Դի Ան | Սեն գետը չի սառչում

Մեր տուրիստական գործակալության հետ աշխատող չինական ռեստորանը, որ զբոսաշրջիկների մեր խմբերի հետ պայմանագրեր է կնքում ընթրիքի համար, կոչվում է «Դրախտ՝ Դրախտից անդին»: Հանրահայտ «Գալերի Լաֆայետ» հանրախանութից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա՝ միայն «Սիչուան» ռեստորանն ունի որոշ հատուկ ուտեստներ, որ Յունանի ֆիրմային ուտեստներ են: Երկուսից երեք օրվա շրջագայությունների ծրագիրը սովորաբար այսպիսին է՝ Աստվածամոր տաճար, Պանթեոն, Լուվր եւ նավարկություն Սեն գետով, ապա հաջորդում են Էյֆելյան աշտարակը, Ելիսեյան դաշտերը եւ Հաղթական կամարը, իսկ հետո Մոնմարտրը եւ նրա Սակրե կյոր (Սուրբ սրտի) բազիլիկ եկեղեցին: Հանգամանքներից է կախված՝ կտեսնեն Մուլեն Ռուժը, թե` ոչ, եւ, իհարկե, վերջին օրը բոլորին տանում ենք գնումներ կատարելու Փարիզի 9-րդ շրջանում: Երբ խումբը տեսնում է «Գալերի Լաֆայետի» ցուցանակը, միշտ հիացական բացականչություններ են լսվում ամբողջ ավտոբուսով մեկ, եւ այդ ձայնը փոքր ալիքներով բարձրանում ու իջնում է, ասես նկատած լինեն վաղուց կորցրած մի բարեկամի:
Սովորաբար երբ խումբն ամբողջովին բեռնավորված վերադարձել է «Դրախտ՝ Դրախտից անդին» գոհ եւ ուրախ, ես կարողանում եմ թեթեւացած շունչ քաշել, քանի որ աշխատանքս գրեթե ավարտված է լինում: Հաջորդ առավոտյան նրանք կուղեւորվեն նախատեսված հաջորդ վայր եւ ո՛ր երկիր էլ ժամանեն հետո, ինձ նման մի ուղեվար կլինի, որը նրանց կուղեկցի ամենուր:
Կառավարիչը լուռ ըմբռնումով նայեց ինձ եւ մատուցողներին պատվիրեց բերել խմբի համար նախատեսված ուտեստները: Մեր խմբի՝ ռեստորան բերած աղմուկ-աղաղակից մատուցողներն ավելի եռանդուն դարձան: Նեղ սեղանների տակ, ճաշարանային աթոռների կողքին, ամենուր, որտեղ կարելի էր ինչ-որ բան տեղադրել, կիտված էին պայուսակներ ու իրեր հնչեղ անուններով` «Գուչչի», «Քրիստիան Դիոր», «Պրադա», «Շանել», «LV» եւ այլն: Անկյունում մի քանի այլ հաճախորդներ կային եւ դրանք կարծես զույգերի երկու խումբ էին, հավանաբար քսանհինգից ոչ ավելի: Նրանք նույնպես եկել էին ուտելու բան պատվիրելու եւ այդքան շատ մարդու հանկարծակի հայտնվելուց կարծես թե սրտնեղած՝ սառն ու արհամարհական հայացքներ էին նետում մեր կողմը: Նրանցից մեկը՝ մի աղջիկ, խոսում էր բարձր ձայնով՝ առանց անհանգստանալու, որ իրեն կարող էին լսել:

Աղի ձայնը, Ոգի Նաիրի, Ստեփանակերտ, 2018

-Այս մարդիկ… դրանք այն կոռումպացված տարրերի՞ց են, որ, ինչպես լսում ենք, կան Չինաստանում:
Ծիծաղելով եւ միաժամանակ փորձելով աղջկան լռեցնել՝ նրա երեք ուղեկիցներն ասացին.
-Պետք չէ այդքան բարձր, օրիորդ Հայ Հեթ: Սրանք օտարերկրացիներ չեն: Ձեր ասածը հասկանում են:
Ես տեսա, որ նրանք չինաստանցի ուսանողներ են: Տեսա նաեւ, որ այդ պահին փոքր-ինչ գինովցած եւ ուրախ են: Թեթեւակի ժպտացի աղջկան, որն այդքան աննրբանկատ էր խոսել: Ապա արագ անցա խմբիս հուզող հարցերին, որն այժմ նստած էր: Երկու սեղան պետք է միացվեին: «Գուչչի» գնումների պայուսակներն ինչ-որ մեկին պետք կգային: Խմբի միակ երեխան հենց նոր շրջել էր թեյի իր գավաթը: Պարոն, որտեղ է զուգարանը… Երբ այս բոլոր հարցերը լուծվեցին, նստեցի: Դեմքիս անտարբեր արտահայտություն տալով՝ ընտրեցի այդ երիտասարդներին ամենամոտ սեղաններից մեկը: Ինձ դուր էին գալիս երիտասարդները, եւ ես սիրում եմ լսել, թե ինչի մասին են նրանք խոսում: Դա իմ սովորությունն է: Նկատի ունեմ այն, որ երբ տուրիստական մի խումբ եմ բերում չինական ռեստորան, իմ սովորությունն է նայել շուրջս եւ տեսնել, թե արդյո՞ք Չինաստանից ուսանողներ չկան, եւ եթե կան, նրանց մոտիկ նստելու մի միջոց գտնում եմ:
Դա նրանից էր, որ այդ երիտասարդների խոսակցությունն ինձ միշտ ստիպում էր մտածել իմ անցած կյանքի մասին: Առաջ ես ճիշտ նրանց նման էի: Ես նույնպես Չինաստանից Փարիզ եկա՝ որպես ուսանող: Հանգստյան օրերին երեկոյան ընկերներիս հետ գնում էի մի բան ուտելու, գարեջուր խմելու եւ մի լավ զրուցելու: Դա իմ մեծագույն երջանկությունն էր հանդարտ եւ ինքնապարփակ կյանքում: Հիմա, սակայն, ուսանողական այդ կյանքը, որ ձանձրացնում էր, զզվեցնում, անգամ հոգնեցնում էր ինձ, դարձել է մի բան, որ կուզեի վերհիշել, ըստ էության, հիշում էի կարոտով: Դա նրանից էր, մտածում էի ես, որ ծերացել եմ:
Դա ճիշտ էր: Մեկ շաբաթ հետո քսանվեցս կլրանար: Ես ծերացել էի: Չինաստանից հեռացել էի, երբ տասնինը տարեկան էի, սովորել էի մի քանի տարի, հետո դարձել տուրիստական ուղեվար: Ասում են, որ Չինաստանից դուրս ապրողները մեկ տարում երեք տարով են ծերանում: Ուրեմն ես, քանի որ յոթ տարի էր անցել, իսկ յոթ անգամ երեք` քսանմեկ էր անում… Դե, արդեն ամեն մարդ կարող էր հաշվելով պարզել իմ «իսկական տարիքը»:
Իմ ետեւում նստած երկու զույգերն, ինչպես երեւում էր, դեռ չէին ծերացել: Այդուհանդերձ, դժվար էր ասել. ոչ ոք իրականում չի իմանա երիտասարդի սրտի տարիքը՝ նրա կենսունակությանը կամ նորաձեւ արտաքինին նայելով: Լսեցի երկու աղջիկների շաղակրատանքը օծանելիքների մասին. Փարիզն իսկապես սրբազան հող է այդ թեմայի համար: Երկու երիտասարդ տղաները խոսում էին մեքենա պահելու դժվարությունների մասին՝ նավթամթերքի գների բարձրացման պայմաններում: Որպես արտասահմանում սովորող ուսանողներ՝ նրանք պետք է որ բավականին ապահովված լինեին: Դժվար չէր նկատել, որ դեռ վհատված չեն չափից դուրս շատ հոգս ու խնդիրների առկայությունից:
Նրանց զրույցը, բնականաբար, իրենց ծանոթ մարդկանց մասին էր: Հենց որ խաշած ձուկը բերեցին, իմ ետեւում նստած տղաներից մեկն ասաց.
-Լսե՞լ եք. չինացի մի աղջիկ իրեն Սենն է նետել:
Երիտասարդ աղջիկը, որն այնքան կոպիտ ու աննրբանկատ էր խոսել, ասաց.
-Օ՜, այո: Դա այն աղջիկը չէ՞ր, որ մատուցողուհի էր աշխատում 18-րդ շրջանի իռլանդական պանդոկում: Ընկերոջս ընկերներից մեկը գիտեր նրա նախկին ընկերոջը: Լսել եմ, որ երբ նրան ջրից հանել են, ստամոքսը փուչիկի պես ուռած է եղել:
Մյուս աղջիկը, որը, ձայնից դատելով, ավելի հավասարակշռված էր թվում, ասաց.
-Արդյոք նրա նախկին ընկերը «Հեւի մեթըլը» չէ՞: «Հեւի մեթըլն» այժմ այնքան հանրահայտ է Բի-Բի-Սի-ով:
Այլեւս չէի կարող լսել եւ շրջվեցի ու հարցրի նրանց.
-Ներեցեք, այն աղջիկը, որի մասին խոսում էիք, որը ջուրն է նետվել… նրա անունը Սու Մեյյա՞ն է:
Չորսն էլ մեկ մարդու պես նայեցին ինձ:
-Ես պարզապես լսեցի, թե ինչ եք խոսում:
Չգիտեի՝ կարիք կա՞ր արդյոք բացատրելու, բայց, այնուամենայնիվ, շարունակեցի բացատրել.
-Ես գիտեի այդ «Հեւի մեթըլին», որի մասին խոսում եք: Նաեւ Սու Մեյյանին էի ճանաչում, դրա համար էլ ինձ վատ զգացի…
-Ճիշտն ասած, աղջկա անունը չգիտեմ,- աննրբանկատ աղջիկն անմեղ հայացքով ինձ նայեց:
Նրա կողքի ուսանող տղան կասկածոտ հայացքով ոտքից գլուխ չափեց ինձ.
-Սու Մեյյան… Կարծես ինչ-որ տեղ լսել եմ այդ անունը, բայց չգիտեմ, թե…
-Չէ, դա հաստատ Սու Մեյյանն էր,- հավելեց մյուս աղջիկը:- Ես էլ էի ճանաչում նրան, բայց վերջին երկու տարիներին այլեւս կապ չունեինք, դրա համար էլ չգիտեմ, թե ինչ է եղել նրա հետ վերջերս:
Երիտասարդ տղա ուսանողը, որ մինչեւ հիմա լուռ էր, ապշած հայացքով նայեց նրան.
-Դուք ապրում էիք նույն փողոցում… Ուզում ես ասել, որ երկու կամ երեք տարվա մեջ մեկ անգա՞մ էլ չես հանդիպել նրան:
Այլեւս չլսեցի, թե ինչ էին նրանք խոսում: Ինձ այլեւս չէր հետաքրքրում: Հիմա համոզված էի՝ Սեն գետի այն աղջիկը պետք է որ իմ ճանաչած Սու Մեյյանը լիներ: Չգիտեմ ինչու, բայց երբ լսեցի նրանց խոսակցությունը Սենա նետված աղջկա մասին, անմիջապես մտածեցի, որ դա հավանաբար Սու Մեյյանն է:
Այդ երեկո, ավելի ուշ, ես խմբի հետ վերադարձա հյուրանոց եւ ասացի, թե առավոտյան ե՛րբ կհանդիպենք կրկին: Հետո ավտոբուսը նրանց Բելգիա էր տանելու, ինչպես ապրանքներն են բարեհաջող տեղ հասցնում: Այս խմբի հետ կապված իմ պարտականությունները հիմնականում ավարտված էին: Հաջորդ խումբը միայն չորեքշաբթի էր ժամանելու Շառլ դը Գոլ օդանավակայան: Ինձ հնգօրյա հանգիստ էր սպասվում: Որոշեցի գնալ խմելու: Եթե նույնիսկ տուն գնայի, օրվա այդ ժամին Լան Ինը տանը չէր լինի:
Լան Ինն իմ ընկերուհին էր: Մենք միասին ապրում էինք յոթ տարի եւ սառը պատերազմի թունդ շրջանում էինք:
Հուլիսը Փարիզում դեռեւս ամառ չէր: Միշտ այնպիսի տպավորություն եմ ունեցել, թե Փարիզը տարվա մեջ վեց ամիս ձմեռ ունի, բայց դժվար էր որեւէ բան ասել մնացած վեց ամսվա մասին: Մի շաբաթ կարող է վաղ գարնան նման լինել, մեկ այլ շաբաթ՝ ուշ աշնան պես, իսկապես աննորմալ մի բան: Երբ առաջին անգամ եկա Փարիզ, այս կլիման ինձ ամենամեծ անախորժությունն էր պատճառում, քանի որ ամբողջ ժամանակ պետք է ունենայի բոլոր չորս եղանակների հագուստները: Այդ օրերին Լան Ինն ու ես մի սենյակ էինք վարձել, որ ընդամենը 15 քառակուսի մետր տարածք էր զբաղեցնում, եւ ստիպված էինք մեր շորերը կախել ամեն մի անկյունում: Մենք հանդիպել էինք Փարիզ եկած մեր առաջին տարում եւ անմիջապես էլ սկսել էինք միասին ապրել: Արտասահմանում սովորող ուսանողների շրջանում սա անսովոր մի բան չէր: Այդ ժամանակ 19 տարեկան էի, ինչպես արդեն ասել եմ կարծեմ: Լան Ինը 18 տարեկան էր: Նրան արտասահման էր ուղարկել ընտանիքը՝ դպրոցում ունեցած ինչ-որ սիրային պատմության պատճառով, որ ավելի խոշոր մի բանի էր վերածվել: Եթե Լան Ինն ու ես հանդիպած լինեինք եւ, ասենք, ինչ-որ առնչություն ունեցած այնտեղ՝ Չինաստանի քաղաքներից մեկում, դա թերեւս հեռուստատեսային անճաշակ դրամայի նման մի բանի կվերածվեր, եւ, ինչպես այդպիսի դրամաներում է լինում, որոշակի վեճեր ու հաշտություններ ունեցած կլինեինք: Բայց փոխարենը՝ ճակատագիրը մեզ երկուսիս նետել էր բեմ, եւ մենք, սխալ կապերով կապված, առանց սցենարի ու դեպքերի մասին գիտելիքների, կարող էինք միայն հանպատրաստից մի ներկայացում խաղալ՝ ըստ մեր ունակությունների: Վերջնական արդյունքն արտառոց լինելու աստիճան անշնորհք մի բան էր, բացառությամբ այն փաստի, որ սա, ըստ էության, մեր պատմությունն էր, մեր կյանքը:
Երբ Լան Ինը Փարիզ էր եկել, իր գործակալությունը նրան հատկացրել էր 18-րդ դարի քարե խարխուլ ու կիսավեր մի հին շենք: Այդտեղ խավար էր, ցուրտ ու խոնավ, իսկ վառարանից աղմուկ էր լսվում, որ կասկածելիորեն հնչում էր մկան ձայնի նման: Դժբախտաբար, նրա սենյակակիցները արտասահմանցի մի քանի ուսանող էին Բանգլադեշից եւ Պակիստանից, որոնք, նրա նման, ֆրանսերեն ընդհանրապես չգիտեին: Պարզ չէ, թե ինչ էր տեղի ունեցել սկզբում, բայց դա ավարտվել էր այն բանով, որ այդ ուսանողները միավորվել էին եւ նրան թույլ չէին տալիս խոհանոցում օգտվել միկրոալիքային վառարանից, իր անունը գրել նախասենյակի փոստարկղի վրա եւ էլի նման բաներ: Մի օր, ինքնագլուխ, առանց ձայն իսկ հանելու, նա կապել էր իր երկու մեծ ճամպրուկները եւ մետրոյի մի քանի կայարան փոխելուց հետո կանգնել իր զարմուհու դռան շեմին: Այդ ժամանակ մենք երեքով՝ ես, նրա զարմուհին եւ զարմուհու ընկերը, որ հայտնի էր Հեւի մեթըլ մականունով, վարձով ապրում էինք մի բնակարանում: Ահա այսպես անհավանականորեն՝ մի ուշ գիշեր Լան Ինն ու ես հանդիպեցինք իրար:
Մի օր զարմուհին եւ Հեւի մեթըլն ամբողջ գիշեր տուն չեկան: Այդ անգամ Լան Ինը քնեց իմ սենյակում: Գիշերվա կեսին, հուզմունքից վառվող դեմքերով եւ արագ բաբախող սրտերով, երկուսս էլ, մեզնից յուրաքանչյուրը, ճաշակեցինք մեր առաջին գիշերը: Ժամը երկուսին մոտ արդեն քննարկում էինք, ինչպես երկարամյա մի զույգ, թե ինչպիսի բնակարան կարող էինք գտնել, եթե զարմուհու բնակարանից տեղափոխվեինք, ուր կարող էինք գնալ, ինչքան վարձ կարող էինք մուծել: Զգում էի, որ վերածվել ենք հին հեքիաթների այն մարդկանց, ովքեր առաջին անգամ ճաշակել են ամուսնական երանության գիշերն ու ծաղկազարդ մոմեր են վառել եւ ապա կամաց եկել են հարգելու միմյանց՝ որպես հյուրերի: Հաջորդ օրը վաղ առավոտյան երկուսս էլ քայլեցինք դեպի Սեն գետի ափը: Քաղաքում ամեն ինչ սովորականի պես էր: Ոչ ոք հետաքրքրությամբ լի հայացքով մեզ չէր նայում: Գուցե նրանց համար այդ քաղաքում ձեռք ձեռքի քայլող, երիտասարդության ծաղկուն հասակում գտնվող դեղնամորթ, սեւաչյա ասիացիների զույգը, ըստ էության, հետաքրքրող ոչինչ չուներ: Բայց ես որոշակիորեն զգացի, որ ինչ-որ բան է մարել իմ տասնիննամյա էության մեջ: Եվ լուռ համաձայնեցի դրան ու սկսեցի ծերանալ:
Յոթ տարի անց Լան Ինն ու ես կարծես թե բաժանվելու հիմնավոր պատճառ չունեինք: Մենք անցել էինք բոլոր փորձությունները, որ աշխարհը դնում է տղամարդու եւ կնոջ առօրյա կյանքում՝ համատեղ կենցաղի օրըստօրե ավելացող տաղտուկը, վառելիքի, բրնձի, յուղի, աղի հարցերի շուրջ առաջացող խոսքակռիվը, վաղանցիկ անհավատարմությունը, որին հետո հաջորդում են առավոտյան հորդաբուխ արցունքները: Ընդհանուր առմամբ, ամեն բան ճաշակել էինք, բացառությամբ խորն ու սրտաբուխ սիրո, որ կրակի պես կիզիչ է եւ սառույցի պես սառցահարող: Այսօրվա Լան Ինն այլեւս այն խեղճ երիտասարդ աղջիկը չէր, որին վախեցնում էին բենգալացիները: Հիմա նա հարդարուն գեղեցիկ վարսեր ուներ, շուրթերին Lancome շրթներկ էր քսում, նրա ամեն մի ժեստն ու շարժումը խոսում էր մի մարդու մասին, որը բավականին փորձառու է: Մաքսից ազատված խանութում, որտեղ նա աշխատում էր, որը պատկանում էր Վենչժոուից եկած մի զույգի, նոր եկած բոլոր երիտասարդ աղջիկները նրան անվանում էին «Ավագ քույր Լան Ին»: Նա հեռախոսազանգերին պատասխանում էր ջերմ, սիրալիր, հանդարտ ձայնով եւ պատասխաններ էր գտնում բոլոր խնդիրների համար՝ մշտական բնակության հետ կապված ներգաղթի ընթացակարգերից մինչեւ ցածր տոկոսադրույք ունեցող բանկերն ու աբորտ անելու համար բժիշկ փնտրելը: Ոմանց աչքերում նա արդեն դարձել էր փարիզուհի:
Միակ բանը, որ նա այլեւս չէր գործածում, ինձ հետ խոսելու այդ ջերմ տոնն էր: Շատ լավ գիտեի, որ նա աստիճանաբար սկսել էր արհամարհանքով նայել ինձ: Ես յոթ տարի Փարիզում էի եւ շատ հաճախ էի փոխել ուսման վայրս՝ երբեք չկարողանալով դասընթացներիցս ետ չմնալ, քանի որ երբեք սովորող չեմ եղել: Ի վերջո, մեծ դժվարությամբ կարողացա բակալավրի աստիճան ձեռք բերել մասնավոր մի հաստատությունում: Դա այնպիսի հաստատություն չէր, որի անունը կցանկանայի նշել, քանի որ այդ դեպքում ծիծաղի ու կատակի տեղիք կտայի: Իմ ծերուկը Չինաստանում տուրիստական գործակալություն էր ղեկավարում, դրա համար էլ ուսումս ավարտելուց հետո իմ գործը շրջագայությունների եվրոպական, հատկապես ֆրանսիական վերջնակետի աշխատանքները համակարգելը դարձավ: Վերջին երկու տարիներին, այդ գործի հետ կապված, եղել էի ավելի քան քսան երկրներում: Եվ, հավանաբար, հետագա շատ տարիներ էլ անցկացնելու էի մեկ հանրահայտ վայրից մյուսը ճամփորդելով՝ բոլորովին առանց ակնկալիքի: Մի խոսքով, հավանաբար, ամբողջ իմ կյանքում այնպիսի մեկն էի լինելու, որն ապրուստը հոգալու համար ապավինելու էր իր ծերուկին: Լան Ինն այդպիսին չէր: Նա կարող էր, բացառապես սեփական ընդունակությունների շնորհիվ, հիացմունք պատճառել բոլոր նրանց, ում հանդիպում էր: Գրեթե յուրաքանչյուր ֆրանսիացի տղամարդ առաջին իսկ հանդիպման ժամանակ գովաբանում էր ֆրանսերենը, որ հնչում էր նրա շուրթերից: Շատ շուտով նա մագիստրոսի կոչում կստանար հայտնի ուսումնական հաստատությունում: Նրա խորհրդատուն, ոչ չինացի մի անձնավորություն, ուզում էր, որ նա ուսումն ավարտելուց հետո մնա եւ ժամանակավորապես աշխատի լաբորատորիայում՝ իրենց օգնելով, եւ ասել էր, որ եթե նա նոր աշխատանք սկսի փնտրել, ինքը նրա համար փայլուն բնութագիր կգրի: Նույնիսկ կոսմետիկայի խանութի ղեկավարը, որտեղ Լան Ինն աշխատում էր գրպանի առօրյա ծախսերի փողի համար, սիրում էր նրան եւ միշտ նրան էր մատնացույց անում դժվարահաճ հաճախորդների մոտ՝ ասելով. «Նա մեր խանութի կառավարիչն է: Եթե որեւէ խնդիր ունեք, դիմեք իրեն: Դա նույնն է, թե ինձ եք դիմել»:
Այդ ամենից հետո նույնիսկ ես զգում էի, որ Լան Ինն ավելի քան հիմնավոր պատճառներ ունի ինձնից հեռանալու համար: Գիտեի՝ բաժանման մասին դեռ չէր խոսում միայն այն պատճառով, որ նրա սրտում դեռեւս ինչ-որ բան կար, եւ դա թույլ չէր տալիս այդպես անել: Գուցե չգիտեր, որ իմ սրտում էլ ինչ-որ բան կա, որը թույլ չի տալիս բաժանվել: Միշտ հիշում էի, թե ինչպես էր այն տարին, երբ ընդամենը տասնութ տարեկան էր, այն կիսամութ սենյակում, վերմակի մեջ փաթաթված, ինձ հետ հաշվում տան վարձի, էլեկտրականության արժեքը: Տասնութ տարեկանում նա արդեն տեսել էր աղքատության եւ զրկանքի մեջ ապրող զույգի հարյուրավոր հոգս ու մտահոգություն: Տասնիննում արդեն հասկանում էր, թե ինչպես են ծանծաղուտում թպրտացող ձկները մեկը մյուսին թրջում՝ փրփուր անելով: Եվ արդեն քսան տարեկանում այլեւս չուներ ոչ մի երազանք: Հիմա նա քսանհինգ տարեկան էր, կենսասեր, ուժեղ, զգայունակ: Եվ անկախ՝ ֆինանսների ու դիրքի առումով: Քանի որ կազմ ու պատրաստ դիմակայեց աշխարհին՝ լինելով փորձառու եւ դիտողունակ: Միայն ես գիտեի, որ նա երբեք չի վայելել երիտասարդությունը, եւ հենց այդ պատճառով էլ իմ սրտում միշտ քնքուշ զգացմունքներ էի տածում նրա հանդեպ:
Մետրոյում նստած մտածում էի այս ամենի մասին: Մի քանի անգամ մտածեցի բջջային հեռախոսս հանելու եւ նրան զանգ տալու մասին, բայց հետո մտածեցի, որ իմաստ չունի: Երբ նորից տեղեկացա, թե որտեղ եմ՝ դեպի հյուսիս տանող 2-րդ գծի վրա, որոշեցի դուրս գալ 18-րդ շրջանում եւ մի տեղ խմել: Այդպես ճիշտ էր. կարող էի գնալ իռլանդական բար, որտեղ աշխատել էր վերջերս կյանքից հեռացած Սու Մեյյանը:
Փարիզում մեր ապրելու երրորդ տարին էր, երբ Լան Ինն ու ես ծանոթացանք Սու Մեյյանի հետ: Մինչ այդ մեր կյանքում շատ փոփոխություններ էին եղել: Երկուսս էլ բավականին լավ աշխատանք էինք գտել՝ քանի դեռ սովորում էինք, այնպես որ՝ բավականաչափ փող ունեինք ուտելու, խմելու եւ հանգստյան օրերին ընկերների հետ զվարճանալու համար: Փարիզը մի քաղաք էր, որ չափազանց լավ էր համապատասխանում հարբած մշուշի մեջ ապրելուն: Հիշում եմ, երբ Լան Ինի զարմուհին նշանվեց օտարերկրացու հետ, եւ Հեւի մեթըլը, որ միայնակ էր մնացել, սկսեց հետաքրքրվել սիրո նոր օբյեկտով. դա Սու Մեյյանն էր: Մենք չորսով, էլի ուրիշ մի քանի հոգու հետ, խրախճանողների մի խումբ ստեղծեցինք, եւ հաճախ զվարճանում էինք մինչեւ լուսաբաց: Եթե կեսգիշերին դեռ սթափ էինք լինում, ապա խմբով խենթի պես վազում էինք փողոցն ի վար՝ որպեսզի մետրոյի վերջին գնացքով տուն հասնեինք: Իսկ եթե արդեն սթափ չէինք, ամբողջ գիշեր խմում էինք ու թափառում: Եվ հետո, երբ տեսնում էինք, որ առավոտյան լույսն աստիճանաբար ճերմակ գույնով է ներկում երկինքը, մեծ զարմանքով պարզում էինք, որ Փարիզի լուսաբացը նման է մեր հայրենի քաղաքի լուսաբացին՝ ճնշող, միայնակ, անփայլ ու անշուք: Այդ ժամանակ էր հենց, այդ օրերին, երբ հաճախ ամբողջ գիշեր մինչեւ լուսաբաց խմում էի ու թափառում, որ վերջապես զգացի՝ ժամանակն ինքնին շատ երկար էր, եւ ավելին՝ Փարիզի այդ ժամանակն էր երկար:
Իռլանդական բարը երկար, նեղ մի նրբանցքում էր: 18-րդ շրջանի շատ վայրեր դեռեւս պահպանում էին հին Փարիզի տեսքը: Հյուգոյի վեպերում պատկերված՝ 1848 թվականի հեղափոխության փողոցի կռիվները պետք է որ այսպիսի նեղ նրբանցքներում տեղի ունեցած լինեին: Ճանապարհներից մի քանիսը սալարկված էին իրար ագուցված շատ փոքր կլոր քարերով: Այդ ճանապարհները պետք է որ պատիժ լինեին բարձր կրունկներով կոշիկ հագած կանանց համար, բայց հիշում եմ, որ Մեյյանը միշտ հագնում էր 7 սմ բարձրությամբ կրունկներ ունեցող կոշիկներ եւ քայլելիս ասես ճախրում էր: Ապշեցուցիչ հմտություն: Այդ տարիներին մեզնից մի քանիսը ետ էին մնում եւ հետեւում, թե ինչպես է նրա նրբագեղ կազմվածքը բոլորիցս առաջ անցնում: Եվ այդ գեղանի տեսքով աղջիկը, առաջ սլանալով, ձուլվում էր հինավուրց ճանապարհներին: Եվ մեկ էլ շրջվում էր ու ասում. «Շտապեք, երեխեք, ես աշխատանքից ուշանում եմ»:
Մեյյանն այնքան էլ գեղեցիկ չէր: Նրան, օրինակ, չէիր համեմատի Լան Ինի հետ: Բայց դեմքին այնպիսի մի բան կար, որ մեկ անգամ տեսնելուց հետո, դժվար էր նրան մոռանալ: Պահ էր լինում, այն օրերին, երբ խմում էինք (երբ որ խմելու բան էր լինում), հաճախ փորձում էի հասկանալ, թե այդ ինչից էր, որ նա մարդկանց վրա այդպիսի տեւական տպավորություն էր թողնում: Երբեք համոզիչ եզրահանգման չէի գալիս, միայն կարողանում էի ինքս ինձնից դժգոհ դա բնորոշել որպես «ոճ»: Հիմա ես թափառում էի այն նախկին վայրերում, ուր քայլում էինք, գնալով այն բարը, ուր առաջ էինք այցելում, բայց Մեյյանն ինքն արդեն անհետացել էր, եւ ես նույնիսկ ստիպված էի նրա մահվան մասին իմանալ բոլորովին օտար մարդկանց շուրթերից: Ես չգիտեի՝ երբ նա այդքան հեշտուհանգիստ իրեն հանձնել էր Սեն գետին, այդ ժամանակ հիշե՞լ էր արդյոք մեզ, մտածե՞լ էր արդյոք մեզ զանգ տալու մասին, չնայած այս երկու տարվա ընթացքում այնքան քիչ էինք իրար տեսել, որ կարելի էր ասել, թե մենք նույն մարդիկ էինք բոլորովին տարբեր ճանապարհների վրա: Բայց եթե հիշում եք, թե ինչ էինք մենք կիսում, երբ բոլորս մի մարդու պես մեզ գցում էինք մետրոյի վերջին գնացքը, եթե հիշում եք դա, ապա, անշուշտ, պետք է որ հրաժեշտ էլ լիներ:
Համոզված էի, սակայն, որ Մեյյանը մակերեսային հույզերին տրվող անձնավորություն չէր: Ավելի ճիշտ, ես միշտ զգում էի, որ մեր խմբում նա ամենախոր զգացմունքներն ունեցող մարդն էր: Բայց հիմա նա մահացած էր: Եվ հեռացել էր մեզնից առանց մի խոսքի:
Ժամը տասին բարը նոր միայն սկսեց լցվել հաճախորդներով, ծխախոտի ծխի մշուշով եւ մռայլ մթնոլորտով: Բայց այս մռայլությունը ստիպում էր, որ մարդ հարմարավետ զգա, որովհետեւ չէր ուղեկցվում մգլահոտերով: Սեղմվելով` ճամփա հարթեցի դեպի բարի առջեւի մասը եւ բարմենին մի փոքրիկ բաժակ շոտլանդական վիսկի պատվիրեցի: Երկմտեցի՝ արդյո՞ք պետք է մի շնչով խմեմ՝ ի պատիվ Մեյյանի, թե՞ պետք է խմեմ դանդաղ, քիչ-քիչ՝ ի հիշատակ նրա: Գիտեի, որ երկուսն էլ անիմաստ են, բայց այլ ձեւ չունեի՝ արտահայտելու հետեւյալ միտքս. «Մեյյան, թեեւ չգիտեմ ինչու, բայց գիտեմ, որ դու մահացած ես: Ես քեզ կկարոտեմ: Չեմ կարող ասել, թե հաճախ կկարոտեմ քեզ, բայց անպայման կկարոտեմ ժամանակ առ ժամանակ: Չգիտեմ, թե ինչ էին զգում մեր խմբի մյուս անդամները, բայց ինչ վերաբերում է ինձ, ապա ես միշտ մտածել եմ, որ դու սովորական աղջիկ չէիր, թեեւ հիմա այլեւս հնարավորություն չունես աշխարհին ցույց տալու, որ դա այդպես է»:
Մի տարի մենք չորսով կիրակի մի առավոտ բանտ գնացինք: Չեմ հիշում, թե` ինչու: Ավելի ճիշտ, դա թանգարան էր, որ նախկինում բանտ էր եղել: Մենք չորսով՝ Մեյյանը, Հեւի մեթըլը, Լան Ինն ու ես, գնացինք հենց այնպես, առանց հատուկ նպատակի: Միայն հետո, երբ մտանք այդ բանտը, իմացանք, որ դա կարելի է աշխարհահռչակ բանտ համարել, որ այդտեղ են բանտարկված եղել Մարի Անտուանետը, ինչպես նաեւ Ռոբեսպիերը կամ գուցե Դանտոնը, չեմ հիշում, ամեն դեպքում՝ այս երկու խիստ հանրահայտ մարդկանցից մեկն էր: Անհոգ շրջում էինք՝ զննելով վանդակներից յուրաքանչյուրը եւ դրանցից յուրաքանչյուրում ցուցադրված մոմե կերպարանքները՝ հնարավորությունը բաց չթողնելով ոչ այնքան նրբանկատ կատակներ անելու այն ամենի առիթով, ինչի շուրջ կարող էինք սրամտել: Ոչինչ չարտահայտող դեմքով՝ Հեւի մեթըլը հարցրեց.
-Կարո՞ղ էին Մարի Անտուանետի ստինքներն իրականում այդքան մեծ լինել, ինչքան այս մոմե կերպարանքինը:
Հետո պատահաբար հասանք ետնաբակին: Դա մի փոքրիկ ներքնաբակ էր՝ չինական ներքնաբակի նման: Գետինն ամբողջովին մամռապատ էր: Անկյունում քարի մեջ փորված մի ջրավազան էր, որի մեջ հին ու ժանգոտած ծորակից անընդհատ ջուր էր կաթում: Զբոսաշրջիկներից մեկն անփութորեն մոտեցավ, բացեց ծորակը եւ լցրեց հանքային ջրի իր շիշը: Մենք չորսս, թեեւ չգիտեինք` ինչու, երբ տեսանք, որ այդ մարդն այդպես մոտեցավ եւ այդպես անփութորեն բացեց ծորակը, լռեցինք: Ապա Լան Ինն անվճռականորեն առաջ մեկնեց ձեռքը՝ զգալու ծորակից կաթող ջրի կաթիլները եւ ասես ձեռքն այրելով՝ զարմացած արտաբերեց.
-Ինչ սառն է: Ուղիղ ոսկորներիդ է հասնում:
Եվ այդ պահին հանկարծ պատկերացրի, որ գուցե Մարի Անտուանետն էլ, երբ տանում էին մահապատժի ենթարկելու, այդ զբոսաշրջիկի նման խմել է այս ծորակի ջրից: Մի քանի ժամ անց, քայլելով դեպի գիլյոտինը եւ պատահաբար ոտքը դնելով դահճի ոտքին, այդ հպարտ, արտասովոր, էքստրավագանտ կինն ամենաբարեկիրթ ձեւով ասել է նրան. «Հայցում եմ Ձեր ներողամտությունը»:
Միայն երբ պատրաստ էինք հեռանալ, հանկարծ նկատեցինք, որ Մեյյանն անհետացել է: Գնացինք փնտրելու: Երբ նորից տեսա Մարի Անտուանետի մոմե կերպարանքը, շատ ցանկացա իմ ծանր, չինացու առոգանությամբ ֆրանսերենով հարցնել նրան՝ Ձերդ Մեծությունը նկատե՞լ է մեր ընկերուհուն: Պարզվեց, որ Մեյյանը մնացել էր այն փոքրիկ ներքնաբակում: Երբ տեսանք նրան, մինչեւ գոտկատեղը խոնարհվելով ձգվել էր, ճերմակ ձեռքը մեկնել էր դեպի այն ծորակը, լիովին հանգիստ, բոլորովին չէր շարժվում, ասես արդեն սառել էր մոմե կերպարանքի մեջ:
Այն ջուրը, որ ոսկորները թափանցող սառնություն ուներ Լան Ինի բերանում, այժմ դանդաղ, կաթիլ առ կաթիլ հավաքվում էր նրա գավաթաձեւ ձեռքի մեջ: Եվ այդ պահին այդ ձեռքն անկասկած սառցե մի քանդակի էր վերածվել:
Լսելով, որ իրեն կանչում են, նա շրջվեց եւ ժպտաց հրեշտակային ժպիտով: Ինչ-որ շատ հզոր մի բան հայտնվեց նրա աչքերում, ապա անցավ: Բոլորս փոքր-ինչ վախեցած էինք այդ պայծառ ժպիտից, որ ոչ մի պատճառ չուներ: Նա ասաց.
-Ես հենց նոր տեսա Մարի Անտուանետին: Դա, իրոք, Մարի Անտուանետն էր:
-Դու խենթ ես,- կշտամբեց նրան Լան Ինը, ապա բոլորս սկսեցինք ծիծաղել ու կատակել:
Մեյյանն ամենեւին չառարկեց եւ միայն գլուխը շփոթված տարուբերեց: Բայց ես զգացի, որ թերեւս Լան Ինի ասածը ճշմարիտ էր: Այդ պահին էր, որ հանկարծ, չգիտեմ ինչու, մտքովս անցավ, թե Մեյյանն այնպիսի անձնավորություն չէ, որ երկար կապրի: Անմիջապես ծաղրանքով ինձնից վանեցի այդ խելացնոր ու սնահավատ միտքը: Բայց դա հաստատ այն դեպքն էր, որ պահի ազդեցությամբ, անորոշ մի ձեւով, ես հասկացա, թե ինչն էր պատճառը, որ ստիպում էր այդքան դժվարությամբ մոռանալ նրան: Նա այնքան երիտասարդ էր, բայց դեմքին ու ճակատին այլաշխարհային, իսկապես լքված ու մենավոր մի ոգի կար, հատկապես երբ ժպտաց այդ շլացուցիչ ժպիտով:
Երբ վիսկիս խմեցի վերջացրի, մեծ գավաթով գարեջուր խնդրեցի: Միայն սառը գարեջուրը կարող էր զգացնել տալ, որ ամառ է: Եվ հենց այդ ժամանակ էլ, երբ ամեն ինչից հոգնած՝ գարեջուրը ձեռքիս դուրս էի ելնում բարից, իմ ետեւից, բազմաժխոր ձայների միջից, հստակ եւ աշխույժ մի ձայն լսեցի չինարեն.
-Չժեն Տաո, իրոք որ դու ես: Վաղուց չեմ տեսել քեզ:
Սու Մեյյանը, ձեռքին գարեջրի գավաթ՝ ճիշտ եւ ճիշտ իմ գավաթի նման, կանգնած էր հենց իմ ետեւում եւ ժպտում էր:
Այդ պահին ինձ կատարյալ ապուշի պես զգացի: Ընդամենը մեկ րոպե առաջ հանդիսավոր կերպով փորձում էի ճշտել, թե որը կլիներ իմ առջեւ դրված վիսկին խմելու ամենապատշաճ ձեւը, որպեսզի արտահայտեի հիշատակի հանդեպ իմ հարգանքը, եւ ահա այս գեղեցիկ մեռած մարդը ժպտադեմ կանգնած է իմ դիմաց: Թվում էր, թե երկինքը վերջնականապես ուժեղ ապտակ է հասցրել ինձ: Ինչպե՞ս կարող էի այդքան հիմար լինել, որ հավատայի ռեստորանում ինչ-որ անծանոթների դատարկ բամբասանքին:
Անշնորհք ժպտացի.
-Ա՜, Մեյյա՜ն, իսկապես դու ես… Երկար ժամանակ չեմ տեսել քեզ:
-Արդեն երկուսուկես տարի է,- ճշտեց Մեյյանը: – Միշտ մտածում եմ, թե այս շաբաթվա վերջին պետք է զանգեմ Չժեն Տաոյին ու Լան Ինին: Բայց երբ շաբաթն ավարտվում է, ինքս ինձ ասում եմ՝ ավելի լավ է սպասեմ մինչեւ մյուս շաբաթ-կիրակի:
Նա թեթեւակի ժպտաց՝ դեմքին այն նույն արտահայտությունը, ինչպես նախկինում:
-Հաստատ այդպես է,- գլխով արեցի: – Մենք էլ՝ նույն կերպ:
-Կարծում եմ,- ասաց նա՝ արագ մի կում անելով գարեջրից,- մենք բոլորս ենք ծույլ դարձել այս անորակ երկրում: Շարունակ մտածում ենք, որ ժամանակը շատ երկար է, որ պետք չէ շտապել որեւէ բան անելիս, կարծես օրը քառասունութ ժամ ունի:
-Ճիշտ է,- դառն ծիծաղեցի ես: – Դու լա՞վ ես:
-Ինչպես միշտ: Անցյալ տարվա վերջին պայմանագիր կնքեցի պատկերասրահի հետ: Եվ ժամանակ առ ժամանակ նրանց համար մի քանի բան եմ նկարում: Այստեղ՝ բարում, աշխատանքս թողել եմ երկու ամիս առաջ: Իսկ դո՞ւ:
Ուշադիր նայեցի նրան: Թվաց՝ մի փոքր փոխվել է: Նրա ջինսը եւ ծոպավոր, սեւ վերնազգեստը փայլուն ուլունքահատիկներով էին պատված: Շուրթերն ու մաշկը նույնպես փայլում էին մարգարտյա պայծառությամբ: Նա երբեք այսպես ցուցադրական չէր հագնվում, բայց չէի կարող ժխտել, որ նրան շատ էր սազում, եւ դա նրա անձին ամբողջովին համապատասխան նպատակասլաց տեսք էր տալիս: Ժպտացի.
-Ես այլեւս ուսանող չեմ: Տուրիստական գործակալության ուղեվար եմ: Ըստ էության աշխատում եմ հորս համար: Այսպիսին է կյանքը: Հակառակվելու ոչինչ չունեմ: Նույնիսկ այն, որ Լան Ինն ինձ ավելի ու ավելի անտանելի է համարում, դա էլ ինձ շատ չի անհանգստացնում: Ես զգում եմ, որ ապրում եմ մեկ այլ աշխարհում:
-Իսկապես հետաքրքիր է: Զարմանալի է, թե ինչպես եք դու եւ Լան Ինը միասին ապրել այդքան տարի, – նա հին ընկերոջ նման սկսեց խոսել՝ ինձ հանգստացնելու համար:- Նայիր Հեւի մեթըլին եւ ինձ: Մենք կարծում էինք, թե երբեք չենք բաժանվի, բայց ի վերջո երկու տարի էլ չձգեցինք: Այնպես որ՝ ձեր՝ յոթ տարի միասին լինելն իրոք անսովոր մի բան է: Լավ կանեիք շտկում մտցնեիք, եթե կարող եք:
-Իսկ քո մասի՞ն ինչ կասես,- արագ փոխեցի թեման:- Այս անցած երկու տարվա մեջ ընկեր ունեցե՞լ ես:
-Ախխխ, այդ ընկեր կոչվածը,- նա խաղացկուն կատակով ձգեց բառերը:- Դե, միշտ մեկը կա, ավել կամ պակաս…
Երկուսս էլ միաժամանակ ուրախ ծիծաղեցինք եւ բարձրացրինք մեր գավաթներն ու իրար զարկեցինք դրանք:
-Կենացդ, Մեյյան,- ասացի ամենայն անկեղծությամբ:- Նշենք մեր վերստին հանդիպումը:
-Ճիշտ է: Նշենք մեր վերստին հանդիպումն այսքան տարիներ հետո:
Նա աչքերն ինձ հառեց, եւ դրանց մեջ մութ-ջրային մի հայացք ծփաց, մի արտահայտություն, որն ամբողջովին փոխանցվում էր ինձ:
Դրանից հետո ամեն բան փոքր-ինչ մշուշոտ դարձավ, թեեւ ըստ էության անխուսափելիորեն, անողոք կերպով զարգացավ սպասելիքների համաձայն: Մենք շարունակեցինք իրար զարկել գավաթները, շարունակեցինք նշել մեր հանդիպումը: Որքան խմում ու բարեհոգի էինք դառնում, այնքան փոխըմբռնման ու փոխհամաձայնության զգացումն ուժեղանում էր: Չեմ հիշում, թե ինչքան խմեցինք այդ օրը: Չեմ հիշում նույնիսկ, թե ով հաշիվը փակեց: Ի վերջո, մշուշոտ գլխով, օրորվելով, իսկապես հարբած, նույնքան հարբած Մեյյանին քարշ տվեցի դեպի մետրո: Հետո, վերջապես, երբ հանկարծ սթափվեցի, արդեն կանգնած էի այն շենքի մուտքի մոտ, որտեղ Մեյյանի բնակարանն էր:
-Միայն այս տարվա հունվարին եմ այստեղ տեղափոխվել:
Մեյյանի ձեռքին հնաոճ մի բանալի էր, եւ նա, ժպտալով, բացեց դուռը:
Ես ավագ դպրոցի աշակերտ չէի: Իհարկե, գիտեի, թե ինչ է լինելու հետո: Հիմա, երբ հասել էինք այս աստիճանին, լավագույնն այն կլիներ, որ թողնեինք՝ ամեն բան իր ընթացքով գնա: Ձեւական հրաժեշտ տալն այդ պահին, ակներեւաբար, խելամիտ քայլ չէր լինի: Մեյյանը մտավ լոգարան: Լսեցի ցնցուղի ձայնը: Որոշ ժամանակ պառկեցի բազմոցին: Սենյակը պտտվում էր շուրջս: Հանկարծ սոսկալի մի զգացում ինձ համակեց: Առանց պահ իսկ մտածելու ինձ գցեցի լոգարան, գրկեցի զուգարանակոնքը եւ փսխեցի: Ականջներիս մեջ հնչում, արձագանք էր տալիս ցնցուղի եւ ջրատաքացուցիչի ձայնը, որն ասես թրջում էր ուղեղս:
Երբ փսխելն ավարտեցի, ջուրը քաշեցի, մաքրեցի զուգարանակոնքը եւ ինձ լավ զգացի: Ծորակը բացելով՝ լվացի դեմքս եւ բերանս ողողեցի: Եվ այդ պահին հիշեցի, որ պետք է ներողություն խնդրեմ ցնցուղ ընդունող աղջկանից: Ուստի, առանց մտածելու, գլուխս բարձրացրի եւ զարմանքով նկատեցի, որ ինչ-որ պահի Մեյյանն արդեն մի կողմ էր քաշել զուգարանակոնքն ու ցնցուղն առանձնացնող վարագույրը:
Նայեցի նրա մարմնին եւ քիչ էր մնում ասեի. «Ինչքա՜ն գեղեցիկ դաջվածք է»: Բայց երբ բառերը շուրթերիս հասան, հասկացա, որ դրանք ամենեւին էլ դաջվածքներ չեն: Նրա ոտքերին, մեջքին եւ գոտկատեղին՝ կապույտ, փայլատակող թեփուկների արծաթե մի նրբամաշկ էր: Դա արտառոց արծաթ էր, որ եւ՛ փայլատակում էր, եւ՛ անշարժ էր: Ավելի մոտիկից զննելիս նկատելի էր, որ նրա ոտքերի մատների արանքում արդեն նույն արծաթավուն գույնի մաշկաթաղանթ էր աճում: Իմ առջեւ կանգնած՝ նա մի հայացքով տեսավ ամեն բան եւ տխուր ինձ նայեց: Թերեւս դա լիներ գաղտագողի հանդիպող տղամարդու եւ կնոջ ամենասովորական մի գիշեր այդ քաղաքում, եթե նա չբացեր իր ամենից նվիրական, թաքուն ու գերանձնական գաղտնիքը:
Միայն հիմա հասկացա, թե որքան է նա վստահում ինձ:
-Չժեն Տաո,- սաստիկ տխուր ասաց նա,- պետք է որ սարսափելի տեսք ունենամ հիմա:
Ես գլուխս տարուբերեցի եւ կամացուկ ասացի.
-Մեյյան, Սեն գետի ջուրը պետք է որ շատ սառը լինի:
-Դու գիտե՞ս ամեն բան,- վախեցած հարցրեց նա՝ աչքերը լայն բացելով:
-Միայն այսօր իմացա:
Ձեռքերս պարզեցի եւ ամուր գրկեցի նրան: Նրա մարմինն իսկապես սառն էր, ասես սառույց լիներ: Սառն էր, ինչպես այն բանտի մամուռը, որտեղ շատ տարիներ առաջ բանտարկված էր Մարի Անտուանետը:
-Չժեն Տաո, դու վախենո՞ւմ ես ինձնից, ես հիմա ուրվական եմ,- հանգիստ հարցրեց նա՝ արցունքները զսպելով:
-Չեմ վախենում,- պատասխանեցի:- Բայց չեմ հասկանում, Մեյյան, թե ինչու ես դա արել:
Նա գլուխը տարուբերեց:
-Չգիտեմ, Չժեն Տաո: Ես այնքա՜ն մենակ էի: Եվ երբ հասկացա, որ նույնիսկ մահը չի կարող ջնջել իմ մենությունը, թեփուկներն արդեն կամաց հայտնվում էին: Երբեմն դուրս էի փախչում եւ շրջում այն վայրերում, ուր գնում էի սովորաբար: Բարեբախտաբար, Սեն գետը չի սառչում, այնպես որ՝ ես երբեք չեմ փակվի՝ սառույցի տակ զմռսվելով: Եվ անկախ նրանից, թե երբ կլինի, եթե ուզեմ, կարող եմ դուրս գալ ու շրջել: Ես իսկապես երջանիկ եմ, որ այսօր քեզ հանդիպեցի:
Անշտապ համբուրեցի նրա թեփուկները, եւ մենք տանջալից գալարվելով փաթաթվեցինք մեկս մյուսիս: Այդ գիշերն ասես մի վերք էր ժամանակի մեջ, որից մարդու բոլոր հույսերն ու զգացմունքները թարմ արյան պես անդադար դուրս էին հորդում իրենց ակունքից:
-Օ՜, Աստված իմ, Չժեն Տաո,- հառաչեց նա՝ ապակե, երազուն հայացքով:- Ես իսկապես նախանձում եմ Լան Ինին:
Ես նրա գլուխը պահեցի ձեռքերիս մեջ եւ խոսեցի լրջորեն.
-Հիշիր, ես տուրիստական խմբերի մարդկանց հաճախ կտանեմ Սենի վրա նավակով զբոսանքի: Եթե ուզում ես տեսնել ինձ, վստահաբար ինձ ազդանշան տալու մի ձեւ գտիր: Հասկանո՞ւմ ես: Դու հաճախ պետք է ինձ ազդանշան տաս, այլապես ես քեզ կկարոտեմ:
-Շատ լավ,- նա գլխով արեց քաղցր ժպիտով:- Սա մեր երկուսի միջեւ գաղտնիք կլինի:

Թարգմանությունն անգլերեն տարբերակից` Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *