Դիանա Համբարձումյան | Գրելու և յուղ հալելու մասին

Դիանա Համբարձումյան

Մարդիկ, հատկապես գրող մարդիկ, մասնավորապես, հանրահայտ ու մեծ գրողները (բախտավոր գլխիս) շատ են մտածում ու գրում ինչ գրելու և ինչպես գրելու մասին: Բայց հատկապես չգրողները, իմա՝ չընթերցողները, ամենալավը գիտեն, թե ինչն է կարևոր գրելու գործում: Նրանք պատրաստ են անվճար և անշահախնդրորեն օգնություն տրամադրել, խորհուրդներ տալ, բացատրել, վիճել, կռվել, ապացուցել, որ գրելը շատ դժվար գործ է և ամեն մարդու խելքի բանը չէ, ուստի հարկավոր է գրելուց առաջ հատկապես նրանց հետ խորհրդակցել, նրանց դաբրոն ստանալ, նոր միայն մտնել նրանց իսկ անդամագրած գետտոն:

Ինձ մանկությունից սովորեցրել են, թե ինչպես է պետք բաժակը բռնել ու մոտեցնել շուրթերին, որպեսզի խմելիս հեղուկը չհոսի հենց նոր խանութից տուն բերած ու դեռ ճմրթված՝ գլխովդ քաշած բլուզի վրա: Ինձ մանկությունից սովորեցրել են փիշիկից հետո ձեռքերը լվալ օճառով ու չորացնել խավոտ սրբիչով: Բայց ինձ մանկությունից չեն սովորեցրել, թե ինչպես է պետք տզրուկներին մարմնիցդ հեռացնել, քանի որ իմ մանկության տարիներին տզրուկաբուժությունը կամ դեռ բուժություն չէր, կամ էլ արդեն բուժության անցած-գնացած էտապ էր: Էտապ ասացի՝ հիշեցի.

Մի քանի օր է, ինչ հարս եմ գնացել: Սկեսրայրս, որ իմ նախկին ուսուցիչն է, տասը կիլո կարագը գրկած, հևիհև փնչալով, շալվարի ծնկները լաքոտած՝ տուն է գալիս: Շվարած նայում եմ, թե էսքանը ոնց եմ հալելու: Նախկին ուսուցիչս, որ վարանումս լավ է հիշում Հայոց պատմության դասերից, իսկույն գլխի է ընկնում, թե ինչն ինչոց է ու թևերը քշտած՝ անցնում է գործի: Մի կես ժամ իմ ծակուռում տապ արած սպասում եմ՝ տեսնեմ երբ է ձայն տալու, որ գնամ հարսնությունս բանեցնեմ, բայց անխիղճը սուսուփուս իր գործին է ու իմ հարսնագոյությունն իսպառ մոռացության է մատնել: Խիղճս ինձ պատեպատ է տալիս: Գլուխս կախ, ուսերս ներս հավաքած, ոտնաթաթերս վեր ձգած գնամ՝ պատի ու դռան արանքից ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի. պատմության նախկին ուսուցիչս կարագ է հալում: Գլուխը շերեփի հանգույն տմբտմբացնելով ու հայացքը յուղի ոսկերակից չկտրելով, աչքերի անկյուններում կնճիռներն իրար վրա դարսելով՝ ձայնում է.

-Արի՜, արի՛ տես ոնց են կարագից յուղ քամում: Չիմանալն ամոթ չի, իմանալ չուզելն է ամոթ: – Շերեփը տալիս է ձեռս և ուսուցչությունն սկսում. – ուրեմն, շերեփը վայրիվերո խորքերը չտանես, յուղը կփրփրի, կելնի կթափվի, կմնանք անյուղ: Միշտ մի կողմի վրա պտտիր, յուղն էլ հիշողություն ունի, հիշելով՝ ենթարկվում է: Հետո շերեփը յուղից հանիր, թող մի քիչ կարոտի յուղի տաքությունը: Հետո ղազանի գլխին պահած՝ շերեփի յուղը բարակ ծլլացրու մեջը, թող գնա խառնվի իր ակունքին:

Էստեղ ես մեջ եմ ընկնում, որ պրոֆեսորությունս ցուցադրեմ.

-Բա ո՞ր էտապում եմ թողնելու ինքնուրույն եփվի:

-ՆԷՊ-ի էտապում, – լրջմիտ վրա է բերում պատմության նախկին ուսուցիչս, – այսինքն, երբ ճգնաժամն ավարտվի, եռն ընկնի մեջը, ու հարկդ վճարես:

Նոր տնտեսական քաղաքականության դասն ավարտվում է հարս ու սկեսրայրի համերաշխ խինդով:     

Ասածս ի՞նչ է. որ մտքիդ դնես, իմա՝ որ սրտանց ուզես, ջրերի վրա քայլելն էլ կսովորես. ամեն ինչ սովորելու վրա է, բայց մինչև սովորես, հնարավոր է՝ յուղը մի քանի անգամ ելնի թափվի, մնաս անյուղ: Գիրս կարդաս, մնաս անգիր: Հիմա կհարցնեք՝ բա տզրուկներին ինչո՞ւ հիշեցի: Դաս տվողի տեսակ կա, որ տզրուկի համառությամբ ու արյունաքամ լինելու աստիճան ուզում է բոլորին սովորեցնել, օգնել, բուժել ու ինքն իրեն ապացուցել՝ ես որ չլինեմ, դուք կորած եք: Ես էդ տզրուկներին քշել չգիտեմ: Մինչև հիմա չեմ հասկանում, թե էդ ինչ բնատուր շնորհով եմ գլխիս հավաքում թունդ քարոզիչներին, ինքնազոհաբերվող հերձվածողներին, գիտունիկ ճարպիկներին, որոնք ունեն բոլոր հարցերի պատասխանները, մինչև անգամ, թե ինչպես է պետք փիշիկ անել, փիշիկից հետո ձեռքերը լվանալ և մաքրել խավոտ սրբիչով:

Մի խոսքով՝ ինձ փրկեք գրող լինելու սինդրոմից: Եվ այս առիթով մի երկու խորհուրդ տամ, որոնց, խորհուրդ եմ տալիս, խստագույնս չհետևել:

  1. Մինչև չգրեք, չեք իմանա, թե ոնց չգրեք. գրեք, եթե անգամ գրում եք ապրելու հաշվին:
  2. Քնելուց առաջ գրածը արթնանալուց հետո չի մարսվում. քնելուց հետո գրեք քնելու մասին՝ առանց նշելու այդ մասին:
  3. Գրելիս մոռացեք գրելու մասին գրված բոլոր օգտակար խորհուրդները:

Երրորդությունը ոչ միայն խորհուրդ ունի, այլև ահագին էլ ամփոփ է: Վաղուց այսքան երկար չէի գրել:

         

Share Button

1 Կարծիք

  • Ելիզավետա says:

    Վաղուց մի շնչով ՝ նման էսսե չեի կարդացել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *