Շատ ավելի հեշտ է խոսել նոր երևույթների կարևորության մասին, քան ինչ որ նոր բան ասել առանց այդ էլ հասկանալիորեն արժեքավոր մի բանի մասին:
Հենց այդ պատճառով գրադարանների և գրքերի արժեքի մասին խոսելը բարդ է: Ի՞նչ կարելի է այդ մասին ասել: Որ հասարակությանը պե՞տք է մատչելի լինեն լավ գրքերը: Որ հատկապես մեզ նման երկրների համար մրցունակության միակ երաշխիքը գիտելիքն ու տեղեկացվածությո՞ւնն է: Ո՞վ կարող է վիճել դրա հետ:
Ինչո՞ւ պետք է գիտելիքը երկրի առաջնահերթությունների ցանկում առաջինը լինի: Բացատրությունը պարզ է: Որովհետև գիտելիք` նշանակում է նորարարություն, ստեղծագործական միտք, ճիշտ գործելու, ճիշտ կողմնորոշվելու կարողություն և ի վերջո նաև` տնտեսական աճ, մրցունակություն, հզորություն: Գիտակից, տեղեկացված և կիրթ քաղաքացիական հասարակությունը ազգային անվտանգության հիմքն է: Ես իհարկե որևէ նոր բան չեմ ասում:
Բայց նաև դժվար է հասկանալ, թե ինչպես կարող ենք մենք բոլորս գիտակցել սա, բայց անկարող լինել որևէ բան անել այս կապակցությամբ:
Հենց այս խնդրի մասին զրուցելու ցանկությամբ, ամառային դադարից հետո մենք հրավիրում ենք Ձեզ մեր հերթական հանրային քննարկմանը: Ի՞նչն է, որ խանգարում է մեզ օգտվել ժամանակակից աշխարհում այդքան մատչելի և այդքան բազմազան տպագիր խոսքի հնարավորություններից, տարածել գաղափարները, գիտելիքը, գրականությունը և առավելագույն օգուտ քաղել դրանից, որպես գրագետ բնակչությամբ, փոքր երկիր:
Մինչ ամառային դադար էր Սիվիլիթասի հանրային քննարկումների ծրագրում, մեր մի քանի այլ ծրագրեր ակտիվորեն շարունակվում էին: Ու քանի որ այս ուրբաթ խոսելու ենք գրքերի մասին, ուրախ եմ տեղեկացնելու, որ “Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ” ծրագրի իրականացումը շարունակվում էր ամռան ընթացքում և հիմա: Հույս ունենք, որ նաև այս ծրագիրը կնպաստի գրադարանները հասարակության համար ավելի գրավիչ դարձնելուն:
Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է քննարկման
Ո՞վ է ընթերցողը, ի՞նչ է նրան մատուցվում, և որքանով է դրանով հետաքրքրված հասարակությունը:
Այս խնդիրների շուրջ կզրուցեն
Գրող, բանաստեղծ
Կարեն Անտաշյանը
«Անտարես» հրատարակչության տնօրեն
Արմեն Մարտիրոսյանը
ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն
կենտրոնի տնօրեն
Ներսես Հայրապետյանը
Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը
Քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ուրբաթ, Անի պլազա հյուրանոցի
Անի սրահում ժամը 12:00-ին
Ձեր մասնակցությունը հաստատեք
500119 հեռախոսահամարով: