Առյուծ, իմ սրտի սիրեցյալ,
Սքանչելի է գեղեցկությունը քո, քաղցր մեղրի պես:
Դու ինձ գերել ես, թույլ տուր դողահար կանգնեմ քո առաջ,
Առյուծ, ես տենչում եմ, որ դու ինձ տանես ննջասենյակ:
Առյուծ, թույլ տուր փայփայեմ քեզ
Ննջասենյակում` մեղրով լեցուն,
Իմ նուրբ քնքշանքը քաղցր է մեղրից:
Արքա , դու բավարարեցիր քո ցանկությունն ինձ հետ,
Պատմիր իմ մորը, նա քեզ նրբահամ խորտիկներ կմատուցի,
Իսկ հայրն իմ նվերներ կտա քեզ:
Քո սիրտը, ես գիտեմ` ինչպես գոհացնել քո սիրտը,
Առյուծ, մեր տանը քնիր մինչև լուսաբաց:
Շումերական սալիկներց գտնված աշխարհի
հնագույն սիրերգն է, որ համարվում է
աստվածաշնչյան «Երգ երգոցի» նախատիպը
1.
Սա երգ է քո բուրմունքի հիշողության մասին,
էգ առյուծ, իմ սրտի սիրեցյալ:
Դու ժամանակն ես, ես այն ապրել եմ,
որն առավել ուժգին տենչում եմ վերապրել.
և աշխարհի հնագույն սիրերգի միջով,
գնում եմ` կյանքի ակունքում հանդիպեմ քեզ:
Իմ մեջ բանաստեղծություն կա դեռ չգրված,
և բառն եմ ընտրել որպես մատուցվող զոհ,
ու բարեհաճ հնարավորությունից ցնծալով ասում եմ.
արեգակը կենդանակերպի ո՞ր նշանն է մտել,
երկիրը ի՞նչ դիրք ունի մոլորակների շարքում,
երբ ես խոսքով ու մարմնով նորից երկրպագում եմ քեզ,
աստղերի խորհրդով կանխորոշված իմ ընտրյալ:
Ափսեի մեջ լցված մեղրը, որ ուտում եմ, քո մարմինն է,
բաժակի մեջ թրթռացող կաթը, որ խմում եմ, քո հմայքն է,
և խցանը հանած շշից թափվող գինին քո արբեցնող բուրմունքն է.
դու համակել ես ինձ, կանգնիր իմ առաջ դողահար,
որ քեզ իմ ննջարանը տանեմ և սեղմեմ թևերիս ողջ ամրությամբ:
Մի հավաքիր տերևները խոտի վրայից, որ մեր անկողինն է,
ես դեռ չեմ ավարտել իմ սիրո գիշերը.
իմ տունը բաց երկինքն է, որպես բնության ազատ զավակ,
տարածությունն եմ ընտրում առանց ժամանակի,
որ դրախտն է և միայն
քո գեղեցկության չափումների մեջ է տեղավորվում,
ինչը կորցրել էր առաջին մարդը հենց կյանքի սկզբին
և այն կգտնի ամեն մահկանացու
սիրո այս վերապրումը տող առ տող կարդալով:
Իմ հնագույն երկրի սիրահարված արքայի նման
ես հեծնում եմ սևաթույր նժուգը գեղեցիկ
և հանում շիկափոկ պարանը ոսկեօղ,
որպես սրաթև արծիվ, անցնում քաղաքը մի ծայրից մյուսը,
և հենց քո այգում, երբ ճեմում ես առավոտյան սուրճից հետո,
ոսկեօղ պարանը մեջքդ եմ գցում
ու փափուկ կողերդ մի քիչ ցավեցնելով`
քեզ հասցնում եմ բնության ազատ անկյունը,
որ իմ ննջարանն է:
2.
Մտիր իմ տունը, էգ առյուծ,
քո վայրի հմայքով ու ողջ գեղեցկությամբ.
իմ մայրը քեզ նրբահամ ու փափուկ խորտիկներ կմատուցի,
որ վայել են քո քիմքին ու ճաշակիդ են արժանի,
իսկ իմ հայրը թանկարժեք նվերներով քեզ կպատվի`
ոտքից գլուխ զարդարելով ճոխությամբ.
մտիր իմ ննջարանը և քնիր իմ անկողնում մինչև լուսաբաց:
Դու տրվում ես ինձ մրմնիդ ամբողջ նվիրումով
և հոգուդ անթերի մոռացմամբ,
ես գիտեմ ինչպես գոհացնեմ քո մարմինը
և գիտեմ ինչպես հոգուդ վերադարձնեմ հիշողությունը`
քեզ ցնցելով կատարյալ դողի մեջ կրքի:
Ազատ բնությունը, որ իմ ննջարանն է,
վայրի մեղրով է լցված.
խոտին փռված տերևների իմ անկողնում
խշխշա մինչև լուսաբաց ու մայրամուտ,
էգ առյուծ, բնության ազատ տիրուհի:
Քեզ գրկիս մեջ ամփոփել` ձիգ կրծքերդ եմ քամում,
և նռներ են կաթում քո թուխ պտուկներից,
գլորվելով ճզմվում են ողորկ որովայնիդ վրա
որպես գինի հոսում բաց ազդրերդ ի վար
և հարբած է անկողինը,
որտեղ հրաբխած մարմինդ է փոթորկվում:
Շրթունքներիդ վարդահամը ծորում է փոսիկը ծնոտիդ,
և ես իմ շուրթերով պոկոտում եմ համն ու բուրմունքը քո բերանի,
մեր լեզուները ագուցվել են ինչպես սիամական երկվորյակներ,
երկու լորտու օձեր են սիրո պահին իրար փաթաթված.
դողացող լեզուդ եմ համբուրելով քաշում,
որ թփրտա իմ բերանում:
Էգ առյուծ, մարմնիդ գեղեցկությունն է անթերի գրկել ինձ`
մկաններով ներդաշնակ, ինչպես Վերածննդի քանդակներն են.
քամիր սպասումի մարմինս մինչև վերջին կաթիլը,
թույլ տուր շնչարգելությամբ նվաղեմ իգությանդ սեղմումների մեջ
և չսթափվեմ անգամ կրքի կատարյալ ցնցումից հետո:
3.
Առավոտի պես վճիտ է քո մարմինը,
ամանորի լույսերի նման սպիտակ,
և մեր հին երգերի գույնով է բառն ինձ ներշնչում.
բաց է այգու դուռը, ծառը ծաղիկ է.
սերս եկել է, ափի մեջ խնձոր ու նուռ է,
մորեմերկ դողում է իմ առաջ,
փոթորկված ծովի փրփուր է,
ազդրերը բարակ կրքով են պատված,
կոնքերի միջնամասում կրակ ու բոց է.
անկողինս ձմեռնամուտի երկար գիշեր է, պառկիր,
առանց քո մարմնի ցուրտ եմ, մրսում եմ:
Քրտինքիդ բյուրեղները աղվամազիդ վրայով գլորվում
ու կուտակվում են պորտիդ փոսիկի մեջ,
և ես շուրթերով մարմնիդ ցողն եմ հավաքում:
Ողնաշարդ դողացնելով` ծնոտս դանդաղ սահում է ներքև
ու բարակ մեջքդ փափուկ սեղմում,
փոսիկ է իջնում նուրբ պոչուկիդ վրա`
կլոր հետույքդ շարունակելով.
իմ արյունն է շփշփում քո միջնամասում,
որ տրոփում է ինչպես սիրտ:
Լեզվիս փշիկներով ականջիդ բլթակն եմ քերում
և ծանր շնչում շառագունած պարանոցիդ,
շուրթերիս պինդ հետքերն են որովայնդ ծածկում,
որ վառվում են արյունս չխնայող կրակներ.
պորտատակիդ փափուկ ծալքն եմ իջնելով խածում,
և կծկվում ես ինչպես մորդ արգանդում էիր:
Պրկվել են կողերդ և կրքի ծանր հոսքից ուռչել,
անզսպելի ես անկողնում ու չենթարկվող, վայրի էգ,
և ազատ մարմնիդ ամեն մի կեցվածքը
նոր դրսևորում է սիրո բովանդակության մեջ:
Պորտատակիդ բարակ ծալքից
կաթի խաղաղ քնքշանքն է իջնում մարմնիդ գոգավոր մասը
ու խառնվում փափուկ մեղրին,
իմ առնականությունը այդ կաթ ու մեղրով է սնվել`
առողջ է, ուժեղ ու ինքնիշխան:
Կրքի մեջ դողում է երկինքը, կրքով է ծածկվել երկիրը,
կրքից ծովն է դարձել ծիրանագույն
և ջրերի վրա այրվում է եղեգնիկը:
Եղեգների միջից, որպես կրակ ու բոց,
դուրս ես վազում, վայրի աղջիկ,
բոլորովին մերկ ես,
շիկակարմիր մազերդ են միայն ծածկոց մարմնիդ:
Դու կլոր ու ձիգ կրծքեր ունես,
քո ազդրերը ողորկ ու երկար են,
և ամռան արևի պես բաց է պորտատակդ,
որ ինձ մարմնիդ ազատությանը` կատարյալին է հասցնում:
4.
Բնության ներդաշնակ երանգներով կյանքն ես ամբողջական.
ես վայելել եմ քո մարմնի հեշտասուն գարունը,
քո սիրո ամռան տաք ժամանակի մեջ եմ ապրում
և դեռ հագենալու եմ քո կրքի աշնանային հասունությամբ:
Ծիրանի ծաղկած ճյուղ է մեղվի խայթով քո հայացքը,
քո հմայքը խաղողի ողկույզ է աշնան օրվա մեջ,
խնձորենու փափուկ բույնը քո հասակի պես է,
և քայլվածքդ ամառնամուտի միամյա շիվ է`
թավշե դեղձերի շարանով պատված,
կոնքերդ արև շնչող կուրծ սեխեր են,
որ կլորանում են ափերիս մեջ` գիրգ հետույքդ ընդգծելով.
քո էգ մարմինը աշխարհի արարումն է` երկրորդ անգամ:
Քո շուրթերը թավշահամ են քո պարանոցի նման,
կուրծքդ նրբակերտ է ինչպես որովայնիդ փափկությունը
և ասեղնագործ ազդրերդ մարմնիդ հմայքն են ամբողջացնում,
թափանցիկ է բարակ մաշկդ որպես լույսի ստվեր:
Օժտված ես մանրաքանդակ ձեռքերով ու համաչափ ոտքերով
և կատարյալ ես որպես մարմնեղեն էակ.
քո խոսքը արբեցնող է քո մատուցած խմիչքի նման,
ջերմությունդ գլխապտույտ մերձենալուդ պես շռայլ է,
և հիշողությամբ քեզ զգալն է սարդոստայն,
որ քամում է ինձ ինչպես կեսգիշերի կիրք:
Քո հոտի հիշողությունն է ինձ չարչարում,
քեզ փնտրում եմ բնության մեջ, էգ գազան,
և մարմնիդ գեղեցկությունը գտնում,
որ վայրի ազատությունն է:
Հանիր հագուստներդ դանդաղ ու մեկ-մեկ,
մաս-մաս մերկացիր ու հատիկ-հատիկ`
ընդգծելով գեղեցկությունդ բովանդակ,
թույլ տուր հատված առ հատված վայելեմ քեզ,
վայրի քնքշանքով պոկեմ շղարշը ծածուկ տեղերիդ`
մինչև վերջ բացելով օձաձկան պես ողորկ ու ճկուն մարմինդ:
Մարմնիդ իրականությունն ամբողջ տեսքով է բաց.
փափուկ սահում ես ու փորով հպվում խոտի տերևներին,
կուրծքս` թիկունքդ, պորտս բարակ մեջքդ է սեղմել,
կողերդ քամվում են թևերիս պիրկ օղակի մեջ,
և ծոծրակդ է վերուվար սղալում կրծքամազերս:
Աչքերդ այլևս գաղտնիք չեն թաքցնում,
լեզուդ խոսում է մարմնիդ անզուսպ բառերով.
և բառդ բացարձակ է ու հեշտանք է պոռթկում.
այս հանդիպմանը սպասել եմ ինչպես Աստծո վերդարձին:
5.
Պառկել ես մերկ, վայրի գեղեցկություն,
տարերքի պես սպասված ու հանկարծահաս:
Տրոհվում ես թևերիս հորձանքում, էգ առյուծ,
և վայրի եղունգներով մեջքս ակոսում.
դողացնում ու սերմն ես շուռ տալիս մեջքիս մեջ:
Մարմնիս ծանրությունը բարակ մարմինդ է ծածկել,
լանջս սեղմել է արքայախնձորի պես ձիգ ստինքներդ,
որովայնս որովայնիդ, պորտս պորտիդ է հյուսվել
և ազդրերս ագուցվել են ողորկ ազդրերիդ:
Կրակ եմ քամում շուրթերիցդ ու փոթորիկ,
ուշաթափվում ես ու ցնցվում կրքի վերջին տենդի մեջ
և մեր ծանրությունից մրկվող հողն է դողում:
Հեշտանքի ինքնասպան պահին քո նռնագույն ներսը
արևի միջուկի պես է` հրահեղ ու շիկակարմիր,
իմ առնականությունը պորթկում, թփրտում, շոգիացած այրվում է
և վերջին պրկումով շնչահեղձվում քո կատաղած իգության մեջ:
Մարմնիս հպարտությունը հնազանդ է մարմնիդ,
մենք մի մարմին ենք` ներդաշնակորեն հյուսված.
խաչվել ենք ինչպես հասարակածն ու միջօրեականը`
ուղղահայաց ու հորիզոնական:
Թփրտում ես ազդրերիս վրա ծնրադիր նստած,
էությունդ բաց է ինչպես աղոթքի պահին
և ամեն կծկումդ ջերմության արտահոսք է առ երկինք:
Մի փնտրիր հավերժության գաղնիքը,
տիեզերական ժամանակը տասնմեկ րոպե է,
որ բավական է Աստծուն հասնելու համար
և հասկանալու` անհունը մեծ պայթյունից է առաջացել,
որ սերմի բուռն ժայթքումն է` կատարյալ ցնցման մեջ:
Կրքի տաք անձրև էր տեղում մեր սիրո ժամին,
երբ իմ ծարավը խմում էր քեզ և գոլորշացնում որպես ջուր.
հաճույք էր տարափում բնությունը բովանդակ
մեր զուգավորման ժամանակ:
…
Քեզ սիրեցի մանրամասն
ու մարմնիդ ամեն մի մանրուքը վայելեցի,
քամեցի սպունգ միս ու արյունից.
և վայրի բուրմունքդ եմ խառնում, որպես սրբազան ծես,
օդին, հողին ու ջրին:
Երբ արդեն երկիրը քո համն ունի և ժամանակն է քո տեսքով,
ես ավարտում եմ իմ սիրո գիշերը,
բայց դեռ մի հավաքիր խոտին փռված տերևների մեր անկողինը,
էգ առյուծ, բնության ազատ տիրուհի:
հ. գ.
Սա արուի երգն էր կորցրած էգի մասին,
և այդ ժամանակից իգական էր աշխարհը
ու լռության մատնված,
որ գտնվեց այս բուրմունքի հիշողության մեջ.
սա կյանքն էր, որ ապրեցի:
© Հուսիկ Արա
հիշողությամբ քեզ զգալն է սարդոստայն,
որ քամում է ինձ ինչպես կեսգիշերի կիրք:
ոչ մի բան անելս չի գալիս, լավ չեմ` հասեք…
Մոռացել ես նշել հասնելու կոորդինատները 🙂
:):):) :):) :):) :):)
լուրջ` հասեք, փրկեք, քանի աղետ չի պատահել:
մմմմմմմմմմմմմմմմմմ նորմալ էր, մենակ աւդեն հոգնել եմ ես տսակ գրականությունից…
Այս պոեզիան շատ լավ կհամապատասխանի ինչ-որ մուլտֆիլմի: Որտեղ հնչում է երաժշտություն, օրինակ սա՝ https://www.youtube.com/watch?v=gvQNp1NMg5Q : Ինչ-որ նոր հայկական մուլտֆիլմի դեպքում լավ կլիներ, որ երաժշտության բառերը սրանք լինեն: