Ծնվել է 1963 թ. Իրանի Գյարմսար քաղաքում: Իրանի Իսլամական հետհեղափոխության շրջանի
ճանաչված բանաստեղծներից է: Ավելի քան 40 բանաստեղծությունների ժողովածուների, հետազոտությունների, քննադատական-վերլուծական գրքերի հեղինակ է: Իրանի մշակույթի ներկայացուցիչն է Տաջիկստանում: Եղելէ իսլամական հեղափոխությանը նվիրված պոեզիայի առաջին միջազգային փառատոնի նախագահը: Հնդկաստանում պարսից լեզվի ուսումնասիրության կենտրոնի նախագահն է:
ԳԱՐՈՒՆԸ ՎԵՐԵԼԱԿՈՒՄ
Հոսանքը անջատվել էր
Գարունը լռվել ու
Անձրև էր տեղում վերելակում
Դե եթե հոսանք չկա
Լուսինը սոսնձվում է երկնքի առաստաղին
Հասարակածներն ու ուղեծրերը
Սոսնձվում են երկրի առաստաղին
Էս երկրի ու երկնքի առաստաղներին սոսնձվելը
Լուրջ մի ընդունեք
Բայց էս հոսանքներն ու անձրևները լուրջ են
Ու էն որ երբեմն
Գարունը լռվում է վերելակում
ՔՈ ԱՐՈՒՆԸ ՉԻ ԶԱՆԳԻ
Թաքնվում ես ծառի մեջ
Ու մահը
Տերևի նման
Թափում ես թշնամու գլխին
Ճնճղուկը նստում է ուսիդ
Ու մի ագռավ պայթում է
Թաքնվում ես քամու մեջ
Ու դուրս ես գալիս «Փոստերներից»
Խրամատավորվում ես հայտարարություններում
Ու կրակոցի ձենը լսվում է ամպից
Բջջային հեռախոսները զանգահարում են
Բայց քո արունը երբեք չի զանգի
***
Միշտ ցանկացել եմ շապիկը ծովի
Չորացնել ինչ-որ պարանի վրա
Միշտ ցանկացել եմ գողանամ ժամացույցը ժամանակի
Հենց էնպես երբ չարաճճորեն
Քամիների գլխից վերցնում եմ գլխարկը
Միշտ ցանկացել եմ երգեմ
Չգրված երգերը հրեշտակների
Բայց մեկը միշտ
Ծովից ու ինձնից ավելի բարձր
Ժամանակից ու ինձնից ավելի բարձր
Նույնիսկ Աստծո հրեշտակներից ավելի բարձր
Լրիվ նոր բանաստեղծություններով
Հասնում է ճամփից
Ու մեզ վրա ծիծաղում է…
***
Լուսաբացին արթնանում ես
Ու չես տեսնում երկինքը
Քոչել է գնչուների պես
***
Էս անձրևը որ գա
Էս ծառերը որ ջահելանան
Էս ծաղիկները որ խոսելու տարիքին հասնեն
Այս աստղերը որ փեսաներ դառնան ու
Էս լուսինը բախտի տունը գնա
Էս աղբյուրները որ գտնեն գետի կորած երեխային
Էս ամպերը որ գլուխները դնեն իրենց բարձերին ու քնեն
Էս գարունը որ գա
Ես իմ լացը կկապեմ ինչ-որ բանաստեղծության «բողչայի» մեջ
Ու կուղևորվեմ Աստծո մոտ
***
Ճնճղուկը գնում է ու
Օձը գնում է ու
Գնում են մրգերը
Ու ես չեմ հասկանում
Ինչու՞ չի վերջանում
Ծառի ձեռքի աղոթքը
***
Էս ի~նչ մեծ սխալ ենք գործում
Ամպի համար պատանք են կարում
Երկրի համար գերեզման ենք փորում
Ժամանակի ձեռքին
Ժամացույց ենք կապում
***
Հույսը ինչ-որ հաց չի
Պտտվում է սրտիս ջրաղացը
Միայն նրա համար
Որ ճերմակի գլխիս մազերը
***
Միայն բանաստեղծներն են
Որ բառից
Անձրև են սարքում
Բառից հովհար
Բառից լաց են սարքում ու
Բառից թաշկինակ
Երբեմն էլ
Հենվելով բառին ոտքի են ելնում
Եվ բառ առ բառ թզբեհում են
Աստծուն
Միայն բանաստեղծներն են
Որ սատանային
Հենց սատանա բառի մեջ
Գերեվարում են ու
Երբեմն
Հենց սատանի փոխարեն
Ծիծաղում են բառերի վրա…
***
Մենք
Երկրի բանտարկյալները չենք
Վաղը Աստված երկիրը
Դուրս կհանի
Մեր բջիջներից
***
Նայեցի
Մահը հագել էր իմ կոշիկները
Նայեցի
Մահը հագնում էր իմ աչքերը
Նայեցի
Մահը շնչում էր իմ թոքերով
***
Զինվորները
Դեպի առաջ
Նահանջելը
Ձիերի
Փղերի
Ու թագուհու համար է
Բոլոր խաղաքարերը կարող են հետ վերադառնալ
Միայն
Զինվորները…
ԵԹԵ ՍԻՐՏԴ ՆԵՂՎԵՑ
Դու ոչինչ չունես
Ոչ մանկություն ոչ տուն
Ոչ բանաստեղծության տետր
Ես էլ ճիշտ քո պես եմ
Թեև տուն ունեմ
Ու մի մանկություն լուսնի որակից
Բայց սիրտս քո չափ նեղվում է
Էս անգամ որ սիրտդ նեղվեց
Վերցրու անձրևանոցդ
Բռնիր լուսնի ձեռքն ու
Արի մեր տուն
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը