1988թ. օգոստոս: Փարիզի արվարձան: Վիլ-դ’ Ավրեի հոգեբուժարան:
Ի՞նչ գործ ունեմ այստեղ:
Փայտե նստարանին կողք կողքի նստած են ստվարաթղթե դեմքերով, անթափանց աչքերով, կծկված, ճմռթված մարդիկ: Դողդոջուն ձեռքերով ավերված մարդիկ:
Վախենում եմ այս ճերմակազգեստ, խարտյաշ բուժքույրերից, օտար ու խորթ այս լուռ այգուց, վշտագին, գորշավուն ստվերներով սգավոր ծառերից, ծառայության պատրաստ զինվորների պես կողք կողքի կանգնած, համաչափ, կանոնավոր շարքերով միանման տոսախներից:
Հիշում եմ Շեմիրանի այգին: Աչքերիս առաջ են հայտնվում կաղամախիները, որոնք իմ խաղընկերներն էին, հասարակ կավե քանդակները, լողավազանի եզրին կանգնած գիրուկ ծովահարսը: Հորս եմ տեսնում առվեզրին` սոսիների շվաքում` ճոճաթոռին նստած: Նրա հսկա ստվերը ձգվում է մինչև այգու խորքը: Ասում է. «Մեծ տուն եմ ուզում` շուրջբոլորը ծաղկառատ այգի` լողավազանով, քարե քանդակներով: Ընդարձակ տուն` արևոտ սենյակներով, զով ներքնահարկով` ամառվա տապից պաշտպանվելու համար և լայն պատշգամբով, որպեսզի աշխարհի ամենամաքուր երկնքի տակ քնեմ»:
Երեկ երազում նրան էի տեսել: Եգիպտոսի հին քաղաքներից մեկում էինք: Հորս ճակատին արևի պատառի նմանվող ոսկե աստղ էր փայլում: Ազդու աչքերը հառել էր հորիզոնի հեռավոր կետին: Գուցե հետևում էր իր զավակների ճակատագրին, ավերակ դարձած Շեմիրանի այգուն, աշխարհի չորս կողմը սփռված իր տոհմի ու գերդաստանի անդամներին, ինձ, որ բանտարկված եմ այս օտարականների մեջ:
Նրա ձայնը հնչում է ականջներիս մեջ. «Ես պողպատից եմ, իսկ պողպատը երբեք չի ժանգոտում»: Կառչում եմ նրանից, նրա առեղծվածային ուժից, տկարամիտ հակառակորդներին ու ախտերին հաղթող այդ երկաթե մարդու հզորությունից:
Ինքս ինձ ասում եմ. «Պիտի հեռանամ այստեղից, քանի դեռ ուշ չէ: Հենց հիմա»: Ոտքերս կպել են գետնին, մարմինս ինձ չի պատկանում: Մտքերս ցաքուցրիվ են, բառերը փախչում են ինձնից: Գլխիս մեջ ուռճացել, բազմապատկվել է ամեն բան` կերպարները, ձայները, սավանի ծալքերն ու ժամացույցի զարկերը: Դեմքերը սահում են աչքերիս առջևով, լցվում իրար վրա, այլափոխվում, անհետանում: Թրև եմ գալիս անցյալի ու ներկայի սահմանագլխին` չկարողանալով կանգ առնել որոշակի ժամանակահատվածում:
Բժշկուհին քայլում է այգում: Մոտենում է ինձ և ուսիս դնում ձեռքը, պաղ ու օտար ձեռքը: Առաջին օրն է: Գրառում է անունս: Հարցնում է.
-Ազգությո՞ւնդ:
-Պարսիկ:
-Մասնագիտությո՞ւնդ:
-Գրող:
-Ծննդավա՞յրդ:
-Թեհրան:
Ծանոթ քաղաքի աղմուկը գվվում է գլխումս, Շեմիրանի այգին` նման կանաչ երազի, նստում է կոպերիս:
Թեհրանը` լեզվի տակ թավալվող շեշտված «ղ»-ով, երկար, ձգված «ա»[1]-ով , գունագեղ շուկայի գայթակղիչ մուտքի նման ինձ ներս է կանչում: Հեռվից մեկը ձայն է տալիս, մեկը, որ լեռներից ու ծովերից այն կողմ է: Փողոցի գլխին կանգնած հարևանի երիտասարդ տղան ինձ ձեռքով է անում: Ես սիրահարված եմ նրան, բայց անունը չգիտեմ: Քսուքով լղոզված մազերը ցից-ցից են կանգնել: Դեմքը ծածկված է կարմիր բշտիկներով, վերնաշապիկի կոճակները արձակ են գրեթե մինչև գոտկատեղը: Ինքս ինձ խոստանում եմ` քանի դեռ ողջ եմ, ընդմիշտ սիրելու եմ, բայց չանցած երկու օր` մոռանում եմ նրան:
Եկեղեցու զանգերը, որ խառնվում են շտապօգնութան մեքենայի ջախջախիչ ազդանշաններին, ավելի են սաստկացնում ինձ շրջապատող օտարությունը: Որտե՞ղ եմ:
Սև, խոշոր աչքերով, սփրթնած դեմքով ճիպոտի նման բարակ մի երիտասարդ ակնապիշ նայում է ինձ: Նրա հայացքն ինձ դուր չի գալիս: Ինքն իրեն բարձր-բարձր խոսում է ու ծիծաղում: Մատը շուրթերին դնելով, աչքերը կկոցելով` գլխի շարժումով ինձ հասկացնում է, որ լուռ մնամ:
Շշնջում եմ. «Չէ՛, ես նման չեմ սրանց: Անհնար է: Պիտի խոսեմ բժշկուհու հետ: Պիտի համոզեմ, որ մտացրությունս պատճառ ունի, հասկանալի, տրամաբանական պատճառ»:
Մի ծեր կին է ինձ մոտենում: Ուզում է վարսերիս հետ խաղալ: Ձեռքին երկաթե սանր կա: Մի կողմ եմ քաշվում, հետ-հետ գնում, նստում առաջին դատարկ նստարանին: Խուսափելս չի օգնում, ձեռքը երկարում է դեպի մազերս: Շորերից ձիթօճառի հոտ է գալիս, պարանից նոր հավաքած սավանների, մանկությանս անկողնու սպիտակեղենի հոտը:
Լվացքի պարանը կապված է կտուրին: Թաքնվել եմ սավանների հետևում: Ինչքան կանչում են, չեմ պատասխանում: Ինձ են փնտրում: Փոցխը ջրավազանի մակերևույթին են խփում: Փողոց են վազում: Ձայներն այգու խորքից են գալիս: Սիրում եմ նրանց ահագնացող անհանգստությունը: Գիտեմ` խիստ պատիժ է ինձ սպասում, այնուամենայնիվ, չեմ պատասխանում: Երկյուղում եմ, և վախից քունս տանում է:
Բուժքույրը, բռնելով թևատակիցս, բարձրացնում է ինձ և ուղեկցում բետոնապատ շինության կողմը: Դողում եմ, և հուզմունքս ֆիզիկական ցավի նման պտույտ է տալիս մարմնումս: Վերջ չունեցող աստիճաններով բարձրանում ենք աստիճան առ աստիճան: Մտնում ենք մի կիսամութ, կիսադատարկ սենյակ. նեղ, սպիտակ մահճակալ, երկնագույն վարագույրներ, փոքր սեղան ու մի աթոռ:
«Մեռնելու եմ այստեղ` այս գոց պատուհանների հետևում, շարունակ անձրևող այս երկնքի տակ»:
Ճչում եմ օգնություն աղերսող անձայն այն ճիչով, որ մնում է կոկորդում: Նման եմ մեկին, որ երազի մեջ է, որ երազում անդադար վազում, բայց մնում է նույն տեղում: Հագուստս հանում են, երկար, լայն շապիկ են հագցնում: Փռվում եմ մահճակալին: Մի ձեռք քաշում է վարագույրը: Նույն ձեռքը հետո շոյում է ճակատս: Մեկն օտար լեզվով ինչ-որ բան է ասում: Բազկամաշկիս մեջ ասեղի խրոցն եմ զգում: Բժշկուհին հաշվում է երակազարկերս: Կոպերս քիչ-քիչ ծանրանում են, և հաճելի ու ծույլ մի զգացողություն պտույտ է տալիս ներսումս:
Բարձս լցված է Շեմիրանի այգու ճնճղուկների ճռվողյունով: Առավոտյան կարող եմ քնել, ինչքան սիրտս ուզի: Վաղը հանգստյան օր է: Ճաշելու ենք այգում` առվեզրին: Հասան աղան կարպետները փռում է գետնին, մութաքաները հենում ծառերի բներին: Մորաքույր Ազարը մտահոգված է մաշկի գեղեցկությամբ, գույնով ու նրբությամբ: Խուսափում է արևի ճառագայթներից և մեղվապաշտպան ցանցի նմանվող մետաքսե ճերմակ շղարշով ծածկում է դեմքը, որպեսզի երեսին բծեր չառաջանան: Երբ ներս է մտնում, մի ձմերուկ է առնում, փորում մեջը և խյուսի կեսը դեմքին քսում` մաշկին թափանցիկ ու թարմ տեսք հաղորդելու համար: Ասում է` միսս Ամերիկայից է սովորել, նրա խորհուրդները արտասահմանյան ամսագրում է կարդացել: Ծիծաղելիս շուրթերը հավաքում է կոկոնի նման, որ աչքերի ու բերանի շուրջը կնճիռներ չառաջանան: Գիշերները քիթը քսում է շորերի կոճակներին, որպեսզի փոքր ու կճատ քիթ ունենա: Ասում է` այս ամենը միսս Ամերիկայից է սովորել:
Ամեն առավոտ, երբ բացում եմ աչքերս, ականջիս տակ մի ձայն շաբաթվա օրերն է հաշվում: Ձայնը խոսում է հետս` հին ռադիոյից տարածվող ձայնի ելևէջների նման հեռանալով ու մոտենալով, բարձրանալով կամ ցածրանալով: Ձայնն ասում է` պիտի վեր կենամ, լոգանք ընդունեմ, հագուստս փոխեմ, սեղանի մոտ նախաճաշեմ:
Պտտվում ու երեսս դեպի պատն եմ անում:
Ձայնն ինձ հարցեր է տալիս, հետո ասում է, որ այստեղ հայտնվելուս օրվանից երկու շաբաթ է անցել:
Բժշկուհու հորդորով աթոռս դնում են պատուհանի մոտ: Ոչ ոք չի կարող ինձ անհանգստացնել. ոչ մեկը տեսակցության գալու իրավունք չունի:
Նոր կարգադրություն. ամեն օր առավոտյան պիտի զբոսնեմ այգում, ճաշեմ մնացած հիվանդների հետ` սեղանի առաջ: Պատասխանում եմ` ոչ, և վերմակը գլխիս եմ քաշում:
Բուժքույրերը նախ համոզելով ու խնդրելով, ապա ուժով ինձ անկողնուց դուրս են քաշում: Նրանց օգնությամբ հագնում եմ շորերս, կոշիկներս ու լվացվում եմ: Եթե իմ ցանկությամբ լիներ, տեղիցս չէի շարժվի: Ուզածս միայն քունն է, փախուստն ու մոռացությունը: Վախենում եմ ցերեկվա լույսից և հավերժական խավար եմ երազում: Ասում եմ. «Համբերեք մինչ վաղը: Մի քանի օր ժամանակ տվեք»: Թախանձում եմ: Ոչ մի օգուտ: Նման խոսքեր շատ են լսել: Դուրս ենք գալիս միջանցք: Թևերիս տակ են ընկել: Մարմինս փուչ է ու դատարկ: Եթե թողնեն, կընկնեմ: Կախվել եմ բազրիքից: Երբ հասնում ենք այգի, ինձ մենակ են թողնում: Բոլորից հեռու փլվում եմ փայտե նստարանին: Երկաթե սանրով պառավը տեսնում է ինձ, մոտենում է և կանգնում իմ թիկունքում: Որևէ շարժում չեմ անում: Հանձնվում եմ: Մազերիս միջից հանում է ծամկալները, շոյում է վարսերս, սանրում, հյուսում:
Ի՜նչ լավ է, երբ մեկը նրբորեն մազերդ է հյուսում, կոճկում վերնաշապիկդ և քաղցրաբլիթը դպրոցական պայուսակիդ մեջ դնում: Անունս Ֆիրուզքուհի դպրոցում են գրանցել: Պիտի շտապեմ: Մայրիկը կապում է ծամերս, մի գդալ ձկան յուղ է լցնում մազափնջիս վրա և յուղի գարշահոտությունը հանդուրժելու համար մի բուռ սառնաշաքար է խցկում գրպանիս մեջ: Փայլեցնում է լաքե կոշիկներս: Վերնաշապիկիցս օսլայի հոտ է գալիս: Պայուսակս լիքն է նոր տետրակներով ու գունավոր մատիտներով:
Բոլորս շարքով կանգնում ենք: Կին տեսուչը ստուգում է մեր ձեռքերն ու եղունգները: Փնթի երեխաները վզակոթերին մի հարված ստանալուց հետո տեղափոխվում են շարքի վերջնամաս: Ոչ միայն ձեռքերը, այլև շապիկի օձիքները կեղտոտ աշակերտները, որոնք տետր կամ պայուսակ չունեն, մի ոտքի վրա, թևերը վեր պարզած՝ կանգնում են բակի անկյունում: Լաց լինողներին բանտարկում են մութ նկուղում: Տեսուչն անունս է հարցնում: Մի քանի կոնֆետ եմ գցել բերանս: Այտերս փքվել են: Չեմ կարողանում պատասխանել:
Կարգադրում է.
-Բերանդ բա՛ց:
Տարուբերում եմ գլուխս: Փորձում եմ միանգամից կուլ տալ բոլոր կոնֆետները: Տեսուչը բարկությունից կարմրում է: Մատը խոթում է բերանս: Սառնաշաքարները շարվել են կոկորդիս մեջ, քիչ է մնում` խեղդվեմ: Խռխռում եմ: Բանտախցում եմ հայտնվելու: Ծամում եմ կոնֆետներն ու արտասվում: Նկուղի խավարի մասին մտածելիս` մազերս բիզ-բիզ են կանգնում: Փորձում եմ փախչել, վազում եմ ջրի բաքերի շուրջը: Դպրոցի հավաքարարն ընկնում է հետևիցս, բռնում օձիքիս ծայրից:
Ասում է.
-Հիմա՛ր երեխա, լռի՛ր, թե չէ քանոնով մատներդ կջարդեն:
Կծում եմ նրա ձեռքը, ոտքով հարվածում կոճին: Բարձր դասարանի աղջիկները, երես առած նորեկները կախվում են ուսերիցս և ինձ քարշ տալով՝ իջեցնում աստիճաններով: Նկուղի բանալին մոտներն է: Բացում են դուռը, ինձ ներս հրում: Մի սրտաբուխ աքացի են տալիս և դուռը փակում: Վախենում եմ, ճչում: Ինձ նման մեկն էլ կա նկուղում: Ծիծաղում է վրաս: Լապտեր ունի, լույսը երեսիս է գցում: Նրա դեմքը մթության մեջ է: Նկուղի խավարասերներից ու սարդերից չի վախենում: Նրան լապտեր որտեղի՞ց, ինչպե՞ս է այն թաքցրել տեսուչի աչքից: Առաջանում եմ: Նրա բերանն էլ է լիքը. թթու լավաշ է ուտում: Պաստեղից կծում, մի կտոր էլ ինձ է տալիս: Նստում եմ նրա կողքին, վախս նվազում է: Աչքերս աստիճանաբար ընտելանում են մթությանը, լապտերի լույսի տակ տեսնում եմ նրա դեմքը: Կարճ մազեր ունի, նման է տղայի: Ինքս ինձ ասում եմ. «Այս աղջիկը, որի աչքերը փայլում են կատվի աչքերի նման, և չի վախենում ո՛չ խավարից, ո՛չ նկուղի միջատներից, կդառնա իմ ամենալավ ընկերուհին»: Երկուսով հենց այդտեղ քույր լինելու ուխտ ենք կապում: Կիսում ենք սառնաշաքարները: Զրուցում ենք, ծիծաղում և ուրախ ենք, որ բանտարկված ենք ու դասերին չենք մասնակցում: Տեսուչը չի էլ պատկերացնում, որ ես դպրոցի ամենաերջանիկ աշակերտուհին եմ: Սիրահարվածի նման սիրտս տրոփում է: Դասերի ավարտին մեզ ազատ են արձակում: Բռնում եմ փոքր ընկերոջս ձեռքը և էլ չեմ վախենում դպրոցից ու դասերից:
Բժշկուհին հաճախ է հարցնում գլխովս անցած-գնացած սիրելի բաների մասին:
Մտաբերում եմ փոքր ընկերոջս. մեր կապած հավիտենական ուխտն եմ հիշում: Երդմնազա՛նց ընկեր: Այսքան տարի անց սիրտս դարձյալ սիրով է լցվում, և արցունքները հոսում են աչքերիցս:
Առաջին սե՞ր:
Չեմ հիշում: Ո՞վ: Ե՞րբ: Աչքերիս առջևով սահում են իրար վրա լցված լուսանկարների նման տասնյակ պատկերներ` Մահմուդիե թաղամասի տղաները, ավտոբուսի վարորդները, հորս ճաղատ, տարեց ընկերները, կինոդերասանները, պատահական անցորդները, մտավորականները, գրողները, որոնց նկարները թերթերում եմ տեսել: Շաբաթը յոթ օր սիրահարված եմ, և Աստված գիտի, թե` ում: Ի՞նչ տարբերություն. Սաղի, Բաղի, Հոսամի: Մոռացել եմ նրա անունը: Ով որ էր, քեռուս ընկերներից էր: Ամեն անգամ, երբ հյուրեր ենք ունենում, նրան կանչում են, որ երգի ու տավիղ նվագի: Մեռելի է նման: Մազերը թափվել են, աչքերի տակ կապույտ է: Երեսի գույնը քրքումից դեղին է: Կարդացածս վեպի թոքախտավոր հերոսի նման է: Աչքս հենց նրա վրա է ընկնում, շառագունում եմ, սիրտս տրոփում է: Հեռվից հետևում եմ նրան և հառաչում: Վստահ եմ` շուտով կմեռնի: Արցունքները հոսում են աչքերիցս: Ափիոն է ծխում: Մուշտուկը բերանի անկյունում է դնում ու սառնաշաքարի նման ծծում ( Գիտեմ: Մեծերից եմ լսել): Երգելիս քրտնում է, մարմնի հոտը տարածվում է սենյակում: Մայրս բռնում է քիթը, դեմքը խոժոռում: Ես, որ ծիկրակում եմ դռան արանքից ու ներս մտնելու թույլտվություն չունեմ, ինքս ինձ ասում եմ` այս վշտագին երգն ու այս թմրամոլ երաժիշտը կդառնան իմ հավերժական սերը: Հետո լսում եմ, որ կախվել է իր սենյակում: Սիրտս մոմոքվում է, և նրա հետ կապված հուշերի մնացուկները ջնջվում են հիշողությունիցս:
Բժշկուհին պահանջում է, որ ճաշեմ ճաշարանում` մնացած հիվանդների հետ, շփվեմ, զրուցեմ և հասկանամ` ով եմ ու որտեղ եմ: Պիտի հետևում թողնեմ անցյալն ու վերադառնամ ներկա: Պիտի ճանաչեմ այսօրվա իմ «ես»-ը, այդ իրական կերպարին շունչ տամ վաղն ու ապագայում: Չի ստացվում: Գալիքից վախենում եմ, «այսօր»-ը դատարկ է ու անորոշ և ոչ մի տեղ չի հանգրվանում: Միայն անցյալն է, որ կա, գոյություն ունի և մայրիկի ծաղկավոր փեշի նման թաքնվելու հնարավորություն է ինձ տալիս:
Ճաշարանը մեծ է ու լուսառատ: Առաստաղից կախված լուսարձակներն ավելի են սաստկացնում դեմքերի դառը ուրվագծերը: Նման է հարցաքննությունների ու խոշտանգումների սրահի: Գուցե ինձ է այդպես թվում: Աչքերիս չեմ հավատում և գիտեմ, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին ես եմ տեսնում:
Ճաշասեղանի շուրջը նստած լուռ, ապշահար ուրվականները, խոսքները մեկ արած, հետևում են ինձ: Նրանցից մեկը կանգնում և իր գդալն ինձ է առաջարկում: Մյուսները հետևում են նրա օրինակին: Գդալ-պատառաքաղով, ափսեներով ձեռքերը մեկնվում են դեպի ինձ:
Բուժքույրը շտապում է օգնության: Բռնում է դաստակս: Ասես մտավոր հետամնաց լինեմ և նստել-վեր կենալու, ուտելու կարգ ու կանոնը նոր պիտի սովորեմ: Տեղավորվում եմ նստարանի ծայրին` պատրաստ փախչելու: Կողքիս մի տղամարդ է նստած, որ անքթիթ ափսեին է նայում: Մտացիր է, ուշքն ու միտքն այլ տեղ է: Բուժքույրը ծափ է տալիս, գոռում. «Լո՜ւռ: Լավ լուր ունեմ ձեզ համար: Կիրակի տոնական օր է լինելու»:
Բոլորը, բացի ինձնից, ծափահարում, «ուռա» են գոռում: Գդալներով զարկում են բաժակներին, ծիծաղում:
Հանգստյան օրերին հաճախ են այգում կամ նախասրահում փոքր տոներ կազմակերպում: Երբեմն մի երաժիշտ է գալիս: Նա հոգեբուժարանի նախկին հիվանդներից է: Գալիս է հին ընկերներին տեսության և նրանց համար դաշնամուր կամ ջութակ է նվագում: Նրա այցը հույսի աղբյուր է և շատերին է ոգևորում: Տոնն սկսվելուց առաջ բուժքույրերին տեղեկացնում եմ, որ ես չեմ մասնակցելու: Անհնար է: Բժշկուհին, ծանր բնավորությունս իմանալով, կարգադրում է` ինձ ազատ արձակեն:
Այսօրվա տոնն այգում է անցկացվում: Պատուհանից հետևում եմ: Հոգիների հյուրընկալություն է, մոլորված հոգիների, որոնք իրենց հին սերերը, հօդս ցնդած երազանքները վերապրելով` պտտվում են միմյանց շուրջը: Իրար գրկած երկու կանայք ճոճվում են: Նրանց աչքերը փակ են, գլուխները համաչափ տմբտմբացնում են երաժշտության տակտի հետ ու ժպտում: Ասես քնած են և լավ երազ են տեսնում: Երիտասարդը, որ ինքն իրեն խոսում ու ինձ տեսնելիս ծամածռություններ է անում, պտտվում է մարդկանց շուրջը, բարձր-բարձր ինչ-որ բաներ արտաբերում: Ասում են` բանաստեղծ է ու բանաստեղծությունների երկու հրատարակած ժողովածու ունի:
Երեկոները երբեմն գնում ենք «Նադերի» սրճարան, և մորաքույր Ազարը պարում է ամուսնու հետ: Երկուսն էլ եվրոպական պարերի դասընթացների են գնում և այնքան լավ են պարում, որ մարդիկ ծափահարում են: Տիկին Նիրվանան ու տիկին Մինառավան` մորս հորեղբոր աղջիկները, դաշնամուր ու ակորդեոն են նվագում և ամեն անգամ մեր տուն գալիս միացնում են հին գրամաֆոնը ու ստիպում բոլորին պարել: Մայրս ամաչկոտ է, պարել չգիտի և մի կողմ է քաշվում: Յազդանը` Մինառավայի որդին, խելագար է: Մագլցում է դռների ու պատերի վրա: Տասն անգամ ոտ ու ձեռքը կոտրել է: Նետ ու աղեղ ունի, ճնճղուկներ սպանելու վարպետ է: Մայրն ու հայրը տնից դուրս գալիս նրան պարանով կապում են աթոռին, որ գլխին փորձանք չբերի, տունը կրակին չտա: Այս անգամ էլ, երբ մեր տուն եկան, տղային ծառաբնին կապեցին: Ժամանակ առ ժամանակ գոռում էր. ծարավ էր կամ քաղցած: Մորաքույր Մինառավան եգիպտացորենը պտտեցնում էր տղայի բերանի մոտ, նա կծոտում էր: Մայրս ասում է, որ դա բիրտ, անթույլատրելի արարք է, և կարգադրում է արձակել թոկը: Ազատվելուն պես, սակայն, տղան աղեղից պոկված նետի նման սուրում է, ցատկում, ոտքը խփում թեյնիկին` շրջելով այն, ձեռքը գցում սեղանին` գետնին գցելով մրգամանն ու ափսեները: Մայրիկը բղավում է. «Բռնե՜ք սրան ու դարձյալ ծառին կապեք՝ ավելի ամուր, քան նախորդ անգամ»:
Հայրիկը նման հյուրեր ընդունելու տրամադրություն ու համբերություն չունի: Փակվում է իր սենյակում և աշխատում: Ամեն անգամ, երբ ծիկրակում եմ դռան արանքից, տեսնում եմ` գրում է: Ես շատ եմ սիրում գրքերով, թերթերով լի նրա աշխատասենյակը: Հորս գրասեղանն ավելի մեծ է, քան իմ մահճակալը: Առաջին պատմվածքս այդ սեղանի մոտ եմ հորինել: Քանի՞ տարեկան էի. այնքան փոքր, որ գլուխս հազիվ էր հասնում սեղանի եզրին: Գիտեմ` հայրս գրում է, չպիտի անհանգստացնեմ նրան: Հուշիկ, անձայն մտնում եմ սենյակ և կանգնում նրա թիկունքում: Նայում եմ: Գրիչը սահում է սպիտակ թղթի վրայով: Գլուխը հետ ու առաջ է անում, լեզուն անընդհատ սահեցնում ներքևի շուրթի վրայով: Գրչածայրից սև, մանր էակները հազարավոր մրջյունների նման լցվում են թղթի վրա ու տարածվում: Գլխի է ընկնում` կողքին եմ, մոտ է կանչում: Խնդրում եմ` ինձ համար որևէ բան գրի: Գրչածայրը թաթախում է թանաքի մեջ, տարօրինակ գծեր քաշում թղթի վրա, ասում է. «Տե՛ս, սա քո անունն է»: Նորից է թանաքոտում գրչածայրը: Թուղթը մոտեցնում է քթիս, ասում. «Սերուցքով հաց է սա»:
Սերուցքով հա՜ց: Փորս գռգռում, սիրտս նվաղում է: Մի քանի անգամ գրիչը թանաքոտում ու ինձ համար թռչուն, գնդակ, վարունգ է նկարում: Ի՜նչ ասես կա այս կախարդական թանաքամանի մեջ: Այն լի է ուտելիքով, խաղալիքներով, նույնիսկ սերուցքով հաց կա այնտեղ: Լի է հեքիաթներով, որ հայրս է ինձ պատմում, լի բառերով, որոնք բացահայտել, հայտնագործել եմ ուզում: Հետկեսօրին, երբ հայրս քնում է, հայտնվում եմ նրա գրասեղանի մոտ: Գրիչը չեմ գտնում: Մատս մտցնում եմ թանաքամանի մեջ, հետո սահեցնում թղթի վրայով: Թանաքի բույրը խուժում է գլխիս մեջ և ինձ հաճույք պատճառում: Թանաքոտ ձեռքերս քսում եմ շորերիս: Մատներս մեկ-մեկ թաթախում եմ ամանի մեջ: Թափահարում, շրջում եմ թանաքամանը: Գլուխս, ձեռքերս ու դեմքս, հագուստներս ամբողջովին պատված են թանաքաբծերով: Ինչպիսի՜ բավականություն: Ինձ ազատ եմ արձակում: Ճերմակ պատերն էլ կնախշազարդեմ: Այնպե՜ս եմ ուզում հարյուր թանաքաման ունենալ, հարյուր գրիչ ու հարյուր մատ և մի սենյակ լիքը թղթեր: Հորս եմ նմանվել: Գրող եմ դարձել: Երազում եմ պատմվածքս նրան ցույց տալու մասին, երբ ինչ-որ ձեռք քաշում է օձիքիցս: Մորս ջղային ձայնը լցվում է ականջներիս մեջ. «Փնթիի մեկը: Տես` ինչ օրն ես գցել հագուստներդ»:
Եռման ցնցուղը գլխիս են պահում, լվանում են հագուստս: Ճչում եմ, փնտրում պատմվածքս, այն պատմվածքը, որ ցնցուղից թափվող ջուրն իր հետ տարավ: Գուցե դա է պատճառը, որ գրում ու երբեք գրածիցս գոհ չեմ լինում: Կարծես հոգուս հեռավոր անկյունում դեռ շարունակում եմ որոնումն այդ պատմվածքի, միակ, կատարյալ, ամբողջական պատմվածքի:
Բժշկուհին գիտի` ես գրելու սիրահար եմ: Մի տրցակ մաքուր թուղթ, մի քանի սրածայր մատիտ է բերում: Նստում եմ սեղանի առաջ ու շվարում: Ի՞նչ գրեմ: Ինչպե՞ս: Որտեղի՞ց սկսեմ: Մատիտը սեղմում եմ մատներիս արանքում, գլխի ռետինը` ծամում: Երեսս հպում եմ սպիտակ թղթին, լեզուս սահեցնում թղթի սուր եզրով: Սիրտս տրոփում է: Փակում եմ աչքերս ու շարունակում այդպես մնալ:
Օգնության է հասնում բժշկուհին: Ասում է. «Տիկի՛ն արձակագիր, գրի՛ր երազներիդ մասին, մշտապես անցյալիդ մասին ես պատմում, գրի՛ր հուշերիդ մասին»:
Գրում եմ: Ջնջում, խզբզում: Բառեր եմ փնտրում: Մտքերս խառնվել, նախադասություններս սկիզբ ու վերջը կորցրել են: Նման եմ լեզվի քերականությունն ու շարադասությունը մոռացած ծույլ, թույլ աշակերտի: Սենյակս լիքն է ճմռթած թղթերով, մատիտներս տասը անգամ սրել, ռետինները հատիկ-հատիկ պոկել եմ ատամներով, ծամել, կուլ տվել: Գրում եմ ու ջնջում: Խունացած, ցիրուցան հուշերս գրոհում են մտքերիս մեջ և ջրապտույտի ալիքների պես անհետանում:
Օրեր են լինում հուսահատվում, գրելուց ձեռք եմ քաշում ու նորից հայտնվում եմ մեծ, անսահման ոչնչի մեջ: Առավոտները չեմ կարողանում տեղիցս վեր կենալ և ողջ օրը քնում եմ: Բայց գրելու ցանկությունը նշտարի նման ծակոտում է ներսից: Բառերն ինձնից ձեռք չեն քաշում: Երազում էլ գալիս են հետևիցս, մրջյունների բանակի նման գրոհում, խլվլում են շուրթերիս ու կոպերիս: Մի քանի շաբաթվա դադարից հետո թղթերը նորից առաջս եմ դնում: Մտքիս խռովքը նվազել, վիճակս բարելավվել է: Կարողանում եմ միայնակ զբոսնել այգում, առավոտվա օրաթերթերից մի երկու էջ կարդալ: Մի քանի նախադասություններով պարզ իրադարձություններ նկարագրելը նոր ուժ է տալիս ինձ: Հոգուս մեջ լույս է բացվում: Որոշ ժամանակ անց քաղցր, անհոգ զգացողությունն ինձ իրենով է անում:
Ինքս ինձ ասում եմ` եթե գրել կարողանամ, կառողջանամ և ուզում եմ առողջանալ: Այս տեսքով` տկար ու հիվանդ, ինքս ինձ չեմ ընդունում: Գիտակցում եմ, որ հոգումս բնավորված օտարությունն անցանկալի, անծանոթ հյուր է, և նրա ներկայությունը ժամանակավոր է:
Ինչ մտքովս անցնում է, գրի եմ առնում: Կարևոր չէ, որ խառն ու խճճված է, սկիզբ ու վերջ չունի: Սա գործի սկիզբն է: Մտքերս, զգացողություններս, հուշերս թղթին հանձնել կարողանալն իմ հոգեկան աշխարհի առողջության գրավականն է: Տառերից, բառերից, կետ ու ստորակետից պարան պիտի հյուսեմ և այդ մութ փոսից, լռության ու թմբիրի հորից դուրս սողոսկեմ: Բառերը, որ նման են երկրի ձգողականությունը հետևում թողած արբանյակների, լողում են ու շուրջս պտտվում: Որին ձեռքս հասնում է, որսում եմ ու թղթին հանձնում: Հայտնագործել եմ առեղծվածային լեզու, որը հին արձանագրությունների նման վերծանել է պետք:
Բժշկուհին ինձ հավատում է, քաջալերում: Բուժքույրերն ինձ ազատ են թողել: Թույլատրել են զբոսնել բառերի աշխարհում, քաշքշել նրանց ականջներից, գլխից բռնել, գրկել, գուրգուրել կամ հակառակը` քոթակել, ծվեն-ծվեն անել, ձեռքերն ու ոտքերը պարանով իրար կապել: Բառերի գունագեղ թելերով թռչող գորգ եմ գործում և ուղևորվում դեպի անցյալի ամենահեռավոր օրեր, դեպի ամենաառաջին հիշողություններ: Գնդապետ քեռուս մեքենայի մեջ ենք: Մայրս ու քեռակինս նստած են առջևում, ես կանգնած եմ հետևում: Գլխիս ու մեքենայի առաստաղի միջև մի քանի մետրանոց տարածություն կա: Մորս ու քեռակնոջս զգեստների փքված ուսագլուխները, որոնց տակ կարծես կապոցներ լինեն դրված, տեսադաշտս փակում են: Անցնում ենք մութ, չլուսավորված փողոցով: Արտասովոր լռություն է: Մայրիկը վախենում է այդ փողոցից: Ասում է. «Չպիտի գայինք այս ճանապարհով: Խուլիգանների ու մարդասպանների որջ է»:
Քեռակինը լսել է, որ այս փողոցում երկու մարդու են դանակահարել: Քեռին ծիծաղում է: Ինքը սպա է, ավազակներն իրենից վախենում են: Տեսել եմ նրա թուրը. կախված է սենյակի պատից: Քեռուս ուսագլուխները լի են մետաղյա աստղերով ու ոսկեգույն թելաշարքերով: Աստղերը փայլփլում են, ասես ծամածռություններ են անում: Զայրանում եմ: Նստել են քեռուս ուսերին ու իմ տնազն են անում: Աներե՛ս, անամո՛թ աստղեր: Մեկն առնում եմ մատներիս արանքն ու քաշում: Չի պոկվում: Մորեղբայրս ուսի շարժումով հեռացնում է ձեռքս: Ասում է. «Ա ՛յ աղջիկ, ի՞նչ ես անում: Տեղդ նստի՛ր»:
Մայրիկն ավելացնում է.«Կրակայրիչով չխաղա՛ս»:
Խաղում եմ: Սեղմում եմ կրակայրիչը, մի րոպե անց այն դուրս է թռչում տեղից: Գլխիկը տաք է ու կարմիր: Քեռուս ուսի աստղերը նայում են ինձ: Կարծես վախեցել են: Կրակայրիչը դնում եմ քեռուս պսպղուն ուսերին` երկու աստղերի արանքում: Թշշոց է լսվում, վառիչը ներս է խրվում: Բարակ ծուխ է բարձրանում: Գիտեմ` աշխարհի ամենավատ բանն եմ անում: Կուզեի` մեկը ձեռքս բռներ և ասեր` մի արա:
Քեռիս շուրջն է նայում, հոտոտում: Փու՛հ-փու՛հ: Մայրս շրջվում, ինձ է նայում: Գայլի է նմանվում: Քեռակինս էլ է շրջվում: Բերանը կիսաբաց է մնում: Նրա` վարազի ատամներն էլ ավելի են երկարում: Իմ ճիչն ավելի բարձր է, քան մորս ու քեռակնոջս գոռոցը: Ակնթարթորեն այրվող լամպի նման գլուխս խավարով է լցվում: Ուշքս գնում է:
Գրածս առաջին պատմվածքները խառն ու անավարտ խզբզոցներ են, սակայն բույսի նման կամաց-կամաց աճում, բանականությանս պատերով վեր են բարձրանում, ծածկում գլխիս ամեն անկյուն ու հատված: Յուրաքանչյուր անգամ ստուգելիս, նորացնելիս ավելի ամբողջական ու ավելի կատարյալ են դառնում և մի քայլ առաջ եմ շարժվում: Պատճառ եմ գտել թմբիրից արթնանալու համար, և առավոտների սրտամաշ դատարկության մեջ փոքրիկ լույս է առկայծում:
Լույսի հայտնվելը բժշկուհին լավ նշան է համարում: Ասում է` վերջը լավ է լինելու: Ալադինի լամպն եմ գտել և խնդրում եմ` նորից գրել կարողանամ:
Մի ամիս չի անցել` ես արդեն չորս պատմվածք եմ գրել: Հաճախ գիշերն արթնանում և տեսնում եմ` ծանոթ մի դեմք հուշերիս հեռուներից ինձ տեսության է եկել, երբեմն այնքան իրական ու կենդանի, որ զգում եմ դեմքիս նրա մատների հպումը: Երեկ գիշեր Շեմիրանի ավտոբուսի վարորդ Ազիզ աղան էր եկել: Ուրվականի էր նման: Խոնջացած, այտուցված աչքերով հասկացրեց, որ ինձ չի մոռացել, և մեր կապած ուխտը դեռ ուժի մեջ է: Ամեն մի հատիկ հիշողությունից հետո նորն է հայտնվում: Անգլերենի ուսուցիչ միսթր Ղազնին, մեր վատահամբավ հարևանուհին` տիկին Գիթին, քեռիներս, առողջ, երջանիկ մարդիկ, դժբախտ, հուսահատ ծանոթներս, այնքան են հայտնվում հիշողություններիս մեջ, մինչև գտնում են իրենց տեղը գրվածքներիս մեջ:
Աչքերս փակում ու տեսնում եմ` Շեմիրանի ավտոբուսը հեռվից դանդաղ մոտենում է: Ինձ նկատելով` վարորդը միացնում է մեքենայի լույսերը: Սիրտս բաբախում է ուրախությունից:
Շշնջում եմ. «Բացի Ազիզ աղայի ավտուբուսից, ես ոչ մի ուրիշ ավտոբուս չեմ նստի»:
Բժշկուհին այսօրվա վերջին դեղահաբն է բերել: Ցանկանում եմ պատմվածքիս շարունակությունը, որ գրել եմ, նրա համար կարդալ: Բայց նա մարում է սենյակի լույսը` ասելով. «Մնացածը թող մնա հետո: Թող մնա վաղը»:
[1] Հեղինակը նկատի ունի Թեհրան բառի ֆրանսերեն արտասանությունը:
«Երկու աշխարհ» ժողովածուուից:
Թարգմանությունը պարսկերենից` Նունե Հովհաննիսյանի