Երևանում հոկտեմբերի 25-28-ն անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը՝ «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով։
Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել ԱՊՀ և Բալթյան երկրների լրատվամիջոցների շուրջ 40 ներկայացուցիչներ։ Այդ օրերին արտերկրի լրատվամիջոցները ոչ միայն կլուսաբանեն երևանյան համաժողովները, այլև կմասնակցեն «Արարատի փեշերին» խորագրով լրատվամիջոցների աշնանային դպրոցին։
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների երևանյան համաժողովին մասնակցում են շուրջ 130 պատվիրակներ 22 երկրներից. ԱՊՀ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Վրաստանից և Եվրամիության ինը երկրներից։
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն «Գրքի ցուցահանդեսն իբրև տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման» խորագրով գրքերի շուրջ 30 շնորհանդեսներ, կներկայացվեն գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը համատեղ կներկայացնեն հեղինակներն ու թարգմանիչները:
Ցուցահանդեսում կներկայացվեն նաև 2008 թ.-ից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող տառատեսակների «Գրանշան» միջազգային մրցույթի հաղթողների աշխատանքները:
Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որին կհաջորդեն «Միջազգային թարգմանական նախագծերի ֆինանսավորման համակարգի ստեղծումը», «Թարգմանիչների կայքը որպես գրական վիրտուալ գործակալ և հեղինակային իրավունքի խնդիրները համացանցում», «Գովազդի զարգացման ուղիներն ու թարգմանական գրականության տարածումը ԶԼՄ-ներով» թեմատիկ երկօրյա քննարկումները։
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովի հյուրերին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու նաև հայկական մշակույթին, ազգային երաժշտարվեստի լավագույն նմուշներին ու կատարողական արվեստին։