ՄԱՐԻՈ ՎԱՐԳԱՍ ԼՅՈՍԱ | Կիրակի օրը

Մարիո Վարգաս ԼյոսաՆա մի պահ շունչը պահեց, եղունգները խրեց ձեռքերի ափերի մեջև արագ-արագ վրա տվեց. «Ես սիրահարված եմ քեզ»: Տեսավ, որ աղջիկը միանգամից շիկնեց, կարծես մեկն ապտակած լիներ լուսափայլ դալուկ ու քնքուշ այտերին: Ընկճվեց, զգաց, որ շփոթմունքը տարածվում է մարմնով մեկ, և լեզուն պապանձվում է: Ցանկացավ դուրս վազել, վերջ տալ խռովքին. ձմեռային թախծոտ առավոտվա մեջ վեր էր հառնել այն ներքին վհատությունը, որը միշտ էլ ընկճում էր նրան վճռական պահերին: Մի քանի րոպե առաջ Միրաֆլորեսի կենտրոնական զբոսայգում շրջող աշխույժ ու ժպտադեմ բազմության մեջ Միգելը դեռ կրկնում էր. «Հիմա: Պարդո պողոտային հասնելուն պես: Ուժ կգտնեմ իմ մեջ: Ա՜խ, Ռուբեն, թե իմանայիր՝ ինչպե՜ս եմ ատում քեզ»: Դեռ դրանից էլ առաջ, եկեղեցում, այն ժամանակ, երբ հայացքով փնտրեց և նկատեց Ֆլորային սյան տակ կանգնած, երբ առանց անցնելու թույլտվություն խնդրելու, արմունկներով կանանց հրմշտելով ճանապարհ բացեց և կարողացավ մոտենալ և կամացուկ բարևել նրան, համառորեն կրկին ու կրկին ասում էր ինքն իրեն. «Էլ ճար չկա: Այսօր ևեթ պետք է անեմ այդ բանը: Առավոտվա ընթացքում: Ես դեռ քեզ ցույց կտամ, Ռուբե՛ն»,- ինչպես լուսաբացին էր կրկնում՝ անկողնում մեկնված, լույսը բացվելուն հետևելիս: Իսկ նախորդ գիշերը երկար տարիների ընթացքում առաջին անգամ լաց էր եղել, երբ իմացել էր պատրաստվող ստոր ծուղակի մասին: Մարդիկ շարունակում էին զբոսնել այգում, իսկ Պարդո փողոցն ամայի էր: Նրանք քայլում էին պուրակով, բարձր ու սաղարթախիտ ֆիկուսների տակ: «Պետք է շտապեմ, թե չէ արդեն զզվեցնում եմ»,- մտածում էր Միգելը: Աչքի տակով նայեց շուրջը. մարդ չկար, կարող էր փորձել: Դանդաղ, կամաց-կամաց ձախ ձեռքը երկարեց մինչև նրա ձեռքին դիպչելը. այդ հպումը մատնեց, որ քրտնում է: Աղաչեց, որ հրաշք պատահեր, որ դադարեր այդ նվաստացուցիչ երևույթը: «Ի՞նչ ասեմ նրան»,-մտածում էր նա,- «ի՞նչ ասեմ»: Աղջիկը ետ քաշեց ձեռքը, իսկ նա իրեն անպաշտպան և ծիծաղելի էր զգում: Նախորդ օրը տենդորեն նախապատրաստած բոլոր բոցաշունչ նախադասությունները հօդս էին ցնդել փրփուրի պղպջակների պես:
– Ֆլորա, – քրթմնջաց նա, – ես շատ երկար եմ սպասել այս պահին: Այն պահից ի վեր, ինչ ճանաչում եմ քեզ, միայն քո մասին եմ մտածում: Ես առաջին անգամ եմ սիրահարվել, ազնիվ խոսք, երբեք քեզ նման աղջկա չեմ ճանաչել:
Դարձյալ մի սպիտակ հոծ բիծ հայտնվեց նրա ուղեղում՝ դատարկությունը: Այլևս չէր կարող ավելի մեծ ճնշում գործադրել ինքն իր վրա. մաշկը կաուչուկի նման ետ էր քաշվում, եղունգները հասնում էին ոսկորին: Այնուամենայնիվ, նա շարունակեց խոսել՝ դժվարությամբ, մեծ ընդմիջումներով, հաղթահարելով ամոթալի կմկմոցը, ջանալով նկարագրել խելահեղ ու բովանդակ մի սեր, մինչև թեթևացած սրտով գլխի ընկավ, որ հասնում էին Պարդո փողոցի առաջին կեռմանին և լռեց: Կեռմանի ետևում՝ երկրորդ և երրորդ ֆիկուսների միջև էր գտնվում Ֆլորայենց տունը: Նրանք կանգ առան, իրար նայեցին. Ֆլորան դեռ այրվում էր, հուզմունքից աչքերը ողողվել էին խոնավ փայլով: Հույսը կտրած՝ Միգելը մտքում ասաց, որ աղջիկն իրեն երբեք այդքան գեղեցիկ չէր թվացել. մազերն ագուցված էին կապույտ ժապավենով, և ինքը կարող էր տեսնել նրա բաց պարանոցը, ականջները՝ այդ երկու փոքրիկ ու անթերի հարցական նշանները:
– Լսիր, Միգել, հիմա չեմ կարող պատասխանել քեզ, – ասաց Ֆլորան, իսկ ձայնը փաղաքուշ էր, շատ մեղեդային, վստահ: – Բայց մայրս չի ուզում, որ ես տղաների հետ հանդիպեմ, մինչև դպրոցը չավարտեմ:
– Բոլոր մայրերն էլ նույն բանն են ասում, Ֆլորա, – համառեց Միգելը: – Նա ի՞նչ պետք է իմանա: Կհանդիպենք, երբ դու ասես, թեկուզ միայն կիրակի օրերը:
– Հետո կպատասխանեմ, նախ պետք է մտածեմ, – ասաց Ֆլորան՝ աչքերը ցած խոնարհելով: Իսկ մի քանի վայրկյան հետո ավելացրեց. – Ներիր, բայց հիմա պետք է գնամ, արդեն ուշ է:
Միգելն անհաղթահարելի թուլություն զգաց. ինչ-որ բան տարածվում էր ամբողջ մարմնով մեկ և ուժաթափ անում նրան:
– Բարկացած չես ինձ վրա, չէ՞, Ֆլորա, – համակերպված ասաց նա:
– Դու հո դմբո՞ չես, – աշխույժ առարկեց աղջիկը, – բարկացած չեմ:
– Կսպասեմ ինչքան ուզես: Բայց շարունակելու ենք հանդիպել, չէ՞: Այսօր ցերեկը կինո ենք գնալու, չէ՞:
– Այսօր չեմ կարող, – մեղմորեն ասաց աղջիկը: – Մարթան է իրենց տուն հրավիրել:
Մի բուռն, տաք հորձանք ներխուժեց տղայի հոգին, և նա վիրավորված զգաց իրեն, ապշահար եղավ այդ պատասխանից, որին սպասում էր, բայց որը հիմա դաժան էր թվում: Ուրեմն ճիշտ էր այն, ինչ Մելանեսն էր չարագուժորեն փսփսացել նրա ականջին շաբաթ օրը երեկոյան: Մարթան նրանց մենակ էր թողնելու, դա էր ընդունված տակտիկան: Հետո Ռուբենը թայֆայի գյադագյուդաներին պատմելու էր, թե ինչպես են ինքն ու քույրը ծրագրել հանգամանքները, տեղը և ժամը: Իր ծառայությունների դիմաց Մարթան պահանջած կլինի վարագույրի ետևից ծիկրակելու իրավունքը: Զայրույթը հանկարծակի ներծծվեց նրա ձեռքերի մեջ:
– Լա՜վ, էլի, Ֆլորա, գնանք ցերեկային սեանսին, ինչպես պայմանավորվել էինք: Այդ բանի մասին չեմ խոսի, խոստանում եմ:
– Իրոք չեմ կարող, – ասաց Ֆլորան, – պետք է Մարթայի մոտ գնամ: Երեկ հատուկ մեր տուն էր եկել հրավիրելու համար: Բայց հետո նրա հետ Սալասար զբոսայգին եմ գնալու:
Նույնիսկ այդ վերջին բառերում հույսի շող չնշմարեց: Քիչ անց նայում էր այն տեղին, որտեղով՝ պողոտայի ֆիկուսների վեհաշուք շրջանակի տակով, անհետացել էր եթերային, վտիտ մարմինը: Հնարավոր էր մրցել հասարակ մի հակառակորդի հետ, բայց ոչ Ռուբենի: Հիշեց այն աղջիկների անունները, որոնց Մարթան հրավիրել էր մի կիրակի երեկո: Հիմա արդեն ոչինչ չէր կարող անել, ջախջախված էր: Եվ կրկին հայտնվեց այն պատկերը, որը միշտ փրկում էր նրան, երբ ձախողում էր կրում. սև ծխով լցված ամպերի հեռու խորքերից պատկերը մոտենում էր նրան, Ռազմածովային ուսումնարանի կադետների խմբի գլուխ անցած՝ շարժվում դեպի զբոսայգում բարձրացրած տրիբունան: Հանդիսավոր հագնված, սրագագաթ գլխարկները ձեռքներին անձինք և շողշողուն զարդերով տիկնայք ծափահարում էին նրան: Արահետներին կուտակված բազմությունը, որոնց մեջ առանձնանում էին ընկերների և թշնամիների դեմքերը, հիացած զննում էր նրան՝ անունը շշնջալով: Կապույտ մահուդ էր հագած, լայն թիկնոցը փողփողում էր թիկունքին: Հորիզոնին նայելով Միգելը քայլում էր առաջ: Սուրը վեր էր պարզած, սրի ծայրն օդում կիսաշրջան էր գծում: Այնտեղ՝ տրիբունայի կենտրոնում, ժպտադեմ կանգնած էր Ֆլորան: Մի անկյունում հայտնաբերում էր Ռուբենին՝ ցնցոտիավոր, վախվորած. բավարարվում էր մի թռուցիկ, արհամարհական հայացք նետելով նրա կողմը: Շարունակում էր քայլել և անհետանում սուլոցների մեջ:
Պատկերն անհետացավ այնպես, ինչպես հայելու վրայից գոլորշին են շփելով մաքրում: Իրենց տան դռանն էր, ատում էր բոլորին, ատում՝ ինքն իրեն: Ներս մտավ և ուղիղ իր սենյակ բարձրացավ: Բերանքսիվայր նետվեց մահճակալին. գաղջ մթության մեջ նրա բիբերի և կոպերի արանքում հայտնվեց աղջկա դեմքը: «Ես քեզ սիրում եմ, Ֆլորա»,- բարձրաձայն ասաց նա, իսկ հետո հայտնվեց Ռուբենն իր հանդուգն կզակով ու թշնամական ժպիտով. նրանք կանգնած էին կողք կողքի, մոտենում էին իրար, Ռուբենի աչքերը շրջվում էին, որպեսզի հեգնանքով նայեն իրեն, իսկ բերանը շարժվում էր առաջ՝ դեպի Ֆլորան:
Նա վեր թռավ մահճակալից: Պահարանի հայելին ցույց տվեց նրան փոս ընկած աչքերով, գունատ մի դեմք: «Նա չի՛ տեսնելու նրան», -վճռեց նա, -» Չի՛ անելու այդ բանը, թույլ չե՛մ տա, որ այդ շանտղությունն անի»:
Պարդո պողոտան դեռ ամայի էր: Շարունակ քայլերն արագացնելով՝ նա հասավ մինչև Գրաու փողոցի խաչմերուկը, այդտեղ տատանվեց: Սառնություն զգաց. բաճկոնը մոռացել էր սենյակում, իսկ միայն վերնաշապիկը բավական չէր պաշտպանելու նրան քամուց, որ գալիս էր ծովից և մեղմ սվսվոցով խճճվում ֆիկուսների խիտ ճյուղերի մեջ: Ֆլորան և Ռուբենը միասին. այդ սարսափելի պատկերը համարձակություն տվեց նրան, և նա շարունակեց քայլել: Մոնտե Կառլո կինոթատրոնի հարևան բարի մուտքից տեսավ նրանց այն սեղանի շուրջ, որտեղ սովորաբար նստում էին՝ ձախակողմյան և խորքի պատերի կազմած անկյունի տերերին: Ֆրանցիսկոն, Մելանեսը, Տոբիասը, Էսկոլարը, հետո նաև Ռուբենը տեսան նրան. նրանց դեմքերը չարախինդ էին, բորբոքված: Անմիջապես վերագտավ հավասարակշռությունը. մարդկանց մեջ նա իրեն պահել գիտեր, իհարկե:
– Ողջույն, – ասաց՝ նրանց մոտենալով: – Ի՞նչ կա, չկա:
– Նստիր, – նրան աթոռ մոտեցրեց Էսկոլարը : – Էս ի՞նչ քամի է քեզ էստեղ բերել:
– Հարյուր տարի է, չէիր գալիս, – ասաց ֆրանցիսկոն:
– Մտքովս անցավ ձեզ տեսնել, – սիրալիր ասաց Միգելը: – Գիտեի, որ էստեղ եք. Ինչու՞ եք զարմանում. Թե՞ արդեն լավ տղերքից չեմ:
Նստեց Մելանեսի և Տոբիասի արանքում, Ռուբենը դիմացն էր նստած:
– Կունչո, – ձայն տվեց Էսկոլարը, – մի բաժակ էլ բեր, տե՛ս, հա՜, շատ կեղտոտ չլինի:
Մատուցողը բերեց բաժակը, Էսկոլարը գարեջուր լցրեց: Միգելն ասաց «Լավ տղերքի կենացն» ու խմեց:
– Քիչ է մնում բաժակն էլ խմես, – հեգնեց ֆրանցիսկոն: – Էս ի՜նչ ոգևորություն է:
– Գրազ եմ գալիս, որ գնացել ես ժամը մեկի պատարագին, – ասաց Մելանեսը՝ բավականությունից մի աչքը կկոցելով, ինչպես միշտ անում էր որևէ խառնակչություն սկսելիս,- թե՞ չէ:
– Գնացել եմ, – անվրդով պատասխանեց Միգելը, – բայց միայն մի աղջկա տեսնելու համար, էդքան բան:
Մարտահրավեր նետող հայացքով նայեց Ռուբենին, բայց վերջինս ակնարկը չհասկացողի տեղ դրեց իրեն. մատներն էր խաղացնում սեղանի վրա և լեզվի ծայրն ատամենրի արանքում սեղմած՝ սուլում Պերես Պրադոյի «Լա նինյա պոպոֆ» երգը:
– Ախ, ահա՜ թե ինչ, – ծափահարեց Մելանեսը: – Ահա՜ թե ինչ, դոնժուան: Դե պատմիր, տեսնենք, թե էդ ո՞ր աղջկան:
– Գաղտնիք է:
– Ախպեր-տղերքի միջև գաղտնիքներ չեն լինում, – հիշեցրեց Տոբիասը: – Արդեն մոռացե՞լ ես: Դե լավ, շու՛տ, ասա՛, ո՞վ էր:
– Քե՞զ ինչ, – ասաց Միգելը:
– Շատ բան: Պիտի իմանամ ով է ընկերդ, որ իմանամ ով ես դու:
– Ստացա՞ր, -ասաց Մելանեսը Միգելին, – Մեկ – զրո:
– Իսկ ես գուշակում եմ, թե ով է, – ասաց Ֆրանցիսկոն, – դուք՝ չէ՞:
– Ես արդեն գիտեմ, -ասաց Տոբիասը:
– Ես էլ, -մեջ ընկավ Մելանեսը, և շրջվելով դեպի Ռուբենը, անմեղ աչքերով ու անմեղ ձայնով շարունակեց, – իսկ դու՞, ախպերս, գուշակու՞մ ես, թե ով է:
– Չէ՛, – սառնությամբ պատասխանեց Ռուբենը, – ոչ էլ պետքս է:
– Ստամոքսս ձեն է տալիս, – ասաց Էսկոլարը, – Ոչ ոք գարեջուր չի՞ պատվիրելու:
Մելանեսը պաթետիկ ձևով մատը տարավ կոկորդի վրայով.
– I have not money, darling.
– Մի շիշը ես վճարում եմ, – հանդիսավոր ժեստով հայտարարեց Տոբիասը: – Տեսնենք ո՞վ է հետևելու ինձ: Պետք է խլացնել էս փսլնքոտի ստամոքսի ձայնը:
– Կունչո, կես դյուժին Կրիստալ բեր, – ձայն տվեց Միգելը: Ցնծության կանչեր և բացականչություններ լսվեցին:
– Իսկական ախպեր ես, է՜- հաստատեց Ֆրանցիսկոն:
– Կեղտոտ, ոջլոտ, -ավելացրեց Մելանեսը, – այո՛, պարոն, քեֆ-ուրախության ախպեր:
Կունչոն բերեց գարեջուրը: Խմեցին: Լսեցին Մելանեսի պատմած նատուրալիստական, արտասովոր և կրքոտ սեքսուալ պատմությունները: Տոբիասի ու Ֆրանցիսկոյի միջև բուռն վիճաբանություն ծագեց ֆուտբոլի շուրջ: Էսկոլարը մի զվարճալի պատմություն պատմեց: Ավտոբուսով Լիմայից Միրաֆլորես էր գալիս: Մյուս ուղևորներն իջան Արեքիպա փողոցում: Խավիեր Պրադո փողոցում ավտոբուս բարձրացավ Կաշալոտ Տոմասոն, այդ երկու մետրանոց ալբինոսը, որը դեռ տարրական դպրոցում է մնացել, ապրում է Քեբրադայի կողմերը, արդեն գլխի ընկա՞ք, թե ով: Ձևացնելով, թե խիստ հետաքրքրվում է մեքենայով՝ սկսեց հարցել տալ վարորդին՝ դեպի առջևի նստատեղը թեքված, այնինչ դանակով կամացուկ քերծում էր թիկնակի պաստառը:
– Էդպես էր անում, որովհետև ես էի էնտեղ, – հավատացնում էր Էսկոլարը, – Ուզում էր ցույց տալ իրեն:
– Համա, թե տհաս է, հա՜, -ասաց Ֆրանցիսկոն, – Էդպիսի բաներ տասը տարեկանում են անում: Նրա տարիքում դա սրամիտ չէ:
– Սրամիտն էն է, ինչ հետո պատահեց, – ծիծաղեց Էսկոլարը: -Լսեք, այ վարորդ, չե՞ք տեսնում, որ էս կաշալոտը պատառոտում է Ձեր մեքենան:
– Իիիի՞նչ, – գոչեց վարորդը՝ կտրուկ արգելակելով:
Ականջները կարմրատակած, աչքերն ահաբեկված՝ Տոմասոն ջարդում էր դուռը:
– Իր դանակով: Տեսեք, թե էս ինչ է արել նստատեղը:
Կաշալոտին ի վերջո հաջողվեց դուրս պրծնել: Սկսեց վազել Արեքիպա փողոցով, վարորդը «Բռնե՛ք էդ տականքին» գոռալով՝ ընկել էր նրա ետևից:
– Եվ բռնե՞ց, – հարցրեց Մելանեսը:
– Չգիտեմ: Ես թռա: Թռցրի շարժիչի բանալին՝ որպես հիշատակ: Ահա՛:
Նա գրպանից մի արծաթափայլ բանալի հանեց և սեղանին նետեց: Շշերը դատարկ էին: Ռուբենը նայեց ժամացույցին և ոտքի կանգնեց:
– Ես գնամ, – ասաց, – հետո կտեսնվենք:
– Մի՛ գնա, – ասաց Միգելը, – Էսօր հարուստ եմ: Բոլորիդ ճաշի եմ հրավիրում:
Ափերի թփթփոցների հեղեղ թափվեց նրա ուսերին: Ախպեր-տղերքն աղմուկ-աղաղակով շնորհակալություն հայտնեցին, գովեցին նրան:
– Չեմ կարող,- ասաց Ռուբենը, – անելիք ունեմ:
– Դե հենց հիմա գնա, մեր լավ տղա, – ասաց Տոբիասը: – Եվ իմ կողմից բարևիր Մարթային:
– Շատ ենք մտածելու քո մասին, ախպերս, – ասաց Մելանեսը:
– Չէ՛, – գոչեց Միգելը, – Հրավիրում եմ բոլորին, կամ ո՛չ մեկին: Եթե Ռուբենը գնում է, վերջ:
– Լսեցի՞ր, Ռուբեն ախպեր, -ասաց Ֆրանցիսկոն, – պիտի մնաս:
– Պիտի մնաս, – ասաց Մելանեսը, – ձև չկա:
– Ես գնում եմ, – պնդեց Ռուբենը:
– Դու պարզապես հարբած ես, – ասաց Միգելը, – և գնում ես, որովհետեև վախենում ես ծիծաղելի դրության մեջ ընկնել մեզ մոտ, դա է եղած-չեղածը:
– Քանի՞ անգամ եմ քեզ մահամերձ տուն տարել, – ասաց Ռուբենը, – Քանի՞ անգամ եմ օգնել բարձրանալ վանդակաճաղերը, որպեսզի հերդ չբռնացնի: Քեզնից տասն անգամ ավել եմ դիմանում:
– Դիմանում էի՛ր: Հիմա զոռ է: Ուզու՞մ ես տեսնենք:
– Մեծ հաճույքով: Իրիկունը ուշ էլի էստեղ գա՞նք:
– Չէ՛, հե՛նց հիմա, – Միգելը դարձավ դեպի մյուսները և ձեռքերը տարածելով հայտարարեց. – Տղե՛րք, ես մենամարտի եմ հրավիրում:
Նա գոհունակությամբ համոզվեց, որ հին ժամանակների ձևակերպումն անխախտելիորեն պահպանում էր իր զորությունը: Իր առաջացրած աղմկոտ ուրախության մեջ տեսավ, որ Ռուբենը գունատված նստում է տեղը:
Բիֆշտեքս և մի դյուժին գարեջուր պատվիրեցին: Տոբիասը երեքական շիշ դրեց մրցակիցներից յուրաքանչյուրի համար, մնացածը՝ մյուսների: Ուտելիս գրեթե չէին խոսում: Միգելը խմում էր ամեն պատառի հետ և ջանում աշխույժ երևալ, սակայն ինչքան գարեջրի թողած դառը համն ավելանում էր կոկորդում, այնքան մեծանում էր վախը, որ կարող է բավարար չափով չդիմանալ: Կունչոն նոր էր հավաքել ափսեները, երբ վեց շիշը դատարկեցին:
– Դու՛ կարգադրիր,- ասաց Միգելը Ռուբենին:
– Էլի՛ երեք շիշ ամեն մեկիս:
Նոր բաժնի առաջին գավաթից հետո Միգելն զգաց, որ ականջներ դզզում են, գլուխն ասես դանդաղ պտտվող հոլ լիներ, շուրջն ամեն ինչ երերում էր:
– Տակս թրջում եմ արդեն, -ասաց նա, – զուգարան գնամ:
Ախպեր-տղերքը ծիծաղեցին:
– Հանձնվու՞մ ես, – հարցրեց Ռուբենը:
– Ասում եմ՝ գնում եմ շռեմ, – բղավեց Միգելը, – Եթե ուզում ես, թող էլի՛ բերեն:
Զուգարանում նա փսխեց, այնուհետև հանգամանորեն լվաց դեմքը՝ աշխատելով ջնջել բոլոր մատնող նշանները: Թևի ժամացույցը ցույց էր տալիս չորսն անց կես: Թեև ինքնազգացողությունն անտանելի էր, բայց նա երջանիկ զգաց իրեն: Ռուբենն արդեն ոչինչ չէր կարող անել: Վերադարձավ տղաների մոտ:
– Կենացդ, – ասաց Ռուբենը՝ բաժակը բարձրացնելով:
«Կատաղած է», -մտածեց Միգելը: – «Բայց դե արդեն հոգին հանել եմ»:
– Դիակի հոտ է փչում, – ասաց Մելանեսը, – մեզնից մեկը մեռնում է էստեղ:
– Ես թա՜րմ-թարմ եմ, – վստահեցրեց Միգելը՝ աշխատելով զսպել սրտխառնոցն ու գլխապտույտը:
– Կենացդ, -կրկնում էր Ռուբենը:
Երբ վերջին բաժակը դատարկեցին, Միգելին թվաց, թե ստամոքսը կապարից է, մյուսների ձայները խառնաշփոթ աղմուկի նման էին հասնում ականջներին: Հանկարծ մի սպիտակ, երկար մատներով ձեռք հայտնվեց աչքերի տակ, բռնեց դունչը և հարկադրեց գլուխը բարձրացնել. Ռուբենի դեմքը մեծացել էր: Նա ծիծաղելի տեսք ուներ՝ գզգզված մազերով և այնքա՜ն կատաղած:
– Հանձնվու՞մ ես, փսլնքո՛տ:
Միգելը թափով վեր կացավ տեղից և հրեց Ռուբենին, բայց մինչև կռիվը հասունանար, Էսկոլարը մեջ ընկավ:
– Լավ տղերքը երբեք իրար հետ չեն կռվում, -ասաց նա՝ ստիպելով նրանց նստել: – Երկուսդ էլ հարբած եք: Վե՛րջ: Քվեարկությու՛ն:
Մելանեսը, Ֆրանցիսկոն և Տոբիասը դժկամորեն համաձայնեցին ոչ ոքի հայտարարել:
– Բայց ես արդեն հաղթել էի, -ասաց Ռուբենը, – Սա իսկի խոսել չի կարողանում: Մի սրան նայեք:
Եվ իրոք, Միգելի աչքերն ասես ապակուց լինեին, բերանը բաց էր մնացել, և փսլնքի մի շիթ էր ծորում լեզվից:
– Դե լավ, սուս մնա, -ասաց Էսկոլարը, – գարեջուր խմելու մեջ դու էնքան էլ չեմպիոն չես, ինչքան ասում ենք:
– Գարեջուր խմելու մեջ դու չեմպիոն չես, – ընդգծեց Մելանեսը, – դու միայն լողի չեմպիոն ես, լողավազանի ասը:
– Դու լավ կանես չխոսես, -ասաց Ռուբենը, – Ի՞նչ է, չես տեսնում, որ նախանձն է կրծում սիրտդ:
– Կեցցե՛ Միրաֆլորեսցի Էսթեր Ուիլյամսը, – բացականչեց Մելանեսը:
– Սարսափելի պառավ է և լողալ էլ չգիտի, -պատասխանեց Ռուբենը, – Չե՞ս ուզում քեզ մի քանի դաս տամ:
– Գիտենք, գիտե՜նք, հրաշքս, -ասաց Էսկոլարը, – Հաղթել ես լողի մրցույթում, և բոլոր աղջիկները մեռնում են քեզ համար: Չեմպիոնիկ ես, էլի:
– Նա ոչ մի բանի չեմպիոն էլ չի, – դժվարությամբ արտաբերեց Միգելը, – Միայն ձև է անում:
– Սատկելու վրա ես արդեն, -ասաց Ռուբենը, – Քեզ տուն տանե՞մ, պուպուշիկս:
– Ես հարբած չեմ, – պնդեց Միգելը, – իսկ դու զուտ ձևեր թափող ես:
– Դու էդպես փշոտվել ես, որովհետև ես փորձում եմ Ֆլորային կապել: Մեռնում ես խանդից: Գիտես, թե գլխի չե՞մ ընկնում, թե բանն ինչ է:
– Մաքուր ձև, – կրկնեց Միգելը: – Մրցանակը շահել ես, որովհետև հերդ Ֆեդերացիայի նախագահն է, բոլորն էլ գիտեն, որ խարդախություն է արել, որակազրկել է Կոնեխո Վիլյարանին, և միայն դրա շնորհիվ ես հաղթել:
– Բայց գոնե քեզնից որ լավ եմ լողում, դու իսկի ալիքները չես կարողանում անցնել:
– Դու ոչ մեկից էլ լավ չես լողում: Ով ասես քեզ հետ է թողնում:
– Ով ասես, -ասաց Մելանեսը, -Նույնիսկ Միգելը, որովհետև պապա է, է՜:
– Թույլ տվեք ծիծաղեմ, – հեգնեց Ռուբենը:
– Թույլ ենք տալիս, – ասաց Տոբիասը, – Բա ո՜նց չէ:
– Վրա եք տվել, որովհետև հիմա ձմեռ է, թե չէ մարտահրավեր էի նետելու գնալ ծովափ, տեսնեինք, թե ջրի մեջ է՞լ եք էդքան ռիսկով:
– Մրցույթը հաղթել ես հորդ շնորհիվ, -ասաց Միգելը, – Դու զուտ ձև ես, որ կաս: Երբ ուզենաս հետս լողալ, միայն տեղյակ պահիր, ամենայն անկեղծությամբ: Պլայա լողափում, Տեռասայում, որտեղ ուզես:
-Պլայայում: Հե՛նց հիմա:
– Մաքուր ձև ես, որ կաս, – կրկնեց Միգելը:
Ռուբենի դեմքը հանկարծ պայծառացավ, և աչքերը, քինախնդիր լինելուց զատ, նաև ամբարտավան դարձան:
– Գրազ գանք, տեսնենք, թե ով առաջինը ալեհատին կհասնի:
– Մաքուր ձև՛:
– Եթե գրազը շահես, -ասաց Ռուբենը, – խոստանում եմ է՛լ չփորձել Ֆլորային կապել: Իսկ եթե ես հաղթեմ, ինքդ սուսուփուս մի կողմ կքաշվես:
– Էդ ինչի՞ տեղ ես դրել քեզ, – քրթմնջաց Միգելը: – Գրողը տանի, էդ ինչի՞ տեղ ես դրել քեզ, հը՞:
– Տղերք, – թևերը բացելով ասաց Ռուբենը, – ես մենամարտի եմ հրավիրում:
– Միգելը հիմա լավ մարզավիճակում չէ, – ասաց Էսկոլարը, – Իսկ ինչու՞ Ֆլորայի համար գիր ու ղուշ չգցեք, հը՞:
– Դու՞ ինչ ես մեջ ընկնում, – սաստեց Միգելը: – Ես համաձայն եմ: Գնացինք լողափ:
– Խե՞նթ եք, ինչ է, – ասաց Ֆրանցիսկոն: – Էս ցրտին ես լողափ իջնողը չեմ: Ուրիշ բանի վրա գրազ եկեք:
– Նա արդեն ընդունել է, -ասաց Ռուբենը, – գնացի՛նք:
– Երբ լավ տղերքից մեկը մարտահրավեր է նետում, մյուսները լեզուները գրպանն են խոթում, -ասաց Մելանեսը: – Գնացի՛նք լողափ: Եթե չհամարձակվեն ջուրը մտնել, ինքներս նրանց կգցենք:
– Ախր երկուսն էլ հարբած են, – համառեց Էսկոլարը: – Չարժե մենամարտել:
– Ձենդ, Էսկոլար, – մռնչաց Միգելը, – ես արդեն մեծ եմ, կարիք չունեմ, որ իմ մասին հոգաս:
– Ոնց կուզես, – ուսերը թոթվեց Էսկոլարը: – Դե համը հանիր էդպես:
Տղաները դուրս եկան: Դրսում նրանց սպասում էր հանդարտ և գորշ օդը: Միգելը խորը շունչ քաշեց, ավելի լավ զգաց իրեն: Առջևից քայլում էին Ֆրանցիսկոն, Մելանեսն ու Ռուբենը, ետևից՝ Միգելն ու Էսկոլարը: Գրաու փողոցում անցորդներ կային, մեծամասամբ իրենց հանգստյան օրը ճչացող զգեստներ հագած սպասուհիներ: Մոխրագույն, հարթ ու հաստ մազերով տղամարդիկ էին թրև գալիս նրանց շուրջը և նայում տենչանքով, իսկ նրանք ծիծաղում էին՝ ոսկե ատամները ցուցադրելով: Տղաներն ուշադրության չարժանացրին նրանց: Մեծ-մեծ ցատկերով առաջ էին գնում, և գրգռվածությունն աստիճանաբար տիրում էր նրանց:
– Անցա՞վ արդեն, -հարցրեց Էսկոլարը:
– Հա, – պատասխանեց Միգելը: – Մաքուր օդը լավ ազդեց:
Պրադո պողոտայի անկյունում թեքվեցին: Քայլում էին բացված, էսկադրոնի նման՝ մի գծով, ծառուղու ֆիկուսների տակով, որտեղ սալարկը տեղ-տեղ ուռած էր ծառերի հսկայական արմատների պատճառով, որոնք ճիրանների նման դուրս էին գալիս գետնի մակերես: Դիագոնալ պողոտայով իջնելիս դեմ-հանդիման դուրս եկան երկու աղջիկներ: Ռուբենը ցուցադրաբար խոնարհվեց:
– Ողջու՜յն, Ռուբե՛ն, – դուետով երգեցին նրանք:
Ձայնին մեղեդայնություն հաղորդելով՝ Տոբիասը կապկեց նրանց.
– Ողջու՜յն, Ռուբե՜ն արքայազն:
Դիագոնալ պողոտան դուրս է գալիս մի նեղ նրբանցք, որը ճյուղավորվում է. մի կողմում օձագալար ձգվում է ասֆալտապատ և հարթ Մալեկոն փողոցը, մյուս կողմում մի թեքություն կա, որը շրջանցում է բլուրը և իջնում մինչև ծովը: Ջրաբուժարանի զառիթափ է կոչվում այդ թեքությունը. սալահատակը հարթ է և փայլում է երկար տարիների ընթացքում ամեն ամառ այնտեղով անցնող ավտոմեքենաների անվադողերից ու հանգստացողների քայլերից:
– Եկեք տաքանանք, – գոչեց Մելանեսը և սկսեց վազել: Մյուսները հետևեցին նրա օրինակին:
Ալեկոծ փոթորկին մատնված՝ վազում էին ծովափից բարձրացող քամուն և նոսր մշուշին հանդիման: Նրանց ականջներով, բերանով, քթով օդը թափանցում էր թոքերը, և թեքությունը շեշտակի դառնալու հետ մեկտեղ թեթևության և ալկոհոլային ապաթունավորման զգացում էր տարածվում մարմիններում: Մի պահ նրանց ոտքերն արդեն իրենց չէին ենթարկվում, այլ երկրի խորխորատներից եկող առեղծվածային մի ուժի: Թևերը պրոպելլերի նման տարուբերելով, լեզուներին աղի խոնավություն՝ տղաները հևիհև իջան զառիվայրը մինչև հանդերձախցիկների կառույցի վրա կախված բոլորաձև հենահարթակը: Ափից մոտ հիսուն մետր հեռավորության վրա փռված էր ծովը թանձր ամպի մեջ, որը թվում էր, թե ուր որ է կհարձակվի զառիթափ ափի և ամբողջ ծովախորշի երկայնքով ցցված հսկայական մռայլ ժայռաբեկորների վրա:
– Եկեք ետ դառնանք, – ասաց Ֆրանցիսկոն, – Ես մրսում եմ:
Հարթակի եզրին տեղ-տեղ մամռակալած մի ցանկապատ կա, որի բացվածքներից մեկից երևում է համարյա ուղղահայաց սանդուղքի սկիզբը, որն իջնում է լողափ: Տղաներն այտեղից դիտում էին իրենց ոտքերի տակ փռված ջրից ազատ նեղ շերտը և արտասովոր գոլորշապատ մակերեսը, որտեղ մառախուղը խառնվում էր ալիքների փրփուրին:
– Եթե նա հանձնվի, ես կգնամ, -ասաց Ռուբենը:
– Էդ ո՞վ է հանձնվելուց խոսում, – վրա պրծավ Միգելը: – Բայց էդ ինչի՞ տեղ ես քեզ դրել, հը՞:
Ռուբենը երեք-երեք իջավ աստիճանները՝ միաժամանակ վերնաշապիկի կոճակներն արձակելով:
– Ռուբե՜ն, – ձայն տվեց Էսկոլարը, – Խե՞նթ ես, ինչ է: Ե՛տ դարձիր:
Սակայն և՛ Միգելը, և՛ մյուսները իջնում էին, և Էսկոլարը հետևեց նրանց:
Բլրին կպած երկար ու նեղ մի շենք կա, որտեղ հանգստացողների սենյակներն են գտնվում, այդ կառույցի բազրիքից մինչև ծովի կորագիծ սահմանը կապարագույն քարերով մի թեք լանջ կար ամռանը, որտեղ մարդիկ պառկում էին արևին: Փոքրիկ լողափը եռուզեռի մեջ էր լինում առավոտից մինչ մայրամուտ: Այժմ ջուրը գրավել էր լանջը, և չկային ո՛չ խայտաբղետ հովանոցներ, ո՛չ թխացած, ճկուն մարմիններով աղջիկներ, չէին լսվում երեխաների և կանանց սրտահույզ ճիչերը, երբ որևէ ալիքի հաջողվում էր ջուր ցայտեցնել նրանց վրա մինչև ետ քաշվելը՝ բյուրավոր քարեր ու մանրիկ գլաքարեր քարշ տալով իր հետ: Չէր երևում լաղափի և ո՛չ մի թելիկ, որովհետև հոսանքը հեղեղել էր անգամ շենքը օդում պահող մուգ գույնի սյուներով առանձնացված տարածքը, և ալիքները ետ քաշվելու ժամանակ հազիվ էին բացվում փայտե աստիճաններն ու ստալակտիտներով ու ջրիմուռներով զարդարված բետոնե հենասյուները:
-Ալեհատը չի երևում, -ասաց Ռուբենը, -ի՞նչ անենք:
Կանգնել էին ձախակողմյան միջանցքում՝ կանանց համար նախատեսված բաժնում, դեմքները լուրջ էին:
– Սպասեք մինչև վաղը, -ասաց Էսկոլարը, – Կեսօրին եղանակը կպարզվի, էդպես կկարողանանք հետևել ձեզ:
– Դե որ եկել հասել ենք էստեղ, թող էսօր լինի, -ասաց Մելանեսը, – Իրենք էլ կարող են իրենց հետևել:
– Կարծում եմ, որ լավ է էդպես , – ասաց Ռուբենը, – Իսկ դու՞ :
– Ես էլ:
Երբ հանվեցին, Տոբիասը կատակեց Միգելի տափակ փորն ակոսող կապույտ երակների առիթով: Իջան ներքև: Փայտե աստիճանները, որոնք ամիսներ շարունակ անդադար լիզում էր ջուրը, փափուկ էին և լպրծուն: Մետաղյա ճաղաշարին կառչած, որպեսզի չընկնի, Միգելը ներբաններից մինչև ուղեղը բարձրացող սարսուռ զգաց: Մտածեց, որ որոշ չափով մառախուղն ու ցուրտն էին նպաստում դրան, որ հաջողությունն այլևս կախված չէր ճարպկությունից, այլ հատկապես դիմացկունությունից, որ Ռուբենի մաշկը նույնպես կապտած է և նման է հազար տակ մանր ծալծլած պարուսինի: Մի աստիճան ցած Ռուբենի համաչափ մարմինն առաջ թեքվեց. լարված սպասում էր ալիքի ետ քաշվելուն և հաջորդ ալիքի հասնելուն, որը գալիս էր անաղմուկ, հաղթական, առջևից մի փրփրակույտ քշելով: Երբ ալիքի կատարը սադուղքից երկու մետրի վրա էր, Ռուբենը ջուրը նետվեց. թևերը տեգերի նման, հրման ուժից մազերը ցիրուցան՝ նրա մարմինն ուղիղ ճեղքեց օդը և առանց երկտակվելու, առանց գլուխն իջեցնելու, առանց ոտքերը ծալելու՝ ցատկեց փրփուրի մեջ, հազիվ սուզվեց և անմիջապես մակընթացից օգտվելով՝ դեպի ներս սահեց: Նրա թևերը հայտնվում և սուզվում էին կատաղի արագությամբ առաջացող պղպջակների մեջ, իսկ ոտքերն առաջ էին գնում՝ փութաջան և սրընթաց հետք գծելով: Իր հերթին Միգելն իջավ մյուս աստիճանին և սպասեց հաջորդ ալիքին: Գիտեր, որ հատակն այնտեղ ծանծաղ էր, որ տախտակի նման պետք է նետվեր՝ ծանր ու քարացած, առանց մկան իսկ շարժելու, այլապես բախվելու էր քարերին: Փակեց աչքերը և ցատկեց, հատակը չգտավ, բայց մարմինը փորից մինչև ծնկները զարնվեց ջրին, և սաստիկ մղկտոց սկսվեց, մինչ ամբողջ ուժով լողում էր մարմնի անդամներին վերադարձնելու համար ջերմությունը, որ ջուրը խլել էր հանկարծակիորեն: Միրաֆլորեսի ծովի այն տարօրինակ ափամերձ հատվածում էր նա, ուր հանդիպում են տեղատվությունն ու ալիքները, և ջրապտույտներ ու հանդիպակաց հոսանքներ կան, իսկ վերջին ամառն այնքան տարբեր էր եղել, որ Միգելը մոռացել էր, թե ինչպես պետք է առանց ջանքերի հաղթահարի այդ հատվածը: Նա չէր հիշում, որ հարկավոր է թուլացնել և ազատ թողնել մարմինը, թույլ տալ, որ հոսանքը քշի իրեն հնազանդորեն, թևալող տալ միայն այն դեպքում, երբ որևէ ալիք է հաղթահարում և երբ ալիքի կատարին է գտնվում, այդ հեղուկ ելարանի, որ ուղեկցում է փրփուրին և լողում հոսանքների վերին մասերում: Չէր հիշում, որ լավ է համբերատար և որոշ աչալրջությամբ դիմանալ ափերից դուրս ելած ծովի հետ այդ առաջին շփմանը, որը կտոր-կտոր է անում անդամները և քամու հետ ջրի շիթեր լցնում բերանն ու ականջները, դիմադրություն ցույց չտալ, խցանի նման լինել, բավարարվել միայն օդ շնչելով այն ժամանակ, երբ որևէ ալիք է մոտենում, թեթևակի ընկղմվել ջրի մեջ, երբ այն փշրվել է հեռվում և գալիս է առանց գրոհելու, կամ սուզվել մինչև հատակը, եթե ալիքի բախումը մոտ է, ամուր կառչել որևէ քարի և ուշադիր սպասել նրա անցնելու խուլ շառաչին, որպեսզի հետո կտրուկ հրումով դուրս լողալ և շարունակել առաջ շարժվել, լող տալ քողարկված, ձեռքերով, մինչև նոր խոչընդոտի հանդիպելը և այդ ժամանակ թուլացնել մարմինը, չպայքարել ջրապտույտի դեմ, կամովին պտտվել դանդաղ պտույտներով և հարմար պահին հանկարծակի, ձեռքի մի հարվածով դուրս պրծնել: Այնուհետև անսպասելի հայտնվում է հանդարտ, անվտանգ գալարներով ցնցվող մի մակերես, ջուրը՝ պարզ, հարթ, իսկ որոշ տեղերում նշմարվում են ընդհատակյա փայլատ քարերը:
Կտրելով այդ հատվածն, ուր ալիքներ են լեռնանում, Միգելն ուժասպառ կանգ առավ և շունչ քաշեց: Քիչ հեռու տեսավ Ռուբենին, նա իրեն էր նայում: Մազափունջն ընկած էր ճակատին, ատամները սեղմված էին:
– Գնա՞նք:
– Գնա՛նք:
Մի քանի րոպե լողալուց հետո Միգելն զգաց, որ վարկենապես անհետացած ցուրտը կրկին խուժում է մարմինը, և արագացրեց թափահարումները, որովհետև ոտքերի, հատկապես սրնքամկանների վրա էր ջուրը շատ ազդում, նախ՝ անզգայացնելով, ապա ծանրացնելով ոտքերը: Նա լողում էր դեմքը ջրի մեջ ընկղմած, և ամեն անգամ, երբ աջ թևը դուրս էր հանում, թեքում էր գլուխը, որպեսզի պահած օդը դուրս փչեր և նոր պաշար հավաքեր: Դրա համար էլ մեկ անգամ ևս թեթևակիորեն սուզեց ճակատն ու կզակը, որպեսզի սեփական առաջխաղացման թափը չարգելակեր, այլ ընդհակառակը՝ նավաքթի պես ճեղքեր ջուրը և հեշտացներ շփումը: Թևի ամեն հարվածի հետ աչքի պոչով տեսնում էր Ռուբենին՝ ջրի երեսին հանգիստ, առանց ճիգերի, այժմ արդեն առանց փրփուր բարձրացնելու, ճայի վայելչագեղությամբ և թեթևությամբ լողալիս: Միգելն աշխատում էր մոռանալ թե՛ Ռուբենի, թե՛ ծովի, թե՛ ալեհատի մասին (որը պետք է որ հեռու լիներ դեռևս, որովհետև ջուրը մաքուր էր, հանդարտ, և իրենք միայն նոր-նոր սկսվող ալեբախումներն էին անցնում), ուզում էր միմիայն Ֆլորայի դեմքը հիշել, նրա թևերի աղվամազիկները, որոնք արևոտ օրերին պսպղում էին ոսկե թելերի նոսր անտառի նման, սակայն չէր կարողանում խուսափել այն բանից, որ աղջկա պատկերն ուրիշ չստացվեր՝ մշուշոտ, ոչնչացնող, շառաչուն, որն ընկնում էր Ֆլորայի վրա և ծածկում նրան. կատաղի ալիքների լեռան պատկերը, բայց ոչ թե հենց ալեհատի մոտինը (որին հասել էր մի անգամ երկու տարի առաջ, երբ ալեբախությունն ուժեղ էր, կանաչասևավուն փրփուրով, որովհետև մոտավորապես այդտեղ էին վերջանում քարերը և սկսվում էր մածուցիկ ցեխը, որն ալիքները ջրի երես էին հանում, խառնում ջրիմուռներին՝ ներկելով ծովը), այլ ավելի շուտ ներքին աղետաբեր ցնցումներից ալեկոծված իսկական օվկիանոսի պատկերը, որտեղ այնպիսի վիթխարի ալիքներ էին ծառս լինում, որ կարող էին մի ամբողջ նավ առնել իրենց մեջ և ապշեցուցիչ արագությամբ շուռ տալ այն՝ օդ նետելով ուղևորներին, մակույկներ, առագաստներ, փրկարար օղակներ, լուսանցույցներ և դրոշներ:
Նա դադարեց լողալ, մարմինն ընկղմվեց ջրի մեջ մինչև ուղղահայաց դիրք ստանալը, գլուխը վեր հանեց և տեսավ Ռուբենին, որը հեռանում էր: Մտածեց ձայն տալ նրան որևէ պատրվակով, օրինակ՝ ասել. «մի փոքր չհանգստանա՞նք», բայց ձայն չտվեց: Թվում էր, թե մարմնի ամբողջ պաղությունը կենտրոնացել է սրունքներում, զգում էր, որ մկանները կծկված են, մաշկը՝ պրկված, սրտի զարկերն՝ արագացած: Նա տենդորեն շարժեց ոտքերը: Մառախուղով պատնեշված մուգ գույնի ջրապտույտի կենտրոնում էր գտնվում: Աշխատեց տարբերակել լողափը կամ գոնե զառիթափ լանջերի ստվերը, սակայն այդ մոլորեցնող գոլորշին, որը կամաց-կամաց տարրալուծվում էր ճանապարհին, թափանցիկ չէր: Միայն մի կարճ կանաչասևավուն մակերես էր տեսնում և ամպե մի շղարշ ջրի երեսին: Այդ պահին նա երկյուղ զգաց: Հանկարծ հիշեց, թե ինչքան գարեջուր էր խմել և մտածեց. «Հաստատ դա է ինձ թուլացրել»: Մի պահ նրան թվաց, թե ձեռքերն ու ոտքերն անհետանում են: Որոշեց ետ դառնալ, բայց լողափի ուղղությամբ արած թևերի մի քանի շարժումից հետո կիսով չափ շրջվեց և լողաց որքան կարող էր թեթև: «Մենակ ափ չեմ գնա», – ասում էր ինքն իրեն, – «ավելի լավ է Ռուբենին մոտիկ լինեմ. եթե ուժասպառ լինեմ, կասեմ՝ հաղթեցիր, բայց արի ետ դառնանք»: Այժմ լողում էր առանց որևէ լողաոճի՝ գլուխը բարձր, պրկված թևերով ջրին հարվածելով, հայացքը գամած առջևից լողացող անխռով մարմնին:
Հուզմունքը և ճիգերը վերացրին ոտքերի ընդարմածությունը, մարմինը փոքր-ինչ ջերմություն վերստացավ, Ռուբենից բաժանող հեռավորությունը նվազել էր, և դա նրան հանգստացրեց: Քիչ անց արդեն հասնում էր նրան. թևն առաջ պարզեց և բռնեց նրա ոտքերից մեկը: Ռուբենն ակնթարթորեն կանգ առավ: Նրա աչքերը խիստ կարմրած էին, իսկ բերանը՝ բաց:
– Ինձ թվում է շեղվել ենք, -ասաց Միգելը: – Կարծում եմ լողում ենք ափի երկայնքով:
Ատամները կափկափում էին, սակայն ձայնը վստահ էր: Ռուբենը նայեց չորս կողմը: Միգելը լարված հետևում էր նրան:
– Լողափն արդեն չի երևում, – ասաց Ռուբենը:
– Երկար ժամանակ է, ինչ չի երևում: Մառախուղը թանձր է:
– Չենք շեղվել: Տես, արդեն երևում է փրփուրը:
Իսկապես նրանց էին հասնում փրփուրե երիզով զարդարված մի քանի ալիքներ, փրփուրը տարրալուծվում էր և հանկարծակի վերանում: Նրանք լուռ իրար նայեցին:
– Ուրեմն արդեն մոտ ենք ալեհատին, – վերջապես արտասանեց Միգելը:
– Հա, արագ ենք լողացել:
– Երբեք էսքան մառախուղ չէի տեսել:
– Շա՞տ ես հոգնել, – հարցրեց Ռուբենը:
– Ե՞ս: Գժվե՞լ ես: Շարունակե՛նք:
Անմիջապես զղջաց այդ նախադասության համար, բայց արդեն ուշ էր՝ Ռուբենն արդեն ասել էր. «լա՛վ, շարունակենք»:
Մինչև քսան թևի հարված էր հաշվել, երբ ինքն իրեն ասաց, որ այլևս չէր կարող. գրեթե առաջ չէր գնում, աջ ոտքը կիսաանշարժ էր ցրտի պատճառով, թևերը թմրած ու ծանրացած էին: Շունչը կտրվելով ձայն տվեց՝ Ռուբե՜ն: Իսկ նա շարունակում էր լողալ: «Ռուբե՜ն, Ռուբե՜ն»: Շրջվեց և սկսեց լողալ դեպի լողափը, ավելի ճիշտ՝ չփչփացնել հուսահատությունից և հանկարծ սկսեց աղոթել Աստծուն, որ փրկեր իրեն, որ հետագայում լավը կլիներ, որ կլսեր ծնողներին, որ չէր բացակայի կիրակնօրյա պատարագից և այդ պահին հիշեց, որ տղաներին խոստովանել էր, որ եկեղեցի է գնում միայն մի աղջկա տեսնելու համար, և դաշույնի հարվածի պես մի համոզվածություն ունեցավ. Աստված պատժելու է իրեն՝ խեղդելով այս պղտոր ջրերում, որոնց հիմա մոլեգնաբար հարվածում է ինքը, այս ջրերում, որոնց տակ իրեն դաժան մահ է սպասվում, գուցե և դժոխքը: Այդ պահին նրա վհատության մեջ արձագանքի պես մի նախադասություն հնչեց, որն ինչ-որ մի անգամ կրոնի դասին արտասանել էր հայր Ալբերտոն, այն մասին, որ աստվածային բարությունն անսահման է, և մինչ թևերով մտրակում էր ծովը (ոտքերը կապարե ծանրոցների նման շեղակի կախ էին ընկնում), շուրթերը շարժելով աղերսեց Աստծուն, որ բարի լիներ իր նմատմամբ, որ ինքն այնքա՜ն երիտասարդ է և երդվեց, որ սեմինարիա կգնա, եթե փրկվի, բայց մի վայրկյան անց սարսափած ուղղեց ասածը և խոստացավ, որ վանական դառնալու փոխարեն զոհաբերություններ և ուրիշ բաներ կանի, ողորմություն կտա և այդտեղ հասկացավ, որ այդ ճգնաժամային պահին երկմտանքը և սակարկությունը կարող են ճակատագրական լինել, և այդ պահին շատ մոտիկից լսեց Ռուբենի գլխապատառ աղաղակները: Գլուխը շրջեց և մի տասը մետր հեռավորության վրա տեսավ նրան. կիսով չափ դեմքը ջրի մեջ սուզած, մի ձեռքը թափահարելով՝ նա աղաչում էր. «Միգե՜լ, ախպե՜րս, արի՛, խեղդվում եմ, մի՛ հեռացիր»:
Մնաց շփոթված, անշարժ, և հանկարծ կարծես Ռուբենի հուսահատությունը կայծակնահար արեց իր հուսահատությունը, զգաց, որ վերագտնում է քաջությունը, ոտքերի փայտացումը թուլանում է:
– Ստամոքսիս մեջ ջղակծկում է առաջացել, – ծղրտում էր Ռուբենը: – Էլ չե՛մ կարող, Միգել. Փրկի՛ր ինձ, Աստծու սիրուն, մի՛ թող ինձ, ախպե՛րս:
Միգելը լողում էր դեպի Ռուբենը և արդեն մոտենում էր նրան, երբ մտաբերեց, որ ջրախեղդ լինողներն այլ բան չեն անում, քան աքցանի պես կառչել իրենց փրկարարներից և նրանց էլ իրենց հետ խորտակել, և հեռացավ նրանից, սակայն աղաղակներն ահաբեկում էին նրան, և նա կանխազգացում ունեցավ, որ եթե Ռուբենը խեղդվեր, ինքը նույնպես ափ չէր հասնի և ետ դարձավ: Ռուբենից երկու մետր հեռու սպիտակ ու կծկված մի բան, որը սուզվում էր և դուրս լողում ջրի երես, բղավեց. «Չշարժվե՛ս, Ռուբեն, գալիս եմ քեզ քաշեմ, բայց աշխատիր չկառչել ինձնից: Եթե կառչես, մենք կխեղդվենք, Ռուբեն: Հանգիստ պիտի մնաս, ախպերս, ես քեզ գլխից կքաշեմ, դու ինձ չդիպչես»:
Նա կանգ առավ խելամիտ հեռավորության վրա, ձեռքը մեկնեց մինչև Ռուբենի մազերին հասնելը: Ազատ ձեռքով սկսեց լողալ՝ հնարավորին բոլոր ջանքերը գործադրելով՝ ոտքերով օգնելու ինքն իրեն: Սահքը դանդաղ էր, դժվարին, զսպում էր բոլոր զգացմունքները, հազիվ էր լսում Ռուբենի միալար գանգատները, հանկարծակի արձակած սարսափելի վայնասունը՝ «Մեռնում եմ, փրկի՛ր ինձ, Միգե՛լ» և որձկումներից առաջացած ցնցումները: Ուժասպառ էր, երբ կանգ առավ: Մի ձեռքով պահում էր Ռուբենին, մյուսով ջրի երեսին օղակներ էր գծում: Խորը շունչ քաշեց բերանով: Ռուբենի դեմքը կծկվել էր ցավից, շուրթերը՝ ծռմռվել արտասովոր ձևով:
– Ախպերս, -շշնջաց Միգելը, – արդեն քիչ է մնում, մի ճիգ արա: Պատասխանի՛ր, Ռուբե՛ն: Գոռա՛: Էդպես մի՛ մնա:
Նա ուժգին ապտակեց Ռուբենին: Ռուբենը բացեց աչքերը, թույլ-թույլ շարժեց գլուխը:
– Գո՛ռա, ախպերս, -կրկնեց Միգելը, -աշխատիր ձգվել: Ես կշփեմ ստամոքսդ: Քիչ է մնացել: Մի՛ հանձնվիր:
Նրա ձեռքը ջրի տակ փնտրեց և Ռուբենի պորտից սկիզբ առնող և որովայնի մեծ մասով տարածվող մի պինդ գունդ գտավ: Սկզբում դանդաղ, հետո ուժեղ շփեց այն: Ռուբենը ճչաց. «Չեմ ուզում մեռնել, Միգել, փրկի՛ր ինձ»:
Նա կրկին սկսեց լողալ՝ այս անգամ արդեն Ռուբենին ծնոտից բռնած քարշ տալով: Ամեն անգամ, երբ որևէ ալիք հանկարծակիի էր բերում նրանց, Ռուբենը շնչահեղձ էր լինում: Միգելը գոռգոռալով պարտադրում էր, որ նա թքեր: Նա շարունակեց լողալ՝ առանց վայրկյան իսկ կանգ առնելու, երբեմն աչքերը փակելով, ոգեշնչված, որովհետև սրտում մի տեսակ վստահություն, ջերմ ու վսեմ, խթանող մի բան էր ծիլ տվել, որը նրան պաշտպանում էր ցրտից ու հոգնածությունից: Մի քար քերծեց ոտքը, նա ճիչ արձակեց և ստուգեց: Քիչ հետո կարող էր կանգնել և Ռուբենին բազուկների մեջ առավ: Իրեն սեղմած, զգալով, որ նրա գլուխն իր ուսին է հենված՝ որոշ ժամանակ հանգստացավ: Այնուհետև Ռուբենին օգնեց պառկել մեջքի վրա և նախաբազկին պահած՝ ստիպեց նրան ծնկներն ուղղել, մերսեց փորն այնքան ժամանակ, մինչև պնդությունը հետզհետե սկսեց թուլանալ: Ռուբենն այլևս չէր ճչում, մեծ ջանքեր էր թափում, որպեսզի ամբողջովին ուղղվեր և երկու ձեռքով ինքը նույնպես շփում էր փորը:
– Հիմա ավելի՞ լավ ես:
– Հա, ախպերս, արդեն լավ եմ: Արի դուրս գանք:
Անասելի ուրախություն էր համակել նրանց, երբ առաջ էին գնում քարերի վրայով՝ առաջ թեքված, որպեսզի դիմադրեն ալիքների ետ քաշվելուն, անզգա ծակծկոցների նկատմամբ: Քիչ անց տեսան ժայռոտ ափերի եզրերը, բուժարանի շենքը, և վերջապես, ափի մոտ՝ կանանց բաժանմունքում կանգնած տղաներին, որոնք իրենց էին նայում:
– Լսիր, – ասաց Ռուբենը:
– Հը՞:
– Բան չասես նրանց: Խնդրում եմ, չասես, որ գոռգոռացել եմ: Մենք միշտ էլ լավ ընկերներ ենք եղել, Միգել: Էդ բանը չանես:
– Ի՞նչ է, կարծում ես տակա՞նք եմ: Ոչինչ էլ չեմ ասի, մի անհանգստացիր:
Նրանք դողդողալով դուրս եկան: Տղաների աղմուկ-աղաղակի մեջ նստեցին աստիճաններին:
– Արդեն գնում էինք ցավակցություն հայտնելու տնեցիներին, – ասում էր Տոբիասը:
– Մեկ ժամից ավել է ջրի մեջ եք, – ասաց Էսկոլարը: – Դե պատմեք, ի՞նչ եղավ:
Մարմինը վերնաշապիկով չորացնելով՝ Ռուբենը հանգիստ բացատրեց.
– Ոչ մի բան էլ չեղավ: Հասանք ալեհատին ու ետ եկանք: Էդպիսին ենք մենք՝ լավ տղերքս: Միգելն ինձ հաղթեց: Հազիվհազ մի թզաչափով: Պարզ է, եթե լողավազանում լիներ, ծիծաղելի դրության մեջ էր ընկնելու:
Միգելը, որն առանց չորանալու էր հագնվել, թիկունքին զգաց շնորհավորական թփթփոցների հեղեղ:
– Տղամարդ ես դառնում, -ասում էր Մելանեսը:
Միգելը չպատասխանեց: Նա ժպտալով մտածում էր, որ հենց այդ երեկո գնալու է Սալասար զբոսայգին, Մելանեսի բերանից արդեն ամբողջ Միրաֆլորեսն իմանալու է, որ ինքը հաղթահարել է այս հերոսական փորձությունը, և Ֆլորան շողշողուն աչքերով սպասելու է իրեն: Նրա առջև ոսկեշող ապագա էր բացվում:

Պատմվածքը արտատպված է  «Արդի իսպանալեզու պատմվածք» ժողովածուից, Երևան, 2011թ, «Գրական Էտալոն»

Իսպաներենից թարգմանեց Կարինե Չոբանյանը

իսպանալեզու պատմվածք

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *