ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ | Ազգային Երազ

Զոմբի

Հաշվի առնելով, որ ընդհանրապես զոմբիների մասին ֆիլներ չեմ նայում, ահագին հետաքրքիր էր մի քանի
օր առաջ տեսած երազս, որ շատ վառ ու մանրամասն տպավորվել է ու դուրս չի գալիս գլխիցս: Ջրի փոխարեն թղթին պատմեմ՝ որոշ դետալներ ավելացնելով ու լրացնելով՝ մանավանդ դիալոգները, բայց ոչ պերսոնաժները: Բոլոր համընկնումները մտացածին են՝ իմ մտքից, ավելի կոնկրետ ենթագիտակցականից ծնված:

Ընկերներիցս մեկը զանգում ու անհանգիստ ձայնով ասում է.
– Ամեն ինչ վերջացած է, միացանք:
– Ի՞նչն է վերջացած, ինչի՞ն միացանք:
– Ես էլ չգիտեմ, թե ինչին միացանք, անգամ միացնողները չգիտեն, բայց վերջացած է:
– Բան չեմ հասկանում, ո՞նց կարող էր տենց լինել, վստա՞հ ես, որ միացել ենք:
– Հաստատ, փաստեր կան, օրինակ մամլո խոսնակը հերքել է, ասել է «ստոր հերյուրանքներ են միանալու մասին բոլոր լուրերը», դրանից էն կողմ էլ ինչ լինի, որ հավատաս: Համ էլ չե՞ս նկատում, թե ինչքան են շատացել զոմբիները:
– Ի՞նչ զոմբի, միանալը ի՞նչ կապ ունի զոմբիների հետ, համ էլ մեր երիտասարդները շատ լավն են, օրինակ` էն մեր խուճուճ իրավաբան ջահել ընկերը:
– Հա՛մ, դու ընդհանարապես չես պատկերացնում, թե ինչ ես խոսում, թե ինչ ա եղել, աչքերդ բացի, չորս կողմդ նայի, ամեն տեղ էլ զոմբիներ են, քո ասած էդ ընկերն էլ հետը, իսկ դու անգամ չես նկատել, որ ինքը վաղուց ա քաչալացել… Դու նայում ես, բայց չես տեսնում: Քո որոշելիքն է, ինձանից հասնում էր տեղեկացնելը, դու որոշի անելիքդ, լավ մնա:
Էս խոսակցությունը ստիպում է, որ փորձեմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Հայտնվում եմ սենսեյիս մոտ՝ խորհրդի համար: Սենսեյը սպորտդահլիճի մեջտեղում է, բայց ոչ թե սովորականի պես մարզում է, այլ նստած է շքեղ գրասեղանի մոտ՝ նորից քաչալացած: Առաջինը ինքն է սկսում.
-Դու դեռ ստեղ ե՞ս, ի՞նչ գործ ունես, շատ երկար չես եկել, վստահ էի, որ գիտես, որ միանում ենք, վստահ էի, որ արդեն գնացել ես:
– Բայց ու՞ր գնամ ու ինչի՞, ինչի՞ ինքներդ չեք գնում:
– Փաստորեն էսքան տարիներն իզուր են անցել, իզուր եմ քո վրա ժամանակ ծախսել:
Պարապմունքներից չե՞ս սովորել, որ անցյալում, երբ միացել ենք կամ միացրել են, միշտ էլ հյուսիս հասնելու համար հարավ են գնացել: Հիմա գնա…
Էդ պահին մոտեցա, որ հաջողություն ասեի, ուզեցինք գրկախառնվել, բայց չկարողացավ վեր կենալ, կարծես կապված լիներ աթոռին, գետնին, պատերին: Աչքերով ասեց՝ «հիմա հասկացար, թե ինչի չեմ կարող գնալ, չնայած զոմբի չեմ»:

Հաջորդ պահին արդեն Արարատյան դաշտում էի, որ ավելի շատ անապատ էր հիշեցնում՝ ճիշտ «The Book of Eli» ֆիլմի պեյզաժներից: Այստեղից սկսած մի ուղեկից կար հետս, որի ով լինելը տենց էլ չիմացա մինչև վերջ, դեմքն էլ հատուկ թաքցնում էր, բայց կարևոր դեր ուներ, բացատրում էր, հետն էլ օգնում զոմբիներինց պրծնել:
Մի քանի նիհար, ճաքճքած շուրթերով մարդկանց մոտով անցանք շատ արագ:
– Սրա՞նք էն էդ զոմբիները:
-Չէ, սրանք արյունախում գյուղացիներ են, սրանք էնքան կորած ու վտանգավոր են, որ էս տարածքից անգամ զոմբիներն են վախենում, չեն գալիս:
Սկսեց պատմել, որ դրանք պարզապես ծարավ գյուղացիներն են, որ այնքան են առանց ջուր մնացել, որ ամեն մեկը սեփական արյունն է խմում` կողքինի ու հատկապես անծանոթ եկվորների, դրա համար պետք է հեռու մնալ:
Իրանց դժբախտությունը միանալուց մի քանի տարի առաջ է սկսվել: Բաժանվելու տասնամյակից հետո, երբ հայտնվեց ձուկը՝ եռագլուխ մի հրեշ, էս կողմերի բոլոր գետերն ու աղբյուրները ցամաքեցին: Ասում են ձուկը ապրում է գետնի տակ շատ խորքերում և միայն ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս գետի ափ՝ ավազ լափելու ու դաշտը փոքրացնելու: Բայց ձկան հիմնական վնասը դաշտի երեսին ու խորքում եղած ջրի կլանելն է:
– Ասում են նաև, որ ձկան երեք գլուխներից երկուսը իրականում ուրիշ կենդանիների գլուխներ են: Այնքան սարսափելի է, որ գյուղացիները չեն էլ փորձել դրա դեմ մի բան անել, հաշտվել են ու սկսել սեփական արյունով ծարավը հագեցնել:

Երասխից աջ թեքվելուց հետո մայրուղին ծածկված էր ոստիկանական համազգեստ հագած բազմությամբ:
– Այ սրանք արդեն զոմբիներ են` դրանց անիմաստ տեսակից, դրանցից ոչ մի վնաս չկա:
Իսկակականից, թեև սրանք ուզում էին բռնել, բայց շատ դանդաղաշարժ էին` մեծ մասն էլ պառկած ասֆալտին: Մի քիչ աշխույժ էին ոչխարի ու այծի գլուխ ունեցողները, բայց անգամ դրանք հազվադեպ էին հասցնում բռնել, իսկ բռնելուց էլ հեշտ պրծնում էինք: Ահագին ուրախացրեցին, քանի որ առաջին մի քանիսի վրայով քայլելուց պարզվեց, որ սրանց փորերը սեղմելիս ծիծաղելի ձայներ են հանում, ամեն մեկն ուներ չկրկվող ձայն՝ հիմնականում տարբեր փափուկ խաղալիքներին բնորոշ: Էնքան անվնաս էին ու էնքան էինք հրճվում ուղեկցիս հետ, որ որոշեցինք մի հատ էլ ամենաբարձր կետից արագությամբ իջնենք ու անցնենք ճամփին ընկած զոմբիների վրայով: Հավես էր շատ:

Մյուս դրվագում արդեն Գորիսում ենք, մութ է ու գիշերելու հարց ենք ուզում լուծել: Միանգամից աննկատ կողքիս է հայտնվում մի ծեր, բայց շատ ժիր տատիկ՝ կամ աղվեսի պոչով կամ աղվեսի պոչը վզին փաթաթած, լավ չեմ հիշում, բայց կարևոր էլ չի: Սիրալիր առաջարկում է իր տունը.
– Դուք էսօր տեղ հասնողը չեք, պետք է Կապանում պալատական շինարարին տեսնեք, իսկ ինքը միայն ցերեկն է մարդ ընդունում:
– Ինչներիս է պետք ինքը, մեկ է բոլորն էլ գիտեն, որ իր բոլոր խոսքերը սուտ են:
– ճիշտ ես, բայց ճիշտը իրեն տեսնելն է, եթե ճանապարհ ես գնալու, էդտեղով ես անցնելու, մի հատ անպայման գրանցվի հանդիպման, տես` հիմա ինչ ստեր պետք է ասի:
– Իմաստը չեմ հասկանում:
– Որովհետև չգիտես, որ պալատական շինանարարի մի սուտը հազար ճիշտ արժե:
– Տատի, ոնց որ մի քիչ տարիքդ ազդել է, մի սուտը ոնց կարող ա հազար ճիշտ արժենալ…
– Սուս, տարիքից մի խոսա, որ տարիքիդ համապատասխան հասունացած լինեիր, կհասկանայիր, որ ճիշտը գրոշ է…ինչի դու չգիտես, թե շինարարի ամեն մի սուտ ինչքան են ավելացրել իր հարստությունը: Մի խոսքով քո գործն է, եթե անգամ իրեն չհանդիպես, մեկ է էսօր տեղ հասնողը չես, էլ չասեմ ամենատարածաշրջանային սահմանը անցնողը չես: Համ էլ պետք է Քաջարանով անցնեք, չէ՞, իսկ էնտեղ շատ վտանգավոր է գիշերով:
– Զոմբինե՞րը
– Չգիտեմ դրանց անունը ինչ է, բայց շատ վտանգավոր են: Դրանք էն բնապահպան ակտիվիստներն են, որ անընդհատ պոչամբարների մասին են խոսում: Էնքան ոչ մեկը բանի տեղ չդրեց, խեղճ երեխեքը որոշեցին իրենք թափոնների հարցը իրենցով լուծել՝ կում-կում խմելով պոչամբարի պարունակությունը: Երևի դրանից մուտացիայի ենթարկվեցին, հիմա շատ վտանգավոր են դարձել, հատկապես գիշերները՝ ֆոսֆորից կուրացնող լույս են արձակում, անցնող դարձողի վրա հարձակվում, բնության փրկության մասին ինչ-որ տարօրինակ բաներ են խոսում:
– Փաստորեն մի տեսակ զոմբի էլ իրենք են դարձել էլի: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ որպես քաղ. հասարակության փորձագետ – եզրափակեց ուղեկիցս:
– Բա շուտ ասեիր, ես էլ շուտվանից քո պես մի ղոչաղ փորձագետ եմ փնտրում,- ուրախ ասեց տատին, որ արդեն ուղեկցելով հասցրել էր մեզ իր տան դռան շեմին,- գիտես չէ՞, ես էլ քաղաքի երիտասարդական հկ-ի նախագահն եմ:
– Տատին երիտասարդական հկ-ի նախագա՞հ, տարօրինակ չի՞- հարցրեցի ու ոնց որ թե միանգամից հայտնվեցինք ամենատարածաշրջանային սահմանի մոտ: Նույն վերտառությամբ շենքից ուրախ ձայներ էին գալիս:
– Հիմա հասկացա՞ր, թե ինչի է ամենատարածաշրջանային դարձել էս սահմանը ու ինչի են այստեղի բոլոր զոմբիները էդքան ուրախ՝ տարածաշրջանում ամենաուրախը, արի մի հատ տեսնենք՝ ինչ կա իրանց մոտ,- ասեց ուղեկիցս:
Դրա վրա արթնացա: Ամեն դեպքում երազի շարունակություն էլ չեմ հիշում ու ափսոս, որ չտեսա վերջը սահմանը անցա, թե չէ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *