ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ | Մարդն առանց հատկությունների

Հատվածներ վեպից

9 – Նշանավոր մարդ դառնալու երեք փորձերից առաջինը

Այդ մարդը, որ տուն էր վերադարձել, չէր կարող հիշել իր կյանքի մի այնպիսի ժամանակաշրջան, որը ոգեշնչված չլիներ նշանավոր մարդ դառնալու ցանկությամբ. Ուլրիխը, պետք է կարծել, հենց միայն այդ ցանկությամբ էլ ծնվել էր: Ճիշտ է նաև, որ նման անտեղիտալի ցանկությունը փառամոլության և հիմարամտության մասին կարող է վկայել: Եվ սակայն, պակաս ճշմարիտ չէ նաև, որ այն մի շատ գեղեցիկ ու ճշմարիտ ձգտում է, առանց որի աշխարհիս երեսին հավանաբար ոչ այնքան շատ նշանավոր մարդիկ կլինեին:
Ճակատագրական դժբախտությունն այն է միայն, որ նա ոչ գիտեր, թե ինչպես այդպիսին դառնալ, ոչ էլ` թե ինչ ասել է նշանավոր մարդ: Դպրոցական հասակում նա այդպիսին Նապոլեոնին էր համարում: Մասամբ դա բացատրվում էր պատանիների շրջանում ոճրագործության հանդեպ հույժ բնական հիացական վերաբերմունքով, մասամբ էլ, քանի որ ուսուցչական անձնակազմը ամենայն հստակությամբ մատնանշում էր հենց այդ բռնակալին, ով փորձել էր Եվրոպան գլխիվայր շրջել, որպես մարդկության պատմության մեծագույն չարագործի: Դրա արդյունքը եղավ այն, որ Ուլրիխը, դպրոցի հետ հաշիվները մաքրելուն պես, դարձավ հեծելազորային գնդի ենթասպա: Հավանաբար նա այն ժամանակ, հարցին, թե ինչու ընտրեց հենց ա’յդ մասնագիտությունը, այլևս այնպես չէր պատասխանի, թե` բռնակալ դառնալու համար: Սակայն նման ցանկությունները ճիզվիտներ են: Նապոլեոնի հանճարը զարգանալ սկսեց այն բանից հետո միայն, երբ նա գեներալ դարձավ, և ինչպե՞ս կարող էր Ուլրիխը, ենթասպա լինելով, համոզել իր գնդի հրամանատարին իր այդ պայմանի անհրաժեշտության մասին: Արդեն հեծելազորային զորավարժությունների ընթացքում ոչ հազվադեպ էր բացահայտվում, որ գնդապետն այլ կարծիքի էր, քան ինքը: Համենայնդեպս Ուլրիխը չէր անիծի զորավարժանքների հրապարակը, որի խաղաղ մակերևույթին հնարավոր չէր տարբերել ինքնահավանությունը կոչվածությունից, եթե այդքան պատվախնդիր չլիներ: ՙԺողովրդին զենքով դաստիարակելու մասին՚ խաղաղասիրականների լեզվական արտահայտություններին նա այն ժամանակ որևէ նշանակություն չէր տալիս, այլ լիուլի համակված էր հերոսականության ոգու` ռազմական բարեկամության, բռնության և հպարտության դրսևորումների մասին հիշատակություններով: Նա մասնակցում էր ձիարշավների, մենամարտում էր սրա-նրա հետ և մարդկանց միայն երեք տարատեսակ էր տարբերակում. սպաներ, կանայք և քաղաքացիական անձինք. վերջիններս ֆիզիկապես թերզարգացած, հոգեմտավոր կարողությունների առումով արգահատելի մի դասակարգ էին ներկայացնում, որոնց կանաք ու աղջիկները սպաների կողմից որսացու էին ծառայում: Նա անձնատուր էր եղել հիասքանչ հոռետեսությանը. նրան թվում էր, որ քանզի զինվորի մասնագիտությունը մի ինչ-որ սուր ու հրաբորբոք գործիք էր, ուրեմն և այդ գործիքով հարկավոր է վառել ու պատառոտել աշխարհը` ի բարօրություն հենց այդ նույն աշխարհի:
Չնայած, ի բարեբախտություն իրեն, այդ ընթացքում իր հետ ոչ մի անախորժություն տեղի չունեցավ, օրերից մի օր, սակայն, նա մի հայտնագործություն արեց: Հավաքույթներից մեկի ժամանակ մի փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ իր մի ծանոթ ֆինանսիստի հետ, որը նա ուզում էր հարթել իր համար շատ սովորական տպավորիչ եղանակով, սակայն պարզվեց, որ քաղաքացիական հասարակության մեջ էլ կան տղամարդիկ, որոնք ընդունակ են պաշտպան կանգնելու իրենց ընտանիքի կին անդամների պատվին: Ֆինանսիստը զրույց ունեցավ ռազմական նախարարի հետ, որին նա անձամբ էր ճանաչում, և հետևանքն այն եղավ, որ Ուլրիխը երկարատև խոսակցություն ունեցավ իր գնդապետի հետ, որի ընթացքում նրան պարզաբանվեց էրցհերցոգի և սովորական սպայի միջև տարբերությունը: Այդ պահից ի վեր նրան այլևս ուրախություն չէր պատճառում ռազմիկի մասնագիտությունը: Նա սպասում էր, որ ոտք կդնի աշխարհացունց արկածախնդրությունների բեմահարթակը, և հանկարծ ականատեսն եղավ այն բանի, թե ինչպես էր լայնարձակ ու ամայի հրապարակում հաբած մի երիտասարդ ձայնը գլուխը գցել, որին լոկ քարերն էին պատասխանում: Հասկանալով դա, նա հրաժեշտ տվեց այդ անշնորհակալ ասպարեզին, ուր միայն վերջերս էր նրան շնորհվել լեյտենանտի աստիճանը, և լքեց ծառայությունը:

10 – Երկրորդ փորձը: Առանց հատկությունների մարդու բարոյականության նախադրյալները

Սակայն Ուլրիխը նժույգը միայն փոխեց, երբ նա հեծելազորից անցում կատարեց դեպի տեխնիկան. նոր նժույգը մետաղյա անդամներ ուներ և մի տասն անգամ ավելի արագ էր վազում:
Գյոթեի աշխարհում մանածագործական հաստոցի թակոցը դեռևս խանգարիչ հանգամանք էր համարվում, Ուլրիխի դարաշրջանում արդեն ձեռնամուխ էին եղել մեքենահաստոցային սրահների, դարձագամ մուրճերի և գործարանային շչակների երգեցողության հայտնագործմանը: Ընդսմին, պետք չէ մտածել, թե մարդիկ շուտով նկատեցին, որ երկնաքերն ավելի բարձր է, քան նժույգը թամբած հեծյալը, ընդհակառակը, դեռ այսօր էլ, երբ ցանկանում են իրենցից մի ինչ-որ առանձնահատուկ բան ներկայացնել, մարդիկ ոչ թե երկնաքերի գլխին են հեծնում, այլ նժույգի թամբին, վերջիններս արագ են` ինչպես քամին և սրահայաց են` ո’չ ամենևին ինչպես հսկայական ոսպնյակավոր հեռադիտակը, այլ արծվի նման: Նրանց զգացումը դեռևս չի սովորել օգտվելու սեփական բանականության ծառայություններից, և այդ երկուսի միջև ընկած զարգացման տարբերությունը գրեթե նույնքան մեծ է, որքան կույրաղիքի և ուղեղի մեծ կիսագնդի կեղևինը: Նշանակում է, այնքան էլ փոքր երջանկություն չէ, երբ գալիս ես մի եզրակացության, ինչպես դա տեղի ունեցավ Ուլրիխի հետ` նրա գռեհկաբան տարիքի ավարտական փուլում, որ մարդիկ բոլոր այն բաներում, որոնք նրանց բարձրագույն խնդիրներ են պատկերանում, իրենց ձեռքի տակ եղած շատ ավելի հնավանդ կաղապարներով են առաջնորդվում, քան որ նրանց մեքենաներն են:
Մեխանիկայի ուսումնական դասասրահները մուտք գործելուն պես, հենց առաջին իսկ պահից դող ընկավ Ուլրիխի մեջ: Ինչի՞ է պետք այլևս Բելվեդերյան Ապոլլոնը, երբ քո աչքերի առաջ են տուրբինային շարժիչի նոր տեսականու կաղապարները կամ շոգեմեքենայի կառավարման սարքի հոդանոթախաղը: Ո՞մ են պետք հազարամյա խոսակցություններն այն մասին, թե ինչն էր լավ կամ ինչն էր վատ, երբ պարզվում է, որ դրանք բնավ էլ ՙհաստատուն մեծություններ՚ չեն, այլ ՙֆունկցիոնալ արժեքներ՚, այնպես որ, պատրաստվածքի բարորակությունը կախված է պատմական հանգամանքներից և մարդկանց բարորակությունը` նրանց հատկությունների գործածականության հոգետեխնիկական հմտություններից: Աշխարհը պարզապես ծիծաղելի է, եթե նրան նայելու լինես տեխնիկական տեսակետից, ոչ պրակտիկ է բոլոր մարդկային փոխհարաբերություններում, բարձրագույն աստիճանի անտնտեսվարական է ու անճշգրիտ իր մեթոդական հիմքով: Եվ նա, ով սովոր է կարգավորել իր գործերը հաշվեքանոնով, նա պարզապես անկարող է լուրջ ընդունել մարդկային հավաստիացումների մի գերակշիռ մասը: Հաշվեքանոնը թվերի և բաժանարար զուգագծերի զարմանալի սրամտությամբ փոխմիահյուսված համակարգ է, հաշվեքանոնը երկու սպիտակ, լաքապատված, մեկը մյուսի մեջ սահող հարթ, սեղանակերպ, շեղանկյուն կտրվածքով փայտիկներ են, որոնց օգնությամբ կարելի է վայրկենապես լուծել ամենադժվար ու խճճված խնդիրները, առանց որ զուր տեղը որևէ միտք գործադրելու, հաշվեքանոնը մի փոքրիկ խորհրդանիշ է, որ կրում ես կրծքագրպանում և սրտիդ վրա զգում ես իբրև կոշտ ու սպիտակ մի շեղբ. եթե դու ունես հաշվեքանոն և գալիս է մեկը բարձրագոչ խոսքերով կամ մեծազոր զգացմունքներով, դու նրան ասում ես. մեկ վայրկյան խնդրեմ, նախ եկեք հաշվենք սխալվելու սահմանները և այդ ամենի հավանական արժեքը…
Դա, անկասկած, ինժեներական գործի գերհզոր հայեցակարգ էր: Այն շրջանակ էր ապահովում ապագայի հրապուրիչ ինքնանկարի, որ պատկերում էր տղամարդուն վճռական գծերով, ատամների արանքում թութունով լի ծխամորճը սեղմած, սպորտային գլխարկով և ձիավարության համար նախատեսված հիասքանչ մույկերով, որ երթևեկում է Քեյփթաունի և Կանադայի միջև ընկած ճանապարհի մի ինչ-որ կետում, իր ձեռնարկության համար մեծագույն նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ ընթացքում միշտ էլ կարելի է ժամանակ գտնել և, անհրաժեշտության դեպքում, սեփական տեխնիկական մտածողության ընդերքից դուրս կորզել աշխարհի կառուցվածքին և նրա կառավարմանը վերաբերող որևէ խորհուրդ կամ էլ ինչ-ինչ թևավոր ասացվածքներ կազմել, զորօրինակ Էմերսոնի այն միտքը, որը լավ կլիներ կախ տալ յուրաքանչյուր արհեստանոցի ճակատին. ՙՄարդիկ թափառում են երկրի երեսին որպես ապագայի իմաստնախոսություններ, և բոլոր նրանց գործողությունները փորձեր են ու փորձառություններ, քանի որ յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր արարք հաջորդով կարող է հաղթահարվել՚: Ճիշտն ասած, այս նախադասությունը պատկանում էր հենց Ուլրիխին և կազմված էր Էմերսոնի մի քանի մտքերի համադրությումից:
Դժվար է ասել, թե ինչու ինժեներները այնքան էլ այդպիսին չեն, որպեսզի համապատասխանեին այս ասույթին: Ինչու՞ են նրանք, օրինակ, այդքան հաճախ շղթայով ժամացույց կրում, որը կորնթարդ թեքագիծ աղեղով ձգվում է բաճկոնակի գրպանիկից դեպի վերևի կոճակներից մեկը, կամ ինչու՞ է այդ շղթան նրանց որովայնի մասում մեկ բարձրացող գոգավորություն և երկու իջվածք գոյավորում, որ ասես այն բանաստեղծության ոլորտից լինի: Ինչու՞ են նրանք նախընտրում եղջերուի ատամներով կամ պայտերով գնդասեղներ խրել իրենց փողկապների մեջ: Ինչու՞ են նրանց կոստյումներն այնպես կառուցապատված, ինչպես առաջին սերնդի ավտոմեքենաները: Ինչու՞ են նրանք վերջապես շատ հազվադեպ խոսում այլ բաների մասին, բացի իրենց մասնագիտությունից, իսկ եթե խոսում էլ են, ապա ինչու՞ են դա անում մի առանձնահատուկ, ձգձգված, հեղհեղուկ, ասես իմիջիայլոց` ձևական եղանակով, ինչը դեպի ներս` ավելի խորը չի գնում, քան մինչև մակակոկորդը: Անշուշտ, բնականաբար դա ոչ բոլորին է վերաբերում, բայց վերաբերում է շատերին, և նրանք, ում հետ Ուլրիխը ծանոթացավ, երբ առաջին անգամ ծառայության մտավ գործարանային գրասենյակում, այդպիսին էին, ու նաև նրանք, ում հետ նա ծանոթացավ երկրորդ աշխատատեղում, նույնպես այդպիսին էին: Նրանք այնպիսի մարդկանց տպավորություն էին թողնում, որ ասես ամուր կապված էին իրենց գծագրական տախտակներին, սիրում էին իրենց մասնագիտությունը, ջանադիր էին և իրենց գործում մեծագույն ընդունակություններ էին հանդես բերում: Սակայն առաջարկությունը` իրենց գաղափարների համարձակությունը գործադրել ո’չ թե իրենց մեքենաների, այլ հենց իրենց հանդեպ, նրանք նույն կերպ կընկալեին, ինչպես որ մուրճը` սպանության հակաբնական նպատակի համար գործածելու պահանջը:
Ուստի այսպես շատ արագ վերջացավ նաև այս երկրորդ և ավելի հասուն փորձը, որ ձեռնարկել էր Ուլրիխը, այն հաշվով, որպեսզի տեխնիկայի միջոցով նշանավոր մարդ դառնար:

11 – Ամենակարևոր փորձը

Այդ ամբողջ նախորդող ժամանակաշրջանի առթիվ Ուլրիխն այսօր էլ գլուխը կտարուբերեր, ինչպես եթե նրան պատմելիս լինեին իր հոգու վերաբնակեցման մասին, սակայն ո’չ բնավ իր երրորդ փորձի առիթով: Կարելի է հասկանալ, որ ինժեները կլանված խորասուզվում է իր առանձնահատկության մեջ, փոխանակ մուտք գործի գաղափարների աշխարհի ազատ հեռաստանները, չնայած նրա մեքենաները մատակարարվում են մինչև երկրագնդի ամենահեռավոր ծայրերը. քանզի փոխանցելու հարցում նա նույնքան քիչ ընդունակության կարիքն ունի տեխնիկայի համարձակությունն ու հոգու նորարարությունը իր մասնավոր անձնական հոգուն փոխանցելու, ինչպես որ մեքենան ի զորու չէ ինքն իր հանդեպ կիրառելու իր իսկ հիմքում ընկած անսահման փոքր թվերի հաշվարկումը: Մաթեմատիկայի մասին սակայն նույնը չի կարելի ասել: Այստեղ մենք գործ ունենք բուն իսկ նորագույն ուսմունքի, նորագույն տրամաբանության, նորագույն ոգու հետ, այստեղ են ընկած ժամանակի ակունքներն ու մեծահսկա վերափոխումների սկզբնաղբյուրը:
Եթե դա առնչվում է նախածին, վաղնջական ժամանակներից սերող հավերժական երազների իրականացմանը` թռչել կարողանալուն և ձկների հետ ճամփորդելուն, լեռնային հսկաների ոտքերի տակ հորատանցքեր բացելուն, աստվածային արագընթացությամբ լուրեր հաղորդելուն, անտեսանելին և հեռական տեսանելուն և նրանց ունկնդիր լինելուն, մեռածների խոսքը լսելուն, հրաշապատում կազդուրմանը տրվելուն, կենդանի աչքերով տեսնել կարողանալուն, թե ինչպիսի տեսք ունի մարդս մահվանից քսան տարի անց, կրակված գիշերներին հազարավոր բաներ իմանալուն` այս աշխարհի վերևում ու ներքևում կատարվող, որոնց մասին առաջներում ոչ ոք ոչինչ չգիտեր, և եթե լույսը, ջերմությունը, ուժը, վայելքը, հարմարավետությունը մարդկության վաղնջական երազներն են, ապա ուրեմն այսօրվա հետազոտական միտքը ո’չ միայն գիտություն է, այլև կախարդանք, բարձրագույն հոգևոր և մտավոր ուժի ցուցադրական հանդես, որի առաջ Աստված մեկը մյուսի հետևից բացում է իր թիկնոցի ծալքերը, մի կրոն, որի հավատո հանգանակը ներծծված է ամրակուռ, համարձակ, շարժուն, դանակի պես սառն ու հատու մաթեմատիկական գիտական ուսմունքով և կառավարվում է նրա կողմից:
Ամեն դեպքում, չի կարելի ժխտել, որ բոլոր այս վաղնջական երազները, ո’չ մաթեմատիկոսների կարծիքով, հանկարծակիորեն բոլորովին այլ կերպ էին իրագործվել, քան որ նախապես պատկերացնում էին: Մյունխհաուզենի փոստային եղջերվափողն ավելի գեղեցիկ էր, քան գործարանային եղանակով պահածոյացված ձայնը, յոթը մղոնանոց մույկերն ավելի գեղեցիկ են, քան ավտոմեքենան, Լաուրինի թագավորությունն ավելի գեղեցիկ է, քան երկաթուղային թունելը, կախարդական արմատն ավելի գեղեցիկ է, քան ֆոտոհեռագիրը, սեփական մոր սրտից ուտելը և թռչուններին հասկանալն ավելի գեղեցիկ է, քան կենդանիների հոգեբանության բնագավառի հետազոտությունը թռչնաձայնի ելևէջումների արտահայտչականության մասին: Մարդս ձեռք է բերել իրականությունը և կորցրել է երազը: Մարդիկ այլևս չեն պառկում ծառի տակ և ոտքի միջնամատի ու երկրորդ մատի արանքով նայում երկնքին, այլ արարում, ստեղծագործում են: Չի կարելի նաև քաղցած ու մտացրիվ լինել, եթե ուզում ես ջանադիր աշխատել, այլ պետք է բիֆշտեքս ուտել և շարժման մեջ գտնվել: Դա ճիշտ և ճիշտ նման է այն բանին, որ կարծես հնամենի անջանադիր մարդկությունը քուն էր մտել մրջնանոցի վրա, և երբ նորը արթնացավ, մրջուններն արդեն նրա արյան մեջ էին սողոսկել և այնուհետ նա հարկադրված է ուժային սաստիկ շարժումներ կատարել` առանց որ իր ուսերից թոթափել կարողանալու կենդանական աշխատունակության այդ անարգ ու խղճուկ զգացողությունը: Կարիքը չկա, իրապես, այդ մասին երկար խոսելու, մարդկանց մեծամասնությանն այսօր արդեն առանց այն էլ պարզ է, որ մաթեմատիկան, դևի հանգույն, մուտք է գործել մեր կյանքի բոլոր ոլորտները: Միգուցե այդ մարդկանցից ոչ բոլորն են հավատում սատանայի պատմությանը, ում կարելի է սեփական հոգին ծախել. սակայն բոլոր մարդիկ, որ հոգու առնչությամբ որոշակի հասկացողություն են հանդես բերում, քանի որ նրանք, հոգևորականներ, պատմաբաններ և արվեստագետներ լինելով, դրանից մեծ եկամուտներ են ստանում, վկայում են նաև, որ այն ավերակվել է մաթեմատիկայի կողմից և որ մաթեմատիկան մի ինչ-որ չար բանականության աղբյուրն է հանդիսանում, որը մարդուն թեև աշխարհի տերն է դարձնում, բայց և մեքենայի ստրուկը: Ներքին չորությունն ու դատարկությունը` մասնավորությունների հանդեպ խորաթափանցության և ամբողջի հանդեպ անտարբերության այդ հրեշավոր միախառնուրդը, մարդուս սարսափահարույց լքվածությունը մանրուքների, մասնավորությունների անապատում, նրա անհանգստությունը, չարությունը, անօրինակ անսրտությունը, շահամոլությունը, սառնությունն ու դաժանությունը, որ մեր ժամանակի բնութագրիչներն են հանդիսանում, ըստ այդ վկայությունների պետք է հենց միայն հետևանքը լինեն այն կորուստների, որ տրամաբանական սուր մտածողությունն է հոգուն պատճառում: Եվ ահա արդեն այն ժամանակներում էլ, երբ Ուլրիխը մաթեմատիկոս դարձավ, կային մարդիկ, որ կանխատեսում էին եվրոպական մշակույթի կործանումը, ելնելով այն բանից, որ մարդու մեջ այլևս չկար ո’չ հավատ, ո’չ սեր, ո’չ պարզություն, ո’չ բարություն, և հատկանշական է, որ նրանք բոլորն էլ պատանեկան ու դպրոցական հասակում վատ մաթեմատիկոսներ էին եղել: Ավելի ուշ դա նրանց համար ապացույց հանդիսացավ այն բանի, որ մաթեմատիկան` ճշգրիտ բնական գիտությունների մայրը, տեխնիկայի տատիկը, նաև նախամայրն է հանդիսանում այն ոգու, որից ի վերջո ծնունդ առան թունավոր գազերն ու ռազմական օդաչուները:
Այս վտանգների անգիտության մեջ ապրում էին, ըստ էության, հենց միայն իրենք` մաթեմատիկոսներն ու նրանց աշակերտները` բնագետները, ովքեր նույնքան քիչ էին այդ ամենը իրենց հոգում զգում, որքան և հեծանվորդները, որ ամենայն ջանադրությամբ ուժ են տալիս ոտքերին և աշխարհում ոչինչ չեն տեսնում` բացի իրենց առևջից ընթացողի հետևի անիվից: Ուլրիխի մասին, դրան հակառակ, կարելի էր ամենայն վստահությամբ ասել, որ նա մաթեմատիկան սիրում էր հանուն մարդկանց, որոնք այն տանել չէին կարողանում: Նա ոչ այնքան գիտականորեն, որքան մարդկայնորեն էր սիրահարված այդ գիտությանը: Նա տեսնում էր, որ բոլոր այն հարցերում, ուր մաթեմատիկան իրեն իրավասու էր համարում, այն այլ կերպ էր մտածում, քան սովորական մարդիկ: Եթե միայն հնարավոր լիներ գիտական հայեցակարգերը փոխարինել կենսահայեցողությամբ, գիտական վարկածը կամ հիպոթեզը` փորձարարությամբ, և ճշմարտությունն էլ` գործողությամբ, ապա ցանկացած ականավոր բնագետի կամ մաթեմատիկոսի կյանքի գործը իր քաջարիությամբ և կործանարար ուժով միանգամայն կգերազանցեր պատմության մեծագործությունները: Դեռևս լույս աշխարհ չի եկել այն մարդը, ով ի զորու կլիներ ասելու իրեն հավատացողներին. կողոպտե’ք, սպանե’ք, անառակությամբ զբաղվեք, մեր ուսմունքը այնքան հզոր է, որ այն ձեր մեղքերի կոյուղաջուրը կվերածի ճերմակափրփուր լեռնային առվակի: Սակայն գիտության մեջ մի քանի տարին մեկ այնպես է լինում, որ ինչ-որ մի բան` մինչ այդ սխալմունք համարվող, հանկարծակի հեղաշրջում է բոլոր նախկին պատկերացումները կամ էլ որևէ անբարետես, խղճուկ ու արհամարհված միտք նոր գաղափարների թագավորության տիրակալն է դառնում, և այդօրինակ դեպքերն այնտեղ ո’չ միայն պարզապես հեղաշրջումներ են, այլ երկնուղեշ աստիճանի հանգույն դեպի բարձունքն են տանում: Գիտության մեջ ամեն ինչ տեղի է ունենում նույնքան ցայտուն, նույնքան անփույթ ու անհոգ, այլև զարմանահրաշ կերպով, ինչպես հեքիաթում: Եվ Ուլրիխը զգում էր. միայն թե մարդիկ դա չգիտեն, նրանք գաղափար իսկ չունեն, թե ինչպես կարելի է այդպես մտածել. եթե հնարավոր լինի նրանց նորովի մտածել սովորեցնել, նրանք նաև ուրիշ կերպ կապրեին:
Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե արդյո՞ք աշխարհում ամեն ինչ այնքան է գլխիվայր շրջված, որ այն հեղաշրջելու խնդիր է դրված: Սակայն այս հարցին աշխարհն ինքը վաղուց արդեն երկու պատասխան է տվել: Քանզի աշխարհի ստեղծման օրվանից մարդկանց մեծամասնությունը, իրենց պատանեկության շրջանում, կողմ էին այն հեղաշրջելուն: Նրանք ծիծաղելի էին գտնում այն հանգամանքը, որ մեծահասակները կառչած էին գոյություն ունեցողից և սրտով էին մտածում, մսի այդ կտորով, փոխանակ ուղեղով մտածելու: Այդ երիտասարդները մշտապես նկատում էին, որ մեծահասակների բարոյական բթամտությունը միաժամանակ նաև անընդունակություն է նոր կապերի ու կապակցումների առնչությամբ, ինչպես որ սովորական բանական հիմարամտությունը, մինչդեռ իրենց բնական բարոյականությունը արտադրողականությանը, հերոսականությանը և փոփոխություններին էր վերաբերում: Սակայն ոտք կոխելով իրագործումների տարիքը, նրանք այլևս ոչինչ չեն հիշում այդ մասին, և ոչ էլ ուզում են անդրադառնալ: Ահա թե ինչու շատ-շատերը, ում համար մաթեմատիկան կամ բնագիտությունը մասնագիտություն են նշանակում, մեծագույն ու չարամիտ լկտիություն կընկալեին Ուլրիխի պես մեկի կողմից վերոհիշյալ պատճառներով գիտությամբ զբաղվելու փաստը:
Համենայնդեպս իր այս երրորդ մասնագիտության բնագավառում, այն պահից ի վեր, երբ նա տարիներ առաջ անձնատուր եղավ նրան, մասնագիտական կարծիքի համաձայն` նա այնքան էլ քիչ բան չէր արել:

72 – Գիտությունը քմծիծաղում է մորուքի մեջ կամ առաջին հանգամանալից հանդիպումը չարի հետ

Այժմ հետևելու են մի քանի բառեր քմծիծաղի մասին, ընդսմին` տղամարդկային քմծիծաղի, այն էլ` մորուքի առկայությամբ, հատուկ հղացված մորուքի մեջ քմծիծաղ տալու տղամարդկային գործունեության համար: Խոսքը գնում է գիտնականների քմծիծաղի մասին, ովքեր ընդունել էին Դիոթիմայի հրավերը և ունկնդրում էին նշանավոր արվեստագետներին: Թեև նրանք քմծիծաղ էին տալիս, սակայն ոչ մի դեպքում չի կարելի կարծել, որ նրանք դա հեգնական իմաստով էին անում: Ընդհակառակը, այդպիսով նրանք արտահայտում էին իրենց հարգալիր վերաբերմունքը և սեփական անձեռնհասությունը, որի մասին արդեն խոսք է գնացել: Սակայն դրա պատճառով չի էլ կարելի թյուրիմացության գիրկն ընկնել: Նրանց գիտակցության մեջ դա հենց այդպես էլ կար, սակայն նրանց ենթագիտակցության մեջ, եթե օգտագործելու լինենք այս գործածական բառը, կամ ավելի ճիշտ` իրենց հավաքական վիճակում դրանք մարդիկ էին, որոնցում ճայթճայթում էր չարի հանդեպ հակումը, ինչպես կրակը կաթսայի մեջ:
Դա, բնականաբար, առեղծվածային է թվում, և որևէ համալսարանական պրոֆեսոր, եթե նրա ներկայությամբ նման բան ասվելու լիներ, հավանաբար անմիջապես կառարկեր, որ ինքը համեստորեն ծառայում է ճշմարտությանն ու առաջընթացին, և որ այլ բան նրան չի հետաքրքրում, քանի որ այդպիսին է նրա մասնագիտական գաղափարախոսությունը: Սակայն բոլոր մասնագիտական գաղափարախոսություններն էլ առաքինասեր են ու ազնիվ, և որսորդներն էլ, օրինակի համար, չափազանց հեռու են իրենց անտառի մսագործներ կոչելուց, նրանք իրենց կոչում են ավելի շուտ կենդանիների և բնության արդարադատ և նշանառու բարեկամներ, ճիշտ նույն կերպ, ինչպես որ առևտրականներն են հարգանք տածում ազնիվ շահի սկզբունքի հանդեպ և գողերը առևտրականների աստծուն, որ է` առաքինասեր և միջազգային հարթության վրա ժողովուրդներին իրար կապող Մերկուրին, նաև իրենց աստվածն են համարում: Հետևաբար, որոշակի գործունեության համապատկերին, որ երևութանում է նրանով զբաղվողների գիտակցության մեջ, շատ էլ չարժե կարևորություն տալ:
Եթե ինքներս մեզ անաչառ հարց տալու լինենք, թե ինչպե՞ս է գիտությունը ձեռք բերել իր այսօրվա տեսքը (ինչը ինքնին և իր համար կարևոր է, քանզի այն տիրապետություն ունի մեր վրա և անգամ անտառաճանաչ մարդը պաշտպանված չէ նրանից, քանի որ նա ևս սովորում է համատեղ կյանք վարել, համագոյակցել գիտականորեն ծնունդ առած անթիվ-անհամար իրերի միջավայրում), ապա բոլորովին մեկ այլ պատկեր կստանանք: Արժանահավատ ավանդապատումների համաձայն` դա սկիզբ առավ տասնևվեցերորդ դարում, հզորագույն հոգեկան գերգրգռվածության դարաշրջանում, և սկսեց նրանից, որ դադարեցին այլևս, ինչպես մինչ այդ` կրոնական ու փիլիսոփայական մտազննությունների երկու հազարամյակների ընթացքում էր եղել, բնության գաղտնիքների մեջ խորանալու փորձեր ձեռնարկել, այլ մեկ ուրիշ եղանակով, որն այլ կերպ, քան մակերեսային չես անվանի, բավարարվում էին լոկ նրա մակերևույթի հետազոտությամբ: Մեծն Գալիլեո Գալիլեյը, որի անունն այստեղ միշտ առաջինն է հիշատակվում, քննության էր ենթարկել, օրինակ, այն հարցը, թե իր էության մեջ ներդրված այդ ո՞ր պատճառով էր բնությունը վախ տածում դատարկ տարածությունների հանդեպ, այն աստիճան, որ ընկնող մարմնին հարկադրում է այնքան ժամանակ անցնել տարածություն տարածության հետևից և իրենով լցնել այն, մինչև որ այն վերջապես ամուր հողին է հասնում, և բավարարվում էր մի շատ պարզագույն հանգամանքի պարզաբանմամբ. նա պարզապես հիմնավորում էր, թե որքան արագ էր ցած ընկնում այդպիսի մարմինը, ինչպիսի ճանապարհ է նա կտրում-անցնում, որքան ժամանակ է դրա համար պահանջվում և ինչպիսի արագության աճ է այդ ընթացքում նա գրանցում: Կաթոլիկ եկեղեցին ծանրագույն սխալ է գործել այդ մարդուն մահվամբ սպառնալով և ստիպելով նրան հրաժարվել իր ասածներից, փոխանակ առանց ավելնորդ, երկար-բարակ ձևականությունների բռներ ու սպաներ նրան: Քանզի իրերին մոտենալու նրա և նրա համախոհների եղանակից այնուհետև (շատ կարճ ժամանակի ընթացքում, եթե այդ առնչությամբ պատմական չափումը գործադրելու լինենք), առաջ եկան երկաթուղային չվացուցակները, գործարանային մեքենաները, բնախոսական հոգեբանությունը և ժամանակակից բարոյական այլասերումը, որի դեմ եկեղեցին այլևս ոչինչ չի կարող անել: Այդ սխալը եկեղեցին հավանաբար կատարել է չափազանց մեծ խելացիության պատճառով, քանի որ Գալիլեյը ոչ միայն անկման օրենքի և երկրագնդի շարժման հայտնագործողն է, բայց նաև մի գյուտարար, որով հետաքրքրված է, ինչպես այսօր կասեին, խոշոր կապիտալը, և բացի այդ նա միակը չէր, որ այն ժամանակ համակված էր այդ նորահայտ ոգով: Ընդհակառակը, պատմական փաստացի իրողություններն ապացուցում են, որ նրան ոգեշնչած այն սթափությունը, վարակի տարածման հանգույն, հախուռն ու լայն ծավալապաշտություն ձեռք բերեց, և որքան էլ այսօր դատապարտելի հնչի որևէ մեկին սթափությամբ ոգեշնչված անվանելը, որի պակասը մենք այսօր պետք է որ չունենանք, այն ժամանակ մետաֆիզիկայից արթնացումը դեպի իրերի վերաբերյալ խստադաժան հետազոտությունը, դատելով բոլոր տեսակի վկայություններից, ուղղակի ասած եղել է զգաստամտության արբեցումն ու կրակը… Սակայն եթե ինքներս մեզ հարցնելու լինենք, թե հատկապես ինչու մարդկության խելքին փչեց ինքն իրեն այդպես վերափոխել, ապա դրա պատասխանն է, որ նա վարվեց ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր խելամիտ երեխան է վարվում, երբ նա շատ վաղ փորձում է քայլել. նա նստում է գետնին և դիպչում է նրան վստահելի և ոչ այնքան ազնվական մարմնի մասով. այս դեպքում կարելի է ասել` նա դա արեց հենց նրանով, ինչի վրա նստում են: Քանի որ ամենաարտառոցն այստեղ այն է, որ երկիրը չափազանց պատրաստակամ գտնվեց ընդունելու այն և այդ շփումից ի վեր թույլ է տալիս իր միջից դուրս կորզել հայտնագործություններ, հարմարություններ և գիտական եզրակացություններ, որոնք, ասես առատության եղջյուրից թափվելով, սահմանակցում են հրաշքին:
Այս նախապատմությունից հետո կարելի է ոչ առանց իրավացիության հիմքի կարծել, որ այստեղ մենք գործ ունենք նեռի հրաշագործության հետ, որի հենց սրտամիջուկում էլ մենք գտնվում ենք: Քանզի վերևում գործածված շփման մասին այլաբանությունը հարկ է մեկնաբանել ոչ միայն հավաստիության իմաստով, այլև նույն հաջողությամբ նաև` անպատշաճության և դատապարտելիության առումով: Եվ իսկապես, մինչ մտավոր գործունեության մարդիկ իրենց մեջ փաստերի հանդեպ հաճույքը կհայտնաբերեին, դրան տիրապետում էին լոկ զինվորականները, որսորդներն ու առևտրականները, ասել է, թե խարդավանող և խստադաժան բնությամբ օժտվածները: Կենաց-մահու պայքարում խոհա-փիլիսոփայական դյուրազգացականությունները տեղ չունեն, բայց միայն ցանկությունը` հակառակորդին սպանել ամենակարճ և ամենաիրապաշտական եղանակով, այստեղ բոլորն էլ պոզիտիվիստ են: Նաև առևտրական գործերում էլ իրեն խաբել տալը դույզն-ինչ առաքինություն չի դիտվում, փոխանակ ամուր փաստերին կառչելուն, որի դեպքում շահադիտությունը, վերջին հաշվով, նշանակում է դիմացինին ծնկի բերելու, հաղթանակ կորզելու հոգեբանական և հանգամանքներից բխող կարողություն: Մյուս կողմից, եթե նայելու լինես, թե ինչպիսի հատկություններն են, որ հայտնագործությունների են առաջնորդում, ապա հարկ է նկատել, որ դա ազատությունն է ավանդական ակնածանքից և կաշկանդվածությունից, խիզախությունը, նույն չափով էլ ձեռներեցության և ոչնչացման ծարավը, բարոյական ըմբռնումներից ձերբազատումը, համբերատար սակարկումը նվազագույն եկամուտ ձեռք բերելու համար, համառ սպասողականությունը նպատակին հասնելու ճանապարհին, եթե դա անհրաժեշտ է, և հարգանքը չափի ու թվի հանդեպ, որը անվստահության ամենավառ արտահայտությունն է հանդիսանում ամենայն անորոշի հանդեպ: Այլ խոսքով` այլ բան չես հայտնաբերում, քան այն նույն հին որսորդական, զինվորական և առևտրական արատները, որոնք այստեղ սոսկ հոգևոր դաշտ են փոխանցվել և վերաիմաստավորվել են իբրև առաքելություններ: Ու թեև դրանք զուրկ են անձնական և հարաբերականորեն ցածր եկամուտի հետամուտ լինելու ձգտումից, սակայն նախաստեղծ չարիքի տարրը, եթե միայն կարելի է ասել, նման կերպափոխության ընթացքում անգամ չի կորսվել, քանի որ այն, ըստ երևույթին, անխորտակելի է ու հավերժ, առնվազն նույնքան հավերժ է, որքան և ողջ մարդկայնորեն վեհը, քանզի ոչինչ ավելի հաճելի չէ նրա համար, քան այդ բարձունքի առաջ ոտքը պարզել և տեսնել, թե ինչպես է այն բերանքսիվայր գետնին տապալվում: Ո՞մ ծանոթ չէ այն չարաղետ գայթակղությունը, որը վայելչագեղ ջնարակված ծաղկամանին հմայված նայելիս թաքնված է այն մտքի մեջ, որ փայտիկի մի թեթևակի հարվածով կարելի է այն հարյուրավոր կտորտանքների բաժանել: Դառնության հերոսականության աստիճանին բարձրացված, որ կյանքում չի կարելի ոչնչի վստահել, բացի ամրակուռ ու ամրապինդ բաներից, գայթակղությունն այդ գիտության սթափության մեջ ներդրված հիմնական զգացողությունն է, և եթե ակնածանքից ելնելով չեն ցանկանում այն սատանա կոչել, համենայնդեպս ձիու խանձամազի մի թեթևակի հոտ առնվազն դրանից գալիս է:
Կարելի է հենց թեկուզ սկսել այն յուրահատուկ նախասիրությունից, որ գիտական մտածողությունը տածում է մեխանիկական, վիճակագրական, նյութական-իրեղեն բացատրությունների հանդեպ, որենցից սիրտն ասես պոկած-հանած լինեն: Բարությունը որպես սոսկ էգոիզմի առանձնահատուկ ձև դիտարկելը: Հոգեկան զեղումների կապակցումը ներքին արտազատության գեղձերի հետ: Հաստատումը, որ մարդը ութ կամ ինը տասներորդական մասով ջրից է բաղկացած: Բնավորության հանրահայտ բարոյական ազատության բացատրությունը ազատ առևտրի մեքենայաբար ծագած մտավոր հավելուկ լինելու հանգամանքով: Գեղեցկությունը լավ մարսողությանը կամ առողջ ճարպահյուսվածքին հանգեցնելը: Բեղմնավորումն ու ինքնասպանութունը տարեկան կորի վերածելը, որով այն, ինչը թվում է թե ազատ կամքի արտահայտություն է, ցուցադրել իբրև հարկադիր գործողություն: Հարբածության ու հոգեկան հիվանդության միջև ազգակցական կապ տեսնելը: Հետույքի անցքն ու բերանն իբրև միևնույն տրակտի ռեկտալ և օրալ ծայրույթներ նույնականացնելը… Նմանօրինակ գաղափարները, որ կարծես բացահայտում են այն ձեռնածուական հնարքը, որի վրա կառուցված է մարդկային պատրանքների կախարդական աճպարարությունը, մշտապես մի ինչ-որ բարենպաստ նախատրամադրվածություն են գտնում, որպեսզի առանձնահատուկ գիտականության համարում ստանան: Բայց, իրականում, ճշմարտության հանդեպ սերն է, որ այստեղ ակնբախորեն երևութանում է, սակայն այդ մաքրամաքուր սիրո շուրջբոլորը ընկած է նաև նախասիրությունը պատրանաթափության հանդեպ, հարկադրանքի, անողոքության, արագ սառեցման և չոր սթափամտության հանդեպ, չարախինդ ու խարդավանող նախասիրությունը կամ առնվազն այդօրինակ զգացմունքների անինքնակամ արտահեղումը:
Այլ խոսքով, ճշմարտության ձայնն ուղեկցվում է կասկածելի կողմնակի աղմուկով, սակայն դրանում ներգրավված ամենաշահագրգիռ մասնակիցները չեն ուզում դա լսել: Ընդսմին, հոգեբանությունն այսօր ծանոթ է այդօրինակ բազմաթիվ խեղդվածեղ ուղեկից աղմուկների, և արդեն իսկ պատրաստի խորհուրդ ունի պահած, որ դրանք պետք է արտազատել և հնարավորինս պարզորոշ պատկերացում կազմել այդ առնչությամբ, որպեսզի կանխարգելվի դրանց վնասակար հետևանքները: Ուրեմն ի՞նչ կլիներ, եթե մենք ցանկանայինք նման մի փորձ ձեռնարկել և գայթակղությունն ունենայինք բացեիբաց ի ցույց դնելու, այսպես կոչված` վստահելու նրան կյանքի ասպարեզ բաց թողնելու այդ երկիմաստ ճաշակը` հանդեպ ճշմարտության և հանդեպ նրա մարդատյաց ու դժոխարմատ չարափառ կողմնաձայների: Այդժամ մենք գործ կունենայինք իդեալիզմի մոտավորապես այն պակասի հետ, որն արդեն իսկ նկարագրվել է Ճշգրիտ կյանքի ուտոպիա վերնագրի ներքո, փորձնական և ժամանակային մի հայեցակարգ, սակայն ենթակա պատերազմական ժամանակի երկաթյա օրենքներով կարգավորվելուն, որ բնորոշ է հոգևոր ձեռքբերումներին: Կյանքի կազմակերպմանն ուղղված նման մոտեցումն անշուշտ ո’չ հոգածու-պահպանչական է, ո’չ էլ խաղաղարար: Այդժամ կյանքի արժանացած ամեն ինչին նայում ես ոչ միայն ակնածանքով, այլ ավելի շուտ որպես մի սահմանաբաժան գծի, որը ներքին ճշմարտության համար մղվող պայքարը մշտապես տեղից-տեղ է շարժում: Նման մոտեցումը կասկածի կենթարկեր աշխարհի այսրվայրկենական կացության սրբազնականությունը, բայց ոչ թե կասկածամտությունից դրդված, այլ բարձրանալու տրամադրվածությունից ելնելով, երբ ոտքը, որ ամուր կանգնած է, ամեն անգամ ավելի ցածր կետում է գտնվում: Եվ նման մի Ecclesia militans -ի կրակի մեջ, որն ատում է ուսմունքը` հանուն դեռևս չբացահայտվածի, չհայտնութենավորվածի և զանց է առնում է օրենքն ու սովորույթը` հանուն իր իսկ մերձակցի հանդեպ հավակնոտ սիրո, սատանան վերադարձած կլիներ Աստծո մոտ կամ, ավելի պարզ ասած, ճշմարտությունն այնտեղ նորից դարձած կլիներ առաքինության քույրը և կդադարեր այլևս գաղտնաբար չարափառ աղտեղություններ գործել նրա դեմ, ինչպիսիք ջահել զարմուհին է մոգոնում ծեր օրիորդ մնացած մորաքրոջ հանդեպ:
Այդ ամենն այժմ, ավելի կամ պակաս գիտակցականությամբ, երիտասարդ մարդն իր մեջ է ընդունում գիտելիքի լսարաններում, հավելադրության կարգով ծանոթանալով մեծազոր կոնստրուկտիվ աշխարհայեցության տարրերի հետ, որը խաղացկուն խանդով իրար է միակցում մեկը մյուսից շատ հեռու այնպիսի բաներ, ինչպիսիք են գահավիժող քարը և պտտվող աստղը, մինչդեռ առարկան, որ, թվում է միասնական ու չտարանջատված, ինչպես պարզագույն գործողության ծագումը գիտակցության կենտրոններում, հոսքերի է բաժանում, որոնց ներքին ակունքները հազարավոր տարիներով իրարից տարանջատված են: Բայց եթե մեկի մտքով անցնելու լինի այդ եղանակով ձեռք բերած աշխարհայեցությունը գործածելու ինչ-ինչ մասնավոր, առանձնահատուկ խնդիրների սահմաններից անդին, նրան անմիջապես էլ հասկացնել կտան, որ կյանքի պահանջմունքներն ուրիշ են` համեմատած մտքի պահանջմունքների հետ: Կյանքում ամեն ինչի գրեթե հակառակն է տեղի ունենում, այն, ինչին սովոր է մտավարժանքի փորձաշրջան անցած ուղեղը: Բնական տարբերություններն ու նմանություններն այստեղ շատ բարձր են գնահատվում: Գոյություն ունեցողը, ինչպիսին էլ այն լինի, մինչև մի որոշակի աստիճան որպես մի ինչ-որ բնական բան է ընկալվում, որին չեն սիրում ձեռք տալ: Անհրաժեշտ դարձող փոփոխությունները կատարվում են շատ դանդաղեցված և միաժամանակ այս ու այնտեղ թավալգլոր տվող ընթացքով: Եվ եթե որևէ մեկն, օրինակ, զուտ խոտաճարակային համոզմունքներից ելնելով, կովին Դուք-ով դիմելու լինի (իրավացիորեն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ էակի հանդեպ, ում դու-ով ես դիմում, ավելի հեշտ է վերաբերվել` առանց ավելորդ հարգանքի ցույցերի), ապա նրան խև կսեպեին, եթե ոչ խեղկատակ: Բայց ո’չ նրա կենդանասիրական կամ խոտաճարակային համոզմունքների պատճառով, որոնք հույժ մարդասիրական են գտնում, այլ այն բանի համար, որ նա դրանք անմիջականորեն իրականության մեջ է տեղափոխում: Մի խոսքով, խելքի և կյանքի միջև բարդագույն փոխհարաբերակցություն է հաստատված, ընդ որում` այստեղ հոգուն վճարվում է իր հազարավոր պահանջմունքների առավելագույնը հիսուն տոկոսը, սակայն փոխարենը դրա համար նրան զարդարելու պես մեծարում են պատվավոր վարկատու-հոգաբարձուի տիտղոսով:
Բայց եթե խելքը, այն հզորագույն կերպարանքով, որպիսին նա վերջընթեր շրջանում ձեռք է բերել, ինչպես և ենթադրվել էր վերևում, ինքն էլ մի հույժ առնական սուրբ է` զինվորական և որսկանական հարակից անառաքինություններով հանդերձ, ապա նկարագրված հանգամանքներից հարկ է եզրակացնել, որ նրա մեջ ներդրված հակումը դեպի արատավորությունը ուրիշ ոչ մի տեղ չի կարող իր մշտապես հոյակերտ ամբողջականության մեջ ինքնացուցադրվել, ոչ էլ կարող է ավելի հարմար առիթ գտնել մաքրվելու իրականության հետ շփումից, ուստի և ավելի մեծ հավանականությամբ է հանդիպում ամեն տեսակ հույժ զարմանալի, չվերահսկվող ճանապարհներին, որոնցով էլ նա ճողոպրում է իր անպտուղ ներփակության գերությունից: Ընդսմին` անկախ այն բանից, թե մինչև այստեղ ողջը ընդամենը խաղ էր պատրանքներով, թե ոչ, բայց չի էլ կարելի ժխտել, որ այս վերջին ենթադրությունը յուրահատուկ մի եղանակով հաստատվում է: Գոյություն ունի մի անանուն կենսատրամադրություն, որ այսօր ոչ քիչ թվով մարդկանց արյան մեջ է, ավելի մեծ չարիքի սպասումը, ընդվզման պատրաստակամությունը, անվստահությունն այն ամենի հանդեպ, ինչը պաշտամունքի առարկա է հանդիսանում: Կան մարդիկ, ովքեր բողոքում են երիտասարդության միջավայրում իդեալների բացակայությունից, սակայն այն պահին, երբ նրանք պետք է գործեն, վարվում են միանգամայն մեքենայական եղանակով, ճիշտ այնպես, ինչպես որևէ մարդ, ով գաղափարի դեմ ամենաառողջ անվստահությունից դրդված` ամրապնդում է նրա փխրուն ուժը որևէ դագանակի օժանդակությամբ: Գոյություն ունի՞, այլ կերպ ասած, որևէ բարեպաշտ նպատակ, որը պարտադիր կերպով օժտված չլիներ դույզն-ինչ փչացածությամբ և մարդկային ստորագույն հատկությունների հեռահաշվարկով, որպեսզի այս աշխարհում լուրջ համարվեր ու լրջմիտ: Այնպիսի բառերն, ինչպիսիք են` կապել, ստիպել, շրջանառել, ոչ մի բանի առաջ չկանգնել, ուժեղ քայլ, վստահություն շարժող հաճելի հնչողություն ունեն: Այնպիսի գաղափարներն, ինչպես` մեծագույն ուղեղը, եթե նրան զորանոց գցեն, ութ օրվա ընթացքում ֆելդֆեբելի հրամանից ցատկոտել կսովորի, կամ մեկ լեյտենանտը և նրա ձեռքի տակ ութ մարդ հերիք են կալանավորելու համար աշխարհի ցանկացած շաղակրատ խորհրդարան, ճիշտ է, ավելի ուշ, իրենց դասական արտահայտությունը գտան այն հայտնագործության մեջ, ըստ որի` մի քանի գդալ տզկանեփի ձեթ լցրու իդեալիստի բերանը և ամենաանդրդվելի համոզմունքներն անգամ ծիծաղելի կդառնան, սակայն դրանք, այդ գաղափարները, թեև վաղուց արդեն կատաղի վրդովմունքով դուրս էին վանում, նորից վերադառնում էին մղձավանջային երազների վայրի համառությամբ: Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդու երկրորդ միտքը, ով դեմ առ դեմ է կանգնում որևէ ցնցող երևույթի հետ, անգամ եթե այն իրեն ցնցում է իր գեղեցկությամբ, հանգում է հետևյալին. դու ինձ չես ֆռռացնի, դու դեռ կսողաս իմ ոտքերի առաջ: Եվ դիմացինին փոքրացնելու այդ հալածատանջ անող և ցօրս տիրապետող մոլուցքը, որ այս դարաշրջանի ուղնուծուծն է կազմում, այլևս, հավանաբար, կյանքի այն բնական բաժանումը չէ ցածրի ու բարձրի, այլ ավելի շուտ ոգու ինքնաձաղկիչ ընթացքն է, նրա անասելի հաճույքը թատերական տեսարանից, որ բարին կարելի է նվաստացնել և զարմանալի հեշտությամբ կործանել: Դա այնքան էլ չի տարբերվում կեղծիքի մեջ իրեն բռնելու կրքոտ ցանկությունից, և գուցե այն բնավ էլ ամենաանմխիթարականը չէ` հավատալ մի դարաշրջանի, որը լույս աշխարհ է եկել հետևն առաջ արած և միայն մի բանի կարիքն ունի, այն, որ արարչի ձեռքով շրջվի ու իր տեղն ընկնի:
Այսպիսով տղամարդկային ժպիտը, հետևաբար, ասվածից շատուշատ բաներ պետք է որ արտահայտելիս լիներ, նույնիսկ եթե այն խուսանավում է ինքնազննումից կամ ընդհանրապես դեռևս գիտակցությանը չի հասել, հենց այդպիսի տեսք ուներ այն ժպիտը, որով նշանավոր մասնագետ-հրավիրյալների մեծամասնությունը ենթարկվում էր Դիոթիմայի գովասանական մղումներին: Այդ ժպիտը խուտուտի պես բարձրանում էր ոտքերի ծայրից, որոնք իրենք էլ չգիտեին, թե ուր պետք է ուղղվեին և որպես բարյացկամ զարմանք հանգրվանում էր դեմքին: Ուրախանում էին, երբ տեսնում էին որևէ ծանոթի կամ մոտիկ գործընկերոջ և կարող էին հետը զրուցել: Այնպիսի զգացողություն էր, որ տուն գնալուց առաջ, դռնից դուրս գալուց հետո պետք կլիներ մի երկու անգամ ոտքերն ամուր սեղմել հողին` որպես ստուգողական միջոց: բայց և այնպես ամեն ինչ հոյակապ էր կազմակերպված: Այսպիսի ընդհանուր բնույթի ձեռնարկումները անշուշտ երբեք իսկական բովանդակություն ձեռք չեն բերում, ինչպես որ բոլոր ամենաընդհանրական և ամենաբարձր գաղափարները: Արդեն իսկ շուն բառը դուք չեք կարող պատկերացնել, թե դա մի որոշակի շան է վերաբերում, թե որոշակի հատկություններով օժտված շների տարատեսակի, դե իսկ հայրենասիրությունը կամ գեղեցկագույն հայրենասիրական գաղափարը դուք ընդհանրապես չեք կարող ամենահեռավոր ձևով անգամ պատկերացնել: Սակայն, եթե դա անգամ բովանդակություն չունի, սակայն մի ինչ-որ իմաստ պետք է որ ունենա, և դա բոլորովին վատ չէ` ժամանակ առ ժամանակ արթնացնել այդ իմաստը: Մեծամասնությունն այսպես էր խոսում իրար հետ, գերազանցապես, սակայն, անգիտակից լուռքին անձնատուր: Մինչդեռ Դիոթիման, որ դեռևս կանգնած էր գլխավոր հանդիսասրահում և գնահատանքի խոսքեր էր ասում ուշացողներին, զարմանքով և անհստակ լսեց, որ իր շուրջը աշխույժ խոսակցություններ էին սկիզբ առել, որոնցից, եթե նա չէր սխալվում, ոչ հազվադեպ իր ականջին էին հասնում նկատառումներ բոհեմական կամ բավարական գարեջրերի տարբերությունների կամ հրատարակչությունների հոնորարների վերաբերյալ:
Ափսոս, որ նա անկարող էր հետևել իր հրավիրյալներին նաև փողոցի կողմից: Այնտեղից նրանք շատ ավելի հրաշալի էին երևում: Լույսը պայծառ շողշողում էր բարձրադիր պատուհանների ճակատամասերից երևակվող վարագույրների թիկունքից, որն ավելի էր ուժեղանում հեղինակություններին և բարձրաշխարհիկներին սպասող կառքերի լուսափայլից և ափիբերան անցորդների հայացքներից, որոնք անցնելիս կանգ էին առնում և միառժամանակ աչք էին ածում` հայացքները դեպի վերև հառած, առանց իմանալու, թե ինչու: Դիոթիման շատ կուրախանար, եթե միայն կարողանար տեսնել դա: Մթնշաղի լույսի մեջ, որ տոնակատարությունը փողոց էր նետում, մշտապես կանգնած էին մարդիկ և նրանց թիկունքից սկիզբ էր առնում մեծազոր մթությունը, որը, մի փոքր էլ ավելի հեռվում` կտրուկ անթափանց էր դառնում:

Գերմաներենից թարգմանությունը` Աշոտ Ալեքսանյանի

 

Share Button

6 Կարծիք

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Ուռռռռռռռաաաաաա, փաստորեն մեր սիրելի Աշոտը արդեն լուրջ է լծվել Մուզիլի այս գլուխգործոցը թարգմանելու գործին: Աշոտ ջան, ողջույն:

  • Տաթև says:

    Ապրեք, ժողովուրդ 🙂

  • Շատո says:

    Սիրելի Արքմենիկ, լծվելը լծվել եմ, միայն թե լուծը շատ ծանր է և թերևս բարձրյալի միջամտության կարիքը զգացվի: Մի 700 էջի չափ արդեն թարգմանված է, սակայն կարծես թե դադար եմ տվել և, առնվազն, մի քանի տարով: Մի տեսակ հուսահատված եմ այն գիտակցումից, թե բացի մի երկու տասնյակ գրականության նվիրյալներից, ուրիշ էլ ով իրեն դժվարություն կտա պրկելու պարապուրդի մատնված միտքն ու հոգին` առնչակցվելու գոյության խորհրդի որոնումներին: Գիտես, միշտ չէ, որ հուսահատությունը կարելի է բուժել, մանավանդ եթե ոչ ախտորոշումն է հայտնի, ոչ էլ բուժամիջոցն է փորձարկված: Երևի թե սպասենք լավագույն ժամանակներին:

  • Կարեն Անտաշյան says:

    Աշոտ ջան, պինդ կաց:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Աշոտ ջան, ես ուզում եմ, որ մենք ստեղծենք էդ լավագույն ժամանակ ասվածը, և ուզում եմ իմանաս, որ քո հուսահատվելը (Աստված չանի, իհարկե), կհուսահատեցնի նաև այն մի երկու տասնյակ գրականության նվիրյալներին, ուստի` միշտ պինդ եղիր ոգով, և մի հետաձգիր քո մշակութային սխրանքը: Վստահ եղիր, որ դրանով դու ժամանակի դիմագիծն ես փոխելու նաև:

  • Ashot Alexanian says:

    Կարեն ջան, Արքմենիկ ջան, կաշխատեմ, իհարկե, չհուսալքել հոգեկից ընկերներիս, մանավանդ որ ինքս ինձ էլ չէի ցանկանա հուսահատեցնել, և կփորձեմ, ինչպես Գրիգոր Պահլավունի Մագիստրոսը կասեր, ի հեճուկս ”արշավանաց հինից եւ խուժադուժ ժամանակաց” դույզն-ինչ իմ լումաբաժինը բերել լավագույն ժամանակների հրաշակերտմանը, զոր գալոց են, առաջնորդվելով, թերևս, նույն իմաստունի ”…ամենայն տգիտութիւն զյանդգնութիւն գործի եւ ծուլութիւն զմեղս…”
    համախոսականով: Ձեզ բոլորիդ խինդ ու կորով… Հուսով եմ ամռաը կտեսնվենք…
    …Ճիշտն ասած` փակագծերի մեջ դրված բառերս չգիտես ինչու կորչում են, ուստի նորից եմ կրկնում տվյալ դեպքում ոչ թե ասելիքս, այլ ասածս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *