Ուժեղ է Ջաջուռի հողը:Ջաջուռի հողը տաղանդներ է ծնում:
Ջաջուռում քամիները փչում են մի ուղղությամբ,
խոտերը այդ նույն ուղղությամբ հակված են հողին, ծառերը կիսատ են, մի կողմը կանաչ է, փարթամ, մյուս կողմը քայքայել են քամիները: Ջաջուռի քարերի մեջ ծաղկում է արևանթեմը, փոքրիկ, արևագույն, արևահոտ ծաղիկ: Արևանթեմը մարդկանց նման է, քարերի մեջ է ապաստան փնտրում, որ քամիներից չճկվի, որ ուղիղ կանգնած մնա` գլուխը բարձր, հայացքը` արևին:
Արևանթեմների մեջ մեծացավ Աշոտ Ավդալյանը, քամիների հետ խաղաց ու արև երգեց: Իր առաջին ժողովածուն Ավդալյանը վերնագրեց «Արևանթեմ»:
Դեռևս 1976թ. ժողովածուում հանձնարարվեց տպագրության, սակայն այդպես էլ լույս չտեսավ: «Արևանթեմի» 150-ից ավել բանաստեղծությունները կրճատվեցին, կրճատվեցին, և 1980թ. լույս տեսավ «Նավասարդ» ժողովածուն, որում մնացել էր 46 բանաստեղծություն միայն: Ժողովածուի ծավալը փոքրացնելու պատճառը բանաստեղծությունների որակը չէր: Այդ տարիներին հրատարակչությունը ցանկանում էր հնարավորինս շատ սկսնակ գրողների հրատարակվելու հնարավորթյուն տալ, դրա համար անհրաժեշտ էր կրճատել եղածների ծավալը: Իսկ Ավդալյանը հետամուտ չէր իր ստեղծագործությունների տպագրմանը, նրա գործը գրելն էր, չգիտեր հրատարակչությունների դռները ծեծել, չէր պահանջում, որ ժողվածուն ամբողջությանբ տպագրվի: Մեր կարծիքով, ժողովածուի կրճատումը եղել է հեղինակի կամքից անկախ, նույնիսկ հակառակ, այդ պատճառով էլ ճիշտ ենք համարում Աշոտ Ավդալյանի առաջին ժողովածուն համարել հենց «Արևանթեմը» և ոչ «Նավասարդը»:
Ժողովածուն բացվում է «Կանաչների պաղ հայացքների տակ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են 5 բանաստեղծական շարքերը` «Արևանթեմ», «Քույր` արեգա ծուռ», «Օրհնություն արևին», «Եվ ծառերը հոգնած», «Նավասարդ»: Սրանից փաստորեն տպագրվեցին «Արևանթեմ» և «Օրհնություն արևին» շարքերից բանաստեղծություններ` «Արեգակ» խորագրով և «Նավասարդ» շարքն ամբողջությամբ: Մյուս բանաստեղծությունները կամ տպագրվեցին հետագա ժողովածուներում, կամ մինչև օրս մնում են անտիպ:
«Կանաչների պաղ հայացքների տակ» նախերգանք-նախաբանը լավագույնս բնութագրում է Ավդալյան բանաստեղծին:
Ուզում եմ երգին մոտենալ այնպես,
Ինչպես որ սիրտն է սրտին մոտենում: [1]
Բանաստեղծի կոչման պատասխանատվության ու հրաշալիքի գիտակցությունը բազմիցս արտահայտվում է ոչ միյան «Արևանթեմ»-ում, այլև մյուս ժողովածուներում: Բանաստեղծի առաքելությունը արարչական է, բանաստեղծը երբեք պատահական չի ծնվում, նրա ծնունդը որոշված է վերուստ, մի վերին ուժի կողմից՝ կլինի դա Աստված, թե բնության տիեզերական ոգին(«Քամիները մի տեղ բանաստեղծ են ծնել»): Բանաստեղծի առաքելությունը ծանր է, բայց ահռելի է նրա ուժը: Բանաստեղծության ուժի դիմաց նսեմանում է ինքը բանաստեղծը: «Եվ արեգակը Բանաստեղծության քայլով տիրացավ աշխարհին, հողին», – գրում է Ավդալյանը՝ սրանով իսկ հաստատելով բանատեղծությունը որպես բարձրագույն արարում, բնություն, կամք, կյանք, հաստատելով և հակառակը՝ ամեն արարում բանաստեղծություն է:
Առաջինը, որ աչքի է ընկնում Ավդալյանի «Արևանթեմ» ժողովածուում և նրա պոեզիայում ընդհանրապես, անսահման կենսասիրությունն է: Այս առթիվ ասենք, որ Ավդալայնի ստեղծագործությունների մի մասի վրա նկատելի է հայ դասական բանաստեղծների`Տերյանի, Իսահակյանի և այլոց ազդեցությունը` վերացական տառապանքի, դժբախտության, անարդարության, կյանքի կարճատև և սին լինելու, երջանկության անհնարինության տրամադրություններով, որոնք հետզհետե անհետանում են՝ տեղը զիջելով մաքուր, բնական երջանկությանը, անսահման, մի տեսակ աստվածային սիրուն կյանի, բնության ու մարդու հանդեպ: Վահագն Դավթյանը «Երկրատես» ժողովածուի առաջաբանում գրում է. «Մոտիկից ճանաչողները ինձ պատմել են, որ բանաստեղծությունների այս գրքի հեղինակը բացառիկ մաքուր էություն է եղել, այնքան մաքուր, որ ոգեղեն է թվացել, ու թվացել է, թե երբ առնչվում ես հետը, ինքդ էլ ես մաքրվում»[2]: Թերևս միայն այդպիսի մաքուր էությունը կարող էր իր մեջ ուժ գտնել աշխարհին նայել այն անսահման, մանկական հիացմունքով ու հավատով, որ բնորոշ է Ավդալյանին: Թերևս սրանում է նրա պոեզիայի հոգին մաքրող, հանգիստ պարգևող բնույթի գաղտնիքը, որի մասին շատերն են գրել. «Ինչքան կարդում եմ Աշոտ Ավդալյան, այնքան ավելի եմ հիանում: Բացառիկ լեզվաշերտ, հրաշալի պատկերային մտածողություն, երազի ու իրականության տարածությունն է նույնանում, հեքիաթի՞, թե՞ շոշափվող ժամանակ է, սահմաններն են անհետանում: Իսկ լույսը մաքրում է ներսից ու դրսից. դու ավդալյանական աշխարհում ես»(Հուսիկ Արա)[4]:
Առաջին հայացքից գուցե թվա, թե այդ մաքրությունը, ոգեղենությունը պիտի մարմին առած լինեին պարզ, թափանցիկ ձևերի մեջ, գուցե մի քիչ գունատ, ուրուական պատկերներում: Իրականում «Արևանթեմ»-ում գերիշխողը տաք, հագեցած գույներն են: «Մեղրի ծորացող, կպչուն մեղմությամբ». այսպես է Ավդալյանը բնութագրում լույսը, և այս բնությագիրը առավել քան համապատասխանում է նրա պոեզիային. բյուրեղի պսպղունություն մի կողմից, տաք, կպչուն, քաղցր հագեցվածություն մյուս կողմից: Նրա պատկերները հիշեցնում են Մինասի կտավները, ով, ի դեպ, Ավդալյանի համար եղել է ավագ ընկեր, խորհրդատու և օգնական: Այս նմանության «մեղավորը» երևի Ջաջուռի բնաշխարհն է, Ջաջուռի կյանքը: Նույն կենդանի կարմիրն է, շողշողուն ցորեն, մի տեսակ ծույլ, հանդարտ լույս, անսահման սեր այդ ամենի հանդեպ: Ավդալյանի պոեզիայի ու Մինասի կտավենրի նմանությունը շատ բանաստեղծություններում է նկատելի, բայց լավագույնս արտահայտվում է Մինաս Ավետիսյանին նվիրված բանաստեղծության մեջ.
Մերկ ոտքերին հագած կարմիր տրեխներ
Արևն հողին արշալույսներ նվիրեց,
Կարմրեցին դաշտեր, դռներ, աղբյուներ,
Երջանկացան ծառ ու ծաղիկ, գույն ու սեզ:
…Լույսը հոսեց ու երկինքը դատարկվեց,
Հողից ելան կարմրադեմ ստվերներ,
Թափառեցին սև ոտերով կարմրի մեջ,
Հետո դարձան դեղին, հասած մարմիններ:[1]
Անչափ հետաքրքիր է հեթանոսության ու քրիստոնեության միաձուլումը Ավդալյանի պոեզիայում: Հեթանոս և քրիստոնյա. առաջին հայացքից իրարամերժ թվացող հասկացություններ, բայց երբ ասում ենք Ավդալյանի վերաբերմամբ, դառնում է լիովին բնական: Բանաստեղծը, որին մտերիմները Սուրբ էին կոչում, կարող էր գովերգել հեթանոսությունը, դրանով հանդերձ մնալ առավել քան քրիստոնյա, կարող էր աղոթել Աստծուն` իր մեջ կրելով ու զգալով նախնիների հեթանոս արյունը.
Ահա պոկվում են ինձանից հիմա այնքան կրակներ,
Որ հեթանոսը կարող էր հազար զոհեր խորովել,
Եվ ունեմ, ունեմ, հիմա, այս պահին աստծո թևեր,
Զոհերին բերեք, հարություն կտամ, կնվիրեմ ձեզ: [1]
Հեթանոսականն ու քրիստոնեականը նրա մոտ միավորվում են նախ բնույթան մեջ, և հետո` ազգայինում: Իր արմատները Ավդալյանը փնտրում էր անցյալում(«Անցյալը մեծ ուժ է, անցյալը բաց երդիկ»), իսկ անցյալը հեթանոս նախապապերն են, անցյալը դարեր տեսած վանքերն են, ժողովրդական հավատալիքներն են, Նարեկացին է ու միջնադարյան շարականները: Արեգակը, որին իր օրհնությունն է հղում բանստեղծը, հեթանոս է նույնքան, որքան Աստղիկն ու Վահագն էին, միևնույն ժամանակ նույնքան Աստվածային է, որքան Շնորհալու «արեգակն արդար»: Նյութից շեղվելով պիտի նշենք, որ միջնադարյան հայ գրականությունը հսկայական ազդեցություն է թողել Ավդալյանի վրա: «Ամեն ինչ կարելի է գտնել այստեղ, – գրում է Հրաչյա Թամրազյանը «Իրիկնափոշին, որ աստղ է հունցում…» հոդվածում, – միջնադարյան հին հմայիլներից, բանդագուշանքներից, հանելուկներից մինչև հոգևոր երգերի շնչառությունը, մինչև խաղիկների գունախաղերն ու հայրենների խաղացկուն տաղաչափությունը»: Ընդ որում միջնադարյան գրականությունը Ավդալյնանը կլանել է տենդագին արագությամբ, կարճ ժամանակամիջոցում ոչ միայն կարդալով, այլև յուրացնելով հայ հին ու միջնարդարյան վիթխարի գրականությունը: Ահա «Նարեկացուն» բանաստեղծությունից մի հաված.
Հաղորդակցվելով լեզվով հնամյա
Նոր զգացում ես իմ մեջ ճառագում,
Սասանվում են հիմքերը հոգուս,
Ու նմանվում եմ
Հավիտենության սահմանը թռչող
Կուրացած թռչնի…
Նարեկացու, գրաբարի, միջնադարի ձայնը բանաստեղծի մեջ հնչում է ամենբարձր զանգերից էլ հնչուն, միաձուլվում արյանը, հոսում երակներն ի վար, դառնում աղբյուրը, որից սնվում է բանաստեղծությունը: «Ցանկացա տեսնել իմ արմատները, որ ազատություն ունենամ բառը կետադրելիս»,- բացատրում է Ավդալյանը: Հատկանշական է, որ իր՝ բանաստեղծի առաքելություններից մեկն էլ նա համարում է միջնադարը կյանքի կոչելը, վերակենդանացնելը այնպես, ինչպես հնադարյան եկեղեցին է վերակենդանանում առավոտյան ճառագայթներից(«Լույսը իջավ եկեղեցուն», « Անցյալը մեծ ուժ է»):
Մյուս կողմից, ժողովածուի հենց առաջին՝ «Կանաչների պաղ հայացքների տակ» բանաստեղծությունից պարզ է. Ավդալյանի գրեթե միակ մուսան, ներշնչանքի հիմնական ու ամենակարևոր աղբյուրը բնությունն է: Բնության մեջ մարմնավորվում են Ավդալյանի բոլոր զգացմունքները, ցանկացած ապրում, ավելին` խոհ, միտք, մտածմունք մարմին են առնում բնության մեջ: Սակայն, որքան էլ մեծ է բնության խորհրդանշանական դերը բանաստեղծության մեջ, բնությունը չի կորցնում իր մարմնեղեն, ֆիզիկական բնույթը, հոգևոր դառնալով` մնում է մարմին: Բնությունը երգվելու համար կարիք չունի խորհրդանշան դառնալու. արևը միայն խորհրդանիշ չէ, արևը նաև պարզապես տիեզերական մարմին է, լուսատու, որն ամեն առավոտ լուսավորում է Ջաջուռի սարերը: Արևանթեմը, այո՛, կյանքի, ջահելության, սիրո խորհրդանիշն է, բայց դրանից զատ, դրանից առաջ արևանթեմը ծաղիկ է, որ աճում է քարերի վրա և արևի գույն ունի: Եվ սա է այս ծաղկի մեծագույն խորհուրդը: Այս ծաղկի գոյության համար կարելի է զոհեր մատուցել ու փառաբանել հեթանոս աստվածներին, իսկ հետո աղոթել ու փառք տալ Աստծուն, քանզի կարևորը արարման խորհուրդն է և ոչ արարիչն ինքը:
Հեթանոսական ոգին ամենից ուժեղ է ժողովածուի վերջին՝ «Նավասարդ» շարքում, որի 12 բանաստեղծություններից յուրաքանչյուրը նվիրված է հին հայկական տոմարի ամիսներից մեկին և վերնագրված է այդ ամսի անունով: Եթե մինչև այդ էլ հեթանոսականի պատկերումը մտքեր է առաջացնում արևմտահայ գրականության «Հեթանոսական շարժման» հետ ունեցած կապի մասին, ապա այստեղ արդեն այդ կապն ամրանում է, մարմին առնում: Իրենց ներշնչանքով, ոգով «Նավասարդ»-ի բանաստեղծությունները սերտ առնչություն ունեն հատկապես Վարուժանի «Հեթանոս երգեր»-ի հետ: Սակայն տարբերությունը ևս ակնհայտ է: Անցյալի մեռած արժենքների վերակենդանացում չէ Ավդալյանի պոեզիան, անցյալի ուժի ու գեղեցկության կարոտ չէ, անցյալում մոռացված երջանկություն գտնելու փափագ չէ, այստեղ ափսոսանք չկա: Հույզերն ու զգացումները իրական են տվյալ տարածաժամանակային կետում, արթնանում են ներկայում, կարծես արյան կանչով: Բանաստեղծը ներկայում կանգնած, անցյալը կանչող մարդը չէ, նա հեթանոս քուրմ է, որը հին հայկական ամիսները գտնում է իր մեջ, իր միջով՝ շրջապատում: Ավելին՝ ջնջվում է անցյալ-ներկա հակասությունը, դառնում հարատևի միասնական հոսք: Փաթաթվելով կյանքին՝ այդ ամիսները հոսել են ժամանակի միջով, այդ ամիսները չեն մեռել, չեն մոռացվել, նույնքան կենդանի են, նույնքան զորեղ, որքան դարեր առաջ էին: Ինչքան էլ փոխենք անվանումը, էությունը, միևնույնն է, պիտի սպրդի եթե ոչ հիշողության, ապա գոնե երազների ու տեսիքների մեջ:
Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց… ամիս առ ամիս անցնում է երգը՝ իբրև կյանքի օրհներգ. յուրաքանչյուր տող շարժում է, յուրաքանչյու բանաստեղծության մեջ հաստատվում է ապրելու, երգելու, բանաստեղծելու իրավունքը: Պատկերների հարստության համեմատ բանաստեղծությունները կարելի է փոքրածավալ անվանել, խոսքը հոսում է հեղեի պես, ընթերցողին շրջապտույտի մեջ առնում: Երբեմն չես էլ հասցնում որսալ բոլոր պատկերները, ամեն վերընթերցում մի նոր վրձնահարվածի հայտնագործություն է, մի նոր շարժումի որս: Հավատք ու հավատալիքներ, ծեսերի արձագանքներ, կենցաղ ու առօրյա՝ իր անցյալ-ներկայի մեջ, մանկական խինդ, հազարամյա իմաստուն հանգստություն, հին ու նոր աստվածներ, Գոյության կամք, սիրո ու կյանքի փառաբանություն ամիս առ ամիս՝ ամեն օր, ամեն պահ: Սա այն նվազագույնն է, որ կարելի է գտնել «Նավասարդում»: «Նավասարդն» իր ամբողջույթան մեջ բանաստեղծին կյանք տվող ուժն է.
Ու ես հիմա իբրև Ուժ, և Քերթության օրորոց
Օջախներում կծխամ և մանկություն կավետեմ…[1]
Ավդալյանի «Արևանթեմ» ժողովածուն իր ողջ բազմազանությամբ ու հարստությամբ դժվար է տեղավորել մի քանի էջում: Մենք փորձեցինք տալ ժողովածուի ընդամենը սեղմ ուրվագիծը՝ հիմնական մոտիվներով, ապրումներով, խոհերով: Ավդալյան-բանաստեղծի մասին կարելի է խոսել շատ երկար. իր ամեն բանաստեղծության մեջ նա բացահայտվում է նորովի, ամեն տողում բերելով նոր, միևնույն ժամանակ չափազանց հարազատ աշխարհ՝ մի տեսակ տաք, մտերիմ սիրով լի:
1. Աշատ Ավդալյանի արխիվ, Արևանթեմ:
2. Ավդալյան Ա., Երկրատես, Եր., Սովետական գրող, 1988:
3. Ավդալյան Ա., Կյանքից դեպի կյանք, Եր., Նաիրի, 1997:
4. https://www.facebook.com/home.php#!/groups/125915877446718/