Լևոն Ադյան | Էն Լոռու ձորն է

Ուղիղ քառասունհինգ տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի ուսանողուհի Ռիմա Հարությունովայի հետ որոշեցինք Բաքվից ճանապարհվել Ղարաբաղ, իմ հայրենի գյուղ՝ Չլդրան, այնտեղից Շահումյանով, Գետաշենով, Գյոգ-գյոլով, Խանլարով, Թբիլիսիով՝ Դսեղ, տեսնելու այն վայրերը, ուր ծնվել, մեծացել էր ինձ համար այնքան պաշտելի Հովհաննես Թումանյանը։
Քառասունհինգ տարի է անցել այդ օրվանից, ինչքան բան է փոխվել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, լավը՝ քիչ, վատը՝ շատ, ինչքան ջրեր են հոսել։ Պարզ է, ավաղ, չկան այլևս բոլոր նրանք, ովքեր տեսել էին Թումանյանին և որոնց հետ մենք բախտ ունեցանք ծանոթանալու այն ժամանակ, լսելու նրանց սրտառուչ պատմությունները մեծ բանաստեղծի մասին։ Այդ հին, անրջական օրերից այս գրառումներն են մնացել սոսկ՝ դեղնած, խունացած թղթերի վրա:

Լ.Ա.
Սանկտ–Պետերբուրգ
2014թ.

…Երբ դանդաղ ելավ, սահեց Մոսկվա-Երևան ճեպընթացը, Քոլագերան կայարանի միակ մայթին մնացինք ես, տասնութամյա իմ ուղեկցուհի Ռիման՝ բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի, և կայարանի կարմիր գլխարկավոր սլաքավարը։

– Ամոթ չըլի հարցնելը, էդ ո՞ւր եք գնում,- ծոր տալով հարցրեց սլաքավարը։
– Դսեղ,- ասացի ես։- Հեռո՞ւ է
– Նայած։ Եթե սպասեք լուսանա՝ մոտիկա, այսինքս՝ կարաք մաշինով գնաք. ժամը տասնմեկին ալաբաշը գնումա։ Թե չէ, դուք գիտեք. հրե՜ն կածանը, էսպես դիք որ գնաք, երեք-չորս կիլոմետր կըլի։
Եվ հիմա քարքարոտ, նեղ կածանը մեզ քաշելով տանում է։ Իսկ ամենուր սև մութ է, անտառները լուռ են, ձորերը ամպերի տակ խոր քնած են ու էլի լուռ են, արդեն հալվում, ցրտում է տաք գիշերը, և այս շուրջ բոլոր լռության, այս մութ խավարի մեջ Դեբեդն է միայն վշշում։
Քայլում էինք մթան մեջ սպիտակին տվող կածանով և լավ էր, որ հատուկենտ աստղեր կային դեռ, լավ էր, որ կիսալուսինը կողքի ընկած գնում էր երկնքով, թե չէ ճանապարհը չէր երևա, իսկ այդ ճանապարհը ժայռերի վրայով էր անցնում, ներքևում ձորեր են՝ անդնդախոր, մթին։
Մենք չգիտեինք ճանապարհը, կածանի տուտը բռնած գնում էինք, և մեզ ուղեկցողը աստղերն էին, կիսատ լուսինն էր և Թումանյանը. որովհետև անհնարին է, որ լինես այս ձորերում ու հոգուդ չիշխի մեծ բանաստեղծը, քեզ հետ չլինի նա, չլցվես նրանով, չմտածես, որ այս կածանով հազար անգամ անցել է նա։
Լուսանում էր արդեն, երբ հասանք լեռան կատարը ու ետ նայեցինք. ներքևում Լոռու ձորն էր, պատմական Տաշիրքի հրաշք ձորը, ուր Դեբեդը «սգում էր մենակ խավար անդնդում»։

Մենք լսում էինք նրա միալար վշշոցը, որ մեկ կտրվում ու նորից լսվում էր։

Թումանյանը նստել է այս դարավանդին, նայել է դեպի Լոռու ձորը, սիրտը ցավել է, երբ տեսել է, որ քանդում են ձորերը, երկաթուղի են գցում. «…ձորերին մտիկ եմ անում, որ են քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտումա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն ու մարդ կարենա ոչ թե օգնի…»։ Հետո ձորերով եկել՝ ո՜ւ…ո՜ւ…ո՜ւ…, սուլելով անցել է Թիֆլիս-Ղարս գնացքը, մարդիկ ծաղիկներ են նետել շոքեքարշի անիվների տակ, գնացել գյուղերում պատմել են. «…մի անասելի սև ջանավար է, մեկ միլիոն ձիու ուժ ունի, բերանը Արփաչայից էլ լեն է, ծուխ կհանե հազար պապիրոսի չափ»։ Շոգեքարշի սուլոցից խրտնել, անդնդախոր ձորերում ու կիրճերում կորել են պախրան ու կխտարը. «…եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, էլ կխտար չմնաց, փախան կորան…»։ Այստեղ, այս աստվածանիստ բարձունքին նստած տեսել է, թե ինչպես են «ամպերը դանդաղ ուղտերի նման» ձորից ջուր խմած բարձրանում։ Ամպերը անցել են և երկնի կապույտի մեջ խրված երևացել են լեռները. «…բարձր ու կանաչ լեռներ, դուք հայրենիքն ու գահը զով զեփյուռների, անուշաբույր ծաղիկների, սուրբ ցողերի ու շաղերի, անմահական սառն աղբյուրների, սև-սև ամպերի, հրեղեն կայծակների, ջրեղեն տարափների… Դուք՝ մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին, վեհ ու վեհապանծ լեռներ…»։ Հետո, դեռ պատանի, դեռ տասնութը չլրացած, այս բարձունքից նայել է հայրենի Դսեղին, որ մի քանի հարյուր մետրի վրա է, նայել է իր տխուր Դսեղին ու աշխարհին պատմել.

Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափի
Ձեռը տված ճակատի
Միտք է անում տխրադեմ.
Ինչ է ուզում՝ չգիտեմ…

Ինչ-որ մեկը ձիու կապը բռնած գալիս է մեր կողմը։ Ծեր մարդ է, մոտեցավ «բարի լույս» ասաց ու սկսեց ուշադիր նայել.
– Ճանաչեցի ոչ,- վերջապես ասաց նա։
– Տեղացի չենք։
– Ո՞ւմ տունն եք գնում,- նորից խոսեց ծերունին։
-Թումանյանի։

Ինձ թվաց, թե սխալ արտահայտվեցի, բայց մարդը բոլորովին չզարմացավ։
– Կարելի ա,- ասաց նա։- Ուրեմն Օհաննեսի տունն եք գնում,- նա քիչ լռեց, ավելացրեց.-Օհաննեսն ասում էր մարդ պիտի էնպես ապրի, որ մեռնելուց հետո անունը հիշեն։ Ինքն էդպես ապրեց։
– Դուք հիշո՞ւմ եք Թումանյանին։
– Բա ոնց։ Իրենց կտերը կկանգներ, ժողովուրդը կհավաքեր, կխոսեր, խորհուրդներ կտար։ Գեղացիք Օհաննես աղա էին ասում։ Սպասեք ձիս կապեմ գամ…

Օհաննե՜ս աղա։ Ամբողջ կյանքում մի լավ օր չտեսած, հազար ու մի պարտքերի մեջ խրված, ամբողջ կյանքը կողմնակի հոգսերով ծանրաբեռ, ժողովուրդների ճակատագրի ու ազգի տառապանքի ստրուկը՝ «Օհաննես աղա». «…Երեխաներիս ուսման վարձի պատճառով, արգելել են ուսումնարան գնալ, տանս վարձը գրեթե կես տարով մնում է, պարտք անելու տեղ չի մնացել, և պարտքատերերս էլ համբերությունից դուրս են եկել»։ 1902 թվականին ընկերները դիմում են գրել, ուզել են փող հավաքել։ Թումանյանը շատ է վշտացել. «…Դիմել հազար ու մի մարդու,- այդ առթիվ գրել է նա Փիլիպոս Վարդազարյանին,- գրել թե Հ. Թ. անապահով է, հիվանդ է, ընտանիք ունի, մի բան ավել ստորագրեք նրա բանաստեղծություններին…»։ Մի ուրիշ տեղ. «…ինչ անենք, որ բանաստեղծ լինելով, նյութական նեղության մեջ լինելով, ապավինված եմ մի քանի մարդու օգնության, մի՞թե դեռ պետք է շրջաբերականով հռչակեմ իմ խեղճությունն ու նպաստներ ժողովեմ…»։ Նորից մի ուրիշ տեղ. «խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ որպես բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե բանաստեղծ եմ ես…»։
Մարդը բլրալանջին կապում է ձին, ետ գալիս։ Զրուցելով գյուղ ենք մտնում։
Դեռ նոր էր լուսացել, արևը սարերի ետևից դուրս չէր եկել դեռ, բայց գյուղի տանիքները արդեն արևի մեջ էին։
– Հրե՜ն Թումանյանի տունը։ Թանգարանն էլ էնտեղ է։
Տուն-թանգարանի դիրեկտորը Թումանյանի Վահան եղբոր աղջիկն է՝ Արմենուհի Թումանյանը։ Նա սիրալիր, թումանյանական ժպիտը դեմքին, ընդառաջ է գալիս։

– Բարով եք եկել։ Բայց շատ ափսոս, որ չեք կարողանա ամեն ինչ տեսնել,- ասում է նա,- տուն-թանգարանը նորոգում ենք… Սա Թումանյանի տունն է… Թումանյանի հետ, Թումանյանով ներշնչված, նրա հավերժական ստեղծագործությունների մեջ իդեալականացված ձորերով ու Դեբեդի վշշոցը մեր ականջում՝ նրա հայրական տունն ենք եկել՝ սրտներումս դող ու ակնածանք այն բոլոր հիշատակների հանդեպ, որ այստեղ պիտի խոսեն նրա մասին. որովհետև այստեղ էր, որ դեռ մանկուց նրա հոգին իմաստավորվեց Դսեղի լուսնյակ գիշերներով ու անուշ զրույցներով, «…ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ-բոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի-փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհից…»։
– Սա սալորենու այգին է, գարնանը, երբ սալորենիները ծաղկում են, չտեսնված գեղեցիկ են լինում։- Արմենուհու հանդարտ, միալար ձայնն է։- Սա այն տունն է, ուր ծնվել է Հովհաննես Թումանյանը, սա ձեթի ճրագն է, սա շապիկն է, ահա թիկնոցը, ահա կոշիկները, ահա փողկապը, սա խնոցին, սա ամբարը, սա Թումանյանի մոր ճախարակն է։ Տունը եղել է հողե կտուրով «…Մի մեծ սենյակ ունեինք. օջախը միշտ վառած, երկու կողմից թախտեր, դոշակներ ու մութաքաներ դարսած…»։
Բանաստեղծի տունը… գետնափոր, հողե հատակ, լույսը ընկնում է երթիկից, թոնիրը՝ տան կենտրոնում, բերանը տախտակով ծածկած, խնոցին առաստաղից կախ, օրորոցը…

– Մի՞թե Թումանյանը օրորոցում է մեծացել։
– Դուք ճիշտ եք։ Թումանյանը ընտանիքի անդրանիկ երեխան էր, նրան տանը շատ էին սիրում։ Մայրը նրան օրորոց չի դրել, ոչ էլ ճոճք։ Այդպես է արել, որպեսզի միտքը պայծառ մնա, գիտեր երևի, որ մեծ մարդ պիտի դառնա,- ժպտում է Արմենուհին։

Այստեղ, այս նամշահոտ ու փոքրիկ տան մեջ է ծնվել մեծ բանաստեղծը, այստեղ է ապրել նրա Օհաննես պապը։ Թումանյանը չի տեսել նրան, տատից ու տան մեծերից է լսել պապի ու իր նախնիների քաջագործությունների մասին։ Եկվորներ էին Թումանյանի նախնիները, նրանք տասներորդ դարում, արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն-մենակ հաղթանակներով, ճակատ-ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած «թողին իրենց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ»։

Հզոր են եղել Թումանյանի պապերը։ Նրանք պարսից Հասան խանի ասպատակության ժամանակ ժողովրդի գլուխ են անցել, պաշտպանել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին։ Անվանի զինվորական է եղել Թումանյանի Օհաննես պապը ու հայտնի զրուցասեր (նրա թուրը մինչև հիմա էլ պահվում է)։ Նա իր տան պատի տակ, ճանապարհի վրա, տասներկու քար է տաշել տվել, դրել, որ գյուղացիները գան ու զրույց անեն։ Այդ նա, Թումանյանի պապ Օհաննեսն էր, որ Հասան խանի ժամանակ գնաց ուղտերով հաց բերեց, բաժանեց ժողովրդին, փրկեց նրանց։ Պետական պաշտոնյաները, երբ գալիս էին հացահատիկ հավաքելու, նա չէր թողնում, որ գյուղացիները հացահատիկ տան. «…ջուրը անցկացրեք, թող գնա», – ասում էր նա պրիստավի մասին։ Եվ, վերջապես, նա էր, որ իր հետ առաջին անգամ այս ձորերը մոմ բերեց, հայելի բերեց, նկարներ բերեց ու մի ռուս ջրաղացպան։
Ավելի անվանի ու հայտնի է եղել Օհաննեսի հայրը՝ Ավագիմ յուզբաշին՝ քաջ ու հաղթանդամ, Լոռու իգիթներից մեկը։ Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանում» այդ նրա մասին է գրում. «Էս Օվագիմը, էս Լոռվա ձորերի աստվածը, էս սարերի արծիվը… էն սևացած, արևի, անձրևի տակ մուր դառած ունքերի տակից, որ աչքը չէր ընկնում մարդի երեսին, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած»։ Օվագիմի հայրը՝ Մեհրաբը, Լոռու ձորերի նահապետն էր։ Նրանից սարսափում էր թշնամին։ «Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն,- ասում էր նա,- մեր տան դուռը ու մեր սիրտը բարեկամու համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք…» Հարյուր տարին թեպետ լրացել էր արդեն, բայց նա ամուր էր դեռ։ «Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել, ճերմակ մազ ու միրուք բռնել կուրծք ու երես, աժդահայի ահավորության հետ խառնել-միացրել ծերության պատկառանքը»,- այսպես է բնութագրում Թումանյանը իր Մեհրաբ նախապապին։

Մեհրաբը 108 տարեկանում վախճանվեց։ Մեռնելիս ցավով բացականչել է. «Այ փուչ աշխարհ, արժե՞ր երկու օրվա համար ծնվել…»
Սրանցից էր սերել Թումանյանը, սրանց «սիրտն ու արինը» կար նրա մեջ, դրա համար էլ անվախ էր նա, իր նախնիների նման նա էլ ժողովրդի գլուխ անցավ, երբ թշնամին մոտեցել էր Լոռու ձորերին. «Լոռեցիներ, իմ քաջ հայրենակիցներ, փոքրաթիվ թշնամին մեր սարերին է հասել… Հավաքվեցեք մեր մութ անտառների նման, կանգնեցեք անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք ու զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի…»։
Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։
– Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։
Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։
– Թումանյանի օրոք գյուղը վաթսուն-յոթանասուն ծուխ ուներ,- պատմում է Արմենուհին։- Իսկ հիմա հազարից անցնում է։ Մարդիկ լավ են ապրում։ Էլ ոչ Գիքոր կա, ոչ Համբո,- Արմենուհին ժպտում է։- Աշխարհը մեզ է նայում, պետք է շտապել, կիսատ գործեր շատ ունենք։ Ողջ գյուղով ոտքի ենք ելել, որ հասցնենք…
Թումանյանի տան մոտ՝ եկեղեցու բակում, մամռապատ, հին-հին քարեր կան։ Դրանց տակ են հանգչում մեծ բանաստեղծի նախնիները։ Երբ մտանք եկեղեցու բակ, մի ծերունի՝ նստած մի քարի, հենված ձեռնափայտին նայում էր քարերին։
– Էստեղ ի՞նչ ես անում, Աբրամ բիձա,- հարցրեց Արմենուհին։
Ծերունին ծանր բարձրացրեց հայացքը, երկար նայեց։
– Կարացի ոչ ճանաչեմ։
– Հարստանալու ենք,- ժպտում է Արմենուհին,- ասում եմ էստեղ ի՞նչ ես անում։

– Զրից եմ անում,- շատ հանգիստ խոսեց ծերունին, իսկ ես հանկարծ հիշեցի Ժամանակ-ծերունուն. «Աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես, այն ես եմ թաղել…»։

– Ի՞նչ զրից ես անում,- մեզ աչքով է անում Արմենուհին։
-Ինչ իմանամ… զրից եմ անում…Ասում են՝ եկ, վախիլ մի, կանչում են… էս ոնց անցավ, է՜… երկու օր ապրեցինք ու հմի պիտի գնանք, փուչ, փուչ աշխարհ ա…
– Ինչքան էլ կանչեն, չգնաս,- Արմենուհին ձեռքը դնում է ծերունու ուսին։- Լսո՞ւմ ես, չգնաս, շուտով Թումանյանի 100 տարին լրանում է, կաց քեֆ արա… Թումանյանին ճանաչո՞ւմ ես։
– Յանի Օհաննեսի՞ն… խի՞ չեմ ճանանչում, հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։- «Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…»։- Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։
– Ծննդյան հարյուր տարին շուտով լրանում է։
– Յա…- ծերունին տխուր օրորում է գլուխը,- երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։

– Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։
– Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու,- հանկարծակի հարցնում է ծերունին
Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։
Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։
– Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր ութ թվին։ Հմի երևի Բաքուն շատ ա փոխվել… Էյ գիդի հա… Որ Բաքու աշխատում էի, մի ղարաբաղցու թատրոնում մեր Անուշին շանց տվին։ Որ տեհա, լացս եկավ։ Դե գեղացիս ա, բեմ ելած խալխին հավասար լացացնում ա… գեղի կարոտը, հողի կարոտը առա… Օհանեսը ասում էր, որ Թիֆլիսից Դսեղ եմ գալի, ամեն անգամ, գիշեր ըլի, թե ցերեկ, որ պոեզդը մտնում ա Լոռվա ձորերը, ծմակներից փչող օդը խուտուտ ա տալի, լցնում թոքերս, զարթնեցնում։ Վեր թռչելով նա ասում էր. «Օրհնվես, հող…»։ Էդպիսի բան ա հողը…
Արմենուհին մարդ է ուղարկում, որ մի երկու ուրիշ ծերունիների էլ կանչեն։ Ասես նրա կանչելուն էին սպասում, քիչ անց գայթելով գալիս են նրանք, բարև են տալիս ու նստում իրար կողքի։

– Սարգիս բիձա, Թումանյանից մի բան պատմիր, ընկերները լսեն,- ասում է Արմենուհին,- ո՞նց մարդ էր։
– Շատ լավ մարդ էր։ Ոնց որ էսօր, հիշում եմ։ Աչքիս առաջն ա։ Եկավ, մազերս խառնեց, մոմպաս տվեց, հետո հորս հետ գնացին Բորչալու՝ ժողովի։ Բա ո՞նց չեմ հիշում։

Նրանք նստել էին սալ քարերին, կողք-կողքի, նայում էին մեզ ու չիբուխ էին քաշում։ Ես նայում էի նրանց ու մտածում էի, որ ոչինչ չի փոխվել։ Սա Թումանյանի աշխարհն է, ինձ թվում էր նույնիսկ, թե ինչ որ տեղ ես տեսել եմ նրանց, խոսել հետները, որ ահա այս մեկը գյուղացի Համբոն է, մյուսը՝ «Հառաչանքի»-ի ծերունին, երրորդը անպայման Սուտլիկ որսկանն է, չորրորդը՝ Գաբո բիձան, և որ նրանք բոլորը միասին Կիրակոսին քարաբաղնիս սարքեցին, ու երբ արդեն մեռել էր Կիրակոսը, «կտերը, արևումը նստոտած, նրանք պատմում էին, թե քանի-քանի հոգի է խեղդվել քարաբաղնիսից…»։ Ու չիբուխ էին քաշում, ինչպես հիմա։
– Որ գեղ գար, կհետաքրքրվեր մարդկանց ապրուստով, երեխաներին կամփետ կտար, հանաք բան կաներ բոլորի հետ, ծերերին կնստեցներ, պատմություն անել կտար, ինքը կգրեր։ Էդպես էր։
– Դու ի՞նչ կասես, քեռի Եզեկ։
Ծերունին ծխամորճը հանում է բերանից, մի պահ մտածում։
«- Է՜… է՜…է, կրակ էինք անում, շուրջը նստոտում, մինչև կես գիշեր զրույց անում, հեքիաթ ասում, որը չիբուխն էր զոռ տալիս, որը քնում էր… քեռի Եզեկն էլ շվի էր ածում…»։

– Ի՞նչ ասեմ… Օհանեսի հետ էնքան ենք ընկերություն արել։
Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։ Մաքուր մարդս, կասեր Օհաննեսը, միշտ էլ մաքուր տեղից ջուր կխմի։ Պախրի պես մաքուր մարդ էր Օհաննեսը… Էնքան եմ շվի ածել իրա համար… շատ էր սիրում…
Պատմում են ծերունիները, և դու տեսնում ես, որ Թումանյանը նրանց համար կենդանի մարդ է, նստում-վեր են կենում՝ նրանից են խոսում, նրանից մեջբերումներ են անում, Թումանյանն այստեղ երեխանների հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ։
Տասներեք տարեկան է եղել, որ հայրը նրան տարել է Թիֆլիս։
Թումանյանի մայրը, քույրերը, եղբայրներն ու մոտիկ հարևանները մինչև Ձաղի ձորը գնացել են, ճանապարհել նրան։ Մայրը, տղային հրաժեշտ տալուց հետո, տուն է եկել ու լաց լինելով ասել է. «Տղիս տարան»։ Նա չէր ուզում, որ իր «քյորփա էրեխեն են անիրավ աշխարհն» ընկնի։ Թումանյանն իր ուղևորության մասին հետագայում գրում է «Գիքորում». «Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը…»։
Իր հայրենի սարերից, աղբյուրներից, լեռներից գնացել է Թումանյանը, բայց հոգով ու սրտով իր սարերում ու լեռներում է եղել, աղբյուրների մոտ։ Ուր էլ եղել է, կարոտ-աչքի առաջ Դսեղն է եղել, Դսեղի հերանց գնացող արտերը.

Կլթացնում են, արտորում,
Արտույտները արտերում,-
Թռչում մանուկ հագուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։
Հիշել է «վես ու վիթխարի լեռների» շուրջը տարածված անտառները, կարոտել.
Ո՞վ է ձեռքով անում, ով,
Հեռվից անթիվ ձեռքերով.
-Ջան, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

Հիշել է անգամ մանկության կենդանիներին. «Իբրև հին կարոտ մտերիմների, հիշում եմ պոզատ գոմեշը՝ Նազլուն, Ծաղիկը (կով), Չերքեզը, Աբրաշը (եզներ), Թոբլան շունը, Ղայթարը (շան անուն), իմ պապոնց, մեր Մարինոս էշը, Ղռատ ձին…»

Ես գիտեի, լսել էի, որ Դսեղից վերև, անտառի մեջ կա մի լճակ, որին դսեղցիները անվանում են «Ծովեր» և, որ Թումանյանը շատ է սիրել «Ծովերը»։ Դեռևս 1922-ին նա դիմել է հողժողկոմ Արամայիս Երզնկյանին, խնդրել, որ «Ծովերի» մոտ գրողների հանգստյան տուն կառուցեն։
– Կուզենայինք տեսնել Ծովերը,- ասում եմ Արմենուհի Թումանյանին։ Արմենուհին մի պահ նայում է ինչ-որ կետի, հետո ժպտալով ասում է։
– Խնդրեմ։ Թումանյանն այնտեղ շատ է եղել։ Գնանք։
Գյուղամիջով քայլում ենք։
– Այստեղ մի մարդ է ապրում, որի հարսանիքին Թումանյանը քավոր է եղել։ Մտնե՞նք։
Բակում նստած էին «հարսն» ու «փեսան»։ Ծերունին գլուխը քաշ, տեր-ողորմյա էր քաշում, պառավը՝ ձեռքերը ծնկներին (ասես նկարվում էր), նայում էր ճանապահին։

– Բարի օր ձեզ,- բարձր ասաց Արմենուհին։- Կարելի՞ ա…
– Եկեք, եկեք։- Պառավը վեր կացավ տեղից։- Ախչի, աթոռ բերեք։
– Ասում են Հովհաննես Թումանյանը ձեր քավորն է եղել, ճի՞շտ է,- հարցնում եմ ես։

– Հա, բա ոնց, ճիշտ ա,- հպարտացավ պառավը։- Կարողա՞, որ ճիշտ չըլի…
Ծերունին լուռ, դեռևս ոչինչ չհասկանալով, նայում էր մեզ։
-Արտեմ բիձա, Թումանյանի մասին մի երկու բան ասա, լսենք։
Ասես հենց դրան էր սպասում։ Դասը սերտած աշակերտի պես ծերունին սկսեց.

– Մի անգամ հերը աղունը տարել էր աղալու. ջրաղացում տեսնելով միրգ ծախող մի գյուղացու, աղունը թողնում ա ջրաղացում, միրգը բեռնում ձին, բերում։ Կինը հարցնում ա. «Տերտեր, բա ալյուրը ո՞ւրա»։ Տերտերը թե՝ «Ջրաղացում ջրաղացպանը դեռ աղում ա»։ «Ախր, անտեր ա, կգողանան»։ «Չունեվոր մարդիկ են, թող մի քիչ էլ գողանան»,- ասում է Օհաննեսի հերը։ Օհաննեսն էլ շատ լավ մարդ էր։ Էջմիածնա որբերը բերել տանը պահում էր։ Մի օր էդ որբերին շատ հեքիաթներ ա պատմել, ծիծաղացրել ա, հետո, որ որբերը քնել են, ինքը գնացել, պարտեզում նստած լաց ա եղել… ախպերն ա տեսել…
Ու դեռ՝ «Օհաննե՜ս աղա»…
Ծերունին լռում է։
-Էլ ի՞նչ գիտեք, հայրիկ։
-Հա, Օհաննես Թումանյանը ուսում շատ էր սիրում, ուսումնասեր մարդ էր, նրա պես ուսումնասեր մարդ, ես կյանքիս մեջ տեսած չեմ։ Որ գեղ գար, իսկույն գեղիցը կհարցներ։ Մի անգամ, էլի որ գեղ էր եկել, գնացինք գանգատ արինք։ Առաջ դպրոց չկար, ասացինք, հիմա էլ դպրոց կա, ամա շատերը իրենց երեխեքին դպրոց չեն տալի։ Ասաց՝ օրինակ, ո՞վ։ Ասացինք՝ Ալեքսին։ Կանչել տվեց։ Ալեքսին եկավ, թե՝ բարով ես եկել, Օհաննես ջան։ Օհաննեսն էլ թե՝ բարիդ եմ եկել։ Էս ոնց ա, քեզնից բողոքում են։ Երեխեքին խի՞ չես դպրոց տալիս, որ աշխարհքի լիսն ու մութը ջոկեն, գրաճանաչ դառնան, խավարումը չմնան։ Ալեքսին էլ թե՝ Օհաննես ջան, չկա, բա որ ըլի, ղարգիլ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ։

«Ամեն ինչ անցողական ա,- ասաց Օհաննեսը,- ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում»։
– Ձեր հարսանիքը հիշո՞ւմ եք, – հարցնում եմ։
– Հիշում եմ… Օհաննեսը մեր քավորն էր, հարսանիքը շատ լավ անցավ, շուլուխով, օրենքով։ Ասես երեկ էր, ափսո՜ւզ…
Ծերունու հիշողությունը լավ չէր։ Մինչ նա կհավաքեր մտքերը, կինը՝ Մարիամը, ամուսնուց ջահել ու շատ աշխույժ մի պառավ, սկսեց.
– Ես ասեմ։ Թումանյանը իմ ու նշանածիս քավորն էր։ Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ ա, կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ տեսնեմ Թումանյանը։ Ծանդր մարդ էր, խելոք։ Մեծ տղի հետ կանգնած էր։ Կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ Թումանյանը տղին ասում ա. «Համլիկ, մեր էս թազա հարսին նկարիր»։ Մանչում եմ, ոնց եմ մանչում, էրեսս էրվում ա։ Կարացի ոչ փախչեմ, մնացի շշկլած, կանգնած։ Թումանյանի տղեն նկարեց, ամա ես տանը ասեցի ոչ. սկեսուրս ձեռիցս կբռներ, դուրս կաներ։ Էդպես էլ ոչ մեկին ասացի ոչ։ Էդպես էլ անցավ գնաց ու շատ բաների հետ էդ էլ եմ հիշում։
– Դե հիմա էլ ինձ ականջ արա,- խոսք վերցրեց ամուսինը։- Օհաննեսը ինչ գրել ա, ճիշտ ա գրել։ Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը։ Էդպես ա եղել։ Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղ ա ուղարկել։
– Պուլիկը մինչև հիմա էլ պահում ենք,- ասում է Մարիամ մայրիկը։
– Հա, որ գեղ գար, կխնդրեր, որ ծեր մարդիկ իրա համար բաներ պատմեին, ինքը գրի կառներ, դիմացը փող կտար… մի անգամ էլ ես եմ մի լավ բան պատմել, հիմի չեմ հիշում ինչ, ինձ երկու մանեթ ա տվել… Մի անգամ էլ գնացի Թիֆլիս, մի տեղով անցնելիս, տեհա մեր գեղացի երկու մարդ գինի են խմում։ Ասացին Օհաննեսը հիվանդ ա, գնանք մոտը։ Գնացինք։ Ծանդր հիվանդ էր։ Դուռը բաց արինք, տեսանք սեղանը մոտեցրել ա, որ բռնի վեր կենա. Բռնել ա սեղանից, մի քիչ բարձրացել ա ու չի կարողանում շարժվել։ Մեզ որ տեսավ, շատ ուրախացավ։ «Էդ ոնց ա եղել, որ Ռոստոմի խոտը էրվել ա»,- տխուր ասաց նա։ Միշտ էդպես կհետաքրքրվեր գեղացիների դարդովը։
Արևը բարձրացել, կանգնել է լեռների վրա։ Հնձած արտերի միջոցով գնում է նեղ ճանապարհ։ Գնում ենք «Ծովեր»՝ Թումանյանի սիրած վայրերից մեկը։ «Ծովերի» մոտ, կանաչ խոտերին պառկած, Թումանյանը նայել է դեպի մաքուր երկինքը, ժամերով նայել է վերջալույսի վարդագույն ամպերին, հետևել է Չաթինդաղի գագաթին նստած թխպերի խաղին, նրանց դանդաղ-դանդաղ ընթացքին ու երազել… Լսել է ծղրիդի ճռռոցը ու երազել… «Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի, կանաչի ու թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի վրայով… Գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ պառկած խորասուզվել եք ջինջ կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերը համատարած ճըռռ… ճըռռ…»։
Արևից ծառերը երկար ստվեր էին գցել։
– Հրեն Ծովերը,- ասաց Արմենուհին,- շուտով այստեղ գրողների հանգստյան տուն կկառուցվի… 22 թվին Թումանյանը դիմել է, հիմա սկսում ենք շինարարությունը՝ մոտ 47 տարի հետո… Շատ գեղեցիկ հանգստավայր է լինելու։
Մենք հասնում ենք Ծովեր, նստում ենք ստվերախիտ ծառերի տակ։ Այստեղ, գուցե հենց այս ծառի տակ, որտեղ մենք ենք նստած, տիեզերական այս լռության մեջ, նստել է Թումանյանը, նստել են Իսահակյանը, Շիրվանզադեն, Վալերի Բրյուսովը, Տերյանը, Լեոն և մեր մյուս երախտավորները։ Ճարմանայի անհաջող ճակատամարտից հետո այստեղ է դադար առել Վարդան Մամիկոնյանը ու նորից համալրված, գարնան հեղեղի պես գնացել գրոհի։ Այստեղ, 1896 թվականին ընկերներով քեֆ է արել Ստեփան Շահումյանը։ Հետագայում Շահումյանը շատ է մտաբերել Հովհաննես Թումանյանի հետ անցկացրած պահերը, ջալալօղլեցի Սերգեյ Տեր-Գրիգորյանի աղջկան՝ Քեթևանին, որին բոլորը քնքշանքով Քեթո էին ասում, և նրա կրտսեր քրոջը՝ փոքրիկ Ելենային (Լելուշ)։ Շահումյանը նամակ է գրել իր սիրած աղջկան՝ Քեթոյին, խոսքը համեմելով Թումանյանից մեջբերած մի հատվածով՝ «Ուր Չաթինդաղի…», և ավելացրել է Թումանյանի ոգով.

«Եվ ուր վերջապես ապրում են երկու սիրելի քույրեր
Քեթոն է մեկը, մյուսը՝ Լելուշ
Իրենց երկրի պես քաղցր ու անուշ»։

(Ի դեպ, Քեթոն՝ Ք. Տեր-Գրիգորյանը, հետագայում դարձավ մեծ հեղափոխականի՝ վտանգներով լեցուն կյանքի հավատարիմ ընկերուհին)։
Նստում, հանգստանում ենք կանաչ խոտերին։ Ծառերի ստվերները պառկել են լճի վրայով, և ջուրն այնպես վճիտ է…
Ես մտնում եմ անտառ ու խորանում եմ անտառի մեջ։ Մարցի անտառներն են։ Հաճարենիների կատարները երկինք են հասնում։ Արևը դժվարությամբ է ընկնում անտառ և այնպես հով է, այնպես մութ ու խաղաղ…

Վեր է կացել են սարում
Մեր Չալանկը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։
Պարզ, հասարակ, ու էնքան պարզ ու հասարակ, որ թվում է նստես, դու էլ էդպես կգրես։ Բայց չէ, ինչքան պարզ ու էնքան էլ հանճարեղ է։
Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե՝ կգան…
Զո՜ւր… վաղուց են, ախ, նրանք
Մեր սարերից գնացել.
Էդ զիլ ձեներն են մենակ Իմ ականջում մնացել…

Սուս… լռություն է. ոչ ձայն, ոչ ծպտուն. լռության մեջ թշշում է մթին անտառը։

Հետո մենք գնացինք նայելու Դիդը։ Գյուղի վերևի մասով էինք անցնում։ Մի ջինջ, սառն
առվակի վրայով անցնելիս, մեկն ասաց.
– Թումանյանը էստեղ լողացել ա։
Ակամայից կանգ առա, նայեցի ներքև վազող ջրերին։
– Այսինքն փոքր ժամանակ. գրած էլ ունի։
Էն առվակում կեսօրին
Երբ որ շոգից նեղանում
Գնում էինք լողանում…
– Էս առվակի մասին ա ասում։ Մարոն էլ հրեն էնտեղ ա թաղված։
Մեզ ցույց տվեցին հեռվում, մեն-մենակ կանգնած մի ծառ։
– Էնտեղ ա թաղված։ Հիշո՞ւմ եք.
Էն մենավոր ծառի տա
Փոս փորեցին մի խորին
Առանց ժամ ու պատարագ՝
Մեջը դրին Մարոյին։
– Մենավոր ծառը էն ա։
Դիդն արդեն մոտ էր։ Սա Թումանյանի ամենասիրած վայրն է. «Հեյ գիդի հա… Ի՜նչ օրեր եմ անցկացրել փոքր ժամանակս էստեղ։ Երեխեքով հավաքվում էինք Դըդի դոշը՝ ուրց էինք քաղում, հասկերից պկու շինում, մեջքներիս վրա պառկում էինք ու ածում… ի՜նչ լավ էր… »։ Իր կյանքի վերջին օրերին, Մոսկվայում, ծանր հիվանդ, Թումանյանը նորից անհուն կարոտով հիշել է Դիդը. «Շատ էի ուզում, որ Դըդի ուսին լինեմ. էնտեղ եմ անցկացրել երեխա ժամանակիս լավ օրերը… Շատ եմ խաղացել էնտեղ, շա՜տ…»։ Թումանյանը նույնիսկ երգ ունի Դիդի մասին, որի խոսքն ու երաժշտությունը ինքը՝ մեծ բանաստեղծն է գրել։ Տուն-թանգարանում Արմենուհի Թումանյանը շատ չարչարվեց, բայց մագնիտաֆոնը չաշխատեց։
– Մագնիտաֆոնը շատ է հին, չի աշխատում, ուզո՞ւմ եք ես երգեմ ձեզ համար.
Ամպ ու հովերն անո՜ւշ-անո՜ւշ,-
Անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ,
Անջրայի՜ն, թեթևա՜սահ
Ամպ ու հովերն անո՜ւշ-անո՜ւշ։
Թախծոտ երգեց Արմենուհին։
Չկատարվեց Թումանյանի երազանքը։ Չկարողացավ վերջին անգամ տեսնել Դիդը, հրաժեշտ տալ Դիդին…
Դեռ պատանի, դեռ Ջալալօղլում, նա երազում էր տեսնել Եգիպտոսը ու երբ հեռանում էր Ջալալօղլուց, և ընկերները հրաժեշտի երգ էին երգում.
«Է՞ր հեռանա
Քո մայրենի աշխարհից…»
Նա գնում էր ու ասում.
– Ես ձեզ կտանեմ Եգիպտոս…
Եգիպտոս… Նա Ղարաբաղն անգամ չկարողացավ տեսնել. Լեոին խոստացել էր, իր բժիշկը ղարաբաղցի էր՝ «մի շատ լավ, ազիզ տղա»՝ Գրիգոր Սուղյան, նրան էլ էր խոստացել ու չկարողացավ կատարել խոստումը, չկարողացավ անգամ Ալեքսանդրապոլ մեկնել՝ «Անուշ» օպերայի առաջին ներկայացմանը… Ժամանակ չուներ։ Մեծ հաշտարար էր, կյանքը վտանգի տակ դնելով, սպիտակ դրոշը ձեռքին, լեռներում ման էր գալիս. «Ինչպես պիտի ծիծաղեք, երբ ինձ տեսնեք լեռներում, պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով»։ Հետո՝ «…ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղություն պահպանելու… Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ»։ Եվ այսպիսի մարդու՝ Սարբոնի ու Պետերբուրգի համալսարաններն ավարտած երեք որդիներին բոլշևիկները տարան սիբիրներում կորցրին։
Դժբախտ դարում էր ծնվել, ժամանակ չուներ, և գրվելիք բանաստեղծություններն ու պատմվածքները դառնում էին նամակի պարզ ու հասարակ տողեր.

«…Վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, Արևելքում պատռվեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու իսկույն… կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրով ու մշուշով… Բայց այն ինչ հրաշք էր։ Այն Արևելքի ոսկե դռներն էին…»։

«Ես չեմ մոռանա այդ րոպեն. ոտներիս տակ, ներքև, պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը…
Հրազդան, գետակդ իմ հայրենի,
Հրազդան, ջըրիկդ իմ անուշիկ…»
«Ղողանջում էին Էջմիածնի զանգերը-լայնածավալ հառաչանքի նման, ես երբեք այսքան
տխուր չեմ լսել Էջմիածնի զանգերի ձենը»։
«Ես աշխատում էի չնայել Արաքսին ու Մասիսին։ Բայց, այնուամենայնիվ, նայեցի մի անհասկանալի երկյուղով- Մասիսի գլուխն ծածկված էր ամպերի տակ.
Արաքսը ձեն չէր հանում- չէր պտտում
Ծանր ու խոր թշշում էր…»։
Մենք բարձրանում ենք Դիդի կատարը։ Երևում են Չաթինդաղի, Պապաքարի, Դվալի, Լալվարի, Քոշաքարի, Ղարախաչի լեռները, Մոտկորի անտառներն ու Լոռու ձորերը։ «Հեյ գիդի հա, մեր Լոռվա սարերը, ձորերը, անտառները…- մահվան մահիճին գամված ասել է նա,- մտքովս ինչպես գնացի հին ծանոթներիս մոտ, որ հիմի չկան, ինչպես եմ վերապրում անցած կյանքս՝ արդեն չքացած…»։ Երևի վերջին ժամերին նորից Դիդն է հիշել. «Մարդ հիմի բարձր, շատ բարձր սարի վրա լինի»։ Մահը արդեն մոտ, շատ մոտ էր, իսկ նա երազում էր, երազում էր… «Ախ, երանի «Հազարան բլբուլս» գրած լինեի, ի՞նչ լավ կլիներ»։ «Ախ, մի վեր կենամ, ինչե՜ր կարելի է հրապարակել, ի՜նչ հնարավորություններ կան հիմա պարապելու, գրելու, բոլորը, բոլորը կա՝ առատ, լավ, իսկ ես… ես էս օրի եմ»։ «Խանգարեցին, չթողեցին մարդ նստի, իրեն գործով կենա։ Ինչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ վռազ, ոտի վրա»։ Ու նորից՝ «Ախ, թե մի առողջանայի, դռներս պինդ եմ փակելու, որ էլ մարդ չթողնեմ ներս, նստելու եմ ու պարապելու և լավ եմ պարապելու»։ «Գարունքի հետ հենց աչքերս բացվեն, ինչեր եմ թափելու, հեքիաթների, լեգենդների հեղեղ…»։ «Շատ բեդովլաթ ժառանգ դուրս եկա։ Լոռին ինձ ահագին կապիտալ էր տվել, ծախսեցի, փուչ արի։ Ինչպես շռայլեցի, բոլորը կորցրի…»։

Կյանքս արի հրապարակ, ոտի կոխան ամենքի,
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի։
Մահվանից առաջ կարոտով ասել է. «Ես ավելի շատ մեր տունը կգնամ, մեր տունը
էնքան եմ կարոտել…» (Հիշո՞ւմ եք «Գիքորում». «…ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դեդի… ես մեր տունն եմ գնում…»)։
Դա էլ չկատարվեց, դա էլ մնաց սրտումը։ 1923 թվի մարտի 22-ին (Դսեղում արդեն գարուն էր) Մոսկվայում մի ցուրտ, մի սառնամանիք առավոտ Թումանյան հարազատներին պատգամ արեց.
– Ղոչաղ կացեք։- Ու դեռ այնքան ջահել՝ գնաց աշխարհից.
Աղբյուրները հնչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն
Պոետները կանչում են ու անց կենում…
Հեռվում ինչ-որ տեղ մեկը երկար կանչում է։ Հովիվ է երևի, ընկերոջն է կանչում։

Ես սթափվում եմ մտքերից։
– Գնանք, արդեն ուշ է,- ասում է Արմենուհին։
Արևը մոտենում է Չաթինդաղի կատարներին։ Մենք բլուրն ի վար իջնում ենք դեպ գյուղ։
Երկնքում հատուկենտ աստղեր են երևում։
Հեռվում, Ծաթերից այն կողմ, լեռների վրա երևում է լուսինը՝ կիսատ հաց՝ վրա
մատների հետքեր։
Հրաժեշտ ենք տալիս դսեղցիներին ու Դսեղին։ Արդեն տոմս են պատվիրել մեզ համար, դանդաղ, զրուցելով իջնում ենք դեպի Թումանյան բարձունքը։
Գեղեցիկ է Լոռու ձորը՝ շրջված երկինք։ Լուսինը լեռների ետևից ելել ու մնացել է կանգնած. ձորը խորն է, վախենում է ձորի վրայով անցնել, իսկ աստղերը՝ ցածր, խոշոր-խոշոր, պլշած նայում են։ Ներքևում վշշում է «տան տակի ձորի» Դեբեդը. «Գիշերները լռության մեջ միշտ ականջ էի դնում Դեբեդի ձայնին՝ երբեմն խուլ ու խոր, երբեմն պարզ ու ահավոր։ Եվ կարծես խոսում էր հոգուս հետ…»։ Լուսնալուսնի տակ փայլփլում ու կորչում է Դեբեդը, ասես կանչում է. «Արի, Անուշ, արի տանեմ յարիդ մոտ»։
Վերևում բարձր, շատ բարձր, կամիր լույս արձակելով մի օդանավ անցավ, հետո մի
աստղ պոկվեց, գնաց, կորավ աստղերի մեջ։
Երկնքի անհուն, հեռու խորքերի
Անմուրազ մեռած սիրահարներ
Աստղերը թըռած իրար են գալիս…
– Սա Թումանյանի բարձունքն է։ Դսեղ գյուղը հիմա կոչվում է Թումանյան, հրեն Թումանյան բանավանը, Թումանյան կայարանը։ 950 աշակերտի համար դպրոց ենք կառուցում, էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ 21 կիլոմետր հեռավորությունից Փորթ-փորթ աղբյուրի ջուրը գյուղ ենք բերում և աղբյուրը էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ Սանահինի քարափին ամբողջ հասակով մեկ կանգնեցնում ենք արձանը։- Դսեղ գյուղի կոլտնտեսության նախագահ Սարգիս Աղաբեկյանն է խոսողը։
– Այնպես որ, համատարած Թումանյան է,- ժպտում է Արմենուհին և արտասանում է Էմինի տողերը.
Երբ Թումանյանը աշխարհում չկար,
Արդյոք Լոռվա սեգ լեռները կայի՞ն…
-Չկային,- իսկույն ասում է Սարգիս Աղաբեկյանը ու շարունակում է,- Էս ձորում՝ Ձաղի ձոր ենք ասում, Թումանյանի պապոնց այգիներն են եղել, որի մասին «Հին օրհնության» մեջ գրել է։ Լույս լիներ, կգնայինք, կնայեինք, ընկուզենիների բները մնում են դեռ։ Էն ձորում էր ապրում Ղոխնանց պապը։ Հիշո՞ւմ եք, «Հառաչանքում» գրած է։ «Հառաչանքում» գրածը հենց ինքը՝ Ղոխնանց պապն է պատմել Թումանյանին։
Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։
– Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք,- ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։
Նեղ կածանով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ կածանն է. մորոլվելու վախ չունենք։

Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.

Հեյ , պարոններ, տեսա կանաչ գարունքի
Էս սարերում լաց էր լինում մի պախրա,
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին
Էս սարերում լաց էր լինում մի պախրա
Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից
Գանգատվելով մարդու անգութ արարքից
Արյուն տալով, մղկտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա…։
Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Փամբակի լեռներում սուլեց, հետո երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։

Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։

Share Button

1 Կարծիք

  • Կարդալով Լևոն Ադյանի «Էն Լոռու ձորն է» էսսեն, մի անգամ ևս համոզվեցի, որ դեռ վաղուց ճիշտ էի նկատել, որ Ադյանի գրվածքներում զգացվում է մեծ արվեստագետի ոգին։ Հավելեմ, որ դա ցգացվում է նրա բոլոր գրվացքներում, առանձնապես մանրաքանդակներում՝ նվիրված հայրենի Արցախին ու հավերժական սիրուն։
    Երբեմն զգում ես, որ գրող Ադյանը նկարիչ է, նրա գրիչը փոխվում է վրձինի ու, անգամ մթության պատկերի մեջ՝ պատմելով, նկարելով նեղ ու սպիտակ կածանը, երկնքում երևացող մի քանի աստղերը, կողքին ընկած կիսալուսինը, որ դանդաղ սահում էր երկնքով, հիանում ես:
    Տեսեք ինչքան գեղեցիկ է նկարագրում.
    «Լուռ են անտառները, ձորերը ամպի տակ խոոր քնած են ու էլի լուռ են, արդեն հալվում, ցրտում է տաք գիշերը և այս շուրջ բոլոր լռության մեջ Դեբետն է միայն վշշում»…
    Լևոն Ադյանը հրաշալի և պատկերավոր է նկարագրում Լոռվա բնությունը, անտառներն ու լեռները, թե ինչպես է լեռան կատարից երևում Լոռվա գեղեցիկ ձորը, պատմական Տաշիրքի հրաշք ձորը։
    Ասեմ, որ մեծ հաճուք ստացա և մեկ անգամ ևս համոզվեցի, որ պարոն Ադյանի ստեղծագործություններում զգացվում է Թումանյանի շունչը։
    Կարդալով այս հիշողությունը, նկատեցի, որ Լոռվա բնությունը շատ նման է Արցախի բնությանը և մեծ կարոտ զգացի, թախիծը պատեց ինձ և մեծ ցավ զգացի։
    Լինելով արցախցի, հիշեցի իմ հրաշք երկիրը, մեր լուսընկա գիշերները, աստղազարդ երկինքը, մեր ջրերի կարկաչն ու անտառների խշշոցը, մեր սառն աղբյուրների ջուրը, մեր անտառների մաքուր օդը, որ կարծես կլանում ես ու զգում նրա սառնությունը, ուժն ու շունչը։
    Պարոն Ադյանն իր մանրաքանդակներում հաճախ է հիշեցնում այս մասին և օտար ափերում ապրող մեր հայրենակիցներին ադյանական հմուտ վարպետությամբ ու իր հոգու ոսկի լարով մեզ կապում է հայրենիքին , որին շատ ենք կարոտում։ Մի տեսակ կարոտը փոխվում է ուրախության։ Իսկ այժմ, հիշելով այդ ամենը, հոգիս մոլեգնում է, ցասումը պատում է ինձ ու ես գոռալ եմ ուզում՝ անարդսր ու դաժան աշխարհին. «Ինչու՞, ինչու՞ է թուրքը վխտում մեր ձորերում, անտառներում ու դաշտերում։ Ի՞նչ իրավունքով է տիրություն անում, մեր գյուղերին, տեր աստված։ Ինչու՞։ Չէ՞ որ այն ամենը մերն է, մեր անտառներն են, մեր սարերը, ձորերն ու դաշտերն են, մեր դարեր ապրած ժայռերն են, մեր պապենական սուբ հողն է, մեր պապերի գերեզմաններն են, մեր վանքերն ու սրբություններն են։ Ինչու՞ պիտի թուրքը տիրանա, ինչու՞, տեր աստված։ Որտե՞ղ է արդարությունը…»
    Ուզում էի, որպես ընթերցող, իմ կարծիքը հայտնել պարոն Ադյանի հրաշալի էսսեի մասին՝ նվիրված համայն հայության Մեծն Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։
    Այն հոյակապ է՝ գրված անսահման գեղեցիկ, պատկերավոր և մատուցված ադյանական հրաշալի ոճով, որի համար, որպես ընթերցող, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Գրանիշին»՝ այս գործը տպագրելու համար:
    Լորա Մկրտչյան
    Դոնի Ռոստով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *