Լոնդոնից — Փարիզ — Ցեյլոն — Հնդուչին…
Ձգվել են ցանցեր,
Երկաթե անտես ցանցեր ու ցանցեր
Աշխարհում անծիր, —
Սրտից սիրտ հիմա, քաղաքից քաղաք —
Վառ, կարմիր ցանցեր…
Մեր կա՜մքն է այդպես հզոր շղթայել
Աշխարհը համակ, —
Եղիշե Չարենց, Բրոնզե թևերը կարմիր գալիքի, 1920, V
Եթե 20-րդ դարասկզբին աշխարհի տարբեր ծայրերում ապրող պրոլետարներին շղթայող կարմիր ցանցը լոկ ռադիոն խորհրդանշող պոետական հնարանք էր և արագ փոփոխվող հեղափոխական ժամանակներում միագործ ու միակամք մարդկանց կապող անտեսանելի գաղափարական շղթա, ապա համացանցն այսօր նույնքան անտեսանելի լինելով հաղորդակցման, խոսքի ու մտքի տարածման գերհզոր միջոց է: Այն իրապես նույն ժամանակի մեջ կապում է տարբեր ազգությունների, մարդաբանական ու սոցիալական այլ տարբերություններ ունեցող մարդկանց, նրանց եթե ոչ դարձնում միասիրտ ու միակամք, ապա խոսքի, այդ թվում և գրական-պոետական, տարածման հնարավորություն ստեղծում:
Համացանցում գրականություն կարելի է կարդալ` էլեկտրոնային գրադարաններում, գրական ամսագրերի ու թերթերի կայքերում, ոչ գրական կայքերի գրական ֆորումներում, առանձին հեղինակների ու թեմատիկ կայքերում և վերջապես` սոցիալական ցանցերում ու բլոգներում: Իհարկե տեղակայման յուրաքանչյուր վայր ունի իր գործառույթները, ինչից էլ կախված է տեղադրվող գրականության գործառնա-կանությունը: Երբեմն էլ մեկ կայքում համատեղվում են բոլոր գործառույթները: Ուսումնասիրության ու հանրային հետաքրքրության տեսանկյունից առվել հետաքրքիր է բլոգներում ստեղծվող կամ տեղադրվող արդի գրականությունը, քանի որ այն ոչ միայն ընթերցվում է, այլև քննարկվում, մեկնաբանվում ու փոփոխվում է:
Ցանցային գրականություն կամ ցանցագրականություն հասկացությունն առաջացել է համացանցի զարգացման արդի փուլում` մատնանշելու համար գրակա-նության այն տեսակը, որի ստեղծման, տեղայնացման ու տարածման հիմնական միջավայրը համացանցն էր: Նոր միջավայրը և տարածման միջոցները բազում առավե-լություններ ունեն տպագրված տեքստերի նկատմամբ.
1. Հասանելիություն բոլորին, ամբողջ ժամանակ ու աշխարհի բոլոր մասերում
2. Տեքստերի, դրանց առանձին հատվածների հեշտ փնտրման ու օգտագործման հնարավորություն
3. Հղումների միջոցով դիպաշարի զարգացման ու տեքստի մեկնաբանության հնարավորություն
4. Գրական տեքստերը` երաժշտությամբ, վիդեո և անիմացիոն պատկերներով լրացնելու հնարավորություն
5. Անմիջական, ընթերցող-գրող ինտերակտիվ շփման հնարավորություն և այլն:
Գրող-ընթերցող-տեքստ անմիջական հաղորդակցումը, կարծիքների ու մեկնաբանությունների փոխանակումն էլ` թերևս համացանցային գրականության հիմնական առավելություններից է: Այն հնարավորություն է ստեղծում տպագրությունից առաջ, ըստ հնարավոր ապագա ընթերցողների վերաբերմունքի, փոփոխել ու մշակման ենթարկել գրական տեքստը, եթե իհարկե կա այդպիսի անհրաժեշտություն: Նախկինում գրողները չունենին այս հնարավորությունը և միայն տպագրությունից հետո էր հնարավոր ճշտել հանրության վերաբերմունքը: Ցանցային գրականությունը և հեղինակ-ընթերցող միասնական աշխատանքը միաժամանակ հիմնավորելու են գալիս պոստմոդեռնիստական մեկ հեղինակի մահվան և բազմաթիվ հեղինակների առկայության թեզիսը:
Այս առավելություններով հանդերձ, կան իհարկե նաև բացասական հետևանքներ: Գրականության գոյության նոր միջավայրը պասիվ ընդունող տարածք չէ: Արտաքուստ չեզոքությամբ հանդերձ, համացանցն իր մեջ գտնվող ամենինիչի` մարդ, պատկեր, երաժշտություն, գրական տեքստ, իր պայմաններն ու պահանջներն է առաջադրում, հաստատում խաղի սեփական կանոնները, որոնք էլ ի վերջո, համացանցում տեղադրված նյութը անկախ գեղագիտական կամ այլ չափանիշները վերածում են լոկ ինֆորմացիայի:
Համացանցն ունի իր գործառույթներն ու նպատակները, որոնց մեջ գեղագիտական չափանիշները հաշվարկված չեն: Համացանցի հիմնակամ գործառույ-թը` ինֆորմացիայի արագ ընդունումը, ապա արագ ու մատչելի տարածումն է: Ուշագրավ է, որ ի թիվս քարոզչական-գաղափարական խնդիրների, նման գործառույթ-ներ ունեին նաև 20-րդ դարասակզբին ստեղծվող ագիտկաները, որոնց սկզբունքներով են ստեղծվել նաև չարենցյան “Ռադիոպոմները”:
Եթե համացանցում տեղադրված գրականության դասական գործերը բացի տեսողական-արտաքին լրացումները փոփոխություններ չեն կրում, ապա նոր ստեղծվող գրականությունը ենթարկվում է միջավայրի ձևավորմանը, արագ ընթերցվելու պահանջներին համապատասխան որոշակի ծավալներ ստանում և այլն: Գրականությունն աննկատ սկսում է փոխվել, ժանրային նոր գերակայություններ են առաջանում, այն սկսում է հարմարվել նոր միջավայրին` հայտնվում համացանցի ցանցերում:
Ժանրային տեսանկյունից շահեկան են առանձին պատկերները, փոքր էսսեները, որոնք տեղավորվում են համակարգչի էկրանի սահմաններում և ընթերցվում են առանց ուղղահայաց թերթման: Համացանցը լիովին համապատասխանում է ժամանակակից մարդու գերարագ կյանքին: Կյանք, որի պահանջներով արվեստը, ապա նրանից ծնվող գեղագիտական հաճույքը լոկ արագ հաջորդվող, հերթական ինֆորմացիա են:
Ցանցային գրականության ստեղծման և տարածման առաջամարտիկները գրողական անհատական կայքերը և բլոգները են: Սրանք առանձին կայքեր կամ էջեր են, որոնք կարող է ստեղծել ամեն մարդ, ու տեղադրել այնտեղ ինչ ցանկանում է:
Հայկական համացանցային նաև բլոգային իրականությունը նոր է զարգանում, սակայն առաջ է գնում մեծ քայլերով: Ի մասնավորի, 2009 թվականը նշանավորվեց հայկական բլոգային բումով: Բազում թեմատիկ բլոգների շարքում մեծաթիվ են նաև գրականության ու արվեստի հետ կապված բլոգները` armenian-poetry, inqnagir, ankakh, blansh’s blog և հեղինակային բազմաթիվ այլ բլոգեր: Այս բլոգների շարքում իր անըդհատ թարմացվածությամբ ու հաճախումների մեծ ծավալներով առանձնանում է “Գրանիշ” գրական բլոգը: Գործունեության մի քանի ամիսների ընթացքում բանաստեղծ Կարեն Անտաշյանի աչառու ու ակնառու ղեկավարությամբ ու մասնակցությամբ բլոգում ակտիվ քննարկումներ ու բանավեճեր են ծավալվում: Բացի այս, “Գրանիշի” շնորհիվ սոցիալական ցանցերում ` Odnoklassniki-ում ու Facebook-ում տարերայնորեն տարած-վող, ցաքուցրիվ գրական տեքստերն ու քննարկումները տեղափոխվեցին նոր ու հարմար դաշտ:
Միաժամանակ “Գրանիշում” վերհիշեցին հայ ու օտարազգի դասականներին, որոնց շուրջ էլ մտքերի արդյունավետ փոխանակումներ եղան: Գնահատելի է նաև բլոգում գրականագիտական-քննադատական էջերի ու հոդվածների առկայությունը, ինչը թույլ է տալիս ազատ ու անկաշկանդ մեկնաբանությունների կողքին գիտական վերլուծություններ տեսնել: Այս դեպքում գրող-տեքստ-ընթերցող շղթային միանում է նաև գրընթացի չորրորդ կողմը` քննադատը և հաղորդակցումն առավել ամբողջական է դառնում:
Այս ամենով հանդերձ, բլոգում խնդիրներ նույնպես կան: Նախ անհանգստացնում է համահարթեցումը: Հաճախ թեմատիկ բաժիններում կողք-կողքի են դրվում դասական ու սկսնակ հեղինակներ, էսսեներ ու գիտական տեքստեր: Սրան համապատասխան տարասեռ են մեկնաբանություններն ու գնահատականները` պարզունակ կենացներից մինչև ընդգծված գիտական վերլուծությունները: Սա թերևս ոչ թե բացթողնման, այլ միտման արդյունք է, և նպատակ ունի վերագնահատել դասական արժեքները և դրանք նոր հեղինակներին ու երիտասարդ ընթերցողներին ծանոթ դարձնել: Մյուս կողմից ինչպես “Գրանիշում”, այնպես էլ գրողների կողմից ղեկավարվող այլ բլոգներում անխուսափելորեն մեծ տեղ են գրավում սուբյեկտիվ մոտեցումները, ինչի հետևանքով մեկ կամ մի քանի հեղինակների շուրջ են պտտվում քննարկումները, դուրս են մղվում որոշ նյութեր և ինչն ամենատհաճն է` ջնջվում են բլոգի պատասխանատուին ինչ որ պատճառով անցանկալի մեկնաբանությունները և այլն: Այդուհանդերձ, սրանք թերևս ինքնակարգավորվող հարցեր են և գնահատելի են բլոգի ղեկավարի ջանքերը գրականությունը պրոպագանդելու ու մասսայականացնելու գործում:
Բացի այս, կարելի նշել, որ և՛ “Գրանիշը” և՛ հայկական գրական ցանցի մյուս բլոգներն ու կայքերը առայժմ չեն համապատասխանում ցանցային գրականության հիմնական պահանջներից մեկին` էքսկլյուզիվությանը: Կայքերում տեղադրվող ստեղծագործությունները գրեթե առանց բացառության արդեն տպագրված են: Այս դեպքում մասամբ հնացած են լինում նաև մեկնաբանությունները:
Գրական բլոգների ու քննարկումների ամբողջ բազմազանությամբ հանդերձ, պետք է արձանագրել հայկական ցանցային գրական ընթացքի տարերայնությունը: Հայ գրողներ դեռևս նոր են նվաճում վիրտուալ իրականությունը և չեն օգտվում համացանցի ընձեռած հնարավորություններից: Ծավալվող քննարկումները հաճախ միակողմանի հայտարարությունների են վերածվում, քանի որ հեղինակն իր պատվից ցածր է համարում պատասխանել ընթերցողների մեկնաբանություններին: Բացի այս, հեղինակներն ընդհանրապես չեն օգտվում ցանցային տեքստի գլխավոր առավելությունից մեկից` հղումներ տեղադրելու հնարավորությունից: Յուրաքանչյուր հղում իմաստային, ենթատեքստային կապ է ստեղծում ընթերցվող տեքստի և այլ` ինչ-որ բանով այդ տեքստին մոտիկ կամ նման հազարավոր այլ տեքստերի հետ: Այս դեպքում նման հղումների միջոցով ընթերցողը միաժամանակ կարող է ծանոթանալ այլ հարակից տեքստերի հետ: Այս երևույթը ուղղակիորեն կապվում է ինտերտեքստուալության հետ. “Տեքստը` արձագանքների սենյակ է”- գրում է Ռ. Բարտը` մեկնելու համար գրական ինտերտեքստուալությունը : Նույն կերպ Բախտինը գրականության զարգացումը բնութագրում էր որպես տարբեր տեքստերի միջև անընդհատական երկխոսություն :
Համացանցը այդ երկխոսության ապահովման լավագույն միջոցն է: Մնում է միայն օգտագործել ընձեռնված հնարավորությունը, պահպանել ստեղծված էլեկտրոնային կապերը:
Անկախ ամենինչից հայկական գրական ցանցն արդեն որոշ նվաճումներ արձանագրել է: Համացանցի գրական էջերը թույլ տվեցին դիտարկել ընթերցասեր հասարակության ակտիվությունը, ճաշակը, մտավոր ունակություններն ու մի շարք այլ հատկանիշներ, որոնք չափվում են քննարկումներին մասնակցության հաճախակա-նությամբ ու մեկնաբանությունների որակով: Հայ արդի գրականությունը “Գրանիշում” և մյուս էջերում ցույց տվեց իր դեմքը, այսինքն` անուններ ու դեմքեր հայտնվեցին: Մյուս կողմից երևացին նաև ժամանակակից գրականության փոքրաթիվ ընթերցողները: Առաջին անգամ դեմ առ դեմ, նույն դաշտում հանդիպեցին գրողների միության միջանցքներում, փոքրաթիվ գրադարաններում ու գրախանութներում միմյանց փնտրող միջին վիճակագրական հայի կողմից վաղուց մահացած համարվող կողմերը:
Հաշվի առնելով բոլոր առավելություններն ու թերությունները մնում է միայն գրասեր հանրությանը հորդորել արագ զինվել կապի նորագույն միջոցներով, ինտեգրվել գրական ցանցին, սակայն պահպանել զգոնությունը` ցանցերում հեշտ է նաև խճճվելը:
© Հայկ Համբարձումյան , 2010թ.
Իմ կարծիքով` ինտերնետը պիտի սոսկ միջոց լինի ճանաչելու գիրքը և ցանկանալու այն կարդալ: Ես միևնույն գործն ինտերնետով ընթերցում եմ ոչ այն հանգստությամբ, ոչ այն ուշիմությամբ, ոչ այն բերկրանքով, որքան գրքով: Գիրքը հոգեվիճակ է ստեղծում. էկրանը խանգարում է տողի հանդեպ ավելի հոգատար լինելուն: Ես գիրքը կարող եմ բազմոցին փռված կամ անկողնում պառկած կարդալ, իսկ դա շատ կարևոր է: Ինտերնետով կարելի է քննարկել, բայց նույնիսկ քննարկումը միայն ինտերնետով շատ քիչ է: Իս որպես ընթերցող, որն ուզում է մաքսիմալ արագ կերպով տեղեկանալ այսօրվա գրական պրոցեսին, ես Կարենին ու նրա թիմին էս բլոգի համար անչափ շնորհակալ եմ:
“Ցանցագրականության էքսկլյուզիվության” մասին.
ԱՄՆ-ում, օրինակ, ընդհակառակը. ցանկացած ստեղծագործություն, որ երբևէ տեղադրվել է Ֆեյսբուքում կամ բլոգում խմբագիրների կողմից ենթակա չէ տպագրման: Քոլեջում ընկերներ ունեմ, որ աշխատում են իրենց գրականության վրա, հավաքում, բայց ինտերնետային քննարկումներից զերծ են մնում:
Այնքան էլ համաձայն չեմ ընթերցողների կողմից արված քոմենթները “միակողմանի հայտարարություններ անվանելուն”, ի վերջո հեղինակը երկխոսելու առաքելություն չունի, սա “պատվից ցածր” լինելու հարց չի, կարծում եմ:
Ամեն դեպքում քննարկման հետաքրքիր առարկա է, ցանկալի կլիներ ավելի ինտենսիվ զբաղվել Հայաստան-Սփյուռք “ցանցագրական:)” կապերով (սա դեռ ոչ իդեալիստական համեստ նպատակ է):
Ամեն դեպքում քննարկման հետաքրքիր թեմա է,շատ արդի ))
P.S. Նկարն էլ շատ լավա ստացվել 😉
Եվ հետո` ինտերնետով չես կարող զգալ ամենակարևորը` գրքի հոտը 🙂
Վերջապես կարծես թե ճշտվեց թե այս նկարում ես ուր եմ նայում…մի ժամանակ ահագին քննարկումներ կային այս թեմայով,,, շնորհակալ եմ անհրաժեշտ ճշգրտումների համար Կար ջան…
Հեռահար էր Հայացքդ Հայկ ջան` հեռահար դեպի հայգրակի ինտերնետային ապագան 🙂
Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, իսկապես հետաքրքիր քննարկման նյութ է, համաձայն եմ Մարի Վ.-ի հետ, որ ինտերնետի հետ կապված գրականության տեսակը առանձին, ոչ տպագրական, գոյության իրավունք ունի, ու միայն ցանցում, բայց դե մեր գրական դաշտը շատ փոքր է էդ Էքսկլյուզիվությունն ապահովելու համար, բայց դե կարելի է ուղղակի փորձել թարմ նյութեր դնել, ինչն իհառկե ապահովվում է: Իսկ երկխոսելը ոչ թե առաքելության խնդիր է, այլ նյութի նկատմամբ հետաքրքրություն ապահովելու: Ընթերցողը միշտ խրախուսվում է, երբ իր մեկնաբանությունները պատասխաններ են ստանում: Իսկ գրքի հետ համեմատության խնդիր իմ հոդվածում չկար, իհարկե գրքի առավելություններն անժխտելի են, բայց դե այսօր առանց ինտերնետի չի լինի:
Համաձայն եմ այն մտքի հետ, որ այսօրվա գրական բլոգներն ու կայքերը զարգացման ուղու վրա են, որը ողջունելի է, չնայած մի շարք խնդիրների և չլուծված հարցերի, որոնք սակայն, միայն ժամանակի խնդիր են:
Մեկնաբանություններին հեղինակների պատասխանելու հարցին ես այսպես եմ նայում` եթե հենց հեղինակին ուղղված հարցեր չկան մեկնաբանության մեջ, ապա ես նախընտրում եմ չպատասխանել, միայն հետևելով ընթերցողների մեկնաբանություններին:
Ինչ վերաբերում է ինտերնետ-գիրք հարաբերությանը` կարծում եմ ինտերնետը պետք է հանդիսանա անցումային փուլ որևէ գրականության ստեղծման և դրա տպագրման միջև: Այսօր գրականությունը(իսկ գրքի գործն ընդհանրապես) այն վիճակին չէ, որպեսզի յուրաքանչյուր աշխատանք կարողանա հրապարակել կենդանի տպագրությամբ: Եվ հետո այս դեպքում, գրքի անհաջողության դեպքում այն կարող է ուղղակի բեռ դառնալ հեղինակի և նրա խմբի համար: