Աբբաս Քիռոսթամի| Ներեցեք և մոռացեք

abbas-kiarostami-1

Ներեցեք և մոռացեք
Մեղքերս,
Բայց ոչ այնպես,
Որ դրանք լրիվ մոռացության մատնեմ…

 

***
Շարունակ անավարտ է մնում
Իմ խոսքը
Ինձ հետ…

 

***
Մի ամբողջ կյանք թողնում եմ ետևում,
Մի ակնթարթում
Լալիս եմ ինքս ինձ վրա…

 

***
Տարիներ է
Հարդի նման
Մոլորված եմ
Եղանակների մեջ…

 

***
Շարունակ ինչ-որ մեկի հետ
Ժամադրված եմ,
Որ չի գալիս…
Նրա անունը չեմ հիշում:

 

***
Լացը հանգիստ չի տալիս,
Երբ
Տեղ չկա արտասվելու համար…

 

***
Ոչ արևելք,
Ոչ արևմուտք,
Ոչ հյուսիս
Ոչ հարավ,
Հենց այստեղ, որ ես եմ կանգնած…

 

***
Գալիս եմ՝ միայնակ,
Խմում եմ՝ միայնակ.
Ծիծաղում եմ՝ միայնակ,
Լալիս եմ՝ միայնակ,
Գնում եմ՝ միայնակ…

***
Եկել եմ քամու հետ միասին՝
Ամռան առաջին օրը,
Քամին ինձ կտանի իր հետ՝
Աշնան վերջին օրը…

 

***
Հիմա որտե՞ղ է,
Ի՞նչ է անում
Նա՝ ում մոռացել եմ…

 

***
Խենթ ուռենի,
Բարձր նոճի,
Թախծոտ մի հարևան,
Աշնան իրիկուն…

 

***
Գերեզմանոցը
Ծայրից-ծայր
Ծածկված է ձյունով…
Հալվել է միայն
Ձյունը երեք գերեզմանաքարի,
Երեքն էլ ջահել…

Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *