Կաձուո Իշիգուրո | Տարօրինակ և երբեմն տխուր

Անգլիա տեղափոխվելու հաջորդ տարին էր, երբ ծննդաբերեցի Յասուկոյին։ Գուցե պատճառը հայրենիքի կարոտն էր, չգիտեմ, բայց ծանր հղիություն էր։ Ծննդաբերությունից հետո այնքան թույլ էի, որ երբ Յասուկոն հազիվ մի քանի ամսական դարձավ, նորից հիվանդանոց ընկա։ Այնտեղ՝ օտար անկողնում, հեռու աղջկանիցս և ցավերից տանջվելով՝ առաջին գիշերները քիչ էի քնում։ Դեղահաբեր էին տալիս ինձ, և ես կես արթուն էի, կես քնած։ Եվ գիշերները պարզորեն՝ ասես պատուհանից ներս նայեի, տեսնում էի իմ փոքրիկին, որն իր անկողնու մեջ պառկած լաց էր լինում ու թափահարում էր ձեռքերն ու ոտքերը։ Փորձում էի մոտենալ նրան, բայց չէի կարողանում, և նա այնքան ուժգին էր լալիս, որ վախենում էի, թե վատ կզգար իրեն։ Առավոտյան ամուսինս անկողնուս կողքին էր լինում, և ես հարցնում էի Յասուկոյի մասին։ Ամուսինս պատմում էր, որ նա ամբողջ գիշեր լաց էր եղել։
Բայց մի գիշեր ցավն անցավ։ Եվ երկար ժամեր՝ ամբողջ գիշեր և ամբողջ օրը, քնած մնացի։ Մի անգամ էլ աչքիս առաջ եկավ լուռ քնած Յասուկոյի պատկերը՝ նույնքան իրական, որքան նախկինում։ Նրա փոքրիկ բերանը թեթևակի կիսաբաց էր, պստլիկ բռունցքը սեղմած էր ականջին, և առավոտյան ամուսինս ասաց, որ առաջին անգամ իմ փոքրիկ աղջնակը հանգիստ էր քնել գիշերը։ Էությամբ սնահավատ չեմ, բայց հավատում եմ, որ այն ժամանակ ես և Յասուկոն գիտնականների համար անհասկանալի ինչ-որ ուժով կապված էինք միմյանց։ Եվ, վերջիվերջո, ի՞նչ տարօրինակ բան կար։ Գրեթե ինն ամիս մենք մի մարմին և մի հոգի էինք։
Այս ամենի մասին պատմեցի Յասուկոյին ամառվա սկզբին, երբ ինձ այցելության էր եկել։ Թվում էր, թե նրան այնքան էլ չէր հետաքրքրում այդ ամենը, և մի փոքր շփոթված էր։ Այժմ Յասուկոն նշանված է և պատրաստվում է ամուսնանալ։ Արդեն երկու տարի է, ինչ Յասուկոն իր նշանածի հետ է ապրում, ու թեև գիտեմ, որ նման բաներն այսօր սովորական են, ուրախ եմ, որ նա վերջապես կամուսնանա։ Երեք օր անցկացրեց ինձ հետ, և ինձ հաճելի էր, թե որքան հանգիստ էր զգում իրեն իմ կողքին։
Նրա ծնունդից հետո անցկացրած այդ օրերի և մեզ կապող արտասովոր ուժերի մասին պատմելու ընթացքում հիշեցի այն ժամանակների մասին, երբ մի անգամ ինչ-որ արտասովոր, գուցե գերբնական բան էր կատարվել կյանքումս։ Շատ վաղուց էր՝ դեռ Նագասակիում եղածս տարիներին, և որքան էլ, որ տարօրինակ էր հնչում, մեկ ուրիշ Յասուկոյի հետ էր կապված։ Սկսեցի դստերս պատմել այդ առաջին Յասուկոյի մասին, բայց նա կտրուկ ընդհատեց ինձ։
-Արդեն պատմել ես,- անհամբեր կերպով ասաց նա։ – Նրա պատվին ես ինձ Յասուկո անունը տվել։ Նրա, ով ռմբակոծության ժամանակ էր մահացել։
-Միանգամայն իրավացի ես,- պատասխանեցի ես։- Դեռ մինչև ծնվելդ այնքան գլխացավանք էիր պատճառում ինձ, որ այդ անունը տվեցի քեզ՝ հուսալով, որ իմ ընկերուհի Յասուկոյի նման հանգիստ կդառնաս։ Բայց հազվադեպ է ամեն բան այնպիսի ընթացք ստանում, ինչպես պլանավորել ես։
Յասուկոն ծիծաղեց, բայց ես միանգամայն ճշմարիտ էի խոսում։ Առաջին Յասուկոն իմացածս ամենահանգիստ և ամենաբարի մարդն էր։ Նագասակիում անցկացրած մանկությանս տարիներին շատ անգամ էի փորձել հունից դուրս հանել նրան։ Բայց ինձ այդպես էլ չվիճակվեց հաջողության հասնել։ Երբ իմ չարակամությունը չափից ավելի էր դառնում, Յասուկոն ուղղակի արտասվելով հեռանում էր։ Այնուամենայնիվ՝ իմ դուստրը գրեթե նման չէր իր նախնիին։ Նա համառ և ագրեսիվ դարձավ։ Տեսնում էի, որ նրան այնքան էլ հետաքրքիր չէր լսել իր մոր պատմությունն առաջին Յասուկոյի մասին, դրա համար էլ այլևս չշարունակեցի։
Հիմնականում դատարկ բաներից էինք զրուցում, և երեք օրերն աննկատ անցան։ Երբեմն ինձ անհանգստացնում էր Յասուկոյի ենթադրություններն այն մասին, թե ես ձանձրանում էի և գրեթե անելիք չունեի։ Բազմիցս առաջարկում էր ինձ նկարչության երեկոյան դասերի հերթագրվել։ Ես շնորհակալություն էի հայտնում նրան առաջարկության համար և ասում, որ նկատի կունենամ։ Լավ տրամադրությամբ բաժանվեցինք, և ես ուրախ էի նրա փեսացուին հեռահար բարևներ ուղարկելու:
Մեկ այլ դուստր էլ ունեմ, որը մեծ է Յասուկոյից։ Նա չորս տարի առաջ է ամուսնացել՝ մինչ ամուսնուս մահը։ Մոտակա ժամանակներս տատիկ դառնալու հույս ունեմ։ Աղջիկներս գրեթե ոչինչ չգիտեն Ճապոնիայի մասին, նրանք ճապոներեն երկու բառ հազիվ թե իմանան, նրանց համար Նագասակին քարտեզի վրա նշված տեղ է՝ նրանց մոր ծննդավայրը. վայր, որտեղ մի անգամ ռումբ են գցել։ Իսկ ինչո՞ւ պետք է այլ կերպ լիներ։ Այժմ Անգլիան է նրանց տունը։ Երբ իմ տարիքին հասնեն, խոսելու և ծիծաղելու են ճիշտ այն ճերմակահեր հարևանուհուս նման, որի հետ երբեմն զրուցում եմ պարտեզի ցանկապատի մյուս կողմից։ Նրանք երկուսն էլ ժամանակ առ ժամանակ այցելության են գալիս ինձ։
Արդեն երեք ամիս է անցել Յասուկոյի այցից։ Այնուամենայնիվ՝ առաջին Յասուկոյի մասին հիշատակումս շատ հիշողություններ արթնացրեց, և այդ պահից սկսած նկատում էի, որ անընդհատ անցյալի մասին էի խորհում։ Հատկապես վերջին շաբաթների ընթացքում նորից ու նորից հիշողությունների գիրկն էի ընկնում։
Ես և Յասուկոն միասին էինք մեծացել Նագասակիի Նակագավա թաղամասում։ Ինչպես արդեն նշեցի, նա հանգիստ աղջիկ էր, որը նախընտրում էր տանը ժամանակ անցկացնել։ Անկասկած պատերազմի տարիները ծանր ժամանակներ էին նրա համար։ Չէր կարողանում վարժվել գործարանային կյանքին, իսկ նրանից ավելի խստապահանջ աղջիկները ծաղրում էին նրան։ Այնուհետև՝ պատերազմի առաջին օրերին, մահացավ նրա եղբայրը, ողբերգությունը սաստկացնում էր նաև այն պատճառով, որ դրանից ընդամենը երեք տարի առաջ քաղցկեղից մահացել էր նրա մայրը: Բայց նրա տանջանքները շարունակվելու էին, դեմքը դեպի Խաղաղ օվկիանոսը հառած՝ ամեն օր նամակներ էր սպասում, որոնք այդպես էլ չէին գալիս։ Պատերազմի տարիներին հոր հետ ապրում էր մեր հարևանությամբ գնտվող տանը, որի կողքով անցնող լեռնային ոլոր-մոլոր արահետը տանում էր դեպի քնած հրաբուխներ, որոնք վեր էին խոյանում քաղաքի վրա։ Հիշում եմ, թե որքան ինքնամփոփ և տխուր էր, երբ շաբաթներ շարունակ ոչ մի լուր չէր ստանում։ Երբեմն բողոքում էր, որ նամակները ճանապարհին կորում էին կամ ուշանում, իսկ ես կարեկցում էի նրան՝ առանց ուրիշ հնարավոր տարբերակներ հիշատակելու։
Դեռ մանկուց սիրում էի նրա հորը, որի աչքերում լիքը քնքշություն կար, իսկ վարվելաձևը նույնքան բարի էր, որքան իր դստերը։ Կինոշիտո Սանի ներկայության մեջ ինչ-որ հանգստավետ և հուսադրող բան կար, և ես միշտ ուրախ էի վայելելու նրա ընկերակցությունը։
Իհարկե, այդ ամենն արդեն անցյալում է, և հնարավոր է ես շատ բան չեմ հիշում։ Բայց մի քանի բան շատ լավ եմ հիշում։ Չեմ կարող հստակ հիշել, թե երբ են դրանք տեղի ունեցել՝ բացի նրանից, որ այդ ամենը կատարվել էր պատերազմի վերջին տարիներին՝ այդ խիստ երաշտային ամռանը։ Օրինակ՝ պարզ հիշում եմ Յասուկոյի հոր հետ խոսակցությունը աշխատանքի գնալու ճանապարհին։
Նագասակիից մի փոքրիկ կամուրջ տանում էր դեպի այնտեղ, ուր ես և նա և էլի մի քանի մարդ ամեն առավոտ տրամվայ էինք սպասում, որը մեզ պետք է քաղաք հասցներ։ Մինչև պատերազմը Կինոշիտո Սանը պետական աշխատող էր, բայց այդ տարիներին նույնպես գործարանում էր աշխատում, որն իմ գործարանից մի փոքր էր հեռու գտնվում։ Ամեն առավոտ ինձնից շուտ էր հայտնվում կամրջի վրա՝ թևքի տակ սեղմելով պորտֆելը, որը դեռ գրասենյակում աշխատելու տարիներից էր մնացել։ Այդ ժամանակ արդեն սաստիկ նիհարել էր և տարիքի հետ նրա մեջքը սկսել էր մի քիչ կորանալ։ Հենց այդ առավոտներից մեկի ժամանակ սովորականի պես ողջունեց ինձ և ժպտաց, այնուհետև ասաց, որ Յասուկոն վերջապես նամակ էր ստացել Նակամուրա Սանից։
-Ասում է, որ լավ է, թեև դրսում ահավոր շոգ է, իսկ միջատներն ամբողջովին կծոտել են նրան, նաև ասում է, որ պատերազմը տանուլ ենք տվել։
– Օ՜, իսկ Դուք ի՞նչ կասեք, Կինոշի՛տո Սան, պատերազմն իսկապե՞ս տանուլ ենք տվել։
Նա մի փոքր թափահարեց գլուխը։
-Միակ բանը, որ այժմ կարող ենք անել հուսալն է, որ տղամարդիկ բարեհաջող տուն կվերադառնան։ Իսկ ռազմական գործողություններն այնքան երկար չեն տևի, որ ամեն ինչ կորցնենք։
– Յասուկո Սանն ուրախացել է, որ վերջապես նամակ է ստացել։
– Օ՜, այո՜, բայց այն յոթ շաբաթ առաջ է գրված, և նա շարունակում է անհանգստանալ։
– Դու նման հոգսեր չունես, չէ՞, Մի՛չիկո Սան։ Թե՞ կա մեկը, ում թաքուն սպասում ես։
-Ո՜չ,- ասացի ես ծիծաղելով,- բայց Նակամուրա Սանի համար եմ անհանգստանում։
-Ա՜խ, հա՜։ Քեզ միշտ էլ դուր է եկել Նակամուրա Սանը։
-Այո՛, հավանում եմ նրան, բայց ավելի շատ Յասուկո Սանի համար եմ անհանգստանում։
Նա թեթև կռացավ․
-Լավ է, որ անհանգստանում ես նրա համար։
Նա խորը շունչ քաշեց՝ կլանելով առավոտյան թարմ օդը։ Ամռանը երկինքը միշտ բաց կապույտ էր, դեռ լիովին չէր լուսացել։ Իսկ տրամվայի երթուղու վրա միշտ ագռավներ էին նստած։ Մոտեցող տրամվայի ահագնացող ցնցումներին զուգընթաց դրանք անհետանում էին։
-Ես նույնպես անհանգստանում եմ Յասուկոյի համար,- շարունակեց նա։ Հետո հետաքրքված հայացքով դեպի ինձ շրջվեց․- Երկուսս էլ պետք է անշահախնդիր կերպով անհանգստանանք, չէ՞, Մի՛չիկո Սան։
Հավանաբար այդ ժամանակ մի փոքր կարմրեցի․
– Այնքան էլ վստահ չեմ, որ հասկացա, թե ինչ նկատի ունեք, Կինոշի՛տո Սան։
Նա շարունակեց հետաքրքրությամբ զննել ինձ, այնուհետև բարձրացրեց հայացքն ու ասաց․
-Ահա և մեր տրամվայը։
Մինչև մեր կամրջին հասնելը տրամվայը լեփ-լեցուն էր լինում, և մենք մշտապես կանգնած էինք երթևեկում։
-Կինոշի՛տո Սան, – ասացի ես, երբ տրամվայը կրկին շարժվեց, – կարծում էի, թե Դուք գոհ էիք նրանց ամուսնությունից։ Ժամանակին մեծ ջանքեր եք գործադրել, որպեսզի նրանք միասին լինեն։
-Իրավացի ես,- ծիծաղեց նա։- Նակամուրայի ընտանիքին հարկավոր էր ուշքի գալ։ Բայց Դուք, Մի՛չիկո Սան, այնքան էլ գոհ չեք իմ ջանքերից։
– Գրո՛ղը տանի, ի՞նչ նկատի ունեք, Կինոշի՛տո Սան։
Նա նորից ժպտաց։
– Հավանաբար միմյանց գաղտնիքներով կիսվելու ժամանակն է եկել։ Իհարկե, Դուք ուզում էիք, որպեսզի Նակամուրա Սանն ու Յասուկոն միասին լինեին։ Բայց ձեր ինչ-որ մասն ուզում էր, որպեսզի նրանք բաժան մնային, այնպես չէ՞։
Չեմ կարողանում հիշել արդյոք կարողացա՞ ժխտման բառեր գտնել, թե՞ ոչ։ Հիշում եմ, որ մի քանի անհարմար վայրկյան նայում էի դիմացովս լողալով անցնող շենքերին։ Բայց հետո լսեցի, թե ինչպես ասաց․
-Ես էլ էի այդպես ուզում, – նա տեսավ իմ զարմանքն ու սկսեց ծիծաղել։
-Ինձ սխալ մի՛ հասկացեք։ Ես շատ եմ սիրում Նակամուրային, – նորից սկսեց ծիծաղել՝ այս անգամ մի փոքր անհարմար զգալով։
-Բայց նա լքելու է Ձեզ,- կամացուկ ասացի ես։
Նա ևս մեկ անգամ ժպտաց և մի փոքր կռացավ․
-Ծերուկները չպետք է եսասեր լինեն։ Աղոթում եմ, որ նա ողջ և առողջ վերադառնա։
-Ես նույնպես։
-Դուք լավ աղջիկ եք, Մի՛չիկո Սան։ Երջանիկ կյանքի եք արժանի։ Մի՞թե չկա մեկը, ում Դուք գաղտնի սպասում եք։
Այս անգամ հաջողվեց ամեն ինչ ժխտել։ Շատ չանցած մոտեցանք նրա կանգառին։ Նա կռացավ և ավելի ուժեղ սեղմեց պորտֆելը թևատակին։ Եվ ինչպես միշտ, այդ ամառային առավոտ հետևում էի, թե ինչպես էր նրա փոքրիկ, կռացած մարմինն անհետանում առավոտվա իրարանցման մեջ։
Մի անգամ՝ երեկոյան (հնարավոր է հենց այդ նույն օրը երեկոյան) պահեստում մնացի՝ պարկերը դասավորելու։ Նկուղում էի, երբ տարօրինակ դղրդյուն լսեցի՝ նման կարկուտի՝ տանիքներին թափվելու ձայնին։ Տարօրինակ թվաց ինձ, բայց շարունակեցի աշխատել։ Ավելի շփոթվեցի, երբ վերև բարձրացա և տեսա, որ արևամուտը ծոր է տալիս շենքի հեռավոր անկյունի պատուհանների միջից։ Ուրեմն կարկուտ չէր։
Տրամվայով տուն վերադառնալիս երկու տղամարդկանց խոսակցություն լսեցի։ Մի ինքնաթիռ օդային հարձակում էր իրականացրել և քաղաքի արևելյան հատվածում մեկ ռումբ էր գցել։ Ըստ երևույթին, տուժածներ չկային։ «Տարօրինակ առաքելություն է,- ասում էր ինձ բոլորից մոտ կանգնած տղամարդը,- ի՞նչ էին մտածում ամերիկացիները, երբ ինքնաթիռ էին ուղարկում այստեղ՝ մեկ ռումբ գցելու»։ Այնուամենայնիվ՝ գուցե պատերազմը տանուլ չէինք տվել։ Երբ տղամարդը իջավ տրամվայից, նկատեցի, որ նրա վերնաշապիկի մի թևքը քամուց անիմաստ ծածանվում էր։ Սարսուռ էր անցնում մարմնովս, երբ նստած նայում էի քաղաքի դիմացովս անցնող լույսերին։
Ես և Յասուկոն խոսեցինք այդ մասին։ Պատմեցի, որ օդային հարձակումը կարկուտի տեղ էի ընդունել։ Այն երեկոներից մեկն էր, որոնք անցկացնում էինք՝ Շինգոկոյի այգիներով զբոսնելով։ Յասուկոն ավելի մոտ էր եղել այն վայրին, որտեղ ռումբն ընկել էր, բայց կարկուտ հիշեցնող ոչ մի կտկտոց անգամ չէր լսել։
-Կարծես թե տուժածներ չկան, – ասացի ես նրան։
-Իսկ ես ուրիշ բան եմ լսել, Մի՛չիկո Չան։ Մի տղա է մահացել։ Տղա, որ հազիվ չորս տարեկան լիներ։
-Մեկ ռումբ և մեկ զոհ՝ փոքրիկ տղա, – ասացի ես՝ փորձելով, որպեսզի ասածս հաստատուն հնչեր։
-Ուրիշ ոչ ոք չի տուժել,- շարունակեց նա, – և գրեթե ոչ մի բան չի վնասվել։ Բայց փոքրիկ տղայի գլուխն ամբողջությամբ ցրիվ է եղել։ Ասում են, որ մայրը, նրա մարմինը ձեռքին, վազում էր փողոցներով և գոռալով բժիշկ էր փնտրում։
Թեթևակի ժպտացի․
-Պատկերացնում եմ, թե ինչպես էր վազվզում և բժիշկ փնտրում։
Յասուկոն ժպտաց, բայց նրա հայացքը տխուր ու դատարկ էր։
-Այո՛։ Նա մտածում էր, որ պետք էր արագ բժիշկ գտնել, այլապես որդին կմահանար։
Երեկոյան այդ ժամերին այգիներն ամենագեղեցիկն էին։ Այդ ժամերին շատ ավելի զով էր, իսկ երկինքն արևմուտքում՝ շատ կարմիր։ Խավարի մեջ ամենուրեք թռչում էին ամառային միջատները։
-Գիտե՞ս, – ասաց Յասուկոն, – կյանքումս ընդամենը երկու անգամ եմ լքել Նագասակին՝ այն էլ հորաքույր Ֆուկուոկային այցելելու համար։ Ապա մի պահ մտածի՛ր, ամենուրեք պատերազմ է, իսկ ես հազիվ մի քանի անգամ եմ դուրս եկել Նագասակիից։
-Կուզեի՞ր զինվոր լինեիր, Յասո՛ւկո Չան։
Յասուկոն ծիծաղեց։ Նրա ծիծաղը միշտ ամոթխածությամբ և ներողամտությամբ լի էր։
-Գիտեմ, որ սխալ եմ, բայց չեմ կարող ասել, որ կուզեի։ Գործարանում մի աղջիկ կա, որը միշտ ասում է, որ կցանկանար տղամարդ ծնվել, որպեսզի կարողանար փողոց դուրս գալ և կռվել։ Բայց ես չեմ հասկանում այնպիսի բաները, ինչպիսին պատերազմն ու կռիվն են։ Դրանք հեռավոր մի վայրում են՝ ուրիշ աշխարհում։ Երբեմն մոռանում եմ, թե որտեղ է Նակամուրա Սանը, սկսում եմ ցանկանալ, որ արագ վերջացնի այն, ինչ անում է այնտեղ, և շուտ վերադառնա։ Գիտեմ, որ սխալ է, բայց երբեմն մոռանում եմ, որ այնտեղ՝ դրսում, պատերազմ է։
-Չնայած նրան, որ ռումբերը շարունակում են ընկնել, իսկ սնունդը գնալով պակասում է։
-Երբեմն նույնիսկ ռումբերի մասին եմ մտորում։ Թվում է, թե դրանք ինչ-որ տարօրինակ տեղից են ընկնում, մի տեղից, որտեղ պատերազմ է։ Բայց դու իրավացի ես։ Ռումբերը շարունակում են ընկնել, և փոքրիկ տղաներ են մահանում։ Նշանակում է՝ պատերազմը շարունակվում է։
Երեկոները վայելում էինք այդ զբոսանքները։ Երկար աշխատանքային օրվանից հետո թեթևություն էինք ապրում՝ վայելելով միմյանց ներկայությունը։ Երբեմն, երբ շատ հոգնած չէի լինում, քայլում էի մինչև Յասուկոյի տուն։ Այդպիսի երեկոներից մեկի ժամանակ սովորականից երկար մնացինք այգում, և արդեն լրիվ մութ էր, երբ հասանք Յասուկոյի տուն։ Հիշում եմ, որ դեռ կոշիկներս էի հանում, երբ տան խորքից լսեցի Յասուկոյի բացականչությունը․
-Ինչո՞ւ, հայրի՜կ, ի՞նչ էիք անում։
Երբ սենյակ մտա, տեսա, որ սեղանը դուրս էր հանել և բարձեր էր շարել։ Այնտեղ նստած էր Կինոշիտո Սանը՝ լայն կիմոնո հագին, և անհանգիստ շուռ ու մուռ էր տալիս թեյնիկը։
-Օ՜, հայրի՜կ, Դուք ընթրիք եք պատրաստել մեզ համար, – ասում էր Յասուկոն։
-Մտածեցի, որ հոգնած կլինես, երբ վերադառնաս տուն։ Նե՛րս մտեք և նստե՛ք, Մի՛չիկո Սան։ Ի՜նչ շոգ էր այսօր։
Կռացա և նստեցի՝ զսպելով ժպիտս, երբ տեսա պատրաստված բրնձի քանակը։ Այնքան շատ էր, որ նվազագույնը վեց հոգի կարող էին հանգիստ կշտանալ։
-Օշիմայից եմ գնել այս ձուկը, երբ երեկոյան նրա խանութի մոտով էի անցնում։ Արևին էր դուրս եկել՝ տաքանալու, և մենք զրույցի բռնվեցինք։
-Հայրի՛կ, իսկապես, ի՞նչ է Ձեզ հետ կատարվում,- ծիծաղեց Յասուկոն՝ ձեռքով փակելով բերանը։
Լվացվեցինք և անցանք ընթրիքին, որը մեզ համար պատրաստել էր Կինոշիտո Սանը։ Ընդամենը երկու կամ երեք կտոր էի դրել բերանս, երբ նկատեցի, որ Յասուկոն ուշադիր ինձ էր նայում։ Հետո նկատեցի, որ նրա հայրը կասկածամիտ հայացքով մե՛րթ իմ դեմքին էր նայում, մե՛րթ դստեր։ Յասուկոն սկսեց բարձրաձայն ծիծաղել՝ ձեռքով նորից փակելով բերանը։ Ձուկն այնքան աղի էր, որ անհնար էր ուտել։ Չնայած անքաղաքավարի չթվալու ցանկությանս՝ ես նույնպես սկսեցի ծիծաղել։ Կինոշիտո Սանը հետևում էր մեզ, հետո մի կողմ դրեց փայտիկները։
-Հա՜, վաղուց ձուկ չէի պատրաստել,- ասաց նա, և մենք երկուսս ավելի ազատ սկսեցինք ծիծաղել։ Յասուկոն ոտքի կանգնեց և ասաց, որ եթե մի քանի րոպե սպասեինք, արագ ինչ-որ բան կպատրաստեր։ Դուրս եկավ սենյակից՝ քթի տակ շարունակելով ծիծաղել։
-Ի՜նչ սիրալիր եք, որ մտածել եք մեր մասին, Կինոշի՛տո Սան, – ասացի ես՝ ժպտալով նրան։ Մի փոքր կռացավ և թարմացրեց թեյս։
– Նույնիսկ մի քանի կումը բավական է, որպեսզի հագեցնես ուժեղ ծարավդ, – ասաց նա։ – Վաղուց ձուկ չէի պատրաստել։
Այդ գիշեր շոգ էր, և նա վեր կացավ ու բացեց մեծ պատուհանները, որոնք դեպի պարտեզն էին նայում։ Կանգնած մնաց այնտեղ՝ մեջքով դեպի ինձ և ձեռքերը կիմոնոյի թևքերի մեջ մտցրած։ Վերջիվերջո ես նույնպես ոտքի կանգնեցի՝ նրան միանալու համար։ Կինոշիտո Սանը դեպի մթությունն էր նայում՝ սեփական մտքերի մեջ խորասուզված։ Պարտեզի մյուս ծայրից՝ ծառերի միջից լսվում էր միջատների սովորական գիշերային աղմուկը։
-Ինչի՞ մասին եք մտածում, Կինոշի՛տո Սան։
-Մտածում էի, թե ինչ բան է ձեր՝ կանանց կողմից նվաստացված լինելը։ Դուք երես եք տալիս մեզ, հետո անօգնական եք թողնում, որպեսզի ինքներս մեզ կերակրենք։ Երբ Յասուկոն ամուսնանա, ստիպված եմ լինելու Յանագիի մոտ ճաշել։ Նրա ուտելիքը սարսափելի է։
-Օ՜, Կինոշի՛տո Սան, հիասթափեցնում եք ինձ։ Մեր մասին ամենևին մի՛ մտածեք։ Դուք ուղղակի փորձարկում էիք Ձեր խոհարարական հմտությունները։
Նա շրջվեց դեպի ինձ և գլուխ տվեց, ժպտալիս կնճիռներ հայտնվեցին նրա աչքերի շուրջ։
-Ինչպես մնացյալ ամբողջ աշխարհը, ես պատրաստվում եմ պատերազմի ավարտին։
Ես սկսեցի ծիծաղել, իսկ նրա աչքերի խորքում թաքնված ժպիտը սկսեց լայնանալ։
-Անհամբե՞ր եք սպասում պատերազմի ավարտին, Կինո՛շիտո Սան։
-Ուրիշ ի՞նչ կարող եմ անել այստեղ։
-Բայց այն կարող է Ձեզ միայնություն բերել։
-Բայց նաև երջանկություն։
-Երջանկություն ու միայնություն,- հառաչեցի ես։- Դուք պետք է քիչ աղ ավելացնեիք ձկանը։
-Շնորհակալ եմ, Մի՛չիկո Սան։ Ավելի հաճախ պետք է գաք այստեղ և դասեր տաք ինձ։ Յասուկոն միայն ծիծաղում է ինձ վրա։
Հենց այդ պահին սենյակ վերադարձավ Յասուկոն և հարցրեց, թե այդ ինչ էինք խոսում նրա մասին։
-Ասում էի Միչիկո Սանին, թե ինչ վատ ես վերաբերվում ինձ,- ասաց նրա հայրը, և մենք բոլորս նորից սեղան նստեցինք։
Բավականին հաճախ էի լինում նրանց տանը։ Չեմ կարողանում հիշել բոլոր թեմաները, որոնց շուրջ զրուցում էինք, բայց հիշում եմ, որ միշտ հարմարավետ էր, ու սպասված հյուր էի զգում: Բայց դա այն ժամանակներն էր, երբ քիչ էր մնում, վիճեի Յասուկոյի հետ։ Այդ ամենը երբեք բացահայտ կռվի չէր վերածվում, բայց շաբաթներ շարունակ զգացվում էր դրա ներկայությունը, և մեջբերվում էր ցանկացած խոսքում, որն ասում էինք միմյանց։ Հիմա տարօրինակ է թվում, երբ մտածում եմ, թե որքան տարված էի այն ժամանակ։ Վերջիվերջո այդ ամենն այնքան էլ ինձ նման չէր։ Ամեն ինչ սկսվեց մի երեկո, երբ Յասուկոյի հետ իջանք տրամվայից։ Չեմ հիշում, թե որտեղ էինք։ Հավանաբար բավականին ուշ էր, որովհետև երբ իջնում էինք զառիվայր արահետով, ներքևում միացան քաղաքի լույսերը։ Վերջիվերջո սկսեցինք խոսել պատերազմի և Նակամուրա Սանի մասին։ Հանկարծ Յասուկոն ասաց․
-Երբեմն, Մի՛չիկո, չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Երբեմն նույնիսկ ուզում եմ, որ նա չվերադառնա։
Ապշած էի, բայց ոչինչ չասացի։ Քայլելու ընթացքում Յասուկոն հայացքը չէր բարձրացնում գետնից։ Վերջիվերջո ասաց․
-Վերջերս մի որոշում եմ կայացրել։ Որոշել եմ, որ Նակամուրայի հետ չեմ ամուսնանա մինչև որ, մինչև որ․․․ Հայրիկը չմահանա։
-Ի՞նչ։ Բայց ինչո՞ւ։
-Հայրիկը լսել անգամ չի ուզում մեզ հետ ապրելու մասին։ Ասում է, որ հպարտությունը նրան թույլ չի տա, մեզ համար բեռ դառնալ։
-Բայց այդ դեպքում ստիպված կլինեք տարիներ շարունակ սպասել։ Հավանաբար դեռ ևս քսան տարի։
-Փա՜ռք Աստծո, Հայրիկն առողջ է։ Իսկ Նակամուրա Սանը ստիպված է լինելու սպասել։
-Իսկ ի՞նչ կլինի, եթե նա չուզի սպասել։
-Ուրեմն այդպես պետք է լիներ։ Ես չեմ կարող լքել իմ Հայրիկին,- Յասուկոն անշնորհք կերպով հազաց։- Այդ դեպքում թող ուրիշ մեկի հետ լինի։
-Բայց ինչպե՞ս կարող ես նման հիմար կերպով զոհաբերել քեզ։ Հայրդ միայնակ էլ գլուխ կհանի։
-Մի՞թե չես հասկանում։ Նրա կյանքում ոչինչ չի մնա, եթե ես լքեմ նրան։ Մայրիկն այլևս չկա, Ջիրոն նույնպես, նա միայն ինձ ունի։
-Բայց դա նրա խնդիրն է, Յասո՛ւկո, ոչ թե քոնը։ Քո հայրն իրավունք չունի քեզ իր գոյության միակ իմաստը դարձնելու։ Եթե նա ուրիշ ոչինչ չունի իր կյանքում, դրա միակ մեղավորը նա է։
-Օ՜, բայց նա չափից ավելին է կորցրել։ Իր ընկերներին, իր ընտանիքը, իր կարիերան․․․
-Այդ դեպքում պետք է ուրիշ մի բան գտնի։ Նա չի կարող հույսը դնել նրա վրա, որ դու կզոհաբերես ինքդ քեզ։
Հավանաբար տոնայնությունս չափից ավելի կտրուկ դարձավ։ Յասուկոն լռեց։ Լռության մեջ իջանք մինչև բլրի ստորոտ։ Մի պահ հարցրի, թե ինչի մասին էր մտածում, և նա կամացուկ ասաց․
-Ես չեմ կարող իմ Հայրիկին լքել, Մի՛չիկո Սան։
Հավանաբար այդ երեկո բավականին սառը կերպով հրաժեշտ տվինք միմյանց, որովհետև հիշում եմ, որ մեր հաջորդ մի քանի հանդիպումների ընթացքում մեզ համար միանգամայն օտար զսպվածություն էր զգացվում։ Երկար ժամանակ բացահայտ կերպով չէինք քննարկում նրա ամուսնության հարցը։
Մի առավոտ, երբ սովորականի նման Կինոշիտո Սանի հետ կանգնած էինք կամրջի վրա, նկատեցի, որ նրա աջ ձեռքը բավականին ամուր կերպով վիրակապված էր։ Հարցրի, թե ինչ էր պատահել, և զարմացա՝ տեսնելով, թե ինչպես նա շփոթվեց։ Թեթևակի քմծիծաղ տվեց և ասաց, որ ընդամենը փոքրիկ դժբախտ պատահար էր եղել։ Թեթևակի հետաքրքրություն առաջացավ մոտս, և իմ հետաքրքրությունը մեծացավ, երբ տրամվայ նստելուց հետո նկատեցի, որ ամեն կերպ փորձում էր թաքցնել ինձնից իր ձեռքը։ Խեղդեցի նրան հարցուփորձ անելու ցանկությունս, բայց վերհիշեցի նրա վիրակապված ձեռքի մասին, երբ հաջորդ անգամ հանդիպեցի Յասուկոյին։ Նորից Շինգոկոյի այգիներում էինք և նստեցինք փոքրիկ փայտե նստարանին՝ մայրամուտով հիանալու։ Հոր նման Յասուկոն նույնպես շփոթվեց, երբ բացեցի այդ թեման։ Բայց այս անգամ հստակ վճռել էի պարզել, և Յասուկոն վերջիվերջո ասաց․
-Ես եմ մեղավոր։ Ձեռքը կտրել է ապակե ծաղկամանի բեկորները հավաքելիս, որը ես շպրտել էի գազօջախի վրա։
Ապշած էի։ Չեմ հիշում, թե ինչ ասացի այն ժամանակ։
-Հայրիկը բավականին ուշ տուն վերադարձավ,- շարունակեց Յասուկոն։- Ընթրիք էի պատրաստել, բայց նա ասաց, որ քաղցած չէ և ուզում է քնել,- Յասուկոն նյարդային ծիծաղ արձակեց։
– Փաստորեն դու նրա վրա՞ էիր բարկացել և շպրտել ծաղկամանը,- դեռևս չէի կարողանում հավատալ ասածիս։
-Ուղղակի չկարողացա զսպել ինձ և շպրեցի։ Մի՞թե հիմարություն չէր իմ կողմից։ – Հայացքը հառել էր ներքև՝ իր միահյուսված մատներին, ասես նախատում էին նրան։ – Հին ծաղկաման էր։ Մայրիկը հաճախ էր այն օգտագործում։
Հավանաբար ևս մի քանի շփոթեցնող մեկնաբանություններ էի արել։ Յասուկոն լուռ նստած էր, և ես կարծեցի, թե այլևս ոչ մի բառ չի ասի այդ միջադեպի մասին։ Բայց վերջիվերջո ասաց․
-Այդ ժամանակ մտածում էի այն մասին, թե ինչ էիր ասել ինձ այն գիշեր։ Այդ ժամանակ ինձ թվաց, թե դու իրավացի էիր, և ես բարկացա նրա վրա։ Բարկացա, որովհետև նրա պատճառով եմ այսպիսի իրավիճակում հայտնվել, որովհետև բացի ինձնից՝ ոչ ոք չունի, և որովհետև միակ մեղավորը նա է, որ այսքան անպետք և անօգնական է դարձել, և ես բարկացա և շպրտեցի ծաղկամանը։
Նա նորից ծիծաղեց։
Ոչինչ չպատասխանեցի։ Կարծում եմ, ինչ-որ հարմար բան էի փնտրում, որպեսզի ասեի։ Եվ հենց այդ ժամանակ կատարվեց այդ տարօրինակ բանը, հենց այն պահին, երբ հայացքս ընկերուհուս վրա գցեցի։ Արևն անցավ հորիզոնի հետևը, բայց ես վստահ էի, որ դա կապված չէր այդ մարող լույսի հետ, որի ներքո մենք նստած էինք։ Տեսա, որ Յասուկոն այնպիսի սարսափելի արտահայտությամբ էր նայում ինձ, որ նրա դեմքն ամբողջովին աղավաղվել էր։ Այնպիսի հուսահատությամբ էր նայում, որ աչքերը թրթռում էին լարվածությունից։ Ծնոտը դողում էր, ատամները սկսում էին մերկանալ։ Այդ պահին անհանգստության ճիչ արձակեցի և բռնեցի նրա ուսերից։ Հավանաբար բավականին կոպիտ կերպով թափ տվեցի նրան։
-Ի՞նչ, – ասաց նա։ – Ի՞նչ է պատահել, Մի՛չիկո։
Երբ նորից նայեցի նրան, շվարած հայացքը չհաշված՝ դեմքը կրկին գեղեցիկ ու նուրբ էր, Յասուկոյի դեմքն էր։
-Մի՛չիկո, ինչո՞ւ ես ինձ այդպես նայում։
-Ուղղակի հենց նոր դու այնքան․․․այնքան անառողջ տեսք ունեիր, – սկսեցի ծիծաղել, որովհետև կարծում եմ, որ այդ ժամանակ ես ինքս էի արդեն բոլորովին շփոթվել։ – Մտածեցի, թե նոպայի նման մի բան էր մոտդ։
-Մի՛չիկո, այդքան չար մի՛ եղիր։ Ես գիտեմ, որ գեղեցկուհի չեմ։
Որոշեցի անպատասխան թողնել ասվածն ու նորից սկսեցի ծիծաղել։ Բայց այդ միջադեպը բավականին վշտացրեց ինձ։ Յասուկոն սկսեց իր գործարանի մասին պատմել, բայց ես գրեթե չէի լսում։ Այնուհետև լսեցի, թե ինչպես ասաց․
-Հենց որ պատերազմն ավարտվի, այլևս ստիպված չենք լինի ամբողջ օրն աշխատել գործարանում։ Անհամբեր սպասում եմ այդ օրվան։ Ի՞նչ ես անելու պատերազմից հետո, Մի՛չիկո։ Նորից դասավանդելո՞ւ ես։
-Հուսամ։
-Իսկ նկարելո՞ւ ես։ Չպետք է թողնեիր նկարչությունդ։
-Այո՛,- ժպտալով ասացի ես։- Անհամբեր սպասում եմ օրվան, թե երբ նորից կկարողանամ նկարել։ Իսկ դո՞ւ, Յասո՛ւկո։ Դու ի՞նչ ես անելու։
-Ուզում եմ ընտանիք ունենալ։ Երեխաներ շատ եմ սիրում։
-Այդքա՞նը։
-Դա մեծ բան է, Մի՛չիկո։ Միակ բանն է, որ խնդրում եմ Աստծուց։ Երեխաներ ունենալ, և որպեսզի այդ ռումբերն այլևս չընկնեն և չխլեն փոքրիկ երեխաների կյանքերը։
Լուռ նստած էինք այնտեղ, իսկ մթությունն ավելի ու ավելի էր ահագնանում։
-Փաստորեն չամուսնանալու մասին կարծիքդ փոխել ես, – ասացի ես։
-Չգիտեմ։ Օ՜, չգիտեմ, – հոգնած կերպով ժպտաց նա։ Հետո կրկին նայեց ներքև՝ իր ձեռքերին, և բավականին լարված ձայնով սկսեց խոսել․- Ես գիտեմ, որ դու և Նակամուրա Սանը շատ մտերիմ եք եղել։ Լավ է, որ չես խանդում։
Եվս մի քանի րոպե լուռ նստեցինք։
-Ես ամենալավն եմ ցանկանում քեզ, Յասո՛ւկո,- վերջիվերջո ասացի ես,- բայց ես չեմ նախանձում քեզ։ Ես դեռևս չեմ ուզում ամուսնանալ։ Նորից նկարելու և ուսուցիչ լինելու հնարավորությունն ունենալը միակ բանն է, որ կարևոր է ինձ համար։
-Երբեք ընտանիք չե՞ս ունենալու։
-Միգուցե։ Մի օր։ Բայց կան բաներ, որոնք շատ ավելի կարևոր են ինձ համար։
-Կուզեի, որ պատերազմը շուտ ավարտվեր, – ասաց Յասուկոն։
Կարծես թե մի քանի րոպե ևս զրուցեցինք։ Հնարավոր է, որ ինչ-որ կարևոր բաներ էինք քննարկում․ չեմ հիշում։ Վերջիվերջո ոտքի կանգնեցինք՝ պատրաստ տուն վերադառնալու։ Այդ պահին հիշեցի, թե ինչպիսին էր Յասուկոյի դեմքը, և մարմնովս սարսուռ անցավ։ Նորից հայացք գցեցի նրա վրա, բայց հետքն անգամ չէր մնացել դեմքի այն արտահայտության, որ տեսել էի քիչ առաջ։
-Ի՞նչ է պատահել, Մի՛չիկո,- հարցրեց նա՝ նկատելով հայացքս։ – Այնքան էլ լավ տեսք չունես։
– Հավանաբար հոգնած եմ,- ասացի ես։- Մի քանի գիշեր է, ինչ գրեթե չեմ քնում։
Յասուկոն անհանգստություն հայտնեց իմ առողջության վերաբերյալ, բայց ես ուղղակի սկսեցի ծիծաղել՝ մտածելով, թե որքան հեգնական է այդ ամենը։ Այդ գիշեր չվերադարձա նրանց տուն, և մենք այգում բաժանվեցինք։
Այլևս երբեք չտեսա Յասուկոյին։ Հաջորդ օրը ռումբն ընկավ։ Երկինքը տարօրինակ էր, ամպերը հսկայական էին, ամենուրեք կրակ էր։ Ե՛վ Յասուկոն, և՛ նրա հայրը մահացան։ Ուրիշ մարդիկ էլ մահացան։ Տղամարդը, որ ձուկ էր վաճառում փողոցի անկյունում, կինը, որ մազերս էր կտրում, տղան, որ թերթ էր առաքում։ Ոչ ոքի չէի պատմում, թե ինչ էր կատարվել նախորդ գիշեր Սինգոկոյի այգիներում։ Միայն մի քանի ամիս անց իմացա, որ Նակամուրա Սանը մարտնչելիս զոհվել էր, հնարավոր է ռումբի՝ Նագասակիի վրա ընկնելուց երկու շաբաթ առաջ։
Ռումբը լուրջ վնասվածքներ չէր հասցրել ինձ, և այսօր ռումբից մնացած սպիներ չունեմ։ Դուստրերս առողջ են ծնվել, այլ ոչ թե հաշմանդամ։ Դառնություն չեմ զգում նրանց հանդեպ, ովքեր գցել են այն։ Որովհետև պատերազմ էր, իսկ պատերազմը տարօրինակ բան է։ Այնքան շատ անհնար բան կա, որ անհրաժեշտ է հասկանալ։
Մի տարի անց Յասուկոն՝ դուստրս, այցելության էր եկել ինձ՝ միջուկային զենքի դեմ խնդրագրի ստորագրման հարցով։ Տարբեր փաստեր և թվեր նշեց, բայց ոչ մի հիշատակում չարեց Նագասակիի մասին, ենթադրում եմ՝ մոռացել էր, որ եղել էի այնտեղ։ Տվեցի ստորագրությունս, և նա ինչ-որ տեղ տարավ այն իր հետ։ Թե հետո ինչ եղավ դրա հետ, այդպես էլ չիմացա։ Հավանաբար այն դուրս բերվեց և ընկավ մի աշխարհ, որտեղ նմանատիպ որոշումներ են կայացվում։ Գուցե այն ինչ-որ նշանակություն ունենա․ ո՞վ գիտի։ Այժմ գրեթե ոչ մի ընդհանուր բան չունեմ նման բաների հետ։
Լիովին գոհ եմ միայնակ ապրել անգլիական իմ գեղեցիկ տանը։ Հանգիստ թաղամաս է, հարևաններն էլ հաճելի մարդիկ են։ Հարևան տանը բարձրահասակ, ճերմակահեր մի կին է ապրում, որի ամուսինը բանկի աշխատակից է։ Պատուհանից նայելիս հաճախ եմ տեսնում, թե ինչպես է այս ու այն կողմ գնում իր պարտեզում։ Ծառերից խնձորներ են թափվել, և ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է զննում գետնին ընկած խնձորները և մի քանիսը դնում զամբյուղի մեջ։ Մի անգամ զրուցում էինք ցանկապատի արանքից, և նա գնաց իր տուն ու մի մեծ չինական ծաղկամանով վերադարձավ։ Մի քանի գրվածք կար դրա վրա, որոնք ուզում էր, որ ես կարդայի։ Չնայած որ մի քանի անգամ ասել էի, որ չիներեն չեմ կարդում, թվում էր, թե նա չէր հասկանում և շարունակում էր ցույց տալ հիերոգլիֆները։
Մինչև ամառվա սկիզբը, երբ դուստրս այցելեց ինձ, երկար տարիներ չէի մտածել Յասուկոյի (առաջին Յասուկոյի) մասին։ Բայց դրանից հետո հաճախ է հայտնվում մտքումս։ Նրա մասին հիշողություններս ո՛չ համակված են հայրենաբաղձության մշուշով, ո՛չ էլ ցավ են պատճառում ինձ։ Հակառակը՝ ինչ-որ արտասովոր, տագնապալի թախիծ է համակում ինձ, տարօրինակ և երբեմն տխուր ինչ-որ մի բան, որը դժվարանում եմ սահմանել։ Հաճախ նրա դեմքը ծագում է գլխումս այնպիսին, ինչպիսին այն գիշեր էի տեսել այն, և մտածում եմ, որ հավանաբար դա ոչ միայն ուղղակի ատոմային ռումբի նախազգացումն էր, այլև նրա, թե ինչ էր Յասուկոն տեսել այդ պահին․ մի բան, որ իմ դեմքին էր գրված։ Երբեմն մտորում եմ, թե ինչ կաներ նա, եթե հիմա ողջ լիներ։
Երբեմն նրա հոր մասին եմ մտածում, և ամոթ եմ ապրում, թե ինչպես էի քննադատում նրան այն ժամանակ։ Ինչպես կարելի էր մեղադրել նրան մի իրավիճակի համար, որի մեջ հայտնվել էր ակամայից։ Նման բաները մեր վերահսկողությունից դուրս են, և մեղքը բաշխելն անիմաստ է։
Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ այստեղ՝ գրասեղանիս մոտ նստած ընթերցելիս։ Անգլերենիս համար օգտակար է, և եթե երբևիցե վերադառնամ Ճապոնիա, գուցե անգլերեն դասավանդեմ այնտեղ։ Բայց մոտակա ժամանակներս վերադառնալու պլաններ չունեմ։ Շատ եմ սիրել այս երկիրը՝ չնայած ցրտին և մշտապես մաղող անձրևին։ Բացի այդ՝ այստեղ են իմ աղջիկները։ Ժամանակ առ ժամանակ նորից նկարչությամբ զբաղվելու մասին եմ մտածում։ Եվ իսկապես, այնքան հեռուն եմ գնացել, որ մի քանի վրձին և ներկեր եմ գնել։ Շատ տարիներ են անցել այն պահից, երբ նկարելու սաստիկ ցանկություն եմ ունեցել, բայց վստահ եմ, որ այն դեռ վերադառնալու է։

 Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *