Համարյա կեղծ պոեմ
Ես նայում եմ քեզ՝ ինչպես ես խմում
շատրվանի մոտ, կապույտ պստլիկ
ձեռքերով
քո ձեռքերը պստլիկ
չեն
դրանք փոքր են,
և շատրվանը Ֆրանսիայում է
որտեղ դու ինձ գրեցիր
այն վերջին
նամակը
ու ես պատասխանեցի
ու էլ երբեք չլսեցի
քո մասին:
դու սովոր էիր գրել
խելագար պոեմներ
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՈՒ ԱՍՏԾՈ
մասին
մեծ հաշվով
դու ճանաչում էիր հայտնի
դերասանների
և նրանց մեծ մասը քո
սիրեկաններն էին
ու ես պատասխանում էի քո
նամակներին,
դե դա ոչինչ,
առաջ գնա՛
մտի՛ր նրանց կյանք
ես նախանձ չեմ
որովհետև մենք երբեք
չենք հանդիպի:
մենք մի անգամ միասին եղանք
Նոր Օռլեանում
մի կես ժամով
բայց երբեք չհանդիպեցինք
երբեք չդիպանք իրար:
դու գնացիր հայտնիների ետևից
և գրեցիր հայտնիների մասին,
և, իհարկե, ի՞նչ գտար
այն, որ հայտնիները անհանգստանում են
իրենց փառքի համար
ոչ թե իրենց անկողնում
հայտնված գեղեցիկ ջահել աղջկա,
ով տրվում էր նրանց
ու հետո առավոտյան զարթնելով՝
գրում էր բարձրաշխարհիկ
պոեմներ
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՈՒ ԱՍՏԾՈ
մասին:
մենք գիտենք, ԱՍՏՎԱԾ չկա, բայց
լսելով քեզ՝ ես
համոզված չէի դրանում
գուցե դա բարձրաշխարհիկ
մի բան է:
դու լավագույն կին պոետներից էիր
ու ես ասում էի հրատարակիչներին,
խմբագիրներին «տպե՛ք նրա գործերը
նա խելագար է, բայց կախարդական է
նրա կրակի մեջ սուտ չկա»:
ես սիրեցի քեզ մի սիրով
որով տղամարդը սիրում է մի
կնոջ, ում չի էլ դիպչել,
միայն գրել է, պահել է նրա լուսանկարները
ես կսիրեի քեզ ավելի
եթե անգամ նստած լինելով
փոքր սենյակում ու ծխելով սիգար՝
լսեի՝ ինչպես ես միզում լոգարանում
բայց դա չպատահեց:
քո նամակները դարձան ավելի
տխուր, քո սիրեկանները
դավաճանեցին քեզ,
մանկի՛կ, ես պատասխանեցի քեզ,
բոլոր սիրեկաններդ դավաճանեցին
դա չօգնեց:
դու ասել էիր, որ լացող նստարան
ունես
դա կամուրջի մոտ էր
իսկ կամուրջը գետի վրա էր
ու դու նստում էիր լացող
նստարանին ամեն գիշեր
ու արցունք էիր թափում
սիրեկաններիդ համար
ովքեր ցավ էին պատճառել
քեզ ու մոռացել:
Ես պատասխանեցի քեզ
բայց էլ երբեք չլսեցի քո
մասին:
ընկերս գրեց ինձ քո
ինքնասպանությունից 3 կամ 4
ամիս անց
եթե ես հանդիպած լինեի
քեզ, հավանաբար,
անազնիվ կլինեի քո
հանդեպ, կամ դու՝ իմ
դա կլիներ լավագույն բանը
ինչպիսին քո
ինքնասպանությունն էր:
հայր, որ երկինս ես
հայրս գործի մարդ էր.
մի գաղափար ուներ:
տես, որդի, ասաց,
քանի դեռ ողջ եմ՝ կվճարեմ էս տան համար,
ու իմը կլինի:
երբ մեռնեմ՝ քեզ կփոխանցեմ տունը:
դու էլ ժամանակի ընթացքում մի տուն ձեռք կգցես
ու կլինի որ երկու տուն կունենաս
ու երկուսն էլ կփոխանցես քո որդուն.
նա էլ ժամանակի ընթացքում մի տուն ձեռք կբերի
ու երբ մահանա, նրա որդին…
հասկացա, ասի նրան:
հայրս մեռավ մի բաժակ ջուր խմելու
ժամանակ: թաղեցի նրան: կարմրափայտի
պինդ դագաղ: թաղումից հետո գնացի
ձիարշավարան: մի դեղնամորթ կին հանդիպեց:
ձիարշավից հետո գնացինք նրա բնակարանը
ճաշի ու քաղցրեղենի համար:
մոտ մի ամիս հետո ծախեցի հորս տունը:
ծախեցի նրա մեքենան, կահույքը,
բաժանեցի նրա նկարները բացի մեկից,
մրգի բոլոր պահածոները
(բոլորը՝ եռացրած ամռան տապին)
ու hանձնեցի նրա շանը:
երկու անգամ ժամադրեցի նրա ընկերուհուն
բայց թարգեցի քանի որ
բան դուրս չեկավ:
տանուլ տվեցի ու խմեցի եղած փողը:
հիմի մի էժան բակում եմ ապրում
Հոլիվուդում, զիբիլ եմ թափում
որ վարձը փակեմ:
հայրս գործի մարդ էր:
նա խեղդվեց մի բաժակ ջուր խմելիս ու
խնայում էր բժշկական ապահովության հաշվին
Դժոխքը փակ դուռ է
Նույնիսկ երբ ես սովամահ էի
լինում
մերժված նամակներս ինձ
այնքան էլ չէին մտահոգում
ես միայն կարծում էի, որ
խմբագիրները
իրականում տխմար են
և ուղղակի քայլում էի
ու գրում էի ավելի
ու ավելի:
մերժումները ես նույնիսկ
ընդունում էի որպես.
«Սա ավելի լավ է
քան դատարկ փոստարկղը»:
Եթե որևէ թուլություն
կամ երազանք էլ
ունեի,
այդ խմբագիրներից մեկին
տեսնելն էր,
ովքեր մերժել էին ինձ,
տեսնել նրանց դեմքերը,
ինչպես են նրանք հագնվում,
ինչպես են քայլում սենյակում
ինչպիսի ձայն ունեն,
ինչ կա նրանց աչքերում…
գեթ մի հայացք նրանցից մեկին
գիտե՞ք ինչումն է խնդիրը,
երբ քո աչքերի առաջ
թղթերի կույտ է,
որի վրա գրված է, որ դուք
բանի պետք չեք
ապա միտում է առաջ
գալիս՝ մտածելու , որ
խմբագիրները
ավելի շատ աստված են
քան իրականում կան:
դժոխքը փակ դուռ է
երբ սովամահ ես լինում
հանուն այդ գրողի տարած
արվեստի
բայց երբեմն դու կարող ես
ծայրահեղ դեպքում
աչքի անցկացնել
թղթերի կույտերը:
ծեր է նա, թե երիտասարդ
լավ թե վատ
բայց ես կարծում եմ, ոչ մի
բան աշխարհում չի
մեռնում
այնպես դանդաղ
և այնպես դժվարությամբ
ինչպես գրողը:
Սրտի արծիվը
Ինչի՞ մասին կգրեն 2000
տարի հետո
եթե իհարկե
նրանք դեռ
լինեն:
հիմա ես խմում եմ
գարեջուր
և լսում եմ
Բախ, շատ
հետաքրքիր է այս
անվերջանալի մահը
այս
անվերաջանալի կյանքը
երբ
ես նայում եմ այս ձեռքին
որ բռնել է ծխախոտը
զգում եմ, ասես
միշտ եմ
այստեղ նստած
եղել
ահա զորքերը
գրավել են քաղաքը.
իմ շնիկ Թոնին
ժպտում է
ինձ:
լավ է, երբ քեզ լավ
ես զգում
հենց այնպես, առանց պատճառի,
կամ էլ
հնարավորության դեպքում
ընտրել,
կամ էլ գոնե սիրով,
ոչ թե ատելությամբ,
հավատը, եղբա՛յր,
աստվածների մեջ
չէ
այլ
քո,
մի՛ հարցրու,
ասա
հիմա ես ասում եմ
քեզ,
այսպիսի հրաշալի
երաժշտություն
սպասում է միայն
դժոխքի
ստվերներում:
Ժպիտ որպես հիշողություն
Մենք ունեինք ոսկե ձկնիկներ, և նրանք պտտվում էին,
պտտվում էին,
ակվարիումի մեջ, որ դրված էր սեղանին՝ծանր վարագույրներով
պատուհանի կողքին , և
իմ մայրը միշտ ժպտում էր և ուզում էր, որ
մենք՝ բոլորս
երջանիկ լինենք, ասում էր ինձ. « Երջանիկ եղի՛ր,
Հենրի»:
և նա ճիշտ էր. լավ է լինել երջանիկ, եթե դա
հնարավոր է,
բայց իմ հայրը շարունակում էր տանջել նրան ու ինձ
շաբաթը մի քանի անգամ
մինչ նրա մարմինը եռում էր կատաղությունից,
որովհետև նա չէր կարողանում գտնել այն կետը,
որ անհանգստացնում էր նրան ներսից:
Իմ մայրը՝ դժբախտ ձկնիկը,
ուզում էր երջանիկ լինել, ծեծված լինելով շաբաթը մի երկու անգամ, սովորեցնում էր ինձ
երջանիկ լինել
«Հենրի՛, ժպտա,
ինչու՞ դու երբեք չես ժպտում»:
հետո նա ժպտում էր՝ օրինակ ցույց տալու համար, և
դա ամենատխուր ժպիտն էր, որ ես երբևէ տեսել էի:
մի օր ոսկե ձկնիկները սատկեցին, ամբողջ հինգը,
նրանք լողում էին ջրի մակերևույթին, և նրանց աչքերը
դեռ բաց էին մնացել
և երբ հայրս տուն եկավ, նրանց շպրտեց կատվի առաջ
խոհանոցի հատակին, և մենք ապշած նայում էինք
ինչպես էր ժպտում մայրս:
Ապաշխարանք
Սպասելով մահվան
ինչպես կատուն,
որը ցատկում է
անկողնու վրա
ես շատ
խղճում եմ
կնոջս
նա կտեսնի
այդ մեռնող
սպիտակ
մարմինը
մի անգամ կցնցի
գուցե երկրորդ
անգամ.
«Հենկ…»
Հենկը չի
պատասխանի:
Ինձ մահը չի
անհանգստացնում, այլ՝ կինս
որ կմնա այդ
մի կույտ
ոչնչի հետ:
ես ուզում եմ, որ
նա իմանա
այն բոլոր
գիշերները, որ քնել
եմ նրա կողքին
նույնիսկ
անհեթեթ
վեճերը
ամենահրաշալի
բանն են եղել
և այն դժվար
բառերը
որոնք ես միշտ վախեցել եմ
ասել
հիմա կարելի է ասել.
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Գրողը
Երբ ես մտածում էի այն ամենի մասին
ինչին դիմացել եմ փորձելով լինել
ԳՐՈՂ-այն բոլոր քաղաքների բոլոր
սենյակների մասին
երբ ես ծամում էի մի բան
որով նույնիսկ չէին կերակրի
առնետներին:
ես այնքան նիհար էի որ իմ ոսկորներով
կարելի էր հաց կտրել միայն թե
հաց հազվադեպ էի ունենում:
իսկ այդ ընթացքում ես
նորից ու նորից
թղթի կտորների վրա շարունակում
էի գրել:
ու երբ մի տեղից մյուսն էի
տեղափոխվում
իմ թղթե ճամպրուկը
հենց այդ տեսքն էլ ուներ
թուղթ՝ դրսից, թուղթ՝ ներսում
բնակարանների տանտիրուհիները
հարցնում էին.«ինչո՞վ եք
զբաղվում»
«ես ԳՐՈՂ եմ»
«օ՜»
երբ ես հարմարվում էի պուճուր սենյակում
որ հունի մեջ ընկնեի
նրանցից շատերը խղճում էին ինձ,
կերակրում
խնձորի, հունական ընկույզի, դեղձի
կտորներով
նրանք շատ բան չգիտեին
որ դրանք համարյա ամենն էին
ինչով ես կերակրվում էի
բայց նրանց խղճահարությունը ավարտվում էր
երբ հայտնաբերում էին էժանագին
գինու շշերս:
բնական է եթե սոված գրող ես
բայց ոչ՝ սոված գրող, ով խմում է
հարբեցողներին երբեք ոչինչ
չեն ներում
բայց երբ երկիրը փախչում է
ոտքերիդ տակից շատ
արագ
մի շիշ գինին թվում է
հավատարիմ ընկեր:
ախ այդ բոլոր բնակարանային տանտիրուհիները
մեծ մասամբ ծանր, դանդաղաշարժ, նրանց
ամուսինները վաղուց չկան
ես մինչ օրս տեսնում եմ
այդ քաղցրիկներին
իրենց բների աստիճաններով
վեր ու վար անելիս:
նրանցով էր պայմանավորված
իմ գոյությունը
եթե նրանք ինձ թույլ չտային
ապրել իրենց մոտ
երբեմն նույնիսկ երբ ես չէի վճարում
ես կհայտնվեի փողոցում
իսկ ես չէի կարող
ԳՐԵԼ փողոցում
շատ կարևոր էր ունենալ
սենյակ, դուռ, այդ պատերը
ախ այդ մութ առավոտները
այդ անկողիններում
ականջ եմ դնում նրանց ոտնաձայններին
ականջ եմ դնում նրանց հազին
լսում եմ ինչպես են զուգարանի
ջուրը քաշում
զգում եմ նրանց
պատրաստած կերակուրների
հոտը
ու շարունակ սպասում եմ
գոնե մի պատասխանի
Նյու-Յորք ուղարկած թղթերիցս
իմ ուղարկածները այն
կիրթ, խելացի, «ինտիլիգենտ»
մարդկանց
այնտեղ
նրանք չէին էլ շտապում
ասել ոչ:
այո, մութ անկողիններում
բնակարանային տանտիրուհիների հետ,
որոնք անօգուտ պտտվում էին շուրջս
լրտեսում
ես հաճախ էի մտածում
այն խմբագիրների ու հրատարակիչների
մասին
ովքեր չէին ընդունում այն
ինչը ես փորձում էի ասել
իմ ձևով
յուրահատուկ ձևով
և ես մտածում էի
հնարավոր է՝ նրանք սխալվում են
այդ մտքին հաջորդում էր
մեկ ուրիշը՝ առաջինից
ավելի վատը
հնարավոր է ես եմ
հիմարը
գրեթե յուրաքանչյուր գրող
մտածում է որ ինքը
գրում է առանձնահատուկ
գործեր:
դա բնական է
հիմար լինելը բնական է
և դրանից հետո ես դուրս էի
սողում անկողնուցս
գտնում էի թղթի
կտուր
և սկսում էի
նորից
ԳՐԵԼ:
Նրանք մեր նման չեն ուտում
Իմ հայրը ճաշի ժամին
նրա ականջները շարժվում էին
նա ծամում էր մեծ եռանդով
ես ուզում էի որ նա վառվեր դժոխքում
ես հետևում էի նրա ձեռքի պատառաքաղին
ես հետևում էի՝ ինչպես է մայրս ուտելիքը
դնում նրա բերանը
իմ կերածը անհամ ու մահացու էր
նրա խոսքի հնչյունները խրվում էին
ուղեղս
բառերը վազում էին իմ ողնաշարով
դրանք լցվում էին կոշիկներս
«կեր՛ Հենրի» ասում էր մայրս
հայրս ասում էր «շատ մարդիկ սովամահ են լինում
և մեր նման լավ չեն ուտում»:
ես ուզում էի որ նա վառվեր դժոխքում
ես հետևում էի նրա պատառաքաղին
մայրս ուտելիքը դնում էր նրա բերանը
նա շան պես ծամում էր
նրա ականջները շարժվում էին
այն դաժան փորձություններին որ նա ինձ ենթարկում էր
ես պատրաստ էի
բայց նայել ինչպես է նա ուտում
դրանից խավարում էր ամեն բան
«կեր, թե չէ գրողի տարած հետույքիդ կհասցնեմ» ասում էր նա
ավելի ուշ ես ստիպեցի նրան վճարել ինձ
բայց մինչև հիմա նա ինձ պարտք է մնացել
ու ես երբեք չեմ կարողանա պարտքս
վերադարձնել:
Թարգմանությունը՝ ԼԻԼԻ ՅԱՆԻ