Ողբ
Այլևս չկա մեզ համար հոգոցը փոքրիկ,
Այլևս հողմերը մթնշաղին չեն վրդովում մեզ:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս չեմ վառվում ես:
Այլևս մեզ համար չէ թևերի թափահարումը
Որ աղմկում էր մեր գլխավերևում:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս չի ձաղկում ինձ ցանկությունը,
Այլևս մեզ համար չէ դողը՝
Ձեռքերի հպման պահին:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս մեզ համար չէ շուրթերի գինին,
Այլևս մեզ համար չէ գիտելիքը:
Նայե՛ք չքնաղ մեռյալներին:
Այլևս չկա հորձանքը,
Այլևս չունենք մեր հանդիպման վայրը
(Նայե՛ք չքնաղ մեռյալներին)՝
Թինթագյոլը:
Աղջիկ
Ծառը մտել է ձեռքերիս մեջ,
Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով,
Ծառը կրծքիս մեջ է աճել
Դեպի ներքև,
Բազուկների պես` ճյուղերը դուրս են աճում ինձնից:
Ծառ ես դու,
Մամուռ ես դու,
Մանուշակներ ես հողմերի ներքո:
Երեխա ես դու – բարձր այնքան,
Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:
Ողջույն
Սերունդ լիապես ինքնագոհների
և լիապես անհարմար սերունդ:
Ես տեսել եմ ձկնորսների խնջույքն արևի տակ,
Տեսել եմ նրանց՝ փնթի ընտանիքներով,
Տեսել եմ նրանց ժպիտները՝ ատամներով լի,
լսել եմ նրանց ծիծաղն անճոռնի,
Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք,
Եվ նրանք ինձնից երջանիկ են,
Եվ ձկները լողում են լճում
ու նույնիսկ չունեն հագուստ:
Դաշինք
Ես դաշինք եմ կնքում քեզ հետ, Ուոլթ Ուիթմեն,
Երկար ժամանակ քամահրեցի քեզ,
Հիմա գալիս եմ որպես հասուն մի երեխա,
Որը բթամիտ հայր է ունեցել:
Ես հասուն եմ՝ քեզ հետ ընկերանալու համար:
Դու առաջինը փայտը կոտրեցիր:
Փորագրելու ժամանակն է հասել հիմա:
Մենք նույն հյութն ու նույն արմատն ունենք.
Մեր միջև թող շփում լինի:
Coda
Ով իմ երգեր,
Ինչո՞ւ եք այդպես անհամբեր ու պրպտուն հայացքով նայում
դեմքերին մարդկանց.
Մի՞թե կգտնեք նրանց մեջ ձեր կորուսյալ մեռյալներին:
Ձեղնահարկ
Եկ խղճանք նրանց ովքեր մեզնից հարուստ են:
Եկ հիշենք, բարեկամ, որ հարուստները
ծառաներ ունեն բայց ոչ բարեկամներ,
Իսկ մենք ունենք բարեկամներ բայց ոչ ծառաներ:
Եկ խղճանք ամուսնացածներին և չամուսնացածներին:
Լուսաբացը ներս է մտնում փոքրիկ ոտքերով
որպես մի ոսկեզօծ Պավլովա,*
Եվ ես մոտ եմ իմ ցանկությանը:
Կյանքն ավելի լավ բան չի պարունակում
Քան այս ժամը զուլալ զովության-
միասին արթնանալու ժամը:
*Աննա Պավլովա (1885-1931). ռուս բալերինա: Լոնդոնում
առաջին անգամ ելույթ է ունեցել 1910-ին:
Պանը մեռավ
«Պանը մեռավ: Մեռավ Մեծն Պանը:
Ա՛խ, խոնարհեք ձեր գլուխները, կույսեր,
Եվ հյուսեք նրա ծաղկապսակը»:
«Ամառ չմնաց տերևների մեջ,
Թառամեց սեզը դաշտում.
Ծաղկապսակ ինչպե՞ս հյուսենք,
Կամ առհավատչյան մեր նախշուն»:
«Չեմ կարող ասել, Օրիորդներ.
Միշտ էլ բռի է եղել Մահը:
Չեմ կարող ձեզ ասել, Օրիորդներ,
Թե ինչու այս ագահը
Տարավ մեր Տիրոջն՝ ընտրելով
Սնամեջ այս եղանակն ու պահը»:
Մետրոյի կայարանում
Ամբոխի միջի այս դեմքերի տեսիլքը.
Թաց, սև ճյուղի թերթիկներ:
Ալբա*
Սառը ինչպես գունատ ու թաց տերևները
հովտաշուշանի,
Նե պառկեց իմ կողքին՝ լուսաբացի մեջ:
*«լուսաբացի բանաստեղծություն»
Նկարը
Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:
Այստեղ կար սեր, որը ջրասույզ չի լինում:
Այստեղ կար ցանկություն, որը չի ջնջվում համբույրով:
Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:
Տենցոնե*
Կընդունե՞ն մարդիկ սրանք
(այսինքն՝ այս երգերը)
Ինչպես երկյուղած աղջիկ՝ կենտավրոսից
(կամ հարյուրապետից).
Արդեն նրանք լեղապատառ փախչում են:
Կազդվե՞ն նրանք ճշմարտանմանությունից:
Անառիկ է նրանց կուսական բթությունը:
Աղաչում եմ, եղբայր քննադատներ,
Մի հոգացեք ինձ համար լսարան հայթայթել:
Ես իմ ազատ տեսակի հետ եմ շփվում ժայռի վրա.
ամեն մի ծերպ
Լսել է կրունկներիս արձագանքը
սառը լույսի մեջ,
խավարում:
* իտ.- գրական բանավեճ:
Erat Hora*
«Շնորհակալություն, ինչ էլ որ լինի»։ Հետո նե շրջվեց
Եվ, ինչպես արևաշողն է հանգչում գլխիկոր ծաղիկների
Վրա, երբ քամին բարձրացնում ու թեքում է նրանց,
Այդպես արագ նե հեռացավ։ Ինչ էլ որ լինի․ մի ժամ արև
Վայելեցի, ու ամենաբարձր աստվածներն անգամ
Չեն պարծենա թե գտել են առավել լավ բան
Քան այդ անցողիկ ժամվա հաճույքը։
*«այն ժամն էր» (լատ.):
Մնացյալները
Օ, անօգ քչեր երկրիս, ստրկացած փշուրք:
Արվեստագետներ՝ կոտրված,
Մոլորյալ, կորած՝ հեռավոր գյուղերում,
Արհամարված, ընդդիմացած:
Գեղեցկության սիրահարներ, սովահար,
Անհաշտ՝ համակարգերի դեմ,
Անօգ՝ կառավարման դեմ:
Դուք, որ չգիտեք ինքներդ ձեզ մաշել՝
Հաջողությանը անվերջ փակչելով,
Դուք, որ գիտեք պոռոտախոսել
Եվ չեք էլ կարող կրկնությամբ կռել ինքներդ ձեզ:
Նրբիկ մարդիկ,
Կոտրված՝ շինծու գիտելիքների դեմ,
Դուք, որ ամեն ինչ անգիր գիտեք,
Ատելի, փակված, արհամարհված:
Հիշեք,
Ես փոթորիկն եմ կտրել անցել,
Ես կրել եմ իմ աքսորը:
Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի
Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ լույս տեսած այս և այլ գրքեր ձեռք բերլու համար այցելեք՝ http://samvelmkrtchyan.am/ կայք: