Լիլիթ Կարապետյան | Բարբարոսն ասում է այո

Տասը տարի առաջ ցրտաշունչ ձմռանը նա կացնի հարվածներ էր հասցնում ծառի քոթուկին: Ջերմանալու մոտակա պահի նուրբ հպումով կինն իբրև երախտիք գրկում էր բազկաթոռին հանգստացող ամուսնու պարանոցը: Նա երիտասարդ էր և իրեն թույլ էր տալիս անպատեհ առիթներով տխրել, խիզախորեն ճանապարհորդել հայտնի թագավորական ժամանակների միջով, մարգարեի նման քայլել օվկիանոսի ջրերի վրայով: Ինչպես տղամարդ և երկու երեխաների հայր գնում էր շուկա շաքարավազ գնելու, մինչ տանը խոնարհաբար արդուկում էին վերնաշապիկները:
Նա տրվում է դեպի անդունդ իջնող աստիճանների դանդաղությանը: Փորձում է պատսպարվել անտես հետապնդումներից, որն անխուսափելի կերպով հանգեցնում է կյանքի ավարտի մտքին: Գնացքի բաց դռների առջև կորցնում է ազատական ապրումի վերջին փշրանքները` հավատացած լինելով` բանտված է լինելու համենայնդեպս մինչև վերջին կայարանը: Փակ տարածության բռնաճնշումին հակադարձ դյուրագրգիռ վիպասանը գրպանում թուղթ ու մատիտ է փնտրում՝ գրառում անելու համար. «Գնացքի դռները բացվում են Լամբրոն ամրոցի դարպասների պես և բարբարոսները ներխուժում են նվաճելու հերթական դրախտը»:
Կինը հոգսաշատ կենցաղից հապճեպ կտրվում էր ու նայում մտքերի մեջ խճողված ամուսնուն: Գրողը հաշվում էր բառերի առաջացրած որոգայթները և վախենում էր գրված նախադասության բումերանգի օրենքից: Կինը ստիպված էր երկար սպասել իր հարցի պատասխանին. նրան անհանգստացնում էր ոչ թե վեպի սյուժեն, այլ ամուսնու հոգեմտավոր առողջությունը: Չորրորդ անգամ հարցը հնչեցնելուց հետո ամուսնու հայացքը բարձրացավ հոմանիշների բառարանից, որովհետև կինը ցնցում էր ուսը ու բացականչում` ինչի˚մասին է քո վեպը:
Սրբատաշ եկեղեցիներում բարձրացող պառակտված աղոթքների, որոնք քննում են բարձրյալին իբրև մարդ ու Աստված թե միայն արարիչ քարքարոտ երկրի և աստղազարդ տիեզերքի: Սովամահության տրված բերդերի, որի երկրորդ հարկի ննջարանում կենակցում է այրիացող սերը: Այստեղ ճամբարած Շիկամորուսի, գովերգող Անտիոքի իշխանների և Սև գետում երկար ծամերը լվացող աղջիկների մասին է պատմավեպը:
Կինը թոթվում էր ուսերը և հեռանում տխրամած ստվերի նման: Գրկի երեխային պատրաստվում էր լողացնել վառարանին տաքացրած ջրով: Ննջասենյակում նա թողնում էր տղամարդուն մենակ, թույլ էր տալիս հավատալ` վեպ է գրում, որ հաջողության հասնի, թեև մի քանի անգամ փորձել է առհասարակ թողնել գրելը: Նա անկոչ գրիչ էր, իր տեղն էր փնտրում գրականության անծայրածիր երկնակամարի տակ, ու երբ հերոսները սուր դիմադրություն էին ցույց տալիս, մտածում էր` գրականության ոչ մի տիտղոս իրեն չի կարող պատկանել: Նրա բռուցքներն անզորությունից կծկվում էին, ինչպես մետրոյում` սլանալով թունելի միջով դեպի իր երեխաներն ու նախկին կինը. վերջին հանդիպման ժամանակ կինն ավելի լավ տեսք ուներ, քան իր հետ ապրելու տարիներին. հարդարված մազերը, խնամքով արդուկված հագուստը ընդգծում էին նրա գեղեցկությունը: Իսկ ի˚նչ ակնկալել այս հանդիպումից: Տղամարդը գնացք ներխուժող մարդկանցից ինչ-որ հարված էր սպասում և իսկապես մետաղական ձայնը արձագանքեց. ասպետը թուրը դրեց պատյանը և խոնարհվեց Ալիսի առջև, այսպես էր գրված վեպում: Հռոմկլա քաղաքից ոչ հեռու կառուցված ամենաբարձր աշտարակներով զարդարուն ամրոցի տիրուհուն հայտնում էին իշխանի մահվան լուրը: Զմրուխտազարդ կառքով կբերեն քաջարի մարտիկի մարմինը, որպեսզի յուրային զորականների առջև գովերգեն խիզախ հրամանատարի սխրանքները: Այրիացած Ալիսի բռունցքները անզորությունից կծկվում են: Գունատ կինը պատուհանից նայում է մեծ ու փոքր ջրվեժներին և բարեբախտ անցյալը վերցոլանքի նման հայտնվում է ջրերի հայելուն, ամեն քարի, թփի անկյունում, հպարտ կաղնիների ստվերում: Իշխանի անխախտ սիրո խոստովանությունը, մեղմ գրկախառնությունը, սիրո ջերմ համբույրները, դրոշմված նրա շուրթերին երբևէ չեն անհետանա այն ճակատագրից , որ վստահել էր միայն մի տղամարդու: Նա ամեն հաղթական արշավանքից հետո, հրամայում էր ի պատիվ իր կնոջ ամենաբարձր աշտարակին ծածանել առյուծի պատկերով դրոշը:
Ալիսը նաժիշտների ուղեկցությամբ շտապում է շուկա: Շուկան ավելին է քան պարզապես առևտրի վայր: Մի տաղավարից մյուսը ձեռքից ձեռք են անցնում նավագնացության քարտեզները: Այստեղ խմորվում են պատերազմի մասին լուրերը ու դավադրություններ են հյուսվում կաթոլիկ վանականների կողմից: Ալիսը անտարբեր է մետաքսի, կերպասի, մարգարտաշար գոտիների տաղավարների նկատմամբ, որ կարող էին շարժել բարձր խավի կնոջ ցանկությունը: Նա մոտենում է մոնղոլ առևտրականին, մի քանի ավել ոսկեդրամ է առաջարկում սրվակով թույնի դիմաց և չի նկատում` ինչպես իր թիկունքում խռնվում է ծպտված մամլուքների խումբը: Գուսանների ողբի երգերի ներքո ամրոցի պաշտպանները ձեռքերի վրա տանում են իրենց սիրելի զորականի անշունչ մարմինը: Նաժիշտները հետևում են տիկնոջը, որպեսզի նա չուշաթափվի, ինչպես խաչին բարձրացված Հիսուս, որ կրում է ողջ լինելու տառապանքը:
Վիպասանը փակում է աչքերը: Կաթիլ առ կաթիլ մտքում կուտակվում են Ալիսի խելակորույս շարժումները` միտված հաղթահարելու վշտից ծնված մարմնավոր չարչարանքները: Նա մտաբերում է իր սիրելի գրքերից մեկում ընթերցած արտահայտությունը` կանայք հիստերիկ են, եթե հիմար չեն: Ալիսը, գրողի կողմից չնախատեսված, հարց էր տվել նաժիշտներին` իսկ ի˚նչ է լինելու հետո: Տասը տարի առաջ տղամարդը կարծում էր` կանայք պարզամիտ են, եթե չեն կարողանում ընկալել վեպի իմաստը: Իր կինը սակայն լքեց իրեն հանուն ապահով ու զգուշավոր ապագայի: Վեպի վերջին գլխում Ալիսը ինքնասպանություն գործեց, որն ստիպեց գրողին փոխել կանանց մասին իր կարծիքը. կնոջ ճակատագրի որակը կախյալ է եղել առավելապես տղամարդուց, այնուամենայնիվ հանդիպել են նաև չվերահսկվող բացառություններ: Մետրոյի թունելի մեջ գրողն իր մեջ փնտրեց կնոջ ճակատագրին տիրացող տղամարդուն, բայց ապարդյուն:
Յոթ օրվա ընթացքում թշնամին նույնքան անգամ հարձակում գործեց և վերադարձավ ճամբար դատարկաձեռն: Գաղտնի պատշգամբից Ալիսը նայում էր վայրի բանակին: Թեև կատաղի պաշտպանական մարտեր էին մղում ի պատիվ ամրոցի տիրուհու, սակայն այլևս ոչ ոք չէր մտածում հաղթության մասին, սպառվում էին ջրի ու պարենի պաշարները: Մամլուքները կգրավեն ամրոցը, հրամանատարը իր զորքերը սեպի նման կխրի երկրի սիրտը, հաջորդը կլինի Սիսը: Ալիսի` տառապանքից հյուծված մատների արանքից ճերմակ թաշկինակը պատահաբար ընկավ ցած: Սահեց հակառակորդի գողացված սաղավարտի վրայով և հայտնվեց գետնին: Իր հրամանատարին նվիրված անուսում զինվորը կարծեց գաղտնի նամակ է գտել և թաշկինակը հանձնեց զորապետին: Նա հոտոտեց թաշկինակը և մտածեց, որքան անուշաբույր է այն կինը, ում պատկանում է թաշկինակը: Թաշկինակի վրա կապույտ թելով ասեղնագործված էր. «Ալիս, տիրուհին ամրոցի»: Թրի սայրով հասցված վերքի նման հանկարծակի ծնվում է անծանոթ մի մրմուռ, այն չի ընտելանում կոպտացած մարմնին և ցանկանում է դուրս պոռթկալ զսպանակող կաղապարից: Անտես կնոջ բույրից խենթացած մամլուքը անքուն գիշերներից հետո հուսադրող լուր է ստանում. սպասվում է զորքի և տեխնիկայի համալրում: Քարանետ մեքենաներով սկսվում է ամրոցի «ռմբակոծումը»: Միջնաբերդում պատսպարված ծերունիները, կանայք և երեխաները գաղտնուղիով հեռանում են: Ալիսը թունավոր սրվակների մեջ մոգոնում է մահվան իր տարբերակը: Վերջիվերջո կողպում է ննջասենյակի դուռը և բարձրանում աշտարակի գագաթը: Անկում են ապրում դրախտը պահպանող դարպասները, քարանետ մեքենաների հարվածից ճմրթվում մագաղաթի նման. գեհենի զինվորները ներխուժում են միջնաբերդ: Զորապետը շրջում է արձանները ու կոտրում ճենապակե ամեն խոչընդոտ, որ ետ էին պահում նրան գտնել Ալիսին: Որտե˚ղ է ամրոցի տիրուհին ` մռնչում էր նա:
Այրի կնոջ դեռ կենդանի մարմինը թռչնի նման սավառնում էր ամենաբարձր աշտարակից ցած, որտեղ մի ժամանակ ի պատիվ իրեն ծածանվում էր առյուծի պատկերով դրոշը: Զորապետին բավական չէր ամրոցի թալանը, այդ թվում գերեվարված գեղանի նաժիշտները և գլխատված պատանիները: Վերջիվերջո ոչ մի զինվոր չէր շեղվել հրամանից, սակայն բարբարոսը տանուլ էր տվել երկրի վրա ամենակալություն հաստատելու գիտակցումը: Տղամարդու խռովյալ սրտի բաբախումները կանգ են առնում: Մոլագարության կիզակետում ըմբռնում է հետևյալը` նա անզոր է կանխել ազատական մտքի ներհոսքը գիտակցություն: Եվ սա է հետևանքը ու հատուցման գինը:
Ցտեսություն ըմբոստ տիկնանց ու կտրիճ իշխանների բարեբեր երկիր, ցտեսություն Կիլիկիա, գրում է վիպասանը:
Տղամարդը ցանկանում էր շտկել մտածմունքի ուղղությունը, այսինքն վեպից վերադառնալ այն կետին, որտեղից սկսել էր. գնալ հանդիպման երեխաների և նախկին կնոջ հետ: Երեխաների հանդեպ խորթության զգացումը խեղդեց կոկորդը. որդիները մեծացել էին, մի իրողություն, որին մասնակից չէր դարձել հայրը: Նրա սպասողական դիրքին ի պատասխան երեխաները մոտենալով արժանացրին սրտաբաց մի ողջույնի: Կնոջ հանդեպ սիրո կայծը վաղուց մարել էր, սակայն կիսատության մորմոքը ստիպեց տղամարդուն խոստովանել. «Եթե կինն իր կողքին լիներ, նա երջանիկ տղամարդ կհամարեր իրեն»:
Չիմանալով ինչ խոսել և խախտել լռությունը` կինը հարցրեց` դու ավարտեցի˚ր քո վեպը:
– Այո,- պատասխանեց տղամարդը:

Հունիս 2022 թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *