Ռոման Կիսյով – բուլղար բանաստեղծ, գեղանկարիչ, գիրք ձևավորող, պոեզիայի թարգմանիչ:
Ծնվել է 1962 թ., Բուլղարիայի Կազանլիկ քաղաքում: Ավարտել է Սոֆիայի գեղարվեստի Ազգային ակադեմիան գեղանկարչի մասնագիտությամբ: Հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների, որոնցից առաջինը՝ «Դրախտի դարպասներ»-ը (1995) արժանացել է Պլովդիվի «Խրիստո Գ. Դանով» հրատարակչության սահմանած Ազգային պարգևին` «Պոեզիա» անվանակարգում:
Մյուս բանաստեղծական գրքերն են.
«Թռիչքի ստվերը» 2000
«Լույսի ուխտավորը» 2003
«Ծածկագրեր» 2004, 2007
«Ձայներ» 2009
«Լույսի ուխտավորը» 2008, խորվաթերեն
«Բառը` հովիվ» 2010, մակեդոներեն
«Բանաստեղծություններ» 2013, լենգալերեն,
Նրա բանաստեղծությունները թարգմանված են նաև հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, նիդեռլանդերեն, դանիերեն, հունարեն, թուրքերեն, ռումիներեն, սերբերեն, ալբաներեն, եբրայերեն, արաբերեն, չինարեն, հինդի և այլ լեզուներով: Մասնակցել է պոեզիայի միջազգային շատ փառատոների:
Բնակվում է Սոֆիայում:
ԻԹԱԿԵ*
«… և հասկացա հաստատ –
իթակեներն ինչ են նշանակում»:
Կ. Կավաֆիս
Ե՛ս էլ Ոդիսևս եմ,
սակայն` անհայտ,
ոչ ոք դեռ իմ մասին բան չի լսել,
ոչ ոք չի կռահել խոկումներս խոր ու
հնարամիտ…
Քանի որ չեմ լքել երբեք իմ Իթակեն:
Ես իմ կյանքում երբեք չեմ հանդիպել
ոչ մի լիստրիգոնի կամ կիկլոպի, ոչ էլ
սիրենների,
և ձին Տրոյական հնարել չեմ փորձել,
և չեմ սխրագործել…
Քանի որ չեմ լքել երբեք իմ Իթակեն:
Իմ աղեղի ուժի, քաջությանս մասին,
ոչ ոք չի հասցրել բան իմանալ:
Պենելոպեն անգամ անտարբեր է դառել,
վաղուց սերն է սառել սրտում նրա…
Քանի որ չեմ լքել երբեք իմ Իթակեն:
13.09.1989
ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ՀԱՐՑՐԵԼ
Ինձ չի հարցրել ոչ ոք,
ուզո՞ւմ էի ծնվել,
ոչ ոք ինձ չի հարցրել,
ուզո՞ւմ էի ապրել
այս աշխարհում, հիմա,
ժամանակում իմ այս,
ոչ ոք, երբևիցե, ինձ չի հարցրել նաև,
ուզո՞ւմ էի լինել հենց այս,
ինչ կամ:
Կյանքս ե՛ս չեմ ընտրել,
ինձ ընտրել է կյանքը,
ու երբ ինչ-որ մի օր
ձանձրացնեմ նրան, կհեռանա հանկարծ,
չհարցնելով անգամ,
ուզո՞ւմ էի, արդյոք, որ բաժանվենք:
1989
ՍՏՈՐԱԿԵՏԵՐ
Կյանքը
շարան է
ստորակետերի
Եվ այդ շարանը ստորակետերի`
հարցականներով –
Մանկությունն է մեր
Եվ այդ շարանը ստորակետերի`
ընդմիջումներով բացականչական –
Պատանությունն է
Եվ այդ շարանը ստորակետերի`
բազմակետերով –
Ծերությունն է մեր
Իսկ վերջակետը
անտես մի ձեռք է դնում
ի վերջո
1990
ԳԻՐՔ
Մեզնից ամեն մեկը
իր իսկ կենսագիրն է
Խմբագիրը
Տերն է
2001
ԵՍ…
Ես արարիչ եմ – ստվերում կանգնած:
Եվ ստվեր եմ ես – ստվերն Արարչի,
ով ստվերում է կանգնած տակավին:
1990
ԱՐԱՐԻՉԸ
«… Ինչ որ մեկը թելադրում է»
Անդրեյ Գերմանով
Իմ երգերն իմը չեն
իրականում,
և աշխարհի բոլոր պոետների երգերն
իրենցը չեն նույնպես:
Արարիչը մեկն է:
Մի հեղինակ` անհայտ ու անանուն,
որ իր ընտրյալներին թելադրում է
երգեր` շարա՜ն – շարա՜ն:
Ոմանց մատուցում է իր անցողիկ
հորինվածքներն անկյալ
ու անճարակ,
ոմանց – արարումներն իր հանճարեղ:
Ոմանց, ընծայում է – որպես
փոխհատուցում –
բավարարվածություն ու հանգիստ կյանք,
ոմանց` պատժում կրծող կասկածներով,
միայնությամբ անվերջ
և, իհարկե, դժբախտ իմաստությամբ:
1990
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Ես չեմ գնում: Թռչում եմ ու փոխակերպվում:
Տարածություն և ժամանակ չկա: Ո՞վ եմ:
Ես բնավ էլ ե՛ս չեմ վայրում այս Համբարձման:
Մահմուդ Դերվիշ
1.
Համբարձման վայրը մտքերի –
սիրտն է
Սրտի Համբարձման վայրը –
հավատն է
Սերն է հավատի Համբարձման
վայրը
Սիրո Համբարձման վայրը –
հոգին է
Եվ լույսն է հոգու Համբարձման
վայրը
Ե՛ս եմ Համբարձման վայրը մտքերի
սրտի հավատի սիրո և հոգու
Փոխակերպում է Լույսն ինձ պարզապես
և Ուրիշ մեկն է Համբարձվում ինձնից
Ես ե՛ս չեմ իմ այս
Համբարձման վայրում
Ուրեմն ո՞վ եմ ես
2.
Ես մանկան բիբն եմ
ուր ցոլանում է Երկնի անհունը
Թև եմ Փյունիկի
որ հոգիների Արևի շուրջն է պտտվում
անվերջ
Ես մի կաթիլ եմ տիեզերական
Արարչանյութից
որ լող է տալիս Գաղտնիքի Ծովում
Ես Աստծո Մտքի մասին այն միտքն եմ
որ Կենաց կարգն է բարենորոգում
Ես այն ավազն եմ անապատի մեջ
Տարագրության
որ պահպանում է ընդերքում իր խոր
ոտնահետքերը անապատական
Սրբազանների
Տրոփն եմ արյան հիշողության մեջ
Ես վաղնջական քամու շունչն եմ որ
Գալիքն է բերում այստեղ և հիմա
Ես մի փշուր եմ ընկած Աստծու
Ընթրասեղանից
Ես Քրիստոսի քայլերի հետքն եմ ջրերի վրա
Եվ Օրփեոսի նվագերգության արձագանքն
եմ ես
որից դյութվում են գազաններն ամեն
Ես Լույսի շող եմ այս աշխարհի մեջ
Արտացոլանքն եմ ուրիշ մի Ես – ի
Իմ սահմաններում տեղավորվում է
Անպարագրելին
Իմ ներաշխարհի ժամանակային հունով
հոսում է
Հավերժությունը
2007
ԱՌԵՂԾՎԱԾ
«Մարդ» անվան մեջ
առեղծված կա թաքնված
Որովհետև երևի թե բանալու
դատարկ անցք է հիշեցնում
ուրվապատկերը մարդու
Եվ բանալին ամուր սեղմած ափի մեջ
սպասում է
Փակակալը երկնային
ԱՍՏՂԸ
Օրփեոսը խորունկ
ջրհոր փորում
բայց հատակում Աստղ է հայտնաբերում
Աստղը փայլատակում արևի պես
և աչքերի առջև Օրփեոսի
գաղտնիքներն է բացում ընդերքների
Օրփեոսը առնում ափերի մեջ
Աստղը հրաշագործ
և դնում է հիմքում
ապագա Տաճարի
Այնտեղ ուր Աստղն էր
շռայլորեն բխող աղբյուրն ականակիտ
գետ է դառնում արագ
Եվ հոսում է գետը հազարամյակներով
երկրում Օրփեոսի
և պահում է նո՛ւյնպես ամենեցուց ծածուկ
իր հոսանքում խորունկ – խորհրդավոր
Ձկանն Աստծու
Եվ Տաճարը հավետ շողշողում է մթնում
2007
ՕՐՓԵՈՍԸ
Ո՞ր աշխարհում ես դու սերմնավորվել:
Ո՞ր ժամին ես դու լույս աշխարհ եկել:
Ո՞ր եզերքում են քեզ հանձնել հողին:
Ո՞ր քամին է քեզ հարություն տվել:
Դու` երկնաորդի
Եվ երկրաբնակ հրեշտակ ես Դու
Դու` Աստծու Տաճար
Ոգու սիրեցյալ
և Իմաստության ապաստան ես Դու
Անեղծանելի Բնության Դու Քուրմ
հովիվ` լուսաթև մեր մուսաների
աստղահույլերի առաջնորդ անշեղ
Դու` հովանավոր ճառագայթների
ակնաբույժ հմուտ
հայրերի կրթիչ
Դու` նախահայրը բանաստեղծների
և երգիչների նահապետն անզույգ
ավետաբերն ես կենարար ջրի
Դու` պագամախոս խաղաղ ու նրբին
Հավերժ Փեսայի Նախակարապետ
Կրակե Խոսքն է քո միջով հոսում
քեզնից է բխում Լույսը բարեծին
Օ՜ Ոլորտների երաժշտություն
Օ՜ enբերի երգ
Բացվում – փակվում են
Երկնադռները
2006
ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
Երկինքը մռայլ է:
Ծանր է կապարի պես:
Սահմռկելի է նա:
Ցնցվում է որոտից ու շանթերից:
Օ՜, ո՛չ, թող չթվա,
թե այս ճայթմունքներն ու դղրդյունը
երևույթներ են պարզ ու բնական,
որ վաղուց է մեկնել գիտությունը, օ՜, ո՛չ,
դրանք երանելի հոգիների
բռունցքների ցասկոտ հարվածնե՛րն են
դրախտի դարպասներին:
1989
ԱՆԳԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ*
Հնոտիների շուկայում կյանքի
մեր քաղաքագետ այրերը հանգիստ
հոգի են ծախում – առնում ու ծախում
(հոգիներն իրենց ծախել են վաղուց)
Հնոտիների վաճառաճահճում
մեր գործիչները մթին անցյալով
խոստանում են մեզ լուսե ապագա
(նոր բարդակներ են կառուցում սակայն)
Նոր բարդակներում գործիչները հին
սնում են մոլի սատանաներին –
այնքան ջանադիր ու ճշտակատար
(իսկ ես սնվում եմ երգերով փշոտ)
Անգին հայրենիք –
երկրային դժոխք*
2003
_______________
*«Անգին հայրենիք – երկնային դրախտ»
(Բուլղարիայի օրհներգից)
ԱՌԱԿ
Եվ մտքերը հազիվ արտաբերված
փոխակերպվում իսկույն քարանում են
Թող որ անմեղները
առաջինը նետեն
բարբառում է Բանը
Եվ մտքերը քարե
թռան դեպի Բանը
Եվ քարերով ծածկվեց Դեմքն Արարչի
և մտքերը այդպես խլացրին Բանը
Եվ խավարը եղև
Խրախճանում էին պոետները հարբած
և մտքերով հածում ուղեկորույս
անհուշության խորքում
Եվ հարություն առած Բանի գալստյանը
սպասելով
Բանաստեղծությունը արտասվում է ծնկած
1997
ECCE POETA*
Սա Պոետն է ահա
Սա բառն է
Պոետի
Սա Մարմինն է
բառի
Այդ Մարմինը
բեկված
բազմացված է
երգերի մեջ բազում և գրքերի
Առեք ճաշակեսցեք
լույսը քանզի
Ո՛չ լոկ համացանցիվ
մարդ տակավին կեցցե …
2004
ՀՈԳԵԿՑՈՒԹՅՈՒՆ*
Շիրիմներին դրվող
ծաղիկները
Արմատներ են նետում
կյանքից անդին
2001
*Հանգուցյալների հիշատակության օր Բուլղարիայում
ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ
«Իմ մարմինը կանհետանա
երազներում…»
Ռադովան Պավլովսկի
Եվ մարմինս մի օր կանհետանա
սահմաններում քնի
այն աշխարհում անհուն –
անդենական կյանքի լռության մեջ…
Կհայտնվի սակայն հոգիս այնժամ
և կարթնանա խոսքս
խոր թմբիրից
և կշրջի դարձյալ այս աշխարհով…
Եվ կսկսվի այնժամ
կյանքս նոր ու անհայտ
անտես ու թափանցիկ ա՛յլ մարմնով
բայց նո՛ւյն հոգով – մսից և արյունից
ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Կվերադառնա արցունքն առաջին
որ ծնվեց աչքում առաջին մարդու
առաջին օրը
առաջին մեղքին հաջորդած պահին
Կվերադառնա արցունքն առաջին`
մայրը մարդկության ամբողջ արցունքի
կվերադառնա
երբ հնչի Տիրոջ դատաստանն Ահեղ
Կվերադառնա արցունքն առաջին
ահեղ ու հսկա
և կհեղեղի աշխարհը համայն
Եվ դանդաղ քաշվող ջրերի միջից
կելնի նոր աշխարհ
առանց արցունքի:
2008
Ներկայացվող բանստեղծությունները Ռոման Կիսյովի «Համբարձում» ժողովածուից են: Գրիք հայերեն թարգմանությունը իրականացրել է Արցախի գրողների միությունը:
Թարգմանությունը`
Գագիկ Դավթյանի
Ռուսերեն թարգմանությունը`
Ալեքսանդր Գովորկովի
Վլադիմիր Շտոկմանի
Կիրիլ Կովալջիի