Ստեֆան Ցվեյգ | Անծանոթուհու նամակը

Ստեֆան Ցվայգ

Երբ հայտնի վիպասան Ռ.-ն` երեքօրյա ճամփորդությունից հետո՝ վաղ առավոտյան, վերադարձավ Վիեննա և ավտոկայանում ամսագիր գնելով՝ նայեց ամսաթվին, նա հանկարծ հիշեց, որ այսօր իր ծննդյան օրն է: «Քառասունմեկերորդը»,- արագ մտածեց նա, բայց այս փաստը ո՛չ ուրախացրեց, ոչ էլ տխրեցրեց նրան: Արագ աչքի անցկացրեց թերթի էջերը, տաքսի կանգնեցրեց և ուղևորվեց դեպի իր բնակարան: Սպասավորը հայտնեց երկու մարդկանց այցելության, մի քանի հեռախոսազանգերի մասին և սկուտեղի վրա բերեց հավաքված նամակները: Գրողը ալարկոտությամբ նայեց նամակների կույտին, մի քանի ծրար բաց արեց` հետաքրքրվելով նամակագիրներով. անծանոթ ձեռագրով գրված նամակներից մեկը նրան ծավալուն թվաց, և նա այն մի կողմ դրեց: Սպասավորը թեյ մատուցեց: Հարմար տեղավորվելով բազկաթոռին՝ նա մեկ անգամ էլ թերթեց ամսագիրը, նայեց նամակներին, սիգար ծխեց և վերցրեց մի կողմ դրված նամակը:

Նամակը մոտ երեսուն էջ ուներ. գրված էր կանացի ձեռագրով, շտապ ու ավելի շուտ ձեռագիր աշխատանք էր, քան նամակ: Ռ-ն մեկ անգամ էլ դժկամությամբ շոշափեց ծրարը` տեսնելու, արդյոք որևէ թերթ չի՞ մնացել այնտեղ: Բայց ծրարը դատարկ էր. ոչ ծրարի, ոչ էլ նամակի վրա հասցեատիրոջ անունը չկար: «Տարօրինակ է»,-մտածեց նա և նորից վերցրեց նամակը: «Քեզ` ինձ երբեք չճանաչողիդ»,-զարմանքով կարդաց նա. կամ վերնագիրն էր, կամ նախաբանը:
Ու՞մ էր վերաբերում: Իրե՞ն, թե՞ ինչ-որ հորինված հերոսի: Հետաքրքրություն արթնացավ նրա մեջ, և նա սկսեց կարդալ:
«Երեկ երեխաս մահացավ. երեք օր ու գիշեր ես պայքարում էի մահվան դեմ` հանուն փոքրիկ, փխրուն կյանքի: Քառասուն ժամ մինչ նրա խեղճ, տաք մարմինը վառվում էր, ես չէի հեռանում նրա անկողնուց: Ես սառույց էի դնում նրա վառվող ճակատին, գիշեր ու ցերեկ ափերիս մեջ էի պահում նրա անհանգիստ ձեռքերը: Երրորդ օրը երեկոյան ուժերս դավաճանեցին: Աչքերս իմ կամքից անկախ փակվում էին: Երեք կամ չորս ժամ քնեցի` նստած չոր աթոռին, և այդ ժամանակահատվածում մահը տարավ նրան: Այժմ նա պառկած է, սիրունի~կ, խե~ղճ բալիկ, իր նեղլիկ մանկական անկողնում, այնպիսին, ինչպիսին ես տեսա նրան, երբ արթնացա. միայն աչքերն են փակել, նրա խելացի, մուգ աչուկները, ձերքերը ծալել են սպիտակ վերնաշապիկի վրա, և չորս մոմ են վառել անկողնու չորս կողմը: Ես վախենում եմ այդ կողմ նայել, վախենում եմ տեղիցս շարժվել, որովհետև մոմերի կրակը տատանվում է, և շողքը անցնում է նրա դեմքի վրայով, սեղմված շրթունքների վրայով, և այդ ժամանակ ինձ թվում է, որ նրա դիմագծերը կենդանի են, և ես պատրաստ եմ հավատալ, որ նա չի մահացել, որ նա հիմա կարթնանա և իր բամբ ձայնով կասի ինձ ինչ-որ մանկական մի բան, քնքուշ մի բան: Բայց ես գիտեմ` նա մահացել է. ես չեմ ուզում նայել նրան, որ չզգամ հույսի քաղցրությունը և հիասթափության դառնությունը: Ես գիտե՛մ, գիտե՛մ, իմ փոքրիկը երեկ մահացել է` հիմա այս աշխարհում միայն քեզ ունեմ, քեզ, ով անհոգ խաղում է կյանքի հետ` չկասկածելով անգամ իմ գոյության մասին: Միայն դու, որ չէր ճանաչում ինձ, և ում ես միշտ սիրել եմ:
Ես վառեցի հինգերորդ մոմը և դրեցի սեղանին և քեզ նամակ եմ գրում: Ես չեմ կարող միայնակ մնալ իմ մահացած փոքրիկի հետ և չգոռալ իմ ցավի մասին, և ու՞մ հետ խոսեմ այս սարսափելի պահին, եթե ոչ քեզ հետ, չէ՞ որ դու հիմա էլ, ինչպես միշտ, ինձ համար ամենինչ ես: Ես գուցե չկարողանամ հստակ խոսել քեզ հետ, գուցե չհասկանաս ինձ, մտքերս խառնվում են` ուղեղս ցավում ու բզկտում ամբողջ մարմինս: Ոնց որ տաքություն ունեմ, գուցե ես էլ եմ հարբուխով հիվանդացել, որ այժմ տնից տուն է մտնում. բայց լավ կլիներ այդպես, որովհետև ես փոքրիկիս հետևից կգնայի և ամեն ինչ ինքնըսինքյան կդասավորվեր: Ժամանակ առ ժամանակ աչքերիս առաջ սևանում է, գուցե չկարողանամ ավարտել նամակս, բայց կհավաքեմ ուժերս, որպեսզի գոնե մի անգամ, այս մի անգամը խոսեմ քեզ հետ, սիրելի~ս, որ երբեք ինձ չճանաչեց:
Միայն քեզ հետ եմ ուզում խոսել, առաջին անգամ ուզում եմ պատմել քեզ ամեն ինչ. դու կիմանաս իմ ամբողջ կյանքը, որը միշտ քեզ է պատկանել, չնայած դու այդ մասին երբեք էլ չես իմացել: Բայց դու իմ գաղտնիքը կիմանաս միայն այն դեպքում, երբ ես մահանամ` որպեսզի կարիք չունենաս ինձ պատասխանելու, միայն եթե տենդս (որը մեկ տաքության մեջ է ինձ պահում, մեկ՝ ցրտի) վերջի սկիզբն է: Իսկ եթե կանխորոշված է, որ ես պիտի ապրեմ, ուրեմն ես կպատռեմ այս նամակն ու կշարունակեմ լռել, ինչպես որ միշտ լռել եմ: Բայց եթե դու ձեռքումդ ես պահում այս նամակը, ուրեմն իմացիր, որ դրա մեջ մահացածը պատմում է քեզ իր կյանքը, իր կյանքը, որը քոնն էր նրա առաջին և վերջին գիտակցական ժամերին: Մի՛ վախեցիր իմ բառերից. մահացածը բան չի պահանջի` ո՛չ սեր, ո՛չ կարեկցանք, ո՛չ սփոփանք: Միայն մի բան եմ ուզում քեզնից՝ որ դու հավատաս այն ամենին, ինչ կպատմի քեզ իմ պոռթկուն ցավը: Հավատա դրան, միայն դա եմ խնդրում. ոչ ոք չի ստի իր միակ երեխայի մահվան ժամին:
Ես կպատմեմ քեզ իմ ողջ կյանքը, որը իրականում սկսվեց այն օրը, երբ ես քեզ ճանաչեցի: Մինչ այդ օրը ամեն ինչ խամրած էր, մութ, այդտեղ իմ հիշողությունը էլ չի թափառում, այդ փոշոտ, սարդոստայնով լի ձեղնահարկը, որտեղ մարդիկ էին ապրում, որոնց ես վաղուց դուրս եմ նետել իմ սրտից:
Երբ դու հայտնվեցիր, ես տասերեք տարեկան էի և ապրում էի այն նույն տանը, որտեղ հիմա դու ես ապրում, այն նույն տանը, որտեղ դու այս նամակն ես կարդում` իմ կյանքի վերջին շունչը. ես ապրում էի այս նույն հարկում` հենց քո բնակարանի դիմացը: Դու, գուցե, արդեն չես հիշում մեզ` չինովնիկի համեստ այրուն ունեցողին (նա միշտ սգի մեջ էր) ու նիհարիկ դեռահասին, մենք միշտ ստվերում էինք`կաղապարված մեր աղքատ գոյության մեջ: Դու գուցե երբեք էլ չես լսել մեր մասին, որովհետև մեր դռան վրա ցուցանակներ չկային, և ոչ ոք չէր գալիս մեզ մոտ, ոչ ոք չէր հարցնում մեր մասին:
Այո’, այնքան վաղուց էր այդ` տասնհինգ, տասնվեց տարի առաջ, ո’չ, դու հաստատ չես հիշում, սիրելի~ս, բայց ես, օ~, ես ագահորեն հիշում եմ ամեն մանրունք, ես հիշում եմ, ասես այդ ամենը այսօր էր, այս պահին, այս րոպեին, երբ ես առաջին անգամ լսեցի քո մասին, առաջին անգամ տեսա քեզ, և ինչպե՞ս չհիշեմ, եթե հենց այդ ժամանակ աշխարհը բացվեց ինձ համար: Թույլ տուր, սիրելի~ս, պատմել քեզ ամենը, ամենասկզբից, նվիրիր ինձ տասնհինգ րոպե և լսիր համբերատարությամբ նրան, ով համբերատարությամբ սիրել է քեզ ամբողջ կյանքում:
Մինչ դու տեղափոխվեցիր մեր տուն, քո տանը ապրում էին զզվելի, չար, փնթփնթան մարդիկ: Չնայած նրանք էլ աղքատ էին, բայց ատում էին աղքատ հարևաններին, ատում էին մեզ, որովհետև մենք ոչ մի ընդհանուր բան չէինք ուզում ունենալ նրանց հետ: Տան գլխավորը հարբեցող էր և ծեծում էր կնոջը. մենք հաճախ արթնանում էինք գիշերվա կեսին` ընկող աթոռների և կոտրված ափսեների ձայներից: Մի անգամ կինը դուրս թռավ ամբողջովին արյունոտ, հարբեցողն էլ գոռոցով հետևում էր նրան, բայց մյուս բնակարաններից դուրս եկան բնակիչները և սպառնացին ոստիկանություն կանչել: Մայրս ի սկզբանե խուսափում էր ամեն տեսակի շփումից այդ ընտանիքի հետ և ինձ էլ արգելել էր խոսել նրանց երեխաների հետ, իսկ վերջիններս էլ վրեժ էին լուծում ինձանից պատեհ առիթի դեպքում: Փողոցում նրանք վատ բաներ էին գոռում իմ հետևից, մի անգամ այնպես էին ձնագնդիկներով խփել, որ դեմքիցս արյուն էր հոսում: Ամբողջ տունը միահամուռ ատում էր այդ մարդկանց, և հանկարծ ինչ-որ բան պատահեց, կարծես ամուսինը բանտում հայտնվեց գողության համար, և նրանք ստիպված էին տեղափոխվել, ու մենք հանգիստ շունչ քաշեցինք: Երկու, երեք օր դարպասներին հայտարարություն էր փակցված` վարձով է տրվում, հետո այն անհետացավ, և տան կառավարչի միջոցով մենք իմացանք, որ բնակարանը վարձել է ինչ-որ գրող` միայնակ, պարկեշտ մի պարոն: Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի քո անունը:
Երկու երեք օրից բանվորներն եկան և մաքրեցին տունը նախկին տերերի կեղտերից: Նրանք մուրճով հարվածում էին, լվանում էին, ավլում էին, բայց մայրս միայն ուրախանում ու ասում էր, որ վերջապես վերջացավ հարևանների խայտառակությունը:
Քեզ դեռ չէի տեսել. բոլոր աշխատանքներին հետևում էր սպասավորդ, այդ ոչ բարձրահասակ, սպիտակահեր մարդը, որը բոլորին վերևից էր նայում: Նա բոլորիս դուր էր գալիս, որովհետև սպասավորը մեր կողմերում հազվադեպ երևույթ էր, նաև որովհետև նա բոլորի հետ քաղաքավարի էր` միևնույն ժամանակ չհավասարվելով հասարակ ծառաներին և նրանց հետ ընկերական զրույցներ չունենալով:
Իմ մորը նա առաջին իսկ օրվանից հարգանքով խոնարհվում էր, որպես տիկնոջ, նույնիսկ ինձ հետ էր հարգալից, բայց լուրջ: Քո անունը նա միշտ արտասանում էր պատկառանքով, համարյա աստվածացնելով, և միանգամից երևում էր, որ դա սպասավորի միայն հասարակ նվիրվածություն չէ:
Եվ որքա~ն շատ էի ես սիրում ծեր Իոգանին, չնայած նախանձում էի նրան, որովհետև նա միշտ կարող էր ծառայել քեզ:
Ես պատմում եմ այս ամենը, սիրելի~ս, որպեսզի դու հասկանաս, որ կարող էիր հենց ամենասկզբից իշխանություն ունենալ վախեցած երեխայի վրա, որպիսին ես էի: Դեռ ավելի շուտ, քան դու մտար իմ կյանք, քո շուրջը ինչ-որ հրեշտակային, հարուստ, ոչ հասարակ ու գաղտնիքներով լի մարդու ածականներ սկսեցին պտտվել: Մենք բոլորս մեր փոքրիկ տնակում, անհամբեր սպասում էինք քո գալստյանը. դու գիտես, թե ինչ հետաքրքրասեր են մարդիկ, ովքեր ապրում են փոքր, նեղ աշխարհում: Եվ իմ հետաքրքրությունը միանգամից բռնկվեց, երբ ես տեսա տան առաջ կահույքով ավտոմեքենան: Ծանր իրերի մեծ մասը աշխատողներն արդեն բարձրացրել էին վերև և հիմա բարձրացնում էին ավելի փոքր առարկաներ. ես կանգնեցի դռան մոտ, որպեսզի այդ ամենը տեսնեմ, որովհետև քո բոլոր իրերը հիացնում էին ինձ` ես դրանց նմանները երբեք չէի տեսել: Այդտեղ կային հնդկական բաժակներ, իտալական արձանիկներ, մեծ, հիանալի, վառ նկարներ և վերջապես հայտնվեցին գրքերը, այնքա~ն շատ ու այնքա~ն գեղեցիկ, որ ես աչքերիս չէի հավատում: Դրանք դնում էին շարքերով դռան մոտ, այդտեղից էլ սպասավորն էր ընդունում ու ամեն գիրքը հոգատարությամբ դասավորում էր: Հետաքրքրությունից վառվելով ես թափառում էի ավելացող իրերի մեջ. սպասավորն ինձ չէր հեռացնում, բայց և երես չէր տալիս, այդ պատճառով էլ ես չէի համարձակվում ձեռք տալ որևէ գրքի, չնայած շատ էի ուզում: Ես միայն կողքից վերնագրերն էի կարդում` այդտեղ կային ֆրանսիական, անգլիական, գրքեր, իսկ մի քանիսն էլ լրիվ անհասկանալի լեզուներով էին: Ես ժամերով կարող էի նայել դրանց, բայց մայրս ինձ տուն կանչեց:
Եվ ահա դեռ քեզ չճանաչելով, ես ամբողջ երեկո քո մասին էի մտածում: Ես ինքս միայն մի տաս էժանագին գրքեր ունեի, որոնք ես շատ էի սիրում և միշտ կարդում էի: Ինձ գրավում էր այն միտքը, թե ինչպիսին պետք է լինի այն մարդը, ով կարդացել է այդքան գեղեցիկ գրքեր, գիտի այդքան լեզու, ով այդքան հարուստ ու միևնույն ժամանակ կրթված է: Ինձ թվում էր, որ այդքան գիտակ կարող է լինել միայն գերմարդկային մի էակ: Փորձում էի մտովի նկարել քո պատկերը ու պատկերացնում էի, որ դու ծեր ես, ակնոցով ու երկար սպիտակ մորուքով` ճիշտ մեր աշխարհագրության ուսուցչի նման, միայն թե ավելի բարի, գեղեցիկ ու նուրբ: Չգիտեմ ինչու, բայց երբ նույնիսկ քեզ ծեր էի պատկերացնում, ես արդեն համոզված էի, որ դու պետք է որ գեղեցիկ լինես: Այդ ժամանակ, այդ գիշեր, չիմանալով քեզ, ես առաջին անգամ տեսա քեզ երազում:
Հաջորդ օրը դու տեղափոխվեցիր, բայց ինչքան էլ որ փորձում էի, չէի կարողանում հանդիպել քեզ, և դա ավելի էր բորբոքում իմ հետաքրքրությունը: Վերջապես երրորդ օրը ես տեսա քեզ և ինչքան զարմացա, երբ դու լրիվ ուրիշ էիր, ընդհանրապես տարբեր էիր այն աստվածային կերպարից, որը ես ստեղծել էի իմ մանկական երևակայությամբ: Ես պատկերացնում էի բարեսիրտ, ակնոցավոր մի ծերունի, և ահա հայտնվեցիր դու` հենց այնպիսին, ինչպիսին որ այսօր ես, դու` չփոխված, դու` ում վրա տարիները հետքեր չեն թողնում: Հագիդ կար մի հիանալի բաց-շագանակագույն սպորտային համազգեստ, և դու քո թեթև, երիտասարդական քայլվածքով բարձրանում էիր աստիճաններով: Գլխարկդ ձեռքումդ էր, և ես աննկարագրելի հիացմունքով տեսա քո երիտասարդ, կենդանի դեմքը և բաց մազերը: Հավատացնում եմ քեզ` ես վախեցա, որովհետև ինձ ցնցեց, որ դու այդքան երիտասարդ էիր, գեղեցիկ, ամրակազմ ու իդեալական: Եվ տարօրինակ չէ՞արդյոք, որ այդ առաջին վայրկյանին ես միանգամից զգացի այն, ինչը քո մեջ բոլորին միանգամից հիացրել է` քո երկակիությունը. դու` թեթևամիտ, խաղով ու արկածներով տարված մի երիտասարդ, իսկ միևնույն պահին՝ քո արվեստում խիստ, պարտքին հավատարիմ, անսահման կարդացած և կրթված մարդ: Ես հասկացա, ինչպես հասկանում էին բոլորը, որ դու ապրում ես երկու կյանքով` լուսավոր, վառ կողմով այն արտաքին աշխարհին է միտված, իսկ մյուսը` մութ, որ միայն դու գիտես: Սա խորը երկատվություն է, և քո կեցության այդ գաղտնիքը ես` տասներեք տարեկան աղջնակս, բացահայտեցի առաջին իսկ հայացքից:
Հիմա հասկանում ես, սիրելի~ս, ի~նչ հրաշք, ի~նչ հանելուկ դարձար դու ինձ համար, ինձ` կիսաերեխայիս համար: Մարդ, ում առաջ խոնարհվում էին, որովհետև նա գրքեր էր գրում, որովհետև նա հայտնի էր ինձ անհայտ մեծ աշխարհում, հանկարծ պարզվեց, որ երիտասարդ, առույգ, զվարճալի քսանհինգամյա պատանի էր: Կարիք կա պատմելու, որ այդ օրվանից մեր տանը, իմ ամբողջ մռայլ մանկական աշխարհում ոչ մի բան ինձ այդքան չէր գրավում, որքան դու, որ ես իմ ամբողջ համառությամբ, տասներեք տարեկան աղջնակի ամբողջ ուժով մտածում էի միայն քո մասին, քո կյանքի մասին: Ես ուսումնասիրում էի քեզ, ուսումնասիրում էի քո սովորությունները, քեզ մոտ եկող մարդկանց, բայց այս ամենը ոչ միայն չէր հագեցնում իմ հետաքրքրասիրությունը, այլ ուժեղացնում էր այն, որովհետև քո երկակիությունը հստակ արտացոլվում էր քո այցելուների տարբերության մեջ: Գալիս էին երիտասարդներ, քո ընկերները, որոնց հետ դու ծիծաղում ու կատակում էիր, գալիս էին ուսանողներ, նույնիսկ մեքենաներով գալիս էին կանայք, մի օր եկավ օպերային թատրոնի տնօրենը, հանրահայտ դիրիժորը` դիրիժորական փայտիկը ձեռքին, ում ես միայն հեռվից էի տեսել, գալիս էին նաև երիտասարդ աղջիկներ, ովքեր դեռ դպրոց էին գնում, և ովքեր ամաչում ու շտապում էին արագ ներս մտնել դռնից, ընդհանրապես շա~տ, շա~տ-շա~տ կանայք էին գալիս: Ես այդ մասին չէի մտածում հիմնականում, նույնիսկ այն օրվանից հետո, երբ մի առավոտ` դասի գնալիս, տեսա քո մոտից հեռացող, քողով ծածկված մի կնոջ: Չէ՞ որ ես ընդամենը տասներեք տարեկան էի, և չգիտեի, որ անհագ հետաքրքրասիրությունս, որով ես հետևում էի քեզ, սեր է:
Բայց ես գիտեմ, սիրելի~ս, հստակ օրն ու ժամը, երբ քեզ ամբողջ հոգով տրվեցի: Զբոսանքից վերադառնալով ես ու իմ դպրոցական ընկերուհին շատախոսում էինք մուտքի մոտ: Այդ ժամանակ մի մեքենա եկավ, և չհասցրեց կանգ առնել, երբ դու ` քեզ բնորոշ արագությամբ և ճկուն շարժուձևով, որը ինձ հիմա էլ է գրավում, դուրս եկար ավտոմեքենայից: Ինքնաբերաբար ես վազեցի դեպի դուռը, որպեսզի այն բաց անեմ քեզ համար և մենք համարյա բախվեցինք իրար: Դու նայեցիր ինձ տաք, նուրբ, գրավիչ հայացքով և մեղմ ժպտացիր, այո’, հենց մեղմ ժպտացիր և ցածր ձայնով ասացիր. «Շատ շնորհակալություն, դռնապա’ն»:
Ահա և վերջ, սիրելի~ս, բայց հենց այդ վայրկյանից, երբ զգացի քո նուրբ, գրավիչ հայացքը, ես քոնն էի: Հետագայում ես շատ շուտ իմացա, որ այդ գրկող, կանչող, գրավիչ և միևնույն ժամանակ մերկացնող, ի ծնե գայթակղողի հայացը դու կողքովդ անցնող ամեն կնոջ ես նվիրում, ամեն վաճառողուհու, ամեն աղախնի, ով դուռ է բաց անում քեզ համար, իմացա, որ այդ հայացքը քո կամքից անկախ է ստացվում և չի արտահայտում որևէ զգացմունք, այլ դառնում է տաք ու մեղմ, երբ դիմում ես կնոջը: Բայց ես` տասներեքամյա երեխաս, այդ չէի էլ կասկածում. ես կրակովդ վառվում էի: Ես կարծում էի, որ այդ նրբությունը միայն ինձ էր վերաբերվում, միայն ինձ, և այդ ժամանակ իմ` դեռահասիս մեջ արթնացավ կինը, և նա ընդմիշտ դարձավ քոնը:
-Ո՞վ է նա,-հարցրեց ինձ ընկերուհիս: Ես չկարողացա միանգամից պատասխանել: Ես չէի կարողանում ինքս ինձ համոզել քո անունն արտասանել. այդ պահին անունդ սրբություն էր դարձել ինձ համար, այն իմ գաղտնիքն էր:
-Մեր տան ապրողներից մեկն է էլի,- անհարմար զգալով պատասխանեցի ես:
-Բա ինչու՞ այդպես կարմրեցիր,- մանկական չարությամբ ծիծաղեց նա: Եվ քանի որ նա ծաղրելով փորձեց բացահայտել իմ գաղտնիքը, արյունն ավելի արագ էր հասնում այտերիս: Ամաչելով ես կոպտորեն գոռացի.
-Հիմարի’ մեկը:
Ես պատրաստ էի նրան խեղդել, բայց նա քրքջաց ավելի բարձր ու ծաղրալի. վերջապես անկարողության արցունքներ հայտվեցին աչքերիս: Ես շրջվեցի ու վազեցի վերև:
Այդ վայրկյանից ես քեզ սիրեցի: Ես գիտեմ, կանայք հաճախ են ասում այս բառերը քեզ գոհացնելու համար: Բայց, հավատա’ ինձ, ոչ ոք քեզ այսպիսի ստրկային նվիրվածությամբ չի սիրել, ինչպես այն արարածը, որը ես եղել եմ ու մնացել եմ միշտ քեզ համար, որովհետև ոչինչ աշխարհում չի կարելի համեմատվել երեխայի սիրո հետ` այնպես մաքուր, անաղարտ, այնպես հնազանդ և փխրուն. այն երբեք պահանջկոտ չի լինում` գուցե անգիտակցաբար, բայց մեծ կինը փոխադարձություն է պահանջում: Միայն երեխաները կարող են պահել իրենց մեջ կիրքը, մյուսները իրենց զգացմունքները պատմում են ընկերուհիներին, խլացնում են սիրելիին խոստովանություններով, որովհետև նրանք հաճախ են լսել ու կարդացել սիրո մասին և գիտեն, որ սիրուց չի լինում փախչել: Նրանք գլուխ են գովում, ինչպես երեխան տիկնիկով, ինչպես տղան իր առաջին ծխած սիգարետով: Բայց ես, ես չունեի ոչ ոք, ում կարողանայի վստահել, ոչ ոք չէր զգուշացնում ինձ, ես անմեղ ու անփորձ էի: Ես ընկա ճակատագրիս մեջ ինչպես անդունդը: Դու ամենինչ էիր ինձ համար. հայրս վաղուց մահացել էր, իսկ մորիցս, որ միշտ հիմարաբար խեղճ այրի էր խաղում, ու ապրում էր միայն թոշակով, ես միշտ հեռու էի: Թեթևամիտ համադասարանցիներս վանում էին ինձ, որովհետև նրանք չհասկանալով՝ խաղում էին նրանով, ինչը ինձ համար բարձրագույն կիրք էր. այսպիսով իմ ողջ հույզերը, իմ բոլոր ճնշված, բայց դուրս ցայտող զգացմունքները քեզ էին նվիրված: Դու ինձ համար, ինչպես բացատրեմ, յուրաքանչյուր համեմատություն առանձին վերցրած շատ նեղ է, դու հենց ամենինչ էիր ինձ համար, իմ ամբողջ կյանքն էիր: Ամեն ինչ գոյություն ուներ միայն որովհետև կապ ուներ քեզ հետ, ամեն ինչ իմ կյանքում միայն այն դեպքում իմաստ ուներ, եթե կապված էր քեզ հետ: Դու փոխեցիր իմ ամբողջ կյանքը: Մինչ այդ անտարբեր ու միջակ աշակերտուհին հանկարծ առաջինը դարձավ դասարանում. ես հարյուրավոր գրքեր էի կարդում, մինչ ուշ գիշեր կարդում էի, որովհետև գիտեի, որ դու սիրում ես գրքեր: Ի զարմանս մորս՝ ես ջանասիրաբար սկսեցի դաշնամուր պարապել, քանի որ ենթադրում էի, որ դու երաժշտություն սիրում ես: Ես կարդում էի ու հագուստներս էի կարկատում, որպեսզի վատ հագնված չտեսնեիր ինձ, և ես ահավոր տառապում էի դպրոցական գոգնոցիս ուղղանկյուն կարկատանի համար, որը կարված էր մորս հին զգեստից: Ես վախենում էի, որ դու կնկատես այդ կարկատանը, այդ պատճառով ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս ձախ կողմումս պայուսակս ու գրքերս էի պահում և վախից դողում էի` հանկարծ չտեսնես կարկատանը: Բայց ի՜նչ ծիծաղելի էր վախս, որովհետև դու երբեք, համարյա երբեք չէիր նայում ինձ վրա:
Ինչևէ, ես ամբողջ օրը սպասում էի, հետևում էի քեզ: Մեր դռան վրա մեծ կլոր անցք կար, որով հնարավոր էր տեսնել քո դուռը: Այդ անցքը… (ո’չ, մի’ ծիծաղիր, սիրելի~ս. ես նույնիսկ հիմա չեմ ամաչում դրա մոտ անցկացրածս ժամերի համար) իմ պատուհանն էր դեպի աշխարհ. այդ սառը միջանցքում, վախենալով, որ մայրս կտեսնի, ես գիրքը ձեռքիս երեկոները սպասում էի քեզ: Ես, ասես, ձգված լար լինեի, որը դողում էր քո մոտենալուն պես: Ես երբեք չեմ լքել քեզ, միշտ անթարթ հայացքով հետևում էի քեզ, բայց քեզ համար դա այնքան աննկատելի էր, որքան ժամացույցների ձգված ոլորակները, ժամացույցներ, որոնք դու գրպանումդ ունես, որոնք մթության մեջ հաշվում են քո օրերը և ուղեկցում են քեզ քո կյանքի ուղիներում, բայց դու միայն մի վայրկյան ես հայացք նետում նրանց վրա: Ես քո մասին ամեն ինչ գիտեի, քո բոլոր սովորությունները, բոլոր փողկապները, բոլոր կոստյումները, ես գիտեի և շուտով սկսեցի տարբերակել քո բոլոր ծանոթներին. ես բաժանում էի նրանց երկու մասի` ովքեր ինձ դուր էին գալիս և ում ատում էի: Տասներեքից տասնվեց տարեկանը ես ապրում էի միայն քեզանով: Ա~խ, որքան հիմարություններ եմ արել: Ես համբուրում էի դռան բռնակը, որին քո ձեռքն էր դիպել, ես վերցնում էի սիգարի մնացորդը, որը դու էիր գցել մինչ տուն մտնելը, և այն ինձ համար սրբություն էր, որովհետև դրան էին հպվել քո շուրթերը: Երեկոները ես հարյուր անգամ ինչ-որ պատրվակով դուրս էի վազում փողոց, որպեսզի տեսնեմ քո որ սենյակում է լույս վառվում, և որպեսզի ավելի ուժեղ զգամ քո ներկայությունը: Իսկ քո բացակայության ժամանակ սիրտս վախից կծկվում էր ամեն անգամ, երբ տեսնում էի բարի Իոհանին, որ իջնում էր ներքև քո դեղին ճամպրուկով` իմ կյանքը երկար շաբաթներով սառում է և կորցնում ամեն իմաստ: Կարոտած, չար քայլում էի ես տան մեջ` վախենալով, որ մայրս իմ արտասվախառն աչքերից կհասկանա իմ ցավը:
Ես գիտեմ՝ այս ամենը, ինչ պատմում եմ քեզ, երեխայական ծիծաղելի արարքներ են: Ես պետք է ամաչեի դրանցից, բայց ես չեմ ամաչում, որովհետև երբեք իմ սերը քո հանդեպ ավելի մաքուր ու կրակոտ չի եղել, քան այդ վաղ մանկական հիացմունքի ժամանակներում: Ժամերով, օրերով ես կարող եմ պատմել քեզ, թե ինչպես էի ես ապրում քեզնով, որ համարյա դեմքս էլ չգիտեիր, որովհետև աստիճանների վրա քեզ հանդիպելիս, վախենալով քո կրակոտ հայացքից, գլուխս կախում ու կողքովդ անցնում էի, ասես մեկը լինեի, ով ջուրն է նետվում կրակից փրկվելու համար: Ժամերով, օրերով ես կարող եմ պատմել քեզ մոռացված այն տարիների մասին, կարող եմ քո կյանքի օրացույցը կազմել, բայց ես չեմ ուզում ձանձրացնել քեզ, չեմ ուզում տանջել քեզ: Ես միայն մեկ անգամ կպատմեմ քեզ իմ մանկության ամենաերջանիկ դեպքի մասին, ես խնդրում եմ քեզ, չծիծաղես, որովհետև ինչքան էլ աննշան թվա` ինձ համար, երեխայի համար, դա անսահման երջանկություն էր: Պատահեց դա մի կիրակի, դու ճամփորդության էիր, և քո սպասավորը բաց դռնից դուրս էր հանում հենց նոր մտցրած ծանր գորգերը: Ծերուկը դժվարանում էր, և ես հանկարծ խիզախեցի ու մոտեցա նրան, հարցրի. «Կարո՞ղ եմ օգնել»: Նա զարմացավ, բայց չմերժեց օգնությունս, և այդպես ես տեսա, (եթե ես միայն կարողանայի արտահայտել, թե ինչ հարգանքով, ինչ աստվածացմամբ ու դողով լի էի ես), ես տեսա քո տան ներսը, քո աշխարհը, քո գրասեղանը, որի մոտ դու աշխատում ես, դրա վրա կապույտ ծաղկամանով ծաղիկներ էին, քո պահարանը, նկարները, գրքերը: Ես միայն մի թեթև հայացք կարողացա նետել դեպի քո աշխարհը, որովհետև հավատարիմ Իոհանը, իհարկե, թույլ չէր տա ինձ նայել ավելի մոտիկից, բայց այդ միակ հայացքով ես քո բնակարանի ամբողջ մթնոլորտը կլանեցի, և դա կերակուր դարձավ իմ անթիվ երազանքներին` քնած, թե արթուն:
Այդ միջադեպը, այդ կարճ ակնթարթը մանկությանս ամենաերջանիկ պահն էր: Ես ուզում էի քեզ պատմել այդ մասին որպեսզի դու` ինձ չճանաչողդ, վերջապես զգաս, թե ինչպես մի մարդկային կյանք վառվում ու մոխրանում էր քեզ համար: Այս դեպքի մասին ես ուզում էի պատմել քեզ, նաև մեկ ուրիշի մասին` ամենասարսափելիի մասին, որը, ցավոք, հետևեց առաջինին: Ինչպես ես քեզ արդեն ասել եմ, ես հանուն քեզ մոռացել էի ամեն ինչի մասին, չէի նկատում մորս, և ոչ մեկի ու ոչնչի վրա ուշադրություն չէի դարձնում: Ես նկատել էի, որ մի զառամյալ պարոն` Ինսբրուկից մի վաճառական` մորս հեռավոր ազգականներից մեկը, սկսել էր հաճախ լինել և մնալ մեր տանը. ես նույնիսկ ուրախանում էի, որովհետև նա մորս թատրոն էր տանում, և ես, մնալով տանը, առանց խոչընդոտի կարող էի մտածել քո մասին, սպասել քեզ, և դա իմ ամենամեծ, իմ միակ երջանկությունն էր: Եվ ահա մի օր մայրս հանդիսավորությամբ կանչեց ինձ իր սենյակ և ասաց, որ մենք պետք է լուրջ խոսենք: Ես գունատվեցի, սիրտս կանգնեց` միայն թե չկասկածեր, գլխի չընկներ: Իմ առաջին միտքը քո մասին էր, գաղտնիքիս մասին, որը ինձ կապում էր կյանքին: Բայց մայրս ինքը անհանգիստ էր, նա մեղմ համբուրեց ինձ (ինչը երբեք չէր անում), նստեցրեց կողքին` բազկաթոռին և սկսեց` կարմրելով պատմել, որ իր այրի բարեկամը առաջարկություն է արել իրեն և որ նա, հիմնականում ինձ համար, որոշել է համաձայնվել: Սիրտս ավելի ուժեղ խփեց, ես միայն մի բան ասացի ի պատասխան մորս խոսքերի.
-Մենք այստեղ ենք չէ՞ մնալու,- դժվարությամբ արտաբերեցի ես:
-Ո’չ, մենք կտեղափոխվենք Ինսբրուկ, այնտեղ Ֆերդինանտը հիանալի վիլլա ունի:
Ես ուրիշ ոչինչ չլսեցի: Աչքերիս առաջ սևացավ: Հետո ես իմացա, որ ուշագնաց եմ եղել: Ես լսում էի, թե ինչպես մայրս կիսաձայն պատմում էր դռան հետևում սպասող հայրացուիս, որ ես, հանկարծ ձեռքերս թուլացնելով, ընկա գետնին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում մոտակա օրերին, ինչպես ես` անօգնական երեխաս, պայքարում էի ամենայն մեծերի կամքի դեմ: Նույնսիկ հիմա, երբ ես գրում եմ այդ մասին, ձեռքերս դողում են: Ես չէի կարող գաղտնիքս պատմել, այդ պատճառով իմ դիմադրությունը միայն չար համառություն էր թվում: Ոչ ոք էլ հետս չէր խոսում, ամեն ինչ իմ մեջքի հետևում էր արվում: Տեղափոխության պատրաստությունները արվում էին այն ժամերին, երբ ես դպրոցում էի. Ամեն օր վերադառնալով տուն ես տեսնում էի, որ ևս մեկ իր վաճառվել կամ տեղափոխվել է: Իմ աչքերի առաջ քանդվում էր մեր բնակարանը, իսկ դրա հետ նաև իմ կյանքը, և մի օր` տուն վերադառնալով ես իմացա, որ մեր կահույքն էլ են տարել: Դատարկ սենյակներում դրված էին տեղափոխությանը պատրաստ ճամպրուկներ և երկու ծալվող անկողին` մորս ու իմ համար: Այստեղ մենք պետք է մի գիշեր էլ անցկացնեինք, վերջինը, իսկ առավոտյան մեկնեինք Ինսբրուկ:
Այդ վերջին օրը ես հստակ իմացա, որ քեզնից հեռու չեմ կարող ապրել: Քո մեջ էի միայն ես տեսնում իմ փրկությունը: Ինչ էի ես մտածում կամ ընդհանրապես կարող էի ես բանականությամբ մտածել այդ դժվար պահերին, ես այդ չգիտեմ, բայց հանկարծ մայրս ինչ-որ տեղ գնաց, ես վեր թռա հենց դպրոցական համազգեստովս, վազեցի քեզ մոտ: Ո’չ, ես չէի վազում, այլ մի անբացատրելի ուժ ինձ հրում էր քո դռան մոտ, ես ամբողջովին դողում էի և դժվարությամբ էի տեղաշարժում քարացած ոտքերս: Ես պատրաստ էի (ես ինքս հստակ չգիտեի ինչ էի ուզում) ընկնել ոտքերդ, աղաչել քեզ, որ ինձ քեզ մոտ պահես, որպես աղախին, որպես ստրուկ: Վախենամ, ծիծաղես տասնհինգամյա աղջնակի վրա, բայց, սիրելի~ս, դու չէիր ծիծաղի, եթե իմանայիր, ինչպես էի ես կանգնած սառը միջանցքում այդ ժամանակ` վախից կծկված, և հնազանդվելով ինչ-որ անտեսանելի ուժի, որը ստիպեց իմ դողացող ձեռքին, ասես պոկելով այն մարմնից, բարձրանալ ու կարճ, բայց դաժան պայքարից հետո, որը տևում էր մի ամբողջ անվերջություն, սեղմել զանգի կոճակը: Ես մինչ այսօր լսում եմ զանգն ու դրան փոխարինող լռությունը, երբ արյունս կանգնել էր, երբ սիրտս դադարել էր աշխատել:
Բայց դու դուրս չեկար: Ոչ ոք դուրս չեկավ: Հավանաբար դու տանը չէիր, իսկ Իոգանը նույնպես գնացել էր ինչ-որ բան գնելու: Եվ ահա ես դանդաղ հեռացա` ականջներումս պահելով զանգի ձայնը: Չորս քայլ անցնելով ես ավելի շատ հոգնեցի, քան եթե մի քանի ժամ քայլեի ձյան վրայով: Բայց ոչնչին ուշադրություն չդարձնելով, իմ մեջ ավելի ու ավելի ուժգին վառվեց քեզ տեսնելու, քեզ հետ խոսելու հաստատակամությունը: Երդվում եմ, մտքումս ուրիշ ոչինչ չկար, և ես դեռ ոչինչ չգիտեի, հենց այն պատճառով, որ բացի քեզանից ուրիշ ոչինչի մասին չէի մտածում. ես ուզում էի տեսնել քեզ, մեկ անգամ էլ տեսնել, զգալ քո մտերմությունը: Ամբողջ գիշեր, այդ երկար ողջ գիշերը, այդ ահավոր գիշերը ես քեզ էի սպասում, սիրելի~ս: Հենց որ մայրս պառկեց քնելու և քնեց, ես դուրս թռա միջանցք ու սկսեցի ականջ դնել քո ոտնաձայներին, տեսնելու համար գալիս ես, թե ոչ: Ես ամբողջ գիշեր սպասում էի քեզ, ամբողջ հունվարյան մի գիշեր: Ես հոգնեցի, ամբողջ մարմինս ջարդվում էր, և նույնիսկ աթոռ չկար, որպեսզի նստեի, ես հենց սառը գետնին պառկեցի, որտեղ դռան տակից ուժեղ փչում էր քամին: Մի բարակ զգեստով ես պառկած էի չոր, սառը գետնին` ես նույնիսկ ծածկոց չունեի, վախենում էի, որ տաքանալով կքնեմ ու չեմ լսի քո ոտնաձայները: Սարսափելի էր, ես սեղմում էի ոտքերս, ձեռքերս դողում էին` ստիպված էի վեր կենալ, քայլել, որպեսզի գոնե մի քիչ տաքանամ: Բայց ես սպասում էի, սպասում էի իմ ճակատագրին:
Վերջապես (երևի արդեն ժամը երկուսը կամ երեքն էր) ես լսեցի, թե ինչպես ներքևում փակվեց մուտքի դուռը, հետո աստիճանների վրա լսվեցին ոտնաձայներ: Այդ պահից ի վեր ես դադարեցի մրսել, տաքությունը պատեց ինձ, ես կամացուկ բացեցի դուռը` պատրաստ քեզ հանդիման դուրս գալու, ընկնելու ոտքերիդ առաջ…Ա~հ, ես նույնիսկ չգիտեմ, ինչ կանեի ես` հիմար երեխաս: Ոտնաձայները մոտենում էին, երևաց մոմի լույսը: Դողալով ես բռնել էի դռան ամրակը: Դու՞ էիր, թե՞ ուրիշ մեկը:
Այո’, դու էիր, սիրելի~ս, բայց մենակ չէիր: Ես լսեցի նյարդային, խուլ ծիծաղ, մետաքսյա շորերի շրշյուն և քո ցածր ձայնը` դու վերադառնում էիր տուն ինչ-որ կնոջ հետ…
Չգիտեմ, ինչպես դիմացա ես այդ գիշեր: Առավոտյան, ժամը ութին ինձ Ինսբրուկ էին տանում. ես էլ ուժ չունեի դիմադրելու:
Փոքրիկս երեկ գիշերը մահացավ, հիմա ես նորից մենակ կլինեմ, եթե ինձ ճակատագրով նախատեսված է դեռ ապրել: Վաղը կգան օտար, սևազգեստ մարդիկ, ովքեր կբերեն դագաղը, կդնեն դրա մեջ իմ փոքրիկին, իմ խեղճ, իմ միակ երեխային: Գուցե գան ընկերներս ու բերեն ծաղկեպսակներ, բայց ի՞նչ են նշանակում ծաղիկները դագաղի մոտ: Ինձ կսկսեն մխիթարել, ասել ինչ-որ բառեր, բառեր, բառեր, բայց ինչո՞վ կօգնեն ինձ դրանք: Ես գիտեմ, որ միևնույն է մենակ եմ մնալու: Չէ՞ որ չկա ավելի սարսափելի բան, քան մենակությունը մարդկանց մեջ: Ես այդ իմացա այն ժամանակ, այն անվերջ երկու տարվա ընթացքում, որոնք անցկացրի Ինսբրուկում` տասնվեցից տասնութ տարեկանում, երբ ես`որպես պատանդ, որպես թշվառ, ապրում էի իմ ընտանիքում: Խորթ հայրս, շատ հանգիստ, խոսքերում ժլատ ծերուկը ինձ լավ էր վերաբերվում, ասես փորձելով պատահական մի սխալ հարթել դրանով. նա իմ բոլոր ցանկությունները կատարում էր: Երիտասարդները փորձում էին օգտվել իմ դիրքից, բայց ես կրքոտ համառությամբ մերժում էի նրանց բոլորին: Ես չէի ուզում երջանիկ լինել, չէի ուզում բավարարված լինել քեզանից հեռու: Ես հատուկ փակվում էի ինքնախարազանման ու միայնության մութ աշխարհում: Նոր զգեստները, որոնք ինձ համար գնում էին, ես չէի հագնում, ես հրաժարվում էի համերգներ, թատրոններ գնալ, մասնակցել պիկնիկների: Ես համարյա դուրս չէի գալիս տանից, կհավատաս, սիրելի~ս, որ ես հազիվ մի քանի փողոց գիտեմ այս փոքրիկ քաղաքում, որտեղ երկու տարի ապրել եմ: Ես տառապում էի, ու ուզում էի տառապել, ես արբեցնում էի ինձ տրտմության ամեն կաթիլով, որը չէր հագստացնում իմ ցավը` քեզ չտեսնելու ցավը: Եվ բացի այդ ես չէի ուզում, որ ինձ շեղեին իմ կրքից, ուզում էի ապրել միայն քեզանով: Ես տանն էի նստում օրերով և ոչ մի բան չէի անում, միայն մտածում էի քո մասին՝ նորից ու նորից մտաբերելով հազարավոր փոքր դրվագներ, ամեն հանդիպումը, ամեն սպասումը. ես երևակայությանս մեջ, ինչպես բեմի վրա, խաղում էի բոլոր այս փոքր աննշան դեպքերը: Եվ այն պատճառով, որ ես անվերջ կրկնում էի այդ վայրկյանները, իմ ողջ մանկությունը այնպիսի հստակությամբ է տպավորվել հիշողությանս մեջ. ես հիմա էլ զգում եմ այդ տարիների դառնությունը, ասես դա երեկ էր արյունս պղտորում:
Միայն քեզնով էի ես ապրում: Ես առնում էի քո բոլոր գրքերը, երբ քո անունը հիշատակվում էր թերթում, այդ օրն ինձ համար տոն էր: Կհավատաս թե ոչ, բայց ես անգիր գիտեմ քո բոլոր գրքերը, այդքան հաճախ էի ես կարդում դրանք: Եթե ինձ գիշերը արթնացնեին և պատահական տող կարդային քո գրքից, ես հիմա էլ` տասներեք տարի անց, կարող եմ շարունակել մնացյալը. քո յուրաքանչյուր բառ ինձ համար Աստվածաշունչ էր, աղոթք էր: Ամբողջ աշխարհը գոյություն ուներ միայն քեզ հետ կապի շնորհիվ: Ես վիեննական թերթերում կարդում էի համերգների, պրեմիերաների մասին միայն այն հույսով, որ դրանցից որևէ մեկը կարող է գրավել քեզ, իսկ երբ երեկո էր գալիս, ես հեռվից ուղղեկցում էի քեզ. ահա դու մտնում ես դահլիճ, ահա նստում ես քո տեղը: Հազար անգամ պատկերացրել եմ այդ ամենը, որովհետև միայն մեկ անգամ եմ տեսել քեզ համերգի ժամանակ:
Բայց կարիք կա՞ պատմելու այս ամենի մասին: Մի միայնակ երեխայի անիմաստ ինքնախարազանման մասին կարիք չկա պատմել նրան, ով նույնիսկ կասկած չի ունեցել նրա գոյության մասին: Չնայած, այդ ժամանակ ես երեխա՞ էի: Ես տասնյոթ, տասնութ տարեկան էի. երիտասարդները սկսել էին ուշադրություն դարձնել ինձ վրա, բայց դա միայն զայրացնում էր ինձ:
Սերը կամ միայն սիրախաղը ինչ-որ մեկի հետ, բացի քեզանից, ինձ անիմաստ, անհնար էր թվում, և ես դավաճանություն էի համարում այդ: Իմ կիրքը դեպի քեզ անփոփոխ էր մնում, բայց մանկության ավարտից հետո` զգացմունքների արթնացման հետ մեկտեղ, այն դարձավ ավելի բուռն, ավելի կանացի ու երկրային: Եվ այն, ինչը աղջնակը չէր հասկանում, ու տրվելով անհասկանալի պոռթկմանը քո դռան զանգն էր տալիս, դարձել էր հիմա իմ միակ միտքը` նվիրել ինձ քեզ, տրվել քեզ:
Շուրջբոլորը կարծում էին, որ ես վայրենի եմ, որովհետև ես` ատամներս սեղմած պահում էի իմ գաղտնիքը: Բայց իմ մեջ մեծանում էր երկաթե համառությունը: Իմ բոլոր մտքերը և ձգտումները միայն մեկ բանի էին ուղղված` հետ գալ Վեննա, քեզ մոտ: Եվ ես հասա իմ ուզածին, ինչքան էլ անիմաստ ու անհասկանալի թվա բոլորին իմ պահվածքը: Խորթ հայրս հարուստ մարդ էր ու ինձ իր աղջկա պես սիրում էր, բայց ես ինքս պնդեցի, որ ուզում եմ ինքնուրույն փող վաստակել և վերջապես ինձ հաջողվեց գնալ Վեննա և ընդունվել մի բարեկամի զգեստների խանութում աշխատանքի:
Պե՞տք է արդյոք քեզ պատմել, ու՞ր էր տանում իմ առաջին ճանապարհը, երբ մի մառախլապատ աշնանային օր, վերջապես, ես հայտվեցի Վեննայում: Թողնելով ճամպրուկներս կայարանում, ես նստեցի առաջին պատահած տրամվայը (ինձ թվում էր, թե այն կրիայի պես սողում է, ամեն կանգառ ինձ հունից հանում էր) և շտապեցի մեր հին տան մոտ: Քո պատուհաններին լույս էր վառվում, սիրտս երգում էր կրծիս տակ: Միայն այդ ժամանակ կենդանացավ ինձ համար քաղաքը, որը ինձ այդքան սառը ու անիմաստ աղմկոտ էր ընդունել, հիմա միայն ես ինքս կենդանացա, զգալով քո ներկայությունը, քեզ` իմ անմար երազանքը: Չէ՞ որ ես չէի գիտակցում, որ նույնքան օտար էի քեզ և’ այն ժամանակ, երբ սարեր էին բաժանում մեզ, և’ հիմա, երբ ընդամենը մի բարակ ապակի էր բաժանում քեզ իմ շողացող հայացքից: Ես կագնել ու նայում էի վերև, այնտեղ լույս կար, հայրենի տուն, դու, իմ ամբողջ աշխարհը: Երկու տարի ես երազում էի այդ ժամի մասին, և ահա այն ինձ էր նվիրաբերվել: Ես կանգնեցի բարակ պատուհանների տակ մի ամբողջ երկար, տաք, ամպամած երեկո, մինչ լույսը չանջատվեց: Հետո միայն ուղևորվեցի փնտրելու նոր կացարան:
Ամեն երեկո կանգնում էի ես քո պատուհանների տակ: Մինչ ժամը վեցը ես զբաղված էի խանութում, զբաղված էի ծանր, տանջալի աշխատանքով, բայց ես ուրախ էի այդ անհանգիստ խառնաշփոթով, որովհետև այն զբաղեցնում էր ինձ տանջալի անհանգստությունից իմ մեջ: Եվ հենց որ երկաթյա դարպասները շաչյունով փակվում էին իմ հետևից, ես վազում էի քո տան մոտ` տեսնելու քեզ. քեզ հանդիպելը իմ միակ ցանկությունն էր, միայն մեկ անգամ, հեռվից, հայացքդ որսալ: Մոտ մեկ շաբաթ անցավ, և ես վերջապես հանդիպեցի քեզ, պատահաբար հանդիպեցի, երբ չէի սպասում: Ես կանգնած էի տան առաջ և նայում էի քո պատուհանին, և այդ րոպեին դու փողոցն անցար: Եվ հանկարծ ես նորից դարձա տասներեք տարեկան երեխա. ես զգացի, թե ինչպես արյունը բարձրացավ այտերիս և կամքիցս անկախ, չնայած հայացքդ որսալու կրքոտ ցանկությանս, ես կախեցի գլուխս ու սուրացի կողքովդ նետի պես: Հետո ես ամաչեցի այդ երեխայական փախուստից` չէ որ ես արդեն դպրոցական չէի ու լավ հասկանում էի ինչ եմ ուզում. ես քեզ հետ հանդիպում էի փնտրում, ես ուզում էի, որ երկար կարոտած ու մթագնած օրերից հետո հանդիպելով դու ճանաչես ինձ, ուզում էի, որ նկատես ինձ, սիրես:
Բայց դու երկար ժամանակ չէիր նկատում ինձ, չնայած ես ամեն երեկո, անկախ փոթորկից ու քամուց, կանգնում էի քո փողոցում: Երբեմն ես ժամերով զուր սպասում էի, երբեմն դու դուրս էիր գալիս վերջապես տանից ընկերներիդ ուղեկցությամբ և երկու անգամ ես տեսա քեզ կանանց հետ, և այդ ժամանակ ես զգացի, որ արդեն աղջնակ չեմ, զգացի փոփոխություն իմ սիրո մեջ` հանկարծակի սուր ցավով, որը պայթեցնում էր սիրտս հենց որ տեսնում էի օտար կին, ով ինքնավստահ քայլում էր ձեռքդ բռնած: Անսպասելի չէր այս ամենն ինձ համար, չէ՞ որ ես փոքրուց գիտեի, որ քեզ մշտապես այցելում են կանայք, բայց այժմ դա ինձ ֆիզիկական ցավ էր պատճառում, և ես զզվանքով նայում էի քո հերթական շինծու մտերմությանը ուրիշի հետ: Մի անգամ` երեխայի պես համառ ու հպարտ, (ինչպիսին ես եղել եմ, գուցե մինչ այսօր եմ), ես զայրացա ու չգնացի քո տան մոտ, բայց որքան սարսափելի ու դատարկ թվաց ինձ այդ երեկոն: Հաջորդ օրը ես նորից կանգնած էի քո պատուհանների տակ, կանգնել ու սպասում էի, ինչպես որ դարերով կանգնել էի իմ առաջ փակ քո կյանքի առաջ:
Եվ վերջապես եկավ երեկոն, երբ դու նկատեցիր ինձ: Ես արդեն հեռվից տեսել էի քեզ ու ամբողջ կամքս լարում էի, որպեսզի չխուսափեմ քեզ հետ հանդիպումից: Փողոցում մի ինչ-որ սայլ էին դատարկում, և դու ստիպված էիր անցնել դրա կողքով: Դու շփոթված նայեցիր ինձ, բայց նույն պահին, երբ նկատեցիր իմ ուշադիր հայացքը, քո աչքերում հայտնվեց ինձ ծանոթ արտահայտությունը, (օ~, ինչ սարսափելի էր հիշել այդ մասին), կանանց ձոնված հայացքը` մեղմ, շլացուցիչ և միևնույն ժամանակ մերկացնող, այն տիրող հայացքը, որը մի ժամանակ ինձ` երեխայիս, դարձրեց սիրող կին: Մեկ երկու վայրկյան հայացքդ քարացրեց ինձ (ես չէի կարողանում ու չէի ուզում աչքերս հեռացնել), և ահա դու անցար իմ կողքով: Սիրտս անկանոն բաբախում էր, չմտածված դանդաղեցրի քայլերս և տեղի տալով անսանձելի հետաքրքրասիրությանս, ես շրջվեցի. դու կանգնեցիր ու նայեցիր իմ հետևից: Եվ այն ուշադրությունից ու հետաքրքրասիրությունից, որով դու զննում էիր ինձ, ես հասկացա, որ դու չճանաչեցիր ինձ:
Ոչ այդ անգամ և ոչ էլ հետո դու չճանաչեցիր ինձ. դու երբեք չէիր ճանաչում ինձ: Ինչպե՞ս փոխանցեմ քեզ, սիրելի~ս, այդ րոպեի ամբողջ հիասթափությունս: Այդ ժամանակ ես առաջին անգամ զգացի այն, ինչը ճակատագիրն էր նախատեսել` չճանաչվել քո կողմից ամբողջ կյանքիս ընթացքում, մինչ մահ: Ինչպես փոխանցեմ քեզ իմ հիասթափությունը: Հասկանում ես, Ինսբրուկում անցկացրածս երկու տարում, ես անընդհատ մտածում էի քո մասին և միայն երազում էի Վեննայում մեր ապագա հանդիպման մասին, ես` տրամադրությունիցս կախված, նկարում էի ինձ համար ամենատխուր պատկերները ամենագեղեցիկի հետ միասին: Այդ ամենը ապրած էր երևակայությանս մեջ. ամենատխուր րոպեներին ես կանխատեսում էի, որ դու կմերժես ինձ` զզվելով ինձանից, որովհետև ես չափազանց աննշան, տգեղ, կպչուն եմ: Ես մտովի տարել էի բոլոր տանջանքները, որոնք դու պատճառել ես ինձ քո սառնությամբ, անտարբերությամբ, բայց նույնիսկ հուսահատության այդ պահերին, երբ ես գիտակցում էի, որ արժանի չեմ քո սիրուն, մտքովս անգամ չէր անցնում ամենասարսափելին, ամենամահացուն` որ դու ընդհանրապես չես նկատի իմ գոյությունը: Հիմա ես հասկանում եմ, օ~, դու սովորեցրիր ինձ հասկանալ, որքան փոփոխական է կնոջ դեմքը տղամարդու համար, ավելի հաճախ այն միայն հայելի է, որն արտահայտում է այն կիրքը, այն մանկական խենթությունը, այն հոգեկան ծարավը և հալվում է, կորում հիշողությունից այնքան հեշտ, ինչպես հայելու արտացոլանքը. այդ պատճառով էլ տղամարդը դժվար է ճանաչում կնոջը, եթե տարիները փոփոխել են նրա դեմքի լույսի խաղն ու շողքը, եթե հագուստները նոր կաղապար են ստեղծել նրա համար: Իրականում իմաստուն է նա, ով տրվում է ճակատագրին: Բայց ես շատ երիտասարդ էի, և քո մոռացկոտությունը ինձ անհասկանալի էր թվում, մանավանդ որ անդադար մտածելով քո մասին, ես ինձ համակում էի մտքերով, որ դու հաճախ ես հիշում իմ մասին ու սպասում ես ինձ. ինչպե՞ս կարող էի ես ապրել, կարծելով, որ քեզ համար ոչինչ եմ, որ նույնիսկ թռուցիկ հիշողությունն իմ մասին չի անհանգստացնում քեզ: Իրականության զարթոնքը` քո հայացքի ներքո, ցույց տվեց ինձ, որ ոչինչ էլ չհիշեցիր իմ մասին, որ ոչ մի, նույնիսկ հիշողության ամենաբարակ թել չձգվեց քո կյանքից դեպի իմը, սա առաջին դաժան հարվածն էր, ճակատագրիս առաջին կանխազգացումը:
Դու չճանաչեցիր ինձ այդ անգամ, և հետո երկու օր անց` նոր հանդիպման ժամանակ, դու նայեցիր ինձ` համարյա ինչպես անծանոթուհու, ու նորից չճանաչեցիր իմ մեջ քեզ սիրողին, այլ տեսար միայն սիրունիկ տասնութամյա աղջկա, ով հանդիպել էր քեզ նույն տեղում երկու օր առաջ: Դու նայեցիր ինձ զարմանալիորեն բարեհամբույր ու թեթև ժպիտ խաղաց շուրթերիդ: Դու նորից անցար կողքովս, և ինչպես նախորդ անգամ, դանդաղեցրիր քայլերդ. ես դողում էի, ես հրճվում էի, ես աղոթում էի, որ գոնե խոսեիր ինձ հետ: Ես հասկացա, որ առաջին անգամ ես քեզ համար կենդանի էակ եմ. ես նույնպես դանդաղեցրի քայլերս, ես չփախա քեզնից: Եվ հանկարծ ես զգացի, որ դու հետևիցս ես գալիս. առանց շրջվելու ես արդեն գիտեի, որ կլսեմ իմ ամենասիրելի ձայնը և դու առաջին անգամ դիմեցիր ինձ: Ես քարացել էի սպասումից, սիրտս այնպես էր խփում, որ քիչ էր մնում կանգ առներ, բայց դու արդեն հասել էիր ինձ: Դու խոսեցիր ինձ հետ քո անսովոր թեթևությամբ ու ուրախությամբ, ասես մենք հին ծանոթներ էինք, ա~հ, այո’, դու ոչինչ չգիտեիր, դու երբեք ոչինչ չգիտեիր իմ կյանքի մասին. այնպիսի գայթակղիչ թեթևությամբ խոսեցիր ինձ հետ, որ ես նույնիսկ ուժ գտա իմ մեջ պատասխանելու քեզ: Մենք հասանք անկյունին, հետո դու հարցրիր. «Չընթրե՞նք միասին»: Ես պատասխանեցի` «այո: Ինչպե՞ս կհամարձակվեի քեզ մերժել:
Մենք ճաշեցինք երկուսով մի փոքրիկ ռեստորանում. հիշու՞մ ես որտեղ էր այն: Ա~հ, ո’չ, դու հավանաբար չես կարողանում տարբերակել այդ երեկոն մյուս նմանատիպ երեկոներից, և ո՞վ էի ես քեզ համար: Հարյուրից մեկը, պատահական արկած, անվերջ շղթայի մի շրջանակ: Եվ ի՞նչը պետք է հիշեցներ քեզ իմ մասին: Ես համարյա չէի խոսում, մեծ երջանկություն էր քո դիմաց նստելն ու ձայնդ լսելը: Ես վախենում էի հարց տալ, ավելորդ բառ ասել, որպեսզի չկորցնեմ ոչ մի թանկարժեք վայրկյան: Ես միշտ շնորհակալությամբ հիշում եմ, թե ինչ լիարժեքությամբ դու արդարացրիր իմ սպասումները, որքան նրբազգաց էիր դու, ինչ սովորական ու բնական, առանց որևէ կպչունության, առանց փորձելու բարեհամբույր թվալ, առաջին իսկ րոպեից դու խոսում էիր ինձ հետ ընկերական, և հենց միայն դրանով էլ կգրավեիր ինձ, եթե արդեն վաղուց ամենինչովս քոնը չլինեի: Ա~հ, դու չգիտես, ինչպիսի մեծ երազանք ես կատարել` արդարացնելով իմ հինգ տարվա սպասումը:
Արդեն ուշ էր, երբ մենք վեր կացանք սեղանից: Ռեստորանից դուրս գալիս դու հարցրիր ինձ, շտապում եմ արդյոք ես, թե դեռ ժամանակ ունեմ: Կարո՞ղ էի արդյոք ես թաքցնել քեզանից քո հետևից գալու պատրաստակամությունս: Ես ասացի, որ դեռ ժամանակ ունեմ: Դու հարցրիր՝ չեմ գա՞ ներս մի քիչ էլ զրուցելու:
-Մեծ հաճույքով,- տրվելով անմիջական զգացմունքներիս ասացի ես, և նկատեցի, որ շտապ պատասխանս կամ անհանգստացրեց, կամ էլ ուրախացրեց քեզ, բայց հաստատ զարմացրեց: Հիմա ես հասկանում եմ քո զարմանքը. ես գիտեմ, որ կանայք սովորաբար թաքցնում են տրվելու պատրաստակամությունը, նույնիսկ եթե թաքուն այրվում են ցանկությունից, խաղում են վախ կամ ընդվզում և տեղի են տալիս միայն համառ խնդրանքներից, հավաստիքներից, երդումներից ու սուտ խոստումներից հետո: Ես գիտեմ, որ գուցե միայն նրանք, ում համար սերը արհեստ է, միայն անառակներն են պատասխանում միանգամից համաձայնվելով նման հրավերին կամ էլ շատ երիտասարդները, ընդհանրապես անփորձ աղջիկները: Բայց իմ պատասխանի մեջ (ինչպե՞ս դու կարող էիր կասկածել) կար «այո» բառի մեջ փակված համառ կամք, անհնազանդորեն ընկղմված հարյուրավոր օրերի կարոտ: Այսպես կամ այնպես դու հիացած էիր, ես հետաքրքրեցի քեզ: Ես նկատեցի, որ դու հիացմունքով նայում ես ինձ: Քո անսխալ հոտառությունը, մարդկության մասին քո ողջ գիտելիքները քեզ հուշեցին, որ ինչ-որ գաղտնիք է պահված այդ գեղեցկատես, միամիտ աղջկա մեջ: Քո մեջ հետաքրքրություն արթնացավ, և քո զգույշ հարցերից ես հասկացա, որ դու փորձում ես բացահայտել այդ գաղտնիքը: Բայց ես խուսափում էի ճշգրիտ պատասխաններից, ես գերադասում էի հիմար թվալ, քան գաղտնիքս բացահայտել:
Մենք բարձրացանք քո բնակարան: Ների’ր, սիրելի~ս, եթե ասեմ, որ դու չես կարող հասկանալ այն հուզմունքը, որով ես մտա շքամուտք, բարձրացա աստիճաններով. ի~նչ հիանալի, տառապալի, ինքնամոռաց, համարյա մահացու երջանկություն էր այդ ինձ համար: Ինձ հիմա էլ դժվար է առանց արցունքների հիշել այդ մասին, իսկ ես էլ արցունքներ չունեմ: Բայց դու մտածիր, որ ամեն ինչ այնտեղ իմ կրքոտ սիրով լի էր, ամեն ինչ իմ մանկության խորհրդանիշն էր, իմ ցավի… շքամուտքը, որի առաջ ես հազար անգամ սպասել եմ քեզ, աստիճան, որտեղ ես ականջ էի դնում քո քայլերին և որտեղ ես առաջին անգամ տեսա քեզ, անցքը, որտեղից ես հետևում էի քեզ, երբ ամբողջ հոգով ձգտում էի դեպի քեզ. քո դռան առջևի խալին, որտեղ ես մի անգամ ծնկել եմ. որքան անգամ եմ ցատկել տեղիցս բանալու շրխկոցից: Ողջ մանկությունս, իմ ողջ սերը արտատպվել էին այս փոքրիկ տարածության վրա, այստեղ տեղ էին տվել իմ ողջ կյանքին, և հիմա կյանքս փոթորկի պես թափվում է ինձ հետ, չէ՞ որ ամեն ինչ կատարվեց, և ես քեզ հետ գնում էի, քեզ հետ, քո տան միջով, մեր տան միջով: Մտածի’ր (հասարակ է հնչում, բայց ես ուրիշ կերպ չեմ կարողանում խոսել), ամբողջ կյանքը ինձ համար` մինչ քո դուռը, իրականություն էր, հիմար առօրյա, իսկ դրանից այն կողմ սկսվում էր երեխայի կախարդական թագավորությունը, Ալադինի արքայությունը, մտածի’ր, ես հազար անգամ կրակոտ աչքերով նայել եմ այս դռանը, որի մեջ մտա այժմ, դու զգացիր, (միայն զգացիր, բայց երբեք չես հասկանա մինչև վերջ, սիրելի~ս), թե ինչ էր իմ կյանքում այդ անկրկնելի վայրկյանը:
Ես քեզ մետ մնացի ողջ գիշեր: Դու չէիր էլ կասկածում, որ նախքան քեզ ոչ մի տղամարդ չէր դիպել ինձ և չէր տեսել իմ մարմինը: Եվ ինչպես իմանայիր այդ, սիրելի~ս, ես չէի դիմադրում քեզ, ես խեղդել էի իմ մեջ ամոթի զգացումը, միայն թե դու չբացահայտեիր իմ սիրո գաղտնիքը, քանի որ այն, գուցե, վախեցներ քեզ, որովհետև դու սիրում ես ամեն թեթև բան, թռուցիկ, անցողիկ, դու վախենում ես խառնվել ինչ-որ մեկի ճակատագրի մեջ:
Դու քրքրվում ես, քեզ նվիրաբերում ես աշխարհին ու զոհեր չես ուզում: Եթե ես հիմա քեզ ասում եմ, սիրելի~ս, որ առաջինը քեզ եմ տրվել, ուրեմն աղաչում եմ` ինձ սխալ չհասկանաս: Ես չեմ մեղադրում քեզ, դու ինձ ծուղակը չես գցել, չես խաբել, չես գայթակղեցրել, ես ինքս եմ եկել քեզ մոտ, գիրկդ եմ ընկել, վազել եմ դեպի իմ ճակատագիրը: Երբե’ք, երբե’ք չեմ մեղադրի քեզ. ո’չ, ես միշտ շնորհակալ կլինեմ, որովհետև այնքա~ն հարուստ, այնքա~ն երջանիկ, վեհությամբ լի էր այդ գիշերն ինձ համար: Երբ մթության մեջ ես բաց էի անում աչքերս և զգում էի, որ կողքիս ես, ես զարմանում էի, որ երկրի վրա եմ: Ո’չ, ես երբեք որևէ բանի համար չեմ զղջացել, սիրելի~ս, այդ ժամը ամեն ինչ իր տեղը դրեց: Եվ ես հիշում եմ, որ լսելով քո քնած շնչառությունը, զգալով քեզ այդքան մոտ, ես մթության մեջ երջանկությունից արտասվում էի:
Առավոտյան ես շտապեցի հեռանալ: Ես պետք է ժամանակին հասնեի խանութ, և բացի այդ, ես որոշել էի հեռանալ ավելի շուտ, քան սպասավորդ կգար. ես չէի ուզում, որ նա ինձ տեսներ: Երբ ես արդեն հագնված կանգնած էի քո առաջ, դու գրկեցիր ինձ ու երկար նայում էիր դեմքիս. հիշեցի՞ր ինձ, թե՞ ես գեղեցիկ թվացի քեզ, որովհետև երջանկություն էի շնչում: Հետո դու համբուրեցիր շուրթերս: Ես կամաց շրջվեցի դեպի դուռը: Դու հարցրիր ինձ.
-Ուզու՞մ ես վերցնել ծաղիկները:
Ես ասացի.
-Այո’:
Դու հանեցիր չորս սպիտակ վարդ` գրասեղանին դրված կապույտ ծաղկամանից (օ~, ես գիտեի այդ ծաղկամանը դեռ այն ժամանակից, երբ երեխա լինելով մտա քո բնակարան): Դու տվեցիր ինձ այդ վարդերը, և ես դեռ օրերով համբուրում էի դրանք:
Մենք պայմանավորվեցիքն մեկ անգամ էլ հանդիպել: Ես եկա, և ամեն ինչ նորից հիասքանչ էր: Մի երրորդ գիշեր էլ նվիրեցիր ինձ: Հետո դու ասացիր, որ պետք է հեռանաս (ա~խ, ես մանկուց ատում եմ այդ քո ճանապարհորդությունները) և խոստացար ետ գալուն պես տեղեկացնել ինձ: Ես քեզ հասցես տվեցի, անունս ասել չէի ուզում: Ես պահպանում էի իմ գաղտնիքը: Դու նորից հրաժեշտին վարդեր տվեցիր ինձ, հրաժեշտի’ն:
Ամեն օր` երկու ամիս շարունակ, ես դիմանում էի… ո’չ, պետք չէ, կարիք չկա նկարագրելու բոլոր այդ տանջանքները, սպասումներն ու հուսահատությունը: Ես քեզ չեմ մեղադրում, ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին կաս` մոռացկոտ, անհավատարիմ, ես քեզ սիրում եմ այդպիսին, միայն այսպիսին, ինչպիսին դու միշտ էիր, ինչպիսին որ մնացել ես հիմա: Դու վաղուց վերադարձել էիր, ես տեսել էի այդ քո լուսավոր պատուհաններից, բայց ինձ չէիր գրում: Ես ոչ մի տող չունեմ քեզանից այս իմ վերջին րոպեին, ոչ մի տող նրանից, ում ես նվիրաբերել եմ ողջ կյանքս: Ես սպասում էի, սպասում էի երկարաձիգ հուսահատությամբ: Բայց դու չկանչեցիր ինձ, չգրեցիր ոչ մի տող… ոչ մի տող:
Երեխաս երեկ մահացավ` նա նաև քո երեխան էր: Նա քո երեխան էր, սիրելի~ս, այն երեք գիշերներից մեկի երեխան, երդվում եմ, և դու գիտես, որ մահվան շեմին չեն ստում: Նա մեր երեխան էր, երդվում եմ, որովհետև ոչ մի տղամարդ չի դիպել ինձ այն օրվանից, ինչ տրվեցի քեզ մինչև այն պահը, երբ երեխայիս բաժանեցին ինձանից: Մարմինս սուրբ էր թվում ինձ այն օրվանից, ինչ դու հպվել էիր ինձ: Ինչպե՞ ս կարող էի ես ինձ կիսել քո, որ իմ ամենինչն էր, և ուրիշի` անցողիկ տղամարդու հետ: Նա մեր երեխան էր, սիրելի~ս, իմ մեծ սիրո ու քո չգիտակցված նրբության երեխան, մեր երեխան, մեր որդին, մեր միակ փոքրիկը: Բայց դու կհարցնես ինձ` գուցե վախեցած կամ գուցե զարմացած, դու կհարցնես ինձ, սիրելի~ս, ինչու երկար տարիներ ես լռել եմ մեր երեխայի մասին և ասում եմ նրա մասին միայն այսօր, երբ նա պառկած է այստեղ, մթության մեջ, հավերժ քնած, երբ նա շուտով կգնա ու էլ երբեք, երբեք չի վերադառնա: Բայց ինչպե՞ս ասեի քեզ: Դու ոչ մի դեպքում չէիր հավատա անծանոթ կնոջը, ակնթարթային հանդիպումների մասնակցին, երեք գիշերների պատահական ընկերուհուն, ով առանց դիմադրության, առաջին իսկ խոսքիցդ տրվեց քեզ, չէիր հավատա, որ ես քեզ հավատարիմ եմ մնացել, քեզ` դավաճանիդ, և միայն կասկածամտությամբ կճանաչեիր այդ երեխային քոնը: Երբե’ք, եթե նույնիսկ իմ խոսքերը քեզ ճշմարտանման թվային, երբեք չէիր ազատվի գաղտնի մտքից, որ ես փորձում եմ հարուստ մարդու վզին փաթաթել ուրիշի երեխային: Դու կասկածամտությամբ կվերաբերվեիր ինձ, և մեր մեջ ստվեր կմնար`անվստահության մութ, անբռնազբոս ստվեր: Ես այդ չէի ուզում: Եվ հետո, ես քեզ գիտեի, գիտեի քեզ այնպես, ինչպես նույնիսկ ինքդ քեզ չգիտես, և հասկանում էի, որ դու` անհոգություն, թեթևություն, խաղ սիրողդ դժվար թե պատրաստ լինեիր դառնալ հայր և դառնալ մեկի ճակատագրի պատասխանատուն: Դու’, որ սովոր ես լիարժեք ազատության, կզգայիր քեզ ինչ-որ կերպ կապված ինձ: Եվ դու, ես գիտեմ, որ քո կամքից անկախ, կատեիր ինձ, որ կապել եմ քեզ: Գուցե մի ժամով կամ էլ մի քանի րոպեով ես քեզ բեռ կթվայի, ատելի կթվայի. իսկ ես իմ հպարտությամբ ցանկանում էի որպեսզի դու ամբողջ կյանքում մտածեիր իմ մասին առանց տագնապի: Ես գերադասեցի ամեն ինչ վերցնել ինձ վրա, քան թե քեզ բեռ դառնալ, ես ցանկանում էի միակը դառնալ քեզ սիրող կանանցից, ում մասին դու սիրով ու շնորհակալությամբ կհիշես: Բայց, ցավոք, դու երբեք էլ չես մտածել իմ մասին, դու մոռացել ես ինձ:
Ես քեզ չեմ մեղադրում, սիրելի~ս, ո’չ, ես քեզ չեմ մեղադրում: Ների’ր ինձ, որ մի կաթիլ ցավ կաթեց այս տողերին. իմ փոքրիկը, մեր երեխան մահացած պառկած է իմ կողքին, ես բռունցք արած ձեռքովս սպառնացել եմ Աստծուն և նրան մարդասպան անվանել, մտքերս խառնվում են: Ների’ր խղճուկ վիճակս, ների’ր ինձ: Ես գիտեմ, դու հոգուդ խորքում բարի ես ու հասկացող, դու յուրաքանչյուրին օգնում ես, օգնում ես անծանոթ մարդկանց, բոլորին, ով դիմում է քեզ: Քո բարությունը յուրահատուկ է. այն բաց է բոլորի համար, և յուրաքանչյուրը կարող է վերցնել այնքան, ինչքան կտեղավորվի ձեռքերի մեջ, բայց, ների’ր ինձ, այն ալարկոտ է, այն սպասում է հիշեցման, խնդրանքի: Դու օգնում ես, երբ քեզ կանչում են, օգնում ես ամոթից, թուլութոյւնից, բայց ոչ երբեք օգնելու ցանկությունով: Դու’, թույլ տուր անկեղծ ասել, մարդ ես կարիքի ու ցավի համար, սիրում ես քիչ: Իսկ մարդկանց, քո նման, նույնիսկ ամենաբարիներին դժվար է խնդրել: Մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, ես դռան անցքից տեսա, ինչպես դու ողորմություն տվեցիր մուրացկանին, ով դուռդ զանգեց: Դու նրան փող տվեցիր, մինչ նա հասցրեց խնդրել, և շատ փող տվեցիր, բայց դու այդ արեցիր մի քիչ վախեցած ու արագ` նրանից արագ ազատվելու հստակ ցանկությամբ: Եվ թվաց, որ դու վախենում ես նայել նրա աչքերի մեջ: Ես ընդմիշտ հիշեցի, թե ինչ հափշտապ ու շփոթված` շնորհակալությունից խուսափելով դու օգնեցիր այդ մուրացկանին: Ահա թե ինչու ես երբեք չեմ դիմել քեզ: Իհարկե, ես գիտեի, որ դու կօգնեիր ինձ, նույնիսկ չիմանալով հաստատ որ նա քո երեխան է, դու ինձ փող կտաիր, շա~տ փող, բայց այս ամենը ինձանից արագ ազատվելու պատճառով: Ես նույնիսկ մտածել եմ, որ դու ինձ կհամոզեիր ազատվել երեխայից: Այ դրանից էի ես ամենաշատը վախենում, որովհետև ինչեր ասես որ չէի անի ես, եթե միայն դու կամենայիր, ինչպես կարող էի մերժել քեզ: Բայց այդ երեխան ինձ համար ամենինչ էր, չէ՞ որ այն քեզանից էր, քո կրկնությունն էր, բայց միևնույն է դու չէիր` երջանիկ, անհոգ, ում ես չէի կարողանում պահել, իսկ դու` ինձ մինչ ի մահ նվիրաբերվածդ, (այդպես ես կարծում էի), դու իմ մարմնի մեջ բանտարկված էիր, իմ կյանքից անքակտելի: Հիմա ես, վերջապես, ձեռք բերեցի քեզ, ես կարող էի զգալ քեզ իմ ողջ էությամբ, կարող էի զգալ, թե ինչպես է իմ մեջ մեծանում քո կյանքը, կարող էի կերակրել, ջուր տալ, շոյել, համբուրել քեզ, երբ քնքշության ծարավից այրվում էր սիրտս: Ահա թե ինչու, սիրելի~ս, ես այդքան երջանիկ էի, իմանալով, որ կրում եմ քո երեխային: Ահա, թե ինչու ես թաքցնում էի քեզանից, այժմ դու չէիր կարող ազատվել ինձանից:
Սիրելի~ս, ես ոչ միայն երջանկության ամիսներ եմ ապրել, որոնք նկարում էի երազանքներիս մեջ, այլ նաև ճակատագիրն ինձ համար տանջանքի ու տառապանքի ամիսներ էր նախասահմանել: Ինձ հեշտ չէր: Վերջին ամիսներին ես էլ խանութ չէի կարողանում գնալ, քանի որ բարեկամներս կնկատեին իմ վիճակը և մորս կտեղեկացնեին: Մորիցս գումար խնդրել ես չէի ուզում և ապրում էի ինձ մոտ մնացած ինչ-որ թանկարժեք իրեր վաճառելով: Ծննդաբերությունից մի շաբաթ առաջ պահարանիցս գողացել էին դրամներս, ու ես ստիպված էի որբերի ծննդարան գնալ: Այնտեղ գալիս էին միայն ամենաաղքատները, ամենաթշվառներն ու մոռացվածները, այնտեղ` աղքատության փոսում, ծնվեց քո երեխան: Ծննդարանը սարսափելի էր, ինձ անսահման խորթ էր, ու մենք, միայնակ պառկած այնտեղ, իրար օտար էինք ու ատում էինք իրար. միայն ընդհանուր դժբախտությունը, ընդհանուր տանջանքը բերել էր մեզ բոլորիս այդ հեղձուցիչ, քլորոֆիլով ու արյունով, գոռոցներով ու տնքոցներով լի այդ սենյակ: Բոլոր նվաստացումները, որոնք կարող էր մարդը կրել… այնտեղ նրանք խեղդեցին իմ մեջ ամոթը, բարոյականությունը ու ֆիզիկակապես տանջվում էի ես այնտեղ պոռնիկների հետ հավասար: Ես տառապում էի նրանց հետ ստիպված շփումից, երիտասարդ բժիշկների ցինիզմից, որոնք ծիծաղում էին, ծածկոցը մի կողմ էին քաշում` կեղծ գիտնականի հայացքով ու ձեռք էին տալիս անպաշտպան կանանց. Օ~, այնտեղ մարդկային ամոթը հաղթահարում են հայացքներով ու ճնշում են խոսքերով:
Անունով պիտակ, ահա այն ամենը, ինչ մնացել է քեզանից, իսկ նա, որ պառկած է անկողնու վրա ուղղակի հոտած մսի կտոր է, առարկա, որը ցուցադրության է հանվել ուսումնասիրությունների համար. այո’, կանայք, որոնք իրենց իսկ տանը երեխա են պարգևում իրենց սիրելի ամուսիններին, չգիտեն, թե ինչ է նշանակում միայնակ, անպաշտպան ծննդաբերությունը: Եվ նունիսկ հիմա, երբ ես գրքում հանդիպում եմ «դժոխք» բառը, ես ակամայից հիշում եմ այդ հառաչներով, անզուսպ գոռոցներով ու կոպիտ ծիծաղով սենյակը:
Ների’ր, ների’ր ինձ, որ այդ մասին խոսում եմ: Բայց ես այդ առաջին ու վերջին անգամ եմ անում. էլ երբե’ք, երբե’ք չեմ խոսի այդ մասին: Ես տասնմեկ տարի լռել եմ և շուտով ընդմիշտ կլռեմ, բայց թեկուզ մեկ անգամ ես պետք է հագուրդ տամ ցանկություններիս, պետք է գոռամ, թե ինչ գնով է տրվել ինձ այս երեխան, ով իմ կյանքի երջանկությունն էր, և հիմա նա անկողնու վրա անշնչացած ընկած է: Ես վաղուց արդեն ամեն ինչ մոռացել եմ, մոռացել եմ երեխայիս ժպիտի մեջ, նրա ծիծաղի մեջ, իմ երջանկության մեջ, բայց հիմա, երբ նա մահացել է, ցավը նորից կենդանանում է, և ես չեմ կարող չգոռալ, ես պետք է հոգիս հանգստացնեմ թեկուզ մեկ անգամ: Բայց ես քեզ չեմ մեղադրում, այլ Աստծուն, ով իմ կողմից կրած ցավը անիմաստ դարձրեց: Երդվում եմ, ես քեզ չեմ մեղադրում, և երբեք, նույնիսկ կատաղության պահերին, ես քո դեմ դուրս չեմ եկել: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարմինս քրքրվում էր ծննդաբերության ժամանակ, նույնիսկ այն ժամանակ, երբ ցավը հոգիս խարխլում էր, ես չեմ մեղադրել քեզ Աստծո առաջ, երբեք չեմ փոշմանել այն գիշերների համար, երբեք չեմ անիծել սերս քո հանդեպ. ես միշտ սիրել եմ քեզ, միշտ օրհնել եմ մեր հանդիպումը: Եվ եթե նույնիսկ կրկնվեին այն սարսափելի րոպեները ծննդատանը, և ես նախօրոք իմանայի, ինչ է ինձ սպասվում, ես էլի կանցնեի այդ ամենի միջով, սիրելի~ս, էլի հազար անգամ կանցնեի:
Մեր երեխան երեկ մահացավ` դու չգիտեիր նրան: Երբե’ք, նույնիսկ ակնթարթային, պատահական հանդիպման ժամանակ քո հայացքը չսահեց փոքրիկ, ծաղկուն արարածի դեմքի վրայով, ով քեզանից էր ծնվել: Ես երկար թաքնվում էի քեզանից, հիմա, երբ ես երեխա ունեի, ինձ թվում է արդեն քեզ ավելի հանգիստ սիրով էի սիրում, համենայնդեպս այն արդեն ինձ անտանելի ցավ չէր պատճառում: Ես չէի ուզում ինձ կիսել քո ու որդուս մեջ, և ես տրվեցի ոչ քեզ` երջանկությունից փչացածիդ, այլ երեխայիս, ում ես պետք էի, ում ես պետք է կերակրեի, ում ես կարող էի համբուրել և սեղմել կրծքիս: Ես, կարծես, ազատվել էի անեծքից, որն ինձ դատապարտել էր ընդմիշտ կրքի առ քեզ, այն ժամանակից երբ աշխարհում հայտվեց ուրիշ «դու», իրականում ինձ պատկանող «դու», շատ հազվադեպ էի ես մոտենում քո բնակարանին: Բայց քո ծննդյան օրերին` տարեց տարի, ես քեզ ուղղարկում էի սպիտակ ծաղիկներ, ճիշտ այնպիսին, ինչպիսին դու ինձ նվիրեցիր այն ժամանակ` առաջին ու վերջին մեր գիշերներից հետո: Այս տաս-տասնմեկ տարիների ընթացքում հարցրե՞լ ես երբևէ ինքդ քեզ՝ ով է քեզ ուղարկում վարդեր: Գուցե հիշե՞լ ես նրան, ում դու վարդեր ես նվիրել: Ես չգիտեմ ու երբեք էլ չեմ իմանա պատասխանդ: Ես ուզում էի տարին մեկ անգամ հիշողությանդ մեջ թարմանալ, հիշել մեր հանդիպումը` ավելին ես չէի պահանջում:
Դու չգիտեիր մեր խեղճ փոքրիկին` այսօր ես զղջում եմ, որ նրան թաքցրել եմ քեզանից, որովհետև դու կսիրեիր նրան: Դու չգիտեիր մեր երեխային, դու երբեք չես տեսել ինչպես է նա ժպտում և լայն բաց անում իր սև, մտածկոտ աչքերը` քո աչքերը, լույս սփռելով իմ ու աշխարհի վրա: Ա~հ, նա այնքան ուրախ էր, այնքան լավը: Նրա մեջ քո առույգությունն էր կրկնվում, քո նպատակասլացությունը, հիանալի երևակայությունը: Նա կարող էր ժամերով խաղալ ինչ-որ բանով, ինչպես դու ես խաղում կյանքի հետ, իսկ հետո երկար նստել գրքերի առաջ` կենտրոնացած խոժոռելով դեմքը: Նա ավելի ու ավելի էր նմանվում քեզ: Նրա մեջ արդեն սկսել էր ի հայտ գալ քեզ հատուկ երկակիությունը, լրջության ու թեթևամտության խառնուրդը, և որքան ավելի նման էր նա դառնում քեզ, այնքան ավելի շատ էի ես նրան սիրում: Նա լավ էր սովորում, խոսում էր ֆրանսերեն չաչանակի պես, նրա տետրերը ամենամաքուրն էին դասարանում, և ի՜նչ գեղեցիկ էր նա իր կոստյումով և սպիտակ գծավոր վերարկուով: Նա միշտ ամենահիասքանչն էր, որտեղ էլ որ լիներ. երբ ես զբոսնում էի նրա հետ Գրադոյում ծովափով, կանայք կանգ էին առնում ու շոյում էին նրա երկար դեղին վարսերը, երբ նա Զեմմերինգում դահուկ էր քշում, մարդիկ հիացմունքով նայում էին նրան: Նա այնքան գեղեցիկ էր, այնքան նուրբ ու մեղմ: Անցած տարի նա ընդունվեց քոլեջ և կրում էր իր համազգեստը և փոքրիկ սուրը որոնցով այնքան նմանվում էր տասնութերորդ դարի ասպետներին: Հիմա նա հագին մի վերնաշապիկ ունի, և նա պառկած է, խե~ղճս, կապտած շուրթերով և ձեռքերը ծալված են կրծքին:
Բայց դու գուցե, հարցնես, ինչպե՞ս կարող էի ես դաստիարակել երեխա շքեղության մեջ, ինչպե՞ս կարողացա նրան բարձրաշխարհիկ կյանքի բոլոր բարիքները պարգևել: Սիրելի~ս, ես խոսում եմ քեզ հետ մթությունից, ես չեմ ամաչում, ես կասեմ, միայն թե չվախենաս, սիրելի~ս. ես ինձ էի ծախում: Ես չդառա փողոցային թիթեռնիկ, պոռնիկ, բայց ես ինձ էի ծախում: Ես հարուստ ընկերներ ունեի, հարուստ սիրեկաններ: Սկզբում ես էի նրանց փնտրում, հետո նրանք էին ինձ փնտրում, որովհետև ես (նկատե՞լ ես) գեղեցիկ էի: Բոլորը, ում ես տրվում էի, շնորհակալ էին ինձ, բոլորը սիրում էին ինձ, միայն դու չսիրեցիր, միայն դու, սիրելի~ս:
Զզվու՞մ ես դու հիմա ինձանից այս խոստովանությունից հետո: Ո’չ, ես գիտեմ, դու չես ատում ինձ, ես գիտեմ, դու ամեն ինչ հասկանում ես, կհասկանաս նաև, որ ես այդպես էի վարվում քեզ համար, քո երկրորդ «ես»-ի համար, քո երեխայի համար: Մի անգամ ծննդարանի սենյակում ես բախվեցի աղքատության սարսափներին, ես գիտեի, որ աղքատին բոլորը տրորում են, ստորացնում, որ այս աշխարհում նա միշտ զոհ է, և ես ոչ մի դեպքում չէի ուզենա, որ քո երեխան, քո լուսավոր, հիասքանչ փոքրիկը մեծանար սովի մեջ, կեղտոտ փողոցներում, հեղձուցիչ գարշահոտության մեջ: Ես չէի ուզում, որ նրա նուրբ շուրթերը կոպիտ բառեր արտասանեին, որ նրա սպիտակ մարմնին դիպչեին կոպիտ, աղքատություն մատնանշող սպիտակեղեն: Քո երեխան պետք է ամեն ինչ ունենար, ամեն հարստություն, ամեն բարիքներն աշխարհի, նա պետք է բարձրանար քեզ մոտ, մինչև քո ապրելակերպը:
Այդ պատճառով, միայն այդ էր պատճառը, սիրելի~ս, ես ծախում էի ինձ: Ինձ համար զոհի ոչինչ չկար, որովհետև այն, ինչ կոչվում է պատիվ կամ խայտառակություն, ինձ համար նշանակություն չուներ, դու չէիր սիրում ինձ, դու` միակը, ում իրականում մարմինս պատկանում էր, իսկ մյուսների հանդեպ ես անտարբեր էի: Տղամարդկանց քնքշանքները և նույնիսկ անկեղծ զգացմունքները իմ մեջ արձագանք չէին գտնում, չնայած, որ ես հարգում էի նրանց և հոգուս խորքում խղճում էի` իմանալով, թե ինչ է անպատասխան սերը: Բոլոր նրանք, ում ես գիտեի, բարի էին իմ հանդեպ, բոլորն ինձ երես էին տալիս, հարգում էին: Մի կոմս, ծեր այրի, սիրում էր ինձ հարազատ աղջկա պես, այդ նա ճանապարհ հարթեց խեղճ երեխայիս, քո երեխայի համար դեպի քոլեջ: Երեք, չորս անգամ նա ձեռքս է խնդրել, ես հիմա կոմսուհի կարող էի լինել` հեքիաթային դղյակի տիրուհի, կարող էի թողնել հոգսերս, քանի որ երեխաս կունենար քնքուշ, հոգատար հայր, իսկ ես` հանգիստ, բարի ամուսին: Ես չհամաձայնեցի, չնայած որ ցավ էի պատճառում նրան: Գուցե ես սխալ վարվեցի, հիմա ես կարող էի հանգիստ ապրել և իմ հիասքանչ փոքրիկը ինձ հետ կլիներ, բայց ինչու՞ չխոստովանեմ քեզ: Ես չէի ուզում ինձ կապել, ուզում էի ամեն րոպե ազատ լինել քեզ համար: Հոգուս խորքում դեռ պահված էր մանկական երազանքս, որ դու կկանչես ինձ, գոնե մեկ ժամով: Եվ հանուն այն մեկ հնարավոր ժամի ես վանում էի ինձանից ամեն ինչ, միայն թե ազատ լինեի և քո առաջին իսկ կանչից հայտնվեի: Ի՞նչ էր իմ ամբողջ կյանքը փոքրուց ի վեր, ոչ այլ ինչ, քան սպասում, քո գալստյան սպասում:
Եվ այդ ժամն իսկապես եկավ, բայց դու չգիտես այդ, չես կասկածում, սիրելի~ս: Դու չճանաչեցիր ինձ այս անգամ էլ` երբե’ք, երբե’ք ինձ չես ճանաչել: Ես այն ժամանակ էլ հաճախ էի հանդիպում քեզ թատրոնում, համերգների ժամանակ, փողոցում. ամեն անգամ սիրտս քարանում էր, բայց դու չէիր նայում ինձ վրա, ես արտաքնապես փոխվել եմ` հիմար դեռահասից վերածվել եմ կնոջ (ասում էին, որ ես գեղեցիկ եմ, ես միշտ շքեղ էի հագնվում և միշտ շրջապատված էի երկրպագուներով): Ինչպես կարող էիր դու տեսնել իմ մեջ հիմար աղջնակի, ում տեսել ես ննջասենյակիդ կիսամութում: Երբեմն քեզ հետ զրույցի էին բռնվում իմ երկրպագուները, դու պատասխանում էիր նրանց ու հայացք էիր նետում ինձ վրա, բայց այդ սառը հայացքը միայն քաղաքավարության նշան էր, րոպեական հետաքրքրության հայացք էր. ինձ չիմացող, օտար, սարսափելի օտար հայացք էր: Հիշում եմ, մի անգամ այդ անճանաչելիությունը ինձ այրող ցավ պատճառեց. թատրոնում էր, ես նստած էի ընկերներիս հետ, իսկ դու` մեր կողքին: Սկսվեց ներկայացումը, լույսերը մարեցին, և ես էլ չէի կարողանում տեսնել դեմքդ, բայց ես շնչառությունդ էի զգում կողքիս, ինչպես այն ժամանակ, այն գիշեր, երբ մենք անկողին էինք կիսում: Եվ ես բռկվեցի ցանկությամբ` կռանալ ու համբուրել այդ օտար ձեռքը, այդ սիրելի ձեռքը, որը մի ժամանակ շոյում էր ինձ: Երաժշտության հնչյուններից անհանգստացած, ես հազիվ էի զսպում ինձ, որ շուրթերս չհպեմ ձեռքիդ, չտրվեմ խելագար պոռթկումին: Առաջին գործողությունից հետո ես խնդրեցի ընկերոջս տանել ինձ: Ես էլ չէի կարողանում նստել քո կողքին մթության մեջ, քեզ այդքան մոտ և այդքան հեռու:
Բայց ժամը վրա հասավ, այն մեկ անգամ էլ վրա հասավ, վերջին անգամ իմ երկրային կյանքում: Այդ պատահեց մեկ տարի առաջ, քո ծննդյան օրվանից մեկ օր հետո: Եվ տարօրինակ է, ես ամբողջ օրը մտածում էի քո մասին, որովհետև քո ծննդյան օրը ես միշտ նշում էի որպես տոն: Վաղ, վաղ առավոտյան ես դուրս եկա տանից, գնեցի սպիտակ վարդեր, և, ինչպես միշտ, ուղղարկեցի դրանք քեզ` որպես քո կողմից մոռացված ժամերի հիշողություն:
Ցերեկը ես գնացի որդուս հետ սահելու, հետո տարա նրան հրուշակեղենի խանութ, իսկ երեկոյան` թատրոն. ես ուզում էի, որպեսզի նա ոչ մի բան չկասկածի, մանկուց նա հիշում է այդ օրը, որպես մի գաղտնի տոն: Մյուս օրը երեկոյան ես համերգի էի իմ այդ ժամանակվա ընկերոջ հետ` երիտասարդ գործարանատիրոջ, ում հետ արդեն երկու տարի է, ինչ ապրում էի: Նա պաշտում էր ինձ, շրջապատել էր ինձ սիրով ու, ինչպես և ուրիշները, ուզում էր ամուսնանալ ինձ հետ, բայց իմ կողմից անմիտ թվացող մերժում էր ստանում, չնայած ինձ ու երեխայիս նվերներով էր շրջապատել: Նա ինքը արժանի մարդ էր, և նրա մի քիչ հիմար, բայց անմոռաց նվիրվածությունը ուրիշ պատասխանի էր արժանի: Համերգի ժամանակ մենք հանդիպեցինք ծանոթների և բոլորով միասին գնացինք ճաշելու Ռինգշտրասսե ռեստորանում, և ահա, ծիծաղից և կատակներից հետո ես առաջարկեցի գնալ նաև պարասրահ` Տաբարեն: Սովորաբար, երբ ինձ կանչում էին այդպիսի վայրեր, ես հրաժարվում էի, որովհետև այնտեղ շատ աղմկոտ է, հարբած խնջույքն էր տիրում այնտեղ, և այդ ամենն ինձ զզվելի էր թվում, բայց այս անգամ ինչ-որ աննկարագրելի, կախարդական ուժ ստիպեց ինձ արտահայտել իմ ցանկությունը` համաձայնությամբ ընդունված ընկերներից կողմից: Ես ինքս չգիտեի, ինչու ինձ այդքան շատ ձգում էր այնտեղ, ասես ինչ-որ ոչ սովորական և անսպասելի մի բան է սպասում այնտեղ: Իմ ընկերները, ովքեր սովոր էին ամեն ինչում ինձ բավարարել, հենց այդ պահին վեր կացան, ու մենք ուղևորվեցինք Տաբարեն, խմում էինք այնտեղ շոմպայն, և ինձ համակեց կատաղած, համարյա տառապալի ուրախություն, ինչպիսին ես երբեք չեմ զգացել: Ես խմում ու խմում էի, ձայնակցում էի վուլգար երգերին, մի քիչ էլ ու ես կգնայի պարելու կամ կսկսեի հռհռալ ամբողջ պարահրապարակով մեկ: Բայց հանկարծ, ասես ապակե սառնությամբ կամ կրակային տաքությամբ լցվեց սիրտս. ես քեզ տեսա: Դու նստած էիր հարևան սեղանին ընկերներիդ հետ ու նայում էիր ինձ ` հիացած ու ցանկությամբ լի հայացքով, այն հայացքով, որը միշտ թափանցում էր էությանս խորքը: Առաջին անգամ տաս տարվա մեջ դու նորից նայեցիր ինձ` քեզ հատուկ ողջ անպատասխան կրքի ուժով: Ես ամբողջովին դողում էի և բարձրացրածս բաժակը հազիվ պահեցի ձեռքումս: Բարեբախտաբար իմ սեղանի շուրջ նստածներից և ոչ մեկ չնկատեց իմ շփոթմունքը. այն կորավ ծիծաղի ու երաժշտության մեջ:
Քո հայացքը ավելի ու ավելի համառ էր դառնում, ավելի կրակոտ, այն վառում էր ինձ կրակով: Ես ջանում էի հասկանալ, ճանաչեցի՞ր ինձ, թե՞ ոչ, թե՞ ես քեզ համար նորից նոր, ուրիշ, օտար կին եմ: Արյունս բարձրացավ այտերիս, ես շփոթված պատասխանում էի իմ ընկերների հարցերին: Դու չէիր կարող չնկատել, թե ինչքան անհանգստացրեց ինձ քո հայացքը: Հազիվ երևացող գլխի շարժումով դու ինձ նշան արեցիր, որ ես մի րոպեով դուրս գամ շքամուտք: Հետո դու բարձր ձայնով հաշիվն ուզեցիր, հաջողություն մաղթեցիր ընկերներիդ և դուրս եկար, ևս մեկ անգամ ինձ նշան անելով, որ սպասելու ես: Ես դողում էի, ասես տենդի մեջ, ես չէի կարողանում ոչ մի բառ արտասանել, չէի կարողանում ինձ համակած անհանգստությունը ճնշել: Հենց այդ վայրկյանին սևամորթ մի զույգ` բարձրակրունկներով դոփելով սկսեց մի ժամանակակից պար պարել, բոլորի հայացքները ուղղվեցին նրանց կողմ և օգտվելով առիթից ես ասացի ընկերոջս, որ հիմա կգամ, և դուրս եկա քո հետևից:
Դու կանգնած էիր շքամուտքում ու ինձ էիր սպասում. երբ ես մոտեցա քեզ, դեմքդ պայծառացավ: Ժպտալով շտապեցիր դու ինձ հանդիման, ես միանգամից տեսա, որ դու չճանաչեցիր ինձ, չճանաչեցիր իմ մեջ ո’չ դեռահասին, ո’չ տարիներ առաջվա աղջնակին. դու նորից ձգտում էիր դեպի ինձ, ինչպես ինչ-որ նորության, անճանաչելիի:
-Մի ժամ էլ ինձ չէի՞ք տրամադրի:-Հարցրեցիր դու, և քո ինքնավստահ, անբռնազբոս ձայնից ես հասկացա, որ դու ինձ վերաբերվում ես որպես այն կանանցից մեկը, ում կարելի է մի երեկոյի համար գնել:
-Այո’,- արտասանեցի ես նույն դողով, բայց այդ «այո»-ն իրենից ներկայացնում էր այն նույն «այո»-ն, որը տաս տարի առաջ քեզ մի հիմար աղջնակ ասաց փողոցում:
-Ե՞րբ կարող ենք տեսնվել,- հարցրեցիր դու:
-Երբ կամենաք,- պատասխանեցի ես. ես քեզանից չէի ամաչում:
Դու զարմացած հայացքով նայեցիր ինձ, այն նույն անվստահ հետաքրքրասիրությամբ, ինչպես և այն երեկո, երբ ես նույն կերպ զարմացրի քեզ շտապողականությամբ, որով ես համաձայնվեցի:
-Կարելի է և հիմա ՞,- մի քիչ անվստահ հարցրիր դու:
-Այո’,- պատասխանեցի ես,- գնացի’նք:
Եվ արդեն ուղղվեցի կախիչի կողմ, որպեսզի վերցնեմ վերարկուս:
Հանկարծ ես հիշեցի, որ հագուստիս համարը ընկերոջս մոտ է մնացել: Վերադառնալ ու խնդրել համարը կնշանակեր, որ երկար բացատրություններ պետք է տամ, ու նաև մի ժամ զոհեմ, ժամ, որը ես կարող եմ անցկացնել քեզ հետ, ժամ, որի մասին ես երազել եմ այդքան տարի, ես չէի ուզում: Առանց տատանվելու ես դուրս եկա ցուրտ, խոնավ, մառախլապատ գիշերվա մեջ, չմտածելով թիկնոցիս մասին, չմտածելով բարի, սիրող մարդու մասին, ում հաշվին ես ապրում էի արդեն մի քանի տարի և ում ես ամենահիմար ու ստորացուցիչ վիճակի մեջ էի դրել. բոլորի աչքի առաջ նրա սիրեկանը, ում հետ նա երկու տարի ապրում էր, փախչում է առաջին պատահածի հետ: Օ~, ես գիտակցում էի իմ արարքի ամբողջ անշնորհքությունը, անամոթությունը, ես հասկանում էի, որ անմիտ եմ վարվում և մի լավ մարդու, մի հավատարիմ ընկերոջ մահացու ցավ եմ պատճառում, հասկանում էի, որ վերջ եմ դնում հարուստ գոյությանս, բայց ի՞նչ իմաստ ուներ ընկերությունը, ինքնին կյանքը համեմատած անդիմադրելի ցանկության հետ, քո շուրթերը զգալու, լսելու բառերիդ քաղցրությունը: Այդպես ես սիրում էի քեզ, հիմա ես կարող եմ պատմել սա քեզ, երբ ամեն ինչ անցել է: Ինձ թվում է, եթե դու ինձ կանչեիր դագաղից, ես ուժ կունենայի վեր կենալու ու հետևելու քեզ:
Մուտքի մոտ կանգնած էր կառքը, և մենք գնացինք քո բնակարան: Ես նորից լսեցի քո ձայնը, զգում էի քո ներկայությունը և նույնքան հարբած, նույնքան երեխայական երջանիկ էի ես, որքան մեր առաջին հանդիպման ժամանակ: Ես նորից բարձրանում էի աստիճաններով, առաջին անգամ` ավելի քան տաս տարվա ընդմիջումից հետո: Ո’չ, ո’չ ես չեմ կարող քեզ պատմել, ինչպես էի ես այդ վայրկյաններին ինձ երկակի զգում` անցյալում ու ներկայում, և ամեն ինչում նորից միայն քեզ էի զգում: Քո սենյակում քիչ բան էր փոխվել. մի քանի նկար, գիրք, կահույք էր ավելացել, և այդ ամենն այնքա~ն ծանոթ էր ինձ: Իսկ գրասեղանին վարդերով ծաղկամանն էր` իմ վարդերով, որոնք ես քո ծննդյան առիթով էի ուղղարկել քեզ` ի հիշատակ նրա, ում դու միևնույնն է չես հիշել, չես ճանաչել, չես ճանաչում նաև հիմա, երբ նա քո հետ է ու դուք կիսում եք նրա հետ մի ողջ անկողին: Միևնույն է, հաճելի էր տեսնել, որ դու պահում ես իմ ծաղիկները, որ քո շրջապատում իմ «ես»-ի մասնիկն է թափառում, իմ սիրո շունչը:
Դու գրկեցիր ինձ: Նորից ես քեզ մոտ մնացի մի երկար գիշեր: Բայց և այդ ժամանակ դու ինձ չճանաչեցիր: Երջանիկ լինելով, ես ընդունում էի քո քնքշանքները և տեսնում էի, որ քո կիրքը տարբերություն չի դնում սիրելի ու առնված կնոջ մեջ, որ դու տրվում ես քո ցանկություններին քո բնավորության համաձայն: Դու այնքան մեղմ էիր ինձ հետ, այն կնոջ հետ, ով գիշերային ռեստորանից էր բերվել, այնքան ընկերական հոգևոր ու ասպետական հարգանքով և միևնույն ժամանակ այնքան կրքոտ հաճույքների մեջ, որ ես, երջանկությունից արբած, ինչպես տաս տարի առաջ, նորից ամբողջ ուժով զգացի քո անկրկնելի երկակիությունը, սիրային կրքի մեջ ոգեշնչվածությունը, որը մի օր ինձ` կիսաերեխայիս գրավեց: Ես չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան կրքոտ նվիրվեր րոպեին, ով այդքան մեծահոգությամբ բացեր իր հոգու թաքուն անկյունները, որպեսզի հետո, ցավոք, անսահման մոռացումի մատներ: Ես մոռացել էի իմ մասին, ո՞վ էի ես, այստեղ, մթության մեջ, քո մոտ: Կրքոտ նվիրված մի աղջնա՞կ, կա՞մ քո երեխայի մայրը, կա՞մ օտար մի կին ռեստորանից: Ա~խ, ամեն ինչ այնքան ծանոթ էր, արդեն ապրած և միևնույն ժամանակ այնքան արբեցուցիչ ու նոր այդ աստվածային օրվա մեջ: Եվ ես աղոթում էի, որ գիշերը չվերջանար:
Բայց առավոտն եկավ, մենք ուշ վերկացանք ու դու հրավիրեցիր ինձ նախաճաշելու քեզ հետ: Մենք խմում էինք թեյ, որը պատրաստվել էր ճաշասենյակում` ինչ-որ մեկի հոգատար ձեռքով: Դու նորից ինձ հետ սովորական էիր խոսում և ի սրտե, առանց անհամեստ հարցերի, առանց չնչին հետաքրքրասիրության: Դու չէիր հարցնում ո’չ թե ով եմ ես, ո’չ որտեղ եմ ապրում. ես քեզ համար միայն պատահական արկած էի, անանուն, րոպեական քմահաճույք, անհետ կորած հիշողությունից, ինչպես օդում արձակված կրակոց: Դու պատմեցիր ինձ, որ քեզ սպասվում է մեծ ճանապարհորդություն դեպի հյուսիսային Աֆրիկա, որը կտևի երկու կամ երեք ամիս. ես վախից դողացի, երջանկությունը փոխարինվեց հուսահատությամբ, քանի որ ականջներումս նորից հնչեց. «Վե’րջ, ամեն ինչ վերջացավ և մոռացվեց»: Ես ուզում էի ոտքերդ ընկնել և գոռալ. «Ինձ էլ վերցրու քեզ հետ, այդ ժամանակ դու կճանաչես ինձ վերջապես, վերջապես` այսքան տարի անց»: Բայց ես այնքան հպարտ, երեխայական, այնքան ստրկանման ենթարկվում էի քեզ: Ես միայն ասացի.
-Ի~նչ ափսոս:
Դու ժպտալով նայեցիր ինձ:
-Դու իրո՞ք ափսոսում ես:
Ես չդիմացա, տրվեցի հանկարծակի պոռթկմանը: Ես վեր կացա ու երկար, տպավորիչ հայացքով նայեցի դեմքիդ: Հետո ասացի.
-Նա, ում ես սիրում էի, նույնպես միշտ հեռանում էր:
Ես նայեցի քեզ, նայեցի ուղիղ աչքերիդ մեջ. «Հիմա’, հիմա’ նա կճանաչի ինձ»: Ես սպասում էի` դողալով վախից ու հույսով: Բայց դու ժպտացիր և ասացիր, ասես սփոփելով.
-Ճամփորդություններից վերադառնում են, չէ՞:
-Այո’,- ասացի ես,- վերադառնում են, բայց մոռացած:
Գուցե ձայնիս մեջ հնչեց ինչ-որ արտասովոր մի բան, չափազանց կրակոտ, որովհետև հիմա դու էլ վեր կացար ու նայեցիր ինձ` հիացմունքով ու ջերմ մեղմությամբ: Դու ձեռքս բռնեցիր.
-Լավը չի մոռացվում. ես քեզ չեմ մոռանա,- ասացիր դու ու հայացքդ աչքերիս մեջ ընկղմեցիր, ասես ուզում էիր հիշողությանդ մեջ տպել իմ գոյությունը. ես մտածեցի, որ վերջապես փոշին մաքրվեց քո աչքերից. «Նա կճանաչի’ ինձ, կճանաչի’ ինձ»: Հոգիս վառվում էր այդ մտքից:
Բայց դու չճանաչեցիր ինձ: Ո’չ, դու չճանաչեցիր ինձ, և երբեք ես այդքան օտար չէի քեզ, որովհետև ուրիշ կերպ ինչպե՞ս կարող էիր դու անել այն, ինչ մի քանի րոպե առաջ արեցի: Դու համբուրեցիր ինձ, մեկ անգամ էլ կրքոտ համբուրեցիր ինձ, այնպես, որ ես ստիպված էի նորից ուղղել մազերս: Եվ ահա, կանգնելով քո հայելու առաջ, ես հանկարծ տեսա (ես քիչ մնաց ընկնեի վախից ու ամոթից), ես տեսա, թե դու ինչպես թաքուն պայուսակիս մեջ դրեցիր երկու խոշոր դրամ: Ինչպես ես զսպեցի ինձ և չշրջվեցի ու հարվածեցի դեմքիդ. դու վճարում էիր այդ գիշերվա համար ինձ, ով մանկուց սիրում էր քեզ, քո երեխայի մորը: Ես քեզ համար միայն պոռնիկ էի Տաբարենից, ոչ ավելին, դու վճարեցիր ինձ, վճարեցի’ր: Բացի նրանից, որ դու մոռացել էիր ինձ, ես պետք է նաև նվաստացումների դիմանայի:
Ես սկսեցի արագորեն հավաքել իրերս: Միայն թե հեռանայի, արագ հեռանայի. չափազանց ցավալի էր: Ես վերցրեցի գլխարկս, այն գրասեղանի վրա էր` սպիտակ վարդերով ծաղկամանի կողքին, իմ վարդերի կողքին: Ինձ համակեց անհաղթահարելի, ուժեղ ցանկություն. ես որոշեցի մի փորձ էլ անել:
-Ինձ մի վարդ չե՞ս տա քո սպիտակ վարդերից:
-Մեծ հաճույքով,- պատասխանեցիր դու ու հենց այդ պահին ծաղկամանից վարդ հանեցիր:
-Բայց միգուցե քեզ դրանք մի կին է նվիրել, կին, որը քեզ սիրու՞մ է:
-Միգուցե,- ասացիր դու,- չգիտեմ: Դրանք ինձ են ուղարկվել չգիտեմ ում կողմից: Դրա համար էլ սիրում եմ դրանք:
Ես նայեցի քեզ:
-Միգուցե դրանք մի կնոջ կողմից են ուղարկված, ում դու մոռացել ես:
Դու հիացած նայեցիր ինձ: Ես հստակ նայում էի աչքերիդ մեջ. «Ճանաչի’ր ինձ, ճանաչի’ր ինձ վերջապես»,- գոռում էր հայացքս: Բայց քո հայացքը վառվում էր քնքշությամբ: Դու մեկ անգամ էլ համբուրեցիր ինձ: Բայց դու ինձ չճանաչեցիր:
Ես արագ ուղղվեցի դեպի դուռը, որովհետև արցունքները պատրաստ էին թափվել աչքերիցս, իսկ դա դու չպետք է տեսնեիր: Ես այնպես էի վազում, որ շքամուտքում քիչ մնաց բախվեի սպասավորիդ: Նա մի կողմ ցատկեց, հարգալից բաց արեց դուռն ինձ համար և այդ ժամանակ, դու, լսու՞մ ես, այդ ժամանակ, երբ ես արցունքների միջից նայեցի ծերուկին, նրա աչքերում ինչ-որ լույս առկայծեց: Այդ ժամանակ, լսու՞մ ես, այդ վայրկյանին Իոհանը ճանաչեց ինձ, չնայած ոչ մի անգամ չէր տեսել ինձ մանկուց ի վեր: Ես ուզում էի ծնկի իջնել նրա առաջ և համբուրել նրա ձեռքերը, որովհետև նա ճանաչեց ինձ: Բայց ես միայն հանեցի պայուսակիցս այն ահավոր փողերը, որոնցով դու ինձ մեխել էիր ամոթանքի սյունին, և շպրտեցի դրանք ծերուկին: Նա դողաց, վախեցած նայեց ինձ. այդ վայրկյանին նա, գուցե, ավելին հասկացավ իմ մասին, քան դու` քո ամբողջ կյանքի ընթացքում: Բոլոր, բոլոր մարդիկ սիրում էին ինձ, բարի էին իմ հանդեպ, միայն դու’, միայն դու’ չէիր հասկանում ինձ, միայն դու’ ոչ մի անգամ չճանաչեցիր ինձ:
Իմ երեխան մահացել է, մեր երեխան, հիմա ես էլ ոչ ոք չունեմ, որ սիրեմ, բացի քեզանից: Բայց ո՞վ ես դու ինձ համար, դու’, երբե’ք, երբե’ք ինձ չճանաչողդ, իմ կողքով անցնող` ինչպես թափանցիկ ջրի կողքով են անցնում, ինձ ոտնակոխ անող, ինչպես քարն են անում, դու’, հավատարմորեն ինձ բաժանման մատնող և միշտ սպասումի մեջ պահող մեկը: Մի անգամ ինձ թվաց, որ ես պահել եմ քեզ` անորսալի մեկիդ, երեխայի մեջ: Բայց նա քո երեխան էր, նա դաժան լքեց ինձ ու գնաց ճամփորդության, նա մոռացավ ինձ և էլ երբեք չի վերադառնա: Ես նորից մենակ եմ, ինչպես երբեք, ես ոչինչ չունեմ, քեզանից ոչինչ չունեմ` ո’չ երեխա, ո’չ բառեր, ո’չ տողեր, ո’չ մի հիշողության նշաններ, և եթե դու լսեիր իմ անունը, այն քեզ ոչինչ չէր ասի: Ինչու՞ չերազեմ մահվան մասին, երբ մահացած եմ քեզ համար, ինչու՞ չհեռանամ, երբ դու հեռացել ես ինձանից: Ո’չ, սիրելի~ս, ես չեմ մեղադրում քեզ, ես չեմ ուզում իմ ցավը խցկել քո երջանիկ բնակարան: Մի’ վախեցիր, ես էլ չեմ ձանձրացնի քեզ, ների’ր ինձ, ես պետք է հոգիս հանգստացնեի երեխայիս մահվան ժամին:
Այս մի անգամ եմ պատմում քեզ, հետո ես նորից կկորեմ մշուշի մեջ ու կլռեմ, ինչպես միշտ լռել եմ քո առաջ: Բայց դու չես լսի իմ հառաչը, մինչ ես կենդանի եմ, միայն երբ ես կմեռնեմ, կստանաս դու այս կտակը, մի կնոջ կտակ, ով սիրում էր քեզ ավելի շատ, քան մնացած ամենը, և ում դու երբեք չճանաչեցիր, ով ամբողջ կյանքում սպասում էր քեզ ու քո կանչին: Գուցե դու կկանչես ինձ այն ժամանակ, երբ ես առաջին անգամ քեզ հավատարիմ չեմ լինի. ես չեմ լսի քեզ շիրիմից: Ես չեմ թողնի քեզ ո’չ լուսանկար, ո’չ հիշողության որևէ նշան, ինչպես և դու ինձ ոչինչ չթողեցիր, երբե’ք դու չես ճանաչի ինձ, իմ դեմքը: Ես մահանում եմ թեթև, որովհետև դու չես զգում մահս հեռվից: Եթե քեզ ցավեցներ մահս, ես չէի կարողանա մահանալ:
Ես էլ չեմ կարողանում գրել… գլխումս այնպիսի ծանրություն է տիրում… ամբողջ մարմինս ջարդվում է, ես տաքություն ունեմ… ինձ թվում է հիմա ստիպված կլինեմ պառկել: Գուցե շուտով ամեն ինչ վերջանա, գուցե մեկ անգամ ճակատագիրը ներողամիտ գտնվի իմ հանդեպ, և ես չտեսնեմ, թե ինչպես են տանում երեխայիս մարմինը… Ես էլ չեմ կարողանում գրել… Հաջողություն, սիրելի~ս, հաջողություն, շնորհակալ եմ քեզ: Այն ամենն, ինչ եղել է, չնայած ամեն ինչին հիանալի էր… ես շնորհակալ կլինեմ քեզ մինչ վերջին շունչս: Ես լավ եմ, ես քեզ պատմեցի ամեն ինչ, դու հիմա գիտես, ո’չ, դու միայն գլխի ես ընկնում, ինչ շատ եմ ես քեզ սիրում, և միևնույն ժամանակ իմ սերը փայտի պես չի ծանրանալու քեզ վրա: Դու իմ կարիքը չես զգա` դա ինձ հուսադրում է: Ոչինչ չի փոխվի քո հիասքանչ, լուսավոր կյանքում… ես չեմ կեղտոտի այն իմ մահով… դա հուսադրում է ինձ, սիրելի~ս:
Բայց ո՞վ… ո՞վ կուղարկի քեզ սպիտակ վարդեր ծննդյանդ օրվա առիթով: Ա~հ, ծաղկամանը դատարկ կմնա, տարին մի անգամ այն էլ չի լինի վարդերով լի: Սիրելի~ս, լսի’ր, խնդրու’մ եմ քեզ, սա իմ առաջին ու վերջին խնդրանքն է քեզ… կատարի’ր այն հանուն ինձ. Ամեն տարի, քո ծննդյան օրը (քանի որ դա այն օրն է, երբ մտածում են քո մասին) գնի’ր վարդեր և դի’ր դրանք կապույտ ծաղկամանի մեջ: Արա’ այդ, սիրելի~ս, արա’ այդ, ինչպես ուրիշները տարին մեկ անգամ հոգեհանգիստ են պատվիրում մահացած հարազատի համար: Բայց ես էլ չեմ հավատում Աստծուն և չեմ ուզում հոգեհանգիստ, ես միայն քեզ եմ հավատում, ես միայն քեզ եմ սիրում և ուզում եմ միայն քեզանում ապրել… ա~հ, տարին մեկ անգամ, աննկատ ու անաղմուկ, ինչպես ես ապրում էի քեզ համար:
Խնդրում եմ քեզ, արա’ այդ, սիրելի~ս… սա իմ առաջին ու վերջին խնդրանքն է… շնորհակալ եմ… սիրում եմ քեզ, սիրում եմ… հաջողություն…>>
Նա դողացող ձեռքով մի կողմ դրեց նամակը: Հետո երկար մտածում էր: Մշուշոտ հիշողություններ արթնացան նրա մեջ հարևանի աղջկա, աղջնակի, գիշերային ռեստորանի կնոջ մասին, բայց հիշողությունները հստակ չէին, աղոտ էին` ջրի տակ շողացող քարի նման: Ստվերները գալիս ու գնում էին, բայց պատկերը ի հայտ չէր գալիս: Ինչ-որ բանի հանդեպ հիշողությունը ապրում էր նրա մեջ, բայց թե ինչ հիշողություն, նա չէր կարողանում հիշել: Նրան թվում էր, որ նա հաճախ տեսել էր այս ամենն իր երազում, խոր երազում, բայց միայն երազում:
Հանկարծ նրա հայացքը ուղղվեց կապույտ ծաղկամանին, որը գրասեղանի վրա էր դրված: Այն դատարկ էր` երկար տարիների ընթացքում առաջին անգամ իր ծննդյան օրը այն դատարկ էր: Նա շփոթվեց. նրան թվաց, որ անտեսանի մի դուռ բացվեց ու ուրիշ աշխարհի սառը քամին մխրճվեց իր հանդարտ բնակարան: Նա զգաց մահվան շունչն ու անմահ սիրո շունչը. ինչ-որ բան բացվեց նրա հոգում, և նա մտածեց անցած կյանքի մասին, որպես անպտուղ տեսիլք, հեռավոր երաժշտություն:

Թարգմանությունը՝ Անի Շահնազարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *