ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ | Փիղը

© Brent Lewin


-Ասա ի՛նը:
– Ի՛նը:
-Ուտես փղի տակինը:
Մանկության հիշողություն

###
Փղին Թոխմախ թաղեցին: Կպչուն-շոգ օր էր: Նույնիսկ քահանան ալարելով էր կարդում, ծամծմում էր բառերն ու մանրից առաջ անցնում, զգացվում էր, որ կոկորդը չորացել է, միայն երբեմն բարձրացնում և խստացնում էր ձայնն ու թաշկինակով խաչն արագ ձախից աջ տեղափոխում իբրև ծեսի մաս, բայց հաստատ վրա տված ճանճերին էր քշում դեմքից: Արևն էնքան վառ ու թունդ էր, որ չէր երևում. տարօրինակ բան. ես ընթացքում քանի անգամ հայացքով պրպտեցի երկինքն, ու արևն աչքովս չընկավ:
Քամի չկար: Խնկահոտ չկար: Լաց ու կոծ անող չկար:  Սխտորի հոտ կար շատ… զզվելի շատ:
Գերեզմանի տեղը խիստ նեղվածք էր` հազարավոր իրար շալակած տապանաքարերի մեջ հազիվ խցկված: Տղերքի մի մասը բարձրացել էին համեմատաբար հնոտ` գոնե 60-ականներից էն կողմ թաղված մեռելների գերեզմաններին:
Փղի փոսը սովորական գերեզմանափոսերից երկու անգամ լայն էր փորված: Սկզբում մտածեցի` ապուշ կատակ են արել: Հետո տղերքից մեկը բացատրեց, որ կողքի գերզմանի տերը կռվով-դավով ստիպել է նախնական փոսը իր գերեզմանից մի մետրաչափ տեղափոխել, որովհետև նախատեսել է մեծացնել էդ տարածքը` իրեն էլ հետո կնոջ կողքը տեղավորելու համար, ու Փղին պետք է թաղեին փոսի հարավային պատի տակ, որ հյուսիսային հատվածում տեղ ազատվեր հարևանի ընտանեկան դամբարանի համար:
Հրաժեշտի հրմշտոցի մեջ ոմանք ուզում էին առաջանալ. ինձ հետևից հրեցին ու  քիչ էր մնում` փոսի մեջ ընկնեի: Հետո, երբ Փղին իջեցրին ու քաշեցին փոսի հարավային պատի տակ, ես նկատեցի էդ զարհուրելի, մի մարդաչափ դատարկությունը, որ ընդգծվեց նրա դագաղի կողքին:
էդ ամիս անձրև չեկավ քաղաքում:

### կամ 3 օր, 3 գիշեր

Զորակոչվելուս ընդամենը երեք օր էր մնացել, երբ ընտանեկան խորհուրդն արձանագրեց մի անշրջանցելի փաստ. ո՛չ ինձ խոստացված մեխֆակի ասպիրանտական տեղը կար, ո՛չ հորիցս 4500 դոլլար վերցրած վարչության պետը, կարճ ասած` մեզ լկտիորեն քցել էին ու… սկսվեց ինձ բանակ ճանապարհելու լացուկոծաարտասվախառը արարողակարգը:
Ես այնքան էլ ծանր չտարա: Արդեն զզվել էի սպասումի ու վախի, ինձ անընդհատ կոտորելու էդ քայքայող դրությունից, որ արդեն 5-6 տարի ինձ ներշնչում էին մերոնք: Էդպիսի «ճշմարտություն» կար, որ ես գերդաստանիս ամենախելացի ու հաջողված դեմքն եմ, գերդաստանի անունն ու պատիվը փրկողը, ազգի անգործ տղամարդկանց գործի տեղավորվելու հույսը և կանանց` ազնվացեղ տեղերից ինձ համար աղջիկ հավանելու հաճույքը պարգևողը: Ասա` էդ ինչի՞ պիտի ես բացառություն լինեի, երբ 4500-ից ընդամենը 350 էր պակասում, պապան ցանկով զանգեց մեր բոլոր առաջին ու երկրորդ կարևորության բարեկամներին և մեկը չեղավ, ում համար այդ գումարը թեմա չէր… ռամիկ մեռնում էր ազգուտակս:
Պրծա:
Հիմա ես ինձ զգում էի մոտավորապես այնպես, ոնց որ Քրիստոսը չարչարանքներից առաջ` այսինքն. «Թքա´ծ, թե երեք օրից գլուխս ուտելու են, մեկ ա, ես միակն եմ ում վերջը լավ ա լինելու»:  Ուրախ էի, որ գոնե մերոնք իրենց մեղավոր չեն զգա ինձ բանակ տանելու համար, քանի որ արել էին հնարավոր ամեն ինչ` մասնավորապես ծախել էին պապայի ցեցոտ 07 ժիգուլին,  մամայի օժիտի 1,2 հեկտար անջրդի հողատարածքը գյուղում, որից երբեք մի դրամ չենք ունեցել, պապիս ոսկերչական արհեստանոցում անիմաստ ծերացող մի քանի հաստոցները, որոնք տատս նրա մահից հետո խնամքով պահպանում էր: Այսինքն փողի էինք վերածել մի շարք գաղափարապես կարևոր, բայց ըստ էության անպետք բաներ ու… ապարդյուն:
Նախավերջին օրը հիմնական ծիսակարգն էր:
Էնքան հարևան, բարեկամ, ծանոթ, ընկեր ու եսիմովքեր էին եկել, որ տանը ասեղ գցելու տեղ ու շնչելու օդ չկար: Նրանք բոլորն իրենց պարտքն էին համարում ինձ պաչպչելն ու խրախուսական բաներ ասելը: Առաջին իսկ կես ժամում ես միանգամից հարբեցի, որ հաղթահարեմ «բանակի քեֆ» փորձությունն ու ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր երկու օրից բանակ չէին գնալու, ովքեր ընդհանրապես չէին գնալու, ովքեր գնացել- եկել էին, ովքեր երկու օրից վերադառնալու էին: Մեր տան նախաբանակային կամ ավելի ճիշտ նախապատերազմական էդ իրարանցումը կանանց լացելու ու ողբալու, տղամարդկանց հարբելու ու փիլիսոփայելու նյութ էր տալիս:
Միջոցառման կեսերից սեղանի անկյունում մի տասնյակ սևազգեստ, անթրաշ, շատ ծխող, շատ խմող, քիչ ուտող ու շատ խոսող տղերքի բրիգադ կուտակվեց, որոնց պարտադրված էի լսել, լսել, գլուխս խոհեմաբար ու խորհրդավոր տմբտմբացնել, էլի լսել, հա´ լսել, էնքան լսել, մինչ ականջներս թոշնեցին ու ապրիլի 7-ին չծախված ապրիլի 10-ի կակաչների նման կախվեցին վրայիցս: Բայց տե´ս… իմ ինտելեկտուալ ընդդիմությունն ու ամեն դեպքում իրենցից շատ հասկանալու ներքին համոզումը կեսից սկսեցին դավաճանել ինձ, ջանս դող ընկավ ու ես անկեղծ վախեցա: Զգացի, որ տղերքի պատմածներն ու վերլուծությունները, խորհուրդներն ու ճշտի մեկնություններն ինձ օդի ու ջրի պես պետք են` բանակում ճակատագրական սխալներ չանելու համար:
Լռվեցի:
Լսեցի, բոլոր էդ ցուցումները կլանեցի ծխախոտի ծխի ու արաղահոտի հետ, փորձեցի հասկանալ, չհասկացածս երևակայեցի, ու դրանից զզվելի վախ ընկավ սիրտս:
Էլի խմեցի…
Զոռով-ճարով գիշերվա 2-ի կողմերը կոչ ու անկոչ հյուրերս ցրվեցին: Գիշերվա 2-4-ը հայրական օջախի հարազատ ունիտազի հետ անմոռանալի գիշերային ժամեր անցկացնելուց հետո` պառկեցի, 5-ի կողմերը խաղաղվեցի ու էլի սկսեցի խորանալ:
Ամեն դեպքում, իմ ինժեներ-մեխանիկի ուղեղը առաջին իսկ գիշերը յուրացրեց, համակարգեց և ուղեղի դարակներով սիրուն դասավորեց տղերքի ինձ սովորացրած ճիշտ ու սխալ անելու ալգորիթմը` «լավ տղու կոդեքսը», որն այնքան ազնվական ու ասպետական թվաց, որ ես ճշտով ոգևորվեցի:
Ի դեպ, հավեսի համար բանակ մեկնելուս նախորդ գիշերը կոմպի վրա փորձեցի ձևակերպել հասկացածս` մի ապուշ գաղափար, որ երևի մինչ ինձ ոչ ոքի մտքով չի էլ անցել.

[Լավ տղու կոդեքսը]

Լավ տղու ֆունդամենտալ սրբությունն իր ինքնասիրությունն է:
Լավ տղու հատկանիշներն են` շնորհքը, մաքրությունը (հոգեմարմնական), պատասխանատվությունը ասածների և արածների համար:
Լավ տղու թվարկելի սրբություններն են` ծնողները (որոշ վերապահումներով), կենսաբանական ախպերներն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե լավ տղերք են, կենսաբանական քույրերն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե օրինավոր են, բոլոր նրանք, ում լավ տղեն ընդունում է որպես ախպեր կամ քույր,  ընտանիքը, տունը, հացը, սեփական և այլ լավ տղերքի երեխեքը, ընկերները (հիմնականում լավ տղերքի համար կինը կամ սիրած աղջիկը սրբություն են, բայց սա չի պնդվում):
Լավ տղուն ու նրա «ճիշտը» (որ հիմնականում նույն բանն են) ոչ ոք չի կարող անտեսել:
Լավ տղեն չի խաբում լավ տղերքին:
Լավ տղուն չեն խաբում այլ լավ տղերքը:
Լավ տղուն չեն կարող ասել, թե նա ինչ և ինչպես անի:
Լավ տղուն չի կարելի բացատրել ճիշտը, կարելի է միայն բացատրվել նրա առաջ:
Լավ տղու համար աղջկա, նույնիսկ լավ աղջկա (իգական սեռի առաքինի ներկայացուցչի), ասածը ինքնին  հիմնավոր և ճշմարտացի չէ:
Լավ տղու կողմից ինչ-որ մեկի (հիմնականում լավ տղերքի) մասին հավաստի տեղեկատվության կամ նպատակային ապատեղեկատվության  կանխամտածված փոխանցումն այնպիսի  անձանց կամ կառույցների (ոչ լավ տղերքի), ովքեր կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը տվյալ անձի կամ անձանց դեմ, նրան ցմահ զրկում է լավ տղու նախաստեղծ մաքրության իմունիտետից:
Լավ տղեն օրալ և օնալ սեքս չի անում «կրավորական» դիրքերով (այլ խտրականություններ, ինչպիսիք ասենք զուգընկերոջ սեռական ու ազգային պատկանելությունն են, չկան):
Տղամարդու կամ կնոջ հետ «կրավորական» դիրքերով օրալ և օնալ սեքսուալ հարաբերությունների փորձառությամբ տղամարդիկ և կանայք միակողմանիորեն համարվում են պիղծ և լավ տղեն պետք է բացառի նրանցից սնունդի ընդունումը ու նրանց օգտագործած իրերի (հիմնականում սպասքի) օգտագործումը: Ամուսնական հարաբերություններում նույնպես լավ տղու համար արգելվում են էդպիսի «դիրքերը»:
Լավ տղեն ենթադրաբար հայ է, բայց դա չի պնդվում: Չնայած պարզ է, որ ոչ մի միջին վիճակագրական եվրոպացի տղամարդ  չի կարող լավ տղա լինել:
Լավ տղեն ենթադրաբար խաչապաշտ է, այսինքն նրա համար սուրբ նշան է համարվում խաչի խորհրդանիշը: Զուտ քրիստոնեական բանաձևերը ոչ մի կերպ չեն պնդվում:
Լավ տղու հարցերը ոչ մեկ իրենից լավ չի կարող լուծել:
Լավ տղու համար չհարգված բիզնես է համարվում պոտենցյալ հաճույքի հատկանիշներով  օժտված օբյեկտի կամ սուբյեկտի շահադիտական իրացումն այլ լավ տղերքի վրա. մասնավորապես կավատությունն ու թմրանյութի վաճառքն այս կատեգորիայի բիզնեսներ են:
Լիրիրկական կոնցեպտներից`
– լավ տղեն` Տղա´ է` օդում, ջրում, թե ցամաքում:
– տղուց տղայա ծնվում, լավ տղուց` աղջիկ:
Ցանկացած երկու լավ տղա պոտենցիալ համախոհներ են, այսինքն նրանց ախպերության համար ոչ մի խանգարող հանգամանք ըստ էության չկա:
Լավ տղեն ինքը այս արժեհամակարգի բարձրագույն արժեքն է, հավատարիմ պահապանն ու գլխավոր երաշխավորը, ճիշտը սխալից զատողը, մեղավորներից ու սրբապիղծներից «ստացողը» (նրանց պատժողը):
Բոլոր տղերքն էլ լավ տղա են ծնվում:
Լավ տղու համար, բացի վերը թվարկված կանոններից, ուրիշ ոչ մի օրենք ու կարգ և դրանց հիման վրա ձևավորված համակարգեր ու կառույցներ ընդունելի չեն, ինչը ենթադրում է, որ լավ տղեն բանակ չի գնում, նրան տանում են, իսկ նա, հանուն իր վերը թվարկված սրբությունների, խոհեմաբար, բայց ներքին դառնությամբ,  ժամանակավոր կուլ է գնում:

Ես լավ տղա եմ:
Մաքրության ու ընտրյալության ինչպիսի հիանալի զգացում. ես լավ տղա եմ:
Հին ժամանակներից մնացած սովորություն է, որ բանակ գնացողը պատերազմ գնացող է, պատերազմ գնացողը մեռնելու գնացող է, մեռնելու գնացողին գաղափարներ են պետք` մահը կյանքի համեմատ արժեվորելու համար, իսկ իմ գլխավոր գաղափարն ասում էր, որ ես չեմ գնում բանակ, ինձ տանում են, այսինքն չնայած ֆիզիոլոգիաս ծառայելու է` ես մտովի ազատ եմ, էդ ամեն ինչի դեմ եմ, համակարգից չեմ, որովհետև ես լավ տղա եմ:  Երբևէ եղած բոլոր պետական ռազմահայրենասիրական դաստիարակության ու քարոզչական մեքենաների տապալումն էր իմ գաղափարը, սակայն իմ գաղափարը ոչ մի կերպ չէր շրջանցում մահվան միտքը:
Շատ հին (երևի մամոնտի որսի) ժամանակներից ձևավորված արարողակարգ է նաև բանակ գնալու նախապատրաստությունը, երբ ամեն արժող-չարժող, ահել-ջահել, կայացած ու տեսական որսորդ քեզ պատմում է 765 պատմություն, 765 իրավիճակ, մանրամասնորեն նկարագրում, թե որի դեպքում «լավ տղեն»,  ենթադրաբար` դու, «իրան ոնց պտի պահի», դու, գլուխդ լիքը պատմություններով գնում ես «մարտի» ու թարսի պես էդ իրավիճակներից և ոչ մեկը հետո չի կրկնվում քո համար:  Փոխարենը քեզ հետ պատահում են բոլորովին այլ 765 իրավիճակներ, որոնցից մեծամասնութունում դու թքում ես և որոնց  շուրջ սարքված իմպրովիզ պատմություննրեով` ամբողջ կյանքում  հետո դու ես տանելու  մարդկանց գլուխը, որովհետև ոչինչ այնպես չի զարգացնում երևակայության գեղձերն, ինչպես սեփական անհաղթահարելի ցավը հաղթահարելու հոգեմարմնական ճիգը: Երևակայությունը մեր ամենակարևոր իմունային համակարգն է, որ հորինում ու եռաչափ է դարձնում այն, ինչ մենք չունենք ու չենք էլ ունենալու մեր խեղճության, թշվառության ու անզորության պատճառով` օգնելով հաղթահարել… չստացվող կյանքը:

### կամ քաչալը գնաց տանձի

Նախքան հայրենիքին ծառայելու բուն գործին անցնելը, մեզ տարան «վերամշակման ցեխ»:
Օտարածին մարմիններով մինչ էդ անձեռնմխելի համարվող մեր մարմնամասերի պետականորեն սահմանված մանրամասն ներխուժումները տևեցին մեկ գիշեր և երկու օրեր տան ու զորմասի միջակայքում: Ինչպես մսացու հավերին մորթ անող ախտազերծված  հոսքագծի վրա, տկլոր ու քյաչալ գյադեքի անվերջանալի հոսքի մեջ հա գնում ես առաջ, անցնում սենյակից սենյակ, ուր քեզ ստուգում են, չափագրում, ինչ-որ բաներ են ներարկում, ինչ-որ բաներ են քաշում միջիցդ, կոխում, հանում, ծակում, քերում, ասում են ասա` ա, ասա` օ, ասա` «եսիմ»` ուսերով, շնչի´, պահի´, շնչի´, պահի´, ասում են` քանի՞ ձու ունես, արա՛, չեն հավատում, ստուգում են շոշափելով: Եվ ի վերջո էդ օրը կյանքիդ մեջ առաջին անգամ դու այնքան տղամարդկային բարեմասնություն ես տեսնում (ճիշտ է, աչքի ծայրով, նենց չուզելով, պատահական), որքան իր ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում դժվար թե տեսած լինի մեր թաղի հայտնի Խնձորն ում վրա մարմնական սիրո գործնական գիտելիքներ են ստացել մեր թաղի տղամարդկանց առնվազն երեք սերունդներ:
Իսկ հետո ամեն ինչ շատ ավելի զավեշտալի էր, քան ես կարող էի պատկերացնել:
Հաստա´տ դժբախտ մարդուն ոչինչ այնչափ չի երջանկացնում, ինչպես իր նման և իրենից դժբախտ ուրիշ մարդկանց մասին իմանալը: Իմանալը որն է` շոշափելը, հոտոտելը, ուսումնասիրելը, հարց ու փորձ անելը, ընդհանուր ծանոթներ գտնելու դեսուդենը…
1500-ից ավել տղերք` բոլորն էլ մի դեմքով, մի գույնի, էլի ինչ-որ վարչության պետերից, թաղապետերից, նավապետերից քցված, խեղճ, կույս բատինկեքից ջարդված ոտքերով, մի շաբաթական բադի ճտի պես աջ ու ձախ օրորվելով, Արարատյան դաշտի լուսապայծառ, բայց դավադիր հուլիսյան արևի տակ եփ եկող արյունով, ուռած երակներով, սիրածին կարոտած-եղեռնից մազապուրծի աչքերով… ոնց նայում էիր, որ կողմ նայում էիր, դրանցից էին ու էլի բերում, մի շաբաթ հա բերում էին… կա´յֆ:
Չէ´, հենց միայն էն միտքը, որ մենակ դու չես էս օրին, արդեն ահագին երջանկացնում է, նույնիսկ եթե դժոխքում ես կամ էլի ինչ-որ մի տեղ էդ կողմերում:
Սա ուսումնական զորամաս էր, ուր ենթադրաբար կային «սովորողներ» (դա մենք էինք), «սովորացնողներ» (հիմնական կազմի ժամկետային սերժանտներ, ենթասպաներ, սպաներ) և այլ, իրենց համար շահեկանորեն չկողմնորոշված, կոնտինգենտ:
Սովորողներ դասը ամբողջությամբ փոփոխվում էր զորակոչից զորակոչ` տարին 2 անգամ, այսինքն այստեղ 6 ամիս էի անցկացնելու: Ամռանը այստեղ բերում էին բարձրագույնավարտներին, ձմռանը` տասնութ տարեկաններին: Հիմնական կազմի ժամկետային սերժանտները նույն սովորողներից ընտրվածներն էին (բնականաբար ոչ պատահականության սկզբունքով):

### կամ սեմինար

Առաջին օրը ծանոթներ չգտա:
Երբ անցավ էդ անհասկանլի օրն ու արդեն պառկել էինք, սերժանտիկները մտան կուբրիկ` այն սենյակը, որտեղ քնում էր մի դասակ` 21 հոգի (խնդալու բան. այդպես է կոչվում նավի վրա նավաստիների միասնական ննջարան-սենյակը… կարո՞ղ ա նավատորմ են ինձ բերել): Նրանք մեզ շշուկով, բայց բռնի սկսեցին հանել թմբիրից: Հետո տարան ամբողջ հարկով մեկ ձգվող միջանցքով մինչև վերջ, մի սենյակ` շատ մաքուր, փայլուն հատակով ու գծագրության լսարանի նման լայն սեղաններով: Լսարանը մեծ էր, բայց մենք երևի մի 60 հոգի կլինեինք ու հազիվ տեղավորվեցինք: Մեկն ուզեց ծխել, չթողեցին: Կողքիս տղերքից մեկն էն մյուսի ականջին ասեց` Փիղն ա գալու, կողքինն էլ շշուկով հարցրեց` լրջո՞վ… ու աչքերը զարմանքասարսափախառը չռվեցին-սառան: Սերժանտները մեզ դասավորեցին, հրահանգավորեցին չաղմկել,  չծխել, չկեղտոտել, որովհետև էդտեղ «մեր նման տղերք են մաքրում»:
Տոթ էր:
Սենյակում գնալով պակասում էր թթվածինը:
Կիսախավարում նստած էինք:
Կիսաբաց դռնից սենյակ լցվող միջանցքի թանձր-դեղին լույսի մեջ ծխախոտի ծխի գալարներ ոլորվեցին: Փաստորեն ծխեցին: Գլուխս բարձրացրեցի. մինչ գոտկատեղը մերկ մեկը նստարանների առջևում անհանգիստ ծխելով աջ ու ձախ էր գնում: Չնայած պարապած տղա էր երևում, բայց քանի որ մարմինը մազածածկ էր ու սև, հեչ լավ չէր նայվում: Մթնոլորտը լարվում էր: Կողքիս շատախոսը էլի մտավ ընկերոջ ականջը. «Լսի´, էդ ճիշտ ա՞, որ ստե դեղեր են տալիս, որ չկայնի»: Էս հարցը տղերքի ականջն ընկավ ու մեծ խանդավառություն առաջացրեց, սկսեցին քննարկել: Մի տաս րոպե անց ինչ-որ տեղից (հավանաբար այնտեղից, որտեղից մենք մարդ էինք սպասում) մի «սուրհանդակ» եկավ ու փռչոտի ականջին ինչ-որ բան փսփսաց: Սա ջղաձգվեց, փնչացրեց, մի քանի վայրկյան լռեց, ծխախոտի մնացորդը բաց պատուհանից հմուտ կտտոցով դուրս շպրտեց ու սկսեց «սեմինարը»:
Ես, մոտավորապես «Լավ տղու կոդեկսից» մեջբերումների ակնկալիքով, հանգիստ ու դասին պատրաստ գերազանցիկի պես ձիգ էի նստած, բայց ի զարմանս ինձ դա արդեն ի գիտություն էր ընդունվում և ես հեչ էլ թեմայի մեջ չէի ու ընթացքում կորացա, կորացա, անզեն ու խեղճ զգացի ինձ:
Սևը (փրչոտը) ընդհանուր առմամբ ասեց, որ «Իրանց» ջանքերով «ավել անելը ստե էլ մոմենտ չի» ու ընդհանրապես, զորամասում չկա գործ, որը «լավ տղու հագով չի, բացի զուգարանը մաքրելը», որը, «չնայած ուստավով զորքի վրայա», բայց «Իրանք» էդ հարցն էլ են կարգավորել ու ամեն օր ներքևի գյուղից մարդ է գալիս (ոմն Գառլախ), ով մաքրում է զուգարանները, նրան վճարվում է ընդհանուր «ֆոնդից», որին մենք պարտավորվեցինք պարբերաբար վճարումներ անել, մասնավորապես շաբաթական 2000-ից ոչ պակաս, ու դա, ըստ էության, զուգարան մաքրելու ռիսկից հրաշալի ազատագրում էր: Նաև հանձնարարեց սերժանտներին` մեզ ծանոթացնել այսպես կոչված «պիղծ» տարածքների աշխարհագրությանը, որպեսզի մենք այնտեղ ընկած որևէ բան չվերցնեինք ձեռքներս: Պիղծ էին համարվում այն տարածքները, որտեղ երբևէ (մի շաբաթ, մի ամիս, կամ եսիմ քանի տարի առաջ) մեկը թողել էր իր որևէ արտաթորանքը (չհաշված երևի արցունքներն ու թուքը, մնացած ամեն ինչ արտաթորանքներից պիղծ էր համարվում): Այդ տարածքների թվին էին պատկանում բնականաբար զուգարանը, լվացարանի ու բաղնիքի հատակը, ծխարանում մի անկյուն, սպորտային ավանում մի հինգ քառակքուսի մետր ու էլի ինչ-որ տեղեր: Մեզ զգուշացրեցին նաև, որ հանկարծ չավելացնենք պիղծ տարածքները, որովհետև դրանց մաքրությունը «զորքի վզով ա» և … ի երջանկություն Գառլախի` մտածեցի ես:
Հա ի՞նչ:
Էսքան բա՞ն:
Սկսվեց…

### կամ Ջուրը

Շոգից գանգիս մեջ բլթ-բլթ ձայներ, աչքերիս վրա դեղնածծումբ փառ, ականջներիս մեջ դատարկ թունելով քայլելու, կամ 10-րդ հարկից զիբիլի խողովակի մեջ զիբիլ գցելու նման ձայներ: Տուն զանգելուց և անշառուփորձանքի առաջին լուրը հասցնելուց հետո` զգացմունքային անապատացում, մահվան հետ ի սրտե հաշտ լինելու լռություն, քրտինք, քրտինք, մորֆիալ անզգայություն ու ջրին հասնելու ինքնաբուխ, անվերջանալի, բնազդային մարմաջ:
Ջուր չկար. չլինելու չափ քիչ էր:
Կամ իրոք չկար, բայց շուտով լինելու էր, որովհետև ինչ-որ շինարարություն էր ամենուրեք, կամ չկար, որովհետև պետք չէր, որ լիներ ու շուտով էլ չէր լինելու, որողհետև մեզ` համազորային ստորաբաժանումների ապագա մանր հրմանատարներիս հարմարեցնում էին հավանական ծանր, անապատային պայմաններով մարտի դաշտին` հավանաբար Աֆղանստանի կողմերը: Թեպետ ուսումնական զորամասում անցկացրած բոլոր 6 ամիսների ընթացքում էդպես էլ ջուր չեղավ կամ համարյա չեղավ, ես էդպես էլ չիմացա, թե հատկապես ինչո´ւ չեղավ այն:
Այ թե մորս տատ Վարդիշաղը կենդանի լիներ: Ասում են, երբ երկար ժամանակ գյուղում անձրև չի եկել, նա` կորամեջք ու հիվանդ այդ պառավը, յոթ տնից ջուր է հավաքել ու գնացել է գյուղի վերջում գտնվող մի պռատ խաչքարի մոտ, ինչ-որ հմայական աղոթք է ասել` յոթնուկ ջրով ցայելով քարը: Մինչ բաբոն կհասներ տուն` անձրև է սկսվել… անձրև որն է` տեղատարափ: Ափսոս այդ հմայական աղոթքը գնացել  է նրա հետ էն աշխարհ, երբ նա, իր իսկ կանչած հերթական տեղատարափից թրջվել, մրսել ու անդառնալի հիվանդացել է  97 տարեկանում:
Մի շաբաթվա ծառայող էինք:
Արդեն բոլորս զինվորական հագուստ էինք ստացել ու հրաման կար մի գիշերվա մեջ բոլոր համազգեստների մեջ ներսի կողմից սահմանված կարգով գրառումներ անելու` անուն, ազգանուն, ստորաբաժանում ֆորմատով: «Արա´, ո՞վ լավ ձեռագիր ունի»,- հարցումին արձագանքած մի քանի դժբախտների սերժանտները տարել էին սպայանոց ու սրանք գրում էին: Մեզ հերթով էին սենյակ կանչում: Իմ հերթն ուշացավ ու կեսգիշերն անց էր արդեն, երբ ինձ կանչեցին: Տոթ էր: Ես ծարավ մեռնում էի: Կուբրիկում վերջին լիտր ջուրը վաղուց էինք քաշել ջաններս: Հույս ունեի, որ սենյակում սերժանտները ջուր կունենան: Մտա կծու ժավելահոտով սենյակ: Մեկն ասեց` հանվի´ արա: Աչքս ընկավ սեղանին թափանցիկ պլաստմասսայե կիսով չափ լիքը շշին, սիրտս հանգստացավ… ջուր կար: Հետաքրքիր գյուտ էր, տղերքը գրում էին թանաքի փոխարեն ժավելով լցված գրիչներով, սովորական  գրելու նման: Քաշում էին թափանցիկ գիծ կտորի վրա ու մի քանի վայրկյան անց գիծը սպիտակում էր: Մինչ զինվորը գրում էր անուն/ազգանունս վերնազգեստի ներսի մասում` աչքս սեղանին դրված շշին էր: Ես օգտվեցի հարմար պահից ու ձեռքս գցեցի շշին, կափարիչն արագ բացեցի, խորապես երջանիկ հոգոցով ասեցի` ջուր… ու քաշեցի գլուխս… մեկ էլ Արմանի պապի քաշած արաղն էր էդպես վառում… արա՞ղ էր… լեզուս չեմ զգում… «թքի´ արա՜, թքի´, կուլ չտա´ս արա՜»… հազիվ հասա բաց պատուհանին ու փսխեցի խմածս հեղուկը… ժավել էի խմել, բերանս վառվում էր` ջու՜ր, ջու՜ր, գոռացի, ջու՜ր, արա´, ջու՜ր…գոռացին էլի, խառնվեցին, դռներ բացվեցին, դռներ փակվեցին, անկյունում շորերով քնած հերթապահ լեծյուխն ասեց` ձեննե՛րդ, արա՛… ջու՜ր… ջու՜ր… արա դնեվալնի` ջու՜ր… մի քանի րոպեից ջուրը հասցրին: Ողողեցի բերանս, թքեցի, ողողեցի, թքեցի:
Լավ պրծա, կուլ չէի տվել… բայց մի ամիս ոչ մի համ ու ջերմաստիճան չէի զգում բերանումս:
Էդ դեպքից հետո անունս կպավ Ջուր:

### կամ ստատուսից` ռեժիմի

Բանակում, առաջին ամիսը, բացի «կլման ակտի դժվարությունը» (ինչպես զորամասի գլխավոր բժիշկն էր սիրում անվանել էդ գործը), միայն մի դժվարություն կար, գտնել սեփական կարգավիճակը, դե` ստատուսը: Ոմանք դա կանխամտածված են անում, ոմանց մոտ ինքնաբերաբար է ստացվում (ինչպես իմ), ոմանք վիզ են դնում դրա համար, մարդ են մեջ գցում, ծեծ են ուտում, ոմանք արժանանում են դրան, ոմանք պարգևատրվում և ոմանք էլ պատժվում են դրանով: Այսինքն այն միշտ մի ձև առաջանում է, որովհետև բոլորն ուզում են հնարավորինս շուտ հասկանալի դարձնել անորոշն ու հիմնավորված վերաբերմունք ունենալ քո նկատմամբ: Այն մականունի պես է, քեզ կպչելուց ու քո վրա հանրայնորեն հաստատվելուց հետո համարյա միշտ դու կռիիվ ես տալիս դրա դեմ, բայց քո կարգավիճակը օրեցոր քո տեսակն է դառնում, ու դու ինքդ էլ ժամանակի հետ հավատում ես այն պայմանականությանը, որ քո ռոժի տակ հասկանում են ուրիշները:
Մնացյալը ռեժիմ էր:
Ռեժիմն այն է, երբ իրադարձությունները 98% ճշտությամբ կրկնվում են որոշակի պարբերականությամբ. կրկնվում են օրերը, շաբաթները, ամիսները, տարիները: Ռեժիմն այն է, երբ հայտնի են բոլոր հնարավոր հարցերն ու դրանց պատասխանները: Ռեժիմն այն է, երբ խաղաղվում ես ու անկախ սննդակարգից` սկսում չաղանալ: Ռեժիմը տեղական նշանակության իրադարձություներվ ու անցուդարձով խորապես հետաքրքրված լինելն է: Միայնակ մնացած տղամարդիկ առավել արագ են ռեժիմ ձևավորում քան կանայք, եթե իհարկե կանայք ընդհանրապես դա անում են: Ռեժիմը, տղամարդկային ագրեսիան մեղմելու կամ առնվազն լեգիտիմացնելու պատմականորեն ձևավորված մոդել է` էդ ագրեսիայի հնարավոր հետևանքները հանուն ընդհանուր արդյունավետ համակեցության նվազագույնի հասցնելու համար: Տղամարդկային ագրեսիան ավելի երկար էվոլուցիա է անցել քան կանացին, ուստի կանացի ագրեսիան միշտ առավել վտանգավոր է: Էհ… ափսոս մեզ չէր սպառնում  կանացի ագրեսիայի վտանգը, չնայած, փառք Աստծո, պուճուրն իրեն լավ էր զգում. հոգու հանգստության համար առաջին շաբաթները ստուգում էի ամեն գիշեր: Հետո, երբ արդեն միևնույնն էր, ամեն ուրբաթ` լույս շաբաթ գիշերը, առավոտյան հինգի կողմերը… պարում էին փարթամ ացտեկ քրմուհիներս, (ացտեկ, թե ինկ, չգիտեմ, էդ կողմերից էին հաստատ) պարում էին շրջանաձև, ես` մեջտեղում, պարում էին սեփական երգ-երաժշտության տակ, պարում էին` ընթացքում սեղմելով շրջանն ու ինձ թեթև հպելով իրենց մերկ ստինքնեը: Պարում էին տարօրինակ շարժումներով` ավելի ու ավելի արագացնելով պարի ռիթմն ու երաժտության մեջ ինչ-որ չխկ-չխկիկի տեմպ մտցնելով, որը հետո դառնում էր ծորուն ու համսեռ… հեշտալի ու… թաց… զարթնում էի:
Ռեժիմը այն է, երբ հայտնի են բոլոր մարդիկ, ովքեր բոլոր հնարավոր հարցերին տալիս են արդեն հայտնի պատասխանները ու բոլորը գոհ են: Ամենադաժան բախումները այդ «պարտականությունների» վերաբաշխման համար էին լինում, և գրեթե ամեն շաբաթ մի արկածախնդիր, երբեմն նույնիսկ փոքրիկ ապստամբյալ խմբեր էին ծլում, իրենց դնելով իրենց սիրած մուլտ- հերոսի տեղը, ուզում էին վերանայել իրերի դասավորությունն ու ընթացքը: Սակայն այս պատմությունների մեծամասնությունը լավագույն դեպքում ավարտվում էին պայթած աչքերով, ջարդված կողերով ու «կներեք ախպերներ` անցած ըլնի» կախարդական դիվանագիտական բանաձևով: Մի ճշմարտություն կար. եթե առաջին 5-7 օրում դու չէիր իրացրել քո իշխանական ամբիցիաները, ապա դրանից հետո մի քանի ամսվա մեջ էլ հաստատ չէիր կարողանա այդ անել:

Անձնական թերթիկներ կամ  Տղերքը

Գումարտակն ամբողջությամբ տաղակայված էր եռահարկ շենքի երկրորդ հարկում, ամբողջ հարկով ծայրից ծայր միջանցք էր, որի երկու կողմերում հերթականությամբ տեղակայված էին զինվորական ընդհանուր` 20-25 հոգու համար նախատեսված ննջարանները (կուբրիկները), 2-3 սպայական գրասենյակներ, ընդհանուր լվացարանն ու զուգարանը, իսկ միջանցքի ամենավերջում տնտեսական նշանակության սենյակներն էին, կահավորված  հատուկ բնակության համար, և տրվում էին այն ժամկետայիններին, ում հագով չէր ընդհանուր զորքի հետ համակցվելը: Այնտեղ բնակվողները հիմնականում ազատ էին զորքի ընդհանուր առօրյային մասնակցելու պարտականություններից, և այն դեպքում, երբ մեզ արևի տակ շարում ու հաշվում էին օրեկան 8-9 անգամ, նրանք շարք էին իջնում ոչ ավել քան շաբաթական 1 անգամը: Զորամասում բոլոր խիստ ու ոչ այնքան խիստ կարևոր հարցերն այդ սենյակներում էին լուծվում, որովհետև այնտեղ հիմնականում լավերն էին ապրում: Ինչու հիմնականում, որովհետև առանձին սենյակում ապրելու հանգամանքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր կարևոր դեմք լինելու/դառնալու համար,  իրականում այդ սենյակները գումարտակի հրամանատարը ամսեկան 300-500 դոլլարով հանձնում էր B&B-ի նման: Արտոնյալ սենյակների վարձակալները հիմնականում մշտական կազմի ժամկետայիներ էին` ենթադրաբար սերժանտներ ու ավագներ, որոնք իրենց պարտականությունները թողել էին մնացած աշխարհազորային սերժանտիկների վրա, ովքեր մեզ հետ հավասար պախատ էին անում առավոտից իրիկուն: Իրականում այդ բոռ տղերքը հենց  ռեժիմն էին, ամբողջ համակարգի երաշխավորներն ու պահապան քրմերը, ու նրանց լուծած հարցերը շատ ավելի կարևոր ու կենսական էին թվում, քան գեներալինը:
Բացի զամպալիտի (գեներալի դաստիարակչության գծով տեղակալի) կողմից բոլորի վրա տրաֆարետային լրացված «անձնական թերթիկները», Տղերքի վրա կային նաև չգրված, չարձանագրված իմիջա-ստատուսային «անձնական գործեր», որ մենք ի գիտություն ընդունելով, պարբերաբար «լրացումներ կատարելով»` պահում էինք մեր գլուխներում` հատուկ դրա համար նախատեսաված դարակների մեջ:
Մասնավորապես…
Սևը ամենածանր հարցերն էր լուծում, ասենք` ինքնասիրության վիրավորում, կարգավիճակի վերանայում, սամավոլկա, զուգարանային «Գառլախ» հիմնադրամի տնօրինում, ինքնասպանության փորձեր, զորքի և սպայակազմի հետ հարաբերությունների կարգավորում: Լուրջ տղա էր: Սենյակում մենակ էր ապրում: Ասում էին, որ պաշտպանության նախարարի քրոջ տղան է:
Թոխմախցի Ֆելոն պատասխանատու էր շենքի ներսի մաքրության համար. կուբրիկներ, լվացարան, միզարան, զուգարան, գումարտակի հրամանատարի սենյակ, սպայանոց, տնտեսական սենյակներ: Ծանրամարտիկի նրա չհաջողված կարիերայից մնացել էին անխնա-մկանուտ կազմվածքն ու չարությունը օրվա իշխանությունների հանդեպ:
Մռդեն սերիական մարդասպանի գունատ-թափանցիկ մաշկ ուներ, որի տակից ուրվագծվում էին կապտավուն երակներն ու մազանոթները: Քնած բուդդայի կիսափակ աչքեր ուներ միշտ, աբորիգենի մսեղ շուրթեր ու  խոսում էր ձգող ժապավենի նման. փիլիսոփայելու և «մեր ապրած նեղ կյանքի մասին» ճշմարտություններ ասելու հակվածություն ուներ: Ռեժիմին պլան էր հասցնում, տարածաշրջանի լավագույն պլանը: Նրան սիրում ու փայփայում էին պտղաբերության աստվածուհու պես:
Մեկ տարեկան տղայի կարոտախտից օրեցօր խորացող մանյակալ դեպրեսիվ պսիխոզի ծայրահեղ պոետիկ դրսևորումներով Դեւը պատասխանատու էր շարահրապարակի ու հարակից գազոնների մաքրության համար: Խայտառակ շատ էր ծխում ու դրանից աչքերի շուրջը սև շրջանակներ էին: Իսկ ինչու պոետիկ, որովհետև, երբ բռնում էին նրա պսիխոզի մանյակալ կամ դեպրեսիվ բզիկները, նա գալիս- մտնում էր Դոբրի Դավոյի ծոցն ու ասում էր` ինձ հեքիաթ պատմի, հակաճառելու կամ կողքից միջամտելու դեպքում` վայրենի ծեծ էր տալիս միջամտողին:
Մոմը սենյակում էր ապրում, որովհետև գումարտակի հրամանատարից խումարով տարել էր այդ բնակության իրավունքը, ուներ դաշնակահարի երկար, բարակ, մոմի պես ճկուն մատներ ու պալատականի ազնվական էթիկետ, շոկոլոդե մաշկ ու հիստերիկ վախ մանր կարիճներից, որոնցով վխտում էր մեր զորամասը:
Ծիծիկ Միշոն նարյադն էր գրում: Այսինքն զորամասում ամեն օր կատարվելիք գործերում մեր գումարտակի բաշխումը, թե ով որտեղ պետք է աշխատի և հատկապես ինչ աշխատանք պիտի կատարի: Նրա մականունը կապված էր չափից դուրս մեծ կրծքամկանի կամ դրան պատող ճարպա-մաշկային գոյացության հետ, որը 2-րդ համարի կանացի կրծքերի տպավորություն էր թողնում, հատկապես կիպ շապիկի տակից:
Արտաչոկը զբաղվում էր ցխելու և ցբխելու հարցերով: Միայն նա կարող էր նրբորեն տարբերակել, որ ցխելու և ցբխելու տարբերությունը կյանքի գին ունի: Ինչ-որ վտանգավոր արևելյան մարտարվեսի վարպետ էր, փոքրամարմին ու բարալիկ կմախքով:
Առանձին սենյակում էր ապրում նաև սրանից վերև ու սրանից ներքը նկարագրվողի հետ որևէ օրգանական կապ չունեցող Պուպուշ Գուգոն` երբևէ իմ տեսած ամենականացի տղամարդը: Միակն էր, ով կարող էր իրեն թույլ տալ մայրաքաղաքից զորամաս առաքումով պիցցա պատվիրելու թիթիզությունն ու անկապությունը: Հայրը քաղաքական գործիչ էր, մայրը` «Կանաչ երկիր» հիմնադրամի տնօրենը և նրան մեծ հաշվով բանակ էին ուղարկել ընտրություններից առաջ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով ու հաջողել էին: Նրան բոլորս սիրում էինք, նույնսիկ այնքան, որ իրենից թաքուն Մայրամիկ էինք ասում:
Եվ իշխանական հիերարխիայի ամենավերևում, ամենա-ամենավերևում կար մեկը, ում մասին միշտ աշխատում էին չխոսել, խոսելիս էլ շշուկով էին խոսում, ում մասին լեգենդներ էին հյուսվում, շշուկներ էին շրջում դասակից դասակ, վաշտից վաշտ, գումարտակից գումարտակ, զորամասից զորամաս: Ճիշտն ասած ես այդպես էլ չիմացա, թե ինչ հարցեր էր նա լուծում, կամ արդյո՞ք լուծում էր: Նաև երբեք չեմ լսել, որ նա ինչ-որ մեծահարուստի կամ այլ հայտնի մեկի հետ կապ ունենար: Բայց նա լավագույն սենյակն էր զբաղեցնում, նրան լավագույն ընծաներն էին բերում, միգուցե չիմանալով էլ, թե ինչի համար, բայց այդպես ընդունված էր: Շարվելու էլ նա իջնում էր ամիսը մեկ անգամ , ու այդ օրը անձրև էր գալիս անպայման և մեզ արագ ցրում էին:
Փիղն էր:

### կամ բեկման կետ

Բարի օր քեզ…
Շոշափելի 3D վանդակում հայտնվածի ազատագրվելու խելագար կիրքը բանակ գալու նախորդ օրվա ինքնության հետ նույնանալու ցանկությունն է. ուտել նույն ուտելիքները, հագնել նույն շորերը, շփվել նույն մարդկանց հետ, խոսել նույն թեմաներից… մինչ առավոտից առավոտ քեզ համար լրիվ ուրիշ կինո են ցույց տալիս:
Բայց լպրծուն ժամանակը, որ հեշտալի ու աննկատ ծեփամածում է բոլոր ցավի օջախները քեզնից ներս ու քեզնից դուրս` տանելի բարակ շերտերով մանրից սահմանագծում է քո ու քո միջևը… դու ոչինչ չես նկատում:
Ու գալիս է մի պահ երբ դու ինքդ էլ հավատում ես, որ դու Ջուրն ես, ոչ թե Վահիկը Վահանսարյան, որ դու Փղի դեսդենչիկն ես, ոչ  թե գերդաստանիդ հույսն ու հավատը, որ դու ճաշարանում նարյադի ես, ոչ թե ակադեմիայում գիտաժողովի, որ դու կեղտոտ ու փնթի գյադա ես, ոչ թե ինտելեկտուալ ու կարիճ հումորով սրտակեր: Երբ քեզ խայտառակ ցուրտ եղանակին տաք ու հարմարավետ շոր են տալիս, որ դրսից շատ հարմար է նայվում բոլորի աչքին ու ներսից էլ` ինքն է որ կա կարծես, որից սակայն միզահոտ է գալիս ու քո նախընտրած փիրուզագույնի փոխարեն ժանգոտ-դարչնագույն է, ներսիդ ու դրսի սահմանը սկսում է հաստանալ մահացու մարգարտաշերտով… ինքնափրկության բնազդ է երևի:
Հիմա լավ չեմ հիշում` ում ընտրութունն էր, Փղի՞, թե՞ Սևի, բայց մանրից, նախնական չեմուչումով, նեղվելով-բանով, քիչ-քիչ օրինաչափ դարձավ, որ ես Փղի սենյակին եմ «կցված» ու հիմնականում իմ վզով էր նրա սենյակի մաքրությունը` առավոտ-իրիկուն, ճաշարանից նրա համար ուտելիքի բերելը օրը երեքից չորս անգամ, ջրի տարաների թարմացումն ամեն օր ու պադշիվի կարելը շաբաթական մեկ անգամ:
Սկզբում ահավոր ծանր էի տանում, անընդհատ նեղվում էի, երբ ինձ ասում էր` էսինչ բանն արա, էն ինչ բանը բեր, էդ ինչ բանը տար… բայց որոշ ժամանակ անց դա էլ դարձավ ռեժիմ ու նույնիսկ եկավ մի պահ, երբ ես ի սրտե երջանիկ էի Փղի համար վազվզելուց, որովհետև ավելի լավ էր Փղի համար վազվզել (դա ինչ-որ տեղ նույնիսկ պատվաբեր էր) քան, ասենք, Թոխմախցի Ֆելոյի: Այլ բան էր, երբ գնում գիշերը խոհարարին հանում էիր քնից, ասում էիր` Փիղը ժարիտ ա ուզում և այլ բան, երբ ցերեկը գնում էիր այդ նույն խոհարարից Ֆելոյի համար մի բուխանկա հաց ուզելու:  Մի խոսքով, ես այնպես մերվեցի իմ ստատուսին ու այնպիսի խանդավառությամբ սկսեցի անել իմ գործը, որ նույնիսկ Սևը-բան Փղին իմ վրով ասում էին` Փիղ ջա՞ն, բա էս ու՞ր ա  կնիկդ… կնկադ ասա թող մի հատ կոֆե դնի… մի հատ ջուր բերի… մի հատ պպզի` վրով թռնենք…  էս ծամոնը զորքի բերանն էլ ընկավ, ու ես սկսեցի մանրից թեմաների մեջ ընկել:  Երբ ճնշումներին արդեն չէի կարողանում հակադարձել, մի կես բերան ասեցի, նեղվեցի Փղի մոտ ու… մի գիշերվա մեջ բոլոր թեմաները խաղաղությամբ ջրվեցին:
Ես չգիտեմ, թե նա ոնց էր անում այդ ամենը… մեծագույն գաղտնիք էր բոլորի համար:
Չնայած Փղի ներկայությամբ հաճախ լինելուս` ինքչան հիշում եմ նրա հետ մարդավարի բառ փոխանակելու առիթ շատ ավելի ուշ ունեցա: Էդ անգամ, երբ Թոխմախցի Ֆելոն ինձ բերել էր Փղի սենյակը մաքրելու ու ես իմ գործով էի զբաղված, նա երկար խորացավ փոշոտ բատինկեքիս վրա, հետո ասեց. «Արա Ջու´ր, ինչի՞ բատինկեքդ չես մաքրում, լավ տղեն պտի հետևի իրա մաքրությանը»:  Ես ուզեցի տպավորություն թողնել, Փիղը հավասարի պես խոսում էր հետս, խորհրդավոր տխրեցի ու դժբախտ, բայց հանճարեղ փիլիսոփայի պաթոսով ասեցի` բայց դա ինձ ավելի երջանիկ չի դարձնի, Փի´ղ ջան… Նա իրոք չէր սպասում, մտահոգվեց, լռեց, ես մտածեցի` չի պատասխանի ու լուռ շարունակում էի փայլեցնել նրա սենյակի հատակը, մեկ էլ մի քանի րոպե անց ասեց` կդարձնի´…ու պառկած տեղում  շուռ եկավ դեպի պատը, քնեց: Այս անգամ ե՛ս մտահոգվեցի, չհասկացա` ինչու և ինչպես դա պիտի ինձ ավելի երջանիկ դարձներ, բայց ես սկսեցի հետևողականորեն փայլեցնել բատինկեքս:
Մի ամիս էլ տշեցինք:
Փիղն արդեն  ինձ այնքան էր վստահում, որ երբ գիշերները գնում էր քաղաք, սենյակի բանալին տալիս էր ինձ ու ես ներսից փակում, իմ համար կինո-մինո էի նայում, քնում էի նրա փափուկ տեղերի մեջ… ավելի ճիշտ` վրա, առանց սպիտակեղենը բացելու, որովհետև դրանից զզվում էր: Եթե միայն զորքն ինձ չտեսներ ցերեկը միջանցքներում վազվզելիս, նրա համար ուտելիք, կամ  ջուր տանելիս, նրա զենքը քանդել-մաքրելիս կամ էլի ինչ-որ այդպիսի բաներ, հանգիստ կմտածեր, որ ես Տղերքի հետ եմ տալիս-առնում արդեն ու իրենցական եմ:
Նույնիսկ գիշերային ուշ ընթրիքներին, որոնք Տղերքը հիմնականում անց էին կացնում մեկն ու մեկի սենյակում հավաքված` ինձ էլի էին հրավիրում սեղանի մոտ: Ճիշտ է, ոչ սկզբում, բայց նաև ոչ վերջերում… նույնիսկ մի անգամ կենաց եմ ասել… բոլոր նեղ կյանքում գտնվոր լավ տղերքի կենացը… ինչ-ինչ, դեռ դպրոցական քեֆերից իմ թամադայական ջիղը ջոկել էի. էդ գործում կարևորրը լսարանի ականջին հաճո լինելն է, և ոչ թե անձնական հուզաթրթիռները ինքնանպատակ հրապարակելը:

Անձնական թերթիկներ կամ հարիֆությունը

Ռեժիմը` ռեժիմ, բայց ես ինքանախաբեությամբ չտառապելով` գիտեի իմ իրական խավային պատկանելությունը, որ ինձ պես սովորական, առանձնակի իշխանական ամբիցիաներով չտառապող կամ դրանից հույսները կտրած տղերքն էին, թեկուզ և ի սկզբանե խեղճ կամ խեղճացված, բայց դե հեշտ, ամենակարևորը` հեշտ: Հարիֆություն որ ասում եմ, համասեռ զանգված չէր, սրանց մեջ էլ կային աչքի ընկած ու ճանաչելի տղերք:
Զլոյ Դավոն ու Դոբրի Դավոն կարելի է ասել թռել էին բանակ տարկետումով, այսինքն առանց կիբեռնետիկայի ֆակուլտետն ավարտելու, որովհետև խառն էին ինչ-որ մութ հակերային պատմության մեջ: Ինչպես իմացա նրանց հետ մտերմանալուց հետո` նրանք կոտրել էին հայտնի բջջայի օպերատորի լիցքավորման քարտերի ալգորիթմը, ահագին թվերի շարքեր էին հանել ու ասենք 1000 դրամանոց լիցքավորման քարտերի կոդերը սկսել էին խուրդել 800-ով: Հետո նրանց փոքր բիզնեսին ահագին լուրջ տղերք էին խառնվել, իրացման մեծ ցանց էր ձևավորվել: Բայց, ինչպես լինում է նման պատմություններում, հանցախումբը բռնվել էր շատ արագ ու քանի որ բջջային օպերատորը չէր ուզել հրապարակել այս գործն իր իմիջը չփչացնելու համար` մի ձև ծածկադմփոց էին արել գործը, դե մեր պայծառ ուղեղներին էլ բանակ էին ճամփել:  Զլոյ Դավոն  ու Դոբրի Դավոն  նույն բանն էին, ուղղակի մեկը սևահեր էր, մյուսը` շիկահեր, մեկն առաջին հարկում էր քնում, մյուսը`  երկրորդ, մեկն անընդհատ ժպտում էր ու հաճույք էր ստանում իր ապրածից, մյուսն անընդհատ բողոքում , մռմռթում, բայց  էլի  վայելելով:
Թալինցի Գոնչը առաջին երկու ամիսը խուսափում էր ռեժիմի ուշադրությունից` օլիգարխի կազմվածքի և սասունցու լեռնային փահ-փահ  ծիծաղի շնորհիվ, ինչը մեծ հաճույքով բանացնում էր ամեն անկապ առիթով: Իսկ երբ առիթ չկար, ինքն էր ստեղծում շատ հաճախ աշխատող մի հիմար հումորի միջոցով: Երբ մեկն օրինակ ասում էր` հակագազ, սա բարձրաձայն հարցնում էր` ինչագա՞զ, կամ ասենք` լեյտենանտ… ինչենա՞նտ ու սկսում էր ինքն իրենից գոհ Անդրանիկի զինվորի պես փահ-փահ ծիծաղել: Միշտ ուզեցել եմ խփեմ նրան էդ ապուշ հումորի համար: Սակայն Գոնչի ստատուսի անհիմն լինելը շուտով ջրի երես դուրս եկավ, և հանկարծ նրա մոտ հրաշալի ձայնային տվյալներ բացահայտվեցին ու նա առիթից առիթ սկսեց երգել ռեժիմի համար` Ախ, իմ հայրենիքի ջուրը… Ո´վ, նավավար… Кайфуем… ու էլի ինչ-որ բաներ «Փարվանայի» երգացանկից:
Կիրովականցի Խուճն ու Բիձեն կրիմինալ կուռաժի ու անընդհատ իրար հետ թաքուն, փսփսալով խոսալու խորհրդավորությամբ մոտ երեք ամիս ձգեցին ստատուսի հարցը: Նրանց դավադիր պահվածքն ու մետրուկեսանոց հասակի համեմատ չարդարացված ագրեսիվ վարքը հուշում էին, որ սրանց տակ մի բան կա ու բոլորը ենթագիտակցորեն փորձում էին հեռու մնալ նրանցից: Սակայն երբ պարզվեց, որ իրականում ոչինչ էլ չկա, սկսվեց նրանց նեղ կյանքը: Խուճը գործից թռնելու համար մի օր հայտնվեց հանդերձարանի կախիչներից կախված, ոտքերը գետնից կտրված ստորացուցիչ դիրքում, իսկ Բիձեն սպառնաց կարևոր ախպերների կանչել… ինչ-որ մարդիկ իրոք եկան, սակայն Տղերքի ու նրանց մերձեցման ընթրիքում հանկարծ ջրի երես դուրս եկավ Բիձու նախկին ջեբկիրի հաջողակ կարիերան ու գումարտակից անընդհատ կորչող փողի ու հեռախոսների չբացահայտված փաստերի կոնտեքստում, սա շատ հետաքրքրեց ռեժիմին: Սակայն մեկ շաբաթ անց, երբ Բիձեն դեռ հպարտ էր քայլում,  պահեստանոցում նրա անձնական իրերի «խուզարկումը» կազմակերպեցին ու ամեն ինչ ջրի երես հանվեց. Բիձու ստատուսիզացիան ավելի տխուր ավարտվեց, քան Խուճինը: Նա նույնիսկ  ինքնասպանության իմիտացիա արեց, բայց քանի որ բոլորը թքած ունեին` որոշեց ապրել և… ստեղծագործել: Մի ամիս անց Բիձու բանակային օրագիրը` դարդոտ ոտանավորներով, սկսեց շրջել ամբողջ գումարտակով, նույնիսկ զորամասով մեկ, ու նա հասավ իր երազած փառքին: Ես էլ եմ նրա գործերից մեկը արտագրել ու նամակով ուղարկել, հետո կասեմ, թե ում:
Փոցխ Լյովիկը, որ միշտ այնպիսի դեմքի արտահայտություն ուներ, ասես կես ժամ առաջ մորքուրն էր մահացել, այսինքն բավականաչափ տխուր, որպեսզի խուսափի գործից, սակայն ոչ այնքան դժբախտ, որ բարձր ձայնով լաց լինի կամ ինքնասպանության հակվածություն ունենա: Իսկ անունը կապված էր տարածքի մաքրության համար առաջարկվող բոլոր գործիքներից փոցխը նախընտրելու, կարելի է ասել, փոցխի համար կռիվ տալու հետ: Բոլորին բացում էր նրա այն ներքին համոզմունքը, որ փոցխն ավելի ազնվական գործիք է, քան ցախավելը:
Բորդյուր մականունով կենսազանգվածը, որն իր կազմվածքով ավստրալոպիտեկի ու հոմո սափիենսի միջև բացակայող օղակն էր, պոտենցյալ սեքսուալ ստրուկի խառնվածք ուներ: Բուրում էր յոթ օրվա չթաղած մեռելի պես, ուտում էր գետաձիու չափ և ուներ առատ բայց անկանոն մազածածկույթով  դեղնավուն մաշկ: Հիմնականում հիվանդ էր որովայնային տիֆի ախտանիշներին նմանվող ինչ-որ հիվանդությամբ ու թրև էր գալիս հոսպիտալի կողմերը` այնտեղ ընկնելու հույսով: Շուտով Արտաչոկն իրականացրեց նրա երազանքը և Բորդյուրը ոչ միայն զորամասի, այլ նաև համաբանակային հոսպիտալը տեսնելու հնարավորություն ունեցավ:
Քյավառցի Ծըծն ու Ծուծը օրալ սեքսում անմիջական կրավորական մասնակցություն ունեցած լինելու ոչ անհիմն կասկածների պատճառով` ճաշարանի անկյունում առանձին, մեկ տեղանոց սեղանի մոտ էին հաց ուտում, զարմանլիորեն միշտ առանձին-առանձին, որովհետև տանել չէին կարողանում միմյանց: Որովհետև Ծըծի ծըծ լինելը Ծուծն էր բացահայտել: Իսկ Ծուծն ընդհանուր առմամբ մեծ պահանջարկ վայելող ծուծ էր, որովհետև վերանորոգում էր ռեժիմի բջջային հեռախոսներն ու մնացած այլ ոչ լեգալ տեխնիկան:
Ես` Ջուրս, որ հայտնի էի աստղագիտության և ձեն բուդդայականության իմ փայլուն գիտելիքներով ու սրա-նրա տեղը օրապահ կանգնելու «պատրաստակամությամբ»:
Կային նաև լեգիտիմ ինտելիգենցիայի իմունիտետով զորքի հաշվին լռվցնող մի քանիսը:
Բոզինյանը, որ զորամասի «Արծիվ» թերթի խմբագիրն էր: Թերթ, որ բացի նրանից ու գնդի զամպալիտից ոչ մեկ չէր կարդում, թերթը զուգարանում օգատգործելն էլ դատվելու թեմա էր: Չնայած դա նրա իսկական ազգանունն էր, բայց փոխգնդապետ Բաղոյանի հետ նրա չարդարացված- մտերմիկ հարաբերությունները վատ մտքեր էին հուշում զորքին ու իր ազգանունի կիրառելի նշանակության հետ նույնականացնում նրա կերպարը:
Արթիկցի Վլեն, ով ստվարաթղթից ու քարերի փոշուց վանքերի մակետներ էր սարքում ռեժիմի ու սպայակազմի համար, դաջվածքների սրտաճմլիկ էսքիզներ էր անում, սիրային բացիկներ էր ձևավորում ու էդ ամենի համար ազատված էր ամեն ինչից, իր համար խելոք նստած գործ էր անում:
Կայֆոն չաստի КВН-ի թիմի գլխավոր սցենարիստն ու հաստիքային հումորիստների խմբի կապիտանն էր, ում բեմից նույնիսկ թույլատրված էին որոշ կատակներ գեներալի վրա:
Կոնսի Պոնչը հաստատ ավելի ուժեղ հումորիստ էր: Ջութակահարի պրոֆեսիոնալ կրթությամբ էդ 2մ 10սմ -անոց հսկան ավելի բարի էր, քան Փոքրիկ Իշխանն ու ավելի սրամիտ, քան լեյտենանտ Շմիդտի բոլոր որդիները միասին: Հենց էն միտքը, որ Պոնչը կարող էր ջութակահար լինել, արդեն խնդալու էր:  Նրա դասական համարը` գուշակել, թե ով ինչ է եղել անցյալ կյանքում: Օրինակ` ինձ մի անգամ ասաց, որ ես անցյալ կյանքում Դանիայի կողմերը պալատական բուսաբան եմ եղել, թիթեռներ եմ բռնել ցանցով ու չորացրել, թիթեռներին ավելի եմ սիրել, քան միջնադարի կատաղած պալատական կուկուշներին` այ սենց ծիծիկներով (ցույց տվեց իր վրա իր երազած չափը): Գժվեցի, փորձեցի ծեծեմ…  ախր մեր հարևան Շաքարն էր ինձ էդպես ասում, երբ տեսնում էր գիրք կարդալիս. «դու մարդ չես դառնա, այ բատանիկ…»: Հետո խրատում էր հորս. «էս լակոտին ուշադիր եղեք, շատ ա կարդում»
Այնուամենայնիվ Պոնչի ժողովրդական բանասացի կարիերան ավարտվեց, երբ մի անգամ զորքին հավեսով բացելուց հետո ասել էր` Թոխմախցի Ֆելոն Հոլանդիայում ուկրաինացի կուկուշներին թրաֆիքինգի ենթարկող, պասպորտը ձեռքներից առնող, հետ չտվող, տարբեր սեքսուլ կտտանքների ու նվաստացումների ենթարկող սերբ է եղել… լռություն էր տիրել, բոլորն էլ հասկացել էին, չնայած էն բանին, որ Պոնչն ինչպես միշտ այս անգամ էլ նշանակետին էր խփել, նա էդ բանը չպիտի ասեր… դե «սուծինյորությունը լավ տղու հագով չի…» … դաշ-դաբա-դաշ ու… պըրծ:
Կոմանդոսը իր կազմվածքով ու վարքուբարքով երրորդ ռեյխի համար արիական ռասսայի էտալոնային նմուշ կարող էր հանդիսանալ: Կանոնադրական օրակարգից միշտ առաջ էր 5 րոպեով, ամբողջությամբ ուտում էր իր զինվորական օրապահիկը: Էդքան բանի հետ` Կապանից էր, ծառայությունից հետո հավանաբար ամբողջ կյանք աշխատելու էր հանքաարդյունաբերության ոլորտում` հասնելով մինչ հերթափոխի պետի պաշտոնը, ամուսնանալու էր օգոստոսին` սիրով, ունենալու էր 2 երեխա, չէր ծխելու, չէր խմելու չնախատեսված հանգամանքներում և չէր մեռնելու սրտի կաթվածից: Նրան շուտ նկատեցին ու տարան դրոշը հսկող պահակախումբ:
Ալաբաշը, ում անունը Մռդեն էր կպցրել (նա էր մականունների 85%-ի հեղինակը): Նրա սիրած էկզոտիկ քֆուրն էր. «Արա´, լռվի տեղդ, թե չէ կբռնեմ, կքաշեմ ալաբաշին» ու մեկ էլ. «դե կտենաք, արա, վաղվանից ձև փոխվում  ա», էդ վաղը երբեք չէր գալիս, իսկ «ալաբաշ» անհասկանալի աստվածությունը շարունակում էր առեղծված մնալ: Երբ ծառայության 3-րդ ամսին  անսպասելի սկսված շարային ստուգատեսի ժամանակ սրա գրպաններից հանեցին փոքրիկ նոթատետր` զորամասի հատակագծի մանրամասն էսքիզներով,  վաշտի բոլոր զենքերի համարների ու գումարտակի բոլոր սպաների անունների  մանրակրկիտ  արձանագրությամբ, նաև տարօրինակ մոմիկներ թութքի դեմ և ածելի,  նույն օրն-իսկ նրան տարան ռազմական ոստիկանություն  ու մեզ համար հավիտյանս հավիտենից մութ մնաց «ալաբաշի» տեղը, դերն ու նշանակությունը հայ թուրքական հարաբերություններում:

### կամ աշխատավորական օթյակը

Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն ընկավ… ենթադրաբար ամեն ինչ իր տեղն ունի: Մենք` սովորական տղերքս, որ փորձում էինք ավելի երջանիկ լինել, քան նախատեսված էր զինապարատության մասին օրենքով ու լավ տղու կոդեքսով, ձևավորեցինք 3-4 հոգանոց մեր այսպես կոչված «աշխատավորական օթյակը», որի կազմով հավաքվում էինք ծառայությունից ու այլ աշխատանքներից ազատ ժամերին ու քննարկում այնպիսի կարևոր հարցեր, ինչպես ասենք տիեզերքի առաջացման վարկածները, քվանտային ֆիզիկայի զարգացման նոր ուղղությունները, Էներգիայի նոր աղբյուրների փնտրման խնդիրները, տրված հատկութուններով  նյութի ստեղծման նորագույն տեխնոլոգիաները, ծիծիկների չափի, ձևի ու բովանդակության յուրաքանչյուրիս նախընտրած պարամետրերը,  տարբեր տեսակ գերբնական երևույթներ, ինչպես ասենք` բուլղարուհի կույր պայծառատես Վանգան և Դոբրի Դավոյի հարևանի աղջիկ Թեմոն, ով երբևէ տղու երես չէր տեսել, բայց հղիության թեստ էր առնում դեղատնից ու տնեցիքից թաքուն փորձարկում ու էնքան փորձարկեց,  որ ի վերջո հղիացավ…
Որոշ ժամանակ անց աշխատավորական օթյակում սկսեցին զարգանալ ընդհատակյա ենթակառուցվածքներն, ու մեր տնօրինած իրերի ցանկում ավելացան կյանքը հոգևոր առումով առավել բովանդակալից դարձնող որոշ անլեգալ իրեր` ծոցագրպանի շախմատ ու խաղաքարտեր, կիպետելնիկ, սննդային հավելումներ ու համեմունքներ, կոնյակի շիշ ( որը պահում էինք սպորտային ավանում ), գիրք, բջջային հեռախոս:
Աշխատավորական օթյակի հերթական մայրամուտային նիստում Կոնսի Պոնչը մի անգամ ասաց` տղե´րք, բա չլնե՞ր… Ռախմանինովի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար, անձրևից հետոյի մաքուր օզոնն ու կես կիլո տատիս բոված սեմուշկից… ու հոգու խորքերից եկող հառաչանք հանեց: Տխրեցինք: Բայց հաջորդ շաբաթ ունեցանք նաև գրպանի ռադիո ու սեմուշկա… բայց անձրև չկար… ամսից ավել էր` չկար:
Գումարտակի հետևի մասում` գետնից մետրաչափ բարձրության վրա, երկար խողովակ կար, որի տակ ամեն 30 սմ-ի վրա մի փոքր ծակ էր բացված: Երեկոյան այդ ծակերից մանր-մանր, տատիս օղի քաշելու սարքի չափ բարակ սկսում էր ջուր ծորալ, և մենք այնտեղ ատամներ, ոտքեր, նասկիներ, թևատակեր և այլ հնարավոր բաներ էինք լվանում: Հետո հովացած նստում էինք մոտակա բորդյուրին` մի հատ քնելուց առաջ անուշ-անուշ ծխելու:
Այդ անանձրև ամսվա  նախավերջին գիշերն էր, որ Սև ու Սպիտակ Դավոները իմ ու Պոնչի համար բացահայտեցին «Փղի առեղծվածը»:  Ըստ նրանց տեսության. «Մեր մեջ, ախպերնե’ր, նստած ա Փիղը` որպես մեր պայմանական «ցեղի»  գլխավոր որձի ընկալումը: Դե ոնց որ կապիկների, գայլերի, վայթե առյուծների մոտ ա, կա մի որձ` ամենաուժեղն ու ամենասիրունը, ամենաառողջն ու ամենասեքսոտը, որ բեղմնավորում է բոլոր, անխտիր բոլոր էգերին, դե դա բնության հաշվարկով «վռոդե» ճիշտ բան ա, մի խոսքով, Փիղն էդ գլխավոր որձն ա, մենք էլ, ասենք, էդ մնացած անկապ որձերն ենք, որ պետք ենք որսի-բանի համար, բայց ոչ սերունդ տալու, դեռ է՜ն գլխեն էդպես ա եղել, ու հիմա մեր մեջ նստել ա զոհի, խեղճի, անսերունդ մնալու, մահվանը պատրաստ զինվորի արխետիպը»: Դոբրի Դավոյի տեսական հիմնավորումներից հետո Զլոյ Դավոն անմիջապես մտավ. «Դուք գիտեք, որ հնում առաջին գիշերի իրավունքը քավորինն ա եղել, դե քավորն էլ` ջոկի ով ա, գեղի ամենաբոյով, ամենասիրուն, ամենձիգ, ամենահարուստ տղեն ու, ասենք, գեղի կեսը հետո քավորին են նման եղել…»,- սկսեց խրխնջալու նման ծիծաղել… Պոնչը նյարդայնացավ ու մի հատ ճտտցրեց սրա վզաքոքին: Դավոն լրջացավ ու շարունակեց. «Ախպերներ, կատակը մի կողմ, ասածս փաստ ա ու դա ասենք շատ հնուց եկած բան ա, քավորդ համ փորձառու ա, սիրուն ձևերով կարողացել ա հարսիկների հարցերը լուծել»… Պոնչը մի հատ էլ ճտտցրեց սրա վզին` արդեն ահագին լուրջ, երևի էն խայտառակ գիտակցումով, որ մեր նախնիները լավ տղերք չեն եղել ու նրանց սևը մեր վրա բիծ է թողնում: Դավոն էլի խրխնջաց ու շարունակեց. «Լավ, լրջով, դա նրա համար ա եղել, որ հարսը պտղաբեր ըլնի ու առողջ երեխեք ծնի: Ասելս էն ա, որ, դա հնուց եկած ճիշտ ա, մի որձի շեֆությունը մնացած էգ ու որձի վրա բանացնելը»:
Կոնսի Պոնչը քրֆեց սրանց տուֆտելու համար, վստահեցրեց, որ սրանք իրենց ոտի հետևից են ընկել ու սաստելով, որ ստե-ընդե չփռչցնեն էս թեմաներով`  գնաց: Ես էլ ասեցի` խելքներիդ ձուն գա… ու նույնպես հեռացա:
Եվ վերջապես աշխատավորական օթյակի մայրամուտային նիստերից մեկի ժամանակ էր (ավելի ճիշտ դրա չկայանալու արդյունքում), էն օրերին, երբ ինձ առավել շատ էին նեղում Փղի դեսդենչիկ, Փղի կնիկ բզիկներով, երբ նստած ընկել էի մտքերիս հետևից, հանկարծ հասկացա, որ խելագարի պես սիրում եմ մեր կուրսի Շուշանին և որոշեցի նամակ գրել միանգամից ամուսնության ու առաջիկա 10 տարում 5 երեխա ունենալու առաջարկով: Գրեցի: Համաձայնվեց: Ինձ պետք էր երազանքի ու տառապանքի կիզակետ ունենալ, նրան հակաորձային իմունիտետ էր պետք. նոր աշխատավայրում ու «բանակում ծառայող ընկերն» ինքն էր որ կար, երկուսս էլ գոհ էինք: Իսկ ընդհանուր պարտականությունների շրջանակը սահմանափակվում էր շաբաթական մեկ նամակով, երեք զանգով և ամսեկան մեկ ժամանոց մեկ տեսակցությամբ:
Հա, տեսակցությունները…
Մեր այնկողմնային համակարգը քանդվում էր ամեն կիրակի 16:00-17:00` ուղիղ մեկ ժամով, գումարած նախորդող սպասումն ու հետոյի հուզական ճռվողյունները:
Յուրաքանչյուր կիրակի 14:50 Սևը գումարտակով մեկ գոռում էր` զուգարանի փողը չմոռանա՛ք, արա՜… 15:00 շարվում էինք ճաշարանի համար, անկապ գնում նստում էինք` ոչինչ չուտելով, հետո մեզ բաց էին թողնում զորամասի մերձակա ամայի տափաստանանման տարածք, ուր արդեն իրենց հայրենիքի պաշտպան զինվոր բալեքին էին սպասում հազարավոր դրսեկներ` տատա-պապա-մամայա-պապայա-քույրուեղբայրա-սիրածաղջիկա-բարեկամախառը: Մի ժամ գուրգուրվելուց, լացելուց, լացացնելուց, գլուխ գովելուց ու երազելուց հետո մենք բերաններս մայրական կաթիկոտ, շրթունքներս սիրածի պաչիկոտ հետ էինք վերադառնում` ներսից ու դրսից բեռնավորված հավերով, քաբաբներով, երշիկներով, ոգելիցով, լավաշով, շոկոլադներվ, ծխախոտներով ու փորձում էինք սպառել այդ ամենը մինչ երկուշաբթի առավոտ, որովհետև նախ` շոգին ամեն ինչ փչանում էր, հետո էլ հաջորդ առավոտ անպայման պետք էր ամեն ինչ հավաքել ու ոչնչացնել:
Կիրակնօրյա իրարանցումին անհաղորդ էր մնում թերևս միայն Պուպուշ Գուգոն. նա ճիշտ այդ պահին Porsche Broxter-ով180-ի տակ հաղթահարում էր Երևան-Սևան մայրուղին` ընթացքում ձեռ-մեռ գցելով կողքի բլանդինկա նանարին (ամենևին չճշտված, բայց հիմնականում  արժանահավատ փաստ):
Ինչ լավ է, որ կա Փիղը:
Մեկը մի թթու խոսք չի ասում, էդքան հետև չունի: Սևը թեթև լսցրել է, որ իմ հետ թեմա չլնի: Սևից ամբողջ գունդն է մրսում: Իսկ Փղից… չէ… Փղից ոչ մեկ չի մրսում… Ուրիշ է Փիղը:
Երբ նա կիսամերկ` սրբիչով փաթաթված, երեկոյան քայլում էր միջանցքի վերջում գտնվող իր սենյակից մինչ միջանցքի հաջորդ ծայրում գտնվող լվացարանը, այդ 50 մետրը անցնելով մոտ 5 րոպեում` ամբողջ գումարտակում դադարում էին բոլոր քֆուրները, գզմրտոցները, աղմուկը, զինվորական առօրյա քաշքշուկը, խաղաղ ու երանելի անդորր էր իջնում բոլորիս վրա:
Նրանից  հետո միզարանից մոտ կես ժամ կորչում էր սովորաբար այնտեղ տիրող սպանող ծանր քլորա-ազոտային սուր հոտը ու տարածվում էր մի տեսակ թեթև արևադաձային ծովեզերքի ու ձմերուկի տարօրինակ-քնքուշ խառնուրդի պես ջահել փունջ: Բոլորն էլ գիտեին դա, բայց ոչ մեկ չէր խոսոտովանում, չէր խոսում այդ մասին ուրիշների հետ: Միայն մի անգամ, երբ Փղի դուրս գալուց մի հինգ րոպե հետո ես ու Սևը պատահական միասին մտանք միզարան ու շնչեցիքն նրա հոտը, Սևը ցածր-կիսաձայն, խանդոտ երեխայի նվնվոցի նման ասեց` ես էլ օրը յոթ հատ ձմերուկ ուտեմ, իմ… » հետո նկատեց ինձ ու լռեց:Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ ուզում էին գոնե շաբաթը մեկ անգամ նրա հետ հայտնվել միզարանում նույն պահին:
Երեկոյան նա ընդհանուր լվացարանում լվանում էր ատամները` նարնջագույն խոզանակը դանդաղ տարուբերելով բերանում, առանց կռանալու ու մշուշոտ խաղաղ հայացքով նայում էր հայելու մեջ սեփական արտացոլանքին: Հետո սպիտակ թանձր փրփուրը փակ բերանի երկու եզրերից դուրս էր ծորում ու սահում ցած` երբեմն թափվելով կրծքին, լվացարանում բոլորը դառնում էին ուրվականներ, դառնում էին լվացարանի բոլոր պատերը շրջագծող կեղտոտ հայելիներում իրենց անորոշ արտացոլանքների նման անսեռ ու տարրալուծվում էին խոնավ օդի մեջ ու սկսում էին լողալ` գորշավուն  շրջանագծերով լողալ նրա շուրջը:
Երբ ընդհանուր բաղնիքում լողանալիս էինք լինում ու գալիս էր Փիղը (ի դեպ ռեժիմի տղերքից նա միակն էր, ով գալիս էր զորքի հետ լողանալու), բոլորն արագ-արագ օճառվում էին ու շատ-շատ փրփուր անում, որ ավելի ձգեն իրենց լողանալու համար հատկացված 10-15 րոպեն, որովհետև, դա Փղին մերկ տեսնելու առիթ էր: Երբ տաք ջրի ու գոլորշու շիթի մեջ մաքրվող ու հանգստացող մեր զինվորական օրգանիզմները լվացվում էին անազատության կեղտից ու խաղաղվում, Փիղը շրջվում էր դեպի մեզ, ջրի տաք շիթը լվանում էր նրա մարմնից օճառը ու մերկացնում նրան և բոլորը, ով թաքուն` աչքի ծայրով, ով անթաքույց, նայում էին նրա առնանդամին, որ պարզապես մի բան չէր, որ բոլորիս վրա էլ կար. այն իսկական ֆալոս էր, նրանից լույս էր ճառագում, կաթնագույն ու մեղրահամ լույս:
Էս ուր գնացին մտքերս… Տեր աստված… այս պահերին միշտ թափ եմ տալիս ինձ` թրջված շան պես… որ խելքս գլուխս գա:
Փիղը… գիտե՞ք ինչ տղա էր Փիղը… միգուցե մի հազար տարի առաջ նրա առաջնորդությամբ մեր նման տղերքը կարողանային գրավել Փոքր Ասիան ու միջերկրականի ծովեզերքը, մի հարյուր տարի առաջ միգուցե մենք երկար բեղեր ունենայինք ու կռվեինք նրա հետ Տալվորիկի սարերում, մի քսան տարի առաջ միգուցե հերոսաբար ընկնեինք Արծվաշենի համար, բայց հիմա առանց պատերազմի զորքը մեռնում էր քրտնքախաշ ձանձրույթից ու բլոտ էր խաղում մայրաքաղաքից բերված պեռաշկու վրա: Հա, խելքս գնում էր երիտասարդականի անցումի տակ ծախվող 60 դրամանոց պեռաշկիների համար, տնեցիքին միշտ ասում էի, որ հետները հենց էդ պեռաշկիներից բերեն: Կեսը տանում էի Փղին, որովհետև նա նույնպես դրանցից շատ էր սիրում, իսկ մյուս կեսը ուտում էինք աշխատավորական օթյակի արտագնա դռնբաց նիստում:

###  կամ հետո:

Եկավ ուսումնական բրիգադից սահմանապահ զորքեր տեղափոխվելու ժամանակը:
Մենք բեռնավորված եկանք վերջին տեսակցությունից ու քանի որ խմել-հայրենիքը կորցնելու առիթ էր հասունանում. վերջին գիշերը նվիրվեց այդ սրբազան գործին:
Թալինցի Գոնչը միջանցքով մեկ գոռաց` էսօր խմում ենք ու անհամություններ անե՜նք…
Կուբրիկներից ոմանք գոռացին` եղիցի, եղիցի…
Եվ եղեւ…
Գումարտակը ծփում էր խորովածով ու օրորվում արաղահոտից: Սերժանտիկները (չնայած այդ ժամանակ մենք բոլորս էլ արդեն սերժանտիկ էինք)` մեր միսը կերած ու մեր արաղից հարբած, մեզ վախեցնում էին սահմանապահ զորքերի մասին դաժան պատմություններով` ականապատ դաշտերով ու փախած կրակոցներով` փորձելով օգտագործել մեզ ճնշելու վերջին հնարավորությունները: Արդեն լավ-լավ էինք: Մեկը միջանցքով մեկ անցավ ու կուբրիկներում  աթոռներով շինած խնջույքի սեղաններին հատ-հատ հայտնեց, որ Փիղը գնում է: Մեր տեղափոխման օրը Փիղն ու հիմնական կազմից էլի մի քանի հոգի զորացրվելու էին, բայց Փղի զինգրքույկը գիշերն էին տվել ու նա արդեն քաղաքացիական հագուստով շրջում էր միջանցքում` հրաժեշտ տալով տղերքին: Ես մեռած էի, ասեցի դուրս գամ մի քիչ թարմանամ: Տեղատարափ անձրև էր գալիս: Անձրևի շիթերից միանգամից սթափվեցի, գումարտակի առջև տաքսի կանգնեց, հավանաբար Փղի տաքսին էր: Ասեցի ոտքս կախ գցեմ, մինչ նա իջնի ու այստեղ հանգիստ հրաժեշտ կտամ նրան, բայց հանկարծ վատացա ու անցա պատի հետև` ստամոքսս դատարկելու… էնքան վատ էի, որ չէի գիտակցում, որ մաքուր տարածք եմ պղծում, ավելացնում եմ պիղծ տարածքների թիվն ու ինձնից հետո եկող զինվորների հոգսը: Ամբողջությամբ թրջվել էի տեղատարափից: Սակայն իմ բախտից հորդ անձրևն անմիջապես լվաց-մաքրեց իմ փսխուկի հետքերը: Մինչ հանգստացա մի քիչ  ու մոտեցա գումարտակի դռանը,Փիղն ու երկու հոգի քաղաքացիական հագուստով  նստեցին  տաքսին ու անմիջապես պոկվեցին տեղից:
Չեմ հիշում ուր և ինչպես եմ անցկացրել էդ գիշերը, բայց ամբողջ գիշեր զգում էի, որ անձրև է գալիս: Առավոտյան գլխացավ էր, ցուրտ էր ու խոնավ: Մերկության տհաճ զգացողություն կար ներսում… քամուց ներս…   մենք էինք: Այստեղից չերևացող սարերից քամու բերած ուրցի հոտ: Ուրցով թեյից ճնշումս ընկնում է: Չեմ սիրում: Մենք մեր բոլոր իրերը դեղին տոպրակների մեջ հավաքած` սովորական շարքերով կանգնած էինք շարահրապարակում ու սպասում էինք, թե ում, ուր կտանեն: Այդ օրն ավելի տխուր ու դատարկ էի, քան բանակ գալուս օրը,  ավելի տխուր էի, քան երբևէ…
Բոլոր նրանք, ովքեր առանձնապես նախապատրաստություն չէին տեսել իրենց հետագա ողջ ծառայության վայրի համար և թողել էին այսպես կոչված պատահականության հույսին, հիմնականում ծառայելու էին հայ-ադրբեջանական ամբողջ սահմանով ձգվող սահմանապահ զորամասերում ` որպես դասակի հրամանատարներ ու հենակետերի ավագներ:
Աշխատավորական օթյակից առաջինն իմ անունը կարդացին: Նույնսիկ չհասցրեցի իմանալ, թե տղերքից ում, ուր տարան: Չնայած հետո կարող էի իմանալ, բայց մենք, նույնիսկ զորացրվելուց հետո, չհանդիպեցինք ու երբեք այլևս ընկերություն չարեցինք:
Հավես չկար շատ բան հիշելու:

### կամ 300 մետր ճակատով և 400 մետր խորությամբ սահման

Բոլոր դասերը խորապես սերտած` ես գնացի հիմնական ծառայության զորքեր, ուր շահեկանորեն տարբերվում էի մնացյալից հատկապես նոր ու մաքուր բուշլյատով, սերժանտի կոչումով, տարիքով, կրթությամբ ու պարտականություններով. ամենակերևորը… ես այլևս Ջուրը չէի… այլ սերժանտ Վահանսարյանը, Վահե ջանը, Վահիկը, Վահը, Վահանսարյանը ու երբեք` Ջուրը:  Ուսումնականում Տղերքի հետ մոտիկից շփված լինելս ու նրանց տարած թեմաների նրբություններին, կուռաժին ու հերթապահ արտահայտություններին լավ տիրապետելս ինձ պետք եկան. ես շատ հեշտ հայտնվեցի մեր սահմանպահ խեղճ ու կրակ զորքին ճիշտ ու սխալ սովորեցնող, սխալի համար չորով ստացող կամ մեկի օդերը բացող լավերի շրջանակում:
Ես միշտ գերազանցիկ եմ եղել…


### կամ չգրված, չուղարկված, տեղ չհասած նամակ

«Բարև Շուշան ջան, բարև մռութս, էլի նամակ եմ գրում… մի զարմացի, որ մեզ մոտ բջջային չկա, մի 100 հատ անտենա պետք ա դնեն, որ ալիքը հասնի էս կորած-մոլորած տեղը սարերում: Առաջիկա գյուղն էլ 12 կմ-ի վրա է, էլ ում համար դնեն… Նամակս գրում եմ հենակետեր մեկնելուց առաջ, հուսով եմ քեզ կհասնի, երբ արդեն վերևում լինեմ: Առաջ ամեն շաբաթ քեզ «թարսի պես» ուզողներից մեկը զանգում էր ինձ` ճշտելու իրոք ընկերդ եմ, թե չէ, ( լսի´, օրեկան քան՞ի հոգու էիր տալիս համարս): Հիմա չգիտեմ ինչ են/ես/ենք անելու. ինչի՞ էս էդքան սիրուն ծնվել, աղչի´… կարոտել եմ պուպուշս, չգիտեմ ոնց եմ դիմանալու 2 ամիս`  մինչ արձակուրդս: Պոստում տղերքիցս մեկը փայտից փախած բաներ է սարքում, մի հատ լավ վզնոց եմ նկարել, սարքում ա նռան փայտից… հետս կբերեմ… Բայց դու իմ գալուն մի սպասի, ասածս գրքերն առ, ուղարկի, հասի´ զինվորիդ նեղին, հենակետի ավագ եմ, ամբողջ գիշեր արթուն պետք  է մնամ, քանի որ թուրքական ալիքներից բացի ուրիշ ոչինչ չի բռնում ռադիոյով, կարդում եմ մանրից:
Լսի, մի´ նեղանա, որ քեզ ասում եմ փղիկս, ես սիրում եմ թմբլիկներին, հասկանում ես, սիրելի կինը պետք է շատ լինի
Ամուր-ամուր գրկում ու համով-համով պաչիկ եմ անում, փղի՛կս… »

### կամ հետադարձ հաշվարկ

Զորացրումից մի քանի օր հետո Շուշանն ինձ հրավիրեց իրենց տուն` մոր հետ ծանոթացնելու:
Լուրջ կին էր: Հագուստի մեծածախ վաճառքի խանութ ու արագ սնունդի կետ ուներ Բանգլադեշի տոնավաճառում: Ամուսին, կարծեմ, չի էլ ունեցել:
Շուշանի վախվխոտ հայացքների ներքո նա ծխախոտ վառեց ու հենց սկզբից դիմեց ինձ` «աբեր»… աբե՛ր, բա դու ո՞ւրդու տղա ես, գործ կա՞ ձեռդ, ի՞նչ կխմես, աբե՛ր…
Տիկին Մարգարիտան, որ նախորդ 23 տարիներին հասցրել էր լրջորեն տրամադրվել մինուճար աղջկան ուզելու եկած  աբերոյի ընդունելությանը, խաչաձև և ճակատային հարցերով ինձ միանգամից հիշեցրեց, որ ես տվյալ պահի դրությամբ անհետաքրքիր, վատ հագնված, դեղնակտուց ու անհեռանկար միջին վիճակագրական գործազուրկ եմ, ով հաստատ չի կարող հավակնել Շուշանի կողակիցը դառնալուն: Մինչ նա օգնում էր ինձ հաղթահարել հետբանակային ադապտացիոն շրջանն` ինձ անհնարին վերևներից երրորդ մասի կողմերն առանց պառաշյուտի իջեցնելով, ես ահավոր լարվածությունից անընդհատ ճակատիս քրտինքն էի սրբում ու կուլ տալիս նրա արտաշնչած ծխախոտի թանձր ծուխը: Իսկ իմ լարվածությունն ու նյարդայնությունը ոչ այնքան նրա` պորտս տեղը դնելու քաղաքականությունն էր այնպիսի լկտի հումորներով, ինչպես ասենք` ինձ Երևանի կենտրոնում «Շինանյութ» անունով սեքս-շոփ բացելու գաղափարը տալը, այլ բոլոր սենյակներից միալար, ականջներս սղոցող ջրի կաթոցքի ձայնը: Հա, հասկացանք տանը վաղուց տղամարդ չի եղել, բայց ինչի պիտի ունիտազից, լվացարանից, խոհանոցից ու էլի ինչ-որ տեղերից անընդհատ կաթ-կաթ, ծլ-ծլ ծորա ջուրը մանր-մունր տարաների մեջ… մի կես ժամից, երբ հիստերիկությունս հասավ գագաթնակետին` Շուշանից ջուր ուզեցի, որ գոնե մեկ անգամ ուժեղ հոսանքով բացվի մի ծորակ ու ցրվի խեղդող լարվածությունը: Փակուղու մեջ թպրտացող մարդ, ուղեղումդ ծագած թանձր-իմաստուն կամ մերձիմահ-դառը միտքը դանդաղ կծորա ողնուղեղովդ ցած ու մանրից կթունավորի քեզ, եթե ջուր չխմես: Երբ վատ է, շատ վատ է, կամ ահավոր` միշտ ջուր եմ խմում: Երբ ջուր ես խմում ու հոգիդ թեթևանում է, պարզում ես, որ այդ կիսաբաց ծորակներից թույլ ծորացող ջուրը ջրաչափի վրա համարյա զրոյական ցուցմունք է ցույց տալիս և դա ընդամենը տնտեսելու միջոց էր… մարդ ինչքան այլասերված պիտի լինի, որ այդպիսի միտք հղանա:
Տիկին Մարգոյի հետ ճակատագրական հանդիպումից հետո մի շաբաթ էլ անկիրք պաչպչվեցինք Շուշանի հետ ու բաժանվեցինք խաղաղությամբ: Ջրի ծորակները հեչ` նա արդեն ահագին առաջ էր գնացել իր բանկում, լուրջ փող էր ստանում, վարորդական իրավունքների դասերի էր գնում ու նույնիսկ մի շաբաթով մեկնել էր Պրահա` հանգստանալու: Իսկ ես դեռ զրոյի վրա էի:
Հաճելիորեն թեթև տարա, նույնիսկ վաստակած խաղաղություն զգացի առաջին շաբաթը, բայց երկրորդ շաբաթից տարօրինակ կերպով սկսեցի վայրենի հակվածույթուն ու կարոտ զգալ նրա հանդեպ: Մի երկու անգամ ծաղիկներ ուղարկեցի աշխատավայր ու տուն, սրտաճմլիկ  նամակներ ու sms-ներ գրեցի, մի անգամ նույնիսկ հանդիպելու փորձ արեցի: Բայց շուտով ինձ զանգեց ոմն Բեկո ու ինձ բացատրեց, որը որից հետո է: Կարոտախտի նոպաներս անցան:
Որոշեցի գործ ճարել: Մի քանի ամիս անկապ թափառումներից ու ռեզյումե բաժանելուց հետո վերջապես հորս ընկերն օգնեց ու ես ընդունվեցի ասֆալտ արտադրող մի գործարանի պահեստ, որպես պահեստապետ: Պարտականություններիս մեջ էր բահեր, մեխեր, դիզվառելիք, բանվորական ձեռնոցներ ու էլի ինչ-որ զրթուզիբիլ ընդունելն ու քիչ-քիչ ամեն առավոտ դուրս տալը: Նույնիսկ մի ենթակա բանվոր ունեի` Լութվիգը:
Կյանքս ոնց որ սկսեց կարգավորվել: Նույնիսկ ինչ-որ ընկերներ հայտնվեցին: Վարկով նոթբուք առա: Սկսեցի համերգ-մամերգ գնալ, օպերայի կաֆեներում գարեջուր-մարեջուր խմել շաբաթը մեկ:
Ու մոտավորապես էն ժամանակ, երբ իմ սեռական օրգաններից միայն աչքերիս տեղն էի հիշում, իսկ վերջիններս էլ սկսել էին բավականաչափ վատ տեսնել, հանդիպեցի Համասփյուռին: Նա 33 տարեկան էր,  մենակ էր ապրում, մայրն ու եղբայրը մի տաս տարի առաջ, երբ Համասփյուռը դեռ ամուսնացած էր, գնացել էին Լեհաստան ու ոնց որ քաղաքացիություն կամ նման մի բան ունեին արդեն: Նանարիս ամուսնությունը չէր ստացվել, բաժանվել էր ու հիմա  գեղեցկության սրահում մատնահարդար էր աշխատում: Ծանոթացանք ինտերնետով, սկզբում երկու շաբաթ անկապ չաթ էինք անում, հետո փոխանակվեցինք հեռախոսահամարներով, հետո հանդիպեցինք, երրորդ հանդիպմանը հրավիրեց տուն. Էդ հրավիրելն էր:
Ընկերուհիները Համասփյուռին երկար բարակ Հա-մա-սփյուռ չասելու համար կարճ Հեմո էին ասում: Ես նրան   ասում էի Համո. հեռախոսիս մեջ հենց այդպես էլ գրած էր`  [Hamo sexik]:
Ինչը հավանեցի Համոյիս մեջ. նա այն կանանցից չէր, ովքեր կարծում էին, որ լուրջ տղամարդը պետք է կարողանա թաքցնել իր կեղտոտ մտքերը Շոպենհաուերի իմացությամբ:
Երկուսս էլ, կարելի է ասել, չտես էինք` անկողնու, սիրո, համատեղ կենցաղավարության ու  առաջին ամիսը շատ հավես էր: Երբ մեր բոլոր չտես զգայարանները բավականաչափ հաղորդակցվեցին, աշխատեցին ըստ նախաստեղծ նշանակության, շփվեցին այնկողմնայինի հետ ու քյառթուացան, նորից ձանձրույթ տիրեց  աշխարհում:  Սկսեցինք սերը համատեղել խմիչքի հետ. մի որոշ ժամանակ էլ դա հետաքրքրացրեց կյանքը, երբ խմիչքը նույնպես սպառեց իրեն, սկսվեցին խոտի փնտրտուքները: Համակեցության նոր գլուխը  չտեսնված ու չունեցած ապրումների գլխապտույտ էր: Լավ էր: Վատ չէր:

###  կամ թռանք վերև, իջանք ցած

Հուլիսի վերջն էր: Ցերեկվա անտանելի տոթից հետո կեսգիշերի հովը երանելի է Երևանում: Հերթական բարեհաջող թռիչք-վայրէջքից հետո ես նանարիս տնից տուն էի վերադառնում դեռևս թարմ թմբիրի մեջ վերջին 35 հաղթական մետրերը անցնող կանադացի բիաթլոնիստի հետագծով` աջ-ձախ, աջ-ձախ ցկցկալով ինձնից ներս ու քթիս տակ շվշվացնելով: Նայում եմ, կիսախավարի մեջ ինձնից մի քանի մետր առաջ քայլողի ուրվագիծն ահավոր ծանոթ է: Ոնց որ թե… սիրտս սկսեց 200-ի տակ խփել, հուզմունքից շունչս կտրվեց ու հազացի չխեղդվելու համար: Դիմացինս շրջվեց` Փիղն էր: «Արա Ջուր, դո՞ւ ես»,- հանգիստ, իրեն հատուկ ձևով դիմեց ինձ: Չգիտեմ ինչ անցավ մտքովս, երևի մտածեցի` այնքան էլ վստահ չէ, որ ես եմ ու… փախա… շրջվեցի ու գլխապատառ փախա նրանից:
Չգիտեմ ինչ էր կատարվում հետս: Մի շաբաթ այդ կողմերում չերևացի: Ախորժակս փախավ, համարյա հաց չէի ուտում, վատ էի քնում:  Մի գլուխ ծխում էի միայն: Համոյիս հետ հանդիպեցինք, չնայած որ լավ խմեցի անհանգստությունս հաղթահարելու համար, ոչինչ չստացվեց մոտս. դրանից ավելի կոտրվեցի:  Էդ օրը զգացի, թե ինչքան եմ նյարդայնանում նրա երկար կեռ եղունգներից, որոնք նա ամեն  օր տարբեր կերպ էր ներկում. ձմեռային լիալուսնոտ կեսգիշերներից մինչ ապուշ կարմիր սրտիկները ամեն ինչ եղել էր նրա խնամված եղունգների վրա: Զգացի, թե ինչ նողկալի է, երբ նա իր եղունգներով ճանկռում է մեջքս, գոտկատեղս, հետևս… երբ չի ստացվում, ամեն ինչ նողկալի ու ահավոր է… բացի կեսգիշերին լամպի շուրջը հավաքվող թիթեռների ու մլակների պարսից… որ գիշերվա խավարի մեջ գալիս-գտնում են լույսը, մոլորվում-մոլորվում, բայց գալիս հասնում են լույսին… լույսը համատարած խավարի մեջ առանձնապես տաք է… մահը հեշտալի ընդունելու չափ տաք է լույսից կուրացածի համար…
Հա՛մ, ասում ես` մեռնեմ պրծնե՞ս… մեռած չեմ, ինչ եմ… հենց այդ է մահը, երբ ես քեզ չեմ ուզում ոչ մի դիրքով, ոչ մի համեմունքով,  օրվա ոչ մի պահի… հերիք ա ինտերնետից դիետաներ հանես, հերիք ա թթվաշոռով բռնաբարես ինձ… հերիք ա էդ բառն ամեն օգտագործելուցս  ասես` այո, ես բռնի, բայց բարիք եմ անում, քո համար եմ անում,  մեր համար եմ անում… Ամենախնդալուն «Մենքն» է… մենք չկա Համ… ես նույնիսկ չգիտեմ, թե եսն ինչ է, դու ասում ես մենք… ես էդ եսի մեջ եմ մոլորել… դու ասում էս մենք…  էդ Եգիպտոսի ուղեգրերի ամրագումն էլ կհանես,  հավես չկա, մերկության ու ծովի հավես չկա… դու գիտե՞ս ինչ ա ծովը… դա ջուր ա, անիմաստ շատ ջուր, անտեղի շատ ջուր, ջուր` լիքը-լիքը անապատների հաշվին, լիքը-լիքը ծարավ ու ցամաք, փոշի շնչող ու քար կրծող խեղճերի հաշվին, ծովը` ինչ-որ տեղ… ուզու՞մ ես քֆուր ուտեմ, որ կյանքումս ծով չեմ գնալու…
Ի՞նչ անեմ… գնամ գտնեմ Փղին… փախնեմ էս քաղաքից… երակներս կտրեմ… գնամ գտնեմ Փղին… ասեմ` բարև Փիղ… հետո փախնեմ էս քաղաքից… հետո երակներս կտրեմ… կամ միասին փախնենք… կամ ինչ-որ դեղեր խմեմ, հա մի բուռ  անկապ դեղեր խմեմ… համարյա չէր փոխվել… մի քիչ լցվել էր… ձայնն էր մի քիչ թանձրացել. երևի շատ է ծխում… ինչ անկապ էր հագնված… երևի գործերը վատ են… չէէ, ո՞նց կարող է Փղի գործերը վատ լինեն… երևի մոտակայքում է ապրում. ելել էր զբոսնելու  տնային շորերով… գնամ գիշերները դարան մտնեմ այդ կողմերում… շինհրապարակ կա, այնտեղ կթաքնվեմ ու կնայեմ… հաստատ երեկոները մենակ զբոսնելու սովորություն ունի ու էլի դուրս կգա… մի օր անպայման կտեսնեմ, ինքն ինձ չի նկատի… խավարից կհետևեմ… ուշադիր կզննեմ…
– Գիտես, Հա’մ, բանակում դեղեր էին տալիս, որ տղամարդկությունդ մոռանաս, բայց մեկ ա, խոլոք չէր պահում իրան, հիմա քո թթվաշոռով, անտառային ընկույզներով ու մասաժներով, քո ամբողջ գայթակղիչ տնտեսությունն աչքիս առաջ` չի կայնում…  հիստերիկ հռհռում եմ:
– Ինչ անում եմ, մեր համար եմ անում, անշնորհակա’լ տղա:


### կամ անձրև

Հետևիցս գալիս է, հետևում է ինձ իր դանդալոշ քայլվածքով, չեմ շրջվում, բայց մեջքով զգում եմ հայացքը, կողերիս զգում եմ զզվելի թաց ձեռքերի հպումը… Անձրևը վարարում է… Ես գնում եմ նա հետևիցս, ես արագացնում եմ քայլս, նա` հետևիցս, ես վազում եմ` նա հետևիցս… Անձրևը վարարում է… ես փախչում եմ գլխապատառ`  նա հետևիցս, անձրևաջրերի մեջ չորս ոտնաձայն` չըլըփ-չըլըփ, չըլըմփ-չըլըմփ… կենտրոնում բոլոր շքամուտքերը փակ են գաղտնաբառով, վազում եմ… հասնում է, կհասնի, չեմ հասցնելու, կդիպչի ինձ հիմա, թաց ձեռքով կդիպչի… կասի… բաց շքամուտք եմ տեսնում, մտնում եմ… մութ է,  խառնվում եմ իրար… փակուղի է… կդիպչի ինձ… հիշու՞մ ես, տկլոր էիր քնում, տկլոր, որ առավոտ ճաշարանից բերում էի նախաճաշդ` դեռ քնած էիր լինում ու մարմնիդ կեսն ամբողջովին մերկ` միշտ վերմակի տակից դուրս, վերմակը որն է, մի բարակ սավան էր…թափանցիկ… էդ շոգին ո՞վ էր ծածկվում: Ացտեկ սիրող, հարբած ժամանակ դրանց էգ ու որձը չես տարբորում չէ՞… Ինչի՞ ինձ մի անգամ աստղերից չես հարցրել, ի՞նչի չես ասել` պատմի´ արա, իրիկվա ռազվոդին սաղ զորքին պատմում ես կապույտ արևներից, նեյտրոնային աստղերից, ինձ էլ պատմի: Ինչպես է միտքը ուղեղից ծորում ստամոքս, ստամոքսից  երիկամներ, այնտեղից միզապարկ, միզապարկում կուտակվում է, իսկ հետո արտահոսում դուրս… յուրաքանչյուր չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը պարում էին ացտեկներդ` շոկոլադե կարմիր… ոմանք հղի են, ոմանք ծեր` թոռոմած ու սմքած կրծքերով… ոմանք դեռ մատղաշ, ջահել ու ձիգ, ոմանք գեր էին ու ճարպերը ծալք-ծալք կախված են կողերից, ոմանք նիհար են այնպես, որ մեջքի վրա թեքվելիս մաշկի տակից երևում են բոլոր կողերը… մեկ ու մեջ տղերք էլ էին պատահում, բա առանց տղաների ոնց կլնի… եթե` դու, ուրեմն նաև` քեզ… Ու՞ր են կորել, արա, ու՞ր են երազներդ… Համոյի բիտումահոտից ցվրվեցին, եղունգների խայթոցներից ցրվեցին հա… Համոդ բացում ա… ես ավելի լավն եմ… լավը չե՞մ. Բա ինչի-որ փողոցում Պոնչի հետ խաչվեցիր, երկու բերան խոսեցիր, փոխանակ հարցնի` ոնց ես, ինչ ես, հարցնում էր` Ջուր, Փղինը հիշում ե՞ս: Էհ` Փղին հիշում ե՞ս… ինչի էր հարցնում… չկպնես ինձ… չկպնես ինձ… չկպնես ինձ… չկպ… խռովե՞լ ես ինձանից… Արի… մոտս արի… Խռ… Խռովել ես ինձանի՞ց… Խռովկա´ն… խռ-խռովկ… ա… ան… Դու լավ տղա չես, ոչ մեկ լավ տղա չի, լավ տղա չի եղել ու չի կարող լինել…

###

Փղին Թոխմախ թաղեցին:
Անտանելի շոգ օր էր:
Էդ օրն առաջին անգամ իմացա Փղի իսկական անունն ու զարմացա` ոնց մինչև հիմա այն իմանալու հետաքրքրություն չեմ ունեցել, երբ հայրը որպես հրաժեշտ, դագաղի կողքը մեկի ուսին թփթփացնելու պես թփթփացրեց ու ասեց` Արեգս… ու էլի ինչ-որ բան, որ չլսեցի, որովհետև հրաժեշտի հրմշտոցի մեջ ոմանք ուզում էին առաջանալ, ինձ հետևից հրեցին ու  քիչ էր մնում փոսի մեջ ընկնեմ: Հետո, երբ Փղին իջեցրին ու քաշեցին փոսի հարավային պատի տակ, ես նկատեցի էդ զարհուրելի, մի մարդաչափ դատարկությունը, որ ընդգծվեց նրա դագաղի կողքին:
Հոգեհացին չգնացի, սիրտս խառնում էր:
Մի ամիս է սիրտս խառնում է. երբեմն նույնիսկ հետ եմ տալիս:
Մի ամիս է անձրև չի եկել:
Համոյին չեմ հանդիպել մի ամիս է: Երբեմն զանգում է, չեմ վերցնում: Երբեմն հավես չկա ու գործից տուն չեմ իջնում, քնում եմ պահեստում: Տափաստանային թալիբի հոտած թրաշ է վրաս: Անջատված եմ դարձել. շեֆը քրֆեց էն օրը թվերը խառնելու համար: Կարող է հանեն էլ գործից… արդեն մեկ է:
Ծանր մետաղներով թունավորված բեղլուի սուսուփուս հոգեվարք` շառից փորձանքից հեռու. մետաղաձուլարանի մոտակայքում հոսող գետ, գետի տակ քար, քարի տակ ինքը, իր տակ մոլորակն էնքան մեծ, որ կարելի է հաշվել որպես զրո, հաշվանքի անհաղթահարելի սկիզբ… բազմանալու ոչ մի հեռանկար: Իմ վիճակին նայելով` նույնիսկ քնձռոտ աշխատողս` Լութոն, մի անգամ ասեց` լսի, շե’ֆ, բայց դու ինչ տուֆտա ձուկ ես… հաստատ համոզված, որ չեմ չափալախի:
Երբ նեղված ես շատ, չափազանց շատ, փողոցային շան պես տխուր ես: Էն որ ո’չ մեռնելդ է գալիս, ո’չ ապրելդ: Էն որ ասում ես` Տեր աստված ու մի պահ սարսափում ես էն մտքից, որ կարող է էդ Տեր աստվածն էլ չկա ու դու անկապ, օդի մեջ կրակում ես: էն որ կասկածում ես, թե ինչի՞ կամ ու՞մ համար ես էդքան վիզ դնում: Էն որ կասկածում էս… Էն որ կասկածում ես` Փիղը հղի էր, թե չէ… էն որ աթոռիդ նստած ծերանում ես, են որ չգիտես, թե հետո ինչ է լինելու, բայց գիտես, որ ինչ էլ լինի, միևնույնն է:

ՀԳ

Քաղվածք քրեական գործից

[Հանցագործի կողմից սուր ծակող կտրող գործիքով Ա.Ա.-ին հասցված 11 հարվածներից վեցը կյանքի համար անհամատեղելի են եղել…]:

Նկարագրվող բոլոր իրադարձություններն ու բոլոր կերպարները հորինված են:
Իրականության հետ ցանկացած համընկնում պատահականություն է:

© Կարեն Անտաշյան  2010

Share Button

Նշանաբառ՝

31 Կարծիք

  • Զառա says:

    Ապրես Կար ջան: Վերջում սրտիս ծանրություն իջավ… Նշանակում է` ստիպեցիր ապրումակցել հերոսիդ:
    Բայց ինձ ամենաշատը դուր եկավ “### կամ ստատուսից` ռեժիմի” մասը: Լավն էր:

  • Արտակ says:

    Մեծ հաճույք ստացա, ապրես

  • L.S. says:

    Կեցցեք, ես վաղուց այսպիսի հետաքրքիր արձակ չէի ընթերցել: Չեմ ուզում գրականագիտական մանրամասների մեջ մտնել` մասնագետ չեմ եւ ժամանակ չունեմ, բայց մեկ անգամ էլ` շնորհակալություն հաճույքի համար: Ողջ լերուք:

  • Արմուշ says:

    Էս գործը կիրառական ձեռնարկ ա պրիզիվնիկների համար……… Կեցցես Կարեն Անտաշյան, դու իրոք իմ ժամանակի գրողն ես:

  • խորն էր, ապրես

    PS ԵՊՀ ճամբարում լսել էինք որ թեյի մեջ բրոմ են լցնում որ չկայնի :-ՃՃՃ ու տենց 12 օր թեյ չխմեցի վախից 🙂 )

  • zuzu-eli em uzum says:

    Mi shnchov kardacvec, chnayats patmvatsq kochvelu hamar shat erkar er… mets hachuyq staca, shnorhakal em, miayn te mi harc eli, ed pigh@ itogum *7 er te che?

  • khach says:

    դու գիտե՞ս ինչ ա ծովը… դա ջուր ա, անիմաստ շատ ջուր, անտեղի շատ ջուր, ջուր` լիքը-լիքը անապատների հաշվին, լիքը-լիքը ծարավ ու ցամաք, փոշի շնչող ու քար կրծող խեղճերի հաշվին, ծովը` ինչ-որ տեղ… ուզու՞մ ես քֆուր ուտեմ, որ կյանքումս ծով չեմ գնալու…
    arajin demqic sharadrats ardzak gratsnerin mi poqr qnnadatabar em motenum @ntercelis, hima shat shat en handipum etpisiner@, i dep, mi shnchov en grvum, mi shnchov kardacvum:
    aselu ban kar , lav er!

  • Լիզա says:

    Կարեն ջան, արդեն գրել եմ ֆեյսբուքում, որ շատ հավանեցի: Կուզենայի` երիտասարդ ընթերցողներիդ պես մի քիչ հումորով ընկալել պատմվածքդ, բայց չեմ կարող. գրեթե սկզբից մինչեւ վերջ ոսկորներս նվում էին: Բնականաբար` ցավից: Բարի, չար, դրական, բացասական եւ այլ բնորոշումներ չեմ ընդունում գրականության մեջ: Պինդ գրականություն է, կարեւորը սա է: Հոյակապ կծու հումոր ունեք: Մի նկատառում: Գուցե շատ աննշան բան է, բայց ինձ համար` ոչ: Մի տող ունեք Անտաշյան խմբագրի մասին: Իմ տպավորությամբ` մտավախություն եք ունեցել, որ ձեզ կնույնացնեն ձեր հերոսին, դրա համար եք հիշատակել Անտաշյանին: Գուցե սխալվում եմ, բայց եթե նման բան մտածել եմ, ուրեմն` էլի մարդիկ կլինեն, որ կսխալվեն ինձ նման: Ընթերցողը չպետք է զգա, որ գրողն ինչ-որ բանից վախենում կամ զգուշանում է: Նաբոկովի “Լոլիտան” կարդալուց հետո երբ կարդացի իր երկար-բարակ նախաբանն այդ գործի նախապատմության մասին, որի հիմնական ասելիքն այն էր, որ` ժողովուրդ, հանկարծ չմտածեք, որ ես եմ էդ պեդոֆիլը, շատ նեղվեցի: Եթե սկզբում նախաբանը կարդայի, չի բացառվում, որ “Լոլիտան” չկարդայի: Այսքանը, Կարեն ջան: Մինչ նոր հանդիպում ֆեյսբուքում:))))

  • ARSHAK (Պոնչ … Վարչապետ) says:

    Կար ջան … ապրես … Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ հանճարեղ ու լուրջ գործ ես ստեղծել: Մի գուցե շատերի համար անհասկանալի ու գռեհիկ թվան որոշ հատվածներ, բայց պատմվածքը հրաշալի է ստացվել….. Դու տաղանդավոր ես … անկեղծ եմ ասում: Ես ոչ առանց հաճույքի վերհիշեցի 5-ամյա վաղեմության այդ օրերը, փորձելով իմ անձնական թերթիկը ևս գտնել հարիֆության ցանկում 🙂 ))))))))))))
    Իրոք շոշափելի գեղագիտական հաճույք ստացա կարդալով այս պատմվածքը … ԿԵՑՑԵՍ’ ԿԱՐԵՆ ՋԱՆ !!!

    P.S. Im masin vonc vor te ban cheir grel ha ??? 🙂 ))

  • Սիրանույշ says:

    Չնայած նյութ ունեի գրելու, բայց նստեցի ու սկզբից մինչև վերջ կարդացի: Կարդալուց էլ ոչ մի տողի վրայից չեմ թռել, ինչպես անում եմ սովորաբար, երբ ընդամենը ուզում եմ իմանալ, թե ինչի մասին է գրվածքը: Ապրես, շատ դիպուկ ու սրամիտ նկարագրություններ ունես, կարդալուց տեսա բոլոր հերոսներիդ: Պատմվածքն էլ, կարծում եմ, շատ արդիական է:
    Վերջում էլ տխրեցի, Փիղը համակրանք ներշնչող կերպար էր:

  • Kristine Armenakyan says:

    ինձ միշտ զարմացրել ա էն անանցանելի լաքան, որ տղաների մեջ մնում ա բանակից հետո… Շատ եմ հավանում ներսումդ ապրող աշխույժ ջահելին ու խորաթափանց, մի քիչ ծերոտ փիլիսոփային, վարժ մանյովրում ես նրանց արանքում:Տեքստդ խառը տրամադրություն ա առաջացնում, ոնց որ չար երեխու նման լույսն անընդհատ անջատես ու միացնես:ՈՒ ամենակարևորը, որ թեթև նախադասությունների մեջ կիլոյանոց մտքեր ու բացահայտումներ ես տեղավորվում,իսկ դա` ինչպես ասում են, թթու թան չի, ամեն մարդու բան չի:

  • Վ.Տ. says:

    Հրաշալի պատմվածք էր, մերսի՛: Մենակ մի բան էր անհասկանալի, ամբողջ պատմվածքի իմաստը թվում ա թե հիմնաված ա դեպի կատարյալը, ուժեղը, խարիզման ձգտման վրա: Բայց ամենավերջում ամեն ինչ բերվում ա սովորական ֆիեիկական (սեռական) ձգտման: Հուզական մակարդակի վրա մի գուցե հասկանալի ա, բայց տրամաբանորեն մի քիչ չի բռնում:

  • Մհեր says:

    Կարեն ջան, շատ լավն էր, հատկապես փոքր կենդանի դետալները: Լիզայի դիտողության հետ (տե´ս վերը) համաձայն եմ: Սիրով կսպասեմ հաջորդ գործերիդ:

  • anna says:

    Աննկարագրելի,անտանելի լավ պատմվածք,բրավո’: Գոյությունս ծանրացավ վրաս,ֆուտբոլն էլ չի օգնում: Ապուշ կտրել` նստել եմ:Ոչ մի վայրկյան հումորով չեմ ընկալել:Ապրեք տղերք.վերաբերում ա ժամանակակից երիտասարդ գրողներին,մեր արձակը իսկապես նոր շունչ ու որակ ա ստանում,սենց որ գնա Նոբելյան մրցանակն էլ հեռու չի:Կեցցե’ս Կարեն ջան:

  • Իրինա Հ. says:

    Կարդացի սկզբից մինչև վերջ,չնայած նրան որ ահավոր հոգնած էի ու նույնիսկ մտածում էի հետո կարդալ,բայց ընթացքում կլանեց ինձ ու տարրրաաաաավ~~~…Ես մասնագետ չեմ,չեմ ուզում ընդհանրապես քննադատել ,ինչ որ տեղ հասկացա,ինչ որ տեղ չհասկացա …մենակ մի բան կասեմ….ինչ լավա որ ես ՏՂԱ չեմ….

  • Lusine Vardanyan says:

    …mek@` aRach, mek@` het,
    mechteghin@` poli Ped..
    Karen, da el miys patmvatzqym kgres, yete senC sharynakes.. 🙁 Hamenain deps, Aramais SahakyaniC hexinakain iravynqner@ parzi.

  • սէվ says:

    No Comment.

  • Aram Armen says:

    Կարեն ջան, կարծում եմ առանց իմ գնահատականի էլ դու գիտես քո և քո ստեղծագործության արժեքը;Ճ,
    սակայն քեզ, իհարկե, հաճելի կլինի ևս մեկ համախոհ ունենալ այս հարցում:Ճ…
    Բրավո;Ճ

  • Lusi says:

    Shat tpavorich u hzor gorc a,ankax guyneri gorshutyunic,u cinizmi hasnox ankexcutyunic,inqy mec arjeq uni.

  • Անուշ Մկրտչյան says:

    !!!!!!!!!:-)!!!!!!!!!!!!!!!!

  • Հարութ Կբեյան says:

    Ես ասել եմ

  • Տաթև Չախչախյան says:

    Գործը ես ընկալեցի նախ որպես տեքստ, ապ որպես ստեղծագործություն, ինչի պատճառը գուցե ինֆորմացիայի խտությունն էր: Բայց ինֆորմացիան մասրսելուց հետո, երբ տակը մնում ա գրականությունը, կարողանում ես զգալ գործի իրական արժեքը: Արժեքավոր էր` թե’ որպես լավ կառուցված արձակ, թե’ թեմայի հետաքրքիր մեկնաբանման առումով, թե’… մյուսների կողմից վերը նշված բոլոր առումներով: Միայն մի նկատառում. որպես արձակագիր մի քիչ շատախոս ես, ինչի պատճառով բառերի մեջ հաճախ կորում ա գրականությունը, ինչը չէի ասի պոետիկ շատախոսությանդ մասին: Իսկ մեծ հաշվով` /քո ասած/ ‘ցկցկան’ էր ու ընթերցողի վրա չծանրացող:
    Ապրի Անտաշյանը 🙂

  • Aren Poghosyan says:

    Kar jan en mer @nker tapastanajin arvamol@ zhamanakin chisht gtnvec vor qo araji inqnagir@ vercrec. Husov em pahum a.
    Inch verabervum a patmvacqin skzbic humorasatiraji zhanrin veragreci bajc amboxjutjamb kardaluc heto miajn @nkaleci xorutjun@. Es cpetq e tam ajs patmvacqi gnahatakan@. Bajc kasem vor chapazanc dipuk ev texin hamematakannerov lecun, ev amenakarevor@ aseliqov arat patmutjun er. APRES VOR KAS U STEXCAGORCUM ES.

  • Arevik says:

    Kardalu yntacqum enqan ban er mejs kutakvel, vor uzum ei asei qez, bajc hima uxxaki uzum em lrem… hetaqrqir datarkutyun em zgum.. erevi der herosid het em … toxerid tak… enqan ankexc es…..shat.

  • Աննա Այվազյան says:

    Շնորհակալություն պատմվածքի համար: Շատ տպավորված եմ…

  • Մարիամ says:

    Էն, որ լավն ա, էստեղի քոմենթների քանակը/գնահատականները ապապցուցում են:Ես կարդացի հենց առաջին որը, որ փոսթ էիր արել ու էնքան տպավորված ու դատարկված էի, որ ոչ մի բան չկարողացա գրեմ, հիմա երբ անցել ա մոտ մի շաբաթ, հասկանում եմ, որ “Փիղը” ինձ ուղեկցել ա, անընդհատ, ընկերներով ինչ որ քննարկումների ժամանկ եմ հիշել, հեռուստացույց նայելիս, փողոցում տարբեր մարդկանց/կերպարների հանդիպելիս ու չէր պովում ինձանից, մինչև չստիպեցի ինձ չմտածել: Հետո մի բան էլ. “Ջուրը” շաաատ լավ ա ստացվել ու իմ մոտ նստավծքային հետևանք ա մնացել, ուզում եմ, բոլորին պատմեմ “էդ տղու մասին”, որ իմ հետ կիսեն իրահ հետ կապված զգացողությունները. մենակ դժվար ա:

  • Anul says:

    Shaaaaaaaat lavn e, xosqer chem gtnum, isk yes xosqer chem gtnum miayn ayn jamanak, erb shat lav u tpavorich gorts em yntercum! HPART EM KAREN, VOR DZER JAMANAKAKICN EM
    Liliti (Nairuhu) patmatsneri u Dzer gratsneri shnorhiv skseci hetaqrqrvel ardi hay grakanutyamb! U miayn uzum em arajin hertin dzez 2id asel SHNORHAKALUTYUN! Heto` bolor jamanakakic groxnerin

  • Karen ja~n,,,,,,inchpisi~ erjankutyun` du kas….!!!! Manavand,vor imaca Vanadzoric es,shat-shat uraxaca………..verjers dardzel es im usucich@,,,,,,Astva& orhni qez!!!!!!!!

  • David M. says:

    Shat erkar gorc er

  • Արսեն says:

    Հարգելի հեղինակ…հենց այսպես եմ ուզում կոչել ՔԵԶ կարեն…այնպես ուզեցի նկարել այս գործը: Առավելևս վաղուց էի մտադիր այս թեմային անդրադառնալ….կարդալուց հետո ներսումս անտանելի կարոտ զգացի հերոսներիտ հանդեպ: ՇԱԱՏ կարճ էր…երբ հասա հետգրությանը, հասկացա, որ էլի եմ ուզում, ուզում էի տեսնել թե Փիղն ու Ջորը երբ են հանդիպելու, ինչպես….ԱՊՐԵՍ….զարմանալի է, երբ գլխավոր հերոսն այդպես էլ միչև վերջ մնում է անհայտ….Ներիր որ կցկտուր մտքիս համար…էմոցիաներն են մեղավոր…մի երկու շաբաթից, երբ փութսը թողնի նորից կկարդամ ու կփորձեմ ավելի պարզ արտահայտվել…

  • Sevad says:

    En verjum vor grel es <> en, ay ed mekin chem havatum, u togh hraparakaynoren asem, mardik el imanan, vor es patmutyan u herosneri anunneri 99% -@ chshmartutyun en…
    -Shat lavn er, apres: es el karogh ei grel…, bayc qezanic heto…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *