Լիլ Հովհաննիսյան | 110 համարի լսարանը

Նա գալիս էր ներս, ու ինչ-որ ժպիտ ոտքերը խաչում էր դեմքիս փռված ամենօրյա հայացքին՝ փոխելով անփոսիկ այտերիս ու անժպիտ աչքերիս վարքը։ Համալսարանը, սովորելու հարցում մեզ կաշառելիս, մեկ էլ առաջին կուրսում էր այսքան շռայլ եղել, երբ դասախոս Համյանը առաջին անգամ բացել էր մեր մրջնանոցի դուռը։ Առաջին տարին Համյանը խիստ ու անշփվող դուրս եկավ։ Դասերի հարցում առատաձեռն էր․ գիտելիք կտար, էլ դու սուս, բայց երբ զանգը տար, լսարանում հետքներս անգամ չէր երևա։ Թե հիմա մենք էինք գյուղաքաղաքային մտքերի կեղևիկներով պատված առաջին կուրսեցիներ, ումից խուսափել էր պետք և ովքեր տարված էին չսովորելու վեհ գաղափարներով, թե ինքն էր ձանձրանում մեզնից, դժվարանում եմ ասել, բայց մեր լրացուցիչ շփումը մի բանի նման չէր։

Առաջին կուրսում տուրուդմփոցով եկա, ընդունվեցի չուզածս տեղն ու լրացրի «մերոնց որոշածն ա» ասող ուսաողների շարքի բացթողումները։ Կուրսում գրեթե բոլորն էլ արագիլի երեխա բերելու հավանականությամբ էին ինքնակամ դիմել մեր բաժինը։ Ու Աստված գիտեր, ավարտելուց հետո գոնե մի արագիլի գործ էլ մենք կունենայինք, թե՝ չէ՛։
Սիրտս սովորել էր քաշում, բայց մի կարգին առարկա չկար սիրահարվելու, իսկ առանց առարկա սիրելու դասախոսություն լսելը գիրք կարդալու պես միակողմանի աշխատանք է։ Բայց որքա՜ն մեծ ու դիպուկ է լինում արդյունքը աշխատանքի բաժանման ժամանակ․․․
Դասացուցակի ժամերն անտարբերությամբ աչքով էի անցկացնում ու մտովի վայելում գործի գնալուս պակաս մեկ ու կես ժամի հանգիստը, երբ ուրբաթ օրվա դասաժամերից մեկի դիմաց կարդացի Համյանի ազգանունը՝
«Մասնագիտական դասընթացներ- դոցենտ՝ Կ․ Ավետիքյան
Արտասահմանյան գրականության պատմություն- Ս․ Սարումյան
Գրական երկի վերլուծություն- դոցենտ՝ Հ․ Համյան, 110 լսարան
Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներ- դոցենտ՝ Վ․ Մխիթարյան»։
Կուրսը մեկ մարդու պես նստած ու կյանքի դեղահաբերը (որ տվյալ պարագայում դրամի վաստակն է) խմել մոռացածների պես սպասում էր Համյանի գալուն։ Մեկ վեր էի կենում, մեկ տեղս փոխում՝ հետ ու առաջ գալով, մեկ ամբիոնը թեքում դեպի ինձ, որ բոլոր անկյուններից ես երևամ, որ ե՛ս լսեմ, ե՛ս խոսեմ, ի՛նձ ասեն, ի՛նձ սովորեցնեն։ Ես էի ու իմ ինձը։ Ապա ամաչելով իմ եսականությունից՝ ամբիոնի դիրքը սեղանների հատման գծի համեմատությամբ դարձնում էի իր նախկին իննսուն աստիճանին։ Զոհողությունս կուրսընկերներիս տեսադաշտ բացելու, իբրև թե երևալու ու նրանց բաժին սովորելու տեղն ազատելու համար էր։ Թվում էր՝ ես էի տեսական գիտելիքի և դասախոս-ուսանող շփման բաժնի պետը։ Պահ կար, երբ ոգևորությունս հասնում էր ավազահատիկներով խաղացող երեխայի միամիտ գիտակցությանը։ Քանի մոտենում էր դասախոսության ժամը, ակնկալվող կրթավազի մանրահատիկները՝ իբրև ապագա պաշար, հավաքվում էին բռիս մեջ, որ մի հարմար օր կյանքի երեսին շպրտեմ իր արած-չարածների, իմ դեմ բացած կամ դիմացս կտրած պատճառահետևանքների համար։
Համյանը եկավ ու կոտրեց ծերուկ դասախոսին հատուկ բոլոր կարծրատիպերը։ Նրա արտաքին կեցվածքը, խիստ մոդայիկ բաճկոնակը, որ փոքր-ինչ թաքցնում էր վերնաշապիկի որոշ հատվածներ, կոկիկ սանրվածքը, նախանձելի ակնոցը, որից նախկինում ինքս կրում էի, երիտասարդին հատուկ շարժուձևի հետ ստեղծել էին նոր դասախոսի դինամիկան։ Սա յուրաքանչյուր ուսանողի համար դասից շեղվելու արդարացված հանցանշան էր։ Նա միջոց էր դեպի գիտելիք։ Ձև, որից դառնում ես բովանդակություն․․․
-Ծանոթանա՞նք, թեպետ առաջին կուրսում որոշ չափով ծանոթ ենք եղել։
Դասը կենդանություն ստացավ, ամենքս մի երկու բառ կցկտուրեցինք։ Հնչեց երկրորդ հարցը։
-Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար,- ապա որպես հուշում շարունակեց,- գրքերում գրվածը թողնում ենք մի կողմ։ Մտածում ենք ինքնուրույն։
Շատերին հեշտ էր հայտնի որևէ տառ տպողից քերված մի երկու սպառիչ սահմանում տալ, քան խոսել անհատապես։ Ինձ էլ դժվար էր․ զարմացել էի։
Լսարանը շնչում էր, բացակա մարդ չկար, լսարանը շնչում էր, բոլորը ներկա էին։
Այնպես էի խոսում, այնպես անիմաստ ու անկուշտ։ Խոսքիս նախատեսված սցենարը մի անտաղանդի ձեռքով փոխված էր, ներկայացումս պիտի տապալվեր։ Խոսում էի բոլորի անունից և՝ իմ, լսում էի բոլորի փոխարեն և՝ իմ, վերցնում էի միմիայն իմ և ինձ համար։
Գիտելիքի բերանին կանգնած՝ վախենում էի ամբողջությամբ ընկնել ու էլ հետ չգալ, վնասվել իրականությամբ, հարվածվել առաջընթացով ու, երբ ընկնելուց հետո գլխիս ինչ-ինչ անցքեր բացվեն, մտքերի նոր տարափ հոսի, վախենամ չկարողանալ երկու բառ կիսել առօրյայիս նախկինը կազմող թաղեցիների ու երևույթները թաղեցիաբար ընկալող որոշ բարեկամների հետ։ Ա՜խ իմ թունոտ ու քիթը ցից ձևավորվող տեսակ։ Կսայթաքեմ վերև ու հենց իմ սայթաքի սխալ ուղղությունից, որ, հավանաբար, ներքևից վերև կլինի, քթածակերում ուրիշի կյանքեր խմորողներն արդեն իսկ ժանիքավոր մոտեցմամբ կընտրեն իմ քննարկվելիք ապագայի բնաբանը։ Ներքև բարձրացողներից ոչ ոք չի ինձ նման չի սայթաքի վերև, իրենց ներքևական տեղողության չափն էլ բավարար կառուցողական չի լինի վերևներին խոսքով ջրցանելու համար։ Դա, կրկնում եմ, իմ միամիտ նախաձեռնությունը չի լինի, այլ կենցաղի հոտից մի ստվար մակարդակ բարձր լինելու պատճառ, գիտակցաբար սայթաքելու արդյունք, որի հետևանքով ցից քիթ ունեցողների բամաբասատեքստում պարբերություն կունենամ, այն էլ մի մատ խորքից։ Եվ մերոնցից ում էլ գետնախորշերից նայեն, նախ քիթը կերևա (այն պարտադիր սկզբունքով, որ հայ ենք), հետո նոր՝ ինքը։ Իսկ մինչ այդ կնախընտրեի կախվածությամբ սովորել։ Ամեն օր այս գրողի տարած քաղաքականացված շենքի դուռը բացելը սովորություն է։ Ոսկրատուփիս մեջ պարունակության պակաս կա ու լինելիության ձգտում․․․
Շուտով դասաժամերը դարձան սպասողական ու մեկը՝ գրական երկի վերլուծություն։ Նախորդ տարիներին լսարանից լսարան մարմին շպրտելը սովորելու հանդեպ օտարացման էր բերում, այսօր կար 110 համարի լսարանը ու դասախոսի կանչողական ներկայացում։
-Այս շաբաթ Լովթում քննարկում ունենք։ Դուք էլ կարող եք մասնակցել,- դիմում է լսարանին։
-Տեսա իվենթը Ձեր պատին,- մեջ եմ ընկնում։
-Քննարկելու ենք Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» պատմվածքների ժողովածուն,- շարունակում է ներկայացնել լսարանին։
-Շատ կուզեի մասնակցել, ափսոս, գիրքը չունեմ,- նորից ուշադրությունը թեքում եմ իմ կողմը։
-Գիրքը կարող եք գրադարաններում փնտրել,- հուշում է լսարանին։
-Եթե ժամանա՜կ ունենայի գրադարան գնալու․․․,- ինձ-ինձ մենախոսում եմ։
Համյանը շարունակում է կուրսընկերներիս համալսարանից դուրս ակտիվանալու քաղցրով համոզել։ Նրա յուրաքանչյուր մատուցածը կուրսում հաճույքով կուլ է գնում, բայց, ի վերջո, անտարբերությունն ավելի հաղթող է դուրս գալիս։
Համյանը կուրսի չեմուչումներից հետո վերջապես նկատում է ինձ ու լուռ մատնացույց անում իր գրասեղանին դրված գիրքը` «Նանա իշխանուհու կամուրջը» էր։ Ժպտում եմ։ Ճիգերս անիմաստ չանցան։ Համյանն աչքիս լուսավորիչ է թվում․ ուզում է՝ կարդամ։ Առաջարկում է գիրքը՝ իր, իրենը, լրիվ նոր, ընտիր հրատարակությամբ։ Առանց ճանաչելու գիրք տալ առջևդ նստած որևէ մեկին, նույնն է, ինչ պանիրը մեղրով ուտել․ բոլորովին չի հուսադրում։ Այսքանից հետո ինձ մնում է աշխարհի ամենավստահելի գրքասերը զգալ․․․
-110-ի ցուցանակի վրա շտապ պիտի գրվի վերաբերմունքի անվան լսարան․չէ՞ որ ինձ գիրք են առաջարկել, դասախոսն ինձ գիրք է մատնացույց արել, իր սեղանի գիրքը․․․
Հետո կազդուրվում եմ հյուծող մտքերիցս։ Գուցե դա մատ էր ու լոկ ուղղություն, որ բացարձակ ինձ ուղղորդելու նպատակ չէր հետապնդում։ Եվ, եթե անգամ ենթադրության մեջ հմուտ դուրս գամ, աշխատելուս փաստը մի կողմ կդնի ողջ հմտություններս։ Գիրքն առջևս է, իվենթն էլ՝ առջևում, բայց կա ստոր վարպետություն կոչվող գրաֆիկա, որ ամեն բան մղում են hետին պլան։ Ավելի լավ է համակերպվել իմ հերթական իվենթի չմասնակցության հետ։
-Ցավոք, չեմ հասցնի կարդալ։
-Դեռ մի քանի օր կա։
-Աշխատանքի եմ։
Իսկ աշխատանքային ժամասենյակը օրերի մեջ օդափոխություն չի սիրում մտցնել։
Դասից հետո Գոհարի հետ ոտքներս կախ ենք գցում։ Պայուսակս կարգի հրավիրելը բժշկական հատուկ մասնագիտություն է։ Գրքերը դարակվում են պայուսակիս ստամոքսային գլխավոր կտրվածքի մեջ՝ իբրև շնչող թոքեր, աշխատանքային համազգեստս վիրաբուժական բամբակի նման կանխում է գրքից բաց մնացած դատարկ տարածության արտահոսքը՝ տեղ-տեղ խցկվելով միջգրքային արանքներում։ Դրամապանակս երիկամիների պես փող է ֆիլտրում։ Ամենքն իր տեղում դնելով՝ կարգավորում էի պայուսակիս մարսողական համակարգը, խթանում ուսագոտու երակային պուլսի աշխատանքին, որ պիտի շրջանառվեր ուսերիս ուղղությամբ։ Ահա և խառնաշփոթի պատճառը․ մեկի՝ մոտս մնացած շրթներկը սխալմամբ ընկել էր պայուսակիս կոկորդն ու փակել շնչուղին։
Համալսարանից դուրս ենք գալիս որպես վերջին զույգ ուսանող։ Համյանը քայլում է առջևից, հասնում է շենքի դարպասների մոտ։ Պայուսակը խունկի պես ծխում է օդում, ետևից խաղաղություն է հետագծվում։ Իմ գեր անկուշտից հետո իր համեստ պայուսակը, իմ մեջքին աճած ստամոքսի մոտ իր՝ նիհարությանը երբեք դեմ չգնացող պայուսակը․․․
Աջ ու ձախ շարված են Փորիկավոր մակնիշի ու տարբեր ռասսաների մեքենաներ։
-Մենակ թե չնստի սրանցից մեկը,- խնդրում եմ Գոհարին։
Համյանը շրջանցում է փորիկավորներին։ Ուրախանում եմ։ Շարունակում ենք փորձել, գուցե ինչ-որ տեղ էլ հասնել նրան։ Գետնանցում տանող ճանապարհին կորցնում ենք հետքը, մարդկանց կուտակումները խանգարում են որոնել։ Դասախոս փնտրելու ու վերջին ցտեսությունն ասելու բախտից զրկված տխուր քայլում ենք։ Հասնում ենք կանգառ։ Իրար հրմշտող ձեռքերի արանքից երևում է Համյանի պայուսակը, ապա՝ մատները, հետո՝ ինքը։
-Ընկեր Համյա՜ն,- ասում եմ։
-Հա՞,- զարմացած շրջվում է դեպի մեզ։
Մի հիմար բան եմ գտնում խոսելու, երկու բառ ենք փոխանակում, Գոհարն իր հերթին ճառ է ասում առարկայի լավը լինելու մասին․
-Առաջին դասն է, որ ուսանողին հնարավորություն է տալիս ինքնուրույն մտածելու։
Վերջացնում ենք զրույցը․
-Դե լավ, ցտեսություն,- ասում է Համյանը։
-Չե՞ք գալիս,- հարցնում եմ։
-Չէ՛, այստեղից եմ գնում։ Ահա և իմ համարը։
-Ցտեսություն։
Մտնում ենք գետնանցում։
Շաբաթը շրջանցում է, կուրսընկերներս պատրաստվում են Համյանի վաղվա միջանկյալ քննությանը։ Աշխատանքից ուշ գիշերին եմ վերադառնում։ Անկողին նետվելուց առաջ հասցնում եմ զանգել Գոհարին ու գլուխը տանել պատվավոր հարցովս․
-Ո՞ր լսարանում ենք վաղը։
-110, Համյանդ է։
-Լավ,- ուզում եմ անջատել։
-Լի՜լ,- ասում է։
-Ասա՛,- լսում եմ։
-Բոլոր մամաները լավն են։
-Բարիշե՞լ եք։
-Բայց մեզ միշտ չի, որ հասկանում են։
-Չէ՛, Գո՛գ, վախենում են։ Հասկանալը լիքը խնդիրներ է ենթադրում։ Չ-ի պաշտությունն ավելի ձեռնտու է։
-Ճիշտ ես։
-Լա՛վ, քնենք,- անջատում եմ։
Նետվում եմ անկողին։ Թևերը կտրած ճանճի պես թավալգլոր եմ գալիս։ Գլուխս քորից չի ազատվում, մազերս խճճվում են սանրի պաշտոնը զբաղեցրած մատներիս արանքում, եղունգներս ամեն կողմից կանոնավոր թրծվում են։ Այս անվերջանալի քորը փնթիության ակնարկ է անում՝ հաշվի չառնելով հոգնած լինելու որևէ հանգամանք։ Բարձից քշվում եմ մինչև վերմակի ծայրը, մակընթացությունս ավարտվում է հանդիպակաց պատով, լեշս զարկվում է պատին, ուժն անդրադարձ քայլով նորից ինձ շպրտում է ետ՝ դեպի բարձը։ Ձգտումներս չեն գերազանցում անկողնու սահմանը։ Բարձից՝ վերմակ, վերմակից՝ պատն ու ետ։ Մատներս չեն հերիքում, քորը խեղդում է գլուխս։ Երկու ժամից դասերը համալսարանում կլուսացնեն, իսկ ես դեռ չեմ հասցրել լողանալ։ Անկողինը սապատավորվել է մեջքիս, դժվարանում եմ հետս լոգարան քարշ տալ։ Ի վերջո հասնում եմ․․․
Նորից պառկում եմ։ Աչքս աղեղվում է կոպերիս վրա, արթուն մնալու ուժեղություն էլ չկա, քունը շահավետ կաշառք է աշխատանքային տանջանքների դիմաց։ Ոտքերս կորանում են, ձեռքերս ընկում, ուր պատահի։ Բերանս զուսպ օդ է կլանում, ականջներս ճաշակափոխ են լինում․ դադարում են լսել օրվա ձայնը, միտքս հրաժարվում է որևէ վերլուծական պատվիրել օրվա մենյուից, փոխարենը փակելով նախորդ օրվա հաշիվն ու մի համեստ թեյավճարով, որ քնելն էր, շնորհակալություն հայտնել մարմնիս՝ կյանքին ճկուն ու վարժ սպասարկման համար։
Զանգին մնացել էր տասը րոպե։ Դեռ չէի ավարտել գրավորս։ Անքաղաքավարի չգտնվելու համար մտքերս մխտռում էի ու փոխարենը պատասխանում կուրսընկերներիս հարցերին։ Զանգին ինը րոպե էր մնացել։ Համյանը շարունակ խոսելու բան էր գտնում։ Անհամատեղելի ցանկություն կար և՛ գրածս կարգի բերելու, և՛ ինը րոպե ևս մի բան լսելու։ Զրույցի կենտրոնում ես էի։ Պարտավորեցնող հաճելիություն էր։
Մտքիս թելը կտրվել էր, դիմեցի Համյանին։ Խոսելիս անդրադարձավ հասարակության «գաղափարական քաղցին»։ Մեջբերված բառակապակցությունը հավանեցի։ Ավազակային կողոպուտի պլան անցավ մտքովս․
-Գողանամ էլի․․․
-Ի՞նչը։
-Ի՞նչ քաղց ասացիք։
-Գաղափարակա՞ն։
-Հա՛, այ դա՛։
-Է, հա, գողացե՛ք։
-Գաղափարական ավազակ, գաղափարական ավազակ,- քթիս տակ քրթմնջում էի, որ չմոռանամ ու ստույգ փոխադրեմ գրածիս հաջորդ տողում։
Համյանը էլի պատմելու բան գտավ։
-Ընկե՛ր Համյան, գրավորս ավարտեմ էլի։
-Լավ, ավարտե՛ք,- լռեց ու թեքվեց ինձ հակառակ աթոռի կողմը։
Ձեռքս անցավ գրելու դիրքին, միտքս ծուռ մնաց։ Մի ամբողջ դասաժամ պայքարում էի եկած լռության համար, հիմա տաղտկալի է ու որոշակիորեն խանգարող․ լռությունը խանգարում էր լսել Համյանին։ Տետրս փակեցի՝ միջինը օդից կախ թողնելով, մինչդեռ գրիչս պիտի խաբարբզիկություն աներ թղթին նախորդ դասաժամերին քննարկված թեմաների, զրույցների ու ֆիլմերի համեմատությունների մասին։
Հնչում է զանգը։ Լսարանն աստիճանաբար դատարկվում է։ Մեկ-երկու հոգի, օգտվելով իմ ու Համյանի բռնած զրույցից, դեռ հասցնում են տողերի վրա մի բան սևացնել։ Ես բողոքում եմ աշխատանքիցս, ինքն ասում է, որ շատ է սիրում ինքնաթիռներից ուշանալը, սպասասրահում հավաքված տարբերներին խոսեցնելը, շփվելը։ Երկրից դուրս եկած չլինելուս պատճառով դժվարանում եմ իր հետաքրքրությունը կիսել։ Մեռած պատմաբաններից հասնում ենք մինչև մեր օրեր։ Լսարանը վերջնականապես դատարկվում է։ Զգում եմ «գաղափարական քաղցիս» ներկայությունը։ Մի ձեռքն առնում է պայուսակը, մյուսը՝ դասամատյանը։ Անջատում ենք 110 համարի լսարանի լույսն ու փակում դուռը։ Դռները հերմետիկ ծածկում են լսարանում թողած ուրախությունս, որ օդ չխաղա, ժամանակը չշնչի չշարունակվող տևողության մեջ ու ժամկետն անցնելու դեպքում էլ հիշողությանս տեսքը թարմի պես լինի։ 110-ում են մնում օդը բռնելու երազանքով զբաղված զրույցներ, դրսում թափառած ու սեղանից բացի ուրիշի երեսը չտեսած մտքեր․․․
Քայլում ենք դուրս։ Համալսարանի մեջքը ոտքի ուսանողական թերապիայից հաճելիորեն ցավում է։ Հետևներիցս արդեն երկրորդ դուռն է փակվում։ Համյանը խոսում է հոգևոր արժեքների ու այդօրվա պատարագի մասին։ Ես մտածում եմ հոգևոր արժեքների և աշխատանքից չուշանալու մասին․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *