Ռուզան Հովասափյան | Հեռացող բառեր

Ռուզան Հովասափյան

Հայրենի՛ք
Մուրացկանի

Ձեռքի նման
Սիրտս բացեմ՝
Մի գրոշի
Սեր դիր այնտեղ:
Ամեն գիշեր
Իմ ետևից
Գորշ գայլի պես
Մի բարձրահարկ
Շենք է վազում.–
Նրա փայլող
Միա՛կ աչքը
Պատուհանն է
Իմ սենյակի…

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Իմ լուսամուտի
Փեղկերը բացեմ
Երգող թռչունի
Թևերի նման,
Բա~ց թողնեմ… տունս.–
Իջնի տներին՝
Սուրբ գրքի պես փակ,
Եվ Ծննդոցի
Էջերից ճախրեն…

 

***
Տարածություն ընկուզաչափ
Ու ժամանակ՝ քանց մի մասուր. –
Սիրտս մնաց Ագռավաքար,
Լռությունս՝ Մհերի դուռ…

Սիրտս մնաց արևիդ տակ,
Լռությունս՝ ձյունե բառիդ.
Մնացածը՝ պաղած թե տաք,
Կտուցին էր մի ագռավի…

 

***
Ինքնաթիռների երամների պես
Ու պիղատոսյան ոտնաքայլերի
Ինձնից բառերն են հեռանում կարծես.
– Խրտվիլակիս խաչն ո՞վ պիտի տանի…

Ձգվում է լռին անմարդ Գողգոթան,
Անզոր եմ անգամ խաչն իմ շալակել.
– Տե՛ր, քո դրախտում պետք չէ՞ խրտվիլակ –
Ցնցոտիները ինչ ասես արժեն:

Բա ցնորքնե՜րը՝ աչքերում անգույն,
Ծաղկագրերի փնջի պես անտեր.
– Մի՞թե հավքերը քաղցած են լինում,
Երբ բանաստեղծի բառերն են գաղթել…

 

***
Ծառերի պես տներն էլ են կանգնած մեռնում.
– Մեռածներին ղազարոսներ դարձրու, Տե՛ր:-
Լուռ աղոթող կողքիս տունը՝ տկար ու կույր,
Ո՛չ կորով է խնդրում քեզնից, ո՛չ էլ աչքեր:

Ընդամենը կա՛մք է ուզում, տեսնելո՛ւ կամք,
Թեկուզ նրան հողմ ու հեղեղ անվերջ դաղեն.
– Տե՛ր, այդ կամքը տե՛նչ դարձրու, դարձրու կյա՛նք,
Իսկ աչքերի հանգած լույսը ես կվառեմ…

***
Խոստումներդ
Ինչե~ր ասես չեն քանդակում
Այս ամպերից՝
Թևավոր ձի,
Ճերմակ ամրոց,
Մարգարտե թագ:–
Ես
Երկիր եմ վերադառնում.
Կգա՞ս ինձ հետ…

 

***
Ագռավների կտուցի տակ
Որբ տներ են պաղում իմ շուրջ.
Ես սուլում եմ երգը նրանց –
Այդպես գանգերն են քրքջում:

Որի՞ համար սիրտս հանեմ,
Որի՞ համար մնամ անսիրտ,
Հայրենի՛ք, թող տեղդ կանչեմ.
– Հանց անառակ որդին՝ դարձիր…

***
(կեղծ հայրենասերներին)
Մասի՛ս,
Նրանց բերաններից
Ծիծդ հանիր.
Թիկունք արած՝
Քեզ սապատ են դարձնելու –
Մի բուռ հողս
Ինչպե՞ս ուղղի…

 

***
Երբ Հայրենիքը
Մեծացնում է մեզ
Զուրկ, կիսաբոբիկ ու կիսասոված,
Ուշ ենք հասկանում,
Թե ո՜նց է սիրել՝
Զուրկ,
Կիսաբոբիկ
Ու կիսասոված…

***
Ժամանակի հեսանին
Սրվեց կյանքս օրնիբուն,
Արդ – ոսոկորիս է հասել:
Այդ դանակը զարդապոչ
Ինձ նվիրեց մի աստված,
Երբ հանում էր իր սրտից:

 

***
Սրտիս վրա պաղությունն է մատնահետքիդ,
Քո փոխարեն երազս եմ շղթայելու,
Ինչ տարել ես՝ տվածիս հետ հալալ լինի,
Այսուհետև թողածդ եմ շռայլելու:

Զարմանում եմ – ցիներն ինչու՞ մոտ չեն գալիս,
Անձրևածեծ մենությունս լեշ է վաղուց.
Իմ ետևից շղթայվածն է միայն լալիս,
Իսկ շները գնացել են շնանալու:

 

***
Ակամա փակված ավետարանից գիշեր է կաթում,
Հաշիշ է բուրում գորշացող խաշամն արևամուտի,
Ու մաշկս փռվող՝ շուշպայի նման արծաթապաճույճ,
Հյուսվածք առ հյուսվածք վերափոխվում է պապիրաթղթի…

Ո՜նց է ամոքում հոգուս շլությունն ու ծնվող հոքուն,
Ինչպես շնությունն՝ աղբանոցներից դժգոհ շներին –
Մեկն ինձ խավարում ծուռ-ծուռ նկատել, գոռում է՝ ես քու…
Իբր չեմ լսել, բայց շշնջում եմ՝ թող Տերը ների…

Տեղս ո՞վ լիներ, որ տերը չտար կրակն այս թունոտ
Շամիրամաբույր ու շատրվանող ժամերին տմույն,
Իսկ ես վերստին իմ գլանակն եմ վառում նրանով,
Ու չի ամոքում, ու չի՛ ամոքում հոքուն անանուն…

 

***
Երբ շուրթերիս՝
Նարեկացի,
Ապարանքներն օտար սրբեմ –
Իմ սրտից մեծ,
Ծանր ծանրոց
Երբևիցե
Չես ստանա…

 

***
Քեզ աչքիս առաջ
Մորթազերծում են,
Որ լցնեն հարդով
Եվ թևավորիս
Ստիպեն քեզնից
Հեռու՜ թևածել:
Ա՛խ, չհասկացան,
Որ ոհմակներն են
Միսդ լափելու,
Իսկ իրենք նայեն՝
Հարդ որոճալով…

 

ԱՊՐԻԼ
Քո բախտի սևը
Ութերորդ կորն է
Ծիածաններիդ,
Որ լույս ապրիլին
Թոկ էր ողբահյուս՝
Լեզուն Դեր Զորով
Տիրոջդ վզին…
Իսկ կորերն այն յոթ՝
Փայլով շանթերի,
Լաթեր էին լոկ
Պոզին շեյթանի…
– Աշխա՛րհ, քո ձեռքի
Ժամացույցն անդուլ
Որքան էլ նորես,
Դեր Զոր-դժոխքի
Ավազով ես դու
Ժամդ հաշվելու,
Իսկ արևներդ
Ծնվելու են միշտ
Սիրաժայթքումից
Մասիս իմ լեռան…
Եւ ո՞վ է ասում
Թե անապատում
Ծառեր չեն աճում.–
Ծառ չեմ, բա ի՞նչ եմ,
Եթե հողս է
Թռչնաբնի չափ:
Ի՞նչ ես խնդմնդում,
Յոթգլու՛խ վիշապ,
Մշտարթու՛ն դահիճ.
Կրա՞կ կփչես՝
Մոխրից կհառնեմ,
Կարկու՞տ կթափես՝
Արմատներ ունեմ,
Ջրից կզրկե՞ս՝
Երկինք կխմեմ…
Ախ, ինձ կկտրես,
Որ սուր տապարիդ
Պո՜չը նորոգես,
Ուրեմն, գիտցիր՝
Ինձ նման ծառից
Միայն ու միայն
Տապան է նորվում
Ու ցուպը Նոյի…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *