Կավաֆիսը գիտեր հին հունարեն և նոր հունարեն, լատիներեն, արաբերեն և ֆրանսերեն. նա Դանթե կարդում էր իտալերենով, իսկ իր առաջին բանաստեղծությունները գրել էր անգլերեն…. Յուրաքանչյուր բանաստեղծ թարգմանության մեջ տուժում է, և Կավաֆիսն էլ բացառություն չէ: Սակայն բացառիկ երևույթ է այն, որ նա նաև շահում է: Շահում է ոչ միայն այն պատճառով, որ դիդակտիկ պոետ է, այլ նաև այն պատճառով, որ արդեն 1909-1910 թվականներից նա սկսեց ազատագրել իր բանաստեղծություններն ամեն տեսակ բանաստեղծական հնարանքներից՝ հարուստ նկարագրողականություններից, համեմատություններից, բանաստեղծական չափերից, փայլից և ռիֆմից: Այդ խնայողականությունը հասունության արդյունք էր, և Կավաֆիսը հատուկ կիրառում է «աղքատ» միջոցներ՝ բառերի ուղիղ իմաստները, որ ավելի ուժեղացնի այդ խնայողականությունը: [1]:
Քաղաքը
Ասում ես՝ «Կգնա’մ ուրիշ երկիր, ուրիշ ծով կգնամ:
Սրանից լավ քաղաք ես անկասկած կգտնեմ:
Ջանքերս բոլոր դատապարտված են անհաջողության այստեղ,
իսկ սիրտն իմ այստեղ ասես մեռյալ լինի, լինի թաղված:
Միտքն իմ դեռ ինչքա՞ն այս անորոշության մեջ թողնեմ:
Ուր էլ աչքս թեքեմ, որ կողմ էլ նայեմ,
Սև ավերակներն եմ տեսնում իմ կյանքի այնտեղ,
Որտեղ այսքան տարի ես ապրեցի, կործանվեցի, կորա»:
-Նոր վայրեր դու չե՛ս գտնի, չե՛ս գտնի ուրիշ ծովեր:
Քաղաքն այս քեզ կհետապնդի: Փողոցներում կթափառես
նո’ւյն:
Եվ բակերում կշրջես
նո’ւյն.
և տներում կծերանաս
նո’ւյն:
Ուր էլ գնաս, միշտ այս քաղաք կհասնես:
Այլուր լինելու մասին մի էլ հուսա,
Չկա՛ քեզ համար նավ, չկա՛ քեզ համար ճամփա:
Այսպես կյանքդ կվատնես այստեղ՝ապաստարանում այս փոքրիկ,
ամբողջ աշխարհը կորցնելու վրա:
Տրոյական
Ջանքները մեր՝ ջանքեր դատապարտվածների.
ինչպես ջանքերն էին տրոյացիների:
Մեկ հաջողությունը ձեռքներումս է, մեկ՝
փախչում գնում է մեզնից. և սկսում ենք
ապրել քաջությամբ ու լավի հույսով սոսկ:
Սակայն միշտ ինչ-որ բան է ի հայտ գալիս ու մեզ խանգարում:
Աքիլլեսը խրամատում մեր առջև է դուրս գալիս
և ձայներով ահարկու սարսափ է ցանում:
Ջանքերը մեր նման են ջանքերին տրոյացիների:
Հույսով համարձակ թե՝ վճռականությամբ ու քաջությամբ
կկասեցնենք վայրեջքը ճակատագրի,
և տոկուն կմնանք, կպայքարենք:
Սակայն երբ կարևոր որոշման պահն է գալիս,
մեր խիզախությունն ու վճռականությունը տեղի են տալիս.
Փոթորկվում է հոգին մեր, տկարանում.
և պատերի շուրջ ենք վազվզում՝
փախուստի մեջ միայն փրկություն տեսնելով:
Բայց վայրեջքն է մեր անխուսափելի: Վերևում՝
պատի վրա, սկսվել է ողբն արդեն:
Մեր օրերի, հուշերի համար և մեր զգացմունքների համար
Դառը լալիս են Պրիամոսը[2] և Հեկուբան[3]:
Քայլեր
Սևփայտե անկողնում`մարջանհատ արծիվներով զարդարուն,
խորը քուն է մտել Ներոնը
– անվրդով, խաղաղությամբ երջանիկ՝
մարմնի կայուն ծաղկունության մեջ յուր,
և ջահել կայսերափայլ առույգության:
Սակայն սենյակում սպիտակաթույր, ուր
Ագենոբարբերի[4] հնամենի աստվածանկյունն էր փակել,
անհանգիստ են Լարերը[5] նրա,
դողում են տնային աստվածիկներն ահա
ու ջանում իրենց մարմինների աննշանությունը թաքցնել,
Քանզի լսել էին նրանք սարսափ մռնչյուն,
մահազդու մռնչյուն ի վեր բարձրացող,
քայլեր երկաթյա՝ աստիճաններ ցնցող:
Եվ ինքնակորույս թշվառ Լարերը հիմա
աստվածանկյան խորը խորքում կուչ են եկել ահա,
մեկը մյուսի վրա, մեկը մյուսով թաքնվել է փորձում.
քանզի հասկացել են արդեն՝ ինչ մռնչյուն է դրսում,
Էրինիների[6]քայլերն են միայն այդչափ ահազդում:
Հեռացա
Չկապվեցի: Ոտքից գլուխ լքվեցի և հեռացա:
Վայելքներում ես՝ կիսաիրական,
կիսանցողիկ, մտքում էի իմ.
հեռացա լուսավոր մի գիշերով:
Ու հարբեցի արբեցնող գինիներով, ինչպիսին
խմում են քաջերը վայելքի:
Իղձեր
Ինչպես գեղեցիկ մարմինները մեռյալների այն, որ դեռ չէին ծերացել,
բայց փակել էին նրանց` արցունք թափելով դամբարաններում շքեղ՝
ճակատների վրա՝ վարդե պսակներ, ոտքերի տակ՝ հասմիկներ,
այդպես էլ իղձերն են, որ անցան
առանց իրագործվելու, առանց փոխակերպվելու
մի գիշեր ինչ-որ հաճույքի, կամ մի առավոտ՝ լույսի շողի:
Հաճույք
Ուրախությունն ու էությունը կյանքի իմ՝ հիշողությունը ժամերի,
որոնցում գտա և որոնցում պահեցի հաճույքն այնչափ, որչափ ցանկացա:
Ուրախությունն ու էությունը կյանքի իմ՝ ինձ, որ տանել չկարողացա
սիրային և ոչ մի վայելք առօրեական:
Տան մոտ
Երեկ, քայլելով մի բակի միջով
հեռավոր, մի տան կողքով անցա.
մտա. ասես նորից պատանի լինեմ:
Այնտեղ էր մարմինն իմ Սերը ճաշակել
քնքշությամբ հզորության:
Եվ երեկ,
երբ անցնում էի մի հին փողոցով,
ասես իսկույն գեղեցկացան հմայքից սիրո
խանութները, մայթերը, քարերը և
պատերը, և պատշգամբները, և պատուհանները.
ոչ մի տգեղ բան չէր մնացել այնտեղ:
Եվ մինչդեռ կանգնած էի, և դռանն էի նայում,
ու կանգնած էի ես մթնշաղին տան դիմաց,
ողջ էությունն իմ դուրս եկավ, բացվեց,
և փայփայեցի հաճույքի հույզերն իմ ներսում:
[1] Joseph Brodsky “On Cavafy’s Side”,The New York Review of Books”,February 1977.
[2] Պրիամուս( Πρίαμος)- Տրոյայի վեցերորդ և վերջին արքան:
[3] Պրիամոս արքայի երկրորդ կինը. կանացի և մայրական վշտի խորհրդանիշ:
[4] Ներոնի դինաստիան:
[5] Հոռոմեական տնային աստվածներ:
[6] Հին հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհիները. հռոմեական դիցաբանության մեջ դրանց համապատասխանում էին ֆուրիաները: Ավելի ուշ պոեզիայում Էրինիները երեքն են. Տիսիֆոնա՝ սպանության վրեժխնդիր, Ալեկտո՝ չներող, Մեգերա՝ նախանձ:
Թարգմանությունը հունարենից` Շուշան Կարապետյանի