ԿՈՄԻՏԱՍ | Սիրերգեր

 

Կոմիտաս
Հով Արեք Սարեր

Հով արեք, սարեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք,
Վարար անձրև թափեք, ծով արեք,
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Հով արեք, ամպեր ջան, հով արեք,
Իմ դարդին դարման արեք։
Ամպերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում։

Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ,
Մի վեր կացեք, իմացեք,
Տեսեք իմ սրտի ցավեր:

Լե Լե Յաման

Լե, լե, յամա՜ն,
Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց.
Լե, լե, յամա՜ն,
Հերի’ք անեմ աչքով իմաց,
Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:

Լե, լե, յամա՜ն:
Դու ելեր ես կայներ ես դուռ,
Լե, լե, յամա՜ն,
Ես քու սիրույց սավդալի ծուռ,
Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:

Լե, լե, յամա՜ն,
Արև դիպավ Մասիս սարին,
Լե, լե, յամա՜ն,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յամա՜ն, յամա՜ն, յար:

Խնկի Ծառ

Մեր դռանը խնկի ծառ,
Գյո’ւլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյո’ւլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյո’ւլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյո’ւլում ջան:

Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար:

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ.
Գնար ու գար շվին տար,
Անուշ յարի թևին տար:

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ.
Կարմիր խնձոր անել տար,
Ալվան ծաղիկ տանել տար:

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին…

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին,
Բեռըդ խավար հրով խոցոտեցին.
Երկրիդ հողեն խաչըդ բուսավ,
Կյանքիդ կողեն աչըդ հյուսավ։

Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

Սեր ու ջեր

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն
Սարի հովով,
«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.
Հոգուս խորեն,
Սիրու ձորով,
Զիս կսիրե՞ս, մրմնջեց.

Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։
Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։

Վարդիկս

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

Գորով–սեր

Ի՜նչ դողդոջուն ոտեր՝
Սվվացին որպես խոտեր,
Իջա վայրիկըս։

Ի՜նչ բողբոջուն այտեր՝
Միջօրյա վարդ էր ցայտեր,
Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,
Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝
Թևեց աչելով․

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,
Ճեմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝
Լռեց պաչելով։

Հով–սեր

Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով։

Անմար սեր

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Եռ ու սեր

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Սեր-հովիկ

Շնչե՛, հովիկ,
Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Ես եմ

Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.

Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։

Շուշան սիրտ

Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի
Կանքիդ արև-օրերում.

Սուսուն-սերըդ թափառեց արի-արի
Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար
Սիրո գարուն զովանի,

Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար
Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ
Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,

Սիրտըդ սիրտ էր հագեցավ
Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։

Պատրանք (Կոմիտաս)

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով…։

Բաղձանք (Կոմիտաս)

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ…։

Աղոթք (Կոմիտաս)

(Նվեր օրիորդ Լուիզ Գավաքճյանի)

Վա՛րդ, ու կաթե՛ կարմիր ոգիդ,
Ճերմակ շուշան՝ սիրտ ու հոգիդ.
Մանուշա՜կ
Անուշակ՝
Գուրգուրե
Ու բուրե։

Տո՜ւր, սուսունիկ՝ ոսկի արև,
Հո՜ւյս անթառամ՝ կյանք հարատև։
Օրե օր
Նորե նոր
Հար գարուն
Զարդարուն։

1914 25/ԺՍ. Կ. Պոլիս

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

  • Մարգարիտ Գաբրիելյան says:

    Կոմիտասի գործերը հայ երգի ու երաժշտության մեծագույն ասեղնագործություններ են:

  • Շնորհակալ եմ նման հիանալի նյութի ներկայացման համար, երաժշտության բացակայությունը բացարձակապես չի զգացվում, երբ Կոմիտաս ես կարդում:

  • հասմիկ աջամյան says:

    ԿՈՄԻՏԱՍ
    Մորմոքվող վիշտ է քո երգն անտունի,
    Ոնց անհուն ցավի ջրհեղեղ ծովում,
    Ծիրանիդ մնաց առանց գարունի,
    Սահմանագծեր ով է հորինում:
    Ասես մրմունջդ կռունկն է բերում՝
    Ոնց երկրայինը երկինք ավերի,
    Մեր ամոքումի բոլոր ափերում
    Անմահությանդ պատգամն է վերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *