Մեր չհանդիպած օրերի արանքում,
նորից ինձ անծանոթ հագուստով ես,
և անիմաստ է հարցնել՝ «նո՞ր է…»
***
Երբ այլևս չլինեմ
քեզ ոչ ոք չի պատմի այդ մասին.
դու բոլորից թաքուն ես սիրում ինձ…
***
Չգիտեմ՝
ո՞ր եկեղեցում է պսակադրությունդ,
և բոլորի զանգերը հիմա
քեզ համար են ղողանջում…
***
Երբեմն այնքան թեթև
ու երջանիկ եմ արթնանում,
թվում է՝
երազում քեզ հետ էի…
***
Բոլոր զանգերին պատասխանում եմ,
դուռը թակողներին՝ բացում,
բոլոր նամակները կարդում եմ,
որ հանկարծ բաց չթողնեմ քեզ…
***
Ամեն իրիկուն
ես բարձրանում եմ կտուրները
տեսնելու այն աստղը,
որ քո պատուհանից է երևում…
***
Հեշտ է ապրելը,
երբ մեկը քեզ հիշում է,
երբ հիշում է քեզ մեկը…
Բա որ մոռանա՞…
***
Ամեն գիշեր
ինչ որ տեղ
անձրև է գալիս,
ոչ ոք չգիտի՝
որտեղ,
որ փողոցում։
Միայն ես եմ տուն գալիս թրջված։
***
Ամեն առավոտ
դատարկում եմ սիրտս,
որ թեթև քայլեմ։
Մինչև իրիկուն
կաթիլ-կաթիլ
Ջրափոսի պես
լցվում է նորից։
Բոլոր անձրևներն իմ մեջ են գալիս…
***
Մի օր
ես կմեռնեմ առանց քեզ,
բայց դրա մեջ ոչ մի տխուր բան չկա.
ամենատխուրը
առանց քեզ ապրելն էր…
***
Արդեն քանի տարի է
ուզում եմ՝ գլուխս շոյես։
Շա՞տ բան եմ ուզում…
***
Ի՜նչ տխուր օրեր են
իրար պի՛նդ գրկելու
միմյանց ոչ մեկին չտալու օրեր են:
***
Մի քիչ տխրում ես,
ուրախանում եմ մի քիչ.
գուցե պատճառը ես եմ։
***
Ի՞նչ է լինում
հեռախոսահամարի հետ այն բաժանորդի,
որ մեկնում է ընդմիշտ։
Ու՞ր են գնում զանգերը մոլորված:
***
Մարդիկ,
որ ապրում էին մեր մեջ,
մեռնում են հեռվում։
Մեռնում ենք հեռվում…
***
Ինձ նման,
իմ սիրո նման էր գիրքս.
նվիրեցի՝
չվերցրեցիր…
Ճապոնական թանկաներ էին? Շատ հուզիչ էին…