Ornament[2]
XX դարավերջի և XXI դարասկզբի գրական ընթացքը անհնար է դիտարկել սոսկ տարածության ու ժամանակի միջոլորտներում, քանզի այն բազմաբևեռ է` պոետական տեքստի կոմպոզիցիոն, սյուժետային ու հնչույթային կազմավորումների սկզբունքներով: Եթե փորձենք սոսկ իմաստաբանության տիրույթում դիտարկելով մեկուսացնել տեքստը՝ վերջինիս ներքին պարունակներում հարաբերելով ինչպես թեմատիկ առանձնահատկությունները ու դրանց զարգացումները, այնպես էլ՝ միջտեքստային տարածության սահմանները, ապա կհանդիպենք նաև սույն երևույթի երկբևեռությանը, որի միջոցով իրականանում են բնագրային պատկերավորության փոխանցումները: Հեղինակի գիտակցության փոխաձևումներով պայմանավորվելով՝ վերջիններս կազմավորում են բնագիր – հեղինակ – գեղարվեստ գոյաբանությունը՝ նշանակության ընդհանրականության տիրույթում վերացնելով քնարերգու և պոետ բառերի հոմանիշությունը, քանզի դրանք հարաբերվում են պոեզիա (ձև) և պարունակություն (այստեղ՝ քնարականություն) ըմբռնումներին, թեպետ երկուսն էլ ֆենոմենալ են: Հետևաբար, ձևավորվում են նաև կառուցվածքաիմաստային ոլորտները՝ անպայմանորեն ընդգրկելով մետաֆորի ստեղծման պոետական էներգիան, միավորելով հիշողության միջոցով դուրս մղվող իմաստի ու ձայնի անմասնատելիությունը ու ձևավորելով իմաստային համաձայնության հնչումը: Սա երևույթ է, որ առնչվում է անմիջապես լեզվահոգեբանության ոլորտին՝ հաստատելով պատմություն – անհատ – բառ փոխկապվածությունը, որը հնարավոր է և ոչինչն է, սակայն նրան (լեզու) ճանաչում են ժողովուրդները՝ ինչ-որ այնկողմնային (խոստովանության պես գաղտնի) ուժով՝ միաժամանակ տանելով սոցիումի էներգիայի ճանապարհով:
Բարոկկոյի դարաշրջանի պոետները հավատում էին, թե ամեն ինչ աշխարհում ծածկագրված է իմաստաբանական հոսանքներով, որտեղ հնարավոր է ընդհանուրի ու կոնկրետի միավորումը: Երևույթ, որը հասանելի է օբյեկտի իմաստաբանական փոխանցման հատկանիշով (հնարքով), ու տեղափոխում է ընթերցողին պոետիկայի տիրույթ՝ մշակվելով ու զարգանալով պատկերավորության օրենքներով: Այս ենթատեքստում ուշագրավ է Թադևոս Տոնոյանի «Երկնքից առաջ» բանաստեղծությունների ժողովածուն (2010, բանաստեղծական մեջբերումները սույնից), որն առնչվում է առավելապես մշակութաբանական իմաստաբանության ու պատկերաստեղծման միջոցներին ու նրանցում հնարավոր ձայնային – հնչույթային լուծումներին՝ «Ստե՛ղծ, տիրաստե՛ղծ աստղային ատլաս», քանզի տոնոյանական բնագրի իմաստաբանական փոխակերպվող միջուկը գեղարվեստական պատկերի ու պոետիկայի զարգացման տիրույթում ամբողջանում է կառուցվածքային – իմաստաբանական հնարավորություններով՝ բացահայտվելով վերջինիս էույթի երևութացման հատկանիշով: Պատկեր + պատկեր փոխներթափանցումների հերթագայությունը իմաստաբանության տիրույթում պահպանում է նշանակությունների շղթան՝ առաջադրելով հաջորդ պատկերի՝ որպես ամբողջական իմաստային տիրույթի, ներգրավումը:
Staccato[3]
Ժամանակակից տեսաբանական ուսումնասիրություններում հայտնաբերում ենք դիտարկումներ տեքստի հիմնական գործառույթների վերաբերյալ միայն, որոնք փոխում են իրենց համակցությունները տեքստից տեքստ անցումների ժամանակ՝ մշտապես առաջադրելով թեմաներ, որոնք կազմավորում են բանաստեղծական ժողովածուի՝ որպես ամբողջականության, ստեղծման գաղափարը: Սակայն նրանում առկա հակադրություններն ու ներձույլ վիճակները առանձնանում են նաև տեքստի տեսողական – լսողական – ասացական ու իմաստաբանական կանխատեսումների միջոցով, քանզի մշտապես փոփոխվում են արտահայտության ձևերը, ու հնարավոր շատ տարբերակներ ընկալվում են ստեղծագործության ներքին տիրույթում միայն՝ ելնելով պոետական աշխարհի օրենքներից՝ իմաստի ու պատկերի տիրույթներում բացահայտելով մեծամասշտաբ թեմատիկ ամբողջություններ, որոնք տարբերվում են իրենց բարդությամբ և որոնց հիմքում շարժման ու դադարի իմաստաբանական հակադրություններն են (շղթայական համակցությամբ), որոնք «Երկնքից առաջ» ժողովածուում վերածվում են անվերջանալի շրջապտույտի՝ խորհրդանշելով աշխարհի բացասական էներգիայի անցումը դրականի: Հանգամանք, որ հավասարակշռում է ասացում – ձայն – լսողություն տիրույթները՝ քերթվածի բառային ու հնչույթային խաղերի միջոցով ամբողջացնելով թե՛ կենսական էներգիան, և՛ թե տեքստում գաղտնագրված բանաձևերը՝ («Ես բաժանվում եմ իմ եկեղեցուց. Հրաժեշտ մարմնին», «Պատվիրաններ աստղանավորդին», «Ագռավաքարի երկու կողմում», «Ուղերձներ մինչ աքլորականչ»), միաժամանակ ընդունելով դրանք իբրև ելակետ, հանրագումար, որպես բարոյականության իմաստաբանական առանձնացում՝ «Երկնքից առաջ»: Այս հանրագումարում տոնոյանական տեքստերը դիտարկելի են հետևյալ տեսանկյուններից՝
ա. փոխակերպվող պոետիկա
բ. սոցիալ – մշակութային ենթատեքստ
գ. տեքստի գենեզիս
դ. բանաստեղծության՝ որպես անփոփոխ համակարգի, կոմպոզիցիոն ձևեր:
Pizzicato[4]
«Երկնքից առաջ» ժողովածուի փիլիսոփայական ուղղվածությունը հայտնաբերվում է ոչ միայն տարածական պատկերների վերլուծությամբ, այլև ժամանակի ըմբռնման արդիական մտածողությամբ, ուստի ստեղծվածը գաղափարների հարափոփոխ աշխարհն է նաև, քանի որ քերթվածները ֆենոմենոլոգիական են ըստ էության: Այս ենթատեքստում տարածությունն ու ժամանակը ընկալվում են գիտակցության ներքին ֆենոմենի հատկանիշով, քանզի ժամանակը միագիծ է ու փուլային, էսխատոլոգիական ու բազմաչափ, իսկ տեղափոխությունները վերջինիս տիրույթում մոդելավորվում են որպես իրականությունը բացահայտող կառուցվածքային հնարքներ, քանզի այս դեպքում հնարավոր են՝
ա. ժամանակի հակադարձումը
բ. էքսպերիմենտը, որտեղ ժամանակի բացասումը իրացվում է տարածության ներքին մենախոսությամբ
գ. առարկայական աշխարհի հարափոփոխության միջոցով իրացվող ժամանակային գործընթացը, երբ տարժամանակությունը դառնում է համաժամանակություն, շարժումը՝ կանգառ, գործընթացը՝ կառույց:
Սույն երևույթները մշտապես պայմանավորվում են մեկը մյուսով՝ գոյաբանության ու պոետիկայի տիրույթներում դիտարկվելով հասկացությունների՝ որպես ոլորտների միասնության հատկանիշով, միաժամանակ ամբողջացնելով բնագրային նյութի ենթատեքստային վերլուծությունները և ուշադրություն հրավիրելով պատմամշակութային ենթատեքստերին` Ագռավաքարում սերմն է իմ զարմի // Մեջնուշուրջը իր՝ աշխարհն ընդհանուր, // Ու ես եկել եմ, որ երգս զատի // Տիրոջ երազանք ու մարդու անուրջ:
Ricochet[5]
Պատկերը կառուցվում է վերացարկվող հիմքով. պատկերի ու փոխակերպվող բառերի միջև որոշակի բաց տարածություն է. օբյեկտի փոխարեն վերջինիս հատկանիշն է, վիճակը (այստեղ՝ անշարժ), որը բազմաթիվ փոխանցումների արդյունքում կրկին դառնում է օբյեկտ: Իրականանում է մետաֆորի զտումը՝ մասնավորից ընդհանուր և հակառակը՝ կազմավորելով տոպոսը որպես իմաստ, և իմաստը որպես տոպոս միջակայքը՝
Այս նյութի վերջում ու նյութակըրի
Ինձ կսատարի օրենքը նախնյաց,
Որ հիմա ծես է դարձել, բայց գրի
Ագռավաքարում դեռ քուն է մտած:
Այսպիսի պատկերի նշանակությունը ձգտում է ասացման տիրույթ, որի փոխակերպման սահմանները առկա են պատմասոցիոլոգիական, մշակութաբանական ու բնության երևույթների հիմքում: Գեղագիտական այսպիսի ընկալումների վերջակետը ենթատեքստայնության խորության տիրույթում է, որ նշանակության ու պատկերավորման միջև ձեռք է բերում պայմանական բնույթ՝ ենթադրելով զտված պատկեր – փոխաբերություն անցումը ու դրանց հակադարձումը: Հետևաբար, միանշանակությունը նույնպես ենթարկվում է իմաստաբանական հատածների (մասի իմաստով) ու դրանց զարգացումների անվերջությամբ՝
Երկու կողմում էլ Ագռավաքարի
Ես եմ. և՛ ներս, և՛ … դուրս գալ եմ ուզում:
Legato[6]
Ժողովածուն ամբողջական շրջապտույտ է (գիրք – շրջափուլ, գիրք – կոմպոզիցիա), որում տեքստից տեքստ փոխանցվում են միջանցիկ հոսանքներ՝ ձևավորելով ինչպես զգայական, այնպես էլ իմաստաբանական ենթատեքստը՝ որպես ամբողջականություն, որում ամբողջի հիմնավորմամբ հայտնաբերում ենք կառույցը՝ նախքան տեքստը սկզբունքով: Երևույթ, որ հասցնում է մետաֆորի տիրույթ, առանձնանում իր տոտալ բնույթով, ընդունվում իմաստաստեղծման որոշակի օրենքներով և, գեղագիտական ձևերի համապատասխանությամբ, ձեռք է բերում գոյաբանական իմաստ: Հետևաբար ներքին ժամանակի պատկերավորումը ժողովածուում հայտնաբերվում է որպես լինելության որակական փոխակերպում, որը սիմվոլիստական բանաստեղծության կուլմինացիայի դեպքում գոյություն չունի: Լեգատոն (legato) ընդհանրապես բնութագրական է սիմվոլիստական հնչումի համար, սակայն այս դեպքում զիջում է ստակկատոյի (staccato) առաջնայնությանը՝ հնչուն ներդաշնակությամբ՝ ոչ մի կերպ չտրվելով կրկնողական ու ընդհանրական շղթայի ազդեցությանը, խաղաղվելով անպայմանական դադարների միջոցով (երբ ձայնային ակորդների միջոցով պոետը խուսափում է ելքային ու մուտքային նեգո – հնչույթներից), որպեսզի հետագայում դրանք կրկնի նորից: Այդպիսի ներդաշնակության հաճախականությունը դժվար ընկալելի է քերթվածի ներքին ռիթմերի շնորհիվ, սակայն Տոնոյանի մոտ դրանք կրում են առավելապես այլ բնույթ և հեռու են սիմվոլիստական բառային ռիթմերից՝ ոչ թե դինամիկ, այլ անշարժ ձայնադրվագներով՝ «Նորից թեքվել են դաշտերը ցրտոտ, // Ու հեռանում է հոգիների չուն, // Երկնքից ցած է նայում անվրդով // Նա, ով վաղուց է կանչում մեզ իր մոտ»:
Տե՛ս և հմմտ.
ա. սիմվոլիստական բանաստեղծության պատկերը
բ. Թադևոս Տոնոյանի բանաստեղծությունը
Լեթարգիական գոյության (սիմվոլիստական բանաստեղծության) որակական այսպիսի փոփոխությունները (յուրաքանչյուր քառատողում մեկ անգամ, բացի մեկից, երբ հայտնվում է երկու անգամ) գագաթնակետին հասնելու պահին դադարում են գոյություն ունենալ, հետևաբար համադրության սահմանին հասնելու և հնչույթային ծածկույթ ստեղծելու համար Տոնոյանը վարպետորեն օգտվում է զուգադրությունից: Այս դեպքում ռիթմը չի ավարտվում հատուկ վերջավորություններով՝ սկիզբը և ավարտը միավորելով ոչ ամբողջական հանգավորմամբ, թեպետ վերջնականապես սրանք չեն, որ ստեղծում են քերթվածի ողնաշարը: Այսպիսի հուշումները հանգեցնում են նաև բարեհունչ կառույց-ի գաղափարին, որը հնարավոր է բնութագրել ինչպես փուլային (լույսի եռակի արձակումը), այնպես էլ ձայնադրվագների հերթագայող հակադրությունների միջոցով: Սա երևույթ է, որ ընդգծվում է առավելապես աշխարհաքաղաքական կարևորագույն փոխանցումների (ձայնային – լեզվական միջակայքերի) դեպքում, երբ պոետը ներգրավվում է իրեն շրջապատող Լինելության միջոլորտում և ձայնային – լեզվաոճաստեղծ նյութական տարրերի միջոցով երևութացնում պոեզիայի հոգևոր էույթը:
[1]. Ձայնային պարտիտուրա:
[2]. Ձայնադրվագ: Ռելիեֆային փոխանցումներ:
[3]. Ընդհատ, բեկբեկ:
[4]. Լարավոր գործիքը մատով նվագելը:
[5]. Անդրադարձ թռիչք:
[6]. Երաժշտություն առանց ընդհատման: