1. Տնից դուրս եկա` երեք ատրճանակ վերցրած. մի ատրճանակը խրեցի թևատակս, մյուսը` նույնպես թևատակս, երրորդը` չեմ հիշում ուր:
Եվ մտնելով նրբանցք` ասացի. «Մի՞թե սա կյանք է: Սա կյանք չի, սա անձրևաշիթերի ծփանք է ու հոգեհաշմություն»: Աստծու «մի՛ սպանիր» պատվիրանը, հարկ է կարծել, պատվիրանվողին էլ է վերաբերում («Մի՛ սպանիր քեզ, ինչքան էլ նողկալի լինի»), բայց այսօրվա նողկանքն ու այսօրվա օրը դուրս են պատվիրանից: «Քանզի լավ է մեռնեմ, քան ապրեմ»,– ասել է Հովնան մարգարեն: Իմ կարծիքով էլ:
Անձրևը մաղում էր ամեն տեղից, իսկ գուցե ոչ մի տեղից էլ չէր մաղում, թքած ունեի: Ի նշան վշտի՝ երբեմնակի աչքերս կկոցելով ու պպզելով` գնացի Գագարինի հրապարակի կողմը: Հոգիս փքվել էր դառնությունից, ու ես դառնությունից փքվել էի ամբողջովին, նվում էր սրտիցս ձախ ու սրտիցս աջ նույնպես նվում էր: Բոլոր հարազատներս լքել էին ինձ: Ո՞վ է մեղավոր, ե՞ս, թե՞ նրանք: Դատաստանի օրը կպարզի Նա, Ով և այլն, և այլն: Պարզապես իմ շաբաթների վրա ծիծաղելն ու իմ երկուշաբթիներին լալը զզվեցրել էր նրանց: Եզակի մեկ–երկու գաղափարները, որ դեռ ջերմացնում էին, նույնպես չքվել էին, լուծվել պարապի մեջ: Եվ ի լրումն` ինձնից փախավ միակ էակը, որ ինձ կարող էր պահել Երկրի վրա: Հեռանում էր. սանդուղքների վրա հասա ետևից: Ասացի. «Մի՛ լքիր ինձ, ճերմակապորտի՛կս», հետո կես ժամ լալիս էի, հետո նորից հասա ետևից, ասացի. «Օրհնյալածոցի՛կս, մնա՛»: Նա շրջվեց իմ կողմը, թքեց կոշիկիս ու հեռացավ ընդմիշտ:
Ես կարող էի խեղդել ինձ սեփական արցունքներիս մեջ, բայց չստացվեց: Կես տարի շարունակ ինձ ոչնչացնում էի. նետվեցի բոլոր գնացքների տակ, բայց գնացքները կանգ էին առնում` ազդրերիս չհասած: Նաև՝ տանը: Գլխավերևս կախաղանի կեռիկ էի խփել, ֆլյոր–դ–օրանժի ճյուղքը մերակիս մեջ` երկու շաբաթ պարան փնտրեցի քաղաքով մեկ, այդպես էլ չգտա: Մինչևիսկ այսպես. գնում էի խոշոր զորավարժանքներին, կանգնում գլխավոր թիրախի կողքին, ու խփում էին բոլոր թնդանոթները Վարշավյան պայմանագրի բոլոր երկրներից, ու բոլոր արկերը կողքովս էին անցնում: Ո՜վ էլ լինես, դո՛ւ, որ ճարեցիր ինձ համար այս երեք ատրճանակները, չորիցս օրհնյալ լինես դու:
Դեռ հրապարակ չհասած` շնչահեղձ եղա, փլվեցի ծաղկաթմբին` այլակերպ ու անբարբառ: Հոգիս շարունակում էր փքվել, արցունքներս հոսում էին իմ առջևից ու ետևից, այնպես ծիծաղելի էի ու դառնացած, որ ինձ նայող բոլոր տատիկները սրտի կաթիլներ ու քլորաֆորմ էին տալիս հոտոտելու:
«Նախ սրբիր քրտինքը երեսիդ»: Ո՞վ է քրտնած մեռել: Ոչ ոք քրտնած չի մեռել: Աստված լքել է քեզ, բայց որևէ կազդուրիչ բան հիշիր, որևէ այնպիսի՜ կազդուրիչ, օրինակ, այսպիսի.
Ռենանն ասել է. «Բարոյական զգացումը բոլորի գիտակցության մեջ է, ուստի սարսափելի չէ Աստծուց լքվելը»: Նուրբ է ասված: Բայց չի կազդուրում: Ո՞ւր է իմ բարոյական զգացումը: Չունե՛մ:
Բոցաշունչ Հաֆիզն էլ (բոցաշունչ գռեհիկ Հաֆիզը. տանել չեմ կարողանում), բոցաշունչ Հաֆիզն էլ ասել է. «Ամեն մարդ աչքերում իր աստղն ունի»: Իսկ ես ոչ մի աստղ չունեմ, ոչ մի աչքում:
Իսկ Ալեքսեյ Մարեսևն ասել է. «Յուրաքանչյուրի հոգում պիտի լինի իր կոմիսարը»: Իսկ իմ հոգում կոմիսար չկա: Մի՞թե սա կյանք է: Սա կյանք չի. կղանքաջրեր են, կեղտաջրերի պտտան, սրտի փլուզում: Աշխարհը թաղվել է խավարի մեջ ու մերժվել Աստծուց:
Առանց վեր կենալու հանեցի ատրճանակներս. երկուսը թևատակերիցս, մեկը` չեմ հիշում որտեղից, երեքից միանգամից կրակեցի բոլոր քունքերիս ու դիտապաստ ընկա ծաղկաթմբին` միջաթափանց խոցված հոգով:
2. «Մի՞թե սա կյանք է,– վեր կենալով` ասացի ես,– սա քամիների սյուք է, քուլա–քուլա մուժ, սա թքացայտ է ուսի վրայով. ահա թե ինչ է: Վրիպեցի՜ր, խեղկատա՛կ: Անդո՛ւր ախտավոր, վրիպեցիր բոլոր երեք ատրճանակներից, ու դրանցից ոչ մեկում ոչ մի լիցք չկա»:
Բերանիցս թուք հոսեց, գուցե` ոչ միայն թուք: «Հանգի՛ստ, դեռ մի միջոց կա, արմատակա՛ն միջոց, ամենասիրելի իտալական ճաշատեսակը` թույներ ու քիմիկատներ»: Մնում է դեղագործ Պավլիկը, հենց Գագարինի հրապարակում էլ ապրում է, գիրք կրծող, տնակյաց Պավլիկը, չռաչք դանդալոշը: Մի՛ տխրիր. շարունակ տխրում ես: Չեմ հիշում` ով, Ավերինցևը թե Արիստոտելը, ասել է՝ «Umnia animalia post coitum opressus est», այսինքն` «Ամեն արարած տխուր է մերձեցումից հետո», իսկ ես, ահա, միշտ տխուր եմ` մերձեցումից և՛ առաջ, և՛ հետո:
Իսկ կոմերիտականներից լավագույնը` Նիկոլայ Օստրովսկին, ասել է. «Մի աչքով արդեն ոչինչ չեմ տեսնում, իսկ մյուսով` միայն իմ սիրելի կնոջ ուրվագծերը»: Իսկ ես չեմ տեսնում արդեն ոչ մի աչքով, և իմ սիրելի կինն էլ ուրվագծերը հետը տարավ:
Իսկ Շոպենհաուերն ասել է. «Երևույթների այս աշխարհում…» (թո՜ւ, չեմ կարողանում խոսել. ջղակծկումներ են): Երկու անգամ ցնցվեցի ու գնացի առաջ, դեպի Գագարինի հրապարակ: Բոլոր երեք ատրճանակները նետեցի այնտեղ, ուր պարսկական մանուշակներ, շահպրակներ ու սատանան գիտի էլ ինչեր են ծաղկում:
«Պավլիկը հաստատ տանն է: Թույներն ու քիմիկատները խառնում` բլենորեայի դարման է սարքում»,– այսպես մտածեցի ու թակեցի դուռը:– Բա՛ց արա, Պա՛վլիկ:
Նա բացեց` չթրթռացնելով այտերից ոչ մեկը և առանց հոնքերը վեր քշտելու. այնքան հոնք ուներ, որ գոնե մի քիչը կարող էր քշտել, բայց չարեց:
«Գիտե՞ս, զբաղված եմ,– ասաց նա,– թույներ ու քիմիկատներ եմ խառնում, որ բլենորեայի դարման սարքեմ»:
«Ես` մի րոպեո՜վ: Որևէ բան տուր, Պա՛վլիկ, որևէ մոլախինդ, որևէ ստրիխնին, տո՛ւր, քեզ համար վատ կլինի, եթե սրտի պայթյունից սատկեմ հենց էստեղ, քո փափկաթոռին:– Փուլ էի եկել փափկաթոռին ու պաղատում էի:– Ցիանակալիում ունե՞ս: Ացետո՞ն: Մկնդե՞ղ: Գլաուբերյան ա՞ղ: Բեր` ինչ ունես. բոլորը կխառնեմ, ամբողջը կխմեմ, քո բոլոր էսենցիաները, բոլոր կալիումներն ու միզանյութերը, բեր` ինչ ունես»:
Նա պատասխանեց.
– Չեմ տա:
– Լա՛վ, հրաշալի՜ է, հրաշալի՜: Վերջիվերջո, Պա՛վլիկ, ինչի՞ս են քո` կապտաթթունե՞ր են, ինչ են: Իմ ինչի՞ն են քո քիմիկատները, իմ, որ Վեներայի թույներն է ճաշակել: Էսպես էլ կպայթեմ` փափկաթոռիդ նստած, իսկ դու էդ ընթացքում բլենորեա բուժիր:
Իսկ պրոֆեսոր Բոտկինն, ի դեպ, ասել է. «Պետք է գոնե մի քանի հոնոկոկ ունենալ` բլենորեա վաստակելու համար»: Իսկ ես` ապուշս, ոչ մի հոնոկոկ չունեմ:
Իսկ Միկլուխո–Մակլայն ասել է. «Եթե մինչև 30 տարեկանս ոչինչ չանեի, ոչինչ չէի անի նաև 30–ից հետո»: Իսկ ե՞ս. ի՞նչ եմ արել մինչև 30, որ հետո անելու հույսեր ունենամ:
Իսկ Շոպենհաուերն ասել է. «Երևույթների այս աշխարհում…»: (չէ՛, էլի չեմ կարող, դարձյալ ջղակծկումներ են);
Դեղագործ Պավլիկն իր բոլոր հոնքերը սևեռեց վրաս, ավելի չռաչքվեց` ինչպես պատանության տարիներին, ու շարունակեց խոսքս.
– Իսկ Վասիլի Ռոզանովն ասել է. «Ամեն ոք կյանքում իր Չարչարանաց շաբաթն ունի»: Հիմա քոնն է:
– Հիմա իմն է, հա՛, հա՛, Պա՛վլիկ, հիմա իմ Չարչարանաց շաբաթն է, որ յոթ Չարչարանաց ուրբաթ ունի: Փառահե՜ղ է: Ո՞վ է էդ Ռոզանովը:
Պավլիկը չպատասխանեց. խառնում էր թույներն ու քիմիկատները և խորհում ինչ–որ նվիրական բանի մասին:
– Ի՞նչ նվիրական բանի մասին ես խորհում,– հարցրի. դրան էլ չպատասխանեց, շարունակեց խորհել նվիրականի մասին: Գազազեցի ու վեր թռա փափկաթոռից:
3. Կես ժամ անց շեմին նրան հրաժեշտ տալիս թևատակիս էի սեղմել Վասիլի Ռոզանովի երեք հատորն ու թղթե խցանով փակում էի մոլախինդով շշի բերանը:
– Մոլի հետադիմակա՞ն է, անշուշտ:
– Էն էլ ինչպիսի՜:
– Եվ ավելի սանձարձակը չկա՞:
– Չկա առավել սանձարձակ ոչինչ:
– Ավելի հետադեմ, ավելի խորշելի` նույնպե՞ս չկա:
– Դրանից ավելի հետադեմ ու խորշելի՞:
– Հրա՜շք: Խավարամո՞լ է:
– «Մինչև ուղնուծուծը»` ինչպես աղջիկներն են ասում:
– Եվ կործանել է կյանքը հանուն կրոնական պատրանքների՞:
– Կործանել է: Աստված հոգին լուսավորի:
– Հոգի՜ մարդ է: Սևհարյուրյակային էր, անշուշտ, ջարդե՜ր, բանե՜ր:
– Ինչ–որ չափով` այո:
– Կախարդի՜չ մարդ: Ոնց էլ մաղձ ու նյարդեր ու ժամանակ է գտել: Եվ ոչ մի խոհ` ամբողջ կյանքո՞ւմ:
– Միայն հորինվածքներ: Եվ բացառապես` ստահոդ ու չարախոսող:
– Եվ ամբողջ կյանքում, և կյանքից հետո` ոչ մի ճանաչո՞ւմ:
– Ոչ մի ճանաչում: Զուտ անճանաչություն:
– Հա՜, հա՜, լսել եմ («Սպասի՛ր, Պա՛վլիկ, հիմա գալիս եմ») վաղ պատանությանս օրերին, մեր վարժուհի Սոֆյա Սոլոմոնովնա Գորդոյից, ուրացողների այդ խառնախմբի, այդ նողկալի դավի մասին` Նիկոլայ Գրեչ, Նիկոլայ Բերդյաև, Միխայիլ Կատկով, Կոնստանտին Պոբեդոնոսցև, «տարածեց բվի թևերն իր», Դև Շեստով, Դմիտրի Մերեժկովսկի, Ֆադդեյ Բուլգարին, «վատը այն չէ, որ լեհ ես դու», Կոնստանտին Դեոնտև, Ալեքսեյ Սուվորին, Վիկտոր Բուրենին. «Նևսկիով վազում է շունը», Սերգեյ Բուլգակով և էլի մի կույտ դիակապուտներ: Մթին ու կործանիչ լույս արձակող խավարամիտների այդ համաստեղության մասին, Պա՛վլիկ, արդեն լսել եմ իմ վարժուհի Սոֆյա Սոլոմոնովնա Գորդոյից: Գիտեմ այդ ավազակախումբը:
– Փառահեղ կին է Սոֆյա Սոլոմոնովնա Գորդոն, իսկ ավազակախմբի հարցում չեմ վիճում: Ծանոթ է ու չի վիրավորում լսելիքը. ո՛չ դասերը, ո՛չ էլ մոլախինդի շիշը, բայց այ «համաստեղությունը» վիրավորում է լսելիքը,– ո՛չ պիտանի է, ո՛չ էլ` ստույգ, իսկ Յոհան Կեպլերն ասել է. «Ցանկացած համաստեղություն, ոչ ավելի, ոչ պակաս, աստղերի պատահական խումբ է, որոնք ընդհանուր ոչինչ չունեն ոչ կառուցվածքով, ոչ արժեքով, ոչ չափերով, ոչ հասանելիությամբ»:
– Ճիշտն ասած, էդ էլ լսել եմ մեր վարժուհի Բելա Բորիսովնա Սավներից, ի՜նչ կին էր, շշմելու… («Սպասիր, Պա՛վլիկ, հիմա գալիս եմ»): Ուրեմն, քո ասելով` աստիճանավոր Վասիլի Ռոզանովը դրանց բոլորին հաղթե՞լ է չարագործությամբ, բոլորին կերե՞լ, դրել գրպա՞նը:
– Միանգամայն:
– Տվել–անցե՞լ է
– Տվել–անցել է:
– Մարդակե՜ր: Իսկ ինչպե՞ս է, համենայնդեպս, մահացել, ո՞նց է մեռել էդ արնախումը: Երկու բառով, ու գնում եմ:
– Ոնց որ պետքն է: Դարձել է ճշմարիտ հավատին` վախճանից ժամուկես առաջ: Հասցրել է խոստովանել ու հաղորդություն ստանալ: Շատ պրպտունն ես, պարազի՛տ: Բարի գիշեր:
– Բարի գիշեր:
4. Նախ կում անել մոլախինդից, հետո՞ կարդալ: Թե՞ նախ կարդալ, հետո կում անել մոլախինդից: Չէ՛, համենայնդեպս, կարդալ, հետո կում անել: Բախտաբերի բացեցի ու սկսեցի մեջտեղից (միշտ այդպես են սկսում, երբ ձեռքի տակ բարձր հարգանիշի ընթերցելիք է): Եվ ահա թե ինչ մեջտեղ էր.
«Գիրքը պիտի թանկ լինի, և առ այն սիրո առաջին վկայությունը` գնելու պատրաստակամությունն է: Գիրքը չի կարելի «տալ կարդալու»: «Կարդալու տրված» գիրքը անառակ է: Ինչ–որ բան կորցրեց իր ոգուց ու մաքրությունից: Ընթերցասրահներն ու հանրային գրադարանները հասարակաց վայրեր են, որ այլասերում են ժողովրդին, ինչպես հասարակաց տները»:
Ա՜յ քեզ սրիկա: Ասենք, չէ՛, մի քանի էջ էլ` ու խոսքն արդեն ոչ թե անառակ գրքերի, այլ պարզապես անառակների մասին էր. «Կարելի է թույլատրել պոռնկության մաքրագործված տեսակը «ամուսնացած այրիներին», այսինքն՝ այն կարգի կանանց, որոնք անընդունակ են մենամուսնության, հասու չեն մենամուսնության ճշմարտությանը, վեհությանն ու մշտականությանը»:
Հետո մի զվարճալի անհեթեթություն սկսվեց քրիստոնեական սկզբունքների ու «անառակության սնարների» համատեղելիության և այն մասին, որ քրիստոնեությունը, եթե միայն ուզում է դիմանալ հրեականության մրցակցությանը, մասամբ պիտի ֆալլոսական դառնա: Գլուխս սկսեց ուռչել ինչ–որ անդուր բանից, վեր կացա ու միջանցաքամու համար մեկական անցք բացեցի չորս պատերի մեջ: Հետո փռվեցի օթոցին ու շարունակեցի. «Աստվա՜ծ իմ, հավերժությո՛ւն իմ, ինչո՞ւ ինձ այսքան տխրություն տվիր: Տառապում է հոգիս: Տառապում է անպատմելի տառապանքով: Առավոտս` անլույս: Եվ գիշերս` անքուն»: Խավարամիտ ու` հանկարծ տառապում է հոգի՞ն: «Կա՞ կարեկցանք այս աշխարհում: Գեղեցկություն` այո՛, իմաստ` այո՛: Բայց կարեկցա՜նք»: «Կարեկցանք ունե՞ն աստղերը արդյոք: Մայրը կարեկցում է, և թող վեր լինի նա աստղերից»: «Կոպիտ են մարդիկ, անասելի կոպիտ,– ու հենց դրանից կամ գերազանցապես դրանից` ցավոտ է կյանքը. այսքա՜ն ցավ»: «Ա՜խ, ինչպես են իմ թույլ ջղերը դիմանում այս ահռելի ջղաձգումին»:
(Չէ՛, այս «չարագործի» հետ լավ էլ խոսելու բան կա. վաղուց չեմ հանդիպել մի արարածի, ում հետ այսքան «խոսելու բան լիներ»):
«Միայն վիշտն է մեզ համար բացահայտում վեհն ու սրբազանը»: «Ցավն ամենակալ է և անառիթ, և համարյա անընդմիջում: Ինձ թվում է` ծնվել եմ ցավի հետ: Երբեմն այնքան ծանր է, որ մի քիչ էլ ծանրանա` այլևս անհնար կլինի ապրել, «շարժակազմը չի դիմանա»: «Ես ճշմարտություն չեմ ուզում, ես հանգիստ եմ ուզում»: «Օ՜, իմ տխուր փորձառություն: Եվ ինչո՞ւ ցանկացա ամեն ինչ իմանալ»:
«Ես միայն ծիծաղում կամ լալիս եմ: Խորհո՞ւմ եմ արդյոք, որպես այդպիսին: Երբե՛ք»:
«Տխրությունն իմ հավերժական հյուրն է»: «Ծիծաղը չի կարող սպանել ոչ ոքի, ծիծաղը միայն կարող է ճզմել»: «Համբերությունը հաղթահարում է ցանկացած ծիծաղ»: «Ծիծաղն ընդհանրապես անվայելուչ բան է: Ծիծաղը Կալիբեկից է, ոչ թե` Արիէլից»:
«Նա լալիս էր: Եվ բաց էր միայն արցունքների համար: Ով երբեք չի լալիս, չի տեսնի Հիսուսին»: «Քրիստոսը մարդկության արցունքներն է»: «Աստվա՜ծ հավերժող, կանգնիր իմ կողքին, չհեռանաս»:
(Ահա՛, ահա՛: Մարեսևն ու Կեպլերը, Արիստոտելն ու Բոտկինը բոլորովին էլ այն չէին ասում, իսկ սա ասում է հենց այն: Կոլեգիական խորհրդական Վասիլի Ռոզանովը, որ գրքեր էր գրում: Շոպենհաուերն ու Սոֆյա Գորդոն, Հաֆիզն ու Միկլուխո–Մակլայը վտիտ որս էին բերում, և ապստամբում էր հոգին, իսկ այստեղ հոգիս չի ապստամբում և արդեն չի ապստամբի` ինչի հետ էլ գործ ունենա` պարադոքսի, թե տափակության):
«Ռուսական պարծենկոտությունն ու ռուսական ծուլությունը. ահա հեղափոխությունը»: «Այն երկու չափում ունի` երկարություն ու լայնություն, բայց երրորդը` խորությունը, չունի»: «Հեղափոխություն է, երբ մարդը փոխարկվում է խոզի, փշրում է ամանեղենը, թրքոտում փարախը, հրդեհում տունը»: «Ինքնահիացում ու չարություն. սրանցով է շաղախված ամբողջ հեղափոխությունը»:
Եվ` դեկաբրիստների մասին, իմ սիրելի դեկաբրիստների.
«Եվ գրո՜ւմ, գրո՜ւմ են այդ խեղկատակության պատմությունը: Է՛լ հուշեր, է՛լ սիրամարգի գույնզգույն փետուրներ, է՛լ Նեկրասովը` իր «Ռուս կանանցով»»:
Եվ Նիկոլայ Չերնիշևսկու մասին (նրա, որ կոչված էր,– տառապյա՜լը,– «ցարերին Քրիստոսի մասին հիշեցնելու»).
«Հասկանո՞ւմ եք, արդյոք, որ քաղաքակրթությունը Բոկլիկն ու Դարվինիկը չեն, Սպենսերիկը չի` քսան հատորանոց, ձեր Նիկոլայ Գավրիլովիչը չի, ռուսական լուսավորչության այդ բոլոր տրեխներն ու փաթաթանները, որոնց քամակին վաղուց պիտի քացով տված լինեին»: «Հասկանո՞ւմ եք, արդյոք, որ պետք էր քաշել Սպենսերիկի ականջները, իսկ Նիկոլայ Գավրիլովիչի մռութին հասցնել, ինչպես սենյակը գարշահոտող ձիապանին: Որ նրանց հետ ոչ մի զրույց պետք չէր վարել, պարզապես հարկավոր էր դուրս անել` ձեռքից բռնած, ինչպես սեղանի մոտից` պարոններին, որոնք ուտելու փոխարեն սկսում են գարշահոտել (տառապյալն ինչպե՞ս կարող է գարշահոտել):
Եվ կոմս Տոլստոյի մասին.
«Հատկապես չեմ սիրում Տոլստոյին ու Սոլովյովին: Չեմ սիրում նրանց մտքերը, չեմ սիրում նրանց կյանքերը, չեմ սիրում բուն հոգին: Տրամվայի տակ ճզմված ամենահետին շունն անգամ ավելի հոգու շարժում է արթնացնում, քան սրանց «փիլիսոփայությունն ու հրապարակախոսությունը»: Այս ճզմված շունը, թերևս, ինչ–որ բան բացատրում է: Նրանց (Տոլստոյի ու Սոլովյովի) մեջ բացարձակապես ճզմվածություն չկա, հակառակը` իրենք են հույժ ճզմում»:
Եվ Մաքսիմ Գորկու մասին (կարծում եմ, համենայնդեպս` Մաքսիմ Գորկու).
«Անվերջ ինչ–որ տեղ ինչ–որ բան է որսում, ինչ–որ պղտոր ջրում` ինչ–որ ինքնասիրահարված ձկնիկ: Սակայն առավել հաճախ պոկվում–փախչում է. թե՛ խայծն է անպետք, թե՛ կեռիկը` բութ: Բայց չի վհատվում: Նորից է նետում»:
Եվ «Ռուսաստանում քաղաքական դատարկաբանության հիմնադիր» Ալեքսանդր Գերցենի մասին.
«Ողջ կյանքում` ոչ մի բնական ու վեհ խոհ. միայն փող դիզի ու խրատ կարդա մեկնումեկին: Գիմնազիստ ժամանակ նամակներով խրատում էր մորը: Եվ հոգու բոլոր մղումներն անկիրք են, դանդաղ ու ծորուն: Ասես զեռուն է սողում»:
Ահա այս սողացող զեռունի վրա էլ քնեցի լուսաբացին` հետադեմիս հետ գիրկընդխառն: Նախ իմ էության հոգևոր կողմը քնեց, ապա և, հետո, մահկանացուն նույնպես քուն մտավ:
5. Եվ երբ հոգևորն արթնացավ, մահկանացուն քնած էր դեռ: Բայց բոլորից վաղ իմ հետադեմն էր արթնացել, ու եթե արդեն ծանոթ չլինեի, կթվար` իրեն տարօրինակ է պահում:
Նախ, դեմքին ջուր շփելով, երգեց «Աստվա՛ծ, պահպանիր թագավորին»: Անստույգ ու անճարակ երգեց, բայց` սրտանց ու բնական, ավելի, քան Ռուսական կայսրության բոլոր հպատակները միասին վերցրած` չարաբաստիկ Խոդինկայի ժամանակից ի վեր: Հետո համբուրեց աշխարհի բոլոր երեխաներին ու գնաց եկեղեցի: Աղոթողների մեջ կանգնած` մերթ դրամագետ–արտասահմանցու էր նման, մերթ «խաչը վախվորած բռնող դևի», մերթ Աբադոննային, որ հենց նոր է դուրս սողացել իր անդունդից, մերթ էլի ինչ–որ բանի, որ չափազանց շատ մոլություններ ունի, բայց դժվար է պարզել` ինչ կարգի մոլություններ են և ինչ են արժենում Աբադոննային: (Իսկ ես դեռ իմ օթոցին պառկած` հետևում էի): Ելնելով գավիթ` նա ողորմություն տվեց երկու աղքատի, իսկ մնացածին,– զննելով,– չգիտես ինչու` չտվեց: Ինչ–որ բանի համար շնորհակալություն հայտնեց Կլեյնմիխելին, հընթացս ապտակեց Ժելյաբովին, արցունքակալվեց ու թաղային տեսուչին ասաց, որ աշխարհում ոստիկանական գործառույթից սրբազան բան չկա:
Հետո կծկվեց: Ետևից շրջանցելով սոցիալիստների ու նարոդավոլեցների տողանը` կսմթեց «ասպետակերպ տիկին» Վերա Ֆիգների հետույքը (սա աչքն էլ չթարթեց) ու խոհուն շխկացրեց մյուսների վզակոթերին: (Ա՜յ քեզ ստահակ` ասացի ես` խճճվելով ցնծություններիս մեջ):
Իսկ նա այդ ընթացքում, վերջին կոթոցը հասցնելով, խոժոռվեց ու վերադարձավ իմ խրճիթը` գրպանում մի բուռ մանրադրամ: Քանի դեռ հանում էր, շուռումուռ տալիս ու փչում յուրաքանչյուրի վրա, կամացուկ վեր կացա օթոցից ու շշուկով հարցրի.
– Մի՞թե հետաքրքիր է փչել յուրաքանչյուր մանրադրամի վրա:
Եվ նա ասաց.
– Շա՜տ հետաքրքիր է, ինքդ փորձիր: Իսկ ինչի՞ ես էս ժամին շնթռած: Վա՞տ ես, թե՞ մինչև լույս լրբերի հետ ես խառնակվել:
– Խառնակվել եմ ու մինչևիսկ` երեքի հետ: Երեկ երեկոյան տվեցին կարդալու, որովհետև երեկ վատ էի: «Գրքերը, որ տվել են կարդալու…» և այսպես շարունակ: Չէ՛, այսօր մի քիչ լավ եմ: Իսկ այ երեկ էնքան վատ էի, որ վրաս նայող քաղխորհրդի պատգամավորները գլխներին մոխիր մաղեցին, պատառոտեցին հանդերձներն ու պրկվեցին քրջագոտիներով: Իսկ նայող տատիկները հոտոտելիք էին տալիս…
Ու պատռվե՜ց–գնա՜ց. հատ–հատ պատմեցի ամբողջ նախորդ օրս` ատրճանակներից մինչև սողացող զեռունը: Եվ այստեղ արդեն լրիվ իմ ճաշակով էր դրամագետ–հյուրս. նա էլ պատռվեց, վրաս հեղեղեց ծամծմված ճշմարտություններ ինքնաոչնչացման սրբապղծության մասին, հետո ինչ–որ բան` «ցեխից, քնքշությունից ու թախծից հյուսված» հոգիների մասին և «ամոթխած էությանց, որ ուրախ զավեշտի են վերածում իրենց խորունկ պարտասումները», և Գրինբերգի Շերնվալի, և Ամբրոսիյ Օպտիմցու, հրեայի գաղտնաթաքույց պաթոսների, Գոգոլի սեռական գաղտնիքների և Աստված գիտի` էլ ինչերի մասին:
Նրբանուրբ սրտով խառնակիչ, սևամաղձոտ, մարդատյաց, բռի, ամբողջովին ջղերից հյուսված, անխառնուրդ` նա հասնում էր ծանակումի, հենց խոսքը վերաբերում էր այն ամենին, ինչին վարժվել ենք ակնածել, և ներբողյաններ շռայլում բոլորին, ում ծաղրում էինք,– և այդ ամենը` մտածողության կատարյալ համակարգումով ու շարադրման համակարգի կատարյալ բացակայությամբ, չարացած կենտրոնացածությամբ, քնքշությամբ, որ թրմված էր սև մաղձով ու «բնազանցական ցինիզմով»:
Չիմանալով` էլ ինչով արտահայտեմ ցնծությունս (հո նորից չէի՞ գոչելու «Այ՜ քեզ ստահակ»), տեղափոխվեցի աթոռին` թողնելով, որ նա փռվի օթոցիս: Եվ երեք հազար բառով պատմեցի ամենը, ինչ նա չէր կարող գիտենալ. Դնեպրոհէկի ու Ռիբենտրոպի, Օսվենցիմի և Օսոավիաքիմի, Եկատերինբուրգում` արքայազունների կոտորածի, համառող վերանորոգյալների (այստեղ նա խնդրեց` ավելի մանրամասն, բայց ավելի մանրամասն չգիտեի), Պավլիկ Մորոզովի ու նրան մորթած կուլակ Դանիլկայի մասին:
Դա ճզմեց նրան. սևակնեց ու ընկճվեց: Եվ ապա միայն խոսեց կրկին. մարդկային ուղիների ձևախեղման մասին, իր մեղքերի` մարդու հանդեպ, բայց ոչ Աստծու` Եկեղեցում, Գեթսեմանյան քրտինքի ու նախածին մեղքի մասին:
Եվ ես էլ իրեն` նախածին մեղքի ու ետմահու արդարացվածների, Պեկինի ու Կիզլյարի արոտավայրերի, Թայմիրի ու Նյուրնբերգի, բոլոր երաշխիքների և բոլոր իմաստների բացակայության մասին:
– Երբ իսրայելցիները գնում էին հարավ` իսմայիլցիների մոտ, իրենց ամբողջ ինչքը փոխանակեցին բալասանող խեժով: Իսկ մենք, ի՞նչն ենք մենք փոխելու բալասանող խեժի, երբ գնանք հարավ` իսմայիլցիների մոտ: Երդում, երաշխիք, խոստում, գրավ` ի՞նչ ենք գտնելու այդ ամենին ի տրիտուր: Ինչո՞վ երդվենք, ո՞ւմ համար երաշխավորենք և ո՞ւր է թեկուզ մեկ գրավ: Ահա. նույնիսկ ծերունազարդ Դավանը, ամենայն ինչում հավատակորույս, երդվում էր իր դուստրերով` չիմանալով այլ ինչ գտնել: Իսկ մեկնումեկը մեզնից, թեկուզ ամբողջ Ռուսաստանում, գոնե մի դուստր ունի՞: Եվ եթե ունի, կկարողանա՞նք երդվել մեր դուստրերով:
Դուստրասեր զրուցակիցս խնչեց ու ասաց. «Միանգամա՛յն»:
6. Եվ այստեղ ես սև ու հիմարավուն դարձվածքների մի ամբողջ հեղեղ փսխեցի.
– Ամեն ինչ փոխվել է մեզ մոտ: «Բոլորից» ոչ խոսք է մնացել, ոչ հառաչանք: Զավեշտախաղի բոլոր միմոսները, միստիկները բոլոր, ճղճղանները, աճպարարները, ջղագարները, աստղաբաշխները,– բոլորը շաղ եկան աշխարհով մեկ` դեռ մինչև քո մահը: Կամ արդեն մահից հետո: Տանը` Ռուսաստանում, մեռան–վերջացան, կախվեցին–պրծան: Ու երևի` փառք Աստծու: Մնացին խելացիները, հասարակները, ազնիվներն ու բանողները: Քաքը չկա` հոտն էլ չկա, մնացել են ադամանդներն ու զմրուխտները: Միայն ես եմ բուրում: Ու էլի մի քանի հերձվածողներ,– բուրում են…
Մենք սրընթաց ու հիմար ենք ապրում, նրանք` տևական ու խելացի: Մենք դեռ չծնված` արդեն սատկում ենք: Իսկ նրանք, սրիկաները, երկարակյաց են ու կլինեն հավետ: Ջհուդը, չգիտես ինչու, հավերժական է: Կոշչեյը, չգիտես ինչու, անմահ է: Նրանց ցանկացած գաղափար անանցողիկ է: Նրանք պիտի աճեն, մենք` սակավանանք: Պրոմեթևսը մեզ` մակաբույծներիս համար չի գողացել կրակն Օլիմպոսից, կրակը գողացել է նրանց` սրիկաների համար…
– Ա՜խ, մի՛ շարունակիր,– ասաց Ռոզանովն ի պատասխան,– վերջ տուր բարբաջանքին…
– Եթե լռեմ ու վերջ տամ բարբաջանքին,– ասացի,– քարերը կխոսեն: Ու կսկսեն բարբաջել: Այո՛,– ես խնչեցի ու շարունակեցի,– նրանք կատարյալ անգիտության մեջ են, «Էդիպի հրեշավոր անգիտությունը», բայց` ճիշտ հակառակ: Էդիպն անգիտությամբ մորթեց հորն ու ամուսնացավ մոր հետ. չգիտեր, որ իր հայրն ու մայրն են, չէր անի, եթե իմանար: Իսկ նրանք` ոչ, նրանցը էդպես չի: Նրանք ամուսնանում են մայրերի հետ ու մորթում հայրերին առանց գիտենալու, որ դա առնվազն տգեղ է:
Եվ եթե իմանայիր` ի՜նչ պինդն են հիմիկվա ռուսները: Ռուսաստանում ոչ ոք չի վախենում խուտուտից. ամբողջ Ռուսաստանում միայն ես եմ քրքջում, երբ խուտուտ են տալիս: Ինքս էլ խուտուտ եմ տվել երեք աղջկա ու մի տասնյակ տղամարդու. ոչ մեկը չարձագանքեց` ո՛չ ծամածռությամբ, ո՛չ ծիծաղով: Ձեռքիս կողով խփեցի բոլորի ծնկածալերին. ոչ մի ջլային ռեֆլեքս: Բիբերը լույսին, ճիշտ է, արձագանքում են, բայց` թույլ: Ոչ ոք երիկամներում ոչ մի հատիկ քար չունի, ոչ մի սարսուռ` անդամներում, ոչ մի նվաղում` սրտում, սպիտակուց` մեզի մեջ: Իմ սերնդից միայն ինձ չտարան Կարմիր բանակ, այն էլ որովհետև այրուցք ունեի ու երկու պզուկ` մեջքիս…
(Հո՜–հո՜,– ասաց զրուցակիցս:– Փառահե՜ղ է) – Եվ ահա ինձ չարչարում է իմ ու նրանց այդ հակադրականությունը: «Ի ծնե ապուշները լալիս են,– ասում էր Դարվինը,– իսկ թերամիտները երբեք արցունք չեն թափում»: Նշանակում է` նրանք թերամիտ են, իսկ ես` ի ծնե ապուշ:
Ավելի շուտ` ո՛չ. մենք տարբերվում ենք, ինչպես ապուշի արցունքն ու թերամիտի ժպիտը, փորլուծն ու փորկապությունը, իմ թեթև խելառությունն ու նրանց խորունկ խփնվածությունը (հարյուր հազար ներողություն): Նրանք ինձ զրկել են ներշնչումից ու արտաշնչումից, տագնապներն են պատել հոգիս բոլոր կողմերից, ես նրանցից ոչինչ չեմ սպասում, ավելի ճիշտ` վերստին ո՛չ. նրանցից սպասում եմ հեքիաթային գազանություններ և անասելի բռիություններ. ուր որ է` կլինի, արևելքի՞ց կլինի, թե արևմուտքի՞ց, բայց ուր որ է կլինի:
Ու երբ սկսվի, ես կհեռանամ, անհապաղ և առանց երկմտելու կհեռանամ. դրա փորձն ունեմ, թույն ունեմ, փառք Աստծու: Կհեռանամ, որ չտեսնեմ խելահեղությունը մարդոց որդիների…
Այս ամենն ասացի` արցունքից խեղդվելով: Եվ ասելով` ետ ընկա թիկնակին, թարթեցի աչքերս ու ցնցվեցի: Զրուցակիցս մի րոպեի չափ հետևում էր ինձ, հետո ասաց.
7. – Մի՛ տառապիր, բարեկա՛մս, ինչո՞ւ տառապել: Վերջ տուր ցնցվելուն, դյուրագրգի՛ռս: Ինքդ էլ ամեն օր երեսուն ակամա մեղք ունես, հարյուր երեսուն` կամա. դրանց հոգսը հոգա նախևառաջ: Դո՞ւ ես, որ պիտի տրտնջաս աշխարհի մեղքերից ու ծանրաբեռնես քեզ նրանցով. նախ քոնոնցով զբաղվիր: «Մարդոց որդիների խելահեղության» մեջ տեղ կա նաև քո (ինչ անո՜ւշ ասացիր) «խփնվածության» համար: «Աշխարհը հավերժ տագնապահար է ու դրանո՛վ կա»: Եվ նույնիսկ` հակառակ դրան: «Մենք հաճախ ստում ենք, որ իրար ավելորդ ցավ չպատճառենք»: Իսկ Նա միշտ ճշմարիտ է: Փա՛ռք քեզ, եթե տեսնես Նրան և ապավինես: Խաչի երկրպագման ուղին, ըստ էության, դեռ նոր է սկսվում: Ահա՛. երկա՞ր ես ապրել, բարեկա՛մս: Մի չնչին ժամանակ: Իսկ Խաչելությունից ընդամենը վաթսուն այդպիսի փոքրիկ ժամանակ է անցել: Վերջերս էր: «Եվ թո՛ղ վերամբարձությունը քո». ամեն ինչ նոր–նոր է սկսվում:
Թող ասեն` աղոթքի տունը, որ ավազակները որջ են սարքել, վերստին աղոթատուն չես դարձնի: «Սակայն նուրբ գաղափարը կթաղի երկաթե գաղափարները: Կխզվեն երկաթգծերը: Կջարդվեն մեքենաները: Իսկ այն, որ հավերժ բաժանման վախից լալիս է մարդու մեջ, չի խզվի երբեք, չի սակավանա»: «Պետք է թողնել երկաթը,– սարդոստայն է,– ու հավատալ անհրաժեշտ գաղափարին»: «Իսկական երկաթը արտասուքն է, հառաչանքն ու թախիծը: Ազնվականն է ճշմարիտ միայն, որ երբեք չի կործանվի»:
Դեռ էլի խոսեց, բայց ոչ այդքան լավ և այդպես հաճույքով: Եվ անհաստատուն, ինչպես վաղորդյան մուժը, վեր կացավ օթոցից, և ինչպես վաղորդյան մուժը` կոհակվեց ու էլի մի քանի լավագույն բառ ասաց,– հառաչանքի, կերատաշտի ու խոզերի մասին,– ու չքացավ, ինչպես վաղորդյան մուժը:
Հրաշալի է ասված` «Ամեն ինչ նոր է սկսվում»: Չէ՛, դրա մասին չեմ ասում, իմ մասին չի, ինձ համար ամեն ինչ վաղուց է սկսվել, ո՛չ Վասիլի Ռոզանովից. նա պարզապես իմ մեջ հույս բորբոքեց: Ինձ համար դեռևս տասը տարի առաջ է սկսվել. պատանության տարիներից մեջս լցվածը ճղփում էր իմ ներսում, թերմացքների պես լեփ–լցրել էր փորս ու հոգիս և դուրս էր մղվում. մնում էր դիմել ամենափորձված միջոցին` փսխել այդ ամենը երկու մատի օգնությամբ: Մատներից մեկը Նոր Կտակարանը եղավ, մյուսը` ռուս պոեզիան, այսինքն` ամբողջ ռուսական պոեզիան` Գավրիլա Դերժավինից մինչև Մարինան (Մարինան, որ Փորձանքը մեծատառով է գրում):
Թեթևացա: Բայց դրանից հետո էլ երկար ժամանակ դեռ թույլ էի ու գունատ: Ուղեղիս բարձրագույն գործառույթները մարել էին նրանից, որ գործուն ու գրգռված էր միայն մի մասը` երկարավուն ուղեղի փսխման կենտրոնը: Կազդուրիչ մի բան էր պետք, և ահա դրամագետն ինձ կազդուրեց` այն օրը, երբ թույլ էի ու գունատ չափազանց:
Նա կատարեց գործառույթը բոսնիացի ուսանողի, որ գնդակը մխրճել էր էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի մեջ: Նրանից առաջ պատճառների կուտակում կար, բայց այդպես էլ պատճառների կուտակում կմնար: Նրանից, ճիշտն ասած, ոչինչ էլ չսկսվեց. ամեն ինչ հանգուցալուծվեց ընդամենը, բայց առանց նրա` էրցհերցոգին սպանողի, ճիշտն ասած, ոչինչ էլ չէր սկսվի: Եթե նա ինձ հիմա հարցներ` զգո՞ւմ ես ինչպես է փորձ առնում պիղծ հոգիդ, կպատասխանեի.
– Զգում եմ: Փորձառում է,– և կպատասխանեի այլ կերպ, քան երեկ չէ առաջին օրը կպատասխանեի: Առաջ հիմարավուն ու խղճուկ ձայնով էի խոսում, որի մեջ միայն զնգոց էր ու մայուն, մոլորված ոչխարի մայուն` մեջընդմիջված կորած դրահմի զնգոցով: Հիմա արդեն որոշ բան գիտեի նոր նմուշի քարոզչության մասին ու պատրաստ էի հետևել դրան, եթե նույնիսկ չխնդրեին: «Անհմուտ» բարեգործել և «բանադրել չնչին առիթով»:
Հրաշալի է ասված. «Մարդի՛կ, ինչո՞ւ չեք հետևում նուրբ գաղափարներին»: Դա հիշեցնում է բրիտանացու հարցը կալիմանտանյան մարդակերների առաջնորդին. «Սը՛ր, ինչո՞ւ եք ուտում ձեր կանանց»: Իմ օթոցին փռված Վասիլի Ռոզանովից լավ քարոզիչ չգիտեմ:
Հա՜, ինչ ասաց հեռանալի՞ս: Հառաչանքի՛ մասին: Խոզերի՛: Հառաչանքը հարուստ է թագավորությունից, հարուստ է Ռոտշիլդից: Հառաչանքը համաշխարհային պատմությունն է, սկիզբը նրա ու հավիտենական կյանք: Մենք սուրբ ենք, իսկ նրանք` բարեկիրթ: Հառաչանքին կգա Աստված: Մեզ մոտ կգա: Բայց ասացեք խնդրեմ, մի՞թե Աստված կգա բարեկիրթ մարդու մոտ: Մենք հառաչանք ունենք: Նրանք հառաչանք չունեն:
Եվ այդ ժամանակ հասկացա` որտեղ են կերատաշտն ու խոզերը:
8. Իսկ որտե՞ղ են փշեպսակը և մեխերը և տառապանքը: Եվ եթե հարկ լինի, ես կպաշտպանեմ այդ ամենը կարեցածիս չափ: Իսկ եթե ինձ ասեն, թե Ռոզանովը մի քիչ վախկոտ էր առօրեականի ոլորտում, նախևառաջ կասեմ, որ դա փչոց է. չէ՞ որ մեր իմացածից բացի ընդհանրապես ոչինչ չգիտենք: Բայց եթե դա իրոք էլ այդպես է, կարելի է գլուխն ազատել որևէ խղճուկ բառախաղով, օրինակ, որ վախկոտությունը լավ, դրական բան է ու հիմնվում է իրողությունների խորիմացության, հետևաբար և` դրանցից զգուշանալու վրա: Իսկ ցանկացած խիզախություն, ըստ էության, բացասական հատկություն է, որի բնությունը վախկոտության բացակայությունն է: Եվ տխմար է նա, ով հակառակը կպնդի:
Եթե ինձ ասեն` պատահել է, նա ստորություն է արել մանրուքներում, երբեմն հակվել է ուրացողության և, սկզբունքների թվացյալ անսասանությամբ հանդերձ, «ձեռնոցների պես համոզմունք է փոխել»` վստահեցնելով միևնույն ժամանակ, թե ամեն ուրացումի հետևում է վերածնունդը.– եթե ինձ ասեն, կպատասխանեմ իրենց ոճով` այդ ամենը հռչակագիրն է մի մարդու, ով դժգոհում էր սեփական «մանրուքների ֆետիշիզմից» և ում (գուցե միակին` Ռուսաստանում) երբեք ոչ մի մանրուք չկուրացրեց:
Այո՛, այդ մարդը երբեք առաքինի չի ձևացել, ինչպես բոլորն էին ձևանում: Իսկ կրակոտ առաքինության համար կարելի է ներել հույլ արատը: Մաքրամոլների դատավճռից խուսափելու համար հարկ է, որ արատը զերծ լինի ցանկացած արտակարգից: Արքայազն Համլետի կարգի զանազան գլուխ հարթուկողների հանդիմանություններից ազատվելու համար Հերթրուդ թագուհին պսակվելուց առաջ պարզապես պիտի հասցնի մաշել ոտնամանները: Փրկիչը փորձառու էր ամեն ինչում, բացի մեղքից: Իսկ մենք չենք կարող փորձել բոլոր մեղքերը` դրանց գինն իմանալու և բոլորից խույս տալու համար:
Կարելի է հաղորդակից լինել փոքրիկ ստին, կարելի է փորձվել չնչին անիրավություններում,– թո՛ղ որ,– դա ծաղկախտի դեմ պատվաստման պես է` փրկում է ահռելի ստից (բոլոր տխմարները գիտեն` ինչ եմ ասում):
Ու եթե կնանիք ինձ ասեն, թե նողկալի տեսք ուներ, քիթը մսոտ էր, իսկ մանրիկ աչքերը շարունակ վազվզում էին, ու վատ հոտ էր գալիս բերանից և այլն, և այլն, նրանց այսպես կպատասխանեմ. «Հետո՞ ինչ, որ շարունակ վազվզում էին: Ազնիվ մարդուն հենց դրանով կարելի է տարբերել. աչքերը վազվզում են, ուրեմն մարդը ամաչկոտ է և ընդունակ չէ մեծ բռիության: Մեծ հանցագործների աչքերն անշարժ են. իմ ծանոթների լավագույն մասինը վազվզում են, Բոնապարտի աչքերը չէին շարժվում: Իսկ Ռոզանովն ասել է` եթե հանդիպեր, կկծեր–կպոկեր Բոնապարտի գլուխը: Ի՞նչ հոտ կարող է գալ մի մարդու բերանից, որը, թեկուզ մտովի, կծել–պոկել է Բոնապարտի գլուխը»:
Նա ինքնամփոփ չէր, վայրագ չէր. թող ցնդաբանություններ չմոգոնեն նրանք, ովքեր գիտեն, որ աշխարհում հանաք բան չկա (իսկ նա բոլորից լավ գիտեր),– այդ մարդիկ ուրախ են ու բարի, իսկ նա բոլորից ուրախն ու բարին է: Միայն թեթևամիտներն են վայրագ ու ինքնամփոփ:
Իսկ եթե (ի՜նչ գարշանք է), իսկ եթե խոսեն Ռոզանովի տխրահռչակ «էրոտիկ անառողջությունների» մասին, այստեղ արդեն առարկելու բան էլ չի լինի: Նա, ում հոգում,– պատանությունից մինչ մահ,– վանքն է ամուր կանգնած, ինչո՞ւ երբեմն չզվարճանա հեթանոսական ցուցքերով, եթե դրանք իսկապես ցուցք ու զվարճանք են:
Եվ ինչո՞ւ դեպի սեռական ախտաբանություն էքսկուրսներ չթույլատրել նրանց, ում սրտում Անարատ կույսն է անփոփոխ կեցած: Ոչ մի վնաս` ո՛չ Ռոզանովին, ո՛չ էլ Անարատ կույսին:
Ինչ էլ որ ասեն` պետք է նրան հուշարձան կանգնեցնել: Երեք հուշարձան պիտի կանգնեցնել` հայրենիքում, Պետերբուրգում և Մոսկվայում: Եթե ինձ հիշեցնեն, թե հանգուցյալն ինքն էր պնդում. «Մարդուն մեն–միակ հուշարձան է արժանի` հողաթումբն ու խաչը, իսկ կոթողներին շունն է միայն արժանի», կասեմ նրանց` հիմարներին, որ եթե իսկապես որևէ բանի պետք են կոթողները, ապա բացառապես` որ հիշեցնեն, թե ովքեր են,– իրենցից անկախ կամ կախյալ պատճառներով,– անարդարաբար վրիպել մեր հիշողությունից: Անտոն Չեխովին պետք չէ հուշարձան կանգնեցնել Յալթայում. առանց այդ էլ ամեն շուն գիտի նրան: Իսկ այ Անտոն Դենիկինին` Վորոնեժում, պե՛տք է. այնտեղի ամեն շուն նրան մոռացել է, իսկ հարկ է, որ ամեն շուն հիշի:
9. Կարճ ասած` այսպե՛ս: Այդ նողկալի, թունոտ ծերուկը, չէ՛, ինձ բարոյական անկարողունակության դեմ բալասան չտվեց, բայց փրկեց պատիվս ու շունչս (ոչ ավելի, ոչ պակաս` պատիվս ու շունչս):
Նրա բոլոր երեսունվեց ստեղծագործությունները` ամենաչաղերից մինչև ամենապստիկները, խրվեցին հոգուս մեջ ու ցցված են այնտեղ, ինչպես երեք դյուժին նետերը` սուրբ Սեբաստիանի փորում:
Եվ ես այդ գիշեր, վրաս սալոպի պես մի բան գցելով ու գրքերը թևատակիս, դուրս եկա տնից: Այդ ուշ ժամին ոչ ոք վրան սալոպ գցում` դուրս չի գալիս տնից` դեղագործ ընկերների մոտ` շովինիստները թևատակին: Իսկ ես գնացի: Բռնեցի ճամփան, որ դեռ լուսավորված չէր ոչնչով, բացի աղոտ համաստեղություններից: Կենդանակերպի նշանները փոփոխվում էին, ու ես հառաչեցի, այնպես խորունկ հառաչեցի, որ քիչ էր մնում ունեցած–չունեցածս դուրս թափվեր: Եվ հառաչելով` ասացի.
«Թքած Միկլուխո–Մակլայի վրա, ինչ էլ որ դուրս տված լինի: Մինչև երեսուն տարեկանը, երեսուն տարեկանից հետո` ի՞նչ տարբերություն: Ի՞նչ էր, օրինակ, իմ տարիքում արել կայսր Ներոնը: Ոչինչ էլ չէր արել: Հասցրել էր, ճիշտ է, կտրել եղբոր` Բրիտանիկի գլուխը, բայց հիմնականն առջևում էր. դեռ չէր բռնաբարել զարմուհիներից ոչ մեկին, դեռ չորս կողմից կրակի չէր տվել Հռոմը ու մայրիկին չէր խեղդել ատլասե բարձով: Ահա և իմն էլ` ամեն ինչ առջևում է»:
Հո՜–հո՜, թող որ մենք շան քաք ենք ընդամենը, իսկ նրանք` ադամանդներ, թքա՛ծ: Գիտե՜մ ինչ ադամանդներ են: Ու գիտեմ` դեռ ինչեր են անելու` առավել նողկալի, քան արել են: Խանձի՛ր նրանց կոկորդն ու հոգին, Արարի՛չ, չեն էլ նկատի, որ խանձել ես իրենց կոկորդն ու հոգին, բայց, մեկ է, խանձի՛ր:
Ահա՛, ահա՛: Ահա թե ինչ է հարկավոր նրանց. հրաժարիմքի և անեծքի մի հին բանաձև հիշեցի. «Անիծված լինեք ձեր տանը և ձեր անկողնում, քնի մեջ և ճանապարհին, զրույցի պահին և լռության մեջ: Թող անիծված լինեն ձեր բոլոր զգայությունները. տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, համառությունը և ամբողջ ձեր մարմինը` գագաթից գարշապար» («Սքանչելի՜ բանաձև է»):
Անիծված լինեք ձեզ տուն բերող և տնից տանող ճանապարհներին, անտառներում ու լեռների վրա, վահանով և վահանին, մահճակալին և մահճակալի տակ, վարտիքով և անվարտիք: Եղո՜ւկ ձեզ, եթե ցանկացած օրը գարշելի է ձեզ համար: Եթե ցանկացած օր լավ է ձեզ համար` եղո՜ւկ ձեզ: (Եթե լավ է` չորի՛ցս եղուկ): Ձեր գրագիտությամբ և անգրագիտությամբ, ձեր գիտություններում և բանագիտություններում բոլոր` անիծվա՛ծ լինեք: Սիրո մահճում և նիստերի դահլիճում, շուկաներում ու նոտակալների առջև, մահվանից հետո ու հղացվելուց առաջ` անիծվա՛ծ լինեք: Եղիցի՛: Ամե՛ն:
Ասենք, եթե համաձայնեք այսպիսի մի պայմանի, թանկագիններիդ մենք սիրով կխնամենք, իսկ դուք կփայփայեք մեզ. եթե պատրաստ եք հալվել իմ բարության ճառագայթներից, ինչպես Յարիլոյի ճառագայթներից հալվեց էդ պառվաբոզ Ձյունանուշիկը,– եթե համաձայն եք` հանում եմ անեծքը: Ավելի քիչ կմտահոգվեի` ինչ կպատահի Երկրին իմ, եթե համաձայնեիք: Բայց մի՞թե ձեզ` պոռնկորդիներիդ, հնարավոր է համոզել: Ուրեմն անեծքն ուժի մեջ է: Թող որ դուք զմրուխտ եք, իսկ մենք` հակառակը: Կլինեք–կանցնեք, հարկ է ենթադրել, իսկ մենք կկենանք: Զմրուխտները կիջնեն հատակը, իսկ մենք կլողանք` չափավոր դատարկ, չափավոր նեխող` կլողանք:
Այ հիմա նման էի Պետրոս Անապատակյացի մոտից դուրս եկող դմբո ասպետներին, լեփ–լցված` ինչով ասես, լվացված ուղեղներով ու դեմքերով` հառած Տիրոջ Գերեզմանին: Փոխփոխվում էին Կենդանակերպի նշանները: Համաստեղությունները պտտվում ու առկայծում էին: Ու ես հարցրի նրանց. «Համաստեղություննե՛ր, գոնե հիմա, բարեհա՞ճ եք իմ հանդեպ»: «Բարեհաճ ենք»,– պատասխանեցին համաստեղությունները:
Ռուսերենից թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի
Վենեդիկտ Երոֆեեւ, «Մոսկվա-Պետուշկի», Անտարես, 2013թ
Թարգմանությունը ռուսերենից` Ներսես Աթաբեկյանի