ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ / Ես գնում եմ էտյուդի

Լուսանկարը՝ Էդմոն Քեշիշյանի

Լուսանկարը՝ Էդմոն Քեշիշյանի

***

Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Ու խմում եմ ու խմում եմ
Որ չամաչեմ երկնքից
Ծառից
Սարից
Ու քարից

***

Գնում եմ էտյուդի
Բնությունը անառակ կնոջ նման
Գայթակղում է
Խմում եմ
Մերկանում եմ բնության գրկում
Եվ տևականորեն
Դավաճանում եմ կնոջս

***

Գնում եմ էտյուդի
Հողը
Բնությունը
Խելագարի պես ինձ կանչում են
Ծիծաղս գալիս է
Խմում եմ
Չեմ հավատում
Որ ծերացել եմ

***

Գնում եմ էտյուդի
Բայց նախքան նկարելը
Խմում եմ
Խմում եմ բնությունը
Խմում եմ ծիրանի օղին
Ու հետո
Երկինքը քսում եմ կտավիս
Ու հետո
Ծառ ու ծաղիկը քսում եմ կտավիս
Ու հետո
Պառկում եմ հողին
Ու դառնում եմ
Բնանկար

***

Գնում եմ էտյուդի
Երկինքը ամպամած է
Խոտերը անշարժ սպասում են
Ծառերը լուռ են
Եթե անձրև գա
«Այս հեռավոր ցորենի արտում»
Չեմ նկարի
Կգնամ հյուղակը այգեպանի
Կխմենք իմ տարած ծիրանի օղին
Հետո նրա կարմիր գինին
Ու կհիշեմ քեզ
Ու կհիշեմ քո հմայքները
«Այլևս չեմ մտածի մահվան մասին
Քո գեղեցկությունը ինձ փրկել է»
Դանդաղ կործանելու համար

***

Գնում եմ էտյուդի
Խաղողի այգիներում կանայք են
Խանձված դեմքերով առույգ կանայք
Միտքս
Օդապարուկի պես սկսում է ճոճվել
Սկսում է հեռանալ
Դեպի մանկություն
Դեպի Թեհրանի հարթ տանիքները
Ուր Աստվածները
Արևներ էին
Եվ սերը
Արևածաղիկ մեր սրտերում
Չգիտեմ ինչու հիշեցի
Մալևիչի սև քառակուսին
Գուցե նրա համար
Որ ինձ միշտ
Գայթակղել է սև եռանկյունին
Բայց այլևս
Վերծանելու  ժամանակ չկա
Գնում եմ էտյուդի

***

Գնում եմ էտյուդի
Փոշու նման մեղմ անձրևը
Տարածվել է օդում
Խճաքարերը կամաց կամաց թացանում են
Խոտերի վրա ցողի է վերածվում անձրևի փոշին

Բարձրանում եմ բլուրները
Ափիս մեջ
Նուշի ցոգոլներ են

Նստում եմ ժայռաբեկորին
Խմում եմ ծիրանի օղին
Համտեսում եմ նուշի ցոգոլները
Աչքերս դանդաղ փակվում են

Հիշում եմ Լուսիկին
Սև ակնոցով
Անձրևի տակ կանգնած
Ասացի
Անձրև է
Ինչու ես արևի ակնոց դրել
Ժպտաց
Ասաց ամաչում եմ

Անձրևի կաթիլները
Շողշողուն մարգարիտների պես
Սահում էին նրա սև մազերի միջից
Թափվում էին պարանոցին
Մերկ ուսերին
Եվ իմ ծարավ հայացքի ուղեկցությամբ
Գլորվում էին
Երանելի անհայտ դաշտերը
Ասացի
Ուզում եմ անձրևի կաթիլ լինեմ
Քո մազերի մեջ ու ցած գլորվեմ

Եղիր ասաց

Խոսքն ու ծիծաղը լսեցի հեռվից
Երբ հրեղեն ճերմակ ձիու պես
Սլանում էր
Իմ երազների կանաչ դաշտերով

Ես անձրևի կաթիլ էի
Գլորվում էի Լուսիկի պարանոցից ներքև
Հևասպառ վեր էի մագլցում
Թրթռուն ճերմակ բլուրներից
Դեպի վարդաբույր
Պիրկ գագաթները
Հետո իջա
Ոսկեցորեն հովիտները շուշանների
Գլորվեցի ավելի ներքև
Իսկ հետո ինչ-որ մացառուտներում
Մոլորվեցի
Մնացի

Վեր կաց կսառես
Վեր կաց
Ես անձրևի կաթիլ եմ
Ասացի
Գնում եմ էտյուդի

***

Գնում եմ էտյուդի
Անցնում եմ Հռիփսմեի տաճարի կողքով
Անցնում եմ գերեզմանների միջով
Գնում եմ հեռավոր դաշտերը
Ճանապարհին ընկած է դաշտային թռչուն
Տխրում եմ
Թռչունին վերցնում եմ ափիս մեջ
Եվ Համլետի պես
Սկսում եմ փիլիսոփայել
Մահ
Մահ
Մահ
Մահը ճշգրիտ ընթացքն է կյանքի
Պետք է շարունակ
Վեր բարձրանալ սանդուղքներով
Մի տեղ այն կընդհատվի
Եվ մեր իմացությունը
Ոչինչ չի փոխի

***

Առաջին տողը չեմ գրում
Արդեն գիտեք որ
Գնում եմ էտյուդի
Թռչունները ծլվլում են
Մորեխները ցատկոտում են իմ ճանապարհին
Օձերին չեմ տեսնում
Հեռվում արածում են կովերը
Ցորենի դեղնականաչավուն ծովը
Ծփում է
Ագռավներ չկան
Կողքից նայում եմ ինքս ինձ
Խաղողի այգիների
Ու ցոենի արտերի միջև ընկած ճանապարհով
Գնում է նկարիչը
Հեռվում ծիրանի այգիներն են
Եվ միայնակ
Հսկա փշատի ծառը
Ժպտում եմ
Վան Գոգը չեմ
Գոգենը չեմ
Ոչ էլ խեղճ ու կրակ մի նկարիչ

Գնում եմ էտյուդի
Գնում եմ բնության հետ խմելու
Ես իրեն
Ինքը ինձ

***

Գնում եմ էտյուդի
Բնությունը հրճվանքի մեջ է
Ծառերը նազում են
Հազար ձեռքերով կանչում են ինձ
Ու ես կախարդված խաղամոլի պես
Նստում եմ խաղի

Վայրի մեծ կակաչները
Ախ են քաշում
Դեղին մանր ծաղիկները
ինչ- որ բան են փսփսում
Մանուշակների ականջին

Բացում եմ էտյուդնիկս
Ներկապնակի վրա
Բազմագույն թիթեռնիկները
Համբերատար սպասում են

Սպիտակ կտավը
Նորահարսի պես
Իր կուսության տագնապի մեջ է

Հայացքս
Քննախույզ շրջում է աջ ու ձախ
Չեմ նկարում
Խմում եմ ծիրանի օղի
Մեկ
Երկու
Երեք
Հետո համարձակ
Ասես գնում եմ մարտի
Վերցնում եմ վրձիններս

Բնությունը փռթկում է
Ձեռքը բերանին դրած ծիծաղում է
Հետո սկսում է անզուսպ ծիծաղել
Այնքան է ծիծաղում
Որ ի վերջո
Ուշաթափ ընկնում է կտավիս վրա

***

Գնում եմ էտյուդի
Սեփեհրին* Ոչնչության ետևում է
Կարդում է «Վեդա»
Երբեմն էլ
Ուրվագծում է
Ինչ-որ քար
Ինչ-որ հավք
Ինչ-որ ամպ
Ասում է.
«Կյանքը ծես է հաճելի
Կյանքը թևեր ունի` տարածքով մեկ մահվան,
Եվ թռիչք ունի տարողությամբ սիրո»:
«Կյանքը խնձոր է, պետք է կրծել կեղևով»:

Փունեն**
Անգույն խնձորը ձեռքին
Կանգնած է
Ձիերով լի դաշտում
Ինքն իրեն մրմնջում է.
«Իմ հոգին փոքրիկ նավակ է
Քո ծովում մոլոր մնացած
Երանի նորից խենթանամ
Եվ սերը
Հին գավաթից
Ըմպեմ»:

Հեռվում
Ճերմակ մշուշների միջից
Որպես վաշտի վերջին զինվոր
Հոգնած ու ջարդված
Երևում է Ռասուլը***
Դժոխքում էի
Ասաում է
Համերգ էր
Ստիպված էի
Սառցե հյուրանոցի սանդուղքներից
Դաշնամուրը իջեցնել:

Օքթայը****
Գիշերվա թթի ծառի տակ պառկած
Համտեսում է ընկնող աստղերը
Նայեց Ռասուլին
Ծուխ առավ ծխախոտից
Ժպտաց ու ասաց
«Այստեղ քամին է սուրում
Այստեղ անձրև է գալիս
Արևը կախիր պարանոցիդ
Ով դու որ գալիս ես երկինքներից»:

«Ես գալիս եմ տիկնիկներ աշխարհից
Ձայնեց  Ֆորուղը*****
Ֆորուղը
Ձեռքերը ցանել էր հողում
Կանաչած բարձր սաղարթները
Ուղեկցում էին
Չվող հղի ամպերին
Ձայնեց.
«Ես չեմ զղջում
Նայեք
Թե որտեղ եմ հասել
Մինչև տիեզերք
Մինչև անսահմանություն
Մինչև հավիտենություն»:

Անձրևաթաց բլուրներում
Ես նկարում եմ
Թափվող բառերի ծիածանը
Ու խմում եմ ծիրանի օղին

Երկնքում ճախրում են
Բազմաթիվ  տատրակներ
Ու աղավնիներ
Բոլորի կտուցներին
Վահեի******պատգամներն են

Բղավում եմ
Մենք միևնույն ճակատագրի որդիներն ենք
Չմոռանաք Վահեին
Նրա բանաստեղծության կողքին
Հիմա մշտապես թևեր են լինելու

-Վահե ժամը քանիսն է
-Հարցրու արևից
-Անձրև է
-Անձրևոտ օրերին
Բոլոր ժամերը
Սիրո ժամեր են
*Սոհրաբ Սեփեհրի, բանաստեղծ, նկարիչ / 1928- 1980 /
** Փունե Նեդայի. բանաստեղծ, թարգմանիչ / 1974 /
***Ռասուլ Յունան. բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ /
**** Օքթայ Ռաֆաթ, թուրք ավանգարդիստ բանաստեղծ / 1936- 1988 /
*****Ֆորուղ Ֆարրոխզադ. բանաստեղծ / 1935- 1966 /
******Վահե Արմեն, Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ / 1960 /

***

Գնում եմ էտյուդի
Քարերը վարդագույն են
Ծառերը վարդագույն են
Սարը
Երկինքը
Ամպերը վարդագույն են

Կարմիր
Կարմիր
Կարմիր առագաստներով
Միայնակ մի նավակ
Լողում է ցորենի վարդագույն ծովում

Մոտենում եմ կարմիր կակաչին
Առագաստները շիկնում են սիրուց
Ու ինքն իրեն մրմնջում է

Միացիր իմ սև խոռոչին
Լողա ինձ հետ
Իմացության փոթորկուն ծովում
Կյանքը
Տեսնելու հաճույքն  է
Կյանքը
Զգալու հաճույքն  է
Կյանքը
Ապրելու հաճույքն է
Տխրության անձրևի տակ կանգնած

***

Գնում եմ էտյուդի
Պայծառ
Արևոտ օր է
Քիչ հեռվում
«Քառասուն մանկանց»
Փոքրիկ եկեղեցին է
Կողքը
Երփներանգ լաթերով զարդարված
Երազանքների չորացած ծառը
Մենք
Ներքևում ենք
Կանաչ եղեգներով
Կանաչ լճակների մոտ

Կանայք
Բանջար են հավաքում
Տեղ- տեղ
Մի քանի կով են արածում
Ավելի հեռվում
Գյուղական տներն են
Բարդիների անկանոն շարքը
Ցորենի ոսկե ծփանքը
Կենտրոնում
Վարսաթափ
Հսկա ուռենին
Ավելի հեռվում
Երևում են
Արագածի սպիտակ գագաթները

Նկարում եմ
Գորտերը կռռում են
Մերթ ընդ մերթ
Բառաչում են կովերը
Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է

Խմում եմ
Նայում եմ Աստծուն
Նայում է ինձ
Ժպտում եմ
Ժպտում է

-Էս ինչ սիրուն ես արարել
Տեր

-Նայիր ինքդ քեզ
Այդ դու ես սիրուն
Եվ տերը
Դու ես

***

Գնում եմ էտյուդի
Աշուն է
Խշխշան առավոտ

Անտառը բացել է
Իր ոսկե դռները

Ճամփաս պատված է ոսկով
Ծառերը պատված են ոսկով
Գլխիս թափվում է
Ոսկե
Ոսկե
Ոսկե անձրև

Պառկում եմ ոսկիների մեջ
Նայում եմ ամպամած երկնքին
Հետո
Ականջս հպում եմ հողին
Հեռվից քառասմբակ
Արշավում է քամու ավազակախումբը

Քիչ ժամանակ է մնացել
Արագ
Կտավիս վրա
Հավաքում եմ
Իմ բաժին ոսկիները
Եվ քամուն անհայտ
Գաղտնուղիով
Գնում եմ հյուղակը
Բարի կախարդի

Էլ տեղ չունեմ գնալու
Արդեն գիշեր է
Հեքիաթն է կանչում
Պիտի գիշերեմ
Աշնան հորինած
Հեքիաթի գրկում

***

Նկարիչ` Հովնան Կարապետյանին

Գնում եմ էտյուդի
Զվարթնոցի ավերակներում
Նկարակալի մոտ նստած է Հովնանը
Չի նկարում
Սևեռուն նայում է
Քարե  զարդանախշերին

Ձեռքը երկարում
Քարից պոկում է
Կարմիր մի մեծ նուռ
Հոտոտում է
Համտեսում է
Դարերի շունչը

Հետո դիրիժորի պես
Կանգնում է նկարակալի առաջ
Ձեռքը վրձինի հետ վեր է բարձրանում
Ներկերը
Փոխվում են գույնների
Գույնները
Փոխվում են երգչախմբի
Եվ հանկարծ
Տարածվող երգի ալիքներից
Քարե թևատարած արծիվները
Պոկվելով քարերից
Վեր են խոյանում
Ճախրում են օդում
Իրենց ուսերին տանելով
Ավերակները տաճարի

Արծիվները ճախրում են
Դեղնավուն երկնքում
Երգում է գույնների
Երգչախումբը
Քարե զարդանախշերը
Կանաչ ծիլեր են արձակում
Խաղողի ոսկե ողկույզները
Կախվում են
Դպրության դարպասներից
Նռները պայթում են
Եվ հատիկները
Ճառագող արևի ճաճանչների տակ
Անձրևում են
Տիր աստծո մոռացված մեհյանում

Մեկը ձայնում է
«Մահականացուների ժամանակը
Կարճ է և անհայտ»
Մենք բոլորս
Անառակ որդիներ ենք
Միթե մահը
Պիտի ապահովվի մեր վերադարձը

***

Գնում եմ էտյուդի
Ծառերը հեռվից ձեռքով են անում
Սարերը հեռվից ձեռքով են անում
Կապույտ երկինքը ճերմակ ամպերով
Ձեռքով է անում

Դաշտի երկայնքով
Վազում է առուն
Ծարավ կակաչին հասնելու համար
Ինձ նկատելով
Մի պահ կանգնում է
Ասում է արի ձեռքով բարևենք
Ու անակնկալ
Թռջում է դեմքս
Օձիքս
Կուրծքս
Ու քրքջալով փախչում է հեռու

Ծառին ասում եմ
Դեռ նույն գիժն է
Բայց ինչ էլ լինի
Ես ձեզ սիրում եմ
Ոչինչ եթե ես
Քո կանաչ
Կանաչ
Կանաչ մատյանում
Չհիշատակվեմ

Սարին ասում եմ
Գիտեմ որ մի օր
Էլ չեմ գա ձեզ մոտ
Հոգիս ուրիշ տեղ
Լուռ կթևածի
Բայց դու գլուխդ
Միշտ բարձր պահիր
Ոչինչ եթե ես
Քո ամուր կամքում չհամատեղվեմ

Ամպին ասում եմ
Թող լեցուն լինի
Կուրծքդ բարեբեր լույս անձրևներով
Քեզ նորից ու նոր
Բարի վերադարձ
Ոչինչ եթե ինձ
Քո ճամփորդության կապույտ ցուցակում
Դեռ չես գրանցել

Ջրին ասում եմ
Խնդրում եմ ներես
Հրաշք ես
Կյանք ես
Ու հավերժական

Ու թեև  գիտեմ
Ինձ շատ ես սիրում
Բայց նաև գիտեմ
Որ ես տեղ չունեմ քո մաքրության մեջ

Բայց ինձնից հետո
Դեռ մեկը կգա
Մեկը առավել խենթ ու խելագար
Ու ձեզ կսիրի
Իր Աստծո նման

***

Գնում եմ էտյուդի
Ոլորապտույտ ճանապարհով
Իջնում եմ ձորը

Մեջքը ցցուն
Առողջ ցուլի պես
Հին կամուրջը
Կանգնած է գետի մեջտեղում

Գետը
Թիկնապահ ծառերի ուղեկցությամբ
Արքայավայել
Հանդարտ ու խաղաղ
Գնում է դեպի
Իր հեռավոր աթոռանիստը

Դիմացս
Հեռվում
Ժայռերից կառչած ծառերը
Ամուր գրկած
Գյուղական մի քանի տնակ
Կախվել են ձորից
Ու նայում են մշտահոլով հրաշքին

Թռչկոտելով քարափների վրայով
Մոտենում եմ
Գետի մեջ ցցված
Անհնազանդ
Չնկարվող փշատենուն

Կամաց
Կամաց
Զգում եմ Արարչի շունչը
Նշմարում եմ
Սոհրաբի տեսած ոտնահետքը

Ժայռերի մոտ
Մի մեծ թզենու տակ
Նստած է Աստված
Ձայնում է
-Հոգնեցի վերևներից
Երբեմն ուզում եմ Մարդ լինել

Բացում եմ էտյուդնիկս
Ու մտածում եմ
«Ծերուկը ցնդել է
Կամ էլ խոսք է քաշում
Երևի չի պատկերացնում
Մարդ լինելու դաժանությունը»

Ժպտում է
-Ուզում եմ ձեզ նման վայելել

Ներկապնակի վրա
Գույները շուրջպար են բռնել

«Կյանքը միայն վայելք չէ»

-Թեկուզ
Պատասխանում է Աստված

-Լավ
Ասում եմ
Հիմա մի քանի րոպե անշարժ մնա
Ուզում եմ դիմանկարդ հավերժացնել

Նկարում եմ
Նկարում եմ երկինքը
Ժայռերը
Թզենին
Գետի ջրերում լողացող արևին
Խմում եմ ծիրանի օղի ու
Մտածում եմ
«Մարդը երբեմն կարող է աստվածանալ
Բայց դու
Աստված իմ
Դու Դատապարտված ես միշտ Աստված մնալ»

-Լավ
Ասում է Աստված
Ձեզանից պրծում չկա
Ցույց տուր նկարդ

Ասում եմ
-Հաջող չստացվեց

-Ոչինչ
Ասում է Աստված
Կարևորը արարման խորհուրդն է
Եթե ինչ-որ բան թերի է մնացել
Տանը կնայես հայելուն
Ու կավարտես
Դիմանկարս

Դե ես գնացի
-Ուր
Ասում եմ
Ժպտում է
-Գնում եմ էտյուդի

***

Գնում եմ էտյուդի
Կանգնում եմ
Աշխարհի ամենաբարձր
Ջրվեժի կողքին
Նայում եմ գահավիժող ջրերին
Հետո ճախրելու նման
Բացում եմ թևերս
Ու նետվում եմ
Անդունդի խորքը

Ջրվեժները նույնպես
Չունեն
Անկարգելներ

©  Էդուարդ Հախվերդյան

Share Button

1 Կարծիք

  • Tadevos Tonoyan says:

    Հրաշալի անբռնազբոս պարզություն ու… պոեզիա: Էդիկ ջան, միշտ գնա էտյուդի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *