՝ հանցագործություն, որը պատժվում է ըստ հետևյալի.
«ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՈՒՄ 2389-Ի ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԳԻՇԵՐՎԱ 12:00:00-ԻՑ: Ժամանակի Գերագույն Պահապանի գերատեսչության պահանջով բոլոր քաղաքացիները պարտավոր են իրենց ժամաքարտերն ու կարդիոսալիկները հանձել վերաթողարկման: Համաձայն մեկ շնչին բաժին ընկնող ժամանակի լրիվ կամ մասնակի չեղարկումը կանոնակարգող հ. 555-7-SGH-999 որոշման՝ բոլոր կարդիոսալիկները պետք է կցվեն անհատ օգտագործողներին, ինչպես նաև…»
Մի խոսքով՝ նրանք ստեղծեցին մի միջոց, որը թույլ էր տալիս վերահսկել ու կրճատել յուրաքանչյուր մարդուն հատկացված կյանքի տևողությունը: Եթե մեկը տասը րոպե ուշանում էր, ապա կորցնում էր իր կյանքից ուղիղ տասը րոպե: Մի ժամ ուշանալը, համապատասխանաբար, հանգեցնում էր շատ ավելի մեծ կրճատման: Իսկ եթե ինչ-որ մեկն անընդհատ էր ուշանում, ապա մի գեղեցիկ օր, ասենք՝ կիրակի երեկոյան, կարող էր Ժամանակի Գերագույն Պահապանից ծանուցում ստանալ առ այն, որ իր ժամանակը սպառվել է, և որ ինքը «կանջատվի» երկուշաբթի կեսօրին, խնդրում ենք՝ կարգի բերեք ձեր գործերը, պարոն:
Եվ այսպես, մի պարզունակ տեխնիկական հնարքի շնորհիվ (որ հիմնվում էր մի որոշակի գիտական մեթոդի վրա, որի գաղտնիքը խստագույնս պահպանվում էր Թիկթակի գերատեսչությունում) Համակարգը շարունակում էր գործել: Միակ նպատակահարմար միջոցը դա էր: Դա, վերջիվերջո, նաև հայրենասիրության նշան էր: Հարկավոր էր անշեղորեն հետևել գրաֆիկներին ու ժամանակացույցերին: Ի վերջո՝ պատերազմ էր ընթանում, չէ՞: Բայց դե մի՞թե պատերազմը երբևէ ավարտվել էր:
– Այ սա արդեն լրիվ գարշելի է,- ասաց Խեղկատակը, երբ սիրունիկ Ալիսը նրան ցույց տվեց քրեական հետախուզման տակ լինելու մասին պաստառը:- Գարշելի ու խիստ անհավանական: Ի վերջո՝ մեծ ճանապարհների ավազակների ժամանակներն արդեն վաղուց անցել են: Չէ, բայց դու պատկերացրու՝ հետախուզման մասին պաստա՜ռ:
– Գիտես,- նկատեց Ալիսը,- դու մի տեսակ չափազանց ձևական ես խոսում:
– Կներես,- խոնարհաբար ասաց Խեղկատակը:
– Մի՛ ասա կներես: Առավոտից երեկո կներես ես ասում: Բայց դու իրոք շատ մեծ մեղքեր ես գործել, Էվերետ: Ու դա իրոք շատ տխուր բան է:
– Կներես,- կրկնեց նա ու շուրթերն այնպես սեղմեց, որ այտերին տեղնուտեղը փոսիկներ հայտնվեցին: Իսկ հետո, չնայած չէր ուզում, ասաց.- Մի քիչ հետո էլի պիտի դուրս գամ: Պիտի մի բան անեմ:
Ալիսը սուրճի գավաթը խփեց սեղանին.
– Աստծու սիրուն, Էվերետ, ախր չես կարո՞ղ գոնե մի գիշեր տանը մնալ: Ախր ինչու՞ պիտի ամբողջ օրը ծաղրածուի այդ ահավոր քրջերը հագիդ թռնես աջուձախ ու մարդկանց դիվադադար անես:
– Ես…
Խեղկատակը լռեց ու ծաղրածուի գլխարկը քաշեց մազերի թուխ դեզի վրա: Թույլ ղողանջեցին զանգակները: Հետո վեր կացավ, իր սուրճի գավաթը ողողեց ծորակի տակ ու մի երկու վայրկյան պահեց չորանոցի մեջ:
– Պիտի գնամ:
Ալիսը չպատասխանեց: Հանկարծ մռլտաց ֆաքսը: Ալիսը դրա մեջից մի թերթիկ դուրս քաշեց, կարդաց, հետո շպրտեց սեղանին՝ Խեղկատակի կողմը:
– Քո մասին է: Դե բնականաբար, էլի: Չէ, բայց դու իրոք անհեթեթ ես:
Խեղկատակն արագ աչքի անցկացրեց թերթիկը: Այնտեղ գրված էր, որ Թիկթակն ամեն կերպ փորձում է նրան գտնել: Բայց դե ինքը դրա վրա թքած ուներ. մեկ է՝ էլի շարունակելու էր ուշանալ: Երբ արդեն դռան մոտ էր ու փորձում էր դուրս թռնելու համար հարմար պահ որսալ, մի պահ կանգ առավ, նեղացկոտ տեսքով շրջվեց ու ասաց.
– Գիտես, բայց դու էլ ես ձևական խոսում:
Ալիսը սքանչելի աչքերը թռցրեց ճակատը.
– Բա որ ասում եմ՝ անհեթեթ ես:
Խեղկատակը նետվեց դուրս ու դուռը թափով վրա բերեց: Դուռը, իհարկե, չշխկաց, այլ ավտոմատ փափուկ ծածկվեց ու ինքն իրեն կողպվեց:
Ապա հուշիկ թակոց լսվեց, ու Ալիսը շնչակտուր փնչացնելով վեր թռավ ու դուռը բացեց: Շեմին Խեղկատակն էր:
– Ես մոտավորապես տասն անց կեսի կողմերը հետ կգամ, լա՞վ:
Ալիսը ողբալի տեսք ընդունեց.
– Իբր ի՞նչ ես ասում: Իբր ի՞նչ, էլի: Մեկ է՝ դու էլ շատ լավ գիտես, որ հաստատ ուշանալու ես: Դու էլ գիտես: Միշտ էլ ուշանում ես, հիմա ի՞նչ իմաստ ունի հիմարություններ պատմելը:
Ու Ալիսը դուռը փակեց:
Դռան հետևում Խեղկատակը լուռ գլխով արեց: «Ճիշտ է ասում: Ինքը միշտ էլ ճիշտ է ասում: Ուշանալու եմ: Մեկ է՝ միշտ ուշանալու եմ: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի հիմարություններ պատմելը»:
Հետո ուսերը թոթվեց ու գնաց նորից ուշանալու:
Նա օդ կրակեց մի քանի հրթիռ-ճայթուկ, որոնք տեղեկացնում էին. «Երեկոյան ուղիղ ժամը 8:00-ին ես ներկա կլինեմ Միջազգային բժշկական ասոցացիայի 115-րդ տարեկան համագումարին: Հուսով եմ՝ կկարողանաք ինձ ընկերակցել»:
Բառերը պայծառ վառվում էին երկնքում, ու բնականաբար՝ իշխանության ներկայացուցիչներն իսկույն ժամանեցին դեպքի վայր ու դարան մտան: Նրանք, ինչ խոսք, համոզված էին, որ Խեղկատակն ինչպես միշտ ուշանալու է: Բայց նա հայտնվեց նշված ժամանակից քսան րոպե շուտ, երբ նրանք դեռ նոր-նոր էին ձգում բռնող-պահող ցանցերը, ինչքան ուժ ուներ՝ գոռաց իր ահռելի բարձրախոսի մեջ ու այնպես վախեցրեց ու իրար խառնեց օրենքի պահապաններին, որ հրաշալի յուղված ու լարված որսացանցը փակվեց հենց նրանց վրա ու այդ բոլոր քացի տվող ու ճղավող իշխանություններին քաշեց-թռցրեց վերև՝ կախելով ամֆիթատրոնի հատակից շատ բարձր: Խեղկատակն ինչքան ուժ ուներ՝ հռհռում էր ու քրքջում, քրքջում էր ու հռհռում՝ չմոռանալով անդադար ներողություն խնդրել պատճառած անհարմարության համար: Հանդիսավոր ժողովին ժամանած բժիշկներն էլ էին փորները բռնած ծիծաղում՝ չմոռանալով, անշուշտ, շինծու ու չափազանցված խոնարհումներով ընդունել Խեղկատակի ներողությունները: Կարճ ասած՝ բոլոր նրանք, ում համար Խեղկատակն ուղղակի խայտաբղետ շալվար հագած խելառի մեկն էր, հոյակապ ժամանակ անցկացրին: Դե, բոլորը, բացի իշխանության ներկայացուցիչներից, որոնք այդտեղ էին ուղղվել անձամբ մեծն Թիկթակի գերատեսչությունից ու հիմա, ինչ-որ անհեթեթ բեռի նման, ամենաանվայել դիրքերով ճոճվում էին ամֆիթատրոնի վերևում:
(Իսկ այդ ընթացքում այդ նույն քաղաքի մյուս ծայրում, որտեղ Խեղկատակն իր բուռն «գործունեությունն» էր ծավալում, տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որը բացարձակապես ոչ մի կապ չունի մեր պատումի հետ, եթե, իհարկե, չհաշվենք, որ շատ լավ ցույց է տալիս Թիկթակի իրական ուժն ու հզորությունը: Եվ այսպես, Մանշալ Դելահանթի անվամբ մի մարդ Թիկթակի գերատեսչությունից ստացավ իր անջատման ծանուցագիրը: Ավելի շուտ՝ ծանուցագիրը նրա կնոջը հանձնեց մոխրագույն համազգեստով մի վեցնոց՝ ավանդական «վշտի ու կարեկցանքի արտահայտությունը» լղոզած այլանդակ դեմքով մեկ: Կինը, նույնիսկ ծրարը չբացած, արդեն գիտեր, թե մեջն ինչ է: Այդ օրերին այնպիսի մարդ չկար, որ նման «սիրային նամակները» տեղնուտեղը չճանաչեր: Կինը, ծրարն այնպես բռնած, ասես բոտուլիզմի բացիլներով հագեցած լաբորատոր փորձանմուշ լիներ, տեղում քարացավ ու սկսեց սրտանց աղոթել, որ ծանուցագիրը հանկարծ իրեն ուղղված չլինի: «Աստված իմ, թող Մարշալը լինի, էլի,- անողոք ու սթափ մտածեց նա,- կամ գոնե երեխաներից մեկնումեկը, բայց ես չէ, աղաչում եմ, մենակ թե ես չէ, էլի»: Հետո բացեց ծրարը, տեսավ, որ ծանուցագիրն իրոք Մարշալին է ուղղված ու միաժամանակ և՛ սարսափ զգաց, և՛ թեթևություն: Գնդակը խոցել էր շարքում իր կողքին կանգնած զինվորին: «Մարշա՜լ,- ճչաց նա,- Մարշա՜լ: Կասեցու՜մ են բերել, Մարշա՜լ, վայաստվածիմ Մարշա՜լ բահիմաինչպիտիանենք բահիմաինչանենք Մարշա՜լ աստվածիմմարշալ»… Ու հետո ամբողջ գիշեր նրանց տնից պատռվող թղթերի ու վախի ձայն էր գալիս, իսկ ծխնելույզից գարշահոտ խելագարություն էր բարձրանում, ու նրանք ոչինչ, բացարձակապես ոչինչ չէին կարող անել: Բայց Մարշալ Դելահանթին, ամեն դեպքում, փորձեց փախչել: Ու հաջորդ օրն առավոտյան, երբ անջատման ժամանակը եկավ, արդեն անտառի խորքում էր՝ քաղաքից երկու հարյուր մղոն հեռու: Իսկ հետո Թիկթակի գերատեսչությունում նրա կարդիոսալիկը ջնջեցին, ու Մարշալ Դելահանթին դադարեց վազելը, փլվեց ծնկների վրա, սիրտը կանգ առավ, արյունը երակներում սառեց ու չհասավ ուղեղին, ու դե մարդը մեռավ, վերջ: Ժամանակի Գերագույն Պահապանի գերատեսչությունում համապատասխան սեկտորի քարտեզի վրա մի լամպ էլ մարեց, գործի հաշվետվությունն ուղարկեցին պատճենահանման, իսկ Ժորժետ Դելահանթիի անունը ներառեցին նպաստ ստացողների ցուցակում, քանի դեռ վերջինս կրկին չի ամուսնացել: Այսքանով մեր ծանոթագրությունն ավարտվում է, բոլոր պարզաբանումներն էլ՝ հետը, ուղղակի խնդրում ենք՝ չծիծաղել, որովհետև Խեղկատակի վերջն էլ է նույնը լինելու, եթե հանկարծ Թիկթակը հաջողացնի նրա անունը պարզել: Ու այստեղ ոչ մի ծիծաղելի բան չկա):
Քաղաքի առևտրային մակարդակը լեփ-լեցուն էր չորեքշաբթի օրվա համազգեստը հագած գնորդներով: Կանանց հագին բաց դեղին խիտոններ էին, տղամարդկանց հագին՝ շատ կիպ նստող (փուչիկի նման լայն շալվարները չհաշված) կանաչավուն, կաշվե կիսատիրոլյան հանդերձանքներ:
Հենց որ Խեղկատակը հայտնվեց Արդյունավետ Առևտրի Կենտրոնի կիսակառույցի գագաթին, բոլորը մի մարդու նման մատները տնկեցին վերև ու աչքերը չռեցին վրան, իսկ նա, բարձրախոսը չարաճճի ժպտացող շուրթերի մոտ պահած, սկսեց աջուձախ հանդիմանանքներ շաղ տալ.
– Ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեզ հրամայեն: Ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեզ կարգադրեն, թե մրջյունների ու որդերի նման ուր շտապեք ու ոնց խլվլաք: Կա՛նգ առեք: Հանգիստ զբոսնե՛ք մի քիչ: Վայելեք մայրամուտը, վայելեք քամին, թողեք, որ ձեր կյանքը ձեր սեփական ռիթմով ընթանա: Մի՛ դարձեք ժամանակի ստրուկները. դրանից ավելի վատ մեռնելու ձև չկա՝ դանդաղ, աստիճանաբար… Կորչի՛ Թիկթակը:
«Էս խելա՞ռն ով է», ուզում էին իմանալ գնորդների մեծամասնությունը: «Էս ի՞նչ խելառ էր վայ վայվայ ախր ուշանում եմ վայ պիտի վազեմ»…
Հենց այդ նույն պահին Առևտրի Կենտրոնի շինարարական անձնակազմը Ժամանակի Գերագույն Պահապանի գերատեսչությունից հրատապ կարգադրություն ստացավ, որ հարկավոր է անհապաղ ձերբակալել շենքի գագաթին թառած վտանգավոր հանցագործին, որ ավելի հայտնի է Խեղկատակ անվամբ:
Շինարարները հրաժարվեցին, որովհետև վախեցան, որ հետ կընկնեն իրենց շինարարության գրաֆիկից, բայց Թիկթակը քաշեց կառավարական ցանցի համապատասխան թելերը, ու նրանց հրամայեցին տեղնուտեղը դադարեցնել գործն ու բռնել բարձրախոսով շենքի կատարը թռած ծալապակասին: Ու մի տասը-քսան հաղթանդամ բանվորներ շինարարական հարթակներով մագլցեցին վերև՝ արձակելով հակագրավիտացիոն սալիկներն ու դանդաղ մոտենալով Խեղկատակին:
Խայտառակ ջախջախումից հետո (որի ընթացքում, շնորհիվ Խեղկատակի՝ մարդկանց անվտանգության հանդեպ ցուցաբերած համակ ուշադրության, ոչ մի բանվոր լուրջ վնասվածք չստացավ) շինարարները փորձեցին վերակազմավորվել ու նորից հարձակվել, բայց արդեն բանը բանից անցել էր: Խեղկատակը հօդս էր ցնդել: Տեսարանը, սակայն, արդեն հասցրել էր հանդիսատեսների լուրջ բազմություն հավաքել, ու առևտրի ցիկլը ժամերով հետ էր ընկել: Դրա հետևանքով համակարգի գնողունակությունն ու պահանջարկն այդ օրը հավուր պատշաճի չբավարարվեցին, ու վերևում ստիպված եղան շտապ միջոցներ ձեռնարկել՝ օրվա մնացած ժամերին ցիկլը արագացնելու համար, բայց ամեն ինչ այնպես խառնվեց իրար, որ գործը պետք եղածից շատ արագացավ, ու արդյունքում վաճառվեցին չափազանց շատ ջրմուղ փականներ ու ոչ բավարար քանակությամբ հովիչներ, ինչն իր հերթին նշանակում էր, որ շուկայում ապրանքների համամասնությունը խախտվել էր, ինչի պատճառով էլ կարիք առաջացավ խանութներ հասցնել շուտ փչացող «Ջարդ-0»-ների նորանոր արկղեր, մինչդեռ սովորական պայմաններում դրանցից օրական ընդամենը մեկ-երկու փաթեթ էր վաճառվում: Առաքումները խառնվեցին իրար, բեռնափոխադրումները ճանապարհից շեղվեցին, ու վերջում այնպիսի մի խառնաշփոթ սկսվեց, որ ազդեց նույնիսկ օդատաշտերի արդյունաբերության վրա:
– Մինչև չբռնեք, աչքիս չերևաք,- ասաց Թիկթակը՝ շատ կամացուկ, շատ անկեղծ ու ծայրահեղ վտանգավոր:
Նրանք բաց թողեցին շներին: Օգտագործեցին զոնդեր: Փորձեցին կարդիոսալիկների խմբակային անջատումներ: Լարեցին ծուղիչներ: Դիմեցին կաշառքի: Կիրառեցին կպչորդներ: Գնացին ահաբեկման: Մատնեցին տանջանքների: Ներառեցին գործ տվողների: Ներառեցին ոստիկանների: Դիմեցին խուզարկությունների ու կալանքի: Դիմեցին խարխադախներին: Ոգեկոչեցին լավագույն նկատառումները: Օգտագործեցին մատնահետքեր: Օգտագործեցին Բերտիլիոնին: Դիմեցին նենգությունների: Գնացին դավաճանության: Ներառեցին Ռաուլ Միտգոնգին, չնայած նա այնքան էլ չօգնեց: Օգտագործեցին կիրառական ֆիզիկա: Դիմեցին քրեագիտության բոլոր հնարքներին:
Ու դե, գրողը տանի, բռնեցին Խեղկատակին:
Եվ այսպես, նրա անունը Էվերետ Ս. Մարմ էր, ու նա, մեր մեջ ասած, մի եսիմինչ չէր, եթե չհաշվենք, որ մեկն էր, ով իսպառ զուրկ է ժամանակի զգացումից:
– Զղջա՛, Խեղկատա՛կ,- ասաց Թիկթակը:
– Ռադ եղիր,- պատասխանեց Խեղկատակն ու քմծիծաղեց:
– Դու ուշացել ես վաթսուներեք տարի, հինգ ամիս, երեք շաբաթ, երկու օր, տասներկու ժամ, քառասուներկու րոպե, հիսունինը վայրկյան, երեսունվեց հազար հարյուր տասնմեկ միկրովայրկյան: Դու արդեն ծախսել ես ունեցածդ ամեն ինչ ու նույնիսկ ավելին: Ու հիմա ես քեզ կանջատեմ:
– Գնա ուրիշին վախեցրու: Մարդ ավելի լավ է՝ մեռնի, քան թե ապրի սրա նման տխմար աշխարհում՝ քեզ նման հրեշի կողքին:
– Իմ գործն էլ դա է:
– Գրողի ծոցը՝ դու էլ, քո գործն էլ: Դու բռնակալ ես: Դու իրավունք չունես հրամայելու մարդկանց ու սպանելու ուշացողներին:
– Դու չես կարողանում հարմարվել, չես կարողանում տեղավորվել:
– Ձեռքերս որ արձակես, բռունցքս կտեղավորեմ ռեխիդ:
– Դու նոնկոնֆորմիստ ես:
– Ու դա համարվում է հանցագործությու՞ն:
– Արդեն համարվում է: Ենթարկվի՛ր ու ապրիր այն աշխարհում, որ քո շուրջն է:
– Ես ատում եմ այդ աշխարհը: Նողկալի աշխարհ է:
– Ոչ բոլորն են այդ կարծիքին: Մարդկանց մեծամասնությունը սիրում ու գնահատում է կարգուկանոնը:
– Ես չեմ սիրում, ու ոչ էլ՝ իմ ծանոթների մեծամասնությունը:
– Ճիշտ չես ասում: Գիտե՞ս՝ քեզ ոնց բռնեցինք:
– Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ:
– Սիրունիկ Ալիս անվամբ մի աղջիկ մեզ ասաց, թե դու ով ես:
– Սու՛տ ես ասում:
– Չէ, ճիշտ եմ ասում: Դու թևաթափ էիր անում նրան: Նա ուզում է դառնալ համակարգի մի մասը, ուզում է հարմարվել: Քեզ պիտի անջատեմ:
– Դե բա անջատի՛ր, էլ ի՞նչ ես գլխիս ճառեր կարդում:
– Չէ, չեմ անջատի:
– Ուրեմն ապուշի մեկն ես:
– Զղջա՛, Խեղկատա՛կ,- ասաց Թիկթակը:
– Ռադ եղիր:
Եվ նրան ուղարկեցին Քովենթրի: Իսկ հետո Քովենթրիում նրան վերամշակեցին: Հետը գրեթե նույն բանն արեցին, ինչ Ուիլսոն Սմիթի հետ էին արել «1984»-ում, և չնայած այդ գրքի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, այնտեղ նկարագրված մեթոդները հին են ու փորձված, ու նրանք Էվերետ Ս. Մարմին ենթարկեցին այդ բոլոր մեթոդներին, և ահա մի օր՝ բավականին երկար ժամանակ անց, Խեղկատակը հայտնվեց տեղեկատվական ցանցի բոլոր ալիքներում, ինչպես միշտ՝ չարաճճի, պայծառ աչքերով, փոսիկներն այտերին ու այնպիսի տեսքով, ասես բնավ էլ ուղեղը լվացած չէր, ու ասաց, որ ինքն առաջ մոլորության մեջ էր, որ իրականում հրաշալի, նույնիսկ հոյակապ բան է համակարգի մաս լինելն ու երբեք չուշանալը, ալա-բալա-նիցա, լրիվ իմ սրտից ա, ու բոլորը տեսան նրան քաղաքով մեկ տեղադրված հասարակական էկրանների վրա ու իրենք իրենց ասացին՝ բա՞, տեսա՞ր, փաստորեն՝ իսկականից խելառի մեկն էր, էլի, դե եթե համակարգն այսպես է աշխատում, ուրեմն եկեք այսպես էլ շարունակենք, որովհետև անիմաստ է պայքարել պետական ամենազոր մեքենայի կամ, տվյալ դեպքում, Թիկթակի դեմ: Այսպիսով՝ Էվերետ Ս. Մարմին ոչնչացրին, ինչը, հաշվի առնելով, թե Թորոն վերևում ինչ էր ասում, ծանր կորուստ էր, բայց առանց մի երկու ձու կոտրելու ձվածեղ չես անի, ու բոլոր հեղափոխություններում էլ միշտ այնպիսի մարդիկ են զոհվում, որոնք չպետք է զոհվեին, բայց միշտ հենց այդպես էլ լինում է, որովհետև կարգը դա է, ու եթե դու կարողացար հասնել գոնե մի չնչին փոփոխության, ուրեմն ամեն ինչ իզուր չի եղել: Կամ, եթե ավելի պարզ ասենք…
– Ըըը, ներեցեք, պարո՛ն, ներողություն եմ խնդրում, ես, ըըը, չգիտեմ՝ ոնց, ըըը, ոնց ասեմ, բայց դուք երեք րոպե ուշացել եք: Ձեր գրաֆիկը մի քիչ, ըըը, մի քիչ շեղվել է:
Վախվորած ժպիտ:
– Ցնդաբանությու՛ն,- դիմակի հետևից մռթմռթաց Թիկթակը:- Ձեր ժամացույցը ստուգեք:- Ու ուղղվեց դեպի իր գրասենյակ՝ քթի տակ մռլտալով՝ մռռ, մռռ, մռռ:
Թարգմանությունը անգլերենից՝ Հայկ Ֆելեքյանի