ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ
Իր ամենօրյա զբոսանքից տուն վերադառնալիս
մեծ եղավ Դարվինի զայրույթը, երբ տեսավ,
որ իր սիրելի կապիկը որերորդ անգամ
տունը տակնուվրա է արել,
խառնել ու ավերել է ամեն ինչ.
– Դու ե՞րբ ես մարդ դառնալու,- հառաչեց
նշանավոր գիտնականն ու վերջնականապես
հուսահատված փլվեց պատառոտված
բազկաթոռին:
ՈՐՍՈՐԴՆԵՐԸ
Նրանք կրակում են քաղաքներից դուրս,
նրանք կրակում են ինձանից հեռու
և իմ ականջին չեն հասնում նրանց
կրակոցների ճայթյունները… սակայն
ես պարզ լսում եմ
ինչպես են լռում սրտերը խոցված…
PR
– Թագավորը մերկ է,- լրագրողների բազմության առջև
հանդիսավորությամբ հայտարարեց երեխան,
ապա ավելացրեց.- փրչոտ է և սեքսուալ է սարսափելի…
– Այո,- ասաց թագավորի խոսնակը հպարտությամբ,-
մեր թագավորը ոչինչ չունի թաքցնելու
իր սիրելի ժողովրդից:
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Ուղիղ մի կոշիկի չափ երկիր`
ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի,
այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
և երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն
երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
ևս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:
ԿԻՐԱԿԻ
Ու թեև կիրակի է, բայց ինձ դժվար թե հաջողվի երկար
մնալ անկողնում, որովհետև ուղիղ ութն անց երեսունին
ճնճղուկները կտցահարում են պատուհանիս ապակին,
հասկացնելով, որ իրենց ամենևին չի հետաքրքրում
աշխատանքային օր է, թե՞ հանգստյան –
ժամանակն է և պետք է հացի փշրանքներ լցնել
պատուհանի գոգին ամեն Աստծու օրվա պես…
Ճիշտ ժամը իննին ինձ ոտի է հանում շենքերում
շրջայց կատարող պառավ մուրացկանը`
դուռս զգուշորեն թակելով.
– Որդյակս, դուք ուզո՞ւմ եք հայտնվել դժոխքում
և ողջ-ողջ այրվել կպրե կարասներից որևէ մեկում,
առանց ներման իրավունքի,- հարգալիր տոնով
հարցնում է նա, վստահ, որ ես ուշի-ուշով
լսում եմ նրան դռան ետևից:
Ես կիսաբաց եմ անում դուռը և թղթադրամը
խոթելով պառավի պատրաստակամ գրպանը,
արագորեն վերադառնում եմ անկողին և փակում եմ
աչքերս, թեթևացած, որ այս անգամ էլ խուսափեցի
կպրե կարասում ողջ-ողջ այրվելու հեռանկարից…
Ժամը տասն անց երեսունին դռանս առաջ են հայտնվում
ճշտապահ եհովայականները` գրքերով ծանրաբեռնված.
– Եղբայր, մի՞թե դու չես ուզում առնչվել մեր Աստծո
ճշմարիտ խոսքին,- քաղցրաձայն դայլայլում է անհայտ
տարիքի մի տղամարդ, պատրաստվելով ներս սողոսկել
կիսաբաց դռանս արանքից, բայց ես արագորեն խլում եմ
գիրքը նրա ձեռքից, փակում եմ դուռը, հայտնելով, որ
գերադասում եմ Աստծո խոսքին առնչվել մենության մեջ,
վերմակով ամուր փաթաթված:
Ժամը տասնմեկն անց երեսունին ինձ զանգում է ՀԳՄ
նախագահը, հայտնելով, որ վերջապես վախճանվել է
վաստակաշատ այսինչ-այնինչյանը և վերջին շնչում
պահանջել է, որ Հովհ. Գրիգորյանը անպայման
ներկա լինի թաղմանը` սև կոստյումով, վշտահար դեմքով
և ճոխ ծաղկեպսակով, հակառակ դեպքում կշարունակի
ապրել ևս մի քանի տարի, անընդհատ փող կուզի
թաղման ծախսերի համար, Ծաղկաձորի ուղեգիր
և պետպատվերով իրար ետևից հաստափոր գրքեր
տպելու իրավունք…
Ժամը տասներկուսին առանց դուռը թակելու ներս է
խուժում թաղի լիազորը, որ շենքի բոլոր
բնակիչներից հազարական դրամ է հավաքում`
Մոզամբիկում ծառատունկ անցկացնելու համար,
ևս հազար դրամ, որովհետև հեռավոր բարեկամն է
եկել Գլենդելից, պե՞տք է մի բան դնել սեղանին թե՞ ոչ…
Տասներկուսն անց երեսունին բջջայինիս վրա մեսիջ է
ուղարկում Իսրայելի պրեզիդենտը, սպառնալով,
որ եթե չվերադառնամ հին ուղղագրությանը, ապա,
նորից կհարձակվի Լիբանանի, և եթե եղանակները
չփչանան, էլի մի քանի այլ երկրների վրա,
որոնց անուններն այս պահին դժվարանում է հիշել; –
Երևի ինչ-որ մեկը կատակ է անում ինձ հետ,
մտածեցի ես, վերմակը քաշելով գլխիս:
Սակայն տագնապս գնալով խորանում էր,
որովհետև մեկ առ մեկ վերհիշելով հեռու և մոտիկ
ծանոթներիս, ես այդպես էլ չկարողացա հավանական
համարել որևէ մեկի թեկնածությունը, որն ի վիճակի լիներ
կատակ անել, թեկուզ և անհաջող…
Կես ժամ անց դուռս թակում է մածնավաճառը
զգուշացնելով, որ եթե այս անգամ էլ
չվերադարձնեմ նախորդ օրերին նրանից գնած
մածունի դատարկ բանկաները, ջարդուխուրդ կանի
պատուհաններիս բոլոր ապակիները և կծակծկի
անվադողերը ավտոմեքենայիս:
Հետո սկսվում է կուսակցականների հանդիսավոր
շքերթը` հոգեցունց երաժշտության ուղեկցությամբ –
նրանք հերթով գրկում ու սեղմում են ինձ իրենց
լայնահուն կրծքին, համոզված, որ ես իմ ձայնը
տալու եմ նրանց, և ես երդվում եմ բոլոր
կուսակցական և անկուսակցական սրբություններով,
որ իմ ձայնն անպայման տալու եմ նրանց – անվերադարձ,
որովհետև իմ ինչի՞ն է պետք ձայնը,
և որ վերջնականապես որոշել եմ կյանքիս մնացած
մի քանի հարյուրամյակն անցկացնել առանց ձայնի,
առանց ծպտուն հանելու, մի խոսքով սուս & փուս…
Հետո գալիս է կիրակի օրվա ամենահրաշալի պահը
ես մաքուր սափրվում եմ, հագնում եմ տոնական
կոստյումս և օղակն անցկացնելով վիզս, հրում եմ
աթոռը ոտքերիս տակից և սկսում եմ խաղաղ ճոճվել
առաստաղի կեռիկին ամրացված պարանից, մինչև որ
կինս վերադառնում է խանութից, զգուշորեն իջեցնում է
ինձ, հարմար նստեցնում է աթոռին ու միասին
անշտապ վայելում ենք
մեր հրաշալի իրիկնային սուրճը,
նայելով, թե ինչպես է մութը խտանում
պատուհանից այն կողմ:
ՆՈՐ ԴԱՆԹԵԱԿԱՆ
Ո՞ւր է տեղավորելու այսքան հանգուցյալի
Տերը մեր ամենազոր,
ի վերջո, անսահման չեն տարածքները ոչ դժոխքի
և ոչ էլ դրախտի, դե, քավարանինը նույնպես,
և պիտի պատկերացնել,
թե ինչ դժոխային ծանրաբեռնվածությամբ են աշխատում
սպասավորները հատկապես դժոխքի… Հասկանալի է,
անգամ առանց խորը գիտական վերլուծության,
որ սույն հաստատության դարպասների առաջ են գոյանում
հերթերն ամենամեծ, ու թեև բրուտներն աշխատում են
քափ-քրտինք մտած,
միևնույն է, Հադեսում քննարկվող ամենասուր հարցը,
կպրե կարասների պակասուրդն է,
ինչպես նաև հմուտ կադրերի,
որոնք կարող են տանջել մեղավորներին,
առանց նրանց դեմքին ու դիրքին նայելու:
Եվ նայելով խառնամբոխի այս հարաճուն հեղեղին,
մեր Տերը, որ միակ տառապողն էր
բոլոր աստվածների մեջ,
կդառնա նաև հուսահատվածը միակ,
թափ կտա ձեռքը,
կշրջվի ու կհեռանա գլխահակ…
Եվ պատմությունը, որի սկզբում խոսքն էր,
կավարտվի ծանր,
չափազանց ծանր լռությամբ:
ՏԱՔ ԵՂԱՆԱԿՆԵՐ
Գիշերվա կեսին շենքը նորից արթնացավ
շների անտանելի վայնասունից.
անթաքույց տրվել էին սիրո վայելքին,
բնության հարազատ ու բոլորովին տկլոր զավակները,
մոռացած, որ ապրում են քաղաքակիրթ մարդկանց
շրջապատում, որոնք տասնամյակներ առաջ,
երբ գազը դեռևս էժան էր և էլ. էներգիան էր դեռևս էժան,
եռացրած ջուր էին շփում վերևից անխնա
սիրատենչ շներին քշելու համար, իսկ հետո,
երբ այդ ամենը կտրուկ թանկացավ,
սկսեցին պարզապես սառը ջուր լցնել, իսկ հիմա,
երբ ջուրն էլ է շեշտակի թանկացել –
հայհոյանքների տարափ են տեղում վերևից,
առատորեն օգտվելով մեր բառ ու բանից մայրենի –
միակը, որ գնալով էժանանում է
այս համատարած թանկության մեջ,
և շուտով գուցեև դառնա բոլորովին ձրի,
անտանելի վայնասունի պես անտեր շների:
* * *
– Ի՞նչ է պատահել,- տունդարձիս հարցրեցի
շենքի առաջ խմբված հարևաններիս,
որոնք գլխահակ ծխում էին և խոսում ցածրաձայն
հայ-թուրքական սահմանների բացվելու մասին:
– Ի՞նչ է պատահել,- տուն մտնելով հարցրեցի
կնոջս, որն իր աշակերտների տետրերն էր
ստուգում
և ականջի ծայրով լսում, թե ինչպես են
հեռուստաէկրանից խոսում հայ-
թուրքական սահմանների բացվելու մասին:
Հետո նա մի պահ հայացքը կտրեց
տետրերից, մտահոգ նայեց ինձ
և ասաց. – Հարկավոր է ավելի վստահելի
կողպեք դնել դռան վրա
և ընդհանրապես հարկավոր է
դռները միշտ փակ պահել:
ԴՈՒ, ՈՐ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԱՐԱԳ ՔԱՅԼԵՐՈՎ
ՀԵՌԱՑԱՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ
Կոտրված սրտով հեռացողների մեջ
Դու չէ որ վերջինն ես լինելու:
Բայց ի՞նչ իմաստ ուներ այսքան հապճեպ
նետվել այս փայտե պլպլան արկղի մեջ` աչքերդ փակ,
և ձեռքերդ ծալած կրծքիդ,
իսկ պատին, սև ժապավեններով երիզված լուսանկարդ է,
որտեղ ձեռքերդ չեն երևում, բայց աչքերդ բաց են
և անտարբեր նայում են ներսուդուրս անողներին,
կնոջդ, որը սկսում է բարձրաձայն արտասվել
ամեն մի ներս մտնողի հետ և ողբի ուժգնությամբ
կարելի էր որոշել թե ներս եկողն ինչքանով էր
հարազատ ու մտերիմ
քո ընտանիքի և անձամբ քեզ հետ:
Բնականաբար, լացն առավել ուժգնանում էր,
երբ բարձրաստիճան պաշտոնյա էր երևում
դռների արանքում:
Հետամնաց երկիր ենք, դեռ լաց ենք լինում
հանգուցյալների ետևից:
Բնական հարստություններից զուրկ ենք,
եղածն էլ մի բանի նման չի, ահա թե ինչու խորը վշտով,
մեծ դժվարությամբ ենք բաժանվում մեր ունեցած
սակավ հարստությունից` մտերիմներից, ընկերներից
ու հարևաններից,
ու նաև քեզանից, իմ հեռավոր բարեկամ,
որ անշարժ պառկել ես սեղանի վրա,
այդպես էլ չիմանալով, թե ինչով կավարտվեն
հայ-թուրքական բանակցությունները,
կբացվե՞ն սահմանները, թե՞ ոչ…
Թեև, ճիշտն ասած, դեմքիդ արտահայտությունից
պարզ զգացվում է,որ խաչ ես քաշել
այդ հարցի վրա և ձեռքերդ կրծքիդ խաչած,
վստահ, որ ամեն ինչ նույնն է մնալու
այս հնամաշ հողի վրա,
հեռանում ես մեզանից – մեր ունեցած
միակ բաց ու ազատ ճանապարհով,
որը երկինք է տանում …
* * *
Մարդուց միլիոն տարի առաջ
անիվի գյուտն արել է
սովորական բզեզը,
որը թրիքից փոքրիկ գունդ սարքած
անիվի պես գլորելով այն տարել է
իր խորշը որպես ձմռան պաշար,
ամենևին չմտածելով իր գյուտը
գրանցելու,
նոբելյան և զանազան
այլ կարգի մրցանակներ
ստանալու մասին,
և փառքի մասին չմտածելով ամենևին:
Եվ ընդհանրապես` չմտածելով ամենևին:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գիտեմ, տարիներ անց, իմ կիսանդրին էլ կցցվի
սահմանամերձ ինչ-որ մի խուլ գյուղի դպրոցի բակում,
որն հապշտապ կասֆալտապատեն 100-ամյակիս առիթով,
և գյուղապետը ելույթ կունենա հանդիսության ժամանակ
անուն-ազգանունս խառնելով իրար,
և աշակերտների համընդհանուր քրքիջը ծածկելու նպատակով
փողային նվագախումբն արտահերթ նվագելու հրահանգ
կստանա, իսկ լեզվի և գրականության ուսուցչուհին` խիստ
նկատողություն` գյուղապետի համար գրած ելույթի մեջ
այդ աններելի սխալը թույլ տալու համար…
Մայրաքաղաքից հրավիրված պաշտոնյան կընդգծի, որ
այս պահին նշվում է երկու հոբելյան,
մեկը /ձեռքով ցույց կտա կիսանդրիս/ ստիպել է մեզ
թողնել բան ու գործ և աշնան անձրևի միջով հասնել
սահմանամերձ գոտի, իսկ մյուսը /ձեռքը կպարզի
սահմանի ուղղությամբ/ այն է, որ լրանում է
հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման 35-ամյակը,
և ուշ չէ այն օրը, երբ սահմանները կբացվեն և հայ գրողի
աչքի առաջ/ նա նորից ձեռքը կմեկնի դեպի իմ կիսանդրին/
այս խուլ գյուղը կդառնա առևտրական աշխույժ,
ծաղկող կենտրոն: – Գյուղապետի նշանով հանդիսականների
բուռն ծափահարության տակ փողային նվագախումբը
կհնչեցնի փոխշահավետ առևտրական աշխույժ, ծաղկող
կենտրոնի լավատեսական հեռանկարը նշանավորող
աշխույժ, ծաղկող երաժշտություն:
Հետո հոբելյարի գրական գործունեության մասին
մանրամասն խոսք կասի ՀԳՄ վերջնական նախագահը
և մի քանի
զավեշտալի դեպք կպատմի իր և հոբելյարի համատեղ
աշխատանքային կյանքից և ապա հուզմունքով
և զարմանքով կհավաստի,
որ արդեն շունչը փչած հոբելյարի, այսինքն իմ
աչքերն ինքն է մի քանի անգամ փակել,
և դա իրոք այդպես էլ եղել է, որովհետև
ոչ մի կերպ չէի ուզում փակ աչքերով հեռանալ
այս չափազանց հետաքրքիր աշխարհից… Վերջում ՀԳՄ
նախագահը ծերունական մոռացկոտությամբ
ինձ չորրորդ անգամ
կպարգևատրի գրական վաստակի մեդալով,
ինչը ներելի է, եթե հիշենք նրա չափից դուրս
խորացած տարիքը…
…Չափից դուրս խորացած աշունը… չափից դուրս դեղնած
տերևները և չափից դուրս աշնանային
բանաստեղծություններս, որոնք գոռգոռալով կարտասանեն
աշակերտները զրնգուն ձայներով և չափից դուրս
միապաղաղ անձրևը, որը խուլ հեծկլտում է
սահմանի թե այս և թե այն կողմում…
ԵԹԵ
Սկզբում անապատն էր, որի տաք ավազների մեջ
նիհար ու եռանդուն ճգնավորներ էին խլրտում,
անվերջ որոնելով այն, ինչը կորցրել են, երբ անապատը
դեռևս ծովի հատակ էր և լցված էր գունագեղ գաղտնիքներով:
Այնուհետև անտառը հաջորդեց,
ուր այնքան հեշտ մոլորվեցիր, որովհետև խուսափում էիր
ծառերի տակ խմբված մարդկանցից, որոնք
անվերջ որոնում էին այն, ինչը կորցրել են, երբ անտառը
դեռևս խորհրդավոր էր և լցված էր
թարմ ու նորածիլ առասպելներով:
Հետո երկինքը սկսվեց, որը մեկ անսահման կապույտ էր,
ավելի հաճախ մռայլ ու լցված ամպերով անտրամադիր,
և մեկ անձրև ու կարկուտ էր տեղում և մեկ էլ`ձյուն
նրանց գլխին, ովքեր աչքերը երկինք հառած
անվերջ որոնում են նրան, ում կորցնում են ամեն օր,
իսկ նա մեր կողքին է վաղուց,
շրջում է մեր մեջ վաղուց,
փնտրում է մեր մեջ ու չի կարողանում գտնել գոնե
մեկին, որի համար արժեր խաչ բարձրանալ
ու ամեն ինչ սկսել նորից:
ՍՊԱՍՈւՄՆԵՐ
Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու
կամ գոնե մարմինդ:
Նրանք ամուր փակեցին առասպելների դռները
և ստիպված հավատացիր, որ գոյություն չունեն նրանք:
Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց
որպես հարգանք:
Դու նայեցիր ավազին և մտածեցիր`
իˉնչ երկար է ճանապարհդ:
Դու հենց այդպես մտածեցիր նաև,
երբ քայլում էիր ծովի երկայնքով:
Հետո ճայերի անտանելի ձայները հասան քեզ:
Իսկապես, ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:
Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:
…Բայց դու ամեն օր
բաց ես թողնում քո լուսամուտները,
որովհետև հաստատ հավատում ես,
որ կգան նրանք,
որոնց անգոյությանն էլ ես
հաստատ հավատում…
* * *
Օտար քաղաքների մարդիկ նման են անբուժելի
հիվանդների, որոնց աչքերին խուսափում ես նայել,
որ չմեխվեն, չմնան հիշողությանդ մեջ,
որ տարիներ շարունակ
չտանջեն քեզ իրենց անբուժելի ցավով:
Օտար քաղաքների վրա ծանր երկինք է կախված
նույնիսկ պայծառ եղանակներին,
իսկ գիշերներն ուրիշ աստղեր են փայլում
խորթ անուններով:
…Մեղավորի պես կանգնած եմ ահա
ինչ-որ անանուն օվկիանոսի մոտ, բոբիկ ոտքերով,
և ավազներն ինձ հրում են` գնա,
իսկ ջրերը ինձ կանչում են` արի
և խեղդվիր արագ
այս օտար, այս խորթ
տառապանքի մեջ:
ՀԱՐՍԱՆԻՔ
– Տե՞ր ես, որդյակս,- հարցրեց քահանան, մինչ ես
կամրջի եզրին կանգնած մտածում էի` հանե՞մ պիջակս
նետվելուց առաջ, միգուցե վերնաշապիկս էլ հանե՞մ…
– Տեր եմ, հայր սուրբ, անշուշտ տեր եմ,- մտախոհ պատասխանեցի,
վերջնականապես որոշելով հանել ինչ կա, չկա հագիս
և մորեմերկ հեռանալ այս աշխարհից,
այնպես, ինչպես որ մի օր լույս աշխարհ եմ եկել:
– Տե՞ր ես, որդյակս,- շնչակտուր հարցրեց քահանան,
որն ինձ հետ միասին սուրում էր կամրջից ներքև
մենդելսոնյան հանդիսավոր մեղեդու ուղեկցությամբ,
և վայրկյաններ անց բախվելու էինք ասֆալտին,
որը նոր էին փռել ճանապարհին` Լինսի հիմնադրամի միջոցներով:
– Տեր էր,- ուրախացած շշնջաց վերջին պահին
ետ դարձած քահանան ականջին հարսնացուիս,
որն այս էլ քանի տարի է կամրջի վրա կանգնած
սպասում է վերադարձիս:
* * *
Ո՞ւմ ես թողնում ինձ ու գնում, չես էլ ասում թե ուր,-
հարցրեցիր, երբ շատ կարճ ժամանակ էր մնացել
գնացքի շարժվելուն:
Ոչ դժոխքի ճամփան գիտեմ,-ասացի,- և ոչ էլ Դրախտի,
եսիմ ուր է տանում այս գնացքը վերջին, բայց, դե,
հոգուս խորքում դեռ հույսը չի մարել, որ գուցե
Քավարան ընկնեմ, ի վերջո, մեդալ ունեմ Խորենացու:
Ո՞ւր ես թողնում ու գնում և ինչո՞ւ չես ջղայնանում,
թե այս ցրտին ինչո՞ւ եմ տանից դուրս եկել
այսքան թեթև հագնված,-
հարցնում էիր էլի ու էլի ու փոքրիկ բռունցքներով
խփում էիր կրծքիս,
մինչդեռ օդակայանում քիչ հետո կհայտարարեն,
որ ուղևորները պատրաստվեն թռիչքի,
և ես հանկարծ հիշեցի.
նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը
վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,
անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա
արցունքների, իսկ հետո
կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,
կչանգռի ու կարյունոտի սիրտս
քեզանից հեռացող բոլոր ճանապարհների վրա,
վերջին գնացքի մեջ, անհայտության մեջ,
որովհետև չգիտեմ
ոչ Դրախտի և ոչ էլ Քավարանի ճամփան
և միայն մի բան գիտեմ –
քեզանից հեռացող բոլոր ճանապարհները
Դժոխք են տանում:
ՆՈՐ ՏՈՂԻՑ
Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
քրոջս, որին իˉնչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ`
ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…
© Հովհաննես Գրիգորյան
Մեծ, մեծ պոետ: Հոգուս էն ամենաթաքուն թրթիռների հանճարեղ թարգմանիչը: Ես քո ցավը տանեմ:
ՊՈԵՏ ….. ՊՈԵՏ<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<
Հրաշալի է, հարազատ, սրտամոտ….. հիացած եմ ու Շնորհակալ…
Ներիր, Հովիկ ջան, վաղուց չէի կարդացել բանաստեղծություններդ, ու ճահճացել էր սերս քո պոեզիայի հանդեպ: Նորից ալիք տվեց:
Պոեզիա, փիլիսոփայություն, հոգեբանություն…կյանք..ճշմարիտ խոսք…բոլորն իրար մեջ ու իրար հէտ մի մէծ ՄՏՈՐՈՒՄ…Երկրի, Դրախտ-դժոխքի, Քավարանի.Մարդ-կապիկի. Կապիկ-մարդու.ամեն պահ մեռնելու ու…երբեք չմեռնելու մասին…լացի ու ծիծաղի խաչմերուկներում…Եվ մեծանուն մի՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ…Ընտիր պոետի ընտիր պոեզիա…ԴԵ եկ, Անահիտ ու մի հպարտացիր, որ «Հարցականներ» Ժողովածուիդ խմբաքիրը Հովհաննես Գրիգորյանն է…
«…միակը, որ գնալով էժանանում է
այս համատարած թանկության մեջ,
և շուտով գուցեև դառնա բոլորովին ձրի,
անտանելի վայնասունի պես անտեր շների:»
Ինչքան լավ է ասված: Գուցե արդեն ձրի է,մի բան որ ձրի է, ուրեմն արժեք չունի: Դրա համար էլ զարկ տանք «արժեքավոր» լեզուներին, իմա՝ սկզբի համար «…ընդհամենը տասնհինգ օտարալեզու դպրոց»:
Լուրջ ա:
ԿԻՐԱԿԻ օրվա ամենահրաշալի պահը հրաշալի էր իր անվրդով ու միօրինակ բարի աւարտով, միայն,,, ըը՜ըը,,, ցանկութիւն ունեցայ Մոզամբիկի արքայազնի սպառնալիքներից յետոյ, երբ կասկածների մէջ եք ընկնում ըստ հանապազ օրակարգի, այնուամենայնիւ, Ձեր խօսքը շարունակուէր մեր հին մաշեոցեան դասական ուղղագրութեամբ: ՍԱ ԼՈ’ՒՐՋ (կարծում եմ, գործը կշահէր դրանից):
…ցանկալի է նաեւ, որ դրանից յետոյ էլ մաշտոցեան ուղղագրութեամբ շարունակուէր, թեկուզեւ քաղաքական նկատառումներով: ՍԱ ԱՒԵԼԻ ԼՈՒՐՋ:)
Շնորհակալութիւն:
Արամ, անտեղի մի բարդացրու առանց այդ էլ բարդ մեր կյանքը
Չէ, Կարէն ջան, լուրջ: Պատկերացրու, որ էն սպառնալից sms-ից յետոյ, երբ լուրջ չի ընդունում, բայց քիչ անց սկսում է կասկածների մէջ ընկնել (ո՜վ գիդի…). էդ մտատանջութիւնից յետոյ պարզապէս սկսէր դասական ուղղագրութեամբ շարունակել… կարծում եմ, գրական լաւ հնար կլինէր, ու բաւականին սրամիտ:
Իսկ գործը, իսկապէս, յաւանել եմ: Առօրէական է ու հետաքրքիր իր զուարճալի տրագիզմով:
Մաշտոցը հինգերորդ դարի հայերենի համար է ուղղագրություն սահմանել, Արամ: Եթե հիմա նա վերակենդանանար, ծաղիկներ կդներ իր խոհեմ զավակի` Մանուկ Աբեղյանի գերեզմանին: Վերջ տվեք:
Emm…ha de ka vo4in4,ban 4ka.Mnum a mi ki4 el ashxatel u in4 vor ban kam kstacvi,kam…
Հայոց լեզվի շքեղությունը նրա հարատև փոփոխության և նորանալու մեջ է: Աբեղյանը հմուտ վիրաբուժի նման նոր կյանք պարգևեց մեր չքնաղին: Լեզուն էլ է ապրում մարկային կյանքի օրենքներով, միայն այն տարբերությամբ որ լեզուն գտել է անմահության էլեքսիրը, նորանալով միշտ մնալ երիտասարդ ու պահանջված:
Եղբայր պոեզիադ ազնվացեղ է ու սերում է մեր ազգի իմաստության ակունքներից: Ես քեզ կարդացի առաջին անգամ ու շատ սիրեցի:
sirum em hovhannes grigoryani poezian u sovorecnun, nayev kardum em achakertneris,