Երբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննությունը սկսեց, ես մտավախություն չեմ ապրել:
Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002 թ. Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ եմ»: Այն ժամանակ նույնիսկ տեղյակ չէի դատական նիստերի ընթացքից: Դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում: Դատավարությունն իմ բացակայությամբ առաջ էին տանում ուրֆացի փաստաբան ընկերներս:
Բավականին անհոգ էի նաեւ Շիշլիի դատախազությունում բացատրություն տալու ժամանակ: Ի վերջո, ակնհայտ էին ե՛ւ գրածներս, ե՛ւ մտադրությունս: Համոզված էի, որ դատախազը իմ հոդվածի առանձին որեւէ իմաստ չարտահայտող նախադասության փոխարեն կկարդա ամբողջությամբ, այսպիսով, հեշտությամբ կհասկանա, որ «թուրքերին նսեմացնելու» որեւէ մտադրություն չունեմ եւ վերջ կգտնի այս կատակերգությունը:
Վստահ էի, որ հետաքննությունը չի հանգեցնի իմ դեմ դատական գործի հարուցմանը:
Ինքնավստահ էի
Բայց ո՜վ զարմանք, դատական գործը հարուցվեց: Դրանով հանդերձ, լավատեսությունս չէի կորցրել: Այն աստիճանի, որ հեռուստահաղորդմանը ուղիղ եթերում ինձ մեղադրող փաստաբան Քերինչսիզին դիմեցի, ասելով. «Թող շատ չոգեւորվի, դատարանն իմ դեմ ոչ մի դատավճիռ չի կայացնելու, դատապարտվելու դեպքում երկիրը կլքեմ»:
Ինքնավստահ էի, որովհետեւ հոդվածում թուրքերին նսեմացնելու որեւէ մտադրություն եւ դիտավորություն բացարձակապես չեմ ունեցել: Դա հստակ կհասկանային իմ հոդվածաշարն ամբողջությամբ ընթերցողները:
Ահավասիկ, Ստամբուլի համալսարանի դասախոսներից կազմված 3 հոգանոց հանձնաժողովը փորձագիտական եզրակացության մեջ հաստատում էր այդ փաստը:
Այսինքն, մտավախության համար պատճառ չկար եւ թվում էր, թե դատավարության որեւէ փուլում անպայման կուղղվի կատարված սխալը:
Մնում էր համբերել:
Բայց չուղղվեց:
Չնայած փորձագիտական եզրակացությանը, դատախազը պահանջեց իմ դատապարտումը:
Դրան հետեւեց դատավորի՝ 6 ամիս ազատազրկման վճիռը: Դատապարտման լուրն ստանալով, ես ինձ զգացի դատավարության ընթացքում սնուցածս հույսերի դառը ճնշման տակ: Շփոթված էի… Վիրավորվածությունս ու ընդվզումս գագաթնակետին էին հասել:
Օրեր, ամիսներ շարունակ դիմանում էի, ասելով. «Երբ դատարանը կկարճի գործս, այն ժամանակ դուք կզղջաք իմ դեմ ձեր ասած- գրածների համար»: Դատական յուրաքանչյուր նիստից հետո թերթերը լուրերի բաժնում եւ սյունաշարերում, իսկ հեռուստատեսությունները հաղորդումներում ընդգծում էին, թե ես իբր ասել եմ. «Թուրքի արյունը թունավոր է»: Եվ ամեն անգամ ես, որպես «թուրքերի թշնամի», ավելի հռչակավոր էի դառնում:
Դատարանի միջանցքներում ֆաշիստները շովինիստական հայհոյանքներով հարձակվում էին իմ վրա: Ինձ անարգում էին ցուցապաստառներով: Ամիսներ շարունակ ինձ հասցեագրվող հեռախոսազանգերի, էլեկտրոնային ու սովորական նամակների սպառնալիքները, որոնք հարյուրների էին հասնում, ամեն անգամ ավելի վտանգավոր բնույթ էին ստանում:
Մտածում էի, որ դատարանի որոշումը կհրապարակվի, ի հայտ կգա ճշմարտությունը, եւ այդ մարդիկ կամաչեն իրենց արածի համար:
Միակ զենքս անկեղծությունս էր
Սակայն, երբ հրապարակվեց դատավճիռը, ի չիք դարձան իմ բոլոր հույսերը: Հիմա արդեն մարդկային ամենածանր կացության մեջ էի: Դատավորը վճիռ էր կայացրել «թուրք ազգի» անունից եւ իրավաբանորեն հաստատել էր իմ՝ «թուրքերին նսեմացնելու արարքը»: Կարող էի ամեն ինչին դիմանալ, բայց անհնար էր դրա հետ հաշտվելը: Իմ համոզմամբ, եթե մեկը էթնիկ կամ կրոնական տարբերությունների պատճառով նսեմացնում է այն մարդկանց, որոնց հետ նույն երկրում է բնակվում, դառնում է շովինիստ, իսկ դա աններելի է:
Ահա այս հոգեվիճակով դիմեցի խմբագրատան դռան առջեւ սպասող մամուլի ներկայացուցիչներին, որոնք ուզում էին ճշտել երկիրը լքել-չլքելու մասին մինչ այդ ասածներս: Եվ հայտարարեցի նրանց. «Կխորհրդակցեմ փաստաբաններիս հետ: Վճռաբեկ դատարան կդիմեմ: Անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս ամենից հետո, եթե ինձ չարդարացնեն, ապա ես կլքեմ երկիրս, որովհետեւ այսպիսի մեղադրանքով դատապարտված անձն, ակամա նվաստացնելով մյուս քաղաքացիներին, չպետք է ունենա նրանց հետ գոյակցությունը շարունակելու իրավունք»:
Այս խոսքերից հետո նորից հուզվեցի: Իմ միակ զենքն անկեղծությունն էր:
Սարկազմ
Որքան էլ զարմանալի լինի, այն մութ ուժը, որն ինձ Թուրքիայում ջանում էր մեկուսացնել մարդկանցից եւ ակնհայտ թիրախ դարձնել, կառչեց նաեւ իմ այս հայտարարությունից եւ դատական գործընթացի վրա ազդելու մեղադրանքով նոր հայց ներկայացրեց դատարան: Թեեւ ես այդ հայտարարությունը փոխանցել էի զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, սակայն նրանց աչքին երեւում էր միայն «Ակօսում» հրապարակվածը: Այս անգամ էլ «Ակօսի» պատասխանատուներն ու ես դատարանի առջեւ կանգնեցինք դատական գործընթացի վրա ազդելու համար:
Ըստ երեւույթին, սարկազմ ասածը հենց սա է:
Եթե ես մեղադրյալ էի, ուստի դատարանի վրա ազդելը, որպես մեղադրյալի, իմ տարրական իրավունքն էր: Եկեք, տեսեք, որ մեղադրյալին դատեցին հենց դատական գործընթացի վրա ազդելու մեղադրանքով՝ առանց հաշվի առնելու այդ իրավունքը:
«Հանուն թուրքական պետության»
Պետք է խոստովանել, որ բավականին կորցրել էի վստահությունս Թուրքիայի «արդարադատության համակարգի» եւ «իրավագիտության» ըմբռնման նկատմամբ: Ինչպե՞ս չկորցնել: Ի վերջո, այս դատախազներն ու դատավորները, որոնք բարձրագույն կրթություն ունեին, լինելով իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ, մի՞թե օժտված պիտի չլինեին իրենց կարդացածը ճիշտ ըմբռնելու կարողությամբ:
Սակայն այս երկրում, ինչպես բազմաթիվ պետական եւ քաղաքական գործիչներն են հայտարարում առանց վարանելու, դատական համակարգն անկախ չէ:
Եվ այս համակարգը պաշտպանում է ոչ թե քաղաքացիների իրավունքները, այլ՝ պետական կառույցների: Դատարանները քաղաքացիների կողքին չեն, այլ գտնվում են պետության վերահսկողության տակ:
Ընդ որում, միանգամայն համոզված եմ, որ իմ դեմ արձակված դատավճիռը, որքան էլ ստանա «հանուն թուրք ազգի» ձեւակերպումը, իրականում ընդունվել է ոչ թե «թուրք ազգի» համար, այլ «թուրքական պետության» անունից: Հետեւաբար, փաստաբաններս որոշեցին դիմել Բարձրագույն դատական խորհուրդ: Սակայն ո՞վ կարող էր երաշխավորել, որ այն մութ ուժերը, որոնք որոշել էին սաստել ինձ, չեն ազդի նաեւ վերոհիշյալ խորհրդի վրա:
Բացի այդ, մի՞թե խորհուրդը միայն ճիշտ որոշումներ է կայացնում:
Եվ մի՞թե այդ խորհուրդը չէր, որ ստորագրել էր համայնքային կալվածքները ազգային փոքրամասնությունից խլելու հանիրավի որոշումների տակ:
Չնայած գլխավոր դատախազի ջանքերին
Այնուամենայնիվ, դիմեցինք: Բայց ի՞նչ:
Բարձրագույն դատական խորհրդի գլխավոր դատախազը եւս, ինչպես նշված էր փորձագիտական եզրակացության մեջ, նշեց, որ որեւէ հանցանք չի տեսնում եւ պահանջեց կարճել գործս: Չնայած դրան, խորհուրդն ինձ մեղավոր ճանաչեց:
Գլխավոր դատախազն առնվազն ինձ պես ճիշտ էր ըմբռնել իմ հոդվածի իմաստը. առարկեց խորհրդի որոշմանը եւ հարցը քննարկման ներկայացրեց խորհրդի լիագումար նիստում:
Բայց ինչ անեմ, որ ինձ սաստելու համար գործի լծված այդ հզոր ուժերը հետնաբեմում էին եւ, ամենայն հավանականությամբ, դատական գործընթացի յուրաքանչյուր փուլում շատերի համար անհայտ միջոցներով զգացնել էին տալիս իրենց ներկայությունը: Ահա թե ինչու դատական բարձրագույն խորհրդի լիագումար նիստը ձայների գերակշռող մեծամասնությամբ հայտարարեց, որ ես նսեմացրել եմ թուրքերին:
Ինչպես աղավնին
Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար եւ անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու եւ սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձեւավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրեւ «թուրքերին նսեմացնող» անձ:
Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ եւ սպառնալիք են պարունակում:
(Պետք է ասել, որ ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել, որի մասին հարկ եմ համարում տեղեկացնել):
Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով՝ ոչ:
Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս:
Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին» հարցով:
Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, եւ զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. «Նայիր, սա այն հայը չէ՞»:
Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում՝ մտահոգությունը:
Մի կողմում՝ զգոնությունը, իսկ մյուսում՝ երկչոտությունը:
Ինչպես աղավնին,
Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ:
Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները՝ նույնքան արագ:
Ահա սա է այն ամենի գինը:
Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը:
Ասում են. «Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որեւէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է»:
Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը…
Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը:
Գիտե՞ք: Մի՞թե երբեւէ աղավնի չեք տեսել:
«Կենաց մահու» ասվածը
Ամենեւին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները:
Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին:
Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս:
Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:
Ըստ երեւույթին հենց սա է «Կենաց մահու» ասվածը: Կարող էի հաշտվել իմ ճակատագրի հետ, սակայն հարազատներիս կյանքը վտանգելու իրավունքը չունեի: Կարող էի ինքս ինձ հերոսանալ, սակայն հերոսանալու համար հարազատը մի կողմ, նույնիսկ անծանոթի կյանքը վտանգել չէի կարող:
Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին:
Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ:
Եթե ասեի՝ «Գնանք», գալու էին. «Մնանք»՝ կմնային:
Մնալ եւ դիմադրել
Շատ բարի, բայց ո՞ւր գնալ:
Հայաստա՞ն:
Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինակությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ:
Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր:
Ի վերջո, ինձ նման երեք օրով Արեւմուտք մեկնելու չորրորդ օրը վերադառնալու մտահոգությամբ սրտնեղությունից տանջվող եւ իր երկիրը կարոտող մեկն ի՞նչ էր անելու Եվրոպայում:
Հարմարավետ կյանքն ինձ համար չէր
Նախ «դժոխքի կրակները» թողած «պատրաստի դրախտում» հանգրվանելը չէր համապատասխանում իմ էությանը:
Մենք դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էինք:
Թուրքիայում մնալը ե՛ւ մեր իսկական ցանկությունն է, ե՛ւ հարգանքից բխող անհրաժեշտություն ծանոթ-անծանոթ այն հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր Թուրքիայում ժողովրդավարության պայքար են մղում ու թիկունք կանգնում մեզ:
Շարունակելու էինք մնալ եւ դիմակայել
Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թ.-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով եւ ապրելով նրանց վիշտը…
Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Ուր էլ որ լիներ…
Երկչոտ եւ ազատ
Հուսամ, որ երբեք ստիպված չենք լինի այդպես հեռանալ:
Դրա համար ունենք բավականին հույս եւ մեծ պատճառ:
Հիմա արդեն դիմում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չգիտեմ, թե դատավարությունը քանի տարի կտեւի: Իմացածս այն է, որ դա ինձ մասնակի մխիթարում է, գոնե մինչեւ դատավարության ավարտը կշարունակեմ բնակվել Թուրքիայում:
Անշուշտ, Եվրոդատարանի՝ իմ օգտին ընդունած որոշմամբ ես խիստ կուրախանամ եւ այլեւս ստիպված չեմ լինի մտածել երկիրը լքելու մասին:
Հավանական է, որ 2007 թ.-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի:
Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա՝ ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:
Բայց եւ այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետեւյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»:
Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:
Գուցե մի քիչ երկչոտ, բայց եւ անկախ:
© Հրանտ Դինք, 2006
Թուրքերենից թարգմանությունը՝ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ
Ես ավելի խորքից ճանաչեցի այս հային:Հրաշալի անձնավորություն,որի տեսակն այսօր մեզ շատ է պետք: