«Ուլիսեսի» առաջին 30 օրինակն արդեն սպառվել է, և շրջանառության մեջ է 50 օրինակով ևս մի տպաքանակ:
Մոտ մեկ ամիս է, ինչ լույս է տեսել Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»` Սամվել Մկրտչյանի հայերեն թարգմանությամբ:
«Ուլիսեսի» մասին տարածված անեկդոտային կարծիք կա, որ դա բոլոր ժամանակների լավագույն վեպն է, որը ոչ ոք մինչև վերջ չի կարդացել:
Գիրքը գրախանութներում չի վաճառվում և կարելի է պատվիրել միայն առցանց՝ այստեղ: Գիրքն արժե 25000 դրամ: Այն կաշեկազմ է, կրկնաշապիկով և գունավոր տպագրությամբ: Հեղինակի մտահղացմամբ՝ գիրքը նոր տպաքանակով կտպվի հինը սպառվելու դեպքում:
«Ուլիսեսը» տպագրվել է «Հայրապետ» տպագրատանը, որի տնօրենն է Սարգիս Թումանյանը: Տպագրության ծախսերը ֆինանսավորել է ոչ հայաստանաբնակ գործարար Հասմիկ Դանիելյանը:
Մկրտչյանն ասում է, որ ըստ պահանջարկի տպագրությունը արտասահմանում տարածված եղանակ է: «Ես չէի կարողանում կողմնորոշվել, թե «Ուլիսեսը» քանի ընթերցող կունենա,- ասում է նա,- իսկ դա լավ միջոց է պարզելու ընթերցողների քանակը, բացի այդ, դա բողոք-մարտահրավեր է մեր գրախանութներին, թե ինչպես է վաճառվում գիրքը»:
Թարգմանիչն ասում է, որ մեր հատուկենտ գրախանութներում գրքի վաճառքը շատ անգրագետ է կազմակերպված, «թացն ու չորն» իրար են խառված: Հեղինակը բացառություն է արել միայն նորաբաց «Բյուրոկրատի» համար, որտեղ գրքի վաճառքի նկատմամբ վերաբերմունք կա:
«Հինգ օրինակ միայն տվել եմ Սամվելին («Բյուրոկրատի» տնօրենը), որովհետև խոստացել էի, բայց էլ չեմ տալու»,- ասում է նա:
Գրքի շնորհանդեսը դեռ չի եղել, բայց հեղինակի խոսքով՝ մոտ ժամանակներս կլինի: Մկրտչյանն ասում է, որ շնորհանդեսին հրավիրելու է միայն այն մտավորականներին, ովքեր ոչ մի իշխանությունների օրոք չեն ծախվել. «Բարեբախտաբար, Հայաստանում կան այդպիսի մտավորականներ»:
Թանկ չի՞ արդյոք այդ գինը մեկ գրքի համար: Մկրտչյանն ասում է, որ եթե մարդն ուզում է հայերեն «Ուլիսես» կարդալ, թանկ չէ:
«Թող մի երկու անգամ էլ կաֆե չգնան, առնեն, ամեն ինչի համար փող ունեն, «Ուլիսեսի» համար չունե՞ն,- ասում է նա,- բացի այդ, եթե գիրքը ձեռքդ վերցնես, կհասկանաս, որ այդ գինը թանկ չէ»:
Տպագրված 80 օրինակներից արդեն վաճառվել է 40-ը, և Մկրտչյանն ասում է, որ այդ գնորդների մեջ գրողները մեկ տոկոս անգամ չեն կազմում. «Ես համոզվեցի, որ մեր գրողները գրականություն չեն կարդում»:
Բացի Հայաստանից, գիրքը պատվիրել են Ֆրանսիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից և անգամ Ճապոնիայից:
«Ամենահետաքրքիրն այն է, որ մեյլ եմ ստացել ԱՄՆ-ից՝ Մարատ Մուրադյան անունով մարդուց, որը ներողություն է խնդրում անգլերեն գրի համար, որովհետև հայերեն չգիտի, բայց պատվիրում է հայերեն «Ուլիսես»»,- ասում է Մկրտչյանը:
Վեպը թարգմանելու իրավունքի համար Մկրտչյանը դիմել է Ջոյսի թոռանը՝ Ջեյմս Սթիվեն Ջոյսին: Նա հայտնի է իր նկատմամբ հարուցված մի շարք դատավարություններով, որոնք ավարտվել են իր պարտությամբ: Նա, օրինակ, այրել է Ջոյսի դստեր՝ Լուչիայի և հոր նամակագրությունը, որովհետև Լուչիան հոգեկան հիվանդ է եղել:
Ջեյմս Ջոյս
Ջոյսն ունեցել է երկու զավակ՝ Լուչիան և Ջորջոն: Նրանք ծնվել են Իտալիայում: Ջորջոյի որդին այրել է նամակագրությունը, որպեսզի կոծկի ընտանեկան գաղտնիքը: Նա նաև այրել է Լուչիայի և Սեմյուել Բեքեթի նամակագրությունը: Լուչիան սիրահարված է եղել Բեքեթին, որը որոշ ժամանակ եղել է Ջոյսի գրական քարտուղարը: Ջոյսի տեսողությունն այդ ժամանակ շատ վատ է եղել, և նա «Ֆինեգանի հոգեհանգիստը» թելադրել է Բեքեթին:
Այդ վեպը որևէ լեզվով չի թարգմանվել և համարվում է գիրք «մասնագետների» համար:
Ջեյմսի թոռը Մկրտչյանին հեղհեղուկ պատասխան է տվել, որից հետո նա, ուսումնասիրելով Ջեյմսի ժառանգության թարգմանության իրավունքը, թարգմանել և գիրքը տպագրել է 2012 թվականով:
«Շատերը դա ընկալում են այն ենթատեքստով, որ մյուս տարի Հայաստանը հռչակված է գրքի մայրաքաղաք, բայց դա ուրիշ պատճառ ունի»,- մեկնաբանում է թարգմանիչը:
Ջեյմս Ջոյսի միջազգային հիմնադրամում սահմանված են Ջոյսի «Մտավոր սեփականության» մասին պայմանները: Այնտեղ սահմանված են գրողի տարբեր տարիների և տարբեր աշխարհամասերում տպագրված ստեղծագործությունների թարգմանության իրավունքների ժամկետները: 1922 թ. լույս տեսած «Ուլիսեսը» եվրագոտու համար հանրային սեփականություն է դառնում 2012 թ. հունվարի 1-ից: Մկրտչյանը թարգմանել է հենց 1922թ. լույս տեսած տարբերակը:
«Ուլիսեսը» աշխարհում թարգմանվել է 20 լեզուներով, և հայերենը 21-րդն է: Մկրտչյանը թարգմանության վրա աշխատել է ուղիղ երկու տարի. մեկուկես տարի վեպի, և վեց ամիս՝ ծանոթագրությունների: Ռուսերեն թարգմանությունն, ի դեպ, տևել է 8 տարի:
Ջոյսի լեզուն համարվում է չափազանց բարդ, և շատ լավ անգլերենի իմացությունը թարգմանչի համար բնավ երաշխիք չէ, որ նա կարող է Ջոյս թարգմանել: Կա Ջոյսի անգլերեն կամ ջոյսյան անգլերեն ընկալումը, որով գրում է միայն Ջոյսը:
Հեղինակն ասում է, որ «Ուլիսեսը» թարգմանելու գաղափարը եղել է դեռևս ինստիտուտի տարիներից, սակայն վերջնականապես հասունացել է վերջին տարիներին: Նա գնել է 50 անուն գրականություն Ջոյսի մասին, իր խոսքով՝ թալանել է Օքսֆորդի և Լոնդոնի բոլոր գրախանութները:
«Գլուխներ կան, որոնք ուղղակի չեն կարողանում թարգմանել,- ասում է Մկրտչյանը,- վրացիներն, օրինակ, թարգմանել են միայն երեք գլուխ, որը տպագրվել է երկու տարբեր գրական ամսագրերում»:
Աշխատելով «Ուլիսեսի» վրա՝ Մկրտչյանը պարզել է հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ու գեղեցկությունը:
«Մենք պարզապես տեղյակ չենք մեր լեզվի պոտենցիալից,- ասում է նա,- լեզվի այսպիսի ճկունություն ես որևէ տեղ չեմ տեսել, բացի անգլերենից: Հայերենը, փաստորեն, այն լեզուն է, որը հնարավորություն է տալիս թարգմանելու Ջոյսի անգլերենը, և ես համոզվեցի, որ մենք փառահեղ լեզու ունենք»:
Վեպը 18 գլուխ ունի, որոնք գրված են տարբեր ոճերով: «Այնտեղ ամեն տեսակ «իզմ» կա՝ սկսած ռեալիզմից և վերջացրած սյուրռեալիզմով,- ասում է Մկրտչյանը,- և շատ գրական ուղղություններ ծնվել են «Ուլիսեսի» մի որևէ գլխից»:
Մկրտչյանն ասում է, որ Ջոյսը մոդեռնիստական գրականության հիմնադիրն է և իր թողած ժառանգությամբ նույն հարթության վրա է, ինչ Պիկասոն գեղանկարչության կամ Ստրավինսկին երաժշտության մեջ. «Այն դադարել է վեպ լինելուց և դարձել է մշակութային երևույթ՝ թափանցելով ոչ միայն թատրոն ու կինո, այլև` կենցաղ»:
Մկրտչյանը կարևորում է հայերեն «Ուլիսեսի» գոյությունը, որովհետև հայ գրականության մեջ, նրա բնորոշմամբ, ճահիճ է, որտեղ ամեն մի ինքնակոչ իրեն համարում է գրող, ընդ որում, նա թայֆա ունի, որը նրան հռչակում է հանճարեղ գրող:
«Մենք` որպես ոչ անհայտ ազգ, նույնպես պետք է ճանաչենք և ազդվենք «Ուլիսեսից», որովհետև դա հուժկու գրականություն է, որում ամեն ինչ կա,- ասում է նա,- և այդ վեպի ազդեցությամբ մեծացած սերնդից էլ այլ գրականություն կգա»:
Հայաստանում թարգմանական գործը ճգնաժամային վիճակում է: Սամվել Մկրտչյանն արտասահմանյան գրականության եռամսյա հանդեսի խմբագիր է, և ասում է, որ նորանկախ Հայաստանը լավ թարգմանիչ ունենալու մշակույթ չունի: «Իմ հանդեսը տպագրվում է մեծ դժվարությամբ,- ասում է նա,- իսկ լավ և շնորհալի թարգմանիչներն ընտրում են այլ ոլորտ՝ սինխրոն թարգմանություններ, որովհետև դա լավ է վարձատրվում»:
Թարգմանչական գործի ճգնաժամի հետ համաձայն չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով «Անկախին» ասաց, որ չի հիշում մի դեպք, երբ բարձրարժեք թարգմանական գրականություն տպելու առաջարկ ստանալու դեպքում մերժած լինեն: Նա ասում է, որ պարզապես փորձը երիտասարդներին փոխանցելու տագնապ կա:
«Պետությունը խթանում է թարգմանական գրականությունը,- «Անկախին» ասաց նա,- պարզապես պետք է լինի հրատարակչի հետաքրքրվածությունը տպագրելու գործում: Նա կարող է դիմել հայտարարված մրցույթին, որտեղ վերջին չորս տարիներին այդ գրականությանը առաջնահերթության իրավունք է տրված»:
Մկրտչյանն ասում է, որ ամբողջ աշխարհում ընդունված տեսակետ կա, որ եթե պետությունը թարգմանական գրականություն չունի, ուրեմն չունի նաև սեփական գրականություն:
«Որովհետև թարգմանությունը թարմ արյուն է, որ ներարկվում է սեփական օրգանիզմ,- մեկնաբանում է նա,- ու եթե տեղյակ չես, թե դրսում ինչ է կատարվում, ինչպե՞ս կարող ես նստել և ստեղծագործել ուղտի ականջում»:
Իսկ ինչպե՞ս է պետությանը խթանելու, օրինակ, այս տպագրությունը: «Սամվել Մկրտչյանը մեզ չի դիմել և ինքն իր համար որոշել է իր ճանապարհը,- ասաց Պողոսյանը,- հավանաբար դրա կարիքը նա չի զգացել»:
Պողոսյանն ասաց, որ Մկրտչյանի թարգմանությունը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, որովհետև այդպիսի ֆորմատի և բարդության գործը չի կարող չքննարկվել: Մշակույթի նախարարն ունի «Ուլիսեսի» իր օրինակը և չափազանց հավանել է գրքի որակն ու արված գործը. «Միայն տառատեսակը ինձ դուր չեկավ, ես դա կփոխեի»:
Նախարարությունը պատրաստվում է գնել առայժմ 12 օրինակ «Ուլիսես»` դրանք ներկայացնելու գրքի տոնավաճառներում, որ կազմակերպվում է արտերկրում: Այս տարի Հայաստանը Փարիզում, Ժնևում, Սանկտ-Պետերբուրգում, Պեկինում և այլուր` գրքի տաղավարներում ներկայացնելու է մեր երկրում տպագրված, թարգմանված գիրք-գրականություն:
Նախարարը տեղեկացրեց. «Այս տարի Հայաստանը 12 երկրում մեծ տաղավարներ է վերցրել , իսկ Ժնևում հյուրի կարգավիճակ ունի` մոտ 600 քմ. տարածքով, և անշուշտ, «Ուլիսեսը» կցուցադրվի այնտեղ ցույց տալու համար, որ մեր երկրի թարգմանչական դպրոցը գտնվում է բարձր մակարդակի վրա»:
Հասմիկ Պողոսյանը զանգել և շնորհավորել է թարգմանչին: Նա ասաց, որ Մկրտչյանին առաջարկ կարվի միջազգային տոնավաճառներում ներկայացնել իր գիրքը: «Եթե նա համաձայնվի, ես դրա համար միայն ուրախ կլինեմ»,- ասաց նախարարը:
«Ուլիսեսը» գրվել է 1911-1921 թթ. և առաջին անգամ հրատարակվել է 1922թ. Փարիզում: Այն վաճառել է «Շեքսպիր ընդ քամփընի» գրախանութում, որի տնօրենը Սիլվիա Բիչն էր: Գիրքը տպագրվել է 500 օրինակով և սպառվելուց հետո տպագրվել է ևս 2000-3000 օրինակ:
«Ուլիսեսի» բոլոր գործողությունները ծավալվում են մեկ օրում՝ 1904 թ. հունիսի 16-ին՝ Իռլանդիայի ազգային Բլումի տոնի օրը: Դա պատմություն է մի մարդու մասին՝ Լեոպոլդ Բլումի, որի հետ նրա տոնի օրը ծանոթանում է Սթիվեն Դեդալը, ով համարվում է Ջոյսի նախատիպը:
1926 թ. այն արգելվել է անգլիալեզու բոլոր երկրներում և որակվել պոռնկագրություն: Միացյալ Նահանգներում արգելքը հանվել է 1936 թ., իսկ վերջին պետությունը, որ հանել է արգելքը, Ջոյսի հայրենիք Իռլանդիան է (1960-ականներին): Ջոյսն ապրել է շատ աղքատ, իսկ Դուբլինն ու Իռլանդիան, որ այսօր Ջոյսով փող են աշխատում այնպես, ինչպես Լիվերպուլը՝ «Բիթլզով», եղել են Ջոյսի բոլոր ստեղծագործությունների առարկան: Իռլանդիայի ազգային գրադարանը Ջոյսի 20-էջանոց ձեռագրի համար վերջերս վճարել է 1.5 մլն. ֆունտ ստեռլինգ:
Սամվել Մկրտչյան
Թարգմանիչը նախաձեռնել է նաև «Ուլիսեսի» հուշանվերային տարբերակը, որի էջերի եզրերը լինելու են ոսկեզօծ: Այն կլինի մագնիսով փակվող կաշեպատ փայտյա արկղիկի մեջ և կտպագրվի 20 օրինակով:
«Բացի դրանից, 10 օրինակ տպելու ենք կտավե շապիկով, որի վրա լինելու են տարբեր հեղինակների յուղաներկ գործեր, օրինակ` Թենի Վարդանյանի»,- ասում է Մկրտչյանը:
Ջեյմս Ջոյսը ծնվել է 1882թ. Դուբլինում, և մահացել է 1941թ. Ցյուրիխում:
© Ankakh.com, Աննա Մուրադյան
Կեցցե’ Սամվել Մկրտչյանը, “այդ հմուտ, հանճարեղ գյումրեցին”, որ Ջոյսին վերջապես խոսեցրեց հայերեն և Ուլիսեսին հանդիպացրեց Պրիամոսի զինակից հայոց Զայրմայր նահապետին, Իլիոնում նահատակված, բայց “երանի թե Աքիլլեսի ձեռքից ընկած լիներ”, ինչպես թախանձանքն էր Պատմահոր:
Կարդացե’ք, վայելե’ք “Ողբ Հայրենասիրի”-ի և “Գիրք ճանապարհի”-ի իռլանդական տարբերակը, սակայն, ինչ խոսք, հիմնանյութը ուրիշ աչքով` “հայի հետին խելքով” դիտված:
Իռլանդական հասարակությանն ու իր հայրենիքին ուղղված ջոյսյան անողոք քննադատությունը, խտացած այն մտքի մեջ, թե “Իռլանդիան մի ծեր էգ խոզ է, որ խժռում է իր ձագերին”, տիպական էր առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայտնված ճշմարիտ ու լայնախոհ արվեստագետների համար: Մեկնելով այս նույն ելակետից, հանճարեղ լոռեցին` Հովհաննես Թումանյանը, կանխելով իր գրչակցին,1915 թ. հղացած իր նշանավոր ՙԲարձրից՚ բանաստեղծության մեջ իր հոգու ճախրի բարձրակետից մարգարեանալու պես անկեղծանում է.
Տեսավ աշխարհքը` գեղեցիկ, անվերջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան:
Տեսավ` ուտում են ամենքն ամենքին,
Ամեն հայրենիք` իրեն զավակին,
Եվ իր պաշտողին` ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:
Ինչպես 30-ական թվականներին Եղիշե Չարենցի վերաբերմունքն էր հայոց ոչ վաղ անցյալի (Րաֆֆի, Գ.Արծրունի ևն) և իրեն ժամանակակից երևելի ազգայինների առնչությամբ, այդպես էլ, մոդեռնիզմի դիրքերից, Ջոյսն անհանդուրժողական դատափետման է արժանացնում իր մեծագույն ժամանակակցին ու համերկրացուն` իռլանդացի խոշորագույն բանաստեղծ Վ.Բ.Յեյթսին, որի ստեղծագործությունը միտված էր իռլանդական ցեղի անցյալների հերոսականության փառաբանմանն ու անցյալի օրինակով ժամանակակիցներին վարակելուն, խանդավառելուն: Ջոյսն համարում էր, որ սովորականը իսկական արվեստագետի ճշմարիտ ոլորտն է, պնդելով, որ զգայացունց եղելությունների հիշատակումն ու հերոսականությունը, վստահաբար, կարելի է թողնել լրագրողներին: Նա այն համոզմանն էր, որ գրողի առաջին պարտականությունն է ազգային սնափառության պախարակումը, այլ ո’չ թե շողոքորթ փառաբանումը:
Նա համարում էր, որ իր ցեղի իմաստնախոհ կրավորականությունը երբեմն-երբեմն ուղեղային մթագնումներ է ունենում` ներսուզվելով բացահայտ մազոխիզմի կամ պարզմիտ ծուլության թմբիրի մեջ: Այսպես` նա վերանայում է անցյալի ռազմատենչ առասպելները, Չարենցի նման մշտապես կրկնելով, որ ազգային հիվանդությունը ո’չ թե զգայական վախվորածությունն է, այլ ուղեղային կաթվածահարությունը, առկա հնարավորությունների մերժումը:
Վեպում արտահայտած իր գաղափարներով ու տեսողական ցոլացումներով նա ուզում էր ցնցել իր համերկրացիներին` ի ցույց դնելով նրանց պաշարած ինքնախաբեության պատրանքը: Դժվար է ասել, թե որքանով դա նրան հաջողվեց: Բայց որ գոնե հանճարեղ փորձ ձեռնարկվեց, շրջանցելով մարդկային ուղեղի կաղապարվածության պատյանը, արդեն իսկ մեծագործություն է` Հոմերի ու Վիրգիլի հագներգած Ոդիսևսի ու նրա Թելեմաքոս որդու արկածներին վայել:
պա՜հ, ես էլ ռուսերեն կկարդամ ուլիսեսը…շատ ա իրա արած գործը թանկացնում, հասկացանք…չեմ սիրում տենց բաներ…էս գրախանութին չեմ տա, էն մեկին չեմ տա, լավ ա մեկուկես հատ չի տպագրել…..
լավ է, ես էլ ուրախացած մտա կայք, որ պատվիրեմ, մեկ էլ` անակնկալ-25.000 դրամ:
Պահ, ժողովուրդ ջան, ռուսերեն տարբերակն էլ շատ լավն է, անգլերենն էլ երեւի թարգմանեմ` մերոնց բաժանեմ ու բոլոր ուզողներին, կարելի է համացանցում էլ դնել, հն?
Շատ բարկացա… Ջոյսն ապրել է շատ աղքատ, իսկ այսօր Ջոյսով փող են աշխատում մարդիկ , ովքեր կարծում են , թե հայ գրողներն այնքան փող ունեն, որ կարող են թույլ տալ իրենց գնելու 25000 դրամ արժողությամբ գիրք, և եթե չեն գնում, համոզվում են, որ մեր գրողները գրականություն չեն կարդում: Ուզում եմ, պարզապես, հիշեցնել պարոն Մկրտչյանին, որ ժամանակներն անցել են, այսօր շատերն ընթերցում են բնօրինակը:
Գրականասեր Ժողովուրդ ջան…. Ինչի մասին է այս գիրքն ընդհանրապես ???? մի փոքր կմեկնաբանեք, խնդրում եմ… ???
Մարդ մտածումա եդ 25.000 -ի գլխից թռնի պատվիրի…. բա որ ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆ եղավ հանկարծ ? :)))
Չէ, որ լավն է` հաստատ, դե, վերջիվերջո, Ջոյս է, չէ, ուղղակի պետք է հաշվի առնվեր սոցիալական վիճակը, ասենք` ես ուսանող եմ ու շաաաատ եմ ուզում կարդալ, ոնց գնեմ, 1 տարի պետք է հավաքեմ էտ գումարը?????
Ես հասկանում եմ թարգմանչին, ինձ թվում է տպագրելով գիրքը կաշեկազմ, ոսկեզօծ, կտավե շապիկով, և փայտե տուփում դնելով, նա մոռացել է մի քանի ադամանդ էլ ավելացնել, դե ասենք օրինակ փայտե տուփի վրա, կամ էլ առաջարկում եմ փայտի փոխարեն փղոսկր վերցնել: Չէ որ այս դեպքում խոսքը ոչ թե գրքի այլ ապրանքի մասին է, որը շատ տանտիկիններ հաճույքով կցուցադրեն իրենց կահույքի մեջ ամենից լավ տեսանելի տեղում:
Գայանե
Մի քիչ դծվար ընթերցվող է գիրքը: Սամվել Մկրտչյանը հիանալի է թարգմանել: Իրոք կատարյալ թարգմանություն է: Իսկ Ջոյս սիրելը մի քիչ դժվար բան է, շատ բարդ է գրում:
Համալսարանական տարիներիս Սեֆերյան Սոնան մեզ ծանոթացրեց ՍամվելՄկրտչյանի թարգմանություններին, ու հիշեցի, որ մեծ եղբայրներիս հետ կարդում էինք “Ալիս”-ի չափածոյ հատվածների հայերեն թարգմանությունը ու ուշագնաց լինում ծիծաղից, հիացմունքից: Ուսանողներս շշմած էինք, հուզված….. ես` ավելի շատ վախեցած, որ էլ երբեք ռիսկ չեմ անի որևէ բան թարգմանել: Ու հիմա Ուլիսը! Մեծ, հրաշալի, ու կարևորը, վարձատրվող աշխատանք է, առաջին անգամ երբ տեսա Բյուրոկրատում, ձեռքս վերցրի ու աննկարագրելի զգացում ապրեցի – թե’ գրքի թերթերի գույնը, թե’ տառատեսակը, ամեն ինչ: Հիմա, ոնց որ կանխավայելում են ինչ-որ համեղ ուտելիք ճաշակելու զգացումը, ես էլ էդպես սպասում եմ իմ օրինակին!
aystex grvace, vor karoxenq patvirel arcanc aystex, bayc inchpes? chem gtnum.
Էնքան խնդալու յա, ոնց որ փոքր երեխա լինեմ, մի ուրիշն էլ լեմս մառոժնի լպստի, ջիջլ քցի… Աստված թարքմանչի հետ, հալալ ա, ես էլ ծոսք չունեմ… 25.000 ամոթ ա ուղակի
Արամ ջան, ես էլ էի քո նման վրդովվել սկզբից, երբ իմացա գինը, սակայն վստահեցնում եմ. երբ դու տեսնես գիրքը` կհամոզվես որ այն իրականում շատ ավելի արժե – ոչ թե որպես ՈՒլիսես, այլ որպես շքեզ ու ճաշակով հրատարակություն, որի վրա գումար չի խնայվել:
ays kluk kordzotsi araberen kartatsel ei hayeren darperagi hasdad bidi kerazantse mersi baron samvel mgrdgianin krigt talar mna
շատ հետաքրքիր է հատկապես այն հանգամանը, որ բոլորդ նման արտահայտություններ եք անում առանց գոնե մեկ անգամ գիրքը ձեռքներդ վերցնելու, դուք գոնե տեսել եք դա ինչ տքնաջան աշխատանք է, կուզենայի ձեզ էլ բախտ վիճակվեր և մեկ էջ կարդայիք կամ գոնե ծանոթագրություններն աչքի անցկացնեիք, այդքանն էլ ձեզ բավական կլիներ: Այն, որ մարդը 2 տարի նման հսկայածավալ և որակով, դա էս դեպքում ամենից կարևոր հանգամանքը պետք է դիտվեր, աշխատանք է կատարել, ցավոք շատ քչերիդ է հուզում, մնացածը…………
Շատ հավեսով,օրեկան հինգ էջ եմ կարդում ռուսերենով,կողքս դրած միֆոլոգիան,որն արդեն մոռանում եմ:Բարդ է,բայց կվինտէսենցիա: